«Վզիդ փաթաթված ծանրությունը» պատմությունների շարքից
Առաջին Խուցը
Մեր տանից առաջին անգամ գողություն արեց մեր հարևան Օսիտան, որը ներս մտավ ճաշասենյակի պատուհանից և գողացավ մեր հեռուստացույցը, տեսախցիկը և Purple Rain և Thriller տեսաերիզները, որոնք հայրս իր հետ Ամերիկայից էր բերել: Երկրորդ անգամ մեր տանից գողություն անողը եղբայրս՝ Նամաբիան էր, որը կողոպուտ էր կեղծել, կարծես ինչ-որ մեկն էր մտել տուն ու գողացել մորս զարդերը։ Կիրակի էր: Ծնողներս մեկնել էին մեր հայրենի քաղաք՝ Էմբեյս, տատիկին ու պապիկին այցելելու, դրա համար էլ ես ու Նամաբիան մենակ գնացինք եկեղեցի՝ մորս կանաչ Peugeot 504-ով, որը եղբայրս էր վարում:
Եկեղեցում նստեցինք սովորականի պես, բայց այս անգամ չհրեցինք իրար, չխոսեցինք, չծիծաղեցինք ինչ-որ մեկի տգեղ գլխարկի կամ մաշած շորերի վրա որովհետև Նամաբիան մոտ տասը րոպե անց հեռացավ առանց որևէ բառ ասելու: Նա հետ եկավ այն ժամանակ, երբ քահանան ասաց. «Պատարագն ավարտված է: Խաղաղություն ամենքիս»։ Դա ինձ մի քիչ անհանգստացրեց: Ինձ թվում էր, որ նա գնացել էր ծխելու և ինչ-որ աղջկա տեսնելու, քանի որ մորս մեքենան վերջապես իր մոտ էր, բայց ախր նա կարող էր զգուշացնել, թե ուր է գնում։ Ետդարձի ճանապարհին մենք լուռ էինք: Երբ նա մեքենան կայանեց մեր փողոցի մոտ, ես կանգ առա իքսորայի մի քանի ծաղիկ պոկելու, մինչ Նամաբիան բացում էր մուտքի դուռը: Ներս մտա ու տեսա, որ նա դեռ անշարժ կանգնած էր միջանցքի մեջտեղում։
-We’ve been robbed (մեզ կողոպտել են), – ասաց նա անգլերենով:
Ինձանից մի պահ պահանջվեց հասկանալու, որ սենյակը խառնաշփոթ վիճակում էր: Նույնիսկ այդ ժամանակ զգացի, որ դարակների բաց լինելը կարծես բեմադրված լիներ: Կարծես գողությունն անողը տպավորություն էր ուզում ստեղծել տան տերերի մոտ: Կամ էլ գուցե ես էր չափից լավ ճանաչում եղբորս։
Ավելի ուշ, երբ ծնողներս տուն եկան, և հարևանները սկսեցին ելումուտ անել՝ իրենց ափսոսանքը հայտնելու, մատները ճտացնելու և ուսերը թոթվելու, ես վերևում՝ սենյակումս, մենակ նստած հասկացա, թե անհանգստությանս իրական պատճառը որն էր. Նամաբիան էր գողությունն արել, ես գիտեի: Հայրս էլ գիտեր։ Նա մատնանշեց, որ պատուհանի փեղկերը դուրս են բացվել ներսից, այլ ոչ թե դրսից (Նամաբիան իսկապես շատ ավելի խելացի էր, քան թվում էր, բայց գուցե այդ անգամ նա շտապել էր վերադառնալ եկեղեցի մինչև պատարագի ավարտը), և որ գողը հստակ գիտեր, թե որտեղ էին մորս զարդերը` մետաղյա զարդատուփի ձախ անկյունում:
Նամաբիան հորս նայեց մռայլ, մի յուրօրինակ վիրավոր, թախծոտ աչքերով և ասաց. «Գիտեմ, որ անցյալում երկուսիդ էլ սարսափելի ցավ եմ պատճառել, բայց ես երբեք այնպես չէի անի, որ դուք լիովին կորցնեիք ձեր վստահությունն իմ հանդեպ»: Նա խոսում էր անգլերեն՝ օգտագործելով անիմաստ, անհարկի բառեր, ինչպիսիք են «սարսափելի ցավ», «կորցնել», ինչպես անում էր այն բոլոր անգամները, երբ արդարանում էր: Հետո նա դուրս եկավ հետևի մուտքով ու այդ գիշեր տուն չեկավ։ Հաջորդ գիշերն էլ, մյուս օրն էլ: Երկու շաբաթ անց նա տուն եկավ հյուծված: Գարեջրի հոտ էր գալիս վրայից, լաց էր լինում՝ ասելով, որ զղջում է, և որ ինքը զարդերը գրավ է դրել Էնուգուի Հաուսա առևտրականների մոտ, և այդ ամբողջ գումարը կորցրել:
-Ինչքա՞ն փող են քեզ տվել իմ ոսկու համար,- հարցրեց մայրս: Ու երբ եղբայրս պատասխանեց, մայրս երկու ձեռքերը դրեց գլխին ու լաց լինելով ասաց. «Օհ, Չի մ էգբուօ մ, իմ Աստվածն ինձ սպանեց»։ Նա երևի մտածում էր՝ գոնե լավ գումար տված լինեին:
Ես ուզում էի ապտակել մորս: Հայրս Նամաբիային ասաց, որ հաշվետվություն գրի՝ ինչպես է վաճառել զարդերը, ինչի վրա ու ում հետ է ծախսել գումարը։ Ես չէի կարծում, որ Նամաբիան ճշմարտությունը կասի, ու կարծում եմ, որ հայրս էլ էր համակարծիք ինձ հետ, բայց իմ պրոֆեսոր հայրը սիրում էր, երբ ամեն ինչ փաստագրվում էր:
Բացի այդ, Նամաբիան տասնյոթ տարեկան էր՝ խնամված մորուքով: Նա միջնակարգ դպրոցի ու համալսարանի միջև ընկած տարիքում էր: Մեծ էր մտրակվելու համար: Էլ ի՞նչ կարող էր անել հայրս։ Նամաբիայի այդ հաշվետվությունը գրելուց հետո, հայրս այն դրեց իր աշխատասենյակի պողպատե դարակում, որտեղ պահում էր մեր դպրոցի թղթերը:
-Որ նա կարող էր այսպիսի ցավ պատճառել իր մորը…- վերջին բանն էր, որ հայրս ասաց մրմնջալով:
Բայց Նամաբիան իրոք չէր ցանկացել ցավացնել նրան: Նա գողացել էր, որովհետև մորս զարդերը տան միակ արժեքավոր իրերն էին: Դրանք մի ամբողջ կյանք հավաքած ոսկիներ էին:
Նա գողություն արեց, որովհետև էդպես անում էին նաև շատ դասախոսների տղաներ։ Գողությունների սեզոնը բացված էր Նսուկկայի համալսարանական ոստանի տարածքում: Ու տղաները, որոնք մեծացել էին Սեզամ փողոցում, կարդացել Էնիդ Բլայթոն, նախաճաշին կերել եգիպտացորենի փաթիլներ, ու համալսարան գնացել փայլեցված շագանակագույն սանդալներով, այժմ կտրում էին իրենց հարևանների պատուհանների մոծակապաշտպանիչները, ապակե փեղկերից մտնում էին մարդկանց տներ՝ հեռուստացույցներ և տեսախցիկներ գողանալու: Մենք շատ լավ գիտեինք այդ գողերին:
Նսուկկայի համալսարանական ոստանն այնքան փոքր էր՝ ծառապատ փողոցների վրա կողք կողքի տները իրարից բաժանված էին միայն ցածր թփուտներով ու չիմանալը, թե ով էր գողություն անողը՝ անհնար էր: Չնայած դրան, երբ նրանց պրոֆեսոր ծնողները հանդիպում էին միմյանց եկեղեցում կամ ամբիոնի նիստերին, շարունակում էին բողոքել հարևան թաղերից եկող խուժաններից, որոնք գալիս էին իրենց «սուրբ ոստան» գողություն անելու: Գողացող տղաները ոստանի «լավ տղերքն» էին: Նրանք երեկոյան վարում էին իրենց ծնողների մեքենաները՝ մի կերպ ձգվելով դեպի մեքենայի ղեկը:
Օսիտան՝ հարևանը, որ գողացել էր մեր հեռուստացույցը Նամաբիայի դեպքից ընդամենը շաբաթներ առաջ, բարձրահասակ ու սիրուն երիտասարդ էր՝ մի տեսակ լուրջ էր, միշտ կատվաքայլ էր տալիս: Նրա շապիկները միշտ կոկիկ արդուկված էին: Ես էլ միշտ նայում էի ցանկապատի մյուս կողմը ու տեսնում նրան, փակում աչքերս ու պատկերացնում, որ նա քայլում էր դեպի ինձ, որ ինձ իրենով անի: Բայց նա ինձ երբեք չէր նկատում։ Երբ նա գողություն արեց մեզնից, ծնողներս չգնացին պրոֆեսոր Էբուբի տուն՝ խնդրելու, որ իր որդին վերադարձնի մեր իրերը: Նրանք հրապարակայնորեն ասացին, որ դա քաղաքից եկած ինչ-որ խուժանի ձեռքի արածն է: Բայց դե նրանք էլ հո լավ գիտեին, որ դա Օսիտայի արածն էր: Օսիտան Նամաբիայից երկու տարով մեծ էր: Գողացող տղաների մեծ մասը Նամաբիայից մի փոքր մեծ էին, ու թերևս դա էր պատճառը, որ Նամաբիան ուրիշի տանից չէր գողությունն արել: Թերևս նա իրեն բավականաչափ հասուն ու հմուտ չէր զգում մորս զարդերից ավելի մեծ բան գողանալու համար։
Նամաբիան ճիշտ մորս նման էր՝ մեղրագույն դեմքով, մեծ աչքերով ու գեղեցիկ, հյութալի, գծած շրթունքներով: Երբ մայրս մեզ տանում էր շուկա, առևտրականները մորս ասում էին. «Տիկին, ինչո՞ւ եք ձեր բաց մաշկը վատնել տղայի վրա, և թողել աղջկան այդքան մուգ: Ի՞նչ է անում տղան այդ գեղեցկությունը»։
Եվ մայրս քթի տակ ծիծաղում էր, կարծես Նամաբիայի սիրուն տեսքը իր վրա էր տեսնում: Երբ տասնմեկ տարեկանում Նամաբիան քարով կոտրեց իր դասարանի պատուհանը, մայրս նրան փող տվեց, որ պատուհանը փոխի ու հորս չասաց դրա մասին։ Երբ նա երկրորդ դասարանում գրքեր էր կորցրել, մայրս դասղեկին ասաց, որ մեր տան ծառան էր գողացել դրանք: Երբ երրորդ դասարանում նա ամեն օր շուտ էր դասից դուրս գալիս կրոնագիտությանը մասնակցելու համար, ու երբ պարզվեց, որ նա ոչ մի անգամ էլ չէր գնացել կրոնագիտության և դրա համար էլ չէր կարողացել Սուրբ Հաղորդություն ստանալ, մայրս մյուս ծնողներին ասաց, որ Նամաբիան քննության օրը մալարիայով հիվանդ է եղել: Երբ նա վերցրել էր հորս մեքենայի բանալին և դրել օճառի մի կտորի մեջ, որը հայրս հասկացավ, նախքան Նամաբիան կհասցներ այն փականագործի մոտ տանել, մայրս պարզապես ասաց, որ որդին փորձարկումներ էր անում: Երբ Նամաբիան քննության հարցերը գողացել էր հորս տետրից ու վաճառել դրանք նրա ուսանողներին, մայրս գոռաց Նամաբիայի վրա, բայց հետո հորս ասաց, որ Նամաբիան, ի վերջո, տասնվեց տարեկան է, և իրոք պետք է նրան ավելի շատ գրպանի փող տան:
Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Սարգսյանի