Արքմենիկ Նիկողոսյան | Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը. խնդիրներ եվ մոտեցումներ

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, «Անտարես» հրատարակչության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ նախապատրաստվում է Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը՝ 13 հատորով, որի առաջին հատորը մինչև տարեվերջ կդրվի ընթերցողի սեղանին: Բնագրերը կազմել, հրատարակության է պատրաստել և ծանոթագրել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Հոդվածում ներկայացվում են այն հիմնական սկզբունքները, խնդիրներն ու մոտեցումները, որոնք ուղենշային են եղել և լինելու են Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության իրականացման համար:

 

 

Մուտք

Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը թերևս վերջին տասնամյակների ամենակարևոր բնագրագիտական մարտահրավերն է: 1960-ականներին իրականացված ակադեմիական առաջին հրատարակությունից հետո հայտնաբերվել, երևան են բերվել, հրապարակվել են, Չարենցի տարբեր ժողովածուներում զետեղվել, վերլուծվել ու քննարկվել են Չարենցի բազմաթիվ գործեր, ընդ որում՝ խոսքը ոչ միայն փրկված ձեռագրերի, այլև մամուլի էջերում մնացած ստեղծագործությունների ու տարբեր նյութերի մասին է: Կուտակվել է բնագրագիտական հետազոտության, վերծանման, դասակարգման, հրատարակության պատրաստման և ծանոթագրման ահռելի նյութ, որի համակարգմանն ու պատշաճ հրատարակությանն էլ միտված է Չարենցի երկերի նոր ակադեմիական հրատարակությունը: Այն նախատեսված է իրականացնել 13 հատորով:

Անշուշտ, երկերի առաջին ակադեմիական հրատարակությունը որոշակի հենք կարող է ծառայել դրա համար, սակայն նոր հրատարակությունը շատ ու շատ առումներով սկզբունքորեն տարբերվելու է նախորդից:

Բնականաբար, առաջին տարբերությունը բովանդակային է: Նախ՝ առաջին ակադեմիականից հետո երևան բերված, հայտնաբերված նոր ստեղծագործություններն ու նյութերը, հատկապես մամուլում լույս տեսածները և Չարենցի՝ մինչև 1934 թվականը գրված, բայց տարբեր պատճառներով անտիպ մնացած գործերը պետք է, այսպես ասած՝ տեղավորվեն նախորդ հրատարակությամբ ամրագրված կառույցի մեջ, որը, ի դեպ, մեծապես ենթարկված է հենց իր՝ Չարենցի՝ սեփական երկերի ժողովածուները կազմելու սկզբունքներից: Բացի այդ, առանձին հատորներով են հրատարակվելու Չարենցի 1934-37 թթ. պոեմներն ու բանաստեղծությունները: Ի տարբերություն նախորդ հրատարակության, որտեղ Չարենցի կատարած թարգմանությունները ժամանակագրորեն ցրված էին տարբեր հատորներում, այս անգամ հավաքվելու են մեկ հատորի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թարգմանությունները կոնկրետ հղացված շարքի կամ ժողովածուի անքակտելի մաս են (օրինակ՝ «Գիրք ճանապարհի»-ում Գյոթեից, Պուշկինից կատարած թարգմանությունները):

Առաջին հատորը. առկա խնդիրների բնույթը

Առաջին հայացքից թվում էր, թե ամենահեշտ և արագ կանոնակարգվող հատորը երկերի առաջին հատորն է, որն ամփոփում է Չարենցի մինչև 1922 թվականը ներառյալ (մինչև Երեքի դեկլարացիան) բանաստեղծական ժառանգությունը՝ ժողովածուների, բանաստեղծական շարքերի և մամուլում լույս տեսած բանաստեղծությունների և անտիպ մնացած բանաստեղծությունների տեսքով (պոեմներն այլ հատորում են): Հեշտ այն առումով, որ բովանդակության մեծագույն մասը ոչ մեկ անգամ լույս է տեսել Չարենցի կենդանության ժամանակ:

Սակայն այս հատորի բնագրերի կազմման և համալրման և ծանոթագրման ընթացքը արդեն իսկ երևան է բերել ամենատարբեր խնդիրներ, որոնք, բնականաբար, առավել շատ են լինելու հաջորդ հատորների կազմման, համալրման և ծանոթագրման ընթացքում:

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկելու և ամփոփելու լինենք խնդիրները, ապա դրանք՝

ա) բովանդակային են,

բ) կապված են բառերի հետագա ուղղումների և տարընթերցումների հետ, կամ, այլ խոսքով՝ միջամտություն են Չարենցի բնագրին,

գ) կետադրական և ուղղագրական հարցերի շուրջ են,

դ) ծանոթագրության սխալներ են, որոնք հետագայում սխալ մեկնաբանությունների առիթ են տվել:

Նախքան բուն օրինակներին անդրադառնալը՝ ամրագրենք մի կարևոր փաստ: Չարենցի այս շրջանի ստեղծագործություններից շատ քիչ գործերի ձեռագրերն են պահպանվել, բայց շեշտենք՝ չկա ձեռագրերի հիմամբ տպագրված գրեթե ոչ մի բանաստեղծություն, որտեղ սխալներ, վրիպակներ և տարընթերցումներ չլինեն: Մյուս կողմից՝ բազմաթիվ են դեպքերը, երբ Չարենցի տպագրած տարբեր բանաստեղծությունների մեջ կատարվել են տարբեր միջամտություններ: Այդ երկու հանգամանքները մղում են տառ առ տառ համեմատել-ճշգրտել բոլոր տեքստերը՝ թե՛ տպագիր, թե՛ հատկապես ձեռագիր նյութերի հենքով, և ստանալ այսպես ասած՝ Չարենցի վերջին կամքը:

Այժմ, նշված խնդիրների շրջանակում մի քանի հիմնական կետերի անդրադառնանք՝ մեկ-երկու կոնկրետ օրինակով, որպեսզի ընդհանուր պատկերը երևան բերվի:

Բովանդակային հատույթ

Ի տարբերություն նախորդ հրատարակության առաջին հատորի՝ նոր հրատարակության առաջին հատորում ընդգրկվել է 15 նոր բանաստեղծություն, որոնցից երեքը՝ նախկինում չեն ընդգրկվել Չարենցի որևէ ժողովածուում:

Ընդ որում՝ դրանցից 8-ը, ինչպես չարենցագիտության մեջ ժամանակին նշվել է, սերտորեն առնչվում են «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքին, այսինքն՝ նվիրված են Արմենուհի Տիգրանյանին: Այդ բանաստեղծություններից 5-ը Անահիտ Չարենցը իր կազմած Չարենցի երկերի քառահատորյակում խմբավորել է մեկ բաժնի մեջ՝ «Նորից Արմենուհի Տիգրանյանին» վերնագրով[1], որը Չարենցի բանաստեղծություններից մեկի վերնագիրն է: Այդ բաժինը հաջորդում է «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքին:

Մենք նույնպես, ներառելով ևս 3 բանաստեղծություն, այդ կերպ ենք վարվել: Ուստի, նախորդ հրատարակության առաջին հատորի համեմատությամբ՝ նոր հատորում ունենում ենք մեկ նոր բաժին՝ «Նորից Արմենուհի Տիգրանյանին», որի «Հնի համար» և «Երեք տրիոլետ» գործերը Չարենցի ժողովածուներում ընդգրկվել են առաջին անգամ:

Այդ կերպ նախ՝ ընդգծվում և ապահովվում է երկու շարքերի օրգանական կապը: Երկրորդ՝ քանի որ այդ բանաստեղծությունները գրված են տարբեր ժամանակահատվածներում, ապա «Խառն բանաստեղծություններ» բաժնում տեղավորելու դեպքում այսպես ասած՝ ցաքուցրիվ կերևային, քանի որ այդ բաժինը կառուցված է ժամանակագրական կարգով:

Գրեթե նմանատիպ մտահոգությամբ՝ նախորդ հրատարակության առաջին հատորում կազմողը՝ Ալմաստ Զաքարյանը, Չարենցի «Ողջակիզվող կրակ» շարքի «Առավոտ» ենթաշարքում ներառել է «Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս» տողով սկսվող բանաստեղծությունը, որը Չարենցը երբևէ չի ընդգրկել իր ժողովածուներից և ոչ մեկում: Ալմաստ Զաքարյանին այստեղ ներշնչել է այն հանգամանքը, որ այս բանաստեղծությունը ևս, ինչպես «Առավոտ» ենթաշարքի մի քանի այլ բանաստեղծություններ ունեն ««Լյուսի Թառայանին» գրքից» գլխագիրը, և այո, որոշակի առնչություններ ունի այդ բանաստեղծությունների հետ:

Սակայն դա պետք է համարել շատ կոպիտ միջամտություն Չարենցի բնագրին հետևյալ առումներով.

Նախ՝ բանաստեղծությունը ոչ թե տեղադրվել է ենթաշարքի վերջում՝ ասենք՝ հավելվածի կարգով, այլ ներառված է իբրև տասներորդ (10) բանաստեղծություն՝ հաջորդելով «Բրո՛նզ ես, հո՛ւր ես» տողով սկսվող բանաստեղծությանը: Ըստ ամենայնի՝ բրոնզ բառի առկայությունն է երկու բանաստեղծությունների սկզբում, որ մղել է կազմողին նման դասավորության: Բայց այդ կերպ խախտվել է Չարենցի մտահղացումը: Փորձենք պարզաբանել:

Հատկապես վերջին տասնամյակում մի քանի հոդվածներ լույս տեսան այն մասին, թե որքան հետևողական ու կարելի է ասել՝ թաքնախորհուրդ է Չարենցը իր ժողովածուներն ու շարքերը կազմելիս[2]: Չկա պատահական հերթականություն, չկա պատահական համարակալում: Կոնկրետ «Առավոտ» ենթաշարքի առումով ուշադրություն ենք ուզում հրավիրել որոշ կարևոր հանգամանքների վրա:

Ենթաշարքը գրվել է 1919-1920 թվականներին, և ըստ Չարենցի մոսկովյան երկերի առաջին հատորի՝ ներառում է 21 բանաստեղծություն: Ուշադիր պետք է լինել 19, 20, 21 հերթականությանը: Երկրորդ՝ ընդհանուր առմամբ լավատեսական և ոգևորող այս ենթաշարքում կա մեկ, այսպես ասած՝ մռայլ բանաստեղծություն՝ «Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ» տողով սկսվող, որը ենթաշարքում 15-րդ բանաստեղծությունն է: Վստահ ենք, ոչ պատահականորեն: 15-ը համաբանվում է 1915 թվականի հետ:

«Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս» տողով սկսվող բանաստեղծության արհեստական ներմուծմամբ «Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ» տողով սկսվող բանաստեղծությունը դառնում է 16-րդը, ինչպես նաև՝ Չարենցի երազած առավոտը 21 թվականից տեղափոխվում է 22 թվական[3]:

Ահա նաև ա՛յս նկատառումով, թեպետ նախևառաջ կարևորվել է Չարենցի մտահղացումը, «Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս» տողով սկսվող բանաստեղծությունը հանվել է «Ողջակիզվող կրակ» շարքի «Առավոտ» ենթաշարքից և տեղափոխվել «Խառն բանաստեղծություններ» բաժին: Նույն կերպ է, ի դեպ, վարվել Անահիտ Չարենցը՝ իր կազմած քառահատորյակում[4]:

Ի դեպ, քանի որ խոսք գնաց թվագրումից, նշենք, որ Չարենցի երկերի ակադեմիական նախորդ հրատարակության մեջ շատ ընտրողաբար են բանաստեղծությունների և շարքերի վերջում դրված թվագրումները: Նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար հիմք ծառայած հրատարակություններում կամ ձեռագրերում այդ թվագրումները հստակ առկա են: Դրանցից որոշները նույնիսկ մղում են մտածել որոշակի դիտավորության մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Մահվան տեսիլ» բանաստեղծությանը: Այն երկու անգամ Չարենցն ընդգրկել է իր ժողովածուներում՝ մոսկովյան երկերի առաջին հատորում՝ Դավիթ Անանունին ձոնով և 1920.6.X թվագրմամբ[5], այնուհետև «Երկերի» 1932 թվականի հրատարակության մեջ՝ առանց ձոնի, բայց թվագրումը պահած[6]: Ակնհայտ է, որ այդ թվագրմանը Չարենցը հատուկ նշանակություն է տվել, և եթե հիշենք ինչ էր կատարվում Հայաստանում այդ օրերին՝ ապա դա ավելի պարզ կդառնա: Նախորդ ակադեմիական հրատարակության մեջ այդ թվագրումից հանված է 6. X մասը և թողնված է միայն 1920-ը[7]:

Նոր ակադեմիական հրատարակության մեջ չարենցյան բոլոր թվագրումները պահպանվել են, ընդ որում՝ բառացիորեն այն ձևով, ինչպես նշագրել է Չարենցը:

Երկերի ակադեմիական նոր հրատարակության մեջ ներառված են նաև «Մոսկովյան տրիոլետները», որ լույս է տեսել «Անտիպ և չհավաքված երկերում»[8], «Մայիսի մեկին», «Տաղ գրաբարախառն առ Կարենոյ Միքայէլեան եւ Սահակն – որդի Միրզոյի, յազգէն Տէր-Գաբրիէլի» գործերը, որ հրատարակվել են «Նորահայտ էջերում»[9]: «Ղարսը հիշի՛, Ղարսը երբեք չըմոռանաս» բանաստեղծությունը նույնպես հրատարակվել էր «Անտիպ և չհավաքված երկերում», սակայն մակագրությունների բաժնում[10]: Այնինչ «Ամբոխները խելագարված» պոեմի (1919, Թիֆլիս) առանձին հրատարակության տիտղոսաթերթին արված մակագրությունը հետևյալն է՝

«Վռամին — Եղիշից

  1. 14. VI. Երևան»[11]:

Քառատողը գրված է գրքի վերջին էջում, և, ըստ էության, ոչ թե մակագրություն է, այլ բանաստեղծություն:

Առաջին անգամ է Չարենցի ժողովածուներում ընդգրկվել «Չհավատաս երգին, երգը հնչյուն է սին» տողով սկսվող բանաստեղծությունը, որն առաջին անգամ տպագրվել է Աղասի Վարդանյանի «Անցած ուղիներով» գրքում (Երևան, 1968, էջ 446): Արտատպվել է Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» գրքում (Երևան, 2022, էջ 140):

Եվ վերջապես, առաջին անգամ, այսպես ասած՝ լիարժեք ստեղծագործության կարգավիճակով Չարենցի ժողովածուներում ընդգրկվել է «Մեսալին» բալլադը: Այն առաջին անգամ հրապարակվել էր նախորդ ակադեմիական հրատարակության առաջին հատորում՝ «Փողոցային պչրուհուն» շարքի բալլադների ծանոթագրությունների մեջ[12]:

Կառուցվածքային հատույթ

Ընդհանրապես, նոր ակադեմիական հրատարակության մեջ հնարավորինս պահպանվել են նաև Չարենցի այսպես ասած՝ հրատարակչական-տպագրական մտահղացումները, որոնք նույնպես նախորդ հրատարակության մեջ հաշվի չեն առնվել[13]: Ի սկզբանե Չարենցը չափազանց ուշադիր է եղել նման հարցերի նկատմամբ, որն առավել ընդգծվեց այն տարիներին, երբ նա աշխատում էր Պետհրատում:

Բերենք երկու օրինակ: «Ծիածանը»[14] ժողովածուի առանձին հրատարակության մեջ, ինչպես նաև «Ծիածանը» ժողովածուի՝ երկերի մոսկովյան հրատարակության առաջին հատորի հրատարակության մեջ ժողովածուն բացող երկու քառյակները Չարենցը հրատարակել է ավելի մանր տառաչափով: Երկու անգամ նույն կերպ վարվելը բնականաբար արդեն սկզբունք է, և դա պետք է պահպանել: Բացի այդ, երկու դեպքում էլ «Ծիածանը» ժողովածուի «Գազելներ» (առանձին հրատարակության մեջ՝ «Մայրամուտային – Կապույտի կարոտը – Գազելներ սիրած աղջկա համար» վերնագրով է) շարքի գործերը դասավորված են յուրաքանչյուր էջում երկուական սկզբունքով, ի տարբերություն մյուս շարքերի, որոնք դասավորված են յուրաքանչյուր էջում մեկական սկզբունքով: Սա նույնպես միտում է, որը նախկինում չի պահպանվել: Ընդ որում՝ ոչ միայն ակադեմիական հրատարակության մեջ[15]:

Ուղղումների և տարընթերցումների հատույթ

Հաջորդ հատույթը կապված է բառերի հետագա ուղղումների և տարընթերցումների հետ: Դրանցից ամենաակնհայտը, թերևս, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ բառ բառի փոխարինումն է բար-ով: Ընդ որում՝ ոչ մի բացատրություն չկա: Նշվում է, որ «Տաղարան» շարքը տպագրվում է երկերի մոսկովյան հրատարակության առաջին հատորից, սակայն այնտեղ հենց բառ է[16]: Բայց եթե այս դեպքում գործել են ինչ-ինչ բանավոր աղբյուրներ, կամ դեր է խաղացել Չարենցի կենդանության օրոք եղած վերջին հրատարակությունը՝ Սիմոն Հակոբյանի կազմած «Կարմիր արև» քրեստոմատիան (որի մասին խոսք չկա ծանոթագրություններում), ապա բոլորովին անհասկանալի է «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքի «Երբ ես տեսնում եմ Ձեզ» բանաստեղծության մեջ լամպեր բառի փոխարինումը լապտերով:

Թե՛ «Գեղարվեստում» հրատարակված տարբերակում, թե՛ երկերի մոսկովյան հրատարակության մեջ, թե՛ պահպանված ինքնագրում այսպես է՝

Հիշում եմ ես հանկարծ

Կապույտ լամպեր գազի,

Որոնք վաղո՜ւց հանգած

Սպասում են լույսի[17]:

Որոնք շաղկապն այս դեպքում, որպես հոգնակի համաձայնության ցուցիչ, գոնե կարող էր կողմնորոշիչ լինել: Եվ է՛լ ավելի զարմանալի է, որ նույն սխալը կրկնել է Անահիտ Չարենցը իր կազմած քառահատորյակում:

«Տաղարանի» Ը տաղի երկերի մոսկովյան հրատարակության մեջ առկա է կարմրագուն  բառը, որը ակադեմիականում ուղղվել է կարմրագույն: Առաջին հայացքից տրամաբանական ուղղում է, մանավանդ որ, խոստովանենք նաև, որ Չարենցի գրքերի տարբեր հրատարակություններում վրիպակներն էլ շատ են: Անահիտը Չարենցը, սակայն, իր կազմած քառահատորյակում վերականգնել է կարմրագուն ձևը: Երկու դեպքում էլ՝ բացատրություն չունենք: Այնինչ, հաշվի առնելով «Տաղարանի» այսպես ասած՝ սայաթնովյան հղումները լուծումը պետք էր փնտրել նրա խաղերում: Եվ այո, կարմրագուն բառը, կամ բառի կիրառման այդ ձևը Չարենցը վերցրել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս ա՛խ չիմ քաշի» խաղից՝ «Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա»՝ ոճավորելով իր Ը տաղը:

Սակայն բնագրային այստեսակ միջամտություններից ամենատարօրինակը հանդիպում է «Փողոցային պչրուհուն» շարքի «Հայացքների թակարդում» բալլադի հետևյալ հատվածում.

Նիզակների նման շուշտ

Հիմա

Խոցում են դառն ու անուշ —

Ու նա…

Ընդգծված բառը՝ շուշտ, ուղղվել է շեշտ, և այդ ուղղումով էլ բալլադը հետագայում հրատարակվել է Չարենցի տարբեր ժողովածուներում: Այնինչ՝ շուշտ (որ նշանակում

է՝ տարակուսած, երկվության մեջ գտնվող) ձևն է առկա և՛ ինքնագրում[18], և՛ Երկերի մոսկովյան հրատարակության առաջին հատորում[19]:

 Նմանատիպ միջամտություններ կան նաև կետադրության հարցում, որոնք հաճախ շատ էական են: Առավել ակնառու օրինակներից մեկը «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» տողով սկսվող բանաստեղծության օրինակն է: Թե՛ 1917 թվականին լույս տեսած «Ծիածանը» ժողովածուում, թե՛ Երկերի մոսկովյան հրատարակության առաջին հատորում «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» տողի ընդգծված բառն առանց բացականչական նշանի է[20]: «Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» ձևն առկա է նույն բանաստեղծության 9-րդ տողում: Սա կոնկրետ մտահղացում է Չարենցի կողմից՝ առաջին տողում առանց այսպես ասած՝ հատուկ ընդգծված հույզի բառը բանաստեղծության զարգացման հետ մեկտեղ 9-րդ տողում ձեռք է բերում հուզական այլ հագեցվածություն, որն արտահայտվում է բացականչական նշանի կիրառմամբ: Այնինչ, նախորդ ակադեմիական հրատարակությունում, ըստ ամենայնի, միօրինակության բերելու նպատակադրումով՝ երկու դեպքում էլ լուսամփոփի բառի վրա բացականչական նշան է դրվել, ինչը սխալ է: Այդպիսի օրինակներ էլի կան, և բոլորը նոր հրատարակության մեջ ուղղվել են՝ ըստ Չարենցի գրության ու մտահղացման յուրահատկությունների:

Այս հանգամանքը մյուս կողմից մղել է նրան, որ Չարենցի նոր ակադեմիական հրատարակության մեջ իբրև տեքստային տարբերություն դիտարկվել են հատկապես բացականչական, շեշտի և հարցական նշանների փոփոխությունները: Շատ դեպքերում դրանք իսկապես էական են:

Ծանոթագրությունների հատույթը

Պետք է նշել, որ Ալմաստ Զաքարյանի ծանոթագրություններն հիմնականում կատարված են բարեխիղճ և բավական հանգամանալից են: Առավել ևս, որ նա հետագայում իր «Եղիշե Չարենց» մենագրության 3 հատորներում կատարել է ուղղումներ, լրացումներ, վերանայումներ: Չնայած՝ որոշ սխալներ կրկնվում են նաև այդ աշխատության մեջ:

Ծանոթագրական սխալներից թերևս ամենից էականը վերաբերում է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուի բնաբանին: Ժողովածուի բնաբանը՝ «Et c’était le dernier amour du soir antique…» («Եվ այդ վերջին սերն էր վաղնջական գիշերվա»), վերցված է ֆրանսիացի խորհրդապաշտ բանաստեղծ Ալբեր Սամենի (1858-1900) «Poémes inachevés» («Անավարտ պոեմներ») շարքի «Améthyste» («Ամետիստ») բանաստեղծությունից: Ալմաստ Զաքարյանը ֆրանսերեն «Améthyste» վերնագիրը սխալմամբ թարգմանել է «Ամենտի»[21], որը հետագայում տարբեր ուսումնասիրություններում թյուրիմացությունների և սխալ վերլուծությունների առիթ է տվել: Սխալը նկատել և հանգամանորեն վերլուծել են Աշոտ Ալեքսանյանը[22], Սեյրան

Գրիգորյանը[23] և Դավիթ Գասպարյանը[24]:

«Երգում է քաղաքն իր երգն առօրյա» բանաստեղծության ծանոթագրության մեջ նշվում է, որ այն զետեղվել է «Երկերի» 1932 թ. հրատարակության մեջ[25], այնինչ այնտեղ նշված բանաստեղծությունը չկա:

Վրիպակներ, բացթողումներ կան նաև տեքստային տարբերությունների հատույթում, որոնք ոչ միայն ուղղվել են, այլև հավելվել նորերով:

Բնականաբար, որոշ ծանոթագրություններ, հատկապես նրանք, որոնք վերաբերում են այդ ժամանակ դեռևս ապրող մարդկանց, լրացման, որոշ դեպքերում՝ վերանայման կարիք ունեին:

Ճշգրտվել կամ, ընդհանրապես, առաջին անգամ ծանոթագրվել են նաև նախորդ հրատարակության մեջ բաց թողնված որոշ անուններ: Մասնավորապես՝ «Տրիոլետ Լ. Բ.-ին» բանաստեղծության ծանոթագրության մեջ նշված է՝ «Լ. Բ.-ն – Անհայտ»[26], այնինչ՝ ճշտվել է, որ խոսքը վերաբերում է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի որդուն՝ Լևոն Բաշինջաղյանին (1893-1934): Կամ՝ «Նրբակիրթ Լ.-ին» բանաստեղծության մեջ ծանոթագրված է՝ «Լ-ն հավանաբար Լիլիթ Սահակյանն է, որի հետ Ե. Չ.-ն 1921 թ. աշխատել է Հայաստանի Լուսժողկոմատում»[27]: Այնինչ՝ Լ-ն իրականում Լուսիկ է, կարսեցի, ունեցել է գրական նախասիրություններ, նկարիչ Խաչիկ Եսայանի  մայրն է:

Վերջին կամքի հատույթը

Եղիշե Չարենցի հրատարակված գրքերի ու ժողովածուների անձնական պահպանված օրինակները, հատկապես եթե դրանց վրա բանաստեղծն ուղղումներ ու շտկումներ է արել, ըստ ամենայնի՝ պետք է համարվեն հեղինակային վերջին կամքի արտահայտություններ: Այդ առումով՝ կոնկրետ առաջին հատորի պարագծում մեծ կարևորություն է ստանում «Երկերի» 1932 թվականի Չարենցի անձնական օրինակը, որի էջերին բազմաթիվ ուղղումներ կան: Դրանցից շատերը հաշվի է առել Անահիտ Չարենցը իր կազմած քառահատորյակը հրատարակության պատրաստելիս:

Նախորդ ակադեմիական հրատարակության կազմող Ալմաստ Զաքարյանն իր մենագրության մեջ խոստովանում է, որ «Չարենցի ԵԺ վեցհատորյակի հրատարակության միջոցին բանաստեղծի «Երկերի» (1932) անձնական օրինակը նվաստիս ձեռքի տակ չի եղել»[28]: Անկեղծ ասած՝ սա բավական խորհրդավոր խոստովանություն է, քանզի նախորդ հրատարակության առաջին հատորի երկու բանաստեղծության՝ «Վահան Տերյանի հիշատակին» և «Քամին» ծանոթագրություններում նշված է, որ տպագրվում են «Երկերի» Չարենցի սեփական օրինակից[29]: Եվ բանաստեղծություններում էլ, իսկապես, արտացոլված են «Երկերում» Չարենցի՝ թանաքով արված ուղղումները: Այս դեպքում, նաև Ալմաստ Զաքարյանի խոստովանությունը հաշվի առնելով, դժվար է հստակ ասել, թե ինչու մի քանի այլ բանաստեղծությունների հեղինակային ուղղումները հաշվի չեն առնվել:

Նշենք, որ Չարենցը «Երկերի» սեփական օրինակի վրա, բացի վերը հիշատակված բանաստեղծություններից փոփոխություններ է արել նաև «Հիշում եմ, հնչեց զանգը միջանցքում», «Մահվան տեսիլ», «Աստղիկ», «Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին» բանաստեղծություններում, որոնք արտացոլված են ակադեմիական նոր հրատարակության մեջ: Ընդ որում՝ դրանք հաճախ չափազանց էական փոփոխություններ են: Մասնավորապես՝ «Մահվան տեսիլ» բանաստեղծության մեջ

Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար

Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

հատվածում փոխվել է ընդամենը մեկ տառ և երկու կետադրական նշան է փոխվել, որ վստահաբար այլ իմաստ  ու խորհուրդ են պարունակում.

Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար

Լուսապսակ, պայծառ գալիքդ, Նաիրի՛…

Ահա, ընդհանուր առմամբ այսպիսի խնդիրների համախումբ է առկա, որոնց շուրջ կատարվել ու կատարվում է բնագրագիտական մանրակրկիտ աշխատանք՝ Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը առավելագույնս անթերի իրագործելու համար:

[1] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, հատոր 1, Երևան, «Սովետական գրող», 1986:

[2] Տե՛ս, օրինակ՝ Ս. Գրիգորյան,   Եղիշե Չարենցի «Պատգամն իբրև մեզոստիքոս, «Չարենցի բնագիրը» գրքում, Երևան, «ՎՄՎ-Պրինտ», 2013, էջ 223-285, Ա. Նիկողոսյան, Ազգային պետականության հոգևոր-բարոյական կառուցվածքը Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուում, «Չարենց: Երեք ուսումնասիրություն» գրքում, Երևան, «Անտարես», 2022, էջ 3-50:

[3] Մեր կարծիքով՝ այս նույն տրամաբանության մեջ է նաև «Ամբոխները խելագարված» պոեմի 17 գլխից  բաղկացած լինելու հանգամանքը:

[4] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, հատոր 1, Երևան, «Սովետական գրող», 1986:

[5] Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Մոսկվա, Պետական հրատարակչություն, 1922, էջ 314-316:

[6] Տե՛ս Ե. Չարենց, Երկեր, Երևան, Պետական հրատարակչություն, 1932, էջ 136-137:

[7]  Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1962, էջ 324-325:

[8]  Ե. Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 32:

[9] Ե. Չարենց, Նորահայտ էջեր, Երևան, ԵՊՀ հրատ., 1996, էջ 76 և էջ 78:

[10] Տե՛ս Ե. Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 482:

[11] Տե՛ս ԳԱԹ Չֆ:

[12] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1962, էջ 365-367:

[13] Ի դեպ, այս առումով, «Երկերի» 1932 թվականի հատորը, մեր կարծիքով, չպետք է դիտարկել որպես վերջին կամք: Շատ գործեր իրենց նախնական կառուցվածքը փոխել են այսպես ասած՝ հարկադրված՝ պայմանավորված հատորի ֆորմատով:

[14] Ի դեպ, առաջին ակադեմիական հրատարակության մեջ «Ծիածան» ձևն է, թեպետ թե՛ գրքի բովանդակության մեջ, թե՛ ծանոթագրություններում օգտագործված է «Ծիածանը» ձևը, որը ժողովածուի իրական վերնագիրն է: Ապշելու է, որ «Ծիածան» վերնագիրն է օգտագործել նաև Անահիտ Չարենցն իր կազմած քառահատորյակում: Ընդհանրապես, նկատելի է, որ Անահիտ Չարենցը քառահատորյակը կազմելիս շատ դեպքերում հենվել է ոչ թե ակադեմիական հրատարակության, այլ սկզբնաղբյուրների վրա և ուղղել ակադեմիականի որոշ վրիպակներ: Բայց զարմանալիորեն էլ հաճախ ակադեմիականում առկա վրիպակներն է կրկնել: Էլ ավելի է սաստկանում պատկերը չարենցագիտության մեջ գրեթե համատարած «Ծիածան» ձևի կիրառումները հաշվի առնելով:

Ի դեպ, ուշագրավ է, որ հատկապես շարքերի և ժողովածուների վերնագրային պոետիկայում Չարենցը խուսափել է որոշյալ հոդերի կիրառությունից, և գուցե այդ հանգամանքն է իներցիայով ուժով մղել նման վրիպման:

[15] Ի դեպ, նույն խնդիրը կա նաև «Կապուտաչյա հայրենիք» պոեմի դեպքում: Թե՛ առանձին հրատարակության մեջ, թե՛ Երկերի մոսկովյան հրատարակության երկրորդ հատորում Չարենցն այդ պոեմի յուրաքանչյուր հատված սկսել է նոր էջից՝ այդ կերպ թերևս ընդգծելով ենթավերնագրի՝ հատվածներ անավարտ պոեմից էությունը: Հանգամանք, որը ակադեմիական հրատարակության մեջ հաշվի չի առնվել:

[16] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Մոսկվա, Պետական հրատարակչություն, 1922, էջ 264:

[17] Տե՛ս «Գեղարվեստ», Թիֆլիս, 1921, N 7, էջ 105-106, Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Մոսկվա, Պետական հրատարակչություն, 1922, էջ 184, և ԳԱԹ Գարեգին Լևոնյանի ֆոնդ, թիվ 2347։

[18] Տե՛ս ԳԱԹ, Չֆ, թիվ 245:

[19] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Մոսկվա, Պետական հրատարակչություն, 1922, էջ 217:

[20]  Տե՛ս Ե. Չարենց, Բանաստեղծություններ: Ծիածանը, Մոսկվա, 1917, էջ 9, Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Մոսկվա, Պետական հրատարակչություն, 1922, էջ 83:

[21] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1962, էջ 351: Նույն սխալն, ի դեպ, Ալմաստ Զաքարյանը կրկնում է նաև իր  մենագրության մեջ (տե՛ս «Եղիշե Չարենց: Կյանքը, գործը, ժամանակը», գիրք 1, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1997, էջ 134):

[22] Տե՛ս Ա. Ալեքսանյան, Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը, Երևան, «Անտարես», 2021, էջ 64-65:

[23] Տե՛ս Ս. Գրիգորյան, «Ամենտի եզերքը» Եղիշե Չարենցի պոեզիայում և համաշխարհային գրականության մեջ, Վէմ համահայկական հանդես, ԺԴ (Ի) տարի, թիվ 2 (78), ապրիլ-հունիս, 2022, էջ 111-113

[24] Տե՛ս Դ. Գասպարյան, Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը, Երևան, «Տիգրան Մեծ», 2022, էջ 33:

[25] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1962, էջ 371:

[26] Ե. Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1962, էջ 381:

[27] Նույն տեղում:

[28] Ա. Զաքարյան, Եղիշե Չարենց: Կյանքը, գործը, ժամանակը, գիրք 1, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1997, էջ 183:

[29] Տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1962, էջ 378 և 382:

Share Button

1 Կարծիք

  • Գևորգ says:

    Գովելի նախաձեռնություն է։ Կարևոր է ճշտել, արդյո՞ք Ռեգինա Ղազարյանի ու Գևորգ Էմինի մոտ պահված բոլոր ձեռագրերն են բացահայտված։ Կարծում եմ, որ անպայման պետք է կազմել խմբագրական խորհուրդ, ներառելով Դ․ Գասպարյանին, Չարենցի ընտանիքի ներկայացուցչի, ձեռագրագետի և այլն։ Ցավոք, հարգարժան Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրած գրքերում հաճախ սպրդում են սխալներ, ինչպես սույն հոդվածում է․ “ենթարկված է հենց իր՝ Չարենցի՝ սեփական երկերի ժողովածուները կազմելու սկզբունքներից”։ Հաջողություն եմ մաղթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *