Վահան Տերյան | Նամակ Անթառամ Միսկարյանին

Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

 

 

1912, 13 օգոստոսի
Սիրելի Անտենկա

Ձեր նամակն ստացա և, կարդալով, երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներն ի վեր ծանոթ) տրտմությամբ։ Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ տխուր երաժշտություն։ Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում։ Այնպե՜ս տխուր ու լավ է։ Եվ մեկ էլ ձեր նամակում մի նախադասություն կար, որին երկրորդ անգամ եմ հանդիպում՝ «ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»։ Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը ես լսել եմ հազար անգամ։ Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանակ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր։ Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն, խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»։ Եվ հանկարծ շուրջս եմ նայում և տեսնում եմ նոր ծլած խոտը և տարօրինակ եմ զգում’ ուզում եմ լալ այդ թախծալի ուրախությունից։ Եվ հանկարծ տեսնում եմ արևը և փողոցում մի ցնցոտիավորի, և դա ինձ համար ուրախալի ու սիրելի է։ Կարծես թե հարություն ես առնում, բայց հարություն ես առնում մի այլ տեսակի կյանքով, ապրում ես ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով, սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով։ Կարծես թե քո մեջ երգում է մի բան, կարծես թե ամեն ինչ լուսավորված է մի այլ տեսակի լույսով, և՛ լուսամուտիդ առջևի բարդիները, և՛ խղճուկ տնակը, և՛ նստիքի վրա ննջող կառապանը, և՛ դու ինքդ, դու ինքդ։ Եվ ահա այդ րոպեներին հոգիդ պոռթկում է դուրս, ուզում ես բացահայտել այն երգը, այն «երաժշտականությունը», որը հնչում է հոգումդ, և բառեր չկան դրա համար։ Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա։ Այդ րոպեներին ես զգում եմ, որ հասկանում եմ երաժշտությունը, երաժշտության հոգին (բայց ոչ «պաշտոնական» — եթե կարելի է այսպես արտահայտվել, ոչ «ձևական» երաժշտությունը)։ Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի։ Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն։ Երաժշտությունը իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով ես լսում եմ։ Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ։ Ահա թե ինչու երբեմն որևէ նշանավոր սիմֆոնիա ինձ չի հուզում, իսկ «երգեհոնիկը աշնանային եղանակին» խելքահան է անում։ Շատ եմ մտածել այդ մասին, բայց լավ է թողնենք այդ, որովհետև վախենում եմ ձեզ ձանձրացնել այս փիլիսոփայությամբ։ Բայց, համենայն դեպս, մտածեցեք այդ մասին, ճշմարիտ, շատ կուզենայի, որ ինձ հասկանայիք։ Ահա այդպիսի մտքերով և ապրումներով ես դնում եմ այնքան հեռու և, ինձ թվում է, նույնիսկ խորը, որ արդեն իրականության մեջ ինձնից մնում է միայն ինչ-որ մեխանիկական բան, այսինքն՝ ես չեմ լինում, հոգեպես բացակայում եմ, և խոսում են շրթունքներս, իսկ հոգիս լուռ է և մտքերս հեռու։ Ահա դա է պատճառը, որ այդպես հաճախ ես դուրս եմ տալիս, ինչ որ խելքիս փչեց, չէ՞ որ այդպիսի պահերին դա կարևոր չէ, և մարդիկ շատ հաճախ ինձ համարում են հիմար կամ տափակամիտ։ Ասենք, ի՛նչ իմանաս, գուցե և նրանք իրավացի են։ Բայց իմ զգացողությունն այդպիսին չէ և, ճշմարիտ, երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում։ Չէ՞ որ իմ հոգին ընունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն։ Սա ձեզ ասում եմ ոչ թե ինքնագովության համար, այլ նրա համար, որ վճռելով անկեղծ լինել, չեմ ուզում սուտ ասել իմ ապրումների և զգացմունքների մասին։ Ահա այդ առանձնությունը ինձ համար պարզ է դարձնում այն, ինչը շատերին թվում է չափազանց բարդ ու սարսափելի։ Ահա, օրինակ, ձեր Մարթան ինձ իսկապես համարում է աստված դիտե թե ինչ։ Դա ինձ համար շատ ցավալի է, առավել ևս, որ նրա մասին միշտ լավն եմ լսել ձեզնից, և ես ինքս էլ նրան շատ լավ աղջիկ եմ համարում։ Բայց գոնե դուք, իմ սիրելի բարեկամ, իհարկե իմ մասին այդպիսի վատ կարծիքի չեք, չնայած
ամեն ինչի, ճիշտ չէ՞։ Դրա համար պինդ սեղմում եմ ձեր ձեռքը հղում եմ լավագույն, լավագույն ցանկություններս։

Ձեր Վահան
Ողջույն Մարթային և ձերոնց բոլորին։

Ես Մոսկվա կգամ օգոստոսի 22—23-ին։ Եթե շատ չձգձգեք, ես դեռ այստեղ ձեզնից նամակ կստանամ, և դա, իհարկե, ինձ կուրախացնի։ Հուսով եմ, Մոսկվայում շուտո՞վ կհանդիպենք։

Սուսաննան ձեզ բարևում է։ Ձեր ողջույնը ես նրան հաղորդեցի:

Մնացածի մասին կխոսենք Մոսկվայում։ Ամենայն բարիք։

Վահան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *