Ուշ երեկոյան, երբ հաճախ մնում եմ ինքս ինձ հետ, փորձում եմ խոսել խղճիս հետ, այ օրինակ ՝ ինչո՞ւ այսօր սառնասրտորեն անցար մուրացկանի կողքով, ամո՜ թ քեզ ՝ խիղճդ կորցրել ես։ Բայց հետո հիշում եմ, որ խոստացել եմ տղամարդավարի ու չեմ թույլ տալու, որ տեսածս որդի պես փորի կոկորդս ու բույն դնի մի քիչ ներքևում գտնվող խղճիս մեջ։ Ուֆ, դե թող աշխատի, հա՞, կյանքում չի գտել իր տեղը, բայց ձեռքը երկարելուց ավելի հեշտ չէ՞ հազար ու մի հայտարարությամբ մի գործ գտնելը։ Գիտեմ, ավարտել է ինչ-որ շատ դժվարությամբ ընդունված, հիմա, ցավոք, արդեն ժամանակավրեպ մասնագիտությամբ մի բաժին ու դուրս է եկել՝ խղճահարություն առաջացնելով, ձեռքը երկարելով , ինձ նման մի քանի ապուշների խղճահարելով գումար տանելու։ Իսկ թե ինչ է լինում ինձ ու ինձ նման գոնե մի տասը հիմարի հետ, նրան չի էլ հետաքրքրում. հոգ չէ, որ պատահել է, որ չի էլ հիշել, որ արդեն ինձնից տարել է գումարը, ու նորից նույն պատմությունը լսելով, նորից խղճահարվելով՝ նույն օրը երկրորդ անգամ է հիմարացրել ինձ։ Չէ, խոստացել եմ, չեմ լսելու, չեմ հիմարանալու, ես սիրտ չունեմ, հա՞։ Ես կստիպեմ,որ ուղեղս առաջ անցնի սրտիցս ՝ ի բարօրություն ինձ։ Ամեն աշխատանք արդարացված է, դե խոսքս մարդկության հնագույն մասնագիտությանը չի վերաբերում, նաև ՝ քաղաքականությանը, իհարկե, իմ տեսակետն է։ Էլի ուշ է, էլի ես ինձ հետ եմ, ամփոփում եմ օրը, ինքս ինձ անարգանքի սյունին եմ գամում, հետո հանում եմ այդ սյունից ու ինձ սիրտ տալիս։ ՍԻ՜ՐՏ, չխոսես հանկարծ, ուղեղն է խոսելու։ Իսկ այսօր ու շատ հաճախ մտմտում , մտորում եմ թե ինչքան եմ սիրտս անջատել և ուղեղս եմ միացրել. որդիներիս աղաչանք- պաղատանքին ականջ չեմ դնում ու շատ խիստ կեցվածք ընդունելով՝ ասում եմ ՝ ոչ։ Բայց ախր ինչին եմ ասում ոչ։ «Մա՜մ , ախր դու բարի ես, ո՞նց չես թողնում շուն բերենք պահենք»։ «Ո՜չ։- էդ էր պակաս, բա ես ժամանակ ունե՞մ։ Կբերեք, կսիրեք, բայց շունը խաղալիք չէ, պահանջներ ունի, ի՞նչ պիտի անեք, ես էլ վստահ չեմ, որ կհասցնեմ օգնել նրան»։ «Բա դու կենդանի չես պահե՞լ, մա՜մ։ Հնարավոր չի՝ դու կենդանի պահած չլինես»։ «Չէ՜, չեմ պահել , ամբողջ օրը դպրոց, դաս, երաժշտական դպրոց, արվեստի տարբեր խմբակներ, էլ ե՞րբ շուն պահեի»։
Բայց գոնե ես գիտեմ չէ՞, թե ինչ կենդանիներ եմ պահել՝ կրիա, որը կաղ էր, աքաղաղ, որը կուրացավ իմ ու եղբորս ձեռքը և, իհարկե, կատու՝ կաղ չէր, խուլ չէր, կույր էլ չէր, լիարժեք կարգին կատու էր , բայց առաջին տարին գիտեի թե էգ է, հետո հասկացա, որ որձ է։ Կրիան կաղ էր, բայց ավելի շատ էի սիրում նրան՝ իր կաղ լինելու պատճառով, բայց մի օր տնային զբոսանքի ժամանակ խցկվել էր լոգարան ու ոնց էր հաջողացրել օճառաջուր խմել։ Չեմ հիշում, թե ինչքան ժամանակ պահանջվեց ինձնից, որ չմեղադրեի ինձ, չտխրեի ու շատ դժվար վերականգնվեցի։ Հիմա էլի խիղճս տանջեց։ Կաղ կրիան մի կերպ քարշ էր տալիս ոտքը ու մի օր օճառաջուր խմեց լոգարանից, չի բացառվում նաև ժավելաջուրը ու … Իսկ աքաղա՞ղը։ Ճիշտն ասած, չգիտես ինչու կենդանիներ ունենալիս միշտ չեմ հասկացել, թե ինչ սեռի կենդանիներ են։ Ես խնդրել էի մեր գյուղի ազգականին, այսինքն Սեդա մորաքրոջն ու նրա ամուսին Ժորիկին, որոնք շատ հաճախ էին Երևան գալիս ու նրանցից համարյա չէինք էլ ամաչում, որ ինձ համար հավի ճուտիկներ բերի, պարզվեց, որ կրտսեր եղբայրս էլ էր նույն բանն աղերսագին խնդրել, մորաքույրն էլ խոստացել էր։ Մի օր Սեդա մորաքույրն ու իր ամուսին Ժորիկը կոնֆետի կամ թխվածքաբլիթի արկղով նորից հայտնվեցին մեր տանը, եղբայրս էլ, ես էլ միանգամայն մոռացել էինք մեր թախանձագին խնդրանքները և ուրախություններիս չափ չկար, երբ պարզվեց, որ տուփի մեջ ոչ թե կոնֆետ կամ թխվածքաբլիթ էր, այլ հավի չորս ճուտիկ։ Ինչ սիրուն էին, քնքուշ, բա ոնց էին ծվծվում։ Առաջին օրը ո՛չ ես, ո՛չ էլ եղբայրս չէինք էլ պատկերացնում, որ այդ փափուկ, քնքուշ, խաղալիքանման արարածները մեծանալու էին ու դառնալու էին կարգին հավեր, դեռ ավելին՝ մեկն էլ վաղ առավոտից պիտի ծուղրուղու կանչեր։ Մայրս բարկացել էր ու կշտամբում էր իր Սեդա ազգականուհուն, իսկ նա, իրեն բնորոշ հանգստությամբ, մորս վստահեցնում էր, որ այդ ճուտիկները չեն ապրի, մի երկու օր կսիրենք ու երրորդ օրն իսկ կսատկեն, որովհետև դրանց հատուկ խնամք էր պետք, որը չկար քաղաքի մեր բնակարանում ճուտիկների համար։ «Չեն սատկի»,- ասացինք ես ու եղբայրս ու գրկեցինք իրար՝ լուռ խոստանալով , որ ճուտիկները հավերժություն են ապրելու։ Սակայն չէինք պատկերացնում, որ ճուտիկները մեծանալու էին ու կերպարանափոխվելու։ Ամեն օր դպրոցից տուն էինք շտապում ՝ չէ փառք աստծու, ճուտիկները ողջ ու առողջ տանն էին։
Ճուտիկները մեծանում էին ու էլ առաջվա քնքուշ, մեղմ արարածներից բան չէր մնացել, դե արի ու ասա, որ հավը սիրուն է լինում, որ այդ գեղեցկությունից ոգեշնչվում ես ու բարիանում։ Հավը մնում է հավ, հավն էլ ճուտիկ չէ, որին նայելով, ինչ ասես, որ չես զգում։ Միևնույնն է, մեր հավերն ու աքաղաղը իմ ու կրտսեր եղբորս պաշտամունքն էին, ինչքան էլ որ մեծանային ու կերպարանափոխվեին։ Քույրս չէր սիրում նրանց ու անընդհատ վախեցնում էր արդեն մեծացած մեր կերպարանափոխված ճտերին։ Դե նա մեզնից մեծ էր ու չուներ մեր ռոմանտիզմը, տան մաքրության պատասխանատուն էլ էր քույրս, մենք էլ մայրաքաղաքի մեր բնակարանում պահում ու պաշտում էինք այս հավերին բավական չէ, դեռ ամբողջ օրը թողնում էինք բնակարանով մեկ զբոսնել, ու եթե ես տանը չէի, ուրեմն եղբայրս պիտի տանը լիներ․ մենք երբևէ նարնց առանց մեզնից որևէ մեկի ներկայության չէինք թողնում։ Հիմա չեմ հիշում, թե ոնց պատահեց, որ չորս ճուտիկից մեզ հետ մնաց միայն աքաղաղը, կարծում եմ գյուղի մեր ազգականին էինք վերադարձրել։ Ես ու եղբայրս քաղաքակրթում էինք նրան, վարժեցնում, խրատներ տալիս ու համոզում էինք, որ մի քիչ ուշ սկսի կանչել, համարյա դառնալու էր Բուլգակովի Շարիկովը կամ այս դեպքում միգուցե Կուկարիկով կամ Ծուղրուղյան։ Ամեն օր ուներ իր զբոսանքի ժամերը, ինչ հպարտությամբ էինք նրան տանում զբոսանքի ու ամբողջ թաղը հայտնվում էր բակում, ու քանի- քանիսն էին մեզ նախանձում, որ աքաղաղ ունեինք։ Միևնույնն է, մայրս ու քույրս չէին դադարում իրենց հակաաքաղաղյան արշավները, միայն հայրս էր կողմ մեր տնային կենդանու հետագա զարգացմանը, բայց երբեմն խաղում էր մեր հոգու հետ ու ասում էր ՝ մայրդ ու քույրդ մի օր եփելու են ձեր աքաղաղին։ Մի գարնանային օր էր կամ մի ակացիաներով թանձրացած օդով հագեցած մթնշաղ էր, ես ու եղբայրս պիտի տանեինք նրան երեկոյան զբոսանքի․ այդպես էր ընդունված կարգը։ Եղբայրս հպարտորեն գրկել էր նրան, հետո որոշեց բաց թողնել փարթամ, չհնձված խոտերի մեջ։ Մեր սիրունը մի կատու տեսավ և շատ ինքնավստահ վրա քշեց, առաջ նետվեց, եղբայրս էլ՝ սիրունի հետևից։ Մեր աքաղաղն էլ շատ էր աքլորացել ու հետապնդում էր կատվին, աքաղաղը՝ կատվին, եղբայրս էլ՝ աքաղաղի հետևից ու…Աքաղաղը ոգևորված առաջ էր սլանում՝ հասկացնելով, որ արժանի է մեզ, իսկ եղբայրս շտապեց նրան բռնել ու այնպես ստացվեց, որ նրան հետապնդելով՝ ամբողջ ուժով ընկավ մեր անհաղթ աքաղաղի վրա։ Մի վայրկյան լռություն տիրեց, ապա մի սարսափելի տեսարան՝ աչքը դուրս էր եկել ու կախվել։ Ես սարսափահար արտասվում էի․ ինձ համար տեղի էր ունեցել ամենադաժան բանը։ Անհաղթը միայն կտուցն էր բացում – փակում, երևի ցավային շոկ էր տանում, ես ու եղբայրս կաթիլ – կաթիլ ջուր էինք լցնում նրա բերանը։ Աշխարհը փլվել էր իմ ու եղբորս գլխին ու հանկարծ հիշեցինք, որ մեր դիմացի հարևանը կարգին մարդ էր ու հեղինակավոր ակնաբույժ։ Մի քիչ միջանցքում հերթապահելուց հետո նրան բռնացրեցինք տատիկիս օգնությամբ ու խնդրեցինք, որ մեր անհաղթ, քաղաքակրթված սիրունին զննի։ Այ քեզ բժիշկ, մեզ չմերժեց ու այդ օրվանից հարգանքս նրա հանդեպ քառապատկվեց կամ նույնիսկ տասնապատկվեց․ արդեն էլ ավելի սիրով էի օգնում նրա աղջնակի անգլերենի դասերը։
-Բան չկա, ասաց բժշկական գիտությունների թեկնածուն,- ակնագունդը կչորանա ու կընկնի ու ձեր աքաղաղը պարզապես մի աչք կունենա։ Մենք համաձայն էինք մի աչքանի աքաղաղ ունենալուն, դե չէինք թողնի շատ կարդար մեր Անհաղթը։
Օրերն անցնում էին, նա գնալով աշխուժանում էր, աչքն էլ՝ չորանում։ Ու եթե մեր աքաղաղը հեղինակություն էր, ապա հիմա նրա վարկանիշը տասն անգամ ավելի բարձրացավ, արդեն քաղաքակիրթ, կատվի հետևից հերոսաբար վազող, խիզախ աքաղաղի համբավ էր ձեռք բերել, ու ոմանք երբեմն գալիս էին մեր տուն ու առաջարկում, որ նրան զբոսանքի տանեն, համարյա աստղ էր դարձել մեր պիտուխը։ Վերջապես ավարտվեց ուսումնական տարին, ու ամեն ինչից հոգնած՝ թողնում էինք մեր քաղաքը, մեր խաղերը, երաժշտականը, անգլերենը, ամեն-ամեն ինչ ու մինչև օգոստոսի վերջ հայտնվում այնտեղ, որտեղ կաշխատեր տատիկս, իսկ տատիկս սովետի վաստակավոր մանկավարժ էր, աշխատանքի հերոս։ Վեց տարեկանից մինչև տասնչորս տարեկան՝ ամռան սկզբից մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ, Երևանում չէի լինում․ Ծաղկաձորում, Հանքավանում, Վանաձորում, Լոռիում էի անցկացնում ամռան ութսուն օրն ու անասելի կարոտում էի Երևանը, ծնողներիս, քաղաքի կենցաղը, պաղպաղակը, տապակած կարտոֆիլը, բայց, միևնույն ժամանակ, ինձ դուր էր գալիս ճամբարային մշակույթը, ինքնադրսևորվում էի, մասնակցում տարբեր մրցույթների, նույնիսկ 1983 թվականին դարձա «Միսս Արտեկ» մրցանակի հաղթողը, թագ էլ ստացա ու ամենակարևորը, որ « Կտոր մը երկինք» ֆիլմի գլխավոր դերակատարը ՝ միջնեկ Թորիկը, ինձ իր ուսերի վրա դրած տանում էր Արտեկի հրապարակով։ Դե ես չէի ամաչում․ հպարտ, թագը գլխիս, Թորիկի ուսերին նստած՝ արժանանում էի ծափողջույնների։ Հետո քանի տարի գեղեցկության մրցույթում իմ վաստակած թիթեղյա թագը պահում էի պահարանում և միայն Ամանորի գիշերն էի հանում պահարանից, դնում գլխիս ու դիմավորում Նոր տարին։ էս ուր հասա, աքաղաղը մնաց։ Մեկնելու ժամանակը եկել էր, բայց ինչ պիտի անեինք մեր հերոսին՝ տանել չէինք կարող, ոչ էլ թողնել կարող էինք, ես ու կրտսեր եղբայրս պիտի մեկնեինք տատիկի հետ, քույրս ու ավագ եղբայրս արդեն վաղուց մեծացել էին ճամբարների համար։ Քույրս մեծավարի խոստացավ, որ Անհաղթի պատասխանատվությունը իր վրա էր վերցնում։ Սիրտներս կախ, մի ձև անհավես գնացինք։ Մի քանի օր անց համակերպվեցինք ճամբարային նոր կանոնակարգին ու սկսեցինք ապրել ճամբարային կյանքով։ Ես աշխատում էի ճամբարային օրերին չհիշել ծնողներիս, տխրություն էր իջնում վրաս, նույնիսկ չէի ուզում, որ նրանք տեսակցության գային, նրանց հետ օրն անցկացնելուց հետո կարոտում էի, տխրում ու ամբողջ գիշեր թաքնվում էի վերմակի տակ, արտասվում, հետո ուժասպառ էի լինում արտասվելուց ու չէի հասկանում, թե ոնց էի խորը քուն մտնում։ Չէի ուզում տատիկս տեսներ, որ ես արտասվում եմ, որովհետև ես իրեն էլ էի շատ սիրում ու չէի ցանկանում՝ մտածեր, թե ես իր մոտ լավ չեմ զգում ինձ, ես ուզում էի, որ բոլորս միշտ միասին լինեինք՝ տատիկս, հայրս, մայրս, քույրս, եղբայրներս ու … Անհաղթը։ Ես ավելի լավ կանցկացնեի իմ օրերը, եթե ծնողներս չայցելեին մեզ, բայց այդպես չէր լինի։ Ու մեկ էլ մի օր ծնողներս մեզ այցի եկան ու ի՞նչ՝ Անհաղթի հետ ։ Ուրախություններիս չափ չկար, բայց այդ օրն էլ թաքուն արտասվեցի։ Ու զարմանալի էր, որ նրան թողեցին մեզ հետ, իսկ իրենք վերադարձան Երևան։ Ինչ խենթություններ արեցինք, ինչ երջանիկ էինք, նույնիսկ լուսանկարչին խնդրեցինք, որ նկարի մեզ, չնայած հիմա իմ նկարը չեմ գտնում նրա հետ, միայն եղբորս նկարն է Անհաղթի հետ։ Նա դարձել էր պիոներ ու մասնակցում էր առավոտյան վերկացին, մարմնամարզությանը, տողանին, գալիս էր ճաշարան, այնուհետև կեսօրին քնում էր, ետճաշիկ և մասնակցում ճամբարի առօրյային։ Իսկապես անհոգ ու երանելի օրեր ապրեցինք, տասը օր անց նրանք նորից այցելեցին մեզ ու հայտարարեցին, որ պիտի Անհաղթին հետ տանեն Երևան։ Համաձայնեցինք ու նրան տվեցինք մորս, նրան էլ վստահեցրինք, որ քիչ ժամանակ անց մենք էլ կվերադառնանք ու էլ երբեք չենք բաժանվի իրարից, գոնե տասը ամիս… Մի աշխուժություն էր տիրում ճամբարում, հրաժեշտի նախաճաշ, ապա բոլորիս բաժանում էին չոր օրապահիկը՝ ինչ անուշեղեն ասես, որ մեջը չկար, նույնիսկ աղի բլիթներ ու արմավի, բանանի չիր, որն այն ժամանակ չկար խանութներում, մերոնք Մոսկվայից էին բերում, երբ տարին երկու անգամ մեկնում էին Մոսկվա՝ մեզ չորսիս սիրուն- սիրուն շոր ու կոշիկ գնելու։ Երգով, ծափերով ու մի նոր ամառային հիշողություններով մենք գալիս ենք Երևան, ամեն ինչ կարծես փոխված լիներ աչքիս, նույնիսկ տունը, մաման, պապան, քուրիկը, ապերը…Նորից բոլորս միասին ենք՝ մեծ, ջերմ ընտանիք։ Մայրիկը կարգին ընթրիք է պատրաստել, իսկ մեզ դիմավորում է հայրիկն ու տուն բերում, իրար հերթ չտալով խոսում ենք, պատմում ու հասկանում, որ կարոտել էինք ամեն քարը, արձանը, ցայտաղբյուրը, բաց պատուհաններից բուրող տապակած կարտոֆիլի բույրը։ Ա՜խ, Երևա՛ն։
Անվերջ զրուցելուց հետո իմ ու եղբորս կոպերը ծանրանում էին, միայն հիշում եմ, որ հայրս մայրիկիս հետ ինձ գրկած պառկեցնում էին իմ այնքան հարազատ անկողնում։ Ու ես նորից զգում էի հոգատար, ջերմ ընտանիքի բույրը՝ հորս, մորս, բոլորի վրայից ու անգամ օսլայած անկողնուս միջից։
Առավոտյան շատ պայծառ գլխով արթնացանք ու միացանք մայրիկի ու հայրիկի սուրճի արարողությանը։ Այսօր ես եմ ձեզ համար սուրճ դնելու, շատ համով սուրճ։ Ծնողներս հպարտ էին ինձնով, արդեն իրենց կրտսեր դուստրը սուրճ էր եփելու, իսկ ես չգիտեի էլ՝ ինչ հնարքներ բանեցնեի, որ իմ պատրաստած սուրճն ամենահամեղը լիներ՝ գիտեի, որ սուրճը պիտի առատ լցնեի, որ հանկարծ ջրիկ չլիներ։ Լավ ստացվեց առաջին անգամ եփած իմ սուրճն, ու չեմ հիշում, որ ուրիշ անգամ երբևէ այդքան հավեսով սուրճ պատրաստած լինեմ, դե իսկ հիմա մարդ եմ փնտրում, որ ինձ համար սուրճ պատրաստի…
– Վայ , իսկ ու՞ր է մեր աքաղաղը,- հանկարծ հիշեցի ես։
Ոչ մի պատասխան չկա,- մա՜մ, պա՜պ, աքաղաղն ո՞ւր է։
Նրանք կարկամել էին, պատասխան չկար։
-Ի՞նչ եք արել իմ խեղճ աքլորին, մորթել կերե՞լ եք։
Հայրս խոհանոցից դուրս եկավ ու մորս վրա մնաց այդ դժվարին գործը։
-Դե գիտե՞ս, նա մեծացել էր, ընտանիք էր ուզում կազմել, ճիշտ է ձեզ շատ էր սիրում ու շատ շնորհակալ էր մեր վերաբերմունքի համար, բայց բնությունն իրենն է պահանջում, ինձ խնդրեց, որ իրեն օգնեմ, որ իր ընտանիքն ունենա։ Դե ես էլ նրան տարել եմ սուրբ Սարգսի բակ ու նվիրել մի տարեց կնոջ, որը մեծ հավանոց ունի, բայց ոչ մի աքաղաղ չունի։ Հիմա նա այնտեղ է, երբ ցանկանաք, կգնանք նրան այցելության։
Սիրտս տեղն ընկավ ու մինչև վերջերս հենց այդպես էլ հավատացել էի, որ Անհաղթը ընտանիք ունենալու իրավունք ունի, ու, որ ուշ թե շուտ մենք բոլորս էլ իրարից բաժանվելու ենք՝ ես, եղբայրներս, քույրս, բայց հայրիկից ու մայրիկից երբեք չենք բաժանվելու։ Աշխարհի կարգն է, ու ես դեռ փոքր էի, աշխարհն էլ շատ բարի, արդար ու շատ վարդագույն էի պատկերացնում։ Միևնույնն է, աշխարհն ինչքան էլ անարդար ու կյանքիս տարբեր փուլերում, որ գույնով էլ որ ներկայացավ, ես այն սիրեցի հենց այդ երանգով, բայց չգիտես ինչու՝ վարդագունը չեմ սիրում․ շատ նուրբ է, սիրում եմ մաքառող, պինդ գույներ։ Պա՜պ քեզ շատ եմ սիրում, մա՜ մ քեզ շատ եմ սիրում, քուրիկ ու ապերիկներ ջան ՝ ամենքս առանձին ենք՝ աշխարհի կարգն է այդպես, միշտ իմ սրտում եք։ Տատիկս էլ իր մեծ բաժինն ունի ու իմ մեծ ուսուցիչն է, տատիկ ջան, հիշում եմ ամեն օր ու էլի կասեմ, որ քեզ շատ եմ պարտական, Սեդա մորաքույր ու Ժորիկ քեռի, ձեզ էլ եմ սիրում ու կարոտում մեր կյանքի այդ արտառոց օրերը։ Իսկ մայրս այդ պատմությունը նախօրոք հնարել էր հորս հետ, որ շատ սրտահան չլինենք։ Միայն վերջերս նորից ուժ գտա հարցնելու մորս, իսկ նա արդեն մոռացել էր, թե ինչ պիտի ասի ու պարզվեց, որ ինչ ընտանիք կազմել, ինչ բան՝ տվել էր մի մուրացկանի։ Գիտակցում եմ, որ մուրացկանը մի լավ օրհնել էր մորս, բայց թե հետո ինչ էր արել իմ աքաղաղին, չեմ էլ ուզում պատկերացնել , թող որ վարդագույն էլ մնա, և չնայած, որ վարդագույնը շատ նուրբ գույն է, ես այն չեմ սիրում…