Առաքել Սեմիրջյան | «-7»

Մահացու մեղքերը թվարկելիս Տեր Բեդրոսը հայտնաբերեց, որ դրանք իսկի էլ մեղքեր չեն, այլ մարդկային թուլություններ, որին մեղք ասելն էլ է մեղք․
1․Բղջախոհություն, 2․Որկրամոլություն, 3․Ծուլություն, 4․Ագահություն, 5․ Բարկություն, 6․Հպարտություն… էն վերջինը մոռացավ ու մատները ծալլելով` տեսավ, որ ընդամենը վեցն է ծալլված, ու հետո հիշեց նախանձի մասին ու ծալլեց վերջին մատը՝ մնացած երեք մատները թողնելով ցցված։
Սկսեց մատների տեղերը փոխելով հաշվել, որ տեսնի ինչ-որ բան դրանից փոխվում է, բայց պարզվեց՝ գումարելիների տեղերը, ինչպես նաև մատների տեղերը փոխելով, գումարը ոչ միշտ է փոխվում, ու էդպես էլ ոչ մի բանի չհանգելով՝ մի քիչ ժամանակ մեռցրեց։
Հետո փորձեց մտովի իր կողմից մի քանի նոր մեղքեր ավելացնել, սակայն դա էլ չաշխատեց, որովհետև ոնց պտտվում էր, էդ մեղք բառը մի փոքր չափազանցված էր թվում։
«Իսկ միգուցե միայն «Չափազանցվածությու՞նը» որպես մեղք ընդունվի ու կպցնելով այս կամ այն երևույթին՝ մեխանիկորեն մեղք ստացվի,- մտածեց Տեր Բեդրոսը․- թե չէ՝ չափի մեջ ի՞նչ էլ նայում ես, մեղքի տիրույթից դուրս է մնում,- շարունակեց իր մտորումները նա» ։
-Ո՞վ չափավոր որկրամոլ չէ, ո՞վ չափավոր ծույլ ու հպարտ չէ, ո՞վ չափավոր ագահ ու ջղայն չէ, իսկ երբ հարցը հասնում է նախանձությանն ու էլ չեմ խոսում բղջախոհությանը՝ ո՞վ դրանցից մի բոլ չունի։
Սենց ինքն-իրեն տակնուվրա անելով՝ Տեր Բեդրոսը փորձում էր արդարացումներ գտնել իր անկապ մտքերի համար, որը ինքին կարող էր իր մեջ մեղքի տարրեր պարունակել, մեկ էլ մի լույս ծագեց գլխում՝ կարծես երկնքից ինչ-որ մեկը ցույց տվեց էս վիճակից դուրս գալու ճանապարհը։
«Իսկ միգո՞ւցե ինչ մահացու մեղք գրված է, իրականում մեղքը հենց դրա հակառա՞կն է, քանի որ հենց հակառակն է ծնում էն նույն մեղքը՝ ինչ մարդկության կողմից ընդունվում է որպես համամարդկային մեղք․ հենց փորձում ես քիչ ուտել, ողջ ուղեղդ կենտրոնանում է չուտելու վրա ու փոխանակ խորհես վեհ բաների մասին, ողջ օրը մտածում ես չուտելու մասին, որն էլ ինքնին ծնում է որկրամոլության մեղքը, հենց միտքդ փորձում ես մաքուր պահել տարատեսակ աղտեղություններից, մեկ էլ մի մերկ կին է հայտնվում ու միտքդ շեղվում է այդ կնոջ բարեմասնությունների ուղղությամբ, ու փոխանակ նորմալ ընդունես այդ պատկերը՝ ընկնում ես ինքնախարազանման գիրկը և փորձելով չմտածել նրա մասին՝ ավելի շատ ես մտածում։ Նախանձն էլ ընդամենը արդարության ապարդյուն փնտրտուք է, երբ սկսում ես համեմատել քո չունեցածը ուրիշների ունեցածի հետ։ Ագահությունն էլ իր հերթին պարզապես ապահովությունից ելնելով մի երկու բան ետ գցելու համար է՝ էն նեղ օրերի համար, որոնք հաստատ գիտես որ գալու են։
Բա էդպիսի իրավիճակների համար մի քանի ապահովության բարձիկ չունենա՞ս, որ ապագայի հանդեպ քեզ ավելի ապահով զգաս։
Ծուլություն կոչված մեղքն էլ ընդհանրապես աբսուրդի ժանրից է․ մարդը, որն ամբողջ օրը իր մեղք չգործելու մասին մտածելով բան չի կարողանում անել ու հոգնում է իր բան չանելուց, պետք է չէ՞ մի ձև հանգստանա ու էդ անտեր օրգանիզմը շատ հաճախ ծուլության կարիք ունի։
Բա երբ նայում ես էն տերտերների՞ն, որ օր ու գիշեր ձվերը քորելով ման են գալիս ու պատարագից-թաղման արանքում պարապությունից ճանճ քշում՝ դրանից էլ մեծ ծուլությո՞ւն»,-մտածեց Տեր Բեդրոսը ու սարսափով անդրադարձավ, որ ինքն էլ է քահանա ու վերջին շրջանում կնունքները քչացել են։
Վերջին կնքած երեխան միայնակ մոր զավակ էր, ու երբ ինքը հարցրեց հոր անունը էդպես էլ ոչ մի պատասխան չստացավ։
-Հայր մեր որ երկինս ես,- շուտասելուկի պես արտասանեց Տեր Բեդրոսը ու կենտրոնացավ երկինս բառի առաջին վանկի ձևախեղումների վրա․ երկ ու կին, երկ ունքին, երկ ու կկվիու, երկ յուղ ին․․․
Իր հաշվարկներով նա վաղուց պետք է մեռած լիներ, բայց Աստված ինչի համար էր իրեն էդքան երկար պահում, ոչ ոք չգիտեր։
«Միգուցե Աստված անպատասխան հարցե՞ր ունի, որ հենց իմ միջոցով փորձում է ստանալ»,- մտածեց նա՝ իր մասին երրրոդ դեմքով խորհելով ու վախեցավ, որ հնարավոր է երրորդ դեմքը մյուս հոգավորինն է։
«Հոգավո՞ր, թե հոգևո՞ր»,- շարունակեց խորհել Տեր Բեդրոսը ու նկատեց, որ երկու բառի մեջ էլ արմատը հոգին է, իսկ հենց սատանային պատկերացնում ես հոգու առկայությամբ, այն արդեն դադարում է սատանա լինելուց։
«Բա էդ դեպքում «մյուս հոգավոր» ինչի՞ են ասում։ Միգուցե նրա ունեցածը մեզ անհայտ մի ուրիշ տեսակի հոգի՞ է, որի համար էն մեղքերը, որ մեզ համար մեղք են, նրա համար ընդհանրապես մեղք չեն, իսկ ինչը, որ մեզ համար մեղք չէ, նրա համար է մեղք»,- մտածեց Տեր Բեդրոսը ու էս անգամ ձվերը քորելու փոխարեն՝ գլուխը քորեց, սակայն սովորության համաձայն հիշեց ձվերը քորելու մասին ու սարսափեց որ, «Ձու» բառից մոտը ասոցիացիա առաջացավ, որ մյուս շաբաթ զատիկ է, իսկ պահքի ավարտին մնաց յոթ օր։
«Պահքից դուրս գալուց առաջին բանը, որ ուտելու եմ, լինելու է լավաշով պանիր հաց»,- մտածեց Տեր Բեդրոսը, ու մեղքի մասին մտորումները բավականին հեռացան, ու թվաց միտքը հացով ու պանրով կտրվեցին։
«Մի դաստա թարխուն ու նանա էլ որ լինի, բոլ-բոլ կդնեմ դուռումի մեջ ու լազաթ»,- արդեն մոտալուտ սպասվող երջանկության բերկրանքը նախապես զգալով՝ ժպտած Տեր Բեդրոսը ու մատյանի մեջ ստուգեց հաջորդ կնունքի ամսաթիվը, որը չգիտես ինչի պահքի ժամանակ հետաձգվում էր։
«Բայց ի՞նչի»,- մտածեց Տեր Բեդրոսն ու էդ մտքերով էլ մտավ անկողին՝ հերթական գիշերը անուշ քնով անցկացնելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *