Էդգար Փոթիկյան | Պատը

Ես բավականին ուշ նկատեցի այն՝ ինչը վաղուց արդեն ակնհայտ էր։ Տանը կատարվող իրադարձություններն ինձ այնքան համակերպվող էին դարձրել, որ մորս անսպասելի մահն անգամ, սովորական թվաց։ Շատ ժամանակ չէր անցել, երբ առանց լուրջ պատճառի հեռացավ կինս։ Սպասուհին, ում մանկուց վստահել էի այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին կիրակնօրյա պատարագից հետո չէի խոստովանել անգամ քահանային, մի չնչին վեճի պատճառով լքեց տունը։ Զարմանալի հնազանդությամբ ընդունեցի շանս բացակայությունը, երբ առավոտյան զբոսանքից հետո տուն չվերադարձավ։ Կատվիս հեռանալն անմիջապես չնկատեցի, և միայն օրեր անց կերամանից չպակասող կերը հուշեց նրա բացակայությունը։ Սովոր չլինելով մենությանը՝ ազատ սենյակներից մեկը հանձնեցի վարձակալության։ Ու չնայած ցածր վարձավճարին, վարձակալներից և ոչ ոք, մեկ շաբաթից ավելի չէր դիմանում։ Հեռանալիս նրանք գերադասում էին լռել՝ չցանկանալով պատմել գլխացավերի, անքնության ու անձնական անհաջողությունների մասին, որոնց պատճառը, ինչպես հետո պարզվեց, տունն էր։ Երբ հերթը հասավ բազմատեսակ ծաղիկներին ու թփերին, որոնք մեկը մյուսի ետևից չորանալով ամայության շունչ հաղորդեցին երբեմնի ծաղկազարդ տանը, իմ համակերպվածությունը վերափոխվեց տագնապի, ինչպես այն հեռավոր օրը, երբ հորս ձեռքը բռնած շտապում էինք թափառական կրկես՝ երկգլխանի տղային տեսնելու։
Դատարկությունը, որն զգացի ամիսներ անց, բացակայություն էր խորհրդանշում։ Տնից հեռացել էր մի ներկայություն, շնորհիվ որի տունը դիմակայել էր բազմաթիվ երկրաշարժերի, շրջանցել ամենակուլ հրդեհներն ու անգամ մեծ ջրհեղեղը։ Այդ անկենդան, սակայն միշտ առկա ներկայությունը տան ներսում նման էր մի հիմնասյան, որի այժմյան բացակայությանը դիմակայելու համար, իմ համակերպված բնավորությունն արդեն անզոր էր։
Իր գոյության ընթացքում տունը շատ բան էր տեսել։ Տարբեր ժամանակահատվածներում, ձեռքից ձեռք անցնելու և բազմատեսակ տերեր փոխելու պատճառով, զերծ չէր մնացել տարաճաշակ ազդեցություններից, որոնք իրենց հետքն էին թողել վերանորոգման գույների, հնաոճ կահավորանքի, սպասքեղենի, և մինչև անգամ լուսավորության վրա։ Տունը գնել ու վաճառել էին, տանուլ տվել թղթախաղում, կտակել ժառանգների, որոնց ընտրությունը երբևէ պատահական չէր եղել։ Տան ներսում անփոփոխ հաջորդականությամբ պտտվել էին ծնունդն ու մահը, գիշերն ու ցերեկը, ուրախությունն ու տխրությունը, և բոլորից մոռացված այն հիվանդագին համակերպվածությունը, որը և տան կործանման պատճառը դարձավ։
Տանը տիրող անբացատրելի երևույթների պատճառով, իմ կյանքն արդեն առաջվանը չէր։ Ալկոհոլի չարաշահման և անհիմն բացակայությունների պատճառով ինձ հեռացրել էին աշխատանքից։ Ուրբաթ օրվա երեկոներն արդեն առաջվա նման չէին անցնում բրիջի ակումբում, և եթե նախկինում ոչ մի թատերական ներկայացում բաց չէի թողնում, այժմ լրիվ անտարբեր էի դարձել անգամ դրա նկատմամբ։ Փոխարենը ինձ համար ամենօրյա զբաղմունք էր դարձել տան սենյակներով շրջելն ու ականատես լինելը, թե ինչպես են իմ ներկայությունն անտեսելով հատակի ճեղքերից խուճապահար փախչում խավարասեր միջատներն ու մկները։ Նրանց զորաշարքեր հիշեցնող հոսքին ճանապարհ տալով՝ ստիպված էի լինում հենվել պատերին և զգալ այն սառնությունը, որը երբևէ չէր եղել։
Իմ համեստ գոյությունն ապահովելու համար վաճառել էի մորիցս մնացած զարդեղենն ու մի քանի յուղանկար։ Սկզբում դա արեցի ծայրահեղ կարիքից ելնելով՝ խոստանալով ինքս ինձ, որ նման բան այլևս չի կրկնվի։ Բայց աշխատանքի բացակայությունն ու կարիքը կրկին անգամ ստիպեցին հեշտ տարբերակ գտնել, և շատ չանցած հնավաճառի մոտ հայտնվեցին ինքնաեռն ու արծաթե սպասքը։
Չմսխելու համար ամբողջ գումարը խմիչքի և թղթախաղերի վրա, որոշեցի գումարի մի մասը տրամադրել հյուրասենյակի մաշված գորգը փոխելուն։ Երկար փնտրելով և չգտնելով ժապավենավոր մետրը, որոշեցի դա անել քայլերի օգնությամբ։ Այն՝ ինչ տեղի ունեցավ այդ րոպեներին (երբ հաշվելով քայլերս, չափում էի գորգի երկարությունը), ուղղակի ապշեցրեց ինձ։
Ես շատ լավ էի ճանաչում տունը, վերջին մեկ տարվա անքուն գիշերներին հյուրասենյակով քայլելն այնքան սովորական էր դարձել, որ անգիր էի արել հատակից եկող տախտակների ճռռոցն ու գորգի ծալքավոր անհարթությունները։ Այդ կարճ ճանապարհը հազարավոր անգամներ գնալ-գալով՝ անսխալ գիտեի նաև քայլերիս քանակը։ Տասներեք քայլ էր պահանջվում սենյակի մի ծայրից մյուսը հասնելու համար, և այն, որ քայլերս այժմ կրճատվելով տասն էին դարձել, ինձ աբսուրդ թվաց։
Տան սենյակներով քայլերիս զուգընթաց միտքս պրպտում էր որևէ լուծում գտնել ստեղծված իրավիճակից։ Իմ մեջ դեռ կար չսպառված լավատեսություն հավատալու, որ գոյություն ունի այս չարաղետ կործանումը կասեցնելու որևէ ընդունելի տարբերակ։ Ի վերջո, տրորելով անհանգստությունից քրտնած ճակատս, կանգ առա խոհանոցի սպասքապահարանի դիմաց։ Բացելով վիսկիի նոր շիշը՝ նստեցի պատուհանի դիմաց դրված ճոճաթոռին։ Եվ հենց նույն պահին էլ ակտիվացած զգայարաններս արձանագրեցին տուն մտած անծանոթ ուժի ներկայությունը։ Գալարվելով ոտքերիս տակ՝ նա հիստերիկ քրքջում էր, և նրա սառնությունից ցնցվող մարմինս, տագնապալի դողերոցքով բռնված, բոլորի նման հեռանալ էր ուզում։
Վիսկիի դատարկ շիշը վաղուց արդեն ընկած էր հատակին, իսկ ես դեռ սթափ էի։ Նոր շիշ բերելու համար հարկավոր էր խանութ գնալ, ինչի համար շարժվելու ուժ չունեի։ Դրսում թեև ամառ էր, բայց սկսեցի մրսել։ Դողից առաջացող ցնցումները գնալով անկառավարելի էին դարձնում շարժումներս։ Ցուրտը պատրաստվում էր մեկընդմիշտ բույն դնել իմ մեջ։
Մեծ դժվարությամբ հասնելով լոգասենյակ՝ բացեցի տաք ջրի ծորակը և առանց շորերս հանելու պառկեցի լոգարանի մեջ։ Երբեք տաք ջուրն ինձ այդքան դուր չէր եկել, որքան հիմա։ Երբ փայտացած մարմնիս վերջույթները նորից կառավարելի դարձան, մինչև ականջներս սուզվելով ջրի մեջ նայեցի հայելապատ առաստաղին, որտեղ երևաց աղոտ գոլորշուց թանձրացող իմ արտացոլանքը։ Հոգնած մարմինս թուլացավ, և ամենակարող քունը երազի թևերով հասցրեց ինձ այնտեղ, որտեղ մի անգամ արդեն եղել էի։
Հորս ձեռքը բռնած գնում էինք թափառական կրկես՝ երկգլխանի տղային տեսնելու։ Տղան կլիներ իմ տարիքի, գունատ դեմք ուներ, և մի գլուխը, մյուսից փոքր-ինչ երկար լինելու պատճառով, ժամանակ առ ժամանակ թեքվում էր ձախ։ Վախն ու խղճահարությունը այնպես էին փոթորկվել իմ մեջ, որ ամուր գրկելով հորս ձեռքը՝ մտածում էի, որ այլևս երբեք բաց չեմ թողնելու։ Հիսուն ցենտ վճարելով՝ յուրաքանչյուր այցելու կարող էր ձեռք տալ տղային և համոզվել, որ նա իրական է։
Թափառական կրկեսը վաղուց էր հեռացել, իսկ երկգլխանի տղան դեռ երևում էր ինձ երազներում։ Հիշողությանս մեջ դաջվելով՝ նա մտադիր էր ապրել ինձ հետ։ Առանց հիսուն ցենտ վճարելու ես այնքան պարզորոշ էի տեսնում նրան, որ երազը, իրողություն դառնալով, շարունակում էր ապրել իմ մեջ։ Տղայի գորշ ու խղճալի կերպարը մոռանալու համար ես մի նոր երազ հորինեցի։
Իմ նոր երազում, որտեղ քայլում էի պայծառ լույսի անվերջանալի թվացող միջանցքով, ամեն ինչ այլ էր։ Լույսն այնքան առատ էր, որ առջևում ոչինչ չէր երևում, և չնայած դրան, ես համառորեն առաջ էի գնում, համոզված, որ իմ առաջ բացվելու է մի նոր, երբևէ չտեսնված աշխարհ։ Մինչ արթնության պայծառ լույսը զիջում էր իր տեղը աշխարհի գունեղ պատկերներին, ալիքների հեզաքնքուշ մի ձայն ընդառաջում էր ինձ՝ առաջացնելով երջանկածին սրտխփոց։ Շատ չանցած՝ ոտքերիս տակ սկսում էի զգալ փափուկ ու տաք ավազը։ Պայծառ լույսը բացվում էր թատերական վարագույրների նման, և ես տեսնում էի ծովը։
Լոգարանի ջուրն արդեն սառել էր, ինչն էլ ստիպեց բացել աչքերս։ Հայելապատ առաստաղի մեջ պարզորոշ տեսա ինձ։ Ականջներս ջրի մեջ լինելու պատճառով տարօրինակ ձայներ լսվեցին։ Դրանք նման էին խուլ, անդրերկրային ցնցումների, որոնք խողովակների բազմաճյուղ լաբիրինթոսից ինձ էին հասնում արդեն արձագանք դարձած, որոշակի աղճատվածությամբ։ Կարճատև լռությանը հաջորդում էին մետաղական սուլոցն ու մուրճի թակոցները։ Ինչ-որ մեկն ասես քանդում էր տունը ներսից։
Անդիմադրելի քաղցն ու մի բան խմելու պահանջը ստիպեցին դուրս գալ տնից։ Հաճելի ամառային երեկո էր։ Մոտակա գինետուն մտնելով՝ տեղավորվեցի բարի դիմաց։ Վիսկի պատվիրեցի և ամեն դատարկվող բաժակից հետո նշան անելով բարմենինշ նորը լցնել՝ շատ արագ կորցրեցի հաշիվը։ Հետո, հանդիպելով ծանոթներից մեկին, զրույցի բռնվեցինք քաղաքականության ու երկու տարի շարունակվող պատերազմի շուրջ։ Գինետնից դուրս եկա, երբ արդեն փակվում էր։ Ճանապարհին խորտկարան մտա։ Գինի և հորթի տապակած միս պատվիրեցի։ Կրկին անգամ սպասեցի այնքան, մինչև դուրս եկավ վերջին այցելուն, և հոգնած պանդոկապանը շտապեց փակել դռները։
Թեթև արբեցումից օրորվելով՝ շարժվեցի Սենթ-Ռուժ կամրջի կողմը։ Գրպանումս դեռ գորգի համար նախատեսված գումարն էր։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ արդեն հրաժարվել էի նոր գորգ գնելու մտքից։ Կամրջին կանգնած՝ նայում էի հոսող գետի վրա շորորացող լապտերների լույսին, որոնք, կնոջս հիշեցնելով, մտքով ինձ նրա մոտ տարան։
Ես լուրջ պատճառ էի փնտրում տանը չգիշերելու։ Կարող էի սենյակ վարձել հյուրանոցում։ Կամ գիշերն անցկացնել խաղատանն ու տանուլ տալ ամբողջ գումարը։ Կարելի էր այցելել նկարիչ ընկերոջս արվեստանոց, որտեղ գիշերը րոպե կթվար։ Ծայրահեղ դեպքում այցելությունը ծանոթուհուս նույնպես պարբերակ էր։ Առաջին անգամը չէր, երբ անվերադարձ կարոտից հալածված, նրա մոտ էի վազում, ժամանակավոր սեր ու մոռացություն խնդրելու։
Բայց որքան էլ փորձում էի հավանական տարբերակներից ընտրել ամենահարմարը, դրանցից և ոչ մեկը սրտովս չէր, քանի որ յուրաքանչյուրի հիմքում փախուստն էր ընկած։ Այն, որ քաջությամբ երբեք աչքի չէի ընկել, ինձ համար նորություն չէր, բայց այս պահին ինձ համար զզվելի թվաց վախկոտությունը։ Որոշեցի ետ վերադառնալ, և դրսևորելով իմ մեջ համարձակություն՝ փորձել հասկանալ, թե ի՞նչ է կատարվում տանը։
Մինչև փողոցի վերջ քայլերս նման էին զինվորական քայլերթի, բայց երբ փողոցը ավարտվեց, և մետաղյա դարպասներից մտնելով բակ՝ նշմարեցի տան ուրվագիծը, իմ մեջ դարձյալ գլուխ բարձրացրեց վախը։ Լուսնի աղոտ լույսի ներքո տունը նման էր ցավից կծկված հիվանդի։ Մոտակա մարգագետնից եկող ծղրիդների ձայնին միախառնվեց գորտերի կռկռոցը։ Քամին սկսեց խշշոցով շարժել շագանակենու սաղարթախիտ ճյուղերը։ Տերևների սոսափյունը ստիպեց ինձ կանգ առնել՝ պարզորոշ լսելու համար ծառին գիշերող թռչնի տխուր թառանչը։ Խեճապատ արահետով մոտենալով տանը՝ մի պահ կանգ առա։ Մենությունս ցրող այդ ձայների մեջ հավաքելով փշրված համարձակությանս բեկորները՝ բանալին ուղղեցի դեպի դուռը։ Դեռ ուշ չէր շրջվելն ու հեռանալը, ի վերջո, անթիվ պարտությունների շարքում ևս մեկը շատ բան չէր փոխելու։
Կիսաբաց դռնից անմիջապես զգացի տան յուրահատուկ հոտը։ Հնաոճ կահույքի, գորգերի, հատակի, վարագույրների, նկարների, պատերի, անկողնու, երբևէ ծնվածների ու մեռածների հոտն էր դա։ Սովորաբար, տան ներսում ես արդեն չեմ զգում այն, բայց այս անգամ հոտը առանձնացել ու հարմար պահի էր սպասում՝ հեռանալու համար այն կիսաբաց դռնից, որը երկյուղից մոռացել էի փակել։
Քնաբեր ընդունելով՝ անկողին մտա։ Քնել անմիջապես չհաջողվեց։ Ցաքուցրիվ մտքերս ոչ մի կերպ չէր հաջողվում հավաքել, հասկանալու համար հետագա քայլերիս ընթացքը։ Ժամանակ առ ժամանակ հյուրասենյակից լսվող ժամացույցի զարկերը հուշում էին ժամը։ Երբ հերթական զարկերը ազդարարեցին չորսը, գրեթե բոլոր սենյակներից, ներառյալ ննջարանից աղմուկ հնչեց։ Դրանք հատակին ընկնող իրերի ձայներ էին։ Անկողնուց ելնելու համարձակություն չունենալով՝ գլուխս առա վերմակի տակ՝ երազելու համար հեռավոր ծովի, տաք ավազի, ջինջ երկնքի ու ալիքների մասին։
Արթնացա կեսօրին, ննջարանի պատուհանները ծածկող դարչնագույն վարագույրները առաջին անգամ տհաճ թվացին։ Երբ պոկեցի բոլոր սենյակների վարագույրները, և արևի լույսն առատորեն ներս թափանցեց, ականատես եղա գիշերվա աղմուկի հետևանքներին ու մնացի ապշած։ Պատերից հատակին էին թափվել բրոնզե մոմակալները, նկարներն ու հախճապակե արձանիկները։ Խոհանոցում գազօջախն անհավանական կերպով առաջ գալով՝ հասել էր հակառակ պատին։ Գրապահարաններից թափվել էին գրքերն ու ձայնապնակները, իսկ միջանցքի հայելին, պատի կիսաթեքվելու պատճառով ընկնելով հատակին՝ փշրվել էր։
Դժվարությամբ գտնելով տան հատակագիծը և փռելով սեղանին՝ սկսեցի զննել։ Հատակագծի վրա ինձ ծանոթ սենյակներն էին, որտեղ երևում էին դռների ու պատուհանների տեղերը, յուրաքանչյուր սենյակին կից, նշված էին թվագիր չափսերն ու տեխնիկական բնութագրերը։
Ժապավենավոր մետրի օգնությամբ սենյակից սենյակ անցնելով՝ չափագրեցի ամբողջ տունը։ Ունենալով ինժիներական կրթություն, ես կարող էի անսխալ անել դա։ Մի քանի ժամվա ընթացքում, կազմելով իմ սեփական հատակագիծը, կրկին մոտեցա սեղանին՝ համեմատելու համար եղածը։ Իմ գծագրած սենյակներն իրենց տեսքով իհարկե չէին համեմատվի բնօրինակին, բայց այդտեղ գլխավորը թվերն էին, այլ ոչ թե գծագրի անթերիությունը։
Ինչպես և ենթադրում էի, տան նախնական չափսերի, և քիչ առաջվա իմ չափումների միջև առկա տարբերությունը զգալի էր։ Չկար որևէ սենյակ, որ փոքրացած չլիներ 3-4 մ2-ով, իսկ հյուրասենյակը՝ մի ամբողջ 6 մ2-ով։
Եթե շաբաթներ առաջ տունը չափելու վրա ծախսում էի իննսուն րոպե, այժմ սենյակներն այնքան էին փոքրացել, որ քսանհինգ րոպեն էլ բավարար էր այդ գործի համար։ Ամեն հերթական չափումից հետո, գրանցելով տվյալները և համեմատելով նախորդի հետ, նկատում էի այն պակասող քառակուսիները, որոնք այլևս իմը չէին։ Արդեն վաղուց պատերից թափվել էին կախված բոլոր իրերն ու ջահերը։ Տանը եղած կահույքն առաջ էր եկել և տեղաշարժվելը օր օրի ավելի էր դժվարանում։ Սեղմված պատերի պատճառով պատուհանները չէի բացվում, իսկ որոշ սենյակների դռներ արգելափակումներից խուսափելու համար ստիպված էի հանել ծխնիներից։
Տան իրերից ազատվելու միտքը ինձ հակահարձակման անցնելու որոշում թվաց։ Թերթին տված իմ հայտարարությունը ավելի շատ ընթերցող էր ունեցել, քան կարող էի ակնկալել։ Երբ հաջորդ օրն առավոտյան իմ բակում հարյուրից ավելի մարդ էր հավաքվել, ես դեռ չգիտեի ինչից սկսել։ Սկզբում ազատվեցի կահույքից, հետո սպիտակեղենից ու հագուստեղենից։ Որքան մեծ էր իմ անշահախնդիր շռայլությունը, այնքան անսպառ էր դառնում մարդկանց հերթը դռանս առաջ։ Ես նրանց հանձնեցի տան հարուստ գրականությունը, հին ու նոր սպասքեղենը, գորգերն ու ջահերը, նկարներն ու գրոմոֆոնը։ Բակում խմբվածների միջև հաճախ վեճեր էին առաջանում, յուրաքանչյուրն ուզում էր արժեքավոր մի բան ձեռք գցել, որը եթե անգամ պետք չգար կենցաղում, հնարավոր լիներ գոնե վաճառել։ Երբ երեք օրվա ընթացքում ամբողջ տան գույքը դատարկվեց, սենյակների դատարկ պատերն ինձ ավելի փոքր թվացին քան այն ժամանակ, երբ ծածկված էին ամեն տեսակ ավելորդություններով։
Հետագա իրադարձությունները (դատարկ տան ներսում), զարգացան այնպիսի արագությոմբ, որ ես անկարող դարձա հետևել ժամանակին։ Տեղի ունեցող շատ իրադարձություններ այնքան անտրամաբանական էին թվում, որ գերադասելով չտրվել դրանց, ավելի էի խճճում իրականությունը։ Օրվա ընթացքում, երբ լռությունն այնքան շոշափելի էր դառնում, որ սկսում էի լսել ալիքների ծանոթ ձայնը, հատակի տախտակները դղրդյունով դուրս էին թռչում տեղերից, ի ցույց դնելով նկուղի խավար անհայտությունը։ Պատերն արդեն այնքան էին սեղմվել, որ վաղուց անջատվել էր էլեկտրականությունը, հեռախոսն ու ռադիոն։ Ջրի խողովակները, պատերի մեջ ծռմռվելով, պայթել էին, և որպեսզի ջուրը չտարածվի օրեցօր փոքրացող տան մեջ, նկուղից փակել էի ջրի ընդհանուր փականը։
Որոշելով, որ պատերին ականջ դնելով կարող եմ գտնել հրեշի տեղը, օրվա զգալի մասը նվիրում էի դրան։ Կարծես դա զգալով՝ նա շատ արագ փոխում էր տեղը ՝ թողնելով ինձ պատերի հետ խոսելուն ընտելանալու տխուր սովորությունը։ Հաճախակի դարձած գիտակցության կորուստները կտրում էին ինձ ժամանակից։ Ուշքի գալով հատակին և չկարողանալով հիշել նախորդած դեպքերի հաջորդականությունը՝ մտքիս թուլացած ըմբռնմանն էի հանձնում այն նոր պահը, որտեղ հնարավոր էր մի բան փոխել։
Ես արդեն պատրաստ էի ընդունել պարտությունը։ Տունն այնքան էր փոքրացել, որ սենյակից-սենյակ անցնելու համար մի քանի քայլն էլ էր բավական, իսկ որոշ սենյակներ այնպես էին սեղմվել, որ ընդհանդապես չէին երևում։
Վերջապես երբ փորձեցի գտնել տան դուռն ու դուրս գալ, իրադարձությունների այսչափ անհավանական զարգացումների մեջ առաջին անգամ սարսափ զգացի։ Դռան փոխարեն տրորված տախտակների տձև մի կիտուկ էր մնացել պատի մեջ։ Նույնն էր պատուհանների վիճակը․ սեղմված պատերն իրենց մեջ էին առել փշրված շրջանակների և ապակիների բեկորները, և աղոտ լույսը հազիվ էր ներս թափանցում։ Տնից դուրս գալու անօգուտ փորձերը խելագարության էին հասցնում ինձ։ Գիտակցության կորստից հետո դանդաղ ուշքի գալով՝ նկատում էի, թե ինչպես է հրեշն ամեն բան խժռելով մոտենում ինձ։
Ամեն անգամվա նման բացելով աչքերս՝ հասկացա, որ դեռ կենդանի եմ։ Կազմալուծված մարմինս կծկելով՝ դժվարությամբ ոտքի կանգնեցի։ Ինչպես և միշտ էր լինում նման դեպքերում, տունն ինձ փոքրացած թվաց, բայց այս անգամ ավելի քան երբևէ։ Դժվար էր հասկանալ, թե տան ո՞ր սենյակում եմ։ Դա արդեն վերջին մի քանի քառակուսին էր, ինչ մնացել էր ամբողջ տնից։ Սենյակը դուռ չուներ, և ես փաստացի փակված էի պատերի մեջ։ Պատուհան հիշեցնող ճեղքից աղոտ լույս էր ընկնում ներս և շեղանկյուն լուսաստվեր գցելով դիմահար պատին՝ ուշադրությունս սևեռում նրա կողմը։
Բռունցքներս տրորված նռան պես կարմրել էին արյունից։ Դրանք այն բազմահազար հարվածների հետքերն էին, որոնց արդյունքում կորցնելով գիտակցությունս՝ երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Ստրուկին բնորոշ մի ձայն ներսից սկսեց համոզել՝ ընդունել պարտությունս։ Ենթարկվելուն սովոր բանականությունս ուղղորդեց մարմնիս կծկվել հատակին այնպես, ինչպես մի ժամանակ մայրական արգանդում էի եղել։ Գլխապտույտ զգացի, որն արագ փոխվելով սրտխառնոցի՝ արագացրեց պարտությանը տրվելու վերջին քայլը։
Արդեն պատրաստվում էի հատակին փռվել, երբ չաղավաղված և ինձանից կենդանի մնացած մի մաս ետ պահեց անկումս։ Նրա ընդդիմությանը միախառնվեցին արյանս միլիարդավոր չմեռած բջիջները, սարսափի մատնելով այն պարտադրանքին, որ ղեկավարել էր ինձ ամբողջ կյանքում։
Թափ տալով գլուխս բացասական մտքերից, որոնք հանգամանքների բերումով վաղուց էին իմ մեջ ապրում՝ փորձեցի մարմնիս շարժումներին նոր ձև տալ։ Երերալով առաջ գնացի դեպի պատը, և չընկնելու համար գրկեցի այն։ Պատն ինձ սառը միևնույն ժամանակ էլ «հարազատ» թվաց։
Ես սկսեցի այն թակել ինչպես մի դուռ, որն ասես ինչ-որ մեկը բացելու էր մյուս կողմից։ Պատից մի քանի կտոր ծեփ թափվեց։ Առաջին անգամ ամբողջ այս ընթացքում ինձ զարմացրեց պատի գոյությունը։ Իրականում, ըստ տան հատակագծի, այստեղ պետք է դուռ լիներ։
Ալիքների ձայնը ենթագիտակցությանս մեջ վաղուց արմատավորված հնչեղություն արթնացրեց։ Ծովն ինձ այնքան մոտիկ թվաց, որ մինչև իսկ զգացի նրա աղի բույրը։ Ավելի մոտենալով պատին՝ ականջս նրան հպեցի։ Չէի սխալվում, ալիքների ձայնը հակառակ կողմից էր գալիս։
Ես չնկատեցի, թե ինչպես պատին իջնող թակոցներս հարվածներ դարձան։ Ցավս մեղմելու համար սկսեցի ամեն հարվածի հետ վայրենի բղավել։ Երբ թափվող ծեփերի տակից երևացին շերտավոր քարերը, սոսկացի կատաղությունից։ Որքա՜ն ծանոթ էր ինձ այն, ինչպիսի միամտությամբ, և ժամանակավրեպ որոշումների արդյունքում էի այս պատը կառուցել՝ փակելով դեպի կյանք տանող դուռը։
Դրանք սովորական քարեր չէին, որոնք ինձանից անկախ շարել էի տարիներ շարունակ։ Ամեն մի քար իր «գեղեցիկ» նախապատմությունն ուներ, գոյության համոզիչ իրավունքը։ Ինքս ինձ դավաճանելով էի շարել պատը և հոգսառատ կյանքի բովում մոռացել տեղը։ Պատն իր գոյությամբ հաստատել էր այն համոզմունքը, որ ինձ վիճակված է լինել պարկեշտ զավակ, օրինակելի ամուսին, ազնիվ գործընկեր, օրինապահ քաղաքացի, հավատարիմ ընկեր, մահապարտ զինվոր և մինչև իսկ աստվածավախ հավատացյալ, խոստացված դրախտը մի օր ժառանգելու համար։ Ես գոհացրել էի բոլորին, ժպտացել, ծիծաղել, վիրավորանքը կուլ տալով կատակել։ Համակերպվելով ամեն ինչին՝ ջանացել էի լինել բոլորինը։ Իսկ փոխարենը օր օրի վեր խոյացող պատի տակ հավատարմությունս դավաճանություն էր դաձել, պարկեշտությունս՝ դժգոհություն, ազնվությունս՝ խաբեություն, իսկ աստվածավախությունս՝ համբերատար հնազանդություն։
Սեփական զորությանս դեմ անծանոթ, ինքնաբացահայտ ուժից այնպես ոգևորվեցի, որ հարվածներիս ուժը հազարապատկվելո՝ ստիպեց երերալ անառիկ թվացող պատին։ Սեփական ձեռքերով ստեղծած այդ հրեշը, որն օրինաչափ էր թվացել մարդկային բոլոր չափանիշներով, այսօր ստիպված էի քանդել, որպեսզի ապրեմ։
Անզգայությունից բթացած բռունցքներս այնքան անտարբեր էին դարձել ցավի նկատմամբ, որ միայն գիտակցաբար էին ուղղվում դեպի պատը։ Ամեն հերթական հարվածից թափվող արնաներկված ծեփերը բաց էին անում քարաշար հրեշի դեմքը։ Սկզբում սկսեցին շարժվել հատկապես ուժգին հարված ստացած քարերը։ Ոգևորությունս բազմապատկվեց, երբ մի քանի քար թափվելով՝ նպաստեցին մնացած քարերի անկմանը։ Չդադարող հարվածներից թուլացած, խարխլված, խաղաքարտե աշտարակի նման վերջնականապես փլվեց պատը։
Պայծառ լույսն ու փոշու անթափանց ամպը առաջին բանն էին, որ հաջողվեց տեսնել։ Արագ ընտելանալով լույսին՝ պատից մնացած քարաբեկորների վրայով առաջ շարժվեցի։ Առաջին քայլը դժվարությամբ տրվեց։ Մի քանի քայլ անելուց հետո, ոտքերիս տակ զգացի ավազի շերտը։ Զգացողությունը, նոր ճանապարհով անցնելու որքան անսովոր, այնքան էլ հարազատ էր։ Քայլելով լույսին ընդառաջ՝ զգում էի արթնացող զգայարաններիս նորաշունչ թրթիռը, և մինչ հարության պայծառ լույսը կզիջեր իր տեղը՝ աշխարհի գունեղ պատկերներին, ծանոթ ալիքների ձայնն առաջին անգամ պատկեր ստացավ։
Դանդաղ, խտացող գույների մեջ սկսեց երևալ դեղին ավազը, երկնագույն ծովն ու արևը։ Հասնելով ափին՝ կանգ առա։ Ալիքները խշշոցով շոյեցին ավազն ու իմ հոգնած ոտքերը։ Որքան անգամներ էի երազում պատկերել այս տեսարանը, երբ այն եղել էր իմ իսկ շարած պատի ետևում։
Քայլելով ափի երկայնքով՝ հայացքս սևեռեցի արևի լույսից առաջացած այն միլիոնավոր ճաճանչներին, որ փայլելով ջրի վրա ինձ ավելի հեռուն էին կանչում։ Տաք ավազի ջերմությունը, ափը գրկող լուսաշող ալիքների շոյանքը, անամպ երկնքի անսահմանությունը հոգուս մեջ տեղավորեցին հասանելի երջանկության մի պատկեր, որը ԿՅԱՆՔ էր կոչվում։

Հոկտեմբեր 2023

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *