Առաքել Սեմիրջյան | Էնպես չստացվեց

Կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր ավելի վատ էլ լինել։ Կարող էր ընդհանրապես չլինել, բայց եղածը եղել էր, սակայն կարող էր ավելի լավ լինել։
Սկզբում հեշտ էր պահելը, հետո դժվարացավ, իսկ հետո էլ ընդհանրապես անհնարին դարձավ։
Գիտակցությունն ու անգիտակցությունը, երազն ու արթնությունը, իրականն ու անիրականը, անցյալն ու ներկան, հստակ իրարից բաժանված էին՝ քնից արթնացար ու արդեն երազ չկա, ինչքան էլ երազդ ջրին չպատմեիր։
Իսկ հետո՞․․․
Այ էդ հետոն էր, որ չկարողացա հասկանալ երբ այն եկավ, որ թվում էր երբևէ մոտ էլ չի գա։
Քաղաքի գույները կորան ուղտերի կենտրոնական փողոցներից անհետանալու հետ մեկտեղ, իսկ երբ ինտերնետի առաջին լարը բերվեց փոստ՝ պարզ էր, որ հետ գնալու կամուրջներն այրված են։ Այդ մեկ ավել լարը սկսեց ճնշել առանց այն էլ հարյուրավոր լարերից ճկված քաղաքին։
Ուղտերի սապատները հնարավորություն էին տալիս բնակչությանը մոտիկից պատկերացնել իրենց Սուրբ լեռան՝ Մասիսի ու Սիսի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերակցությունը, իսկ այժմ նույնիսկ պարզկա օրերին էր դժվար հասկանալ երկու սարերի միմյանց նկատմամ ունեցած վերաբերմունքը։ Ուղտի սապատները հստակ պատկերացնել էին տալիս, թե ինչպես տեղավորվել այդ երկու սարերի արանքում, իսկ հեռավորությունից արանքն էլ էր անպատկերացնելի դառնում։ Կարելի է ասել ուղտերը ինչ-որ ձևով փոխարինել էին Արարատ լեռան կարոտը, իսկ ինտերնետից ինչքան էլ սարի նկարը քաշեիր, միևնույն է կորում էր լեռան կենդանի ոգին։
Անհայտ պատճառներով գոմեշներն էլ քաղաքից չքվեցին՝ դառնալով ընդամենը քաղաքային մոդայիկ ֆոլկլյորի մաս՝ միաժմանակ միֆականանալով ու դրանով իսկ անհնարին դարձնելով հետ դառնալը, եթե իհարկե խոսքը նրանց մտովի հետ բերելու մասին չէր։
Իսկ մտովի հետ բերելն ու մտքով չհեռացնելը շատ հեշտ էր․ ավելին՝ մտովի ուղտերն ու գոմեշները արածում էին Մասիսի լանջերին և գլուխները երկարելով՝ պռճկոտում նոր ծաղկած ակացիաների ծաղիկները։ Չկշտանալով ակացիաներից հասնում էին խնկի ծառերին ու երկար լեզուները դուրս հանելով՝ լիզում բների վրա արևից հալվելով ծորացած խնկամոմը։
Եթե մի փոքր էլ էիր գնում դեպի արևելք, այնտեղ արդեն փղեր էին երևում՝ Արաքսի ճիշտ աջ ափին։ Կնճիթները խրում էին արաքսյան տիղմի մեջ ու ցեխոտած ջրով հագեցնում իրենց ծարավը։ Հետո, ինչ-որ բանից մտահոգ, փղային խուլ ձայնով շեփորահարում էին շուրջբոլորը ու ծանր շնչառությունը իջեցնում հովտի վրա, մինչև առաջին փռշտոցը, որը մի պահ արթնացնում էր հոգնատանջ օրվա վերջն ու բոլորով միասին գնում էին արևին ճանապարհելու։
Ուղտատերերն ու փղատերերը լրիվ այլ կերպ էին հագնված լինում և քաղաքի բնակիչները առանց կենդանուն տեսնելու էլ հագուստով իմանում էին, թե ինչ կենդանատեր է այս կամ այն մարդը։
Գոմեշների գոմերի դռները սովորականից ավելի լայն էին շինում, որ կոտոշներով հանկարծ չվնասեն կողքի պատերը ու չկոտրվեն դռները կամ մուտքը պահող պատերը։
Պատի լայնությունը անտեսելու դեպքում կամ պատն էր փուլ գալիս, կամ մեկ կոտոշով գոմեշներ էին հայտնվում քաղաքում, որոնց համար դժվարություն էր լինում էգ գոմեշ գտնելը։
Զրույցներ կային, որ պատահական չէին ջարդվում գոմեշների կոտոշները ու պատին զարնվելով՝ հազիվ թե դրանք կոտրվեն։ Հնարավոր է՝ ինչ-որ բանից նեղացած՝ երևի գոմի նեղ դռներից, գոմեշները հերսը թափում էին պատերի վրա․ թող կամ կոտոշը կոտրվի, կամ դռան պատը փուլ գա, ու ճամփա բացի հանգիստ ելումուտի համար։ Երկու դեպքում էլ ապագա միպոզանի գոմեշի համար ճամփան բացված էր լինում։
Փղերի ու ուղտերի հետ որպես ուղեկցող հիմնականում սև մաշկով մարդիկ էին հայտնվում ու գետում լողացող երեխաներին զարմացնում իրենց սպիտակ ատամներով։ Կիսուրները իրենց երիտասարդ հարսներին ու աղջիկներին վախեցնում էին, որ եթե մինչև մութն ընկնելը տուն չգան խաբշիկ օտարականները նրանց կփախցնեն ու տարիներով դատապարտված կլինեն ստրկության։
Մի քանի անգամ երեխա լույս աշխարհ բերած հարսները երեխեքին ուշ գալու համար վախեցնելու կարիք չունեին, իսկ շատ ժամանակ, եթե ճժերը մի քանի օր տուն չգային էլ, ավելի լավ՝ տանը մնացած երեխեքին ավելի շատ կերակուր կմնար։
Մի քանի օրով տնից բացակայող երեխեքը գյուղի ամենահամարձակն ու ուշիմն էին լինում և երբեք դատարկ ձեռքով տուն չէին վերադառնում՝ կամ խուրջիններում որսի միս էր լինում, կամ մի տարօրինակ ձուկ, կամ էլ մի չտեսնված իր, որի գոյության մասին գյուղում մինչ այդ որևէ մեկը չգիտեր։
Էդպիսի երեխեքը չէին վախենում անցնել գետն ու խոսակցության կամ կռվի բռնվել մյուս ափին հայտնված օտարականների հետ ու ըստ ճակատագրի քմահաճույքի կա՛մ եղբայրանում, կա՛մ թշնամանում էին նրանց հետ։
Լինում էին դեպքեր, երբ որոշները ընդհանրպես չէին վերադառնում ու տնեցիները ցանկանում էին հավատալ, որ վարար գետը չի տարել նրանց, կամ էլ գերության մեջ են ու ինչ-որ ժամանակ հետո կվերադառնան։
Լինում էին նույնիսկ դեպքեր, երբ մի քանի տարի անհետացածները վերադառնային, սակայն այնքան հազվադեպ էր այդպես լինում, որ բերնեբերան խոսում էին այդ մասին ու հույսով սնուցում այլ ժամանակներում կորածների սպասող հարազատներին։
Հրաշքով վերադարձածներն էլ կամ կորցրած էին լինում խոսելու ունակությունը, կամ գերբնական ունակություններ ձեռք բերած լինում ու կարողանում էին բժշկել մինչ այդ անբուժելի համարվողներին՝ հղիացնել չբերներին, կտրել չկտրվող ծառերը, մագլցել չմագլցվող ժայռերը․․․
Սակայն էդպիսիները, իրենց հայտնությունից շատ չանցած՝ կրկին անհայտ պատճառներով անհետանում էին։
Ինտերնետի լարը փաթաթվել էր էլեկտրասյան վզին ու փորձում էր խեղդել նրան։ Էդ լարն էլ պատահական չէր հայտնվել քաղաքում։ Էն տարիներով կորած ու հետո հանկարծակի հայտնված բիջ լակոտներից մեկը օտարությունից վերադարձել էր ու իր հետ բերել էր այն։
Մանկությունն ու երիտասարդությունը օտարության մեջ կորցրած անցյալի բիջը ասեց՝ միացրեք էդ լարը ձեր տներում ու փնտրեք ինչ ուզում եք։
Դրանից հետո արդեն մերօրյա բիջ լակոտները դադարեցին ֆիզիկապես կորել ու իրենց տներում փակված ընկան փնտրտուքների գիրկը։
Հարսները համաձայն էին, որ իրենց երեխեքը բարձրանան արմավենու ու խուրմայի ծառերը, որոնք վաղուց անհետացել էին ու ընկնեն ամենաբարձր ճյուղերից ու կոտրեն նույնիսկ իրենց ոտուձեռը, համաձայն էին նույնիսկ գլխի կոտրվելու հետ, սակայն ոչ մի ուժ չէր կարողանում երեխաներին պոկել բազկաթոռներից։
Հիմա արդեն ջահել ու ահել հարսներն էին իրենց զավակներին հորդորում, որ տնից դուրս գան ու տեսնեն ինչ կա աշխարհիս երեսին, նրանցից շատերը համաձայն էին, որ երեխեքը տարիներով անհետանան, միայն թե չկորեն ինտերնետի անէության մեջ, բայց գնացքը արդեն գնացել էր։
Գետի մյուս ափից էլ անհետացան տարօրինակ օտարականները, որոնք իրենց խորհրդավորությամբ շարժում էին հետարքրքրասերների ուշադրությունը։
Հիմա արդեն երեխեքն էին իրենց ծնողներին ինտերնետից քաշած վիդեոներով զարմացնում ու իրականությունից տանում երևակայական աշխարհ։
Աշխարհը շուռ էր եկել գլխիվայր։ Բոկոտն երեխա միայն աֆրիկայում կարելի էր հանդիպել՝ այն էլ տեսաուղերձի տեսքով։ Նույնիսկ տարվա համար ընդամենը մի զույգ կոշիկ ունեցողների էր մեր օրերում դժվար գտնել։
Հին աշխարհը մեռնում էր, հին մարդը մեռնում էր, իրական մարդը չկար, կային միայն աղոտ հիշողություններ երբեմնի արմավենիների, ուղտերի, փղերի ու խնկի ծառերի խեժը լիզող կույսերի մասին։
Վերջին անգամ մի քանի տարի առաջ էին տեսել մի բիջ լակոտի՝ հեծած միկոտոշանի գոմեշի, որը շարժվում էր Արաքսի ձախ ափով, սակայն արդեն չկար կենդանի մի վկա, ով կհավաստեր տեսածի իսկությունը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *