Ալբերտո Մորավիա | Մտածողը

 Երբ աշխատանքի անցա Հռոմի Տրաստեվերե թաղամասի «Մաֆարիո» ռեստորանում, սկզբում ամեն ինչ լավ էր։ Գլուխս դատարկ էր ու զնգուն, ինչպես ծովեզրին հայտնված մի խեցի, որի ներսում ապրող խխունջը վաղուց սատկել է, և երբ հաճախորդները պատվիրում էին սոուսով սպագետտի, իմ գլխում հավատարմորեն արձագանքում էր՝ սոուսով սպագետտի, իսկ երբ պատվիրում էին անգլիական ապուր, գլխիս մեջ արձագանքում էր՝ անգլիական ապուր, և ուրիշ ոչինչ։ Մի խոսքով՝ ոչինչ չէի մտածում, ներքուստ ու արտաքուստ մատուցող էի՝ այնքան մատուցող, որ երեկոյան քնելուց առաջ մտքիս մեջ շարունակում էին հնչել բազմապիսի սոուսով սպագետտիներ ու անգլիական ապուրներ, որ մատուցել էի տվյալ օրը։ Ինչպես ասացի, գլխիս մեջ դատարկություն էր, բայց գուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ գլուխս սառցակալած էր, ինչպես սարերի լճակները, որոնց սառույցը հալվում է գարնան արևից, և մի գեղեցիկ առավոտ ջուրը դարձյալ սկսում է հոսել ու վարարել քամուց։ Մի խոսքով՝ դատարկ թե սառցակալած գլխով, ես մի կատարյալ մատուցող էի։ Մի անգամ նույնիսկ լսեցի, թե ինչպես է մի հաճախորդուհի, ինձ մատնացույց անելով, ասում իր ուղեկցին․ «Հապա նայի՛ր, թե այն մատուցողն ինչ մատուցողի դեմք ունի։ Նա միայն ու միայն մատուցող կարող է լինել։ Մատուցող ծնվել է, մատուցող էլ կմեռնի»։ Թե ինչպիսին է այդ «մատուցողի դեմքը», դժվար է ասել։ Հավանաբար դա մի այնպիսի դեմք է, որը դուր է գալիս հաճախորդներին, իսկ սրանց մասին չի կարելի ասել, թե հաճախորդի դեմք ունեն, քանի որ ոչ ոքի պարտավոր չեն դուր գալ, մինչդեռ մատուցողները, եթե ուզում են շարունակել մատուցողի աշխատանքը, պետք է հենց մատուցողի դեմք ունենան։
Ինչևէ, մի ամբողջ տարի ոչինչ չմտածեցի, միայն կատարում էի հաճախորդների պատվերները։ Անգամ երբ մի անկիրթ հաճախորդ ասում էր․ «Անհասկացո՞ղ ես, ինչ է»,— իմ գլխում հավատարմորեն արձագանքում էր` անհասկացո՞ղ ես, ինչ է, և ուրիշ ոչինչ։ Ինքնին հասկանալի է, որ ռեստորանի տերը գոհ էր ինձանից։ Այնքան գոհ, որ հաճախ էր ասում մյուսներին․ «Հերի՛ք է գլուխս տանեք․․․ Օրինա՛կ վերցրեք Ալֆրեդոյից․․․ Ոչ մի ավելորդ խոսք․․․ Ա՜յ թե ինչպիսին է իսկական մատուցողը»։

   Ամեն ինչ սկսվեց մի երեկո՝ ճիշտ այնպես, ինչպես սառույցը, որ հալվում է արևից, ջուր դառնում ու սկսում հոսել։ Մի տարեց, բայց ամրակազմ հաճախորդ՝ այծի դեմքով և այնպիսի գանգուր ու ալեխառն մազերով, ասես գլխին ձյուն լցրած լինեին, սկսեց անքաղաքավարի վարվել՝ հավանաբար տպավորելու համար իր ուղեկցուհուն, որ մի անհրապույր շիկահեր էր՝ մեքենագրուհի կամ գլխարկավաճառ։ Անընդհատ դժգոհում էր և պատվիրված ուտեստը մատուցելուս պես սկսեց փնթփնթալ․ «Այս ի՞նչ բան է։ Այս ի՞նչ տեղ ենք եկել։ Չգիտեմ՝ ինչն է խանգարում, որ հենց հիմա այս ամենը գլխիդ լցնեմ»։ Սակայն դժգոհելու հիմք բոլորովին չուներ, քանի որ պատվիրել էր տավարի պոչ հռոմեական ձևով, ես էլ մատուցել էի տավարի պոչ հռոմեական ձևով։ Այս անգամ, սակայն, սովորականի պես նրա խոսքերն արձագանքելու փոխարեն հանկարծ մտածեցի․ «Ինչ էլ այծի դեմք ունի այս կոտոշավորը»։ Ընդունում եմ, որ սովորական միտք է, բայց ինձ համար նշանակալի էր՝ հաշվի առնելով, որ ռեստորանում աշխատանքի անցնելուց ի վեր առաջին անգամ էի մտածում։ Գնացի խոհանոց, ուտեստը փոխարինեցի գառան շոգեխաշած մսով ու մատուցելիս կրկին մտածեցի․ «Ա՛ռ քեզ։ Բկի՛դ կանգնի»։ Այս երկրորդ միտքը, ինչպես կարող եք նկատել, նույնպես նշանակալի չէր, բայց բոլոր դեպքերում միտք էր։

   Այդ երեկոյից հետո սկսեցի մտածել։ Ուզում եմ ասել՝ սկսեցի անել մի բան ու մտքում ունենալ մեկ այլ բան, ինչն էլ, որքան գիտեմ, հենց մտածել է կոչվում։ Խոնարհվելով հաճախորդների վրա՝ հարցնում էի, օրինակ. «Ի՞նչ են ցանկանում պարոնայք»,— իսկ մտքիս մեջ ասում էի․ «Հապա մի այդ երկարավիզ պճնասերին տես։ Ոնց որ սագ լինի»։ Կամ ամենայն հոգատարությամբ հարցնում էի․ «Պանիր ավելացնե՞մ, տիկի՛ն»,— ու միևնույն ժամանակ մտածում․ «Բեղերդ երևում են, սիրունի՛կս։ Գունաթափել ես, բայց մեկ է, երևում են»։ Ամենից հաճախ գլխիս մեջ սպառնալիքներ, աղտեղություններ, լուտանքներ ու վիրավորանքներ էին խռնվում՝ տխմա՛ր, դատարկագլո՛ւխ, պորտաբո՛ւյծ, լեզո՛ւդ չորանա, գրո՛ղը քեզ տանի և այլն։ Այդ մտքերն ինձնից ուժեղ էին, եռում էին գլխիս մեջ, ինչպես լոբին՝ կաթսայում։ Ի վերջո նկատեցի, որ բերանացի արտաբերված նախադասություններն ավարտում եմ մտքիս մեջ։ Ենթադրենք՝ հարցնում էի՝ ձեթ և կիտրո՞ն, ու մտքիս մեջ շարունակում․ «Ա՛ռ քեզ, անճոռնի՛ տխմար»։ Կամ հարցնում էի․ «Ծանո՞թ եք մեր ֆիրմային ուտեստներին»,— ու մտքիս մեջ ավելացնում․ «Որ իրականում թանկ ու անհամ բաներ են»։
Հանկարծ հայտնաբերեցի, որ սկսել եմ նախադասություններն ավարտել ոչ թե մտքիս մեջ, այլ շուրթերով՝ թեև այնքան ցածրաձայն, որ լսելի չէին։ Մի խոսքով՝ խոսում էի, բայց զգուշությամբ։ Ամփոփենք․ սկզբում ամենևին չէի մտածում, հետո սկսեցի մտածել, իսկ այժմ բարձրաձայն էի մտածում, այսինքն՝ խոսում էի։

   Հրաշալի հիշում եմ, թե ինչպես պատահեց, որ առաջին անգամ խոսեցի։ Շաբաթ երեկո էր։ Իմ սեղաններից մեկին նստել էր մեկն այն զույգերից, որ հաճախ գալիս են շաբաթ երեկոյան։ Կինը անշուշտ նրանցից էր՝ դեղնամազ, աներես, փարթամ, բարձրահասակ, ոտքից գլուխ ներկված ու օծված։ Տղամարդը մի կարմրադեմ շիկահեր էր՝ սրածայր քթով, գանգուր մազերով, ցածրահասակ, չափազանց լայն թիկունքով, կապույտ հագուսով ու դեղին կոշիկներով։ Կինը հավանաբար հյուսիսից էր։ Տղամարդը խոսում էր Վիտերբոյի առոգանությանը հատուկ կարճ «ու»-երով։ Այնպես վերցրեց ճաշացանկը, ասես պատերազմի հռչակագիր լիներ, ու խոժոռ դեմքով երկար նայեց՝ առանց կողմնորոշվելու։ Այնուհետև իր համար սննդարար ուտեստներ պատվիրեց՝ սպագետտի կարբոնարա, գառան միս՝ կարտոֆիլով, ճարճատուկով ու տառեխով, իսկ կնոջ համար՝ թեթև, նրբահամ բաներ։ Պատվերը գրի առա նոթատետրիս մեջ և ուղղվեցի դեպի խոհանոց, սակայն ճանապարհին չկարողացա մի հայացք չնետել տղամարդուն ու հասկացա, որ շուրթերս պարզորոշ շշնջում են․ «Ինչպիսի՜ գեղջուկ»։ Նա դեռևս ճաշացանկն էր ուսումնասիրում ու չլսեց, սակայն կինը, որն օժտված էր բոլոր կանանց հատուկ սուր լսողությամբ, վեր թռավ առոթից ու աչքերը չռեց վրաս․ լսել էր։ Գնացի խոհանոց և ինչքան ուժ ունեի, բացականչեցի․
— Արգանակով ապուր և սպագետտի կարբոնարա։
Հետո վերադարձա ու դիրքավորվեցի պատի մոտ՝ նրանցից ոչ հեռու։ Կինը, ձեռքը կրծքին սեղմած, շիկնած այտերով քահ-քահ ծիծաղում էր։ Տղամարդը վրդովված առաջ թեքվեց։ Ըստ ամենայնի՝ հարցրեց ծիծաղի պատճառը, սակայն կինը շարունակում էր ծիծաղել՝ ձեռքը կրծքին սեղմելով ու գլուխը տարուբերելով։ Վերջապես փոքր-ինչ հանգստացավ, իր հերթին առաջ թեքվեց և, ինձ մատնացույց անելով, ինչ-որ բան ասաց։ Տղամարդը շրջվեց ու հայացքով չափեց ինձ։ Ձևացրի, թե ուրիշ կողմ եմ նայում։ Քիչ անց հայացքս թեքեցի նրանց ուղղությամբ ու տեսա, որ կինը դարձյալ ծիծաղում է, իսկ տղամարդը շարունակում էր կոտոշահարելու պատրաստվող խոյի նման գլուխն առաջ տնկած ահեղ աչքերով սևեռուն ինձ նայել։ Վերջապես կանչեց՝ մատուցո՛ղ։ Կինը զսպեց ծիծաղը, և ես անշտապ մոտեցա։ Մոտենալիս, թեպետ փոքր-ինչ վախենում էի, չդիմացա ու հստակ կերպով նորից մռթմռթացի․
— Իրոք որ գեղջուկի դեմք ունի,— որից հետո՝ լսո՛ւմ եմ, իսկ տղամարդը, սպառնալից հայացքն ինձ հառելով, ասաց․
— Մատուցո՛ղ, քիչ առաջ ինչ-որ միտք արտահայտեցիք։
Անտեղյակ ձևացա։
— Մի՞տք․․․ Չեմ հասկանում։
— Այո՛, միտք արտահայտեցիք։ Տիկինը լսել է։

— Տիկինը երևի սխալ է լսել։

— Տիկինը շատ պարզ է լսել։

— Չեմ հասկանում․․․ Գուցե պարոնն այլևս սպագետտի չի՞ ուզում․․․ Կարող ենք փոխել։

— Մատուցո՛ղ, լավ գիտեք, որ միտք եք արտահայտել․․․
Այստեղ կինը միջամտեց․

— Դե լավ, անցած լինի։

 Տղամարդը շարունակեց․

— Կանչե՛ք տնօրենին։

 Գլուխ տալով՝ գնացի տնօրենին կանչելու։ Սա եկավ, լսեց, խոսեց, առարկեց։ Այդ ընթացքում կինը շարունակում էր ծիծաղել, իսկ տղամարդն ավելի անճոռնի տեսք էր ստանում։ Տնօրենը մոտեցավ ինձ ու կամացուկ ասաց․

— Այժմ մատուցիր ու վե՛րջ, բայց տե՛ս հա, եթե մի անգամ էլ գլխներիս նման օյին խաղաս, ազատված ես։

— Բայց ես․․․

— Ձայնդ չլսե՛մ։

   Այսպիսով՝ լուռ մատուցեցի, բայց կինն ամբողջ ընթրիքի ընթացքում քրքջում էր ու գրեթե ձեռք չտվեց ուտելիքին։ Հեռացան առանց աղանդեր պատվիրելու ու թեյավճար թողնելու։ Կինը մուտքի մոտ էլ շարունակում էր քրքջալ։
Այդ դեպքից հետո ուղղվելու փոխարեն ավելի վատ դրության մեջ ընկա։ Արդեն գրեթե չէի մտածում, միայն խոսում էի։ Այն օրերին, երբ քիչ մարդ կար, և մատուցողները սեղանների միջև կամ պատերի մոտ անգործ կանգնած էին, ավելի ու ավելի հաճախ էր պատահում, որ խոսեի ինքս ինձ հետ՝ շուրթերս շարժելով այնպես, որ մյուսները նկատում էին ու ասում․ «Այդ ինչ է, աղոթո՞ւմ ես։ Տերողորմյա՞ ես արտասանում»։ Ո՛չ աղոթում էի, ո՛չ էլ տերողորմյա արտասանում, այլ դիտում էի հորից, մորից ու երեք մանկահասակ երեխաներից բաղկացած մի ընտքնիքի ու քրթմնջում․ «Հայրը չի ուզում փող ծախսել․ կամ ժլատ է, կամ փող չունի։ Մայրը հիմարի մեկն է, չգիտես ինչ հովերով տարված թանկարժեք բաներ է պատվիրել՝ նախուտեստ, տասնոտանի խեցգետին, սունկ, քաղցրավենիք․․․ Այլայլված ամուսինը մի կերպ զսպում է իրեն․․․ Խորամանկ կինը հաճույք է ստանում նրա տառապանքից․․․ Երեխաները քմահաճույքներ են անում․․․ Հոր համար երեկոն վատ է սկսվել»։ Կամ էլ դիտում էի ճակատի ուղիղ մեջտեղում մի մեծ գորտնուկ ունեցող հաճախորդի․ «Հապա մի տես, թե ինչ կարտոֆիլ է աճել սրա ճակատին․․․ Երևի տաօրինակ է ձեռք տալ ու զգալ, թե ինչ մեծ է․․․ Իսկ ո՞նց է գլխարկ դնում․․․ Կարտոֆիլի վրայո՞վ է անցկացնում, թե՞ քաշում է քունքերին՝ կարտոֆիլը դուրս թողնելով»։ Կարճ ասած՝ խոսում էի ինքս ինձ հետ, և որքան շատ էի խոսում ինքս ինձ հետ, այնքան քիչ էի շփվում ուրիշների հետ։ Տնօրենն այլևս ինձ օրինակ չէր բերում, ավելին՝ սկսել էր թարս նայել։ Երևի, ինձ փոքր-ինչ խելագար կարծելով, ազատելու համար հարմար առիթի էր սպասում։

  Առիթը շուտով ներկայացավ։ Մի երեկո ռեստորանը կիսադատարկ էր։ Տրաստեվերեի երգչախումբը դատարկ սեղանների մոտ երգում էր Anema e core-ն[1]։ Ես գալարվում ու հորանջում էի տաս տեղանոց մի ամրագրված սեղանի մոտ։ Սեղանն ամրագրած հաճախորդները չէին երևում, բայց ճանաչում էի նրանց ու գիտեի, որ չի կարելի լավ բան սպասել։ Ահա, վերջապես մտնում են վառ լուսավորված սրահ։ Կանայք երեկոյան զգեստներով են՝ զվարթ, ոգևորված, բարձրաձայն զրուցելով, գլուխները հետ գցած։ Նրանց հետևում են տղամարդիկ՝ մուգ կապույտ հագուստով, ձեռքերը գրպաններում, փորները ցցած, ինքնագոհ։ Անշուշտ, դա այն էր, ինչ բարձր հասարակություն է կոչվում։ Մի անգամ լսել էի, թե ինչպես է մի պճնասեր նրանց նայելով ասում․ «Տեսա՞ր։ Այս երեկո բարձր հասարակություն է եկել»։ Բարձր լինեին, թե ցածր, այդ մարդիկ բոլորովին իմ սրտով չէին։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կային, բայց գլխավոր պատճառն այն էր, որ ինձ հետ «դու»-ով էին խոսում․ «Աթո՛ռ բեր․․․ Ճաշացա՛նկը տուր․․․ Շարժվի՛ր, գնա՛, արի՛, վազի՛ր»։ «Դու»-ով էին դիմում, ասես եղբայրներ լինեինք, այնինչ ես ոչ ոքի ինձ եղբայր չէի համարում, առավել ևս՝ նրանց։ Ճիշտ է, բոլորին էին «դու»-ով դիմում՝ նաև մյուս մատուցողներին և անգամ ռեստորանի տիրոջը, բայց ինձ համար նշանակություն չուներ, կարող էին երկնային հորն էլ «դու»-ով դիմել, միայն թե ոչ ինձ։ Այսպիսով՝ ներս մտան, և իսկույն սկսվեց նստելու տեղերի զավեշտը․ «Ջուլիան այնտեղ կնստի, Ֆաբրիցիոն՝ այստեղ, Լորենցոն՝ իմ կողքին, Պիետրոն՝ նույնպես, Ջովաննան՝ երկուսիս միջև, Մարիզան՝ սեղանի ծայրին»։
Ի վերջո և Աստծո կամոք յուրաքանչյուրը գտավ իր տեղը, որից հետո ճաշացանկը ձեռքիս մոտեցա և այն տվեցի սեղանի գլխին նստած գեր, ճաղատ, հանգած աչքերով, արծվաքթով ու մինչև կոկորդը ցանափոշով պատված տղամարդուն։ Սա վերցրեց ճաշացանկն ու սկսեց այն տնտղելով ասել․
— Դե, ի՞նչ խորհուրդ կտաս։
Մտածեցի, որ ինձ «դու»-ով է դիմում ու մռթմռթացի՝ ավանա՛կ։ Բարեբախտաբար, մյուսների՝ ճաշացանկը քրքրելուց առաջացած ղալմաղալի պատճառով չլսեց։ Մեկը սպագետտի էր ուզում, մյուսը՝ նախուտեստ, մեկն ուզում էր հռոմեական ուտեստներ փորձել, մյուսը չէր ուզում, մեկը կարմիր գինի էր ուզում, մյուսը՝ սպիտակ։ Հատկապես կանայք այնպիսի դիվային կչկչոց էին բարձրացրել, ասես քնելուց առաջ հավանոցում թառած հավեր լինեին։ Թիկունքից տղամարդու վրա խոնարհվելիս չկարողացա ինձ զսպել ու ատամների արանքից ֆշշացրի․
— Ա՜յ քեզ հավեր։

  Հավանաբար լսեց ու, տեղից վեր թռչելով, ասաց․

— Ի՞նչ ասացիր․․․ Հա՞վ։

— Այո,— պարզաբանեցի,— եփած հավ կա։
— Ի՜նչ եփած հավ,— բացականչեց մեկ ուրիշը,— ուզում ենք Հռոմի խոհանոցին հատուկ բաներ ուտել՝ խոզի փափկամսով բակլա, պալյատա:

— Ինչո՞վ է պատրաստվում պալյատան։

— Պալյատան,— ասաց այն մեկը, որի ձեռքին ճաշացանկն էր,— խոտ չկերած մատղաշ հորթի աղիքն է՝ այն ամենով, ինչ կա մեջը, այսինքն՝ կղկղանքով․․․
— Կղկղանքո՜վ․․․ Ի՜նչ սարսափելի է։

— Ձեզ հենց դա էլ հարկավոր է,— մտածեցի, ավելի ճիշտ՝ շշնջացի։

 Այս անգամ տղամարդը լսեց, քանի որ գրեթե ապշահար հարցրեց․
— Այդ ի՞նչ ասացիր։
— Ոչինչ էլ չասացի։
— Լսեցի, որ ինչ-որ բան ասացիր,— պատասխանեց հաստատակամ, բայց դեռևս առանց զայրույթի։

 Այդ պահին չգիտեմ, թե ինչպես, ոչ միայն սեղանի շուրջը, այլև ամբողջ ռեստորանում լռություն տիրեց։ Ինչ-որ դավադրությամբ նույնիսկ նվագախումբն էր լռել։ Տեսա, թե ինչպես եմ այդ լռության մեջ կամացուկ, բայց լսելի ասում․
— Դե հերի՛ք է հետս «դու»-ով խոսես, ավանակի՛ մեկը։
Նա իսկույն չտեսնված ուժգնությամբ վեր թռավ։
— Այդ ի՞նձ ավանակ ասացիր․․․ Դու գոնե գիտե՞ս՝ ում հետ ես խոսում։
— Ես ոչինչ էլ չասացի։
— Ես՝ ավանա՜կ․․․ Սրիկա՛, անպիտա՛ն, թափթփո՛ւկ, հիմա քեզ ցո՛ւյց կտամ։

 Այս ասելով՝ վեր կացավ, ճանկեց օձիքս ու ինձ պատին հարվածեց։ Սեղանակիցները նույնպես վեր էին կացել։ Մի քանիսը փորձում էին հանդարտեցնել նրան, մյուսներն իմ դեմ էին լարում։ Բացի այդ, ամբողջ ռեստորանը մեզ էր նայում։ Ես տաքացած ետ հրեցի տղամարդուն ու ասացի․
— Ես ոչինչ չասացի, ձեռքերդ քե՛զ քաշիր։

— Ա՜խ, ուրեմն ոչինչ չասացի՜ր․․․ Ոչինչ չասացի՞ր։
— Ոչինչ չասացի,— կրկնեցի՝ նրանից ազատվելով, այնուհետև ցածրաձայն ավելացրի․— Ավանա՛կ։
Այդպիսով՝ բառը երկրորդ անգամ էր թռել բերանիցս։ Բարեբախտաբար, տնօրենը վրա հասավ ու սկսեց կնկա պես թախանձել, օձի պես սողալ։
— Աղաչում եմ, հարգարժա՛ն պարոն․․ աղաչում եմ․․․ Աղաչում եմ։
Հարգարժան պարոնն իսկական բեռնակրի նման բղավում էր․
— Հիմա սրա գլուխը կջարդեմ։
Տնօրենը վերջապես թևիցս քաշելով ասաց․
— Իսկ դու արի՛ ինձ հետ։
Նորից այդ «դու»-ն։ Երբ անցնում էինք սրահով, որտեղ բոլոր ներկաները ոտքի էին կանգնել՝ մեզ ավելի լավ տեսնելու, չկարողացա զսպել բարձրաձայն միտքս․
— Ահա ևս մի ավանակ, որն ինձ «դու»-ով է դիմում։
Տնօրենն այդ պահին ոչինչ չասաց, բայց հենց խոհանոց մտանք, դուռը հետևից փակելով, բղավեց․
— Ուրեմն հաճախորդներին ավանա՞կ ես ասում․․․ Հետո էլ ի՞նձ։

— Բայց ես ոչինչ չասացի․․․ Ավանա՛կ։
— Ավանակը դու ես, որ կաս․․․ Գնա՛, հենց հիմա չքվի՛ր այստեղից։
— Լավ․․․ Գնում եմ․․․ Ավանա՛կ։
Մի խոսքով՝ շուրթերս ակամայից շարժվում էին, չէի կարողանում առաջն առնել։ Փողոցում հայտնվելով՝ սկսեցի գրեթե բարձրաձայն գանգատվել․
— Հետս «դու»-ով են խոսում․․․ Կարծես եղբայրներ ենք․․․ Բայց ո՞վ է սրանց ճանաչում․․․ Ինչո՞ւ պատշաճ հեռավորություն չեն պահպանում։

  Այդ պահին մի ոստիկան, տեսնելով, որ խոսում եմ ինքս ինձ հետ, մոտեցավ հարցաքննելու․
— Հը՞, կոնծե՞լ ես։ Ո՞նց էր։ Քա՞ղցր, թե՞ չոր․․․ Կորի՛ր աչքիցս, այստեղ կանգնել չի կարելի։

— Ինչպե՞ս թե՝ կոնծել ես,— առարկեցի։ Եվ բառը տեղնուտեղը դուրս թռավ բերանիցս՝ այդ նույն բառը, որի պատճառով վռնդվել էի «Մաֆարիո»-ից։ Երանի կարողանայի որսալ այն, ինչպես որսում են գլխարկի միջից դուրս թռած թիթեռին։ Ինչ արած, թռել էր, ու այլևս ոչինչ հնարավոր չէր անել։ Այսպիսով՝ ձերբակալություն ոստիկանին վիրավորելու համար, տեղամասում անցկացրած գիշեր, դատավարություն, դատավճիռ, պայմանական ազատում։ Բանտից դուրս գալով՝ հասկացա, որ գլուխս նորից սառցակալել է։ Շփոթահար Վիտտորիո կամրջի վրա փողոցն անցնելիս մի մեքենա քիչ մնաց ճզմեր ինձ։ Դեռ դողում էի, երբ վարորդը գլուխը հանեց ու բղավեց՝ դանդալո՛շ։ Նայեցի, թե ինչպես է մեքենան հեռանում, մինչ գլխումս, ինչպես մեկ տարի առաջ, հավատարմորեն արձագանքում էր՝ դանդալոշ․․․ Դանդալոշ․․․ Դանդալոշ։

Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի

[1] Anema e core – նախորդ դարի հիոսւնականներին Իտալիայում հայտնի դարձած նապոլետանական երգ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *