Կաձուո Իշիգուրո | Ընտանեկան ընթրիք

Ֆուգու ձուկը որսում են Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերին։ Այս ձուկն ինձ համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել այն օրվանից, երբ մայրս թունավորվեց դրանից ու մահացավ։ Թույնը ձկան սեռական գեղձերում է՝ երկու փխրուն պարկիկներում։ Ձուկը պատրաստելիս այս պարկիները պետք է զգուշությամբ հեռացնել, քանի որ մի փոքր անփութություն, և թույնը կարող է տարածվել։ Ցավոք սրտի, չես կարող իմանալ՝ հաջող ես կատարել գործողությունը, թե ոչ։ Ուտելուց հետո կերևա։
Ֆուգուով թունավորումը զարհուրելի ցավոտ է և գրեթե միշտ մահացու։ Եթե ձուկը երեկոյան են կերել, ցավը վրա է հասնում քնած ժամանակ։ Տուժողը տանջվում է մի քանի ժամ և մինչև առավոտ մահանում։ Դրա օգտագործումը Ճապոնիայում տարածում գտավ պատերազմից հետո։ Մինչ կհասցնեին ավելի խիստ կանոններ սահմանել, անչափ նորաձև էր փորոտիքի հեռացման այս ռիսկային գործողությունն անել սեփական խոհանոցում, հետո խնջույքի հրավիրել հարևաններին և ընկերներին։
Երբ մայրս մահացավ, ես ապրում էի Կալիֆոռնիայում։ Այդ շրջանում իմ հարաբերությունները ծնողներիս հետ որոշակիորեն լարված էին, հետևաբար նրա մահվան հանգամանքներն իմացա միայն երկու տարի անց, երբ վերադարձա Տոկիո։ Ըստ երևույթին, մայրս միշտ հրաժարվել էր ֆուգու ուտելուց, բայց այդ անգամ բացառություն էր արել, քանի որ հին դասընկերուհու հյուրն էր եղել ու չէր ցանկացել վիրավորել նրան։ Այս մանրամասներն ինձ փոխանցեց հայրս, երբ օդանավականից գնում էինք նրա տուն՝ Կամակուրայի շրջան։ Երբ վերջապես տուն հասանք, արևոտ աշնանային օրն ավարտին էր մոտենում։
– Մի բան կերե՞լ ես օդանավում,– հարցրեց հայրս։
Մենք նստած էինք տատամիի վրա՝ նրա թեյասենյակում։
– Թեթև միջուտեստ են տվել։
– Երևի քաղցած ես։ Կընթրենք, հենց Կիկուկոն հասնի։
Հայրս ահեղ արտաքինով մարդ էր՝ մեծ պինդ ծնոտով ու սարսափազդու սև հոնքերով։ Հիմա՝ հետհայացք գցելով՝ կարծում եմ, որ նա շատ նման էր Չոու Էն Լային, թեև նրան այս համեմատությունը դուր չէր գա, եթե հաշվի առնենք, թե որքան էր հպարտանում իր ընտանիքի երակներով հոսող ազնվական սամուրայական արյամբ։ Հորս ներկայությունը, ընդհանուր առմամբ, հանգիստ խոսակցության չէր տրամադրում, գործին չէր օգնում նաև նրա տարօրինակ սովորությունը. այնպես էր խոսում, ասես եզրափակիչ խոսք էր հնչեցնում։ Իրականում, երբ այդ օրը նստած էի նրա դիմաց, մանկության մի հուշ արթնացավ. հիշեցի՝ ինչպես էր մի քանի անգամ հարվածել գլխիս «պառավի պես շաղակրատելու համար»։ Զարմանալի չէր, որ օդանավակայան իմ ժամանումից ի վեր մեր խոսակցությունն ուղեկցվում էր երկար դադարներով։
– Ցավում եմ ֆիրմայի համար,– ասացի երկար լռությունից հետո։
Նա մռայլ գլխով արեց։
– Իրականում պատմությունը դրանով չավարտվեց,– ասաց նա։– Ֆիրմայի փլուզումից հետո Վատանաբեն ինքնասպան եղավ։ Չցանկացավ խայտառակված ապրել։
– Պարզ է։
– Տասնյոթ տարի գործընկերներ էինք։ Նա սկզբունքի ու պատվի մարդ էր։ Ես նրան շատ էի հարգում։
– Շարունակելո՞ւ եք բիզնեսով զբաղվել,– հարցրեցի։
– Թոշակի եմ անցել։ Շատ ծեր եմ նոր բան ձեռնարկելու համար։ Մեր օրերում բիզնեսն էլ առաջվանը չէ։ Պետք է օտարերկրացիների հետ գործ ունենաս։ Նրանց ձևերին ենթարկվես։ Չեմ հասկանում՝ ոնց հասանք այստեղ։ Վատանաբեն էլ չէր հասկանում,– նա հոգոց հանեց։– Ընտիր մարդ էր։ Սկզբունքային մարդ։
Թեյասենյակից բացվում էր այգին։ Նստածս տեղից տեսնում էի հին ջրհորը. փոքր ժամանակ հավատում էի, որ այնտեղ ուրվականներ կան։ Հիմա այն հազիվ էր երևում խիտ սաղարթների միջից։ Արևը մայր էր մտել, և այգու մեծ մասը ստվերում էր մնացել։
– Ամեն դեպքում ուրախ եմ, որ որոշել ես վերադառնալ,– ասաց հայրս։– Հուսով եմ՝ ընդամենը կարճատև այց չէ։
– Դեռ հստակ ծրագրեր չունեմ։
– Մեկը ես՝ պատրաստ եմ մոռանալ անցյալը։ Մայրդ նույնպես միշտ պատրաստ էր քեզ հետ ընդունել, չնայած վշտացած էր քո պահվածքից։
– Գնահատում եմ ձեր աջակցությունը։ Արդեն ասացի՝ դեռ հստակ ծրագրեր չունեմ։
– Ես հասկացել եմ, որ վատ մտադրություններ չես ունեցել,– շարունակեց հայրս։– Ուրիշների ազդեցության տակ ես եղել։ Ինչպես շատերը։
– Գուցե իրո՞ք մոռանանք, ինքներդ առաջարկեցիք։
– Ինչպես կուզես։ Էլի՞ թեյ։
Հենց այդ պահին տնով մեկ ցնծաց աղջկական մի ձայն։
– Վերջապես,– հայրս ոտքի ելավ,– Կիկուկոն է եկել։
Չնայած տարիքային տարբերությանը՝ ես ու քույրս միշտ մտերիմ էինք եղել։ Ինձ նորից տեսնելով՝ նա այնքան ոգևորվեց, որ մի պահ միայն նյարդային ծիծաղում էր։ Նա, սակայն, որոշ չափով հանդարտվեց, երբ հայրս սկսեց նրան հարցուփորձ անել Օսակայից ու նրա համալսարանից։ Կիկուկոն կարճ պաշտոնական պատասխաններ էր տալիս։ Նա ինքն էլ ինձ մի քանի հարց տվեց, բայց նրան կարծես թե խանգարում էր վախը, որ իր հարցերը կարող էին անհարմար թեմաներ բացել։ Որոշ ժամանակ անց խոսակցությունն ավելի կցկտուր դարձավ, քան մինչև Կիկուկոյի գալն էր։ Հետո հայրս ոտքի կանգնեց՝ ասելով.
– Պետք է ընթրիքի հարցերով զբաղվեմ։ Կներես, խնդրում եմ, որ այսպիսի հարցերով եմ ծանրաբեռնված։ Կիկուկոն քեզ կզբաղեցնի։
Ակնհայտ էր, որ հենց նա գնաց, քույրս թեթևացած շունչ քաշեց։ Մի քանի րոպեից նա արդեն ազատ պատմում էր Օսակայի իր ընկերների ու համալսարանի դասերի մասին։ Հետո շատ անսպասելիորեն որոշեց, որ պետք է այգում զբոսնենք, ու քայլեց դեպի պատշգամբը։ Գրեթե մթնշաղ էր։
– Կես ժամ է՝ մեռնում եմ ծխելու ցանկությունից,– ասաց նա՝ վառելով ծխախոտը։
– Բա ինչո՞ւ չէիր ծխում։
Նա գաղտագողի նշան արեց դեպի տունն ու չարաճճի ծիծաղեց։
– Լավ, հասկացա,– ասացի ես։
– Կռահիր՝ ինչ։ Ես արդեն բոյֆրենդ ունեմ։
– Հա՞։
– Միայն թե մտածում եմ՝ ինչ անել։ Դեռ չեմ որոշել։
– Լրիվ հասկանում եմ։
– Հասկանում ես, նա պլանավորում է Ամերիկա գնալ։ Ուզում է՝ ուսումս ավարտելուն պես ես էլ գնամ իր հետ։
– Պարզ է։ Իսկ դու ուզո՞ւմ ես Ամերիկա գնալ։
– Եթե գնանք, ավտոստոպ կանենք,– Կիկուկոն բութ մատը թափ տվեց դեմքիս առաջ։– Ասում են՝ վտանգավոր բան է, բայց ես Օսակայում էլ եմ արել, նորմալ է։
– Պարզ է։ Իսկ ինչո՞ւմ վստահ չես։
Մենք քայլում էինք նեղլիկ արահետով, որ ոլորապտույտ անցնում էր թփերի միջով ու ավարտվում հին ջրհորի մոտ։ Քայլելիս Կիկուկոն, անհարկի դերասանություն անելով, քաշում էր ծխախոտը։
– Ես հիմա շատ ընկերներ ունեմ Օսակայում։ Ինձ էնտեղ դուր է գալիս։ Վստահ չեմ, որ կուզեի էդ ամենը թողնել։ Իսկ Սուիչին, նա ինձ դուր է գալիս, բայց չգիտեմ՝ ուզո՞ւմ եմ նրա հետ էդքան ժամանակ անցկացնել։ Հասկանո՞ւմ ես։
– Հա, լրիվ։
Նա նորից ծիծաղեց ու ինձնից առաջ անցավ, մինչև հասավ ջրհորին։ Երբ մոտեցա նրան, ասաց.
– Հիշո՞ւմ ես՝ ասում էիր՝ էս ջրհորում ուրվականներ կան։
– Այո, հիշում եմ։
Երկուսս էլ զգուշորեն նայեցինք ջրհորին։
– Մայրիկը միշտ ասում էր ինձ, որ էն գիշեր բանջարեղենի խանութի կնոջն էիր տեսել,– ասաց նա։– Բայց ես էդպես էլ նրան չհավատացի ու մենակ էստեղ չեկա։
– Մայրիկն ինձ էլ էր նույն բանն ասում։ Մի անգամ նույնիսկ ասաց, իբր ծեր կինը խոստովանել է, որ ինքն է ուրվականը։ Իբր ճանապարհը կրճատելու համար մեր այգու միջով է անցել։ Պատկերացնում եմ՝ ոնց է մի կերպ մագլցել էս պատերի վրայով։
Կիկուկոն կչկչաց։ Հետո մեջքով դեպի ջրհորը կանգնեց ու հայացքն ուղղեց դեպի այգին։
– Գիտես, մայրիկն իրականում երբեք քեզ չէր մեղադրում,– ասաց նա լրիվ այլ ձայնով։ Ես շարունակեցի լռել։– Միշտ ասում էր ինձ, որ իրենք են մեղավոր՝ ինքն ու հայրիկը, որ քեզ ճիշտ չեն դաստիարակել։ Ասում էր՝ ինձ հետ շատ ավելի զգույշ են եղել, դրա համար եմ ես էդքան լավը։
Նա հայացքը բարձրացրեց. չարաճճի ժպիտը վերադարձավ դեմքին։
– Խեղճ մայրիկ,– ասաց նա։
– Այո։ Խեղճ մայրիկ։
– Վերադառնալու ես Կալիֆոռնիա՞։
– Չգիտեմ։ Տեսնենք։
– Ի՞նչ եղավ նրան։ Վիկիին։
– Ամեն ինչ վերջացել է,– ասացի ես։– Հիմա ինձ Կալիֆոռնիայում շատ բան չի պահում։
– Կարծում ես՝ արժե՞, որ ես գնամ էնտեղ։
– Ինչու՞ ոչ։ Չգիտեմ։ Քեզ երևի դուր կգա,– ես նայեցի տան ուղղությամբ։– Երևի լավ կանենք՝ ներս գնանք։ Հայրիկը կարող է օգնության կարիք ունենալ ընթրիքը պատրաստելիս։
Քույրս նորից նայում էր ջրհորին։
– Ոչ մի ուրվական էլ չեմ տեսնում,– ասաց նա։ Նրա ձայնը թույլ արձագանքեց։
– Հայրիկը շա՞տ է վշտացել ֆիրմայի փլուզման պատճառով։
– Չգիտեմ։ Ինչ իմանամ,– նա հանկարծակի ուղղվեց ու շրջվեց դեպի ինձ։– Նա քեզ պատմե՞ց ծերուկ Վատանաբեի մասին։ Պատմե՞ց՝ ինչ է արել։
– Լսել եմ՝ ինքնասպան է եղել։
– Միայն էդքանը չէ։ Նա իր հետ ամբողջ ընտանիքին է տարել։ Կնոջն ու երկու փոքրիկ աղջիկներին։
– Իրո՞ք։
– Երկու սիրունիկ աղջիկներին։ Միացրել է գազը, երբ բոլորը քնած են եղել։ Իսկ հետո մսի դանակն իր փորն է մտցրել։
– Այո, իսկ հայրիկն ասում էր՝ իբր Վատանաբեն սկզբունքների մարդ էր։
– Խելագարի մեկն էր,– քույրս շրջվեց դեպի ջրհորը։
– Զգույշ։ Չընկնես հանկարծ։
– Ոչ մի ուրվական չեմ տեսնում,– ասաց նա։– Էդքան ժամանակ խաբել ես ինձ։
– Բայց ես չեմ ասել՝ ջրհորի ներսում է ապրում։
– Որտե՞ղ, ուրեմն։
Մենք նորից նայեցինք ծառերին ու թփերին։ Այգում գրեթե մթնել էր։ Ես մի փոքրիկ բացատ ցույց տվեցի մոտ տասը յարդ հեռավորության վրա։
– Այ էնտեղ էի տեսել։ Այ էնտեղ։
Մենք նայեցինք նշածս ուղղությամբ։
– Ինչի՞ էր նման։
– Լավ չէի տեսնում։ Մութ էր։
– Բայց պետք է որ ինչ-որ բան տեսած լինես։
– Ծեր կին էր։ Էնտեղ կանգնած՝ ինձ էր նայում։
Մենք, ասես հմայված, շարունակում էինք նայել նույն կետին։
– Հագին սպիտակ կիմոնո էր,– ասացի ես։– Մազերի մի մասն արձակվել էր, թեթև քամի էր։
Կիկուկոն արմունկով հրեց թևս։
– Վայ, սուս մնա։ Ուզում ես նորից վախեցնել ինձ։
Նա տրորեց ծխախոտի մնացորդները, ապա մի պահ շփոթված հայացքով շարունակեց նայել գետնին։ Նա ոտքով մի քիչ սոճու փշեր լցրեց ծխախոտի մնացորդի վրա ու նորից ժպտաց։
– Արի տեսնենք՝ պատրա՞ստ է ընթրիքը,– ասաց նա։
Հայրիկին գտանք խոհանոցում։ Նա արագ մի հայացք գցեց մեզ վրա ու շարունակեց իր գործով զբաղվել։
– Հայրիկն իսկական խոհարար է դարձել, ինչ ստիպված է մենակ յոլա գնալ,– ծիծաղելով ասաց Կիկուկոն։
Հայրս շրջվեց ու սառը հայացքով նայեց քրոջս։
– Հեչ հպարտանալու հմտություն չէ ինձ համար,– ասաց նա։– Կիկուկո, արի այստեղ ու օգնիր։
Որոշ ժամանակ քույրս տեղից չշարժվեց։ Հետո առաջ անցավ ու վերցրեց պահարանից կախված գոգնոցը։
– Միայն այս բանջարեղենն է մնացել եփելու,– ասաց նրան հայրս։– Մնացածին ուղղակի հետևել է պետք։
Հետո հայացքը բարձրացրեց ու մի քանի վայրկյան տարօրինակ կերպով նայեց ինձ։
– Երևի ուզում ես շրջել տանը,– ասաց նա ի վերջո՝ վայր դնելով ձեռքի փայտիկները։– Վաղուց չես տեսել տունը։
Երբ դուրս եկանք խոհանոցից, ես հետ նայեցի Կիկուկոյին, բայց նա մեջքով էր կանգնած։
– Լավ աղջիկ է,– ցածրաձայն ասաց հայրս։
Ես հորս հետևից սենյակից սենյակ էի շրջում։ Արդեն մոռացել էի՝ ինչ մեծ էր տունը։ Դռները սահում էին, ու նորից ինչ-որ նոր սենյակ էր հայտնվում։ Բայց սենյակներն ապշեցուցիչ կերպով դատարկ էին։ Սենյակներից մեկում լույսերը չմիացան, և պատուհաններից ներս եկող աղոտ լույսի ներքո նայեցինք մռայլ պատերին ու տատամիին։
– Այս տունը չափից դուրս մեծ է մենակ մարդու համար,– ասաց հայրս։– Ես հիմա այս սենյակների մեծ մասից առանձնապես չեմ օգտվում։
Ի վերջո, հայրս բացեց մի սենյակի դուռ, որ լի էր գրքերով ու թերթերով։ Ծաղկամաններով ծաղիկներ կային, պատերին նկարներ էին կախված։ Քիչ անց սենյակի անկյունում՝ ցածր սեղանիկի վրա, ինչ-որ բան նկատեցի։ Մոտեցա ու տեսա, որ պլաստիկ ռազմանավ էր, ինչպիսիք երեխաներն են պատրաստում։ Այն տեղադրված էր ինչ-որ թերթի վրա, իսկ շուրջբոլորը մոխրագույն պլաստիկի կտորներ էին։ Հայրս ծիծաղեց։ Նա մոտեցավ սեղանիկին ու ձեռքն առավ մոդելը։
– Ինչ ընկերությունը փլուզվել է,– ասաց նա,– մի քիչ ավելի շատ ժամանակ ունեմ։
Նա նորից ծիծաղեց, բավականին տարօրինակ ձևով։ Մի պահ դեմքին մեղմ արտահայտություն հայտնվեց։
– Մի քիչ ավելի շատ ժամանակ։
– Անսովոր բան է,– ասացի ես։– Միշտ այնքան զբաղված եք եղել։
– Երևի չափից դուրս զբաղված,– նա թույլ ժպիտով նայեց ինձ։– Գուցե պետք է որպես հայր ավելի հոգատար լինեի։
Ես ծիծաղեցի։ Նա շարունակեց մտածկոտ նայել իր ռազմանավին։ Հետո հայացքը բարձրացրեց։
– Ես չէի պատրաստվում քեզ ասել, բայց երևի ասելը ճիշտ է։ Կարծում եմ՝ մորդ մահը պատահականություն չէր։ Նա շատ հոգսեր ուներ։ Նաև՝ հիասթափություններ։
Երկուսս էլ նայեցինք պլաստիկ ռազմանավին։
– Մայրս հաստատ չէր ակնկալում, որ հավերժ այստեղ էի ապրելու,– ասացի ես վերջապես։
– Ակնհայտ է, որ չես հասկանում։ Չես հասկանում՝ ինչ է դա որոշ ծնողների համար։ Նրանք ոչ միայն ստիպված են լինում կորցնել իրենց երեխաներին, այլ կորցնում են նրանց՝ չհասկանալով՝ հանուն ինչի,– նա մատների մեջ պտտեց ռազմանավը։– Այս փոքրիկ հրետանավակները կարելի էր ավելի լավ սոսնձել, չե՞ս կարծում։
– Գուցե։ Կարծում եմ՝ լավ է ստացվել։
– Պատերազմի ընթացքում ես որոշ ժամանակ այսպիսի նավի վրա եմ եղել։ Բայց ինձ միշտ օդուժն է ձգել։ Այսպես էի մտածում։ Եթե թշնամին խոցել է նավդ, մնում է միայն ջրի մեջ պայքարել փրկօղակի հույսով։ Իսկ օդանավում վերջին զենքը միշտ կա,– նա մոդելը հետ դրեց սեղանին։– Ենթադրում եմ՝ դու պատերազմի կողմնակից չես։
– Առանձնապես ոչ։
Նա աչքերով զննեց սենյակը։
– Ընթրիքը երևի արդեն պատրաստ է,– ասաց նա։– Պետք է որ քաղցած լինես։
Ընթրիքը մեզ էր սպասում խոհանոցին կից աղոտ լուսավորված մի սենյակում։ Լույսի միակ աղբյուրը սեղանի վերևում կախված մեծ լապտերն էր, իսկ սենյակի մնացած մասը ստվերում էր։ Ուտելուց առաջ մենք խոնարհվեցինք միմյանց։
Խոսեցինք քիչ։ Երբ քաղաքավարությամբ գովեցի ուտելիքը, Կիկուկոն թեթևակի ժպտաց։ Թվաց՝ նրա նյարդային վիճակը նորից վերադարձել էր։ Հայրս մի քանի րոպե լուռ էր։ Հետո վերջապես ասաց.
– Քեզ համար երևի տարօրինակ է, որ նորից Ճապոնիայում ես։
– Այո, մի քիչ։
– Երևի արդեն ափսոսում ես, որ եկել ես Ամերիկայից։
– Մի քիչ։ Ոչ այնքան։ Շատ բան չեմ թողել այնտեղ։ Ընդամենը մի քանի դատարկ սենյակ։
– Պարզ է։
Ես նայեցի սեղանի մյուս ծայրը։ Կիսախավարում երևում էր նրա անզգա և ահարկու դեմքը։ Մենք շարունակեցինք ուտել լռության մեջ։
Հանկարծ սենյակի խորքում ինչ-որ բան նկատեցի։ Սկզբում շարունակեցի ուտել, հետո ձեռքերս անշարժացան։ Նրանք նկատեցին ու նայեցին ինձ։ Ես շարունակում էի նայել նայել մթության մեջ՝ հորս մեջքի հետևը։
– Ո՞վ է դա։ Այն լուսանկարում։
– Ո՞ր լուսանկարում,– հայրս մի թեթև շրջվեց՝ փորձելով հետևել հայացքիս։
– Ամենաներքևում։ Սպիտակ կիմոնոյով ծեր կինը։
Հայրս ցած դրեց ձեռքի փայտիկները։ Նա նախ լուսանկարին նայեց, ապա ինձ։
– Մայրդ է,– ասաց կոպիտ ձայնով։– Չե՞ս ճանաչում սեփական մորդ։
– Մայրս։ Դե շատ մութ է։ Լավ չի երևում։
Մի քանի վայրկյան բոլորս լուռ էինք, իսկ հետո Կիկուկոն ոտքի կանգնեց։ Նա պատից իջեցրեց լուսանկարը, հետ եկավ սեղանի մոտ ու այն ինձ տվեց։
– Շատ ծեր է երևում,– ասացի ես։
– Լուսանկարը մահվանից կարճ ժամանակ առաջ է արվել,– ասաց հայրս։
– Մութն էր պատճառը։ Լավ չէի տեսնում։
Հայացքս բարձրացրեցի ու տեսա, որ հայրս պարզել էր ձեռքը։ Ես նրան տվեցի լուսանկարը։ Նա ուշադիր նայեց դրան, հետո մեկնեց դեպի Կիկուկոն։ Քույրս հնազանդորեն կրկին ոտքի ելավ ու նկարը վերադարձրեց պատի վրա։
Սեղանի կենտրոնում մի մեծ կաթսա էր մնացել չբացված։ Երբ Կիկուկոն նորից նստեց, հայրս առաջ ձգվեց ու բարձրացրեց կափարիչը։ Գոլորշու ամպը բարձրացավ ու քուլա–քուլա տարածվեց լապտերի ուղղությամբ։ Նա կաթսան թեթևակի հրեց դեպի ինձ։
– Պետք է որ քաղցած լինես,– ասաց նա։ Դեմքի մի մասը ստվերում էր։
– Շնորհակալ եմ,– ես, փայտիկները ձեռքիս, առաջ ձգվեցի։ Գոլորշին համարյա այրում էր։
– Ի՞նչ է։
– Ձուկ։
– Հրաշալի է բուրում։
Ապուրի մեջ ձկան կտորներ էին, որ գրեթե գնդիկների էին վերածվել։ Ես հանեցի գնդիկներից մեկն ու տարա դեպի ամանս։
– Հյուրասիրվիր։ Շատ կա։
– Շնորհակալություն,– ես մի փոքր էլ վերցրի, ապա կաթսան հրեցի հորս կողմը։ Տեսա՝ ինչպես մի քանի կտոր դրեց իր ամանի մեջ։ Հետո երկուսով նայեցինք՝ ինչպես Կիկուկոն ևս հյուրասիրվեց։
Հայրս թեթևակի խոնարհվեց։
– Պետք է որ քաղցած լինես,– նորից ասաց։
Նա մի փոքր ձուկ տարավ բերանն ու սկսեց ուտել։ Ես էլ մի կտոր վերցրի ու դրեցի բերանս։ Լեզվիս վրա զգացի դրա փափկությունն ու մսեղությունը։
– Շատ լավն է,– ասացի ես։– Ի՞նչ է։
– Ուղղակի ձուկ։
– Շատ լավն է։
Երեքս էլ շարունակեցինք ուտել լռության մեջ։ Անցավ մի քանի րոպե։
– Էլի՞ կուզես։
– Կհերիքի՞։
– Բոլորիս էլ կհերիքի։
Հայրս վերցրեց կափարիչը, և նորից գոլորշի բարձրացավ։ Երեքս էլ առաջ ձգվեցինք ու հյուրասիրվեցինք։
– Ահա,– ասացի հորս,– վերջին կտորը Ձերն է։
– Շնորհակալություն։
Երբ ավարտեցինք, հայրս պարզեց ձեռքերն ու գոհունակությամբ հորանջեց։
– Կիկուկո,– ասաց նա,– խնդրում եմ թեյ պատրաստիր։
Քույրս նայեց նրան, ապա առանց որևէ մեկնաբանության դուրս եկավ սենյակից։ Հայրս ոտքի ելավ։
– Արի տեղափոխվենք մյուս սենյակ։ Այստեղ շոգ է։
Ես ոտքի կանգնեցի և նրա հետևից թեյասենյակ գնացի։ Հսկայական շարժական պատուհանները բաց էին մնացել, և այգուց քամի էր փչում։ Մի պահ լուռ նստեցինք։
– Հայրիկ,– վերջապես ասացի ես։
– Այո՞։
– Կիկուկոն ասում է՝ Վատանաբե սանն իր ողջ ընտանիքին է տարել իր հետ։
Հայրս իջեցրեց հայացքն ու գլխով արեց։ Թվաց՝ մտքերի մեջ էր խորասուզվել։
– Վատանաբեն շատ նվիրված էր իր գործին,– վերջապես ասաց նա։– Ընկերության փլուզումը ծանր հարված էր նրա համար։ Վախենամ՝ կորցրել էր առողջ դատողությունը։
– Կարծում ես՝ նրա արածը սխա՞լ էր։
– Դե իհարկե։ Իսկ դու այլ կե՞րպ ես մտածում։
– Ոչ, ոչ։ Իհարկե ոչ։
– Բացի գործից, այլ բաներ էլ կան։
– Այո։
Կրկին լռություն տիրեց։ Այգուց մորեխների ձայնն էր գալիս։ Ես նայեցի դուրս՝ մթության մեջ։ Ջրհորն այլևս չէր երևում։
– Որոշե՞լ ես՝ ինչ ես անելու հիմա,– հարցրեց հայրս։– Կմնա՞ս Ճապոնիայում որոշ ժամանակ։
– Անկեղծ ասած, այդքան հեռուն չեմ մտածել։
– Եթե ցանկանում ես այստեղ մնալ, նկատի ունեմ այստեղ՝ այս տանը, խնդրեմ։ Նկատի ունեմ՝ եթե դեմ չես ծերուկի հետ ապրելուն։
– Շնորհակալ եմ։ Պետք է մտածեմ։
Ես նորից նայեցի դուրս՝ դեպի խավարը։
– Իհարկե,– ասաց հայրս,– այս տունը հիմա այնքան մռայլ է։ Չեմ կասկածում, որ շուտով Ամերիկա կվերադառնաս։
– Գուցե։ Դեռ չգիտեմ։
– Անկասկած կվերադառնաս։
Որոշ ժամանակ հայրս ասես ուսումնասիրում էր իր ձեռքերը։ Հետո աչքերը բարձրացրեց ու հոգոց հանեց։
– Կիկուկոն հաջորդ գարնանը կավարտի ուսումը,– ասաց նա։– Երևի կցանկանա տուն գալ։ Կիկուկոն լավ աղջիկ է։
– Գուցե ցանկանա։
– Այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի։
– Այո, վստահ եմ՝ կկարգավորվի։
Կրկին լռություն տիրեց, և լռության մեջ շարունակեցինք սպասել Կիկուկոյի թեյին։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *