Վիսլավա Շիմբորսկա | Տանջանքներ

Լուսանկարը՝ Fotorzepa, Ռաֆաու Գուզ

ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԸ

Օրերով մտածում են՝
ինչպես սպանեն, որպեսզի սպանեն,
ու քանիսին սպանեն, որ սպանած լինեն շատերին։
Դրանից բացի՝ ախորժակով ճաշում են,
աղոթում, լվանում ոտքերը, կերակրում ծտերին,
խոսում են հեռախոսով՝ քորելով թևատակը,
կանգնեցնում են վիրավոր մատից հոսող արյունը,
եթե կին են՝ առնում են միջադիր,
ստվերաներկ, ծաղկամանի ծաղիկներ,
երբ տրամադրությունը տեղն է՝ կատակում են քիչումիչ,
ցիտրուսային հյութ խմում սառնարանից,
երեկոյան նայում են լուսնին և աստղերին,
դնում ականջակալներն ու ցածր երաժշտությամբ
քնում են մուշ-մուշ մինչև խաղաղ լուսաբաց․․․
․․․ Եթե, իհարկե, մտքներինը չպիտի իրագործեն գիշերը։

«Այստեղ», 2009

 

ՏԱՆՋԱՆՔՆԵՐ

Ոչինչ չի փոխվել:
Ցավն ապրում է մարմնում,
որ պիտի ուտի, շնչի ու քնի,
մաշկը բարակ է, մաշկի տակ՝ արյուն,
ունի բավարար ատամ ու եղունգ,
փխրուն ոսկորներ, հոդեր ճկվող,
և կտտանքներում ամենն այս հաշվի է առնվում:

Ոչինչ չի փոխվել:
Մարմինը դողում է նախկինի նման՝
մինչև հիմնումը Հռոմի և այդուհետ,
Քրիստոսից քսան դար առաջ ու հետո
տանջանքերը նույնն են, միայն հողն է կծկվել,
և պատից այն կողմ է ընթանում ամենը։

Ոչինչ չի փոխվել:
Պարզապես շատացել են մարդիկ,
հին մեղքերի կողքին հիմա կան նորերը՝
իրական, մտացածին, վաղանցիկ ու անգոյ,
սակայն մարմնի պատասխան-ճիչը,
ըստ հավերժի չափումների,
եղել է, կա ու կլինի ճիչ անմեղության:

Ոչինչ չի փոխվել:
Երևի միայն բարքերը, ծեսերն ու պարերը:
Գլուխը նույն կերպ են պահում ձեռքերով։
Մարմինը գալարվում է, ցնցվում, պոկոտվում,
ծնկի գալիս, վայր ընկնում անոտք,
կապտում է, փքվում, խեղդվում թքի ու արյան մեջ։

Ոչինչ չի փոխվել:
Բացի գետերի հունից, անտառներից,
ծովափերից, անապատներից ու սառցադաշտերից:
Եվ այս բնապատկերներում
թափառում է մանուկ հոգին,
չքվում, հայտնվում, մոտ ու հեռու,
ինքն իրեն օտար, անորսալի,
մեկ՝ վստահ, մեկ՝ կասկածելով իր գոյությանը,
այնժամ, երբ մարմինը կա, կա, դարձյալ կա
և գնալու տեղ չունի։

«Մարդիկ կամրջի վրա», 1986

 

ՁԵՌՔ

Քսանյոթ ոսկոր,
երեսունհինգ մկան,
մոտ երկու հազար նյարդաբջիջ
մեր ամեն հինգ մատի թմբիկում։
Այսքանը բավարար է
գրելու համար «Mein Kampf»-ը
կամ «Վինի Թուխը»։

«Բավ է», 2012

 

ՆՈԹ

Կյանքը – միակ միջոցը,
թե ուզում ես պարուրվել տերևներով,
ավազին փռված խորը շունչ քաշել,
ճախրել․․․

Թե ուզում ես լինել շուն
կամ նրա տաքուկ մորթին շոյել․․․

Տարբերակել ցավը
մնացյալից․․․

Ներկա գրվել հավաքներին,
հիանալ բացվող տեսարանով,
ամենամանր վրիպակների հետևից ընկնել։

Եզակի առիթ՝
հիշելու մի պահ
զրույցը հանգած լամպի տակ․․․

Որ գոնե մեկ անգամ
ոտքդ քարին դեմ առնի,
մինչև ոսկորներդ թրջվես անձրևից,
բանալիներդ կորցնես խոտերում,
որ աչքդ քամուց քշվող բոցին պահես…

…ու ինչ-որ կարևոր բան այդպես էլ
չիմանաս։

«Պահ», 2002

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Չախեանի

«Կոլաժի հեղ.՝ Վիսլավա Շիմբորսկա, «Ցանկացածին կարելի է ուտել»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *