Յուրի Հորբլյանսկի | Հայ գրականության էկզոտիկ բույրը

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԿԶՈՏԻԿ ԲՈՒՅՐԸ ԿԱՄ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

«Եվ խելագարության եզրին ապրած իմ կյանքը, անքուն գիշերների տնքնանքը չեն եղել դափնեպսակին հասնելու ձգտում, որովհետև ճշմարիտ է քիչ հեղինակություն ունենալ արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի: Նրա իմաստության մեջ ապավինել եմ լույսին և գրականությանը: Ու գրասեղանի առաջ իմ հաճախազարկ տենդի ժամանակ տեսնում և ճանաչում էի նրան, իսկ նա առաջնորդում էր ինձ»:
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Գրեթե երկու տարի առաջ գրքերի խայտաբղետ աշխարհում հայտնվեց ժամանակակից հայ ինքնատիպ արձակագիր Լևոն Խեչոյանի պատմվածքների ոչ մեծ ընտրանին «Ճյուղն ձիթենու» վերնագրով: Գրքի երևան գալու փաստն անմիջականորեն կապվում է մի մարդու հետ, որը հայտնի է լվիվյան մտավորականության շրջանում, մարդու, որ լի է անսովոր խոր լավատեսությամբ, կենսասիրությամբ և հոգևոր ներուժով, լվիվյան անկրկնելի սրճարաններում և նրբանցքներում յուրահատուկ արևային ժպիտ պարգևող ուկրաինացի բանասեր, մշակ և էսթետ Անուշավան Մեսրոպյանի հետ: Բոլոր հաճոյախոսությունները, հասցեագրված Անուշավան Մեսրոպյանին, հազիվ թե կարողանան ամբողջացնել հայ մարդու դիմագիծը, որ ճակատագրի բերումով դարձել է հնի շունչը կրող և միշտ երիտասարդ Լվիվի անբաժանելի մասնիկը. ով ճանաչում է նրան, ոչ միայն կհաստատի ասվածը, այլև կպատմի նրանից ստացած հաճելի տպավորություններ: Այս ամենն ընդամենը ներածականն է գնահատանքի այն հիմնական մասի, որը մի հաճելի անակնկալ է ուկրաինացի լավատեղյակ ընթերցողի համար:
Նախ պետք է խոստովանեմ, որ ձեռքս առնելով հայ անծանոթ գրողի պատմվածքների թարգմանական ժողովածուն, ընթերցումից որևէ անսպասելի բան չէի սպասում և, ինչպես սովորաբար վարվում եմ, սկսեցի «շոշափել» տեքստերը՝ հենց սկզբից համոզված լինելով, որ զուր ժամանակ եմ վատնում: Չէ՞ որ ժամանակակից արձակի խառնիճաղանջ հոսքում՝ գերգիտականացված, գերհագեցված փիլիսոփայությամբ, առասպելաբանությամբ, հիվանդագին երևույթներով, չափազանցված հոգեվերլուծությամբ ու խոստովանանքով, և գրականության մեջ խաղի թագավորման դարաշրջանում պարծենալ նորարարությամբ հանուն նորարարության, գերիրապաշտությամբ՝ հանուն գերիրապաշտության, բնօրինակի չարաշահումով, արդեն հայտնիի հայտնագործումով, գեղարվեստական հնարքներն ու արտահայտչամիջոցներն ի ցույց դնելով, գրահրատարակման անկման ժամանակներում, երբ «բուլվարի» պարտադրանքով լույս են տեսնում մեկօրյա ընթերցման գրքեր, դժվար էր հավատալ մի գրքի, որը ներծծված էր անկեղծությամբ և անսահման ցավով: Սակայն աստիճանաբար «շոշափում»-ից ինձ համար անսպասելի թաղվեցի ընթերցանության մեջ: Աչքերով ու լսողությամբ լափելով տառերի ու բառերի շրշյուն-փսփսոցները՝ ինձ էին հասնում մարդկանց ձայներ, ամանեղենի զրնգոց, սակայն դրանք ի զորու չէին ինձ կտրելու ընթերցումից և ստեղծում էին գրքում նկարագրվող դեպքերի մի յուրօրինակ ֆոն: Եթե այդ պահին իմ ծանոթներից մեկը մի հայացք գցեր սենյակիս, կհամոզվեր, որ ես լսում եմ կյանքի ռիթմը:
Գիրքը բացելով՝ ընթերցողի (հիմնականում լավատեղյակ) տեսադաշտից չի կարող վրիպել անոտացիան, որտեղ նշվում է, թե ինչու Լևոն Խեչոյանի այս ընտրանին լույս տեսավ հատկապես Լվիվում, քաղաք, որ «երկու մշակույթների կամուրջ է՝ ամուր հիմնաքարով և հենասյունով, որ սկիզբ է առնում միջնադարից, ջրից ու քարից»: Իր պատմվածքներում, կարդում ենք հետո, Խեչոյանը «բացում է մարդկայինի և մարդեղացման ներքնաշերտերը»: Նման յուրօրինակ գովազդը չի կարող չհետաքրքրել ընթերցողին, թեև գրողը մարդկայինն ու մարդեղենացումը փնտրում է ոչ թե մեծ քաղաքների բնակիչների նկարագրի և արարքների մեջ՝ իրենց քաղքենիական մտքերով և կռվազան դեմքերով, այլ գավառաբնակների և նահապետական մտածողության մեջ: Բազմանշանակ է հայ գրականության իմաստուն, կենդանի դասական Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որը նկատելի զարմանքով և հիացմունքով է գրում իր կրտսեր գործընկերոջ մասին. նրա ոչ մեծ խոսքն ասես մի յուրօրինակ առաջաբան է «Ճյուղն ձիթենու» գրքին. «Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են»:
Բառ առ բառ, էջ առ էջ կարդալով Լևոն Խեչոյանի ընտրանին՝ քեզ պարզունակ զբոսաշրջիկ ես զգում, որն ընկել է մի երկիր, որտեղ հանդիպում են բոլորովին անսպասելի խառնվածքի տեր մարդիկ, որտեղ կախարդում է բնության էկզոտիկան: Անմիջապես աչքի է զարնում այն, որ հեղինակը չի ձգտում կառուցել հետաքրքրաշարժ սյուժեներ, չի հորինում, գրական հղկված հնարքների չի դիմում՝ պատկերելու մարդկանց, նրանց փոխհարաբերություններն աշխարհի և իրենք իրենց հետ, այլ սահուն, կարևոր, զարմանալի ներդաշնակությամբ, ասես խաղ անելով՝ սեղմ, թեթև ոճով քանդակում է ճակատագիր առ ճակատագիր, դեպք առ դեպք, հերոս առ հերոս: Հաճախ նա կարծես դիտավորյալ սևեռում է ուշադրությունը երկրորդականին՝ չվախենալով ընթերցողի համար անհետաքրքիր երևալուց:
Որպես օրինակ, վերցնենք գյուղական ակումբում դատի կամերային տեսարանը «Սպասում» պատմվածքում. դատում են Աղաբեկ տացուին («Նա քայլելով հասել էր Բեռլին, ոտքը թողել այնտեղ») այն պատճառով, որ թոռան հետ հաղթահարելով դեպի բարձունք տանող ճանապարհը՝ տեսնում է քարերի մեջ ընկած, ցավից կծկված, արնաշաղախ մի մարդու («Աղաբեկ տացուս ասավ. «Ջորին խրտնել է՝ գցել ցած»»): Ճամփորդներից օգնություն չստացած՝ անծանոթն այդպես էլ մահանում է. նրա ճակատագիրը որոշում է քիչ այն կողմ ընկած խուրջինը («մեջը լիքը փող»): Փողը, ինչպես համոզում էր Աղաբեկ տացուն թոռանը, զորավոր միջոց է մասնավորապես բարեկեցիկ ապրելու և մարդկանց հարգանքը վայելելու: Մարդու մահվանը սառնասրտորեն սպասելը և թոռանը ռիթմիկ համառությամբ հանգստացնելով համոզելը վկայում են, թե ինչքան պետք է տառապել՝ սպասելով վերջին, և որ մարդու մահն առօրեական երևույթ է. հենց սա է սարսափի զգացում առաջացնում ընթերցողի մեջ: Տացուի գեղեցկախոսությունն ու համոզվածությունն այդ լարված, ողբերգական պահին ցնցող է: Եվ ի՜նչ վարպետությամբ է արված:
Ագահությունը, անգթությունը, զգացմունքների խլությունը, որ կարդում ենք տողատակերում, համակում են մարդուն անսպասելի և արագ՝ միայն թե խլելով նրանից ամենաթանկը՝ հոգին՝ անտեղի զոհ պահանջելով:
Հետաքրքրական է, որ արդեն «Սպասում» պատմվածքում նկատվում է հայ գրողի ոճական հնարքների ինքնատիպության մի երկար շղթա և ամենից առաջ այն, որ հեղինակը հաճույքով է կրկնում որոշակի բնութագրական շտրիխներ կամ դարձվածներ՝ ազատորեն օգտագործելով հնչերանգները, որոնք ռիթմիկ են դարձնում պատումի ընթացքը և դեպքերը՝ իրենց հերթին դառնալով լեյտմոտիվ: Այսպես, դատին ներկա մարդիկ («Սպասում») երեք անգամ դատավորին բացատրում են, որ ակումբ լցվող ծուխը դրսից է, իբր «…վրացի կանայք, երբ երեխա են ունենում, չարին նրանից քշելու համար չուլ են վառում»: Բազմիցս հանդիպում են նաև կրկնություններ, օրինակ. «Ես գիտեմ, աշխարհում շատ բան եմ տեսել, հավատա՛, էդ տեսակ վերքով երկար չի քաշի», «սպասենք մինչև գորտը էն քարից թռնի ջուրը», տացուի ձանձրացնող, տհաճ առաջարկությունը. «Ուզո՞ւմ ես պատմեմ՝ ոտքս ոնց են կտրել…», և դատի ժամանակ փոքր տղայի մտքերի հաճախազարկը՝ «Ես ուզում էի, որ հայրս գար» և այլն: Այս ոճական ռակուրսը շտրիխային -լեյտմոտիվային նամակ է, որը Լևոն Խեչոյանը հմտորեն օգտագործում է համարյա իր բոլոր պատմվածք-էտյուդներում: Կրկնությունները հնչում են ինչպես վայրկենաչափի հատու հարվածներ՝ հիշեցնելով կյանքի արագ ընթացքը, և էականն այն է, որ դրանք պատմվածքները չեն դարձնում տափակ ու ծեծված, ընդհակառակը, յուրօրինակ հմայք են տալիս դրանց. ասես պատումի յուրատեսակ զարդանախշեր են, որ հարստացնում են նրա ռիթմիկ – տոնայնության նկարագիրը: Արձակագիրը մեկ անգամ ևս ընգծում է այն միտքը, որը չափազանց աֆորիստիկ արտահայտված է նրա «Խոսք և խոստովանանք մրցանակակրի» («Ճյուղն ձիթենու» վերջաբանը) խոսքում. «Դարեր շարունակ պատահած նույն պատերազմներն ու նույն խաղաղությունը. այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը»:
Եվս մեկ բան. Լևոն Խեչոյանն ազատ է զգում իրեն ժամանակի և տարածության մեջ. որպես կանոն նա չի առաջնորդվում ժամանակագրություն – հերթագրություն ֆաբուլայով, այլ հաճախ ճեղքում է տեքստը հուշերի պատառիկներով, էքսկուրսներով դեպի անցյալ կամ հայացք նետելով դեպի ապագա՝ մեկ ակնթարթային կռահումով ստեղծելով այս կամ այն կերպարը, մեկ էլ դիմում է ժամանակների և դեպքերի հակադրությանը: Այդպիսի անակնկալների ժամանակ արձակագիրն իրեն դրսևորում է վարպետորեն, և պատումի ընթացքում նրա հնարքներն իրենց հերթին նպաստում են մտքի արտահայտչականությանը:
Գրողը չի տառապում մեծամոլությամբ, չի նկարագրում հսկայածավալ սյուժեներ («Ճյուղն ձիթենու» ընտրանու պատմվածքների ծավալը 3-5 էջ է), նրան չեն հրապուրում, այսպես կոչված, համաշխարհային թեմաները. նրա ուշադրությունն ու լսողությունը գամված են ոչ պակաս կարևոր մարդկային փոքր ողբերգություններին:
Եվ ինչին որ նա սևեռում է ուշադրությունը՝
– լինի երկու հանդիպակաց գնացքների ճակատագրական կանգառի ժամանակ բանտարկյալ կանանց ու տղամարդկանց սիրային կրքից տոչորվող մարմինների նկարագրությունը («Տոթ օր»),
– կյանքում գեղեցիկի ու այլանդակի դիլեման՝ գեղեցկուհի Նվարդի զոհվելը. թեև նրա գեղեցկության, նրա «արծաթահունչ» կերպարի շուրջ էր պտտվում գյուղի կյանքը. ողջ գյուղում չգտնվեց մի ասպետ, որ սլանար՝ փրկելու գեղեցկությունը կատաղի տարերքի ճանկերից, և հաշմանդամ, անոտ Հայրոյի փրկությունը ջրհեղեղից. հիասքանչ թախիծով է ուղեկցվում թափանցիկ «զանգի» սիմվոլը («Զանգը» էտյուդ),
– ուսումնասիրելու լինի այն հնացած, «առասպելածին» բարդույթը, երբ երիտասարդը չի կարողանում ձերբազատվել մանկուց իրեն ներշնչած այն մտքից, թե իբր ինքը «ծնվել է նուռից», մինչև որ կյանքի հորձանուտում չի անցնում այն բոլոր փորձությունների միջով, որոնք, ի վերջո, ցրում են առասպելը («Հայրս»),
– պատմելիս լինի մարդու ողբերգական ճակատագրի՝ կյանքում ձախորդ, «խոզ» քեռի Մուկուչի պատմությունը, որն անմեղորեն բանտ էր ընկել և իր մաշկի վրա զգացել բանտապետերի անհաջող կատակը. նրա մեջքին եկեղեցու փոխարեն «ծոծրակից մինչև գոտկատեղ» դաջել էին մեծ ականջներով խոզ՝ իր տասը խոճկորներով, և հոգին ճզմող միայնությունից նա իրեն կախում է («Խոզը»),
– կամ էլ պատմելիս լինի սպայի ճակատագրի մասին, որը կամավոր մեկնել էր կռվելու Աֆղանստանում և իր վրա կրում էր աֆղանցի մոր անեծքը. նրան՝ տուն ծրարի մեջ սպիտակ, մաքուր թղթերով նամակներ էին գալիս: Եվ ինչպես ասում էր թերթի նախկին խմբագիր, թոշակառու Մարկոսը՝ «Էդ երկիր մտնելուց առաջ թող մի հատ ուսումնասիրեիք էդ ժողովրդի պատմությունը, տեսնեիք՝ երբևէ դրանք հնազանդվե՞լ են որևէ մեկին, հետո թող նոր ավիրեիք («Պաղ քամի»):
– կամ էլ երբ հեղինակը հնարավորություն է տալիս մեզ «հետևելու» մարդկային երախտամոռությանը՝ ամբոխի տհաճ որսը մի ժամանակ տիրոջը հավատարմորեն ծառայած անփոխարինելի Մորիկ շանը՝ սպիտակ, «ձյունճերմակ» մորթով, որը գյուղացիներին զարմացնում է իր իմաստությամբ. «Քամին գրքի նման կարդացող շուն է»,- հիացմունքով հիշում են նրանք («Ամբոխը»),
– կամ էլ մանրամասնորեն նկարագրում է կործանիչ երկրաշարժի փլատակների տակ գտնվող երեխայի հոգեվարքի ողբերգությունը և մեծահասակների անօգնական վիճակը, որոնց այնքան անհրաժեշտ էր տեխնիկա. միանգամայն ստեղծված մարդկանց օգնելու համար, սակայն նրանց փրկության դեպքում երբեք չգտնվող («Նարինջը»),
– կամ խոսք է ասում ստեղծագործող անհատի անկրկնելիության, ոչ սովորական՝ անսովոր տեսակի՝ «տարօրինակի» օտարացման, իրենց ամենօրյա մանր հոգսերով ապրող մարդկանց կողմից նրա ընդունված չլինելու մասին. «Հայրս այս աշխարհում միայնակ է»,- պատմում է գրողը: Ի դեպ, պատմվածքում նկարագրված դեպքերը պարուրված են որոշակի առասպելա-բանաստեղծական շղարշով՝ հոր տեսությունը օդեղեն կրակի և բոզ Ուղափի տուն գնալու մասին(«Երկու կրակոց»),
– նկարագրում է գերիների «փոխանակումը» ոչ կենդանի, այլ դագաղներով, չնայած պայմանավորվածությանը, հավանաբար իրական կյանքից առնված. այս փաստի ականատեսն է եղել հեղինակը Արցախյան պատերազմում («Փոխանակություն»),
– ամենուր լսում ենք աղաղակներ, նախազգուշացում մարդկային հոգու աղքատացման, մեծացող անտարբերության, մարդկանց միջև օտարացման վիհերի, իրար չհասկանալու, ցինիզմի և անգթության մասին, որոնք տնօրինում են մեր կյանքը:
Լևոն Խեչոյանը կարողանում է տեքստերը լիցքավորել տաք ժպիտով, թեթև հեգնանքով (սահուն էրոտիզմը «Թիթեղյա տուփով կոնֆետներ» պատմվածքում). դեռահասների միամտությունը մղում է նրանց «ընձենու մուշտակով կնոջից»՝ գուցեև իրենց ուսուցչուհուց, օգնության փոխարեն խնդրել ցույց տալ իրենց «էն բանը», որն ունեն միայն կանայք, և մի մանր «առևտրից» հետո համաձայնում են լսել պատմություն սեռական ակտի մասին մինչև լույսի հանգելը: Հեգնանքով են ներծծված նաև «նուռից ծնված» հնացած բարդույթի, տարօրինակների մասին և տղայի՝ հորը չհավատալու պատմությունները («Հայր»): Թեև Խեչոյանի պատմվածքների մեծ մասն իրենց խորքում «թաքցնում են» ժպիտ կամ հեգնանք, բայց հեղինակին շատ ավելի անհանգստացնում է ցինիկ չարախնդությունն իր նմանների տառապանքների վրա:
Ահա այսպես կարդալով գիրքը՝ մենք կարծես միաժամանակ լսում ենք մի քանի նվագախմբերի երաժշտություն, որոնք հնչեցնում են մերթ տխուր, մերթ ինչպես լեռնային աղբյուրների կարկաչյուն, անսպասելիորեն ուրախ՝ պարայինի վերածվող երաժշտություն: Խեչոյանի պատմվածքները չեն ճնշում ո՛չ իրենց թախծոտ տրամադրությամբ, ո՛չ հեգնալից տոնայնությամբ: Կյանքից վերցված այս փոքրիկ կտավներում միաժամանակ կարելի է ուսանելի շատ բան գտնել, ինչպես արդեն ասվել է, հոգեկան վայելք ստանալ մարդկային բնավորությունների արտասովորությունից, սյուժետային անսպասելիությունից, թախծոտ մեղեդային բառերի հեղեղից, ինչպես նաև գրողի գեղարվեստական մտածողության անսպասելիությունից:
Միաժամանակ պետք է ասել, որ կարդալով «Ճյուղն ձիթենու» պատմվածքները ոչ բնագրով, այլ թարգմանված հայերենից, ուկրաինացի ընթերցողը չի զգում, որ հայ հեղինակի ստեղծագործություններն իրենց է փորձում հասցնել նույնպես հայ մարդը. այնքան հարուստ է թարգմանչի ոճահնչերանգային ներկապնակը՝ բազմազան հոմանիշներով, լեզվական անսպասելի արտահայտչամիջոցներով: Ի դեպ, էլ ով, եթե ոչ հայը, կարող է այդպես խորը թափանցել իր հայրենակցի ստեղծագործությունների մեջ, զգալ, նրա գեղարվեստական աշխարհի բաբախը և նրա ստեղծագործական նվաճումները՝ նրա ամենաթանկ կերպարները ներմուծելով ուրիշ երկրի մշակույթ: Ավելացնելով, եթե հիշենք, որ թարգմանությունը, որպես այդպիսին, 20-րդ դարում ուկրաինական գրականության մեջ զարգացել է ինքնաբերական, միայնակ օջախներով (նեոկլասիկներ Միկոլա Լուկաշ, Վասիլ Միսիկ, Գրիգորի Կուչուր, Եվգենի Պապովիչ, Օլգա Սենյուկ և ուրիշներ) և հաճախ գնահատվել որպես քաղաքական իրողություն, և թարգմանչի հայտնվելն իր անհատական ոճով, հատկապես հայերենից կատարած թարգմանության, հայի, որը կատարելապես տիրապետել է ուկրաիներենին Լվիվի Ի. Ֆրանկոյի անվան համալսարանում ուսանելիս, իսկապես ուրախալի երևույթ է: Որակյալ թարգմանություն հայ գրականությունից ուկրաիներեն առանց տողացիների և ռուսաց լեզվի միջնորդության, որը կիրառվում էր խորհրդային ժամանակներում, վաղուց գոյություն չունի:
Այսպիսով՝ երկու հայերի համագործակցության շնորհիվ, որոնք, եթե հիշենք «Փոխանակություն» պատմվածքի խոսքերը, իրենց ստեղծագործություններով «խոսում են երկնքի հետ» և համագործակցության շնորհիվ երկու ուկրաինացիների՝ ընտրանու խմբագիր Իրինա Ստառավոյտի և Օլես Նոհայի (գրքի ձևավորող նկարիչ), լույս է տեսել այս՝ ծավալով փոքր, բայց հետաքրքիր ու վայելչագեղ հրատարակությունը՝ Լևոն Խեչոյանի «Ճյուղն ձիթենու» ընտրանին:
Թեպետ վերջին տարիներին ուկրաիներեն լեզվով լույս են տեսել ոչ քիչ թարգմանական գրքեր, միանգամայն համոզված եմ, որ հայ գրողի այս ընտրանին կարող է մրցել ուրիշ հրատարակությունների հետ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ տպագրական որակով:
Իբրև վերջաբան. Անուշավան Մեսրոպյանն ավարտել է Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» վիպակի ուկրաիներեն թարգմանությունը, որը սպասում է իր հովանավորին և հրատարակչին :

(գրաքննադատ)
Լվիվ, «Կամենյար», 2002 թ.

Թարգմանությունը ուկրաիներենից ռուսերենի՝ Իրինա Ստառավոյտի
Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մեսրոպյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *