Մերի Շելի | Մահկանացու անմահը

Հուլիսի 16, 1833թ.: Այսօր հիշարժան օր է ինձ համար. լրանում է իմ երեք հարյուր քսաներեք տարեկանը:
Թափառող հրեա՞[1]: Իհարկե, ոչ: Նրա գլխով ավելի քան տասնութ դար է անցել: Նրա համեմատությամբ ես տակավին երիտասարդ Անմահ եմ:
Ուրեմն, անմա՞հ եմ ես: Արդեն երեք հարյուր երեք տարի է, ինչ օր ու գիշեր այս հարցն եմ տալիս ինքս ինձ ու դեռևս չեմ կարողանում պատասխանել: Հենց այսօր շագանակագույն գանգուրներիս մեջ սպիտակ մազ հայտնաբերեցի, որ, անշուշտ, ծերացման նշան է: Չնայած որ այն կարող էր աննկատ մնալ երեք հարյուր տարի, քանզի ոմանք լիովին սպիտակահեր են դառնում քսան տարին չբոլորած:
Ես կպատմեմ իմ պատմությունը, և թող իմ ընթերցողն ինքը դատի: Ես կպատմեմ իմ պատմությունը՝ նպատակ ունենալով մի քանի ժամ կարճելու այն երկար հավերժությունից, որ այսքան հոգնեցուցիչ է դարձել ինձ համար: Հավե՛րժ: Կարո՞ղ է այդպիսի բան լինել: Ապրել հավե՛րժ: Ես լսել եմ տարբեր կախարդությունների մասին, որոնց զոհերն ընկղմվել են խորը քնի մեջ և արթնացել հարյուրավոր տարիներ անց նույնքան երիտասարդ, բայց, ա՛խ, անվերջանալի ժամանակի այդ ծանրությունը, ժամերի այդ զարհուրելի հերթագայությունը: Որքան երջանիկ էր առասպելական Նուրջահադը[2]: Բայց եկեք վերադառնանք իմ պատմությանը:
Ողջ աշխարհն է լսել Կոռնելիոս Ագրիպայի մասին: Նրա մասին հիշողությունը նույնքան անմահ է, որքան ես եմ դարձել՝ շնորհիվ նրա արարչագործության: Ողջ աշխարհը լսել է նաև նրա ուսանողի մասին, որ ուսուցչի բացակայության ժամանակ անզգուշորեն արթնացրեց չար ոգուն և կործանվեց նրա կողմից: Ճիշտ թե սուտ, այս միջադեպի մասին լուրը բազմաթիվ անհարմարություններ պատճառեց անվանի փիլիսոփային: Նրա բոլոր ուսանողները միանգամից լքեցին նրան, ծառաներն անհետացան: Չկար նրա կողքին ոչ ոք, ով ածուխ կլցներ նրա մշտավառ խարույկի մեջ, երբ նա քնած էր, կամ կհետևեր նրա դեղամիջոցների փոփոխվող գույներին, մինչ նա աշխատում էր: Փորձը փորձի հետևից ձախողվում էր, քանզի մի զույգ ձեռքերը բավարար չէին այդ գործի համար:
Մութ ուժերը ծիծաղում էին նրա վրա, քանի որ ի վիճակի չէր որևէ մահկանացուի իր մոտ ծառայության պահելու։
Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի, շատ աղքատ ու շատ սիրահարված: Ես մոտ մեկ տարի Կոռնելիոսի ուսանողն էի եղել, թեև բացակայում էի այս միջադեպի ժամանակ: Իմ վերադարձից հետո ընկերներս աղերսում էին ինձ չգնալ ալքիմիկոսի տուն: Ես սարսռում էի, երբ լսում էի նրանց պատմած զարհուրելի պատմությունը: Կրկնակի զգուշացման կարիք չեղավ, և երբ Կոռնելիոսը եկավ ու ինձ մի քսակ ոսկի առաջարկեց իր տանիքի տակ մնալու դիմաց, այնպիսի զգացողություն ունեցա, ասես հենց Սատանան էր ինձ գայթակղում: Ատամներս սկսեցին կափկափել, մազերս բիզ-բիզ կանգնեցին, ու ես փախա այնքան արագ, որքան կարող էին թույլ տալ դողդողացող ծնկներս:
Երերուն քայլերս տարան ինձ դեպի այն վայրը, որ երկու տարի շարունակ ամեն երեկո ձգում էր ինձ՝ դեպի մեղմորեն քչքչացող զուլալ, կենարար աղբյուրը: Այդտեղ էր ինձ սպասում թխահեր մի աղջիկ, ում պայծառ աչքերն ուղղված էին այն ճանապարհին, որով սովոր էի քայլել ամեն գիշեր: Անհիշելի ժամանակներից ես սիրում էի Բերթային. մանկուց հարևաններ ու խաղընկերներ էինք եղել: Նրա ծնողները, ինչպես և իմ ծնողները, համեստ, բայց ազնիվ կյանք էին վարում, իսկ մեր կապվածությունը նրանց համար ուրախության աղբյուր էր: Մի չարաբաստիկ օր էլ չարորակ տենդը խլեց Բերթայի հորն ու մորը, և նա որբացավ: Նա կարող էր ապաստան գտնել իմ հայրական տանը, սակայն, դժբախտաբար, մոտակա ամրոցի ծեր տիրուհին, որ հարուստ էր, անզավակ ու միայնակ, հայտարարեց Բերթային որդեգրելու իր մտադրության մասին: Այդ ժամանակից ի վեր Բերթան մետաքսե հագուստ էր կրում, ապրում էր մարմարե պալատում և համարվում էր ճակատագրի ընտրյալ: Սակայն նույնիսկ այս նոր կարգավիճակում՝ իր նոր համախոհներով շրջապատված, Բերթան հավատարիմ մնաց իր համեստ օրերի ընկերոջը: Նա հաճախ էր այցելում իմ հայրական խրճիթ, իսկ երբ նրան արգելվեց գնալ այնտեղ, քայլերը շեղում էր դեպի հարևան անտառ և հանդիպում ինձ աղբյուրի ստվերում:
Բերթան հաճախ էր հայտարարում, որ իր նոր պաշտպանին պարտական չէ այնպիսի սուրբ պարտքով, որը նրան կապում էր մեզ: Այդուհանդերձ, ես չափազանց աղքատ էի ամուսնանալու համար, և նրան սկսեց հոգնեցնել այն, որ ստիպված էր տանջվել իմ պատճառով: Նա հպարտ, բայց անհամբեր բնավորություն ուներ, և նրան բարկացնում էր մեր միությանը խանգարող խոչընդոտը: Մինչ ես հեռու էի, նա խորապես հիասթափվել էր, և երբ մենք հանդիպեցինք իմ բացակայությունից հետո, նա դառնորեն դժգոհեց ու գրեթե կշտամբեց ինձ աղքատ լինելու համար: Ես շտապեցի պատասխանել.
— Ես անկեղծ եմ, նույնիսկ եթե աղքատ եմ: Հակառակ դեպքում կարող էի շատ արագ հարստանալ:
Այս հայտարարությունը հազարավոր հարցերի տեղիք տվեց: Ես վախենում էի ճշմարտությունը բացահայտելով ցնցել նրան, բայց նա ստիպեց ինձ, իսկ հետո մի արհամարհական հայացք գցելով վրաս՝ ասաց.
— Ձևացնում ես, թե սիրում ես ինձ, բայց վախենում ես հանուն ինձ դեմառդեմ կանգնել Սատանային:
Ես հակաճառեցի՝ ասելով, որ պարզապես վախենում էի վիրավորել նրան, սակայն նա հանգամանորեն հիշեցրեց ինձ այն մեծ պարգևի մասին, որ կարող էի ստանալ:
Այսպես, ամոթանք ստացած, բայց նրա կողմից խրախուսված, սիրուց ու հույսից դրդված, ծիծաղելով իմ երբեմնի վախերի վրա՝ արագ քայլերով ու թեթև սրտով ես վերադարձա՝ ընդունելու ալքիմիկոսի առաջարկը, և անմիջապես տեղավորվեցի իմ գրասենյակում:
Անցավ մեկ տարի: Ես դարձա բավականաչափ մեծ գումարի տեր: Սովորության ուժը ցրել էր վախերս: Չնայած իմ ծայրաստիճան զգոնությանը՝ ես երբեք չհայտնաբերեցի սատանայական հետքեր, ոչ էլ մեր բնակատեղիում տիրող գիտական լռությունը երբևէ խախտվեց դիվական ճիչերից: Ես դեռևս շարունակում էի Բերթայի հետ գաղտնի զրույցները, և իմ առջև Հույսի շող էր ծագել: Հույսի, բայց ոչ ճշմարիտ ուրախության, քանզի Բերթայի պատկերացմամբ սերն ու հանգստությունը թշնամիներ էին, և նա հաճույքով այնպես էր անում, որ դրանք կողք կողքի չապրեին իմ սրտում: Չնայած նրա սրտի անկեղծությանը՝ նրա պահվածքում որոշակի կոկետություն կար. ես սարսափելի խանդում էի նրան: Նա արհամարհում էր ինձ հազար ու մի ձևերով, սակայն երբեք չէր ընդունում սեփական սխալը: Նա խելագարության հասցնելու աստիճանի բարկացնում էր ինձ, իսկ ապա ստիպում ներողություն խնդրել իրենից: Երբեմն նրան թվում էր, որ ես բավականաչափ հնազանդ չեմ, և այդ ժամանակ պատմում էր ինձ իմ մրցակցի մասին, որ արժանացել էր նրա պաշտպանի հավանությանը: Նա շրջապատված էր հարուստ ու կենսախինդ երիտասարդներով, որ մետաքսե հագուստ էին կրում: Ի՞նչ հնարավորություն ուներ Կոռնելիոսի՝ խղճուկ հագուկապով ուսանողը նրանց համեմատությամբ:
Մի առիթով էլ պատահեց այնպես, որ փիլիսոփայի պահանջներն այնքան խիստ էին, որ ես ժամանակ չունեի և ի վիճակի չէի սովորականի նման հանդիպելու Բերթային: Կոռնելիոսը զբաղվում էր ինչ-որ կարևոր գործով, և ես ստիպված էի օր ու գիշեր մնալ՝ վառ պահելու նրա հնոցներն ու հետևելու նրա քիմիական նյութերին: Բերթան զուր էր սպասում ինձ աղբյուրի մոտ: Նրա հպարտ հոգին խռովվեց այս արհամարհանքից, իսկ երբ ես վերջապես քնի համար հատկացված մի քանի րոպեի ընթացքում շտապեցի նրա մոտ՝ մխիթարանք գտնելու հույսով, նա արհամարհանքով ընդունեց ինձ, քամահրանքով վռնդեց ու երդվեց, որ ցանկացած այլ մարդ կարող է տիրանալ իրեն, բայց ոչ նա, ով չի կարող հանուն իրեն միաժամանակ երկու վայրում գտնվել: Ինքը վրեժխնդի՛ր կլինի: Եվ այդպես էլ արեց: Իմ մռայլ մենաստանում ես լսեցի, որ նա որսի էր գնացել Ալբերտ Հոֆերի ուղեկցությամբ: Ալբերտ Հոֆերը վայելում էր նրա պաշտպանի բարեհաճ վերաբերմունքը: Այս եռյակի հեծելախումբն անցավ իմ մրոտ պատուհանի առջևով, և ինձ թվաց՝ իմ անունը տվեցին, ապա հետևեց ծաղրական ծիծաղ, իսկ նրա մուգ աչքերը արհամարհական հայացք գցեցին իմ մենաստանի ուղղությամբ:
Խանդը՝ իր ողջ թույնով ու թշվառությամբ, բուն դրեց կրծքիս տակ: Ես արցունքների հեղեղ թափեցի այն մտքից, որ երբեք Բերթային իմը չեմ համարելու, և անմիջապես հազար անգամ անիծեցի նրա անկայունությունը: Այդուհանդերձ, ես դեռ ստիպված էի խառնել ալքիմիկոսի կրակները, հետևել նրա անհասկանալի դեղամիջոցների փոփոխություններին:
Կոռնելիոսը երեք օր ու գիշեր աչք չէր փակել, արթուն էր մնացել: Նրա թորիչի առաջընթացը սպասվածից ավելի դանդաղ էր: Հակառակ ոգևորվածությանը՝ քունը ծանրանում էր նրա կոպերի վրա: Կրկին ու կրկին նա, գերբնական ջանքեր գործադրելով, հաղթահարում էր քունը: Կրկին ու կրկին այն իշխում էր նրա բոլոր զգայարանների վրա: Նա տխուր նայեց իր թորանոթներին:
— Դեռ պատրաստ չէ,— շշնջաց նա,— մի՞թե ևս մի գիշեր կանցնի, մինչև աշխատանքը հասնի ավարտին: Ուինցի, դու աչալուրջ ես, դու հավատարիմ ես, դու քնել էիր, տղաս, քնել էիր անցած գիշեր: Հետևիր այս ապակե անոթին: Այնտեղ պարունակվող հեղուկը բաց վարդագույն երանգ ունի: Հենց այն սկսի երանգը փոխել, արթնացրու ինձ: Իսկ մինչ այդ ես կնիրհեմ: Սկզբում այն կսպիտակի, ապա ոսկեգույն փայլ կարձակի: Բայց դու դրան մի սպասիր. երբ վարդագույն երանգն անհետանա, արթնացրու ինձ:
Ես հազիվ կարողացա լսել նրա վերջին բառերը, որ մրթմրթաց քնի մեջ, բայց նույնիսկ այդ ժամանակ նա լիովին չենթարկվեց բնությանը:
— Ուինցի, տղաս,— ասաց նա կրկին,— հանկարծ չդիպչես անոթին, չմոտեցնես շուրթերիդ: Դա կախարդական ըմպելիք է, ըմպելիք, որ բուժում է սիրուց: Եթե չես ցանկանում դադարել քո Բերթային սիրելուց, զգուշացի՛ր ու մի՛ խմիր այն:
Այսպես նա քնեց: Նրա ալեհեր գլուխը կախվեց կրծքավանդակի վրա, և ես հազիվ էի լսում նրա կանոնավոր շնչառությունը: Մի քանի րոպե ես հետևում էի անոթին. հեղուկի վարդագույն երանգն անփոփոխ էր: Ես մտքով տեղափոխվեցի հեռուներ. այցելեցի աղբյուրի մոտ: Հիշողությանս մեջ արթնացան հազարավոր դյութիչ տեսարաններ, որ այլևս երբեք չէին կրկնվելու, երբե՛ք: Դեռ չհասցրեց «երբեք» բառը հայտնվել շուրթերիս վրա, սիրտս լցվեց օձերով ու լորտուներով: Դավաճա՛ն աղջիկ: Դավաճա՛ն ու դաժան: Այլևս երբեք նա չի ժպտա ինձ այնպես, ինչպես այն օրը՝ Ալբերտին: Անարժա՛ն, ատելի՛ կին: Ես վրեժխնդիր կլինեմ, նա իր ոտքերի առաջ կտեսնի Ալբերտի դիակը, իմ վրեժը կսպանի նրան: Նա ժպտացել էր արհամարհական ու հաղթական ժպիտով. նա գիտակցում էր իմ խղճուկ վիճակն ու իր ուժը: Այդուհանդերձ, ինչո՞ւմ էր նրա ուժը: Ուժ, որ իմ մեջ արթնացրել էր ատելություն, ծայրաստիճան արհամարհանք, ա՛խ, ամեն ինչ, բացի անտարբերությունից: Ինչպե՞ս կարող եմ հասնել դրան, ինչպե՞ս կարող եմ անտարբեր աչքերով նայել նրան, ինչպե՞ս կարող եմ մերժված սերս փոխակերպել մեկ այլ՝ ավելի ազնիվ ու ավելի ճշմարիտ բանի, որ, իսկապես, կլիներ իմ հաղթանակը:
Հանկարծ աչքերիս առաջ պայծառ կայծեր բռնկվեցին: Ես մոռացել էի հանճարի դեղանյութի մասին ու զարմանքից քար կտրած նայում էի՝ ինչպես էին հեղուկի մակերեսից արձակվում աներևակայելիորեն գեղեցիկ կայծեր՝ ավելի պայծառ, քան ադամանդի փայլն արևի ճառագայթների ներքո։ Անուշահոտ ու հաճելի բույրը տիրեց զգայարաններիս: Անոթն ասես իր մեջ ամփոփում էր կենդանի փայլի մի ողջ մոլորակ՝ գայթակղիչ՝ աչքի և հրապուրիչ՝ քիմքի համար: Առաջին միտքը, որ բնազդաբար ծագեց ուղեղումս, այն էր, որ ես պետք է խմեի հեղուկը, անպայմա՛ն պետք է խմեի: Ես անոթը տարա դեպի շուրթերս: «Սա կբուժի ինձ սիրուց ու տառապանքից»: Ես արդեն հասցրել էի խմել մարդու ճաշակած ամենահամեղ ըմպելիքը, երբ փիլիսոփան արթնացավ: Ես ցնցվեցի՝ ցած գցելով անոթը. հեղուկը կայծկլտաց ու շողշողաց հատակին, իսկ ես զգացի՝ ինչպես Կոռնելիոսը, բարձրաձայն գոռալով, բռնեց կոկորդիցս. «Թշվառակա՛ն: Դու ջուրը գցեցիր իմ ողջ կյանքի աշխատանքը»:
Փիլիսոփան բոլորովին չկասկածեց, որ խմել էի իր դեղի մի մասը: Նա կարծեց (իսկ ես էլ իմ լռությամբ հաստատեցի), որ հետաքրքրությունից դրդված վերցրել էի անոթը և, վախենալով դրա պայծառությունից ու արձակած շլացուցիչ լույսի շողերից, ցած էի գցել: Ես այդպես էլ երբեք չբացահայտեցի ճշմարտությունը: Հեղուկի արձակած կայծերը մարեցին, բուրմունքն անհետացավ, իսկ նա հանդարտվեց, ինչպես վայել է փիլիսոփային ծանրագույն փորձություններից հետո, և նա ինձ ուղարկեց՝ հանգստանալու:
Ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել այն փառահեղ ու երանելի քունը, որի շնորհիվ այդ հիշարժան գիշերվա մնացյալ ժամերի ընթացքում հոգիս ասես ընկղմված լիներ դրախտում: Բառերն ընդամենն աղոտ ու մակերեսորեն կարող են արտահայտել այն ցնծությունն ու գոհունակությունը, որ տիրում էին սրտիս, երբ արթնացա: Ես ասես ճախրում էի երկնքում: Մտքերս սավառնում էին երկնքում, ես ասես տիրում էի երկնքին, ու դա իսկական ցնծություն էր: ‹‹Ահա թե որն է սիրուց բուժված լինելը,— մտածեցի ես:— Ես պետք է տեսնեմ այսօր Բերթային: Նա իր սիրեցյալին կտեսնի սառն ու անտարբեր, չափազանց երջանիկ՝ նրան արհամարհելու համար, բայցևայնպես, բոլորովին անտարբեր իր նկատմամբ››:
Ժամերն արագ թռան: Փիլիսոփան, վստահ լինելով, որ արդեն մեկ անգամ հաջողել է փորձը, և հավատալով, որ կրկին կարող է, սկսեց ևս մեկ անգամ պատրաստել դեղը: Նա փակվեց իր գրքերի ու դեղերի հետ, իսկ ես արձակուրդ ստացա: Ես խնամքով հագնվեցի, նայեցի ինձ հին, բայց ողորկ վահանի մեջ, որ որպես հայելի էր ծառայում, և մտածեցի, որ արտաքինս հրաշալիորեն բարելավվել է: Ես շտապեցի քաղաքից դուրս՝ ուրախ սրտով, շրջապատված երկնային ու երկրային գեղեցկությամբ: Ես քայլերս ուղղեցի դեպի ամրոցը: Ես թեթև սրտով էի նայում դրա բարձր աշտարակներին, քանզի բուժվել էի սիրուց: Իմ Բերթան ինձ դեռ հեռվից տեսավ․ հազիվ էի հասցրել մոտենալ ծառուղուն: Ես չգիտեմ՝ ինչ հանկարծակի պոռթկում ծնվեց նրա սրտում, բայց ինձ տեսնելով՝ նա եղնիկի թեթևությամբ մարմարե աստիճաններով արագ ցած վազեց և շտապեց դեպի ինձ: Սակայն միայն նա չէր, որ նկատել էր ինձ: Ազնվազարմ ծեր վհուկը, որ իրեն նրա պաշտպանն էր կոչում, իսկ իրականում նրա բռնակալն էր, նույնպես տեսել էր ինձ: Նա փնչալով հևասպառ բարձրացավ տեռասով: Սպասավորը՝ նույնքան տգեղ, որքան նա էր, ուղեկցում էր նրան և թափահարում էր հովհարը, մինչ նա սլանում էր առաջ: Նա կանգնեցրեց իմ չքնաղ գեղեցկուհուն՝ ասելով. ‹‹Հապա-հապա, իմ համարձակ օրիորդ: Այդ ո՞ւր ես շտապում: Վերադարձի՛ր քո վանդակը․ բազեներն են դրսում››:
Բերթան իրար սեղմեց ձեռքերը։ Նրա աչքերը դեռ ուղղված էին իմ մոտեցող մարմնին: Ես դիտում էի նրանց պայքարը: Ինչպե՜ս էի ես ատում այդ ծեր ջադուին, որ փորձում էր խանգարել իմ Բերթայի մեղմացող սրտի նուրբ պոռթկումները: Մինչ այդ պահը ամրոցի տիրուհու դիրքի նկատմամբ հարգանքը ստիպել էր ինձ խուսափել նրանից. հիմա ես արհամարհում էի նման չնչին մտավախությունները: Ես բուժվել էի սիրուց և վեր էի կանգնել մարդկային բոլոր վախերից: Ես շտապեցի առաջ և շուտով հասա պատշգամբ: Որքա՜ն սքանչելի էր Բերթան: Նրա աչքերը հուր էին արձակում, այտերը վառվում էին անհամբերությունից ու զայրույթից, նա հազար անգամ ավելի նրբագեղ ու հմայիչ էր, քան երբևէ: Ես այլևս չէի սիրում, օ՜, ո՛չ, ես պաշտո՛ւմ, երկրպագո՛ւմ, աստվածացնո՛ւմ էի նրան:
Այդ առավոտ, ավելի մեծ ուժով, քան սովորաբար, նրան ստիպել էին համաձայնել՝ անհապաղ ամուսնանալու իմ մրցակցի հետ: Բերթային նախատել էին նրան խրախուսական վերաբերմունք ցույց տալու համար և սպառնացել էին դուրս վռնդել անպատիվ ու ամոթալի ձևով: Բերթայի հպարտ ոգին ապստամբել էր այս սպառնալիքի դեմ, սակայն երբ նա հիշել էր այն արհամարհանքը, որ ցույց էր տվել իմ նկատմամբ, և թերևս, այդ պատճառով կորցրել էր նրան, ում այժմ համարում էր իր միակ ընկերը, նա արցունք էր թափել զղջումից ու կատաղությունից: Հենց այդ պահին էլ հայտնվեցի ես:
— Օ՜, Ուինցի,— գոչեց նա,— տա՛ր ինձ մորդ խրճիթ, թո՛ղ րոպե առաջ լքեմ այս ազնվական կյանքի ատելի շքեղությունն ու տառապանքը, տա՛ր ինձ դեպի աղքատություն ու երջանկություն:
Ես խենթացած գիրկս առա նրան: Ծեր տիկինը, որ պապանձվել էր կատաղությունից, սկսեց լուտանքներ թափել միայն այն ժամանակ, երբ մենք արդեն հեռու-հեռու էինք՝ իմ հայրենի տան ճանապարհին: Մայրս քնքշությամբ և ուրախությամբ ընդունեց չքնաղ փախստականին, որ ոսկեզօծ վանդակից փախել էր դեպի բնություն ու ազատություն: Հայրս, որ սիրում էր նրան, սրտանց ողջունեց նրան: Դա ուրախության օր էր, երբ հրճվանքի մեջ խորտակվելու համար նույնիսկ ալքիմիկոսի հրաշագործ դեղի անհրաժեշտությունը չկար:
Շուտով՝ այս հագեցած օրվանից հետո, ես դարձա Բերթայի ամուսինը: Ես այլևս Կոռնելիոսի ուսանողը չէի, բայց շարունակում էի մնալ նրա ընկերը: Ես հավերժ երախտապարտ էի նրան այն բանի համար, որ նա անգիտակցաբար թույլ էր տվել ինձ ճաշակել աստվածային ըմպելիքի այդ անուշահամ կումը, որը սիրուց բուժելու փոխարեն (ինչպիսի՜ տխուր դեղ, տխուր և միակ դեղը չարիքներից, որ հիմա օրհնություն են թվում) ոգեշնչել էր ինձ խիզախությամբ ու վճռականությամբ՝ այդպիսով պարգևելով ինձ մի անգնահատելի գանձ՝ իմ Բերթային:
Ես հաճախ էի զարմանքով հիշում այդ զմայլվածությունն ու արբեցումը: Կոռնելիոսի ըմպելիքը չէր ծառայել իր նպատակին, որի համար, ըստ նրա պնդման, պատրաստվել էր, սակայն նրա ազդեցությունն ավելի հզոր ու երանելի էր, քան կարելի է արտահայտել բառերով: Այդ ազդեցությունն աստիճանաբար թուլանում էր, սակայն շարունակում էր պահպանվել՝ ներկելով կյանքը շքեղ գույներով: Բերթան հաճախ զարմանում էր իմ ոգու թեթևության ու արտասովոր զվարթության վրա, քանզի նախկինում բնավորությամբ ես բավականին լուրջ էի և նույնիսկ տխուր: Նա ավելի ուժգին էր սիրում ինձ իմ կենսուրախության համար, և ուրախությունն էր թևածում մեր ապրած օրերի վրա:
Հինգ տարի անց ինձ անսպասելիորեն կանչեցին մահացող Կոռնելիոսի մահճի մոտ: Նա շտապ իմ հետևից մարդ էր ուղարկել՝ թախանձելով, որ շտապ իր մոտ գնամ: Ես գտա նրան իր ծղոտե ներքնակի վրա մահամերձ պառկած. ողջ կյանքը, որ դեռևս մնացել էր նրա մեջ, կենտրոնացել էր նրա խորաթափանց աչքերում, իսկ դրանք ուղղված էին մի ապակե անոթի՝ լի վարդագույն հեղուկով:
— Ահա,— ասաց նա կտրտվող ու խուլ ձայնով,— մարդկային ցանկությունների ունայնությունը: Երկրորդ անգամն է, որ հույսերս գրեթե արդարացվում են, և երկրորդ անգամ էլ ամեն ինչ ձախողվում է: Նայիր այս ըմպելիքին (հիշո՞ւմ ես՝ հինգ տարի առաջ պատրաստել էի նույնից, նույն հաջողությամբ), այն ժամանակ էլ, ինչպես հիմա, իմ ծարավ շուրթերը հույս ունեին ճաշակելու անմահության ըմպելիքը, սակայն դու թափեցիր այն: Իսկ հիմա չափազանց ուշ է:
Նա դժվարությամբ խոսեց ու հետ ընկավ բարձի վրա: Ես չէի կարող չհարցնել.
— Այդ ինչպե՞ս կարող է մեծարգո ուսուցիչ, սիրուց բուժող դեղը կյանքի կոչել:
Նրա դեմքին աղոտ ժպիտ նշմարվեց, մինչ ես լուրջ դեմքով ականջ էի դրել նրա՝ հազիվ լսելի պատասխանին.
— Դեղ, որ բուժում է սիրուց և ամենից՝ Անմահության ըմպելիք: Ա՜խ, եթե հիմա կարողանայի խմել այն, հավե՛րժ կապրեի։
Մինչ նա խոսում էր, հեղուկից ոսկեգույն կայծեր արձակվեցին, օդում տարածվեց ինձ քաջ ծանոթ անուշաբուրությունը: Հաղթահարելով թուլությունը՝ նա մի կերպ բարձրացավ (ասես ուժերը ինչ-որ հրաշքով վերադարձան նրա մարմին), ձեռքն առաջ պարզեց, ես ցնցվեցի բարձր պայթյունի ձայնից, հեղուկից կրակի ճառագայթ բարձրացավ, և անոթը, որի մեջ լցված էր այն, վերածվեց ատոմների: Ես հայացքս ուղղեցի դեպի փիլիսոփան. նա հետ էր ընկել, աչքերը սառած էին, դիմագծերը՝ անշարժ: Նա մահացած էր:
Իսկ ես ապրեցի ու պիտի ապրեի հավե՛րժ: Այդպես ասաց դժբախտ ալքիմիկոսը, ու ես մի քանի օր հավատացի նրա խոսքերին: Ես հիշեցի փառահեղ արբեցումը, որ հետևել էր այն գողացված կումին: Ես մտածեցի այն փոփոխության մասին, որ զգացել էի իմ մարմնում, իմ հոգում: Մարմնիցս հորդացող կորովն ու հոգուս անհոգությունն ու թեթևությունը: Ես ուսումնասիրեցի ինձ հայելու մեջ և նկատեցի, որ իմ դիմագծերում անցած հինգ տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն չի եղել: Ես հիշեցի այդ անուշահամ ըմպելիքի փայլուն երանգներն ու հաճելի բույրը՝ արժանի այն պարգևին, որ այն ընդունակ էր շնորհելու: Ուրեմն, ես ԱՆՄԱ՛Հ էի:
Մի քանի օր անց ես ծիծաղեցի իմ դյուրահավատության վրա: Իմ ու հանգուցյալ ուսուցչիս հետ կապված՝ ճշմարիտ էր հին ասացվածքը, ըստ որի՝ ‹‹…Ոչ մի մարգարէ ընդունելի չէ իր հայրենիքումը»:[3] Ես սիրում էի նրան որպես մարդու, հարգում էի նրան որպես գիտնականի, սակայն ծաղրում էի այն տեսակետը, որ նա կարող էր իշխել մութ ուժերին։ Ես ծիծաղում էի սնահավատ վախերի վրա, որոնցով նրան վերաբերվում էին տգետները: Նա իմաստուն փիլիսոփա էր, սակայն չէր ճանաչում այլ հոգիների, քան նրանք, ովքեր մսից ու արյունից են: Նրա գիտությունը ընդամենը մարդկային էր, իսկ մարդկային գիտությունը, ինչպես կարճ ժամանակ անց կարողացա համոզել ինքս ինձ, երբևէ չէր կարող այնպես տիրել բնության օրենքներին, որ կարողանար հոգին հավիտյան բանտարկել իր մարմնական կացարանում: Կոռնելիոսը պատրաստել էր հոգին կազդուրող ըմպելիք՝ ավելի արբեցնող, քան գինին, ավելի քաղցր ու անուշաբույր, քան ցանկացած միրգ: Այն, հավանաբար, օժտված էր բուժիչ ուժով. ցնծություն էր հաղորդում սրտին ու եռանդ՝ վերջույթներին, սակայն դրա ազդեցությունը պիտի որ մարեր, այն արդեն իսկ թուլացել էր իմ մարմնում: Ես բախտավոր մարդ էի, որ խմելով ըմպելիքը՝ ձեռք էի բերել առողջություն, ուրախ տրամադրություն և, գուցե, երկար կյանք իմ ուսուցչի ձեռքով, բայց իմ բախտավորությունը հենց այդքանով ավարտվում էր. երկարակեցությունն ու անմահությունը բոլորովին տարբեր բաներ են:
Երկար տարիներ ես շարունակում էի ապրել այս համոզմունքով: Երբեմն ուղեղումս այս միտքն էր ծագում՝ մի՞թե ալքիմիկոսն իսկապես խաբվել էր: Սակայն ես հաստատապես համոզված էի, որ սահմանված ժամանակին ինձ սպասվում է Ադամի բոլոր զավակների համար նախատեսված ճակատագիրը՝ փոքր-ինչ ուշ, բայց մարդու համար բնական տարիքում: Այդուհանդերձ, ակնհայտ էր, որ ես հրաշալիորեն երիտասարդ տեսք էի պահպանել: Այդքան հաճախ հայելու մեջ ինձ նայելու պատճառով ինձ ծաղրում էին ինքնասիրահարվածության համար, սակայն իզուր էի նայում հայելու մեջ. ճակատս հարթ էր, այտերս, աչքերս, ողջ տեսքս այնքան կատարյալ էր, որքան քսան տարեկանում:
Ես մտահոգված էի: Ես նայում էի Բերթայի թոշնող գեղեցկությանը. ես ավելի շատ նրան որդի կսազեի: Աստիճանաբար հարևաններն էլ սկսեցին նման ակնարկներ անել։ Ի վերջո, պարզեցի, որ ինձ Կախարդված գիտնական մականունն էին տվել: Բերթան ինքն էլ սկսեց անհանգստանալ: Նա խանդոտ ու դյուրագրգիռ դարձավ և, ի վերջո, սկսեց կասկածել ինձ: Մենք երեխաներ չունեինք. անվերապահորեն միմյանց էինք պատկանում և, անկախ այն բանից, որ նա ծերանում էր, իսկ նրա կենսուրախ ոգուն քիչ-քիչ գումարվում էր վատ բնավորությունը, իսկ գեղեցկությունը, ցավոք, մարում էր, իմ սրտի մեջ ես շարունակում էի փայփայել նրան որպես պաշտելի տիկնոջ, կնոջ, ում փնտրել ու գրավել էի այսպիսի կատարյալ սիրով:
Ի վերջո, մեր դրությունն այլևս անտանելի դարձավ. Բերթան հիսուն տարեկան էր, ես՝ քսան: Ես, ամոթից դրդված, որոշ չափով յուրացրել էի պատկառելի տարիքին բնորոշ սովորությունները. պարելիս այլևս չէի խառնվում կենսուրախ երիտասարդներին, այլ զսպում էի ոտքերս, մինչդեռ սիրտս դեպի նրանց էր ձգտում: Որքան ողորմելի էի ես մեր գյուղի նեստորների[4] մեջ: Սակայն մինչև իմ հիշատակած պահը շատ բաներ փոխվեցին. մեզնից համընդհանուր կերպով խուսափում էին։ Շշուկներ էին պտտվում, որ մենք (համենայն դեպս, ես) չարանենգ կապի մեջ էինք իմ նախկին ուսուցչի ենթադրյալ ընկերներից մի քանիսի հետ: Խեղճ Բերթային կարեկցում էին, բայց խուսափում էին նրանից: Ինձ սարսափով ու ատելությամբ էին նայում:
Ի՞նչ կարող էինք անել: Ձմռանը նստում էինք վառարանի մոտ. աղքատությունն արդեն զգացնել էր տալիս, քանի որ ոչ ոք չէր գնում մեր ֆերմայի արտադրանքը, և ես հաճախ ստիպված քսան մղոն ճանապարհ էի անցնում ու մեր ունեցվածքը վաճառելու համար գնում էի այնպիսի վայրեր, որտեղ ինձ չէին ճանաչում: Ճիշտ է՝ սև օրվա համար խնայողություններ էինք արել: Ահա և եկավ այդ օրը:
Մենք նստում էինք մեր միայնակ բուխարու մոտ՝ ծեր սրտով երիտասարդն ու իր պառավ կինը: Բերթան կրկին պահանջեց պատմել ճշմարտությունը: Նա ամփոփեց այն ամենը, ինչ երբևէ լսել էր իմ մասին՝ ավելացնելով սեփական դիտարկումները: Բերթան թախանձում էր ինձ հանել կախարդանքը, նկարագրում էր՝ որքան ավելի վայելուչ էին ալեհեր մազերն իմ շագանակագույն խոպոպների համեմատությամբ, երկար խոսում էր տարիքով պայմանավորված ակնածանքի ու հարգանքի մասին, և թե որքան գերադասելի էր դա, քան այն խղճուկ ուշադրությունը, որ հատկացվում է սովորական երեխաներին: Կարո՞ղ էի պատկերացնել, որ երիտասարդության ատելի պարգևներն ու բարետեսությունը կարող են ավելի ծանրակշիռ լինել, քան անպատվությունը, ատելությունն ու արհամարհանքը: Ոչ, վերջ ի վերջո, ինձ պետք է այրեին մութ ուժերի հետ գործ ունենալու համար, իսկ նա, ում անգամ չէի բարեհաճել հատկացնել իմ երջանկության որևէ մասը, պետք է քարկոծվեր որպես իմ հանցակից: Որպես ամփոփում՝ նա ակնարկեց, որ պետք է կիսեի իմ գաղտնիքն իր հետ և շնորհեի նրան այնպիսի պարգևներ, որոնք ես ինքս էի վայելում, այլապես կմատներ ինձ, և ապա դառը արցունք թափեց:
Այդպես, ճնշման տակ ես որոշեցի, որ լավագույն տարբերակը ճշմարտությունը պատմելն էր: Ես բացահայտեցի այն հնարավորինս մեղմ ձևով, խոսեցի միայն երկարակեցության, բայց ոչ անմահության մասին. նման պատկերումը, իսկապես, լավագույնս համապատասխանում էր իմ սեփական մտքերին: Ավարտելով՝ ես վեր ելա ու ասացի.
‹‹Իսկ հիմա, իմ Բերթա, կդավաճանե՞ս երիտասարդ օրերիդ սիրուն: Չես դավաճանի, գիտեմ: Բայց չափազանց ծանր է, իմ խեղճ կին, որ դու ստիպված ես տառապել իմ դաժան ճակատագրի ու Կոռնելիոսի անիծյալ արարչագործության պատճառով: Ես կհեռանամ քեզնից. դու բավականաչափ ապահովված ես, իսկ իմ հեռանալուց հետո ընկերներդ նույնպես կվերադառնան: Ես կգնամ, երիտասարդ, որքան թվում եմ, և ուժեղ, որքան կամ, կարող եմ աշխատել ու վաստակել իմ հացը օտարների մեջ՝ առանց կասկածների տեղիք տալու, բոլորից անհայտ: Ես սիրել եմ քեզ երիտասարդ տարիներիս: Աստված է վկա, որ ես չէի լքի քեզ ծերության մեջ, բայց դա են պահանջում քո անվտանգությունն ու երջանկությունը››:
Ես վերցրեցի գլխարկս ու քայլերս ուղղեցի դեպի դուռը: Մի ակնթարթ հետո Բերթայի ձեռքերն արդեն իմ պարանոցի շուրջն էին, իսկ շուրթերը սեղմվել էին իմ շուրթերին: ‹‹Ոչ, իմ սիրելի ամուսին, իմ Ուինցի,— ասաց նա,— դու մենակ չես գնա, տա՛ր ինձ քեզ հետ: Մենք կհեռանանք այս վայրից և, ինչպես դու ես ասում, օտարների մեջ կասկածների տեղիք չենք տա ու անվտանգ կլինենք: Ես այնքան ծեր չեմ, որ ամաչես ինձ համար, իմ Ուինցի, և ես վստահ եմ, որ կախարդանքը Աստծո օրհնությամբ շուտով կանցնի, ու դու, ինչպես հարկն է, ավելի հասուն տեսք կունենաս: Դու չպետք է հեռանաս ինձնից››:
Ես սրտանց պատասխանեցի այդ բարի էակի գրկախառնությանը: ‹‹Չեմ հեռանա, իմ Բերթա, բայց հանուն քեզ ես նման բան չէի էլ մտածել: Ես կլինեմ քո ճշմարիտ, հավատարիմ ամուսինը, քանի դեռ նվիրված ես ինձ, և մինչև վերջ կկատարեմ իմ պարտականությունները քո հանդեպ››:
Հաջորդ օրը մենք գաղտնի պատրաստվեցինք փախուստի: Մենք ստիպված էինք մեծ դրամական զոհաբերությունների գնալ. դա անխուսափելի էր: Մենք ձեռք բերեցինք այնքան գումար, որ բավական կլիներ առնվազն մեր գոյությունը պահպանելու համար, քանի դեռ Բերթան կենդանի էր, և առանց որևէ մեկի հրաժեշտ տալու հեռացանք մեր մայրենի երկրից՝ ապաստան գտնելու արևմտյան Ֆրանսիայի մի հեռավոր անկյունում:
Դաժան էր Բերթային իր հայրենի գյուղից ու երիտասարդության տարիների ընկերներից կտրել ու տեղափոխել նոր երկիր՝ նոր լեզվով, նոր սովորություններով: Իմ ճակատագրի տարօրինակ գաղտնիքի պատճառով այս տեղափոխությունն ինձ համար անէական եղավ, սակայն ես խորապես կարեկցում էի նրան և հաճույքով էի հետևում, որ նա իր դժբախտություններից մխիթարություն էր գտնում մի շարք փոքրիկ զվարճալի հանգամանքներում: Հեռու բոլոր փուչ բամբասկոտներից՝ հազարավոր կանացի հնարքների միջոցով նա փորձում էր նվազեցնել մեր տարիքների ակնհայտ անհամապատասխանությունը՝ կարմրաներկ, երիտասարդական զգեստ, միտումնավոր աղջկական վարք։ Ես չէի կարող բարկանալ։ Մի՞թե ես ինքս դիմակ չէի կրում։ Վիճեի՞ նրա հետ, որովհետև նա ավելի անհաջո՞ղ էր ձևացնում։ Ես խորապես վշտացա, երբ հիշեցի, որ սա՝ այս կոտրատվող, ինքնահավան, խանդոտ ծեր կինը, իմ Բերթան էր՝ սև աչքերով, թուխ վարսերով, եղնիկի քայլվածքով, դյութիչ ու չարաճճի ժպիտով, նա, ում սիրել էի այդքան մեղմորեն ու շահել իմ սիրով։ Ես պետք է պաշտեի նրա սպիտակ մազերն ու կնճիռները։ Ես էի մեղավոր, գիտեմ, սակայն դրանից ես ավելի քիչ չէի խորշում մարդկային նմանատիպ թուլություններից։
Բերթայի խանդը միշտ արթուն էր: Նրա հիմնական զբաղմունքը կայանում էր նրանում, որ փորձում էր իմ մեջ ևս ծերության նշաններ գտնել՝ անկախ իմ արտաքին տեսքից: Ես իսկապես հավատում եմ, որ խեղճ էակը սրտի խորքում անկեղծորեն սիրում էր ինձ, սակայն երբեք ոչ մի կին այդքան տանջալից կերպով չի ցուցադրել իր քնքշանքը: Նա կնճիռներ էր նշմարում իմ դեմքին և զառամյալություն՝ քայլվածքիս մեջ, մինչդեռ ես թռչկոտում էի՝ լի պատանեկան ավյունով ու ավելի երիտասարդ տեսք ունեի, քան բոլոր քսանամյա երիտասարդները: Ես երբեք չէի համարձակվում խոսել որևէ այլ կնոջ հետ: Մի առիթով, պատկերացնելով, թե իբր գյուղի գեղեցկուհին ինձ սիրառատ աչքերով է նայում, նա ալեհեր կեղծամ բերեց ինձ համար: Իր ծանոթների շրջապատում նրա մշտական զրույցն այն մասին էր, որ, թեև ես այդքան երիտասարդ տեսք ունեի, իմ օրգանիզմի աշխատանքը խաթարվում էր: Բերթան պնդում էր, որ ամենավատ ախտանիշն իմ առևերևույթ առողջությունն էր: Նրա խոսքերով՝ իմ երիտասարդությունը հիվանդություն էր, և ցանկացած պահի ես պետք է պատրաստ լինեի եթե ոչ հանկարծակի ու ծանր մահվան, ապա գոնե արթնանալ մի առավոտ՝ ծերության բոլոր նշաններով՝ ամբողջովին ալեհեր ու կորացած մեջքով: Ես թույլ էի տալիս նրան խոսել, հաճախ էլ միանում էի նրա վարկածներին: Նրա նախազգուշացումները համահունչ էին սեփական վիճակիս մասին իմ անդադար մտորումների հետ, և ես լրջորեն, թեև ցավագին հետաքրքությամբ ունկնդրում էի այն ամենին, ինչ նրա արագաշարժ միտքն ու բորբոքված երևակայությունը ասում էին թեմայի վերաբերյալ:
Ինչո՞ւ անդրադառնալ այս չնչին հանգամանքներին: Մենք երկար տարիներ ապրեցինք միասին: Բերթան կաթված ստացավ ու գամվեց անկողնուն: Ես խնամում էի նրան ինչպես մայրը մանկանը: Նա չարանում էր և անդադար նույն կետի շուրջ էր պտտվում՝ որքա՞ն պետք է նրանից երկար ապրեի: Այն, որ բարեխղճորեն կատարել էի իմ պարտքը նրա նկատմամբ, իմ մխիթարանքի միակ աղբյուրն էր: Նա իմն էր եղել երիտասարդ տարիներին, իմն էր՝ ծերության մեջ: Իսկ երբ վերջապես հողին հանձնեցի նրա դին, ես դառը արցունք թափեցի՝ զգալով, որ կորցրեցի այն ամենը, ինչն իրականում կապում էր ինձ մարդկությանը:
Այդ ժամանակից ի վեր, որքա՜ն շատ էին իմ հոգսերն ու վշտերը, ու որքա՜ն փոքրաթիվ ու դատարկ՝ իմ վայելքները: Այստեղ էլ վերջ կտամ իմ պատմությանը, այլևս չեմ շարունակի: Փոթորկոտ ծով նետված նավաստի՝ առանց ղեկի ու կողմնացույցի, հսկայական տափաստանում մոլորված ճամփորդ՝ առանց ուղենիշի կամ ուղղորդող աստղի: Այսպիսին եմ եղել՝ ավելի մոլորված, ավելի հուսահատ, քան նրանցից ցանկացածը: Ինչ-որ մոտեցող նավ, խրճիթից առկայծող լույսի շող գուցե փրկեր նրանց: Իսկ ինձ համար չկա փարոս, բացի մահվան հույսից:
Մա՛հ: Թույլ մարդկության ահեղ ու խորհրդավոր բարեկամ: Ինչո՞ւ ես բոլոր մահկանացուներից հենց ի՛նձ դուրս նետել քո ապաստանից: Օ՜, գերեզմանի հանգստության, երկաթյա դամբարանի քար լռության համա՛ր: Այդ միտքը կդադարեր ուղեղս կրծել, իսկ սիրտս այլևս չէր բաբախի այնպիսի հույզերից, որոնց տարբերությունը միայն տխրության նորանոր դրսևորումներում էր:
Մի՞թե անմահ եմ ես: Կրկին վերադառնում եմ իմ առաջին հարցին: Առաջին հերթին, հավանական չէ՞ արդյոք, որ ալքիմիկոսի ըմպելիքն իր մեջ պարունակում էր երկարակեցություն, այլ ոչ թե հավերժական կյանք: Սա է իմ հույսը: Բացի այդ, հարկ է հիշել, որ նրա պատրաստած դեղի միայն կեսն էի խմել: Միգուցե, կախարդանքի իրականացման համար անհրաժեշտ էր խմել ամբողջը: Իսկ խմել Անմահության Ըմպելիքի կեսը՝ ոչ այլ ինչ է, եթե ոչ դառնալ կիսով չափ անմահ: Հետևաբար, իմ Հավերժությունը կընդհատվի ու կվերածվի զրոյի:
Բայց նորից, ո՞վ կարող է հաշվել՝ քանի տարի է կազմում հավերժության կեսը: Հաճախ փորձում եմ պատկերացնել, թե ինչ կանոնով կարելի է բաժանել անսահմանությունը: Երբեմն պատկերացնում եմ՝ ինչպես է ծերությունը մոտենում ինձ: Ես արդեն գտել եմ մի սպիտակ մազ: Խեղկատա՛կ: Բողոքո՞ւմ եմ արդյոք: Այո, հաճախ ծերության ու մահվան վախից սարսուռ է պատում սրտիս, և որքան ավելի երկար եմ ապրում, այնքան ավելի եմ սարսափում մահից՝ նույնիսկ ատելով կյանքը: Այսպիսին է մարդու առեղծվածը՝ ծնվել՝ մահանալու համար. նա, ինչպես ես, պայքարում է սեփական բնույթի սահմանված օրենքների դեմ:
Սակայն, չլիներ այս տարօրինակ զգացումը, ես, անշուշտ, կարող էի մահանալ. ալքիմիկոսի դեղը չէր կարող անխոցելի լինել կրակի, սրի ու մահաբեր ջրերի դեմ:
Ես հայացքս սևեռում էի շատ ու շատ անվրդով լճերի կապտագույն խորքերին ու բազում հզոր գետերի բուռն հոսքին և ասում, որ խաղաղությունն է տիրում այդ ջրերին, այդուհանդերձ, հեռացնում էի քայլերս՝ ևս մեկ օր ապրելու համար: Ինքս ինձ հարցրել եմ՝ արդյո՞ք ինքնասպանությունը հանցանք է մի մարդու համար, ում առաջ միայն այդպես կարող են բացվել այն աշխարհի դարպասները: Ես ամեն ինչ եմ փորձել, բացառությամբ որպես զինվոր կամ մենամարտող հանդես գալը՝ խոցելի իմ (ո՛չ, ո՛չ իմ) մահկանացու եղբայրների համար, և, հետևաբար, հետ եմ քաշվել: Նրանք իմ եղբայրները չեն: Իմ մարմնին տիրող անմար ուժը և նրանց վաղանցիկ գոյությունը բաժանում է մեզ հակադիր բևեռների: Նրանցից ոչ ամենադաժանի, ոչ էլ ամենահզորի դեմ ես չէի կարող ձեռք բարձրացնել:
Այսպես ապրեցի ես երկար տարիներ՝ միայնակ ու հոգնած ինքս ինձնից, մահվան ծարավ, բայց երբեք չմահացող անմահ մահկանացու: Ո՛չ փառասիրությունը, ո՛չ մեծամտությունը չեն կարող թափանցել իմ միտքը, իսկ կրակոտ սերը, որ տանջում է սիրտս, հավերժ անպատասխան կմնա և երբեք չի գտնի ինձ հավասար մեկին, ում կնվիրվի, քանզի ապրում է լոկ ինձ տանջելու համար:
Հենց այսօր ուղեղումս հղացավ մի ծրագիր, որով կարող եմ վերջ տալ այս ամենին՝ առանց ինքնասպանություն գործելու և առանց որևէ մեկին Կայեն դարձնելու. կգնամ մի այնպիսի արշավի, որից մարդկային մարմինը ունակ չէ կենդանի դուրս գալ, նույնիսկ եթե օժտված է այնպիսի երիտասարդությամբ ու ուժով, որ տիրում են ինձ: Այսպիսով, ես կփորձարկեմ իմ անմահությունը և կա՛մ մեկընդմիշտ հանգիստ կգտնեմ, կա՛մ կվերադառնամ՝ ի զարմանս ու ի բարօրություն մարդկային տեսակի:
Նախքան գնալս թշվառ ունայնությունը ստիպում է ինձ գրի առնել այս էջերը: Չեմ ուզում մահանալ ու մնալ անանուն: Երեք դար է անցել այն օրից, երբ ճաշակեցի ճակատագրական ըմպելիքը, մինչև ևս մի տարի կանցնի, հսկայական վտանգների հանդիպելով, կռվելով անհաջողության ուժերի դեմ իրենց իսկ տանը, սովի, ծանր աշխատանքի ու փոթորիկների ճիրաններում՝ ես հրաժարվում եմ այս մարմնից, որ չափից դուրս ամուր վանդակ է այն հոգու համար, որ ազատության ծարավ է, և հանձնում եմ այն օդի ու ջրի կործանարար տարրերին, իսկ եթե կենդանի մնամ, իմ անունը կանմահանա որպես մեկը՝ մարդկության ամենահայտնի զավակներից, և ավարտին հասցնելով իմ գործը՝ ես կդիմեմ ավելի վճռական միջոցների և, ցիրուցան անելով ու ոչնչացնելով իմ մարմինը կազմող ատոմները, ազատություն կտամ ներսումս բանտարկված կյանքին, որին այդքան դաժանորեն խանգարել են այս ձանձրալի հողից վեր ճախրել դեպի մի այնպիսի տարածություն, որ ավելի համահունչ է իր անմահ էությանը:

Ծանոթագրություններ
[1] Թափառող հրեա – ըստ առասպելի՝ Թափառող հրեա անունը տրվել է մի հրեայի, ով ծաղրել է Խաչելության գնացող Հիսուսին և դատապարտվել է տառապալից անմահության ու անվերջ դեգերումների:
[2] Նուրջահադ – խոսքը անգլո-իռլանդացի գրող Ֆրենսիս Շերիդանի (1724-1766) «Նուրջահադի պատմությունը» (1767) «արևելյան» վեպի գլխավոր հերոսի մասին է, որը, ձգտելով անմահության ու հարստության, ի վերջո, հասկանում է այդ ցանկությունների սին լինելը:
[3] Մեջբերում Աստվածաշնչից: «Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ոչ մի մարգարէ ընդունելի չէ իր հայրենիքումը» (Ղուկաս 4:24):
[4] Նեստոր – հին հունական դիցաբանության և գրականության մեջ (մասնավորապես, Հոմերոսի «Իլիական»-ում) Նեստորը Տրոյական պատերազմին մասնակցած ամենածեր հունական թագավորն էր, որ հայտնի էր իր հարուստ կյանքի փորձով, ողջախոհությամբ ու ճարտասանությամբ:
Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *