Լիոնել Մեսսին այնքան վաղուց է դասվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքին, որ անհավատալի է թվում, որ արդեն հասուն տարիքում կարող էր անախորժ հարաբերություններ ունենալ հայրենի Արգենտինայի հետ։ Արգենտինացի գրող էրնան Կասիարին (1971 թ.), սակայն, բացահայտում է շատ անսպասելի ծալքեր։
Կասիարին շատ հայտնի է Արգենտինայում, բայց համարյա չի թարգմանվել այլ լեզուներով՝ հավանաբար «տեղական» թեմաներին նախապատվություն տալու բերումով։ Նա հեղափոխություն է արել գրահրատարակչական ոլորտում՝ առցանց խիստ հասանելի դարձնելով իր տպագրած գրքերը։
Արգենտինական մեդիան գրել է հրապարակվող էսսեի մասին՝ «մի ստեղծագործություն, որը ստիպել է Մեսսիին արտասվել»… Եվ ոչ միայն՝ Մեսսիին։ Ընթերցողներին նույնպես։ Հայերիս քաջ ծանոթ է տարագրությունը՝ դուք ևս կհանդիպեք այս էսսեում բազմաթիվ հուզիչ պահերի։
«Լիոնելի ճամպրուկը» հրապարակվում է կրճատումներով, որոնք հիմնականում վերաբերում են «արգենտիներենի» և «դասական» իսպաներենի, Արգենտինայի և Իսպանիայի կենցաղային մշակույթի տարբերություններին, և կպահանջեին հարյուրավոր ծանոթագրություններ։
ԼԻՈՆԵԼԻ ՃԱՄՊՐՈՒԿԸ
Առաջին անգամ «Մեսսի» ազգանունը լսել եմ Բարսելոնայի՝ արգենտինացիների համար նախատեսված զրուցարանում։ Դա համացանցի նախապատմական շրջանն էր՝ Facebook-ը դեռ գոյություն չուներ։ Երբ միացնում էինք համակարգիչը, ունեինք միայն պոռնո ու CD-ներ ներբեռնելու օրակարգ (մի երգը քաշում էր մի օրում) և տոննաներով զրուցարաններ՝ չաթեր։ Ես համացանցից արգենտինյան հեռուստասերիալներ ու գրքեր էի ներբեռնում անօրինական ձևով, Բարսելոնայի արգենտինացիների չաթն էլ իմ ուրախությունն էր։ Սիրում էի հարցերը կարդալ վաղ առավոտյան և 2003 թվականին չաթում պատասխանում էի նոր եկած արգենտինացիների հարցերին, ինչպես որ երկու տարի առաջ ինքս էի այն օգտագործել օգնություն խնդրելու համար։
Գիտե՞ք խանութներ, որտեղ միսը կտրտում են մարդավարի… Ինչո՞ւ այստեղ կրպակներ չկան… Ճանաչու՞մ եք Բուենոս Այրեսի արվարձան Ռոսարիոյից այդ երեխային։ Ո՞ր երեխային… Նրա ազգանունը Մեսսի է, շատ է սիրում «Բարսա Բ»-ը։ Խաղալու է շաբաթ օրը, TV3-ի ուղիղ եթերում։ Լիոնել։ Ես ճանաչում եմ ընտանիքին. նա խաղացել է Նյուելսի երիտասարդական ցանցում, և Բարսելոնան նրան գնել է։ Խաղը ժամը 10:30-ին է։
Հետագայում իմացա, որ Մեսսին Կատալոնիա էր եկել ծնողների և քույրերի ու եղբայրների հետ, ինչպես և մեզնից շատերը 2000 թվին՝ լիովին անպաշտպան։ Ամեն մեկս իր պատճառն ուներ այստեղ գալու համար, բայց, ի վերջո, ամեն ինչ հանգում էր երկու բանի՝ փող ու կայունություն: Իր ծննդավայր Ռոսարիոյում Մեսսիին ախտորոշել էին աճի հորմոնի անբավարարություն, իսկ նրա ծնողները բուժման փող չունեին: «Բարսան» տեսավ տղայի ներուժը և համաձայնեց հոգալ ծախսերը: Արգենտինական չաթում ասում էին, որ ներարկումները արժեն ամիսը հազար եվրո: Եվ որ Մեսսիի ամբողջ ընտանիքը ամեն ինչ թողել էր ու տեղափոխվել, չնայած քույրերից մեկը չէր կարողացել հարմարվել: Մենք չգիտեինք՝ ճի՞շտ էր այդ ամբողջը, թե՞ ոչ, բայց մեզ դուր էին գալիս բոլոր լուրերը, որոնք արգենտինական թեմաներով էին: Չաթը ժամանակակից վարսավիրանոցի էր նման: Մեր սիրելի քաղցր կաթն ու դրամական փոխանցումների «Վեսթերն Յունիոն» համակարգը որոնումների ամենատարածված թեմաներն էին, բայց «Լիոնել Մեսսին» հանկարծ սկսեց դառնալ զրույցի նոր թեմա: Ինչ-որ մեկը, որ, կարծես, կապ ուներ ընտանիքի հետ, թարմ տեղեկություններ էր տալիս. 13-15 տարեկան հասակում Մեսսին օրական երկու ներարկում էր ստանում, որոնք նրան օգնեցին աճել ավելի քան քսան սանտիմետր: Նա հասավ 1.70 մետրի և 40 համարի խաղակոշիկների, բայց ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ մարզվում էին «Բարսելոնայի» երիտասարդական թիմի խաղացողները՝ «Լա Մասիա»-ում, նրան դեռ կոչում էին «Լա Պուլգա» (Լու)։ Ամեն շաբաթվա վերջին զրուցարանը խոսում էր նրա խփված գոլերի ու խաղաոճի մասին, բայց իմ գիշերային կենսակերպը թույլ չէր տալիս, որ զարթնեմ շաբաթ առավոտ տասին ու նայեմ։ Մինչև մի գիշեր այնքան արթուն մնացի, որ շաբաթ օրը լուսացավ։
Արևը բարձր էր, ու ես չէի կարողանում քնել։ Հոգնած աչքերով միացրի TV3-ի երիտասարդական ֆուտբոլի ծրագիրը, և անմիջապես, ինչպես բոլոր նրանք, ովքեր արդեն դիտել էին այն, տեսա հրաշքը։ Լիոնել Մեսսին՝ այդքան հաճախ հիշատակվող տղան, խփում էր ինչ-որ ապագա դարաշրջանի գոլեր, կատարում անհնարին փոխանցումներ և անում դրիբլինգներ, որոնք կարելի է տեսնել միայն հողե տոփանած դաշտերում։ Ես սկսեցի հասկանալ զրուցարանի ոգևորությունը։ Մենք՝ արգենտինացիներս, որ Բարսելոնա էինք եկել 2000-ին, հենց նոր էինք վերապրել Աշխարհի գավաթի ամենահոռի ֆուտբոլային մղձավանջը։ Դուրս էինք մնացել առաջին փուլում և երեք սարսափելի գիշերվա ընթացքում ականատես էինք եղել այդ ֆիասկոյին՝ հայրենիքից հեռու։ Մենք՝ ներգաղթյալներս, երբեք չէինք նայել Աշխարհի գավաթը արտասահմանից։
Ուրիշ երկրում ապրելու առաջին ամիսները դրամատիկ չեն։ Սկզբում ամեն ինչ արկածախնդրության համ ունի, և նույնիսկ անհարմարություններն են յուրահատուկ թվում։ Բայց գլխիդ հարված ես ստանում, երբ առաջին անգամ քեզ մենակ ես զգում։ Երբ ոչ ոք քեզ չի հասկանում։ Երբ կողքիդ մարդը քեզ հետ միաժամանակ լաց չի լինում կամ ծիծաղում։ Եվ դա մեզ հետ պատահեց Աշխարհի առաջնության կեսին, որն անցկացվում էր Կորեայում ու Ճապոնիայում։ Խաղերը վաղ առավոտ էին՝ մենք չէինք կարող հավաքվել բարերում։ Ստիպված էինք նայել տանը՝ մենակ։ Մենք հաղթեցինք Նիգերիային անողոքաբար, իսկ հետո, երբ պարտվեցինք Անգլիային, հայտնվեցինք անդունդի եզրին։ Երրորդ խաղի գիշերը, վերջին գիշերը, ոչ-ոքի խաղացինք Շվեդիայի հետ ու դուրս մնացինք Աշխարհի առաջնությունից։ Բարսելոնայում հազարավոր արգենտինացիներ կային։ Մենք միայնակ լաց էինք լինում վաղ առավոտյան՝ անմխիթար։ Եվ հիմա ես մտածում եմ, որ եթե այդ գիշեր մեկը մեր ականջին շշնջար, որ կա տասնչորս տարեկան մի տղա, որին օրական երկու ներարկում են անում, որպեսզի հասակն աճի, մի տղա, որի հետ նույն քաղաքում ենք՝ Բարսելոնայում, մի տղա, որը երազում էր աշխարհի չեմպիոն դառնալու մասին… եթե մեզ ինչ-որ մեկն ասեր, որ Լիոնել Մեսսին արդեն գոյություն ունի, 2002 թվականի այդ հունիսյան այգաբացին մենք քուն կմտնեինք խաղաղ։
Բայց մենք նրա գոյության մասին իմացանք միայն մեկ տարի անց, և, իհարկե, սկսեցինք երազել ապագայի մասին: 2003-2004 մրցաշրջանում Լիոնել Մեսսին խաղաց երեսունյոթ խաղ (բաշխված «Յուվենիլ Բ»-ի, «Յուվենիլ Ա»-ի, «Բարսա Ս»-ի և «Բարսա Բ»-ի միջև) և խփեց երեսունհինգ գոլ: Նրա գոյության լուրն արդեն տարածվում էր քաղաքի փողոցներում: Զրուցարանում մենք իմացանք, որ Իսպանիայի ֆեդերացիան սկսել է նրան քաղաքացիություն տալու գործընթաց, որպեսզի Մեսսին կարողանա պայմանագիր կնքել ազգային հավաքականի հետ, բայց… Արգենտինան արագ կազմակերպեց, որ նա ընկերական խաղի մասնակցի Պարագվայի դեմ՝ քաղաքացիություն ստանալու համար, և մենք թեթևացած շունչ քաշեցինք: Լիոնելի համբավն աճում էր: Կատալոնյան հեռուստատեսության առավոտյան վարկանիշները՝ երիտասարդական ֆուտբոլի այդ շաբաթ օրերին, երբեմն գերազանցում էին երեկոյան հաղորդումներին: Եվ մարդիկ արդեն խոսում էին «այս երեխայի» մասին բարերում և «Կամպ Նոու»-ի տրիբունաներում: Միակը, ով չէր խոսում, նա էր. խաղից հետո հարցազրույցներում դեռահաս տղան բոլոր հարցերին պատասխանում էր՝ «այո», «ոչ», «շնորհակալություն», ու ցած էր նայում: Զրուցարանում, որտեղ երկուշաբթի օրերին քննարկում էինք այս թեման, մենք կնախընտրեինք ավելի ասող-խոսող խաղացողի։ Միաժամանակ Բարսելոնայում ապրող արգենտինացիներս նկատեցինք մի լավ բան՝ երբ Լիոնել Մեսսին վերջապես մի փոքր երկար նախադասություն կազմեց, նա կուլ տվեց բառավերջի բոլոր «ս» հնչյունները, ինչպես անում է Ռոսարիոյի ժողովուրդը։ Եվ ոչ միայն դա… Եվ մեզանից ոմանք թեթևացած շունչ քաշեցին, որ նա մեզնից մեկն է, նրանցից մեկը, ովքեր ճամպրուկները չէին տարել տան հեռավոր անկյուն։
Ես Մեսսիի բոլոր գոլերն ունեմ մեկ «Տորենտ»-ում. եթե ինչ-որ մեկը ուզում է, հղումը տամ։ Կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես բացատրեմ «bife de chorizo»-ն բարսելոնացիներին։ Ընկերներ, ձեռքներդ սրտներիդ դրեք՝ տեղական քաղցր կաթն շատ ավելի լավն է, քան մերը։ Շշշը՛շ։ Սո՛ւս։ Եթե լսեմ, որ փողոցում էդպիսի բան ես ասել, կծեծեմ։ Չաթում կարող ենք քննադատել, բայց դրսում՝ ոչ, պարզ է, չէ՞։ … Գիտեի՞ր, որ Մեսսին աշխարհում միակ խաղացողն է, որը մեկ տարում շահել է բոլոր չորս եվրոպական գավաթները։ …Ես գնացի մեկի տուն խմելու, ախպեր, իսկ ինքը դուռը չբացեց։ Դու երևի առանց նախազգուշացման ես գնացել։ Մի՛ արա, այստեղ մարդիկ քո և իրենց միջև պարիսպ կքաշեն։
Մի շաբաթով արգենտինացի դերասան էր եկել Բարսելոնա, նա, ի տարբերություն մի ուրիշ հայտնի դեմքի, միայն լավ բաներ էր պատմում հայրենիքի մասին։ Առանց մեր խնդրանքի՝ նա մեր լուռ դեսպանն էր, որը բարիք էր գործում այն բոլորի համար, ովքեր ճամպրուկները իրենց կողքին էին պահում։ Նույնը եղավ Լիոնել Մեսսիի պարագայում։ Երբ նա դարձավ «Բարսայի» անվիճելի տասը համարը, մենք տեսանք, որ նա երբեք չի դադարում արգենտինացի լինելուց։
Մենք նրա նվիրվածությունը հետևում էինք թերթերի լուսանկարների ու լրատվական թողարկումների միջոցով։ Արդյո՞ք նա դեռ մատեն ու թերմոսը հետը տանում է մարզական ճամբարներ, արդյո՞ք դիմադրում է հարցազրույցներին կատալոներեն պատասխանելու պարտադրանքին, արդյոք իր Discman-ում պահում է ավանդական երգեր։ Եվ մենք՝ ներգաղթյալներս, պարզեցինք, որ խոսվածքը պահպանելն ամենադժվարն էր։ Առաջին անգամ մենք Լիոնելի գիտակցված ջանքը նկատեցինք, երբ «Լա լիգայի» տիտղոսը նվաճելուց հետո խոսափողը դեմ տվեցին նրան Բարսայի իննսուն հազար երկրպագուների առջև։ «Կամպ Նոու» մարզադաշտում արդեն մութ էր, Մեսսին կատալոներեն ասաց հինգ բառ, որ նրան խորհուրդ էին տվել անպայման ասել, և՝ ութ բառ ևս, որոնք ներսից էին գալիս. «Visca el Barça, visca Catalunya… ¡y aguante Argentina, la concha de su madre!»։ («Կեցցե՛ Բարսան, կեցցե Կատալոնիան»՝ կատալոներեն, և «կեցցե՛ Արգենտինան», և «արգենտիներեն» մի տարածված հայհոյանք)։
Մենք՝ ներգաղթյալներս, հասկացանք, որ այդ ակնարկը Բարսայի երկրպագուների համար չէր, այլ մի խումբ արգենտինացիներիս, որոնք եկել էին 2000 թվականին և արդեն ապրում էին գաղթի ամենածանր մասը՝ դանդաղ ուծացումը։ Մենք սկսում էինք կորցնել մեր արտասանությունը և, քիչ-քիչ, սկսում էինք սիրել խաշած ձուկն ու խոզի մռութը։ Սարսափելի էր ընդունել, բայց այլևս 2003 թվականը չէր. եվրոպական արկածախնդրության ժամանակն ավարտվել էր։ Շատ տներում կային երեխաներ, որոնք խոսում էին այլ լեզվով։
…Եվ այստեղ, պատմության այդ պահին, Լիոնել Մեսսին դարձավ մեր ակամա առաջնորդը։ …Այդ երեխան, որը համարյա չէր բացում բերանը, որը համարյա ոչինչ չէր ասում, պահպանում էր մեր խոսվածքը։ Կատալոնական լրագրությունը միշտ նախանձել է արգենտինական մեդիային։ Երբ Մեսսին հարցազրույց էր տալիս Բուենոս Այրեսի լրատվամիջոցներին, նա ծիծաղում էր, ասում էր ամբողջ երկու կամ երեք ամբողջական նախադասություն, ցույց էր տալիս իր տունը, և եթե նրան խնդրեին, ասենք, կանաչ գլխարկ դնել, նա դա էլ կաներ։
Երբ Մեսսին դարձավ Բարսելոնայի ամենահայտնի մարդ-արարածը, չդադարեց բոլորովին արգենտինացի լինելուց։ Արգենտինյան չաթում մենք հիանում էինք, որ նա փաթաթվում էր մեր դրոշով՝ Եվրոպայի յուրաքանչյուր գավաթի հաղթահանդեսի պահին։ Մենք ծափահարեցինք նրա անհնազանդությունը, երբ Պեկին գնաց՝ առանց իր ակումբի թույլտվության, Արգենտինայի համար ոսկե մեդալ նվաճելու… թեև ուներ Պեպ Գվարդիոլայի աջակցությունը: Մենք հպարտ էինք, որ նա Սուրբ Ծնունդն անցկացրել է Ռոսարիոյում, չնայած հունվարին պետք է խաղար Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:
Մեսսին մեզ երջանկացրեց այնքան հանգիստ, բնական և մտերմիկ ձևով, որ երբ մեր հայրենիքից վիրավորանքի ալիք սկսվեց նրա հասցեին, մենք չկարողացանք ըմբռնել։ «Սառնասիրտ»։ «Դու միայն փողի մասին ես մտածում»։ «Դու չգիտես օրհներգի բառերը»։ «Դու չես զգում ազգային հավաքականի մարզաշապիկը»։ «Դու կատալոնացի ես, ոչ թե արգենտինացի»։ «Դո՛ւրս արի, Մեսսի, դո՛ւրս արի»։ «Վարձկան»։ Տարիներ են անցել, բայց դրանք լսելն ու կարդալը դեռ ցավ է պատճառում։ Մեզ բոլորիս համար, ովքեր զրուցարանից էին, չկար ավելի սարսափելի մղձավանջ, քան աշխարհի ամենասիրելի վայրից արհամարհական ձայներ լսելը։ Ոչ էլ՝ ավելի անտանելի ցավ, քան Մեսսիի ավագ որդու մանկական ձայնը լսելը. «Հայրի՛կ, ինչո՞ւ են քեզ մորթում Արգենտինայում»։ Այս հակամարտությունը զարհուրելի էր։
Մեսսին շարունակում էր բոլոր ֆուտբոլային ռեկորդները խփել «Բարսելոնայի» մարզաշապիկով, բայց չկարողացավ որևէ խոշոր հաղթանակ տանել Արգենտինայի ազգային հավաքականի հետ։ 2014 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինան, Մեսսիի գլխավորությամբ, զբաղեցրեց երկրորդ տեղը՝ Գերմանիայից պարտվելուց հետո, և պարտվեց Ամերիկայի գավաթի երեք եզրափակիչում, որոնցից վերջին երկուսն անընդմեջ Չիլիին՝ 2015 և 2016 թվականներին: Վերջին պարտությունից հետո (11 մետրանոց հարվածաշարում՝ 4-2 հաշվով պարտություն) Մեսսին, հանդերձարանից դուրս գալով, հայտարարեց ազգային հավաքականից հրաժարվելու մասին. «Արդեն չորս եզրափակիչ է, որ ես պարտվում եմ: […] Առաջին բանը, որ մտքիս եկավ հանդերձարանում, այն է, որ ամեն ինչ ավարտվել է, որ ազգային հավաքականն իմ տեղը չէ»:
Մեսսիի հրաժարականը 2016 թվականին կործանարար հարված էր Բարսելոնայի արգենտինական համայնքի համար, բայց նաև թեթևացում: Արգենտինայից եկող վիրավորանքները լայն տարածում չունեին, բայց մենք գիտեինք, որ ատելությունը միշտ ավելի բարձր է գոռում: Եվ մեզ հասան այդ ճիչերը: Մենք գիտեինք, դեռևս 2003 թվականից, թե որքան էր այդ ամաչկոտ տղան սիրում իր երկիրը, և գիտեինք այն ջանքերը, որ գործադրում էր կապը պահելու համար։ Մենք գիտեինք, բայց չէինք կարող արտահայտել։ Եվ պատմության այդ պահին Մեսսին կարծես մեզ ասում էր. «Մենք այլևս ոչինչ չենք կարող անել, տղերք, նրանք չեն ուզում, որ մենք տանը լինենք»։ Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ ժամանակակից ֆուտբոլի ամենաանսովոր և գեղեցիկ իրադարձությունը։ 2016 թվականի մի ցերեկ, երբ Լիոնելը հոգնել էր վիրավորանքներից ու որոշել էր հեռանալ, տասնհինգամյա մի տղա Ֆեյսբուքի իր էջում նամակ էր հրապարակել, որում ասվում էր. «Ինչպե՞ս քեզ համոզենք, որ մենք չենք կարողացել հասկանալ, որ դու մարդ ես՝ անզուգական տաղանդ, մոլորակի լավագույն խաղացողը, բայց, միևնույնն է՝ մարդ։ Ինչպե՞ս համոզենք քեզ, որ պատասխանատու չես այն զայրույթի համար, որը մենք զգացել ենք պարտվելիս, որը հաճախ կապված է եղել մեր սեփական հիասթափությունների հետ։ Արա այն, ինչ ուզում ես, Լիոնել, բայց խնդրում եմ՝ մտածի՛ր մնալու մասին։ Մնա քո հաճույքի համար, որովհետև այս մարդիկ հենց դա են խլել քեզանից։ Անհեթեթ ճնշումների աշխարհում նրանք կարողանում են խլել խաղի ամենաազնիվ բանը՝ հաճույքը»։
Էնցո Ֆերնանդեսը, որն այս նամակը տարածել էր Ֆեյսբուքի իր էջում, յոթ տարի անց դարձավ Քաթարի աշխարհի առաջնության առաջատար խաղացողը։ Եվ հետո մենք հասկացանք, որ Մեսսին վերադառնում է ազգային հավաքական (նա ինքն էր այդպես ասել), որպեսզի այն երեխաները, ովքեր նրան նամակներ և հաղորդագրություններ էին ուղարկում, չմտածեն, որ հանձնվելը կյանքում ընդունելի տարբերակ է։
Հեյ, տղերք, ձեզ հետ էլ պատահո՞ւմ է, որ երբ գնում եք Արգենտինա, ձեզ «իսպանացի» են ասում, իսկ երբ այստեղ եք՝ «հարավամերիկացի»։ …Չեմ կարծում, որ Մեսսին կվերադառնա. նա արդեն խաղացել է չորս աշխարհի առաջնությունում… Այստեղ ինձ «հարավամերիկացի» են անվանում, Արգենտինայում՝ «իսպանացի», մի օր էլ, երբ Հնդկաստան էի գնացել, ծեծվեցի, որովհետև թուրքի տեղ էին դրել։
Հակառակ այն ամենին, ինչ համարյա բոլորս էինք կարծում, Մեսսին վերադարձավ ազգային հավաքական՝ իր վերջին հարվածը կատարելու համար։ Բայց դա տեղի չունեցավ մեկ գիշերում, այլ աստիճանաբար։ Նախ՝ վերջապես շահեց Ամերիկայի գավաթը։ Անխել Դի Մարիայի հետ (վիրավորանքների մեկ այլ թիրախ) գրկախառնության մեջ մենք կարողացանք տեսնել, որ նրանք ծրագիր ունեն։ Արգենտինական չաթում մենք հասկացանք, որ նա նույն երեխան չէ, որին տեսել էինք առաջին հարցազրույցների ժամանակ։ Իսկ հետո Մեսսին հաղթեց 2022 թվականի Աշխարհի առաջնությունը՝ սկզբից մինչև վերջ՝ միաժամանակ լռեցնելով իր քննադատներին։
Հիմա, երբ որոշ ներգաղթյալներս վերադարձել ենք տուն, իսկ մյուսները մնացել են Իսպանիայում, մենք բոլորս վերջապես վայելեցինք Մեսսիի վերադարձը տուն՝ Աշխարհի գավաթով, աչքից հեռու չդրած իր ճամպրուկում։ Միայն նրանք, ովքեր երկար ապրել են ուրիշ երկրում, գիտեն, որ այս էպիկական պատմությունը չէր լինի, եթե տասնհինգամյա Լիոնելն իր ճամպրուկը խցկեր պահարանի հետևը։ Բայց, բարեբախտաբար, նա երբեք չկորցրեց իր խոսվածքը և չհանձնվեց իրեն քննադատողների ողորմածությանը։ Սա էր՝ ուրիշ պատճառ չկար, որ ամբողջ մարդկությունն այդքան ջերմորեն ցանկանում էր Լիոնել Մեսսիի վերջնական հաղթանակը։ Որովհետև ոչ ոք երբեք չէր տեսել այդքան համեստ մարդու համաշխարհային փառքի գագաթնակետին։ Մեսսիի համեստությունը կարելի է ամփոփել միով բանիվ, որը մենք՝ զրուցարանի ժողովուրդս, կարողացանք տեսնել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը. 2022 թվականի դեկտեմբերի մի սովորական օր, ինչպես՝ ամեն տարի, Մեսսին վերադարձավ Եվրոպայից՝ Սուրբ Ծնունդն իր ընտանիքի հետ Ռոսարիոյում անցկացնելու։ Ոչինչ ավելի։ Նրա սովորությունները չէին փոխվել։ Փոխվել էր մեկ բան. այս անգամ Լիոնելի ճամպրուկում Աշխարհի գավաթ կար։
Թարգմանությունը իսպաներենից՝ Վահրամ Մարտիրոսյանի
