Հերման Հեսսե | Պատերազմ և խաղաղություն


1946 թ. հրատարակված նախաբան (1946)

Այս գիրքը կազմելը հեղինակի համար հաճելի գործ չէր. այնպես չէր, որ այն ուրախ հիշողություններ և հաճելի պատկերներ կարող էր արթնացնել: Ընդհակառակը, յուրաքանչյուր ակնարկ ինձ ակնհայտորեն հիշեցնում էր տառապանքի, պայքարի, մեկուսացման, թշնամանքի և թյուրըմբռնման ժամանակների մասին, լուսավոր իդեալներից և հաճելի սովորություններից դառնությամբ հեռանալու մասին: Հետևաբար, այդ ստվերներին, որոնք այսօր ավելի տգեղ են և ավելի արդիական, քան՝ երբևէ, գեղեցիկ և լուսավոր մի բանով հակադրվելու համար այս նվիրական գրքում ես հիշատակել եմ ազնիվ, սիրելի ընկերոջ կերպարը և այն ողջ գեղեցկությունն ու մնայուն արժեքները, որոնք պարգևեցին ինձ այդ պայքարն ու տանջանքները: Ես մոռացա 1914 թվականի ամոթալի օրերին տեղի ունեցած շատ բաներ, երբ լույս տեսավ այս ակնարկներից առաջինը, բայց ոչ այն օրը, երբ Ռոմեն Ռոլանն ինձ իր գրքի ծանուցման հետ միասին ուղարկեց դրական արձագանքով իր նամակը: Ես ունեի ընկեր, հոգեհարազատ մարդ, մեկը, որն, ինչպես ես, զգայուն էր պատերազմի և հոգեխանգարմունքի հասցնող պատերազմական գործողությունների, արյունալի աբսուրդի նկատմամբ, պայքարում էր դրա դեմ: Եվ նա պարզապես ինչ-որ մեկը չէր, նա մի մարդ էր, որին ես բարձր էի գնահատում որպես «Ժան Քրիստոֆ»-ի առաջին հատորների հեղինակ (այդ ժամանակ ես նրա մասին ավելին չգիտեի), և որն ինձ գերազանցում էր քաղաքական պատրաստվածությամբ և իրազեկվածությամբ: Մենք մնացինք ընկերներ մինչև նրա մահը: Աշխարհագրական առումով մենք չափազանց հեռու էինք ապրում միմյանցից, մեծացել էինք չափազանց տարբեր մշակութային և հոգևոր միջավայրերում, որպեսզի ես դառնայի նրա հետևորդը և շատ բան կարողանայի սովորել նրանից քաղաքականության մասին: Բայց դա չէր կարևորը: Ես իմ քաղաքական ճանապարհը սկսել էի շատ ուշ, երբ գրեթե քառասուն տարեկան էի, արթնացել և ցնցվել էի պատերազմի սարսափելի իրականությունից, խորապես շփոթվել այն թեթևությունից, որով իմ նախկին գործընկերներն ու ընկերները մտան մոլոքի տնօրինության տակ, կորցրել առաջին մի քանի ընկերներին, զգացել այն հարձակումները, սպառնալիքներն ու վիրավորանքները, որոնցով, այսպես կոչված, բարդ ժամանակներում, հարմարվողականներն անվրեպ թիրախավորում էին անհատներին: Կասկածելի էր՝ կդիմանայի՞, չէի՞ կործանվի այն հակամարտության պատճառով, որը դժոխքի էր վերածել իմ նախկինում բավականին երջանիկ և արժանի ու հաջողակ կյանքը: Փրկություն և բախտ էր «թշնամու»՝ ֆրանսիական ճամբարից մեկին ճանաչելը, որը նույն կերպ խղճի ձայնն էր բարձրացրել ատելության և հիվանդ ազգայնականության խրախճանքներին մասնակցելու և խոնարհվելու պահանջի դեմ: Ես երբեք քաղաքական զրույցներ չեմ ունեցել Ռոմեն Ռոլանի հետ՝ ո՛չ պատերազմի տարիներին, ո՛չ էլ դրանից հետո, բայց չգիտեմ՝ կդիմանայի՞ այդ տարիներին առանց նրա մտերմության և ընկերասիրության: Արժե սրա մասին մտածել:

Այս գրքի փաստական պատմության մասին կարելի է ասել հետևյալը. 1914 թ. պատերազմի մասին մտորումների մեծ մասն այդ ժամանակ հրապարակվել է «Neue Zürcher Zeitung»-ում: Ես այդ ժամանակ (և մինչև 1923 թվականը) Գերմանիայի քաղաքացի էի: Այդ ժամանակվանից ի վեր Գերմանիայում ինձ երբեք չներեցին պատերազմի ոգին քննադատելու համար. չնայած, ինչպես այսօր, Գերմանիայի բնակչության որոշ հատված, պարտված պատերազմից անմիջապես հետո, իրեն շատ խաղաղասեր և ինտերնացիոնալիստ էր համարում, արձագանքում էր իմ մտքերին. իմ նկատմամբ անվստահությունը պահպանվեց, և ազգային սոցիալիզմի առաջին հաջողություններից առաջ ես կասկածյալների շարքում էի, ինձ դժվարությամբ էին հանդուրժում, քանի որ անցանկալի անձ էի պաշտոնական Գերմանիայում: Հիտլերի կուսակցությունն իր բացարձակ իշխանության շրջանում հաճույքով վրեժ լուծեց իմ գրքերից, իմ անունից և բեռլինյան իմ խեղճ հրատարակչից:

Իմ գրքի բովանդակությանը ծանոթ յուրաքանչյուր ոք կնկատի, որ ես որոշակի տարիների անդրադարձել եմ՝ դիտարկելով միայն «քաղաքական» կամ արդիական իրադարձություններ: Դրանից, սակայն, պետք չէ եզրակացնել, որ ես այդ ընթացքում կրկին քնել եմ և թողել, որ համաշխարհային պատմությունը մնա համաշխարհային պատմություն: Ինձ ցավ է պատճառում, որ ես դա չեմ կարողացել զգալ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իմ առաջին սարսափելի արթնացումից ի վեր: Եվ ցանկացած ոք, որը կուսումնասիրի իմ ողջ գործունեությունը, շուտով կհասկանա, որ նույնիսկ այն տարիներին, երբ ոչ մի արդիական ակնարկ հասանելի չէր, մեր ոտքերի տակ ծխացող դժոխքի, անխուսափելի աղետների և պատերազմի սպառնալիքների զգացողության մասին միտքը երբեք չի լքել ինձ: «Տափաստանի գայլ»-ը, որն, ի թիվս այլոց, մոտալուտ պատերազմի մասին սարսափելի նախազգուշացնող ճիչ էր, նկատողության և ծաղրի էր արժանանում, իսկ «Հուլունքախաղ» վեպում ընթերցողը բազմիցս կհայտնվի ժամանակավրեպ և անիրատեսական պատկերների աշխարհում, և այդ տոնն անընդհատ կարելի է լսել նաև բանաստեղծություններում:

Երբ ես իմ ակնարկներն անվանում եմ «քաղաքական», միշտ այն վերցնում եմ չակերտների մեջ, քանի որ դրանցում քաղաքական ոչինչ չկա, բացի այն մթնոլորտից, որում դրանք գրվել են: Ավելին, դրանք քաղաքականի հակադրությունն են, քանի որ այդ դիտարկումներից յուրաքանչյուրը չի փորձում ընթերցողին ուղղորդել դեպի համաշխարհային բեմ և ցույց տալ քաղաքական խնդիրները, այլ՝ դեպի նրա ներքին «ես»-ը, դեպի նրա անձնական խիղճը: Այս դեպքում ես համաձայն չեմ տարբեր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների հետ և կմնամ անուղղելի իմ համոզմունքում, որ մարդու, անհատի և նրա հոգու մեջ ճանաչում եմ տեղեր, որոնցում քաղաքական մղումներն ու ազդեցությունները չեն տարածվում: Ես անհատապաշտ եմ և քրիստոնեական երկյուղածությունը յուրաքանչյուր մարդկային հոգու նկատմամբ համարում եմ քրիստոնեության լավագույն և սրբազան արտահայտությունը: Հնարավոր է, որ ես պատկանում եմ արդեն կիսամեռ մի աշխարհի, որից ծնվում է մի կոլեկտիվ մարդ՝ առանց անհատական հոգու, և որը մաքրագործում է մարդկության ողջ կրոնական և անհատական ավանդույթը: Ցանկանու՞մ եմ դա, թե՞ վախենում եմ՝ իմ գործը չէ: Ես ստիպված էի ծառայել այն աստվածներին, որոնց ես ընկալում էի որպես կենսունակ և օգնության պատրաստ, և ես փորձում էի դա անել նույնիսկ այն դեպքերում, երբ ինձ պատասխանում էին թշնամանքով կամ քամահրանքով: Այն ո՛չ գեղեցիկ, ո՛չ էլ հարմարավետ ճանապարհ էր, որը ես պետք է անցնեի՝ ընտրություն կատարելով աշխարհի պահանջների և իմ սեփական հոգու պահանջների միջև: Ես չէի ցանկանում կրկին անցնել այդ ճանապարհով, քանի որ այն ավարտվում է տխրությամբ և մեծ հիասթափությամբ: Այնուամենայնիվ, ես համաձայն եմ, որ իմ առաջին զարթոնքից ի վեր, ինչպես իմ գործընկերների և քննադատների մեծամասնությունը, ես չեմ կարողացել ամեն ինչ վերստին սովորել մի քանի տարին մեկ անգամ և մեկ գաղափարախոսությունից անցում կատարել մյուսին:

Երեսուն տարի առաջվա իմ առաջին զարթոնքից սկսած՝ իմ վարքագիծը, բարոյական արձագանքը ամեն մի հայտնի քաղաքական իրադարձությանը եղել է բնազդային և ոչ հարկադրված. իմ դատողությունները երբեք չեն փոփոխվել: Քանի որ ես լիովին ապաքաղաքական անձնավորություն եմ, այդ հուսալի արձագանքն ինձ զարմացնում էր, և ես բացահայտ մտորում էի այն աղբյուրների մասին, որտեղից ծագել էր այդ բարոյական բնազդը, այն դաստիարակների և ուսուցիչների մասին, որոնք, առանց ինձ համակարգված ձևով քաղաքականության մեջ ներգրավելու, այնպես էին ինձ ձևավորել, որ ես միշտ վստահ էի իմ դատողության մեջ և ունեի միջինից բարձր դիմադրողականություն՝ զանգվածային հոգեկան խանգարումների և ցանկացած բնույթի հոգեբանական գրոհների նկատմամբ: Պետք է հասկանալ, թե ինչն է մարդուն դաստիարակել, ձևավորել և կրթել, ուստի, հարցը հաճախակի քննարկելուց հետո, պետք է ասել. ինձ ողջ կյանքի ընթացքում դաստիարակել են երեք ուժեղ և ազդեցիկ անհատականություններ: Դա իմ ընտանիքի քրիստոնեական և գրեթե ամբողջությամբ ոչ ազգայնական ոգին էր, դա մեծագույն չինացիների դասախոսությունն էր, և վերջապես, ոչ պակաս կարևոր էր միակ պատմաբանի ազդեցությունը, որին ես երբևէ նվիրված եմ եղել վստահությամբ, ակնածանքով և երախտապարտ աշակերտությամբ. նա Հակոբ Բուրկհարդն էր:

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *