Այն, ինչ ուզում եմ ասել, լավ գիտեն գրողները, որոնք այնքան խելացի են, որ իրենց գրքերը գրում են՝ սիրելով ու փայփայելով դրանք։ Կան վեպեր, որոնք, որքան էլ երջանկացնեն հեղինակին, ավարտվում են հենց այնտեղ, որտեղ ավարտվում են, բայց դրանց հերոսները գրքի էջերից այն կողմ՝ հեղինակի երևակայության մեջ, շարունակում են իրենց արկածները։ Տասնիններորդ դարի որոշ գրողներ փորձել են այդ երևակայական շարունակությունները երկրորդ ու երրորդ հատորների միջոցով պատմել։ Որոշներն էլ, չցանկանալով ընկնել արդեն ստեղծված աշխարհը նորից կառուցելու թակարդը, վեպի վերջում ավելացնում են մի բաժին, որտեղ հապճեպ սպառում են հերոսների հնարավոր ապագայի մասին «գուշակությունները»՝ կարծես վերջ տալու համար այն նոր ու վտանգավոր կյանքին, որը գիրքը կարող էր դեռ շարունակել։ Օրինակ՝ հանդիպում ենք նման տողերի. «Տարիներ անց Դորոթեան իր երկու դուստրերի հետ վերադարձավ Ալքինգսթոնի ագարակ…» կամ՝ «Բազարովի [1] գործերը վերջապես կարգավորվեցին, և հիմա նա լավ եկամուտ ունի» և այլն։
Կան նաև ուրիշ գրքեր։ Դրանք հեղինակի երևակայության մեջ իրենց նոր կյանքը շարունակում են ոչ թե հերոսների նոր արկածների միջոցով, այլ հենց գրքերի՝ սեփական պատմություններով։ Հեղինակի գլխում գրքի շուրջ ծնվող նոր մտքերը, պատկերները, հարցերը, բաց թողնված հնարավորությունները, ընթերցողների ու մտերիմների արձագանքները, հիշողություններն ու նոր նախագծերը շարունակ փոխում են այդ պատկերը։ Եվ երբ հեղինակի գլխում ապրող գրքի պատկերը սկսում է ամբողջությամբ տարբերվել թե՛ գրախանութներում վաճառվող, թե՛ սկզբում իր պատկերացրած գրքից, նա ուզում է բռնել ձեռքից փախչող այդ նոր հրեշին և հիշել, թե ինքն ինչպե՜ս է նրան աշխարհ բերել։
«Սպիտակ ամրոցի» ուրվականանման առաջին կերպարը, կարծեմ, արդեմ մտքումս էր, երբ ավարտում էի «Ջևդեթ բեյը և որդիները»։ Գիշերվա մեջ մի աստղագուշակ մութ կապույտ փողոցներով քայլում էր դեպի լուսավորված պալատը։ Այդ ժամանակ գիրքն էլ հենց այդպես էի որոշել անվանել։ Իմ Աստղագուշակը, որն իր գործը բարի մտադրություններով և գիտությամբ էր սկսել, երբ տեսավ, որ պալատում իր գիտելիքներն առանձնապես մեծ խանդավառությամբ չեն ընդունվում, սկսեց առանց մեծ սիրո, բայց աստղագիտության նկատմամբ հետաքրքրության շնորհիվ հեշտությամբ յուրացրած աստղագուշակությունը կիրառել։ Հետո, երբ իր մարգարեությունների շնորհիվ ձեռք բերած ուժն ու իշխանությունը գլխին զարկեցին, սկսեց դավադրություններ հյուսել։ Մնացածի մասին գաղափար չունեի․․․
Այդ տարիներին պատմական թեմաներից խուսափում էի, չնայած դրանք անդադար մտքումս պտտվում էին։ Ինքս ինձ և ուրիշներին հաճախ տված մի հարց այնքան էր ինձ անհանգստացնում, որ չէի էլ ուզում դրա մասին երկար մտածել՝ վախենալով, որ այն կարող էր երևակայությունս արթնացնել․ «Ինչո՞ւ եք պատմավեպեր գրում»։
Ավելի վաղ՝ քսաներեք տարեկանում, երեք պատմական պատմվածք էի գրել։ «Ջևդեթ բեյն» էլ էին «պատմական» անվանում։ Ուստի այդ հարցի պատասխանը, թվում էր, պետք է կապված լիներ ոչ այնքան իմ գրական ճաշակի, որքան հոգեբանական հակումներիս հետ։ Կարծես պարտավոր էի բացատրել, թե ինչու մանկությանս տարիներին՝ ութ տարեկանում, այն բնակարանից, որտեղ ամեն օր նույն բաներն էին կրկնվում, իսկ ռադիոն անդադար նույն ճռճռոցն էր արձակում, այն հարկից, որի մութ կահույքն ամեն ինչ ավելի մռայլ էր դարձնում, մի օր տատիկիս հարկ բարձրացա և Ամերիկա գնացած ու երբեք չվերադարձած բժիշկ հորեղբորս փոշոտ բժշկական գրքերի ու դեղնած հին թերթերի մեջ Ռեշաթ Էքրեմ Քոչուի կազմած մեծ, պատկերազարդ գիրքը գտա։ Եվ մինչ այդ մութ բնակարանում օրեցօր փոշին, ստվերի պես թանձրանալով, իջնում էր, ես Ազափքափըի՝ կապիկ վաճառողների խանութներից տարված ու ծառերից կախված խեղճ կապիկների պատմություններն էի կարդում, որոնց սպանում էին, որովհետև կարծում էին, թե պոռնկության համար են օգտագործվում։ Լվացքի օրերին, երբ բոլորը բարկացած լվացքի մեքենայի հետ միասին ընկնում էին եռացող ջրի ու արաբական օճառի կատաղության մեջ, ես, մի անկյուն քաշվելով, նայում էի Մելեք Գիրմեզ փողոցի մարմնավաճառների սև-սպիտակ նկարներին, որոնք ժանտախտով վարակվելով՝ իրենց պատժին էին արժանացել։ Միջանցքի ճոճանակավոր ժամացույցները համբերությամբ նոր ժամի գալուն էին սպասում, իսկ ես սարսափելի անհամբերությամբ խորասուզվում էի մի դատապարտյալի պատմության մեջ, որի ձեռքերն ու ոտքերը կոտրել էին, ապա դրել թնդանոթի բերանին և արկի պես երկինք արձակելով՝ մահապատժի ենթարկել։
Մի քննադատ, որն իմ առաջին պատմական պատմվածքներից մեկը կարդացել էր, նշել էր, թե ժամանակի կարևոր խնդիրներից փախչելու համար եմ պատմության մեջ ապաստան փնտրում։
Ճիշտն ասած՝ «Լուռ տունը» վեպն ավարտելուց հետո, երբ պատմական երևակայությունները նորից սկսեցին աչքերիս առաջ վազվզել, այդ միտքը դարձյալ հավանական թվաց։ «Երևի երկար վեպերի արանքում մի կարճ բան գրեմ,— ասում էի ինքս ինձ,— մի նովել, որտեղ պատմությունն առաջին պլանում կլինի, իսկ գրելն ինձ կհանգստացնի ու կզվարճացնի»։
Այսպես, Աստղագուշակիս համար հաճույքով թաղվեցի գիտության ու աստղագիտության մասին գրքերում։ Ադնան Ադըվարի զվարճալի ու ինքնատիպ «Գիտությունը օսմանյան թուրքերի մոտ» գիրքը ինձ մթնոլորտի փնտրածս գույները մատուցեց։ Դրանց կողքին հայտնվեցին նաև Էվլիա Չելեբիի պաշտելի «Աջաիբ–ուլ Մահլուքաթ» տեսակի գրքերի՝ տարօրինակ կենդանիների վերաբերյալ պատմությունները, ուրիշ գրքերից փոփոխված ու տեղայնացված տրակտատներում գոյություն չունեցող երկրները և այլն։ Արթուր Քյոսթլերի «Քնաշրջիկները» գրքում Կեպլերի «Ինչո՞ւ հենց ես» հարցը, Լեոնարդո դա Վինչիի անզավակությունն ու մի անհավատալի զենք ստեղծելու մոլուցքը՝ ուրիշներին հասնելու և նրանց դաս տալու ցանկությամբ այրվող մարդկանց այդ անխուսափելի երազանքը, ինչպես նաև Քյաթիփ Չելեբիի անհույս գրքամոլությունը (սիրով ողջունում եմ այս հիվանդներին, որոնց ցավն ավելի տխուր գեղեցկություն է ստանում այն ժամանակ, երբ կողքին չկա մեկը, ում հետ կարող են կիսել իրենց տառապանքներն ու հաճույքները), ակամա փոխանցվեցին նաև իմ հերոսին։
Պրոֆեսոր Սյուհեյլ Ունվերի «Ստամբուլի աստղադիտարանը» գրքից, որն ինձ ծանոթացրել էր օսմանյան հայտնի աստղագետ Թաքիյուդդինի հետ, իմացա, որ նա սուլթանին գիսաստղի մասին մի գիտական հուշագիր էր ներկայացրել։ Այդ՝ այսօր արդեն կորած հուշագիրը ուզում էի գտնել, հանձնել իմ հերոսին և նրա միջոցով մեկնաբանել՝ լավ գիտակցելով, թե որքան մշուշոտ էր այդ ժամանակ աստղագիտության ու աստղագուշակության սահմանը։ Մեկ ուրիշ գրքում աստղագուշակության մասին կարդացի հետևյալը․ «Մի կարգի կործանումը կանխագուշակելը վատ միջոց չէ այդ կարգը տապալելու համար»։ Հետագայում Նաիմայի պատմությունից իմացա, որ բոլոր քաղաքական գործիչների նման Գլխավոր աստղագուշակ Հյուսեյն էֆենդին նույնպես եռանդով փորձել էր կիրառել այս մարգարեական սկզբունքը։
Երբ հոգնեցի այս ընթերցումներից, որոնք պատմությանս գույները հավաքելուց բացի առանձնապես հստակ նպատակ չունեին, ձեռքիս տակ համաշխարհային գրականության, հատկապես մեր գրականության ու կյանքի մեջ շատ հաճախ հանդիպող մի թեմա արդեն ունեի՝ ուրիշներին բարություն անելու, նրանց օգտակար լինելու ցանկությամբ տարված հերոսը։ Վեպերում ընթերցողները սովոր են հանդիպել բարությամբ լեցուն հերոսի, որի ճանապարհին չարերը դաժան խոչընդոտներ են ստեղծում։ Ավելի լավ վեպերում, սակայն, տեսնում ենք, թե ինչպես են բարի հերոսներն աստիճանաբար մաշվում ու փոխվում հենց այն չարիքի ազդեցությամբ, որի դեմ պայքարի էին ելել։
Ո՞վ իմանար, գուցե ես էլ նման մի բան գրեի։ Բայց չէի գտնում այն գիտելիքի ու հայտնագործության ոգևորության աղբյուրը, որը պետք է շարժման մեջ դներ «բարությամբ լեցուն» հերոսին։ Գուցե այն պատճառով, որ ապրում էինք մի երկրում, որտեղ մարդիկ փոխվում էին ոչ այնքան իրենց կարդացած գրքերից, որքան իրենց լսած խոսքերից և ուրիշների նկատմամբ ունեցած հիացմունքից։ Որոշեցի, որ իմ Աստղագուշակը գիտությունը պետք է Արևմուտքից եկած մեկից սովորի։ Հեռավոր երկրներից նավերով բերվող ստրուկները, կարծես, հենց դրա համար էին ստեղծված։
Այստեղ էլ ի հայտ եկավ տիրոջ ու ստրուկի հարաբերությունը, որը կարող էր Հեգելին հիշեցնել։ Մտածում էի, որ իմ Հոջան ու նրա ստրուկը միմյանց ամեն ինչ պիտի պատմեն, միմյանց կրթեն։ Նրանց հարկավոր էր նստել ու երկար-բարակ զրուցել։ Նրանց տեղավորում էի մութ քաղաքի մեջ՝ մի սենյակում՝ դեմ դիմաց։ Եվ հանկարծ այդ երկուսի հոգեկան կապն ու լարվածությունը պատումիս հիմնական առանցքը դարձան։
Երբ իմ հավաքած գույներով զարդարված այդ երևակայական ու պատմողական պատառիկների հերոսների համար որոշեցի մարմիններ գտնել, որոնք նրանց պիտի տանեին գրքիս աշխարհի էջերի միջով, նկատեցի, որ Հոջային ու իտալացի ստրուկին արտաքուստ առանձնապես չեմ կարողանում տարբերել։ Գուցե նրանց նույնության գաղափարը հենց երևակայությանս մի ակնթարթային ծուլությունից էլ ծնվեց։
Այդ պահից հետո գրականության պատմություն կոչվող գանձարանի հայտնի երկվորյակների, նմանակների, միմյանց տեղը գրավող զույգերի թեմային անցնելու համար առանձնապես մեծ երևակայություն պետք չէր։ Գրականությունը սիրող ու լավ ճանաչող ընթերցողներս դա անմիջապես կկռահեին։
Այսպես պատմությունս, իր ներքին տրամաբանության հարկադրանքով կամ էլ իմ երևակայության ծուլության պատճառով, ստացավ մի ձև, որն արդեն ինձ էլ էր ոգևորում։ Իհարկե ծանոթ էի Է. Թ. Ա. Հոֆմանի այն գրքերին, որոնց առանցքում մարդու նմանակի՝ երկրորդ «ես»-ի թեման էր։ Ինքն իրենից դժգոհ և երաժիշտ դառնալու երազանքով տարված Հոֆմանը նույնիսկ իր անվանն էր ավելացրել իր պաշտելի Մոցարտի անունը։ Ծանոթ էի նաև Էդգար Ալան Պոյի անհանգստացնող պատմվածքներին և Դոստոևսկու այն խռովահույզ վեպին, որը թարգմանվել է «Նմանը» վերնագրով և որին գրքիս վերջին բաժնում արձագանքել եմ սլավոնական գյուղերի «խենթ քահանայի» առասպելով։
«Սպիտակ ամրոցի» հրատարակումից հետո, երբ ամերիկյան համալսարաններից մեկի գրադարանում կարդացի, թե գրականության մեջ մյուս գրողները նմանակի թեմայով ինչեր ունեն գրած, քիչ մնաց այդ ամենի առատությունից խեղդվեի։ Նման պահերին, թերևս, թեթևանալու լավագույն միջոցը հիշելն է, թե մարդ ինքն ինչ է հորինել։
Միջնակարգ դպրոցում մեր կենսաբանության ուսուցիչը հպարտանում էր, որ մեր դասարանի անհրապույր երկվորյակներին կարողանում է տարբերել, սակայն բանավոր քննությունների ժամանակ նրանք միմյանց փոխարեն էին ներկայանում։ Սկզբում տեսա Չարլի Չապլինի «Մեծ բռնապետը» ֆիլմի նմանակումները և սիրեցի, հետո տեսա բնօրինակը և չսիրեցի։ Փոքր ժամանակ հիանում էի պատկերազարդ մի վեպի հերոսով՝ Բինբիրսուրաթով, որն անընդհատ կերպարանափոխվում էր։ Ի՞նչ կաներ նա, եթե իմ տեղը լիներ։
Մի ինքնուս հոգեբան, եթե իմ փոխարեն լիներ, գուցե ասեր` «Իրականում բոլոր գրողները ցանկանում են մյուսներից տարբերվել»։ «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» վեպում էլ Հոֆմանից ավելի շատ արտացոլված էր Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի սեփական հոգեվիճակը՝ ցերեկը՝ քաղաքացի, գիշերը՝ գրող»։
Գուցե իմ փոխարեն մտածող նմանակս փորձեր ընթերցողներիս հիշեցնել, թե նմանակներով այսչափ տարվելուս պատճառը նման բաների չհավատալս չէ։ Բայց ես, մի տեղ կարդացածս միտքը հիշելով, լռեցրի նրան։ Այս խառնաշփոթությունից հետո որոշ ընթերցողներ, անշուշտ, իրավացիորեն կասեն, որ սա գրքիս սկզբում ու վերջում առաջացող մեկ այլ խառնաշփոթ է հիշեցնում․ սկզբում խոսում է նախաբանի հեղինակ Ֆարուքը, իսկ վերջում՝ ես։ Քանի որ մեր նպատակը պարզությունն է, փորձեմ բացատրել»
«Սպիտակ ամրոցի» ձեռագիրը իտալացի ստրո՞ւկն է գրել, թե՞ օսմանցի Հոջան՝ ես էլ չգիտեմ։ «Սպիտակ ամրոցը» գրելիս մի շարք տեխնիկական խնդիրներից՝ ընթերցողին անհրաժեշտ բացատրություններ տալուց, պարտադիր պատմական տեղեկություններ փոխանցելուց և այլ դժվարություններից, խուսափելու համար որոշեցի օգտագործել «Լուռ տունը» վեպի հերոս, պատմաբան Ֆարուքի հետ ունեցած մտերմությունս։
Նրա միջոցով կարողանում էի լուծել ոճական ու տեխնիկական խնդիրներից հետևյալը. որոշ ընթերցողներ, հերոսներից մեկի խորհրդին հետևելով և գիրքը մինչև վերջ չկարդալով (ավելի շատ հերոսին, քան հեղինակին հավատալը մեր վիպական ավանդույթի կարևոր օղակներից է), դժգոհում էին, որ մի թուրք գրող գիրքը իտալացու բերանով էր պատմել։
Իմ գրքի սկզբում ու վերջում հիշատակածս Սերվանտեսն էլ իր ժամանակին միգուցե նման մտահոգություններ է ունեցել, որովհետև «Դոն Կիխոտը», որը իբր գրել է արաբ պատմիչ Սիդե Համետե Բենենգելին՝ Սեյյիդ Համիդ բեն Էնգելին, և որի ձեռագրից ինքն օգտվել է, իրեն վերագրելու համար անտեղի բառախաղերի է դիմում։
«Լուռ տունը» սիրողներին հիշեցնեմ, որ Գեբզեի արխիվում գտած ձեռագիրը հայրենակիցների լեզվով ներկայացնելիս Ֆարուքն էլ, Սերվանտեսի նման, պետք է բնագրին ուրիշ գրքերից ինչ-որ բաներ ավելացրած լիներ։ Այդ ընթացքում ես նույնպես, ինչպես Ֆարուքը, աշխատել եմ արխիվներում, գրադարանների փոշոտ դարակների ու ձեռագրերի մեջ և ուզում եմ նշել, որ Ֆարուքի արած գործերը ինձ վերագրել չեմ ուզում։ Ես պարզապես Ֆարուքի գտած մի քանի մանրամասներից էի օգտվել։ Դրանք ներառեցի Ֆարուքի անունից գրածս ներածական բաժնում՝ դիմելով այն հին «գտնված ձեռագրի» հնարքին, որը սովորել էի Ստենդալի «Իտալական պատմություններ»-ից, որոնք կարդացել էի մեծ սիրով, երբ գրում էի իմ առաջին պատմական թեմայով պատմվածքներս։
Այդպես, մի կողմից գուցե արդեն Ֆարուքին պատրաստում էի, որ հետագայում էլ ինձ ծառայի մյուս պատմական թեմայով պատմվածքներումս, ինչպես արդեն ընտելացրել էի նրա պապ Սելահաթթին բեյին, մյուս կողմից էլ ընթերցողին ազատում էի պատմավեպի ամենադժվար վտանգներից մեկից՝ նրան տանիքից ընկնելու պես միանգամից պատմական հագուստով պարահանդեսի հրապարակ նետելուց։
Պատումը որոշեցի տեղադրել տասնյոթերորդ դարի կեսերին ոչ միայն այն պատճառով, որ ժամանակաշրջանը պատմականորեն հարմար էր կամ գունեղ ու զվարճալի, այլ նաև որպեսզի հերոսներս կարողանային օգտվել Նաիմայի, Էվլիա Չելեբիի և Քյաթիփ Չելեբիի գրածներից։ Սակայն նախորդ ու հաջորդ դարերի կյանքի բազմաթիվ փոքր բեկորներ էլ ճանապարհորդական գրքերի միջոցով ներթափանցեցին գրքիս մեջ։
Իմ բարեհոգի ու լավատես իտալացուն Հոջայի ստրուկ դարձնելու համար օգտվեցի մի անանուն իսպանացու գրքից, որը Սերվանտեսից մեկ դար առաջ նրա պես թուրքերի մոտ գերի էր ընկել և իր գիրքը նվիրել էր Ֆիլիպ Երկրորդին՝ պատմելով նավով գերեվարվելու ու կեղծ բժշկությամբ զբաղվելու օրերի մասին։
Սերվանտեսի ժամանակներում օսմանյան նավերում որպես թիավարող ստրուկ ծառայած բարոն Վ. Վրատիսլավի բանտային օրերն իմ ստրուկի խցային կյանքի պատկերման համար օրինակ ծառայեցին։ Ստամբուլ նրանցից քառասուն տարի առաջ եկած մի ֆրանսիացու՝ Բուսբեկի նամակներից վերցրի ժանտախտի օրերի մանրամասները (սովորական մի պալարն անգամ ժանտախտի վախ էր առաջացնում) և դեպի Ստամբուլի կղզիներ փախած քրիստոնյաների մասին գրելիս օգտվեցի դրանցից։ Հրավառությունների, Ստամբուլի տեսարանների ու գիշերային զվարճանքների համար օգտվեցի Անտուան Գալանից, Լեդի Մոնթեգյուից և բարոն դը Տոտից, սուլթանի սիրելի առյուծների և նրանց պահման վայրի համար՝ Ահմեթ Ռեֆիքից, բանակի լեհական արշավանքի համար՝ Ահմեթ աղայի «Վիեննայի պաշարման օրագրից», մանկահասակ սուլթանի որոշ երազների համար՝ Ռեշաթ Էքրեմ Քոչուի մեկ այլ գրքից՝ «Մեր պատմության տարօրինակ դեպքերը», որը կարդացել էի տատիկիս տան գրադարանում։
Ստամբուլի թափառական շների, ժանտախտի դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին մանրամասները վերցրի Հելմութ ֆոն Մոլթքեի «Նամակներ Թուրքիայից» գրքից, իսկ գրքին վերնագիր հանդիսացող սպիտակ ամրոցի մասին՝ Թադեուշ Տրևանիանի փորագրազարդ «Ճանապարհորդություններ Տրանսիլվանիայում» գրքից։ Այնտեղ բացի ամրոցի պատմությունից հիշատակվում էր նաև նրա գրադարանում գտնվող մի վեպի մասին, որտեղ մի բարբարոս ու մի ֆրանսիացի վիպասան դերերով փոխանակվում էին։
Այսպիսով, պատմությանս ժամանակաշրջանը կենդանացնելու համար մանրամասներ քաղեցի ոչ միայն այդ դարի, այլև այլ ժամանակների վկաներից։
Գիրքը մի այնպիսի գործ դառնալուց փրկած երկու հանգամանքներից մեկը Էդիրնեի Բայազիդ մզկիթի համալիրի հոգեբուժարանն էր՝ հիվանդների համար հնչող իր կախարդական երաժշտությամբ։ Առանց դրա գիրքը գուցե այնքան խորը թաղված ու անհասանելի մնար, որ նույնիսկ ամենամոլի գրքամոլները չկարողանային գտնել այն, և թերևս միայն իմ երկվորյակը կարողանար նման գիրք գրել։ Դրա մասին վկայողը, իհարկե, Էվլիա Չելեբին է, բայց այդ գեղեցիկ շինությունը մի ամպամած ու ամայի գարնանային առավոտ կինս ու ես էլ տեսանք՝ ցեխի մեջ կորած, և նրանով և՛ սարսուռով, և՛ թախիծով հիացանք։
Սուլթանին ոգևորած արագիլն էլ, ինչպես նաև այն երազներից մի քանիսը, որը Ավջը Մեհմեթը տեսնում էր և հերոսներս մեկնաբանում էին, իրականում ես էի տեսել՝ մութ մարդիկ՝ ձեռքներին պարկեր։ Ինչպես մանկության տարիներին էին վարվել իմ իտալացի ստրուկի հետ, այնպես էլ իմ նոր հագուստը՝ փայլուն զարդերի պատճառով, հագցրել էին ավագ եղբորս, միայն թե այն, ի տարբերություն գրքում նկարագրվածի, կարմիր չէր, այլ կապույտ-սպիտակ։
Ձմռան ցուրտ առավոտներին, երբ մայրս ինձ ու եղբորս զբոսանքի էր տանում և վերադարձին մեզ համար ուտելու մի բան էր գնում (ոչ թե հալվա, այլ նուշով թխվածքաբլիթ), Հոջայի մոր նման ասում էր՝ «Արի սրանք ուտենք, քանի դեռ ոչ ոք չի տեսել»։
Գրքի կարմրահեր թզուկը ոչ մի կապ չունի մեր մանկության դասական «Կարմրահեր տղայի» կամ իմ գրած ու գրելիք գրքերի թզուկների հետ։ Նրան 1972 թվականին Բեշիքթաշի շուկայում եմ հանդիպել։
Կարծում էի, թե Հոջայի մտահղացած այն ժամացույցը, որը առանց երկար ժամանակ լարելու կամ կարգավորելու պետք է աղոթքի ժամերը ցույց տար, իմ պատանեկան երազանքներից մեկն էր։ Սակայն սխալվում էի։ Ինձ մինչ օրս զարմացնող այս, դեռևս չիրագործված նախագծով շատերն էին հետաքրքրված։ Նույնիսկ ինչ-որ մեկից լսել էի, թե ճապոնացիները նման ձեռքի ժամացույց էին ստեղծել, բայց անձամբ չեմ տեսել։
Իհարկե, «Սպիտակ ամրոց» վեպի թեման այն չէ, թե մարդկությանը մշակույթների բաժանող բազմաթիվ դասակարգումներից մեկը՝ Արևելք-Արևմուտք հակադրությունը, որքանով է համապատասխանում իրականությանը։
Երբ մտածում եմ, որ Ֆարուքն իր անշնորհք ոճով, սովորական դիտարկումներով ու զգացմունքներով գրված այդ ներածականով ոչ մի ընթերցողի չէր կարող մոլորեցնել, զարմանալի է թվում, որ Արևելք-Արևմուտք բաժանումը կարծես հետաքրքրում է ոչ միայն գրքի հերոսներին, այլև ընթերցողներին։
Սակայն սա էլ պետք է ավելացնել. եթե դարեր շարունակ այդ բաժանման շուրջ կառուցված այդքան շատ երևակայական կառույցներ չլինեին, այս պատմությունն էլ չէր գտնի իրեն կանգուն պահող գույների մեծ մասը։
Ժանտախտը որպես Արևելք-Արևմուտք տարբերության լակմուսի թուղթ օգտագործելը նույնպես մի հին գաղափար է։ Բարոն դը Տոտը իր հուշերից մեկում ասում է՝ «Ժանտախտը թուրքին սպանում է, իսկ ֆրանկին՝ տանջում»։
Նման մի դիտարկումն ինձ համար ոչ անհեթեթություն է, ոչ էլ իմաստության ինչ-որ փշրանք։ Դա պարզապես մի գույն է, որից կարելի է օգտվել գեղարվեստական հորինվածքի այն արկածի ընթացքում, որի գաղտնիքներից մի քանիսը փորձում եմ այստեղ բացել։
Գուցե այս ամենը գրողին օգնի հիշելու իր սիրած անցյալն ու իր գիրքը, բայց պատմությունն ավարտված չի լինի միայն նրանով, որ պատմենք, թե այդ գույներն ինչպես են գտնվել ու ինչպես են միմյանց կողքի դրվել։
Հուլիս, 1986
Թարգմանությունը թուրքերենից՝ Վոլոդյա Մկրտչյանի
[1] Ակնարկը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Տուրգենևի «Հայրեր և զավակներ» վեպի վերջաբանին (չնայած այնտեղ գործը վերաբերում է Կիրսանովներին)։