«Այս քաղաքը միշտ հետապնդելու է քեզ»,- գրել է հույն բանաստեղծ Կոնստանտին Կավաֆիսը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մեկնում ես ուրիշ երկիր, ուրիշ ափ։ Ինձ միշտ հետապնդող քաղաքը Ստամբուլն է։
Հոգով ու սրտով ես ստամբուլցի եմ, անգամ եթե այլևս չեմ կարող վերադառնալ այնտեղ։ Քաղաքիս հանդեպ իմ սերն ու հոգատարությունը խորն են, և կարծում եմ՝ դրանք ակնհայտորեն արտացոլված են իմ վեպերում։ Ուր էլ գնամ, Ստամբուլն ինձ հետ է լինելու. այդպես եմ զգում։ Մենք չենք հրաժարվում մեր սիրած վայրերից միայն այն պատճառով, որ ֆիզիկապես կտրվել ենք նրանցից։
Հայրենիքները ապակյա դղյակներ են։ Դրանցից հեռանալու համար ստիպված ես կոտրել ինչ-որ բան՝ պատ, հասարակական պայմանականություն, մշակութային կարգ, հոգեբանական պատնեշ, սիրտ։ Իսկ այն, ինչ կոտրել ես, հետապնդելու է քեզ։ Ուստի արտագաղթած լինել նշանակում է գրպաններում հավերժ պահել ապակու բեկորներ։ Հեշտ է մոռանալ, որ դրանք այնտեղ են՝ այնքան թեթև ու աննշան, և շարունակել ապրել՝ քո փոքրիկ ձգտումներով ու կարևոր ծրագրերով, բայց անգամ ամենափոքր հպումից բեկորները կհիշեցնեն իրենց գոյության մասին։ Նրանք խոր վերքեր կբացեն։
Հայրենիքները, որոնցից հեռացել ենք, նման են մանկության տարիներին տրված երդումներին։ Գուցե այլևս չենք հավատում նրանց, գուցե հազիվ ենք մտածում նրանց մասին, բայց նրանք դեռ կապում են մեր լեզուները։ Նրանք լռության մատնված գաղտնիքներ են, կուլ տված պատասխաններ, չասված ցավեր, նոր բացված հին վերքեր, չմոռացված առաջին սերեր։ Որքան էլ վճռական լինենք լքելու մեր հայրենիքները, որովհետև Աստված գիտի՝ քիչ չենք տեսել նրանց հիմարություններն ու անհեթեթությունները, թշնամանքներն ու դաժանությունները, ճշմարտությունն այն է, որ նրանք երբեք չեն լքի մեզ։ Նրանք ստվերներ են, որ մեզ հետ գալիս են աշխարհի չորս կողմերը. երբեմն քայլում են մեզնից առաջ, երբեմն՝ մեր հետևում, բայց երբեք շատ չեն հեռանում:
Ահա թե ինչու, նույնիսկ արտագաղթերից ու վերաբնակություններից երկար ժամանակ անց, եթե ուշադիր լսես, դեռ կարող ես որսալ մեր հայրենիքների հետքերը մեր կոտրտված առոգանության, կիսաժպիտների, անհարմար լռությունների մեջ։
Ուրեմն՝ այո՛, ես ստամբուլցի եմ։
Բայց ես նաև խոր կապ ունեմ Բալկանների հետ։ Եթե ինձ մի սեղանի շուրջ նստեցնեք հունական, բուլղարական, բոսնիական, ալբանական կամ ռումինական ծագում ունեցող որևէ գրողի հետ, կզարմանաք՝ տեսնելով, թե որքան շատ ընդհանրություններ ունենք։ Միևնույն ժամանակ, իմ հոգում կրում եմ բազմաթիվ տարրեր Մերձավոր Արևելքից։ Ուստի այս անգամ ինձ նստեցրեք սիրիական, լիբանանյան, հորդանանյան, եգիպտական, իսրայելական, պաղեստինյան կամ թունիսյան ծագում ունեցող որևէ գրողի կողքին։ Կրկին կզարմանաք՝ տեսնելով, թե որքան նման ենք միմյանց։
Ես նաև լոնդոնցի եմ, Բրիտանիայի քաղաքացի և խոր ու կրքոտ կապվածություն եմ զգում այս երկրի հանդեպ, որտեղ գտել եմ գրելու ազատությունը։ Ես եվրոպացի եմ՝ ծնունդով, ընտրությամբ և այն արժեքներով, որոնց հավատարիմ եմ։ Եվ չնայած այն ամենին, ինչ մեր քաղաքական գործիչները վերջին շրջանում ասում են մեզ, ես կուզեի ինձ համարել աշխարհի քաղաքացի, այս մոլորակի քաղաքացի, համաշխարհային հոգի։
Ես պատկանում եմ մի քանի վայրերի:
«Դե, դա շքեղություն է»,- ասում են պոպուլիստները։ «Ոչ բոլորը կարող են ճանապարհորդել»։
Ճիշտ է, ոչ բոլորը կարող են ճանապարհորդել տարբեր մշակույթների միջով, բայց նրանցից ոչ բոլորն են «էլիտայի» ներկայացուցիչներ։ Համավարակից հետո ավելի քիչ զբոսաշրջիկներ կկարողանան մեկնել արտերկիր, ավելի քիչ օտարերկրյա ուսանողներ կդիմեն ուսման համար, և ավելի քիչ ներգաղթյալներ աշխատանքի կանցնեն։ Ես խորապես անհանգստանում եմ՝ տեսնելով, թե ինչպես են պատնեշները գնալով ավելի ու ավելի բարձրանում։
Մի քանի վայրերի պատկանելը սնվում է մշակութային հանդիպումներից, բայց դա միայն ճանապարհորդող մարդկանց արտոնությունը չէ։ Այն մտածելակերպ է, վերաբերմունք, ոչ թե անձնագրիդ կնիքների քանակ։ Խոսքը սեփական անձի և քո նման մարդկանց մասին ավելի ճկուն մտածելու մասին է, ոչ թե կարծրացած, անփոփոխ սահմանումների:
Գուցե ծնվել, մեծացել, կրթություն ես ստացել ու ամուսնացել միևնույն քաղաքի սահմաններում։ Սակայն ընտանեկան պատմությունների, մշակութային պատկանելությունների, հասարակական նախասիրությունների, քաղաքական հայացքների, սպորտի ու արվեստի հետ ունեցած կապերի և այլ հանգամանքների միջոցով դու, միևնույն է, պատկանում ես մի քանի վայրերի։
Մարդը, յուրաքանչյուր մարդ, սահմաններ չունի և իր մեջ ամփոփում է բազմություններ։
Մի քանի վայրերի պատկանող մարդկանց միջև ավելի շատ ընդհանրություններ կան, և միշտ ավելի մեծ է ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունը, քան փոխադարձաբար բացառող ինքնություններ ունեցող մարդկանց միջև։ Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ ենք դպրոցում, ընտանիքում ու հասարակության մեջ մեր երեխաներին հազվադեպ ենք սովորեցնում, որ նրանք մի քանի վայրերի են պատկանում և կարող են իրենց երկրների ու համայնքների հանդեպ ունենալ խոր սեր՝ միաժամանակ հիշելով, որ մարդկության քաղաքացիներ են։
Հոկտեմբեր 2020
Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի