Բոննի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
J.-Nr. 58
Բոնն, 19 դեկտեմբերի, 1936 թ.
Բոննի համալսարանի ռեկտորի համաձայնությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ձեր՝ քաղաքացիությունից զրկվելուց հետո փիլիսոփայության ֆակուլտետը ստիպված է եղել Ձեզ հանել պատվավոր դոկտորների ցանկից։ Այդ տիտղոսն օգտագործելու Ձեր իրավունքը դադարեցվել է՝ համաձայն մեր դոկտորական կանոնակարգի VIII հոդվածի։
(Անընթեռնելի)
Դեկան
Գրող պարոն Թոմաս Մանին
________________
Բոննի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկանին
Հարգելի՛ պարոն դեկան, ստացա դեկտեմբերի 19-ին ինձ ուղարկած տխուր հաղորդագրությունը։ Ես Ձեզ կպատասխանեմ հետևյալ կերպ.
Գերմանական համալսարանները մեղսակից են այսօրվա բոլոր դժբախտություններին, քանի որ սխալ են ըմբռնել պատմական պահը և Գերմանիան դարձրել են բարոյապես, մշակութային և տնտեսական առումներով կործանող ապականված իշխանությունների բուծման վայր. այդ մեղսակցությունը վաղուց արդեն ստվերել էր ինձ պարգևած ակադեմիական ճանաչման վայելքը և կխանգարի ինձ հետագայում դրանից օգտվելուն։ Պարոն դեկան, ես այսօր էլ կրում եմ փիլիսոփայության դոկտորի պատվավոր կոչումը, քանի որ Հարվարդի համալսարանն ինձ այն վերստին շնորհել է մի հիմնավորմամբ, որի մասին կցանկանայի հայտնել Ձեզ։
Լատիներենից գերմաներեն թարգմանված փաստաթղթում նշվում է. «…մենք՝ ռեկտորը և խորհուրդը, հանդիսավոր նիստում և համալսարանի պատվարժան ղեկավարների ծափահարությունների ներքո Թոմաս Մանին՝ շատ հայտնի գրողին, որը մեր շատ քաղաքացիների համար, քչաթիվ ժամանակակիցների հետ միասին, իրական կյանքն էր լուսաբանում, պահպանել է գերմանական մշակույթի բարձր պատիվը, նշանակել և շնորհել ենք փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում. նրան շնորհել ենք նաև այս կոչման հետ կապված բոլոր իրավունքներն ու պատիվները»։
Այսպիսով, որքան էլ դա տարօրինակ կերպով հակասում է ժամանակակից գերմանական հասկացությանը, իմ էությունը միաձուլվում է ծովի մյուս ափին գտնվող ազատ և կրթված մարդկանց մտքերին. կարող եմ ավելացնել՝ ոչ միայն այնտեղ գտնվողների։ Երբեք մտքովս չէր անցնի պարծենալ այդ փաստաթղթի բառերով, բայց այսօր և այստեղ ես իրավունք ունեմ, իսկապես պարտավոր եմ մեջբերել դրանք, և եթե Դուք, պարոն դեկան (ես ծանոթ չեմ ավանդույթներին), ինձ ուղղված հաղորդագրությունը փակցնեիք Ձեր համալսարանի հայտարարությունների սև տախտակին, ապա ես իսկապես կցանկանայի, որ իմ պատասխանը նույնպես պատվի արժանանար։ Հնարավոր է՝ որոշ ակադեմիական կրթություն ունեցող քաղաքացիներ, ուսանողներ կամ պրոֆեսորներ դա համարեին մտածված ցուցամոլություն, ճնշված սարսափ կանխազգային՝ կարդալով մի տեքստ, որը համարժեք կլիներ չարամտորեն պարտադրված մեկուսացումից և անտեղյակությունից ազատ մտավոր աշխարհին մի ակնթարթային հայացք նետելուն։
Ես կարող էի այստեղ ավարտել խոսքս։ Եվ այնուամենայնիվ, այս պահին ինձ համար ցանկալի կամ նույնիսկ թույլատրելի են թվում որոշ լրացուցիչ բացատրություններ։
Ես լռել եմ սահմանադրական կարգով ինձ «քաղաքացիությունից» զրկելու մասին՝ չնայած մի քանի հարցումներին. և հիմա այս ակադեմիական առիթը կարող եմ օգտագործել կարճ անձնական խոստովանության համար, որով Դուք, պարոն դեկան, որին ես նույնիսկ անունով չգիտեմ, ցանկանում եք ինքներդ Ձեզ համարել միայն այս հայտարարության պատահական հասցեատեր, որը հազիվ թե բացահայտվի։
Այս չորս տարիների աքսորի ընթացքում, որը կամավոր անվանելը, հավանաբար, գույների խտացում կլինի, քանի որ ես դժվար թե ողջ լինեի, եթե մնայի Գերմանիայում կամ վերադառնայի այնտեղ, ճակատագրի տարօրինակ շրջադարձը չի դադարել մտահոգել ինձ։ Ես երբեք չեմ երազել այդ մասին, ինձ համար օրորոցային չեն երգել, որ ես իմ հետագա տարիները կանցկացնեմ որպես վտարանդի՝ օրենքից դուրս հայտարարված և տանը մեկուսացած, մինչդեռ կարող էի պահանջված լինել քաղաքական բողոքի ակցիաների համար։ Հոգևոր կյանք մտնելուց ի վեր ես ինձ անվտանգ և հանգիստ եմ զգացել՝ ներդաշնակվելով իմ ազգի հոգևոր նախատրամադրվածություններին և մտավոր ավանդույթներին։ Ես շատ ավելի ծնվել եմ որպես ներկայացուցիչ, քան որպես նահատակ, կոչված եմ աշխարհին ավելի շատ ոգևորություն պարգևելու, քան պայքար ու ատելություն բորբոքելու համար։ Եվ որպեսզի իմ կյանքն այդքան սխալ, այդքան անբնական ընթանար, պետք է ինչ-որ շատ սխալ բան տեղի ունենար։ Ես փորձեցի այդ սարսափելի կեղծիքի դեմ պայքարել իմ թույլ ուժերով, և ինձ համար նախապատրաստեցի այն ճակատագիրը, որին ես պետք է սովորեմ հաշտվել, թեև իրականում այն խորթ է իմ էությանը։
Անշուշտ, ես այդ իշխանավորների զայրույթն առաջացրել եմ ոչ միայն վերջին չորս տարիների ընթացքում՝ իմ բացակայությամբ և զզվանք արտահայտող մանիֆեստներով։ Ես դա արել եմ ավելի վաղ և ստիպված էի անել, քանի որ այսօրվա հուսահատ գերմանական բուրժուազիայից ավելի շուտ տեսա, թե ով և ինչ է գալիս։ Եթե Գերմանիան իսկապես հայտնվեր նրանց ձեռքերում, ես մտադիր էի լռել։ Ես կարծում էի, որ իմ կատարած զոհողությունների համար վաստակել եմ լռելու իրավունքը, ինչն ինձ թույլ կտար պահպանել ինձ համար շատ կարևոր մի բան՝ կապը իմ գերմանական լսարանի հետ։ Իմ գրքերը, կարծում եմ, գրված են գերմանացիների համար, առաջին հերթին՝ նրանց համար. «աշխարհը» և նրա մասնակցությունը միշտ էլ հաճելի պատահականություն են եղել։ Այս գրքերն ազգի և հեղինակի միջև փոխադարձ կրթական կապի արդյունք են և հաշվի են առնում այն նախադրյալները, որոնց ստեղծմանն անձամբ եմ աջակցել Գերմանիայում։ Սրանք նուրբ և թանկ հարաբերություններ են, չպետք է թույլ տալ, որ քաղաքական գործիչները կոպտորեն խզեն։ Կայի՞ն, արդյոք, անհամբեր մարդիկ, որոնք, նույնիսկ փակ բերանով, կվրդովվեին ազատության մեջ ապրող մեկի լռությունից։ Ես իրավունք ունեի հուսալու, որ մեծամասնությունը կհասկանար իմ զսպվածությունը և շնորհակալ կլիներ ինձ դրա համար։
Սրանք էին իմ մտադրությունները։ Դրանք անհնար էր իրականացնել։ Ես չէի կարող ապրել, չէի կարող աշխատել, կխեղդվեի՝ առանց ժամանակ առ ժամանակ, ինչպես հին ժողովուրդներն էին ասում, «սիրտս բացելու», առանց ժամանակ առ ժամանակ իմ անթաքույց զզվանքն արտահայտելու տեղի ունեցողի նկատմամբ՝ խղճահարույց խոսքերով և ավելի խղճահարույց գործերով։ Վաստակել էի դա, թե ոչ՝ իմ անունն աշխարհում ասոցացվել էր գերմանականության գաղափարի հետ, որը նրանք սիրում և պատվում էին։ Այն փաստը, որ ես բոլորից շատ էի հակադրվում վայրենի կեղծիքին, ինչի պատճառով այժմ տառապում է Գերմանիան, անհանգստացնող պահանջ էր, որն արտահայտվում էր ազատ արվեստագետների բոլոր երազանքներում, որոնց ես այդքան հաճույքով տուրք էի տալիս։ Պահանջ, որը դժվար էր մերժելը մեկի համար, որը միշտ կարողացել էր արտահայտվել, ազատագրվել բառերի միջոցով, որի համար փորձը միշտ էլ զուգորդվել է մաքրագործող, պահպանող լեզվի հետ։
Լեզուն մեծ առեղծվածի է տիրապետում. նրա և նրա մաքրության համար պատասխանատվությունը խորհրդանշական և հոգևոր բնույթ ունի։ Այն ամենևին էլ միայն գեղարվեստական չէ, այլ ունի ընդհանուր բարոյական բնույթ։ Դա ինքնին պատասխանատվություն է, մարդկային պատասխանատվություն, ներառյալ՝ սեփական ժողովրդի համար պատասխանատվությունը, նրա կերպարի պահպանումը մարդկության աչքում, և դրանում է զգացվում մարդկության միասնությունը, ողջ հումանիզմը, որը ոչ մեկին, առավել ևս՝ այսօր, թույլ չի տալիս առանձնացնել հոգևոր-գեղարվեստականը քաղաքական-հասարակականից և մեկուսանալ վերջինիս ազնվական «մշակութային» ոլորտում։ Այդ ճշմարիտ ամբողջականությունը հումանիզմն է, և հանցագործություն է մարդկանց որևէ հատվածի, քաղաքականությունը կամ պետությունը «ամբողջատիրական» դարձնելու փորձը։
Գերմանացի գրողը, որը սովոր է լեզվի միջոցով պատասխանատվություն կրել, որի հայրենասիրությունը՝ գուցե միամտորեն, արտահայտվում է Գերմանիայում տեղի ունեցողի նկատմամբ անհավատալի բարոյական կարևորության հավատով, պե՞տք է լռի, լիովին լռի այն ողջ անողոք չարիքի մասին, որն ամեն օր կատարվում է իր երկրում մարմինների, հոգիների և ոգիների, օրենքի և ճշմարտության, մարդկանց և մարդկության դեմ։ Իսկ ի՞նչ կասեք այն սարսափելի վտանգի մասին, որն այսօր կոռումպացված ռեժիմը ներկայացնում է մայրցամաքին, որն ապրում է աշխարհում տեղի ունեցածի մասին անպատմելի անտեղյակության մեջ։ Դա անհնար է։ Եվ այսպես, հակառակ ծրագրվածի, ի հայտ եկան հայտարարություններ, դիրքորոշում հայտնելու անխուսափելի ժեստեր, որոնք էլ հանգեցրին ինձ՝ վտարանդի դարձնելու աբսուրդ և ողորմելի գործողությանը։
Միայն այն պարզ միտքը, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց պատահաբար տրվել է իշխանություն՝ ինձ զրկելու գերմանացի լինելու իրավունքից, բավական է, որ այդ արարքը երևա իր ողջ անհեթեթությամբ։ Ինձ մեղադրում են Ռայխին՝ Գերմանիային, վիրավորելու մեջ՝ նրա դեմ խոսելու համար։ Նրանք անհավատալի անամոթ են՝ իրենց Գերմանիայի հետ շփոթելու համար։ Թերևս, հեռու չէ այն պահը, երբ գերմանացի ժողովուրդն ամենից շատ կմտահոգվի իրեն՝ նրանց հետ շփոթելու համար։
Ո՞ւր են հասցրել նրանք Գերմանիան չորս տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Այն ավերված, թե՛ ոգով, թե՛ ֆիզիկական առումով պատերազմից հյուծված երկիր է, ինչը սպառնալիք է ողջ աշխարհի համար, խոչընդոտում է ողջ աշխարհին՝ նրա իրական խնդիրները լուծելիս (իսկ դրանք խաղաղության հասնելու լուրջ և անհետաձգելի խնդիրներն են)։ Ոչ մեկի կողմից սիրված չլինելով, ամենուր արժանանալով վախի և սառը զզվանքի՝ այն հասել է տնտեսական աղետի եզրին, և նրա «թշնամիների» ձեռքերը սարսափով մեկնվում են՝ ազգերի ապագա համայնքի այդքան կարևոր մասնիկին անդունդից հետ քաշելու, նրան օգնելու համար, եթե նա գիտակցի և հասկանա աշխարհի իրական պահանջները՝ որևէ կեղծ, սուրբ, հորինված տառապանքի մասին երազելու փոխարեն։ Այո՛, սպառնացողներն ու ուշացողները, ի վերջո, պետք է օգնեն նրան, որպեսզի նա իր հետ չքաշի-տանի մայրցամաքը և նոր պատերազմ չսկսի, որին, որպես վերջին փրկօղակ, հառել է իր հայացքը։ Հասուն և կրթված պետությունները, որոնք առերեսվել են պատերազմն այլևս անթույլատրելի համարող հիմնարար փաստին, այս մեծ, վտանգված կամ վտանգի ենթակա երկրի՝ մեծ մասամբ անկարող առաջնորդների հետ, որոնց ձեռքն է նա ընկել, վարվում են այնպես, ինչպես բժիշկներն են վարվում հիվանդների հետ՝ ակնհայտ մեղմությամբ և զգուշությամբ, անսպառ, թեև ոչ պատվարժան համբերատարությամբ. հավանաբար նրանք կարծում են, որ պետք է իրենց դեմ կիրառեն «քաղաքականություն», իշխանության և գերիշխանության քաղաքականություն։ Սա անհավասար խաղ է։ Երբ մեկը «քաղաքականություն» է վարում, իսկ մյուսներն այլևս բնավ չեն մտածում քաղաքականության մասին, այլ միայն՝ խաղաղության, նրանք ժամանակավորապես որոշակի առավելություններ են ձեռք բերում։ Պատերազմի՝ անթույլատրելի լինելու մասին անախրոնիկ անտեղյակությունը, բնականաբար, որոշ ժամանակով «հաջողություն» է բերում նրանց նկատմամբ, որոնք գիտեն այդ մասին։ Բայց վա՛յ այն ժողովրդին, որն, այլևս չգիտենալով, թե ինչ անել, ի վերջո, ելքը գտավ պատերազմի աստվածամերժ և մարդատյաց սարսափի մեջ։ Այդ ժողովուրդը կկորչի։ Նրան այնքան ուժեղ կհարվածեն, որ այլևս չի կարողանա ոտքի կանգնել։
Ազգային-սոցիալիստական պետական համակարգի միակ նպատակը հետևյալն է. նախապատրաստել գերմանացի ժողովրդին «գալիք պատերազմի» համար՝ անդադար վերացնելով, ճնշելով և արմատախիլ անելով ցանկացած խոչընդոտող դիմադրություն, նրան վերածելով պատերազմի անսահման հնազանդ գործիքի, որը հակված չէ որևէ քննադատական մտքի և հայտնվել է կույր ու մոլեռանդ անգիտության թակարդում։ Այս համակարգը չի կարող ունենալ որևէ այլ իմաստ, նպատակ կամ արդարացում. ազատության, արդարության և մարդկային երջանկության համար կատարված բոլոր զոհաբերությունները, այդ թվում՝ առանց վարանելու կատարված գաղտնի և բացահայտ հանցագործությունները, արդարացվել են միմիայն պատերազմին անվերապահ պատրաստվելու գաղափարով։ Երբ պատերազմի ինքնանպատակ գաղափարն ի չիք դառնա, որը ոչ այլ ինչ է, քան մարդկության շահագործում, այն կլինի լիովին անիմաստ և ավելորդ։
Ճշմարտությունն ասելու համար երկուսն էլ անիմաստ և ավելորդ են ոչ միայն այն պատճառով, որ նրան թույլ չեն տա պատերազմ սկսել, այլ որովհետև, նույնիսկ պատերազմի բացարձակ և «ամբողջական» նախապատրաստման ուղեցույցի դեպքում այն հակառակ արդյունքն է տալիս։ Երկրի վրա այսօր ոչ մի ժողովուրդ այնքան անպիտան, բացարձակ անկարող չէ դիմանալու պատերազմին, որքան՝ այս ժողովուրդը։ Առաջին և ամենաաննշան փաստն այն է, որ նա աշխարհում չի ունենա ոչ մի դաշնակից։ Գերմանիան կմնար միայնակ. անկասկած, սարսափելի է միայնակ ու լքված լինելը, բայց դա ավելի սարսափելի կլիներ, քանի որ կնշանակեր հրաժարում ինքն իրենից։ Հոգեպես նվաստացած և քայքայված, բարոյապես սնանկացած, ներքուստ մասնատված, խորն անվստահություն տածելով իր առաջնորդների և այն ամենի նկատմամբ, ինչը նրանք ձեռք էին բերել տարիների ընթացքում, անհանգիստ, անտեղյակ, բայց լի չարագուշակ նախազգացումներով երկիր է Գերմանիան։ Եվ եթե նա պատերազմ սկսեր, ապա կհայտնվեր ոչ թե 1914 թ. դրության մեջ, այլ ֆիզիկապես արդեն՝ 1917-18-ի։ Համակարգի անմիջական շահառուների տասը տոկոսը, որոնց կեսն արդեն երես է թեքել, չէին կարող հաղթել մի պատերազմում, որում մյուս կողմի մեծամասնությունը տեսնում էր իր վրա այդքան տևական ժամանակ ծանրացած ամոթալի ճնշումը թոթափելու հնարավորություն. հետևաբար դա մի պատերազմ էր, որն առաջին պարտությունից հետո կվերածվեր քաղաքացիական պատերազմի։
Այդ պատերազմն անհնարին է։ Գերմանիան չի կարող առաջնորդել այն, և եթե նրա ղեկավարներն ընդհանրապես խելամիտ են, ապա խաղաղության մասին նրանց հավաստիացումները չեն համապատասխանում այն ամենին, ինչը նրանք կցանկանային հավատացնել իրենց հետևորդներին. դրանք մարտավարական կեղծիքներ չեն, այլ բխում են հենց այս անհնարինության երկչոտ ընկալումից։ Բայց դա չի կարող և չպետք է լինի պատերազմ, ուրեմն ո՞ւմ են պետք ավազակներն ու մարդասպանները։ Ինչո՞ւ պետք է պատերազմից հյուծվելուց հետո տառապել մեկուսացման, աշխարհի նկատմամբ թշնամանքի, իրավունքներից զրկվելու, մշակութային կորուստների և ցանկացած այլ տիպի զրկանքների պատճառով։ Ինչո՞ւ ոչ Գերմանիայի վերադարձը Եվրոպա, հաշտեցումը նրա հետ, ազատ ինտեգրումը՝ եվրոպական խաղաղության օրակարգում, որն աշխարհը կողջուներ ցնծությամբ և զանգերի ղողանջով՝ ազատության, արդարության, բարգավաճման և մարդկային պարկեշտությանը բնորոշ հատկանիշներով։ Ինչո՞ւ։ Միայն ա՞յն պատճառով, որ մի ռեժիմ, որը խոսքով ու գործով մերժում է մարդու իրավունքները, որը ցանկանում է պահպանել իշխանությունը և ոչինչ ավելին, կժխտի և կվերացնի ինքն իրեն, եթե իսկապես խաղաղություն հաստատի, քանի որ չի կարող պատերազմ մղել։ Բայց արդյոք դա պատճա՞ռ է։
Ես իսկապես մոռացել էի, պարոն դեկան, որ դեռ Ձեզ հետ եմ խոսում։ Ես, անշուշտ, կարող եմ մխիթարվել նրանով, որ Դուք վաղուց դադարել եք կարդալ, վախենում եք մի լեզվից, որն անսովոր է եղել գերմանացիների համար, համակված եք սարսափով, որ ինչ-որ մեկը համարձակվում է օգտագործել գերմաներեն խոսքն իր նախկին անկաշկանդությամբ։ – Ա՜խ, ես խոսեցի ոչ թե անամոթ ամբարտավանությունից դրդված, այլ այն անհանգստությունից ու տառապանքից, որից ձեր իշխանությունը զավթողները չկարողացան ազատել ինձ, երբ որոշեցին, որ ես այլևս գերմանացի չեմ. դա հոգու և մտքի տառապանք էր, որից չորս տարի շարունակ ոչ մի ժամ ես չեմ ձերբազատվել, և որին ես ամեն օր ստիպված էի դիմակայել իմ գեղարվեստական աշխատանքով։ Դժվարություններն ահռելի են։ Եվ ինչպես այն մարդը, որը կրոնական ամոթխածությունից ելնելով՝ սովորաբար դժվարանում է արտաբերել Բարձրյալի անունը կամ նույնիսկ գրի առնել այն, սակայն խորը հուզական պահերին չի կարող զերծ մնալ այն արտաբերելուց, այնպես էլ թույլ տվեք (քանի որ ասելու այլ բան չկա) ավարտել այս պատասխանը հետևյալ աղոթքով. Աստված թող օգնական լինի մեր մռայլ և բազմաչարչար երկրին, սովորեցնի նրան խաղաղություն հաստատել աշխարհի և ինքն իր հետ։
Ցյուրիխ լճի ափին, Կյուսնախտ, Նոր տարի, 1937 թ.
Կյուսնախտ — քաղաք Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնում, որը գտնվում է Ցյուրիխյան լճի արևելյան ափին (այսպես կոչված՝ Ոսկե ափին)։ Այստեղ տարբեր տարիներին ապրել են հայտնի մարդիկ, այդ թվում՝ Կարլ Յունգը, Թոմաս Մանը։
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի