Արդի հայ գրականություն | քննարկում

poker-knigi

Քննարկման մասնակիցներ.

1. Ամիրյան-Պետրոսյան Շաքե՝ լրագրող, լուսանկարիչ (Իրան-Թեհրան) (ՇԱՊ)
2. Գազանճյան-Երամյան Մարուշ՝ բանաստեղծուհի (Սիրիա-Հալեպ) (ՄԳԵ)
3. Դավթյան Գրիշ ՝ բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան, նախագահ՝ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԱՄՆ-Գլենդել) (ԳԴ)
4. Կարապետյան Հրայր՝ քիմիկոս (ԱՄՆ-Նյու Ջերսի)(ՀԿ)
5. Սուրենյան Վարուժ ՝ գրականագետ, հրապարակախոս, գլխավոր խմբագիր՝ «Հանդես արվեստի ու գրականության» պարբերականի, (Իրան-Թեհրան) (ՎՍ)
6. Օհանյան Սիրանույշ ՝ երիտասարդ արձակագրուհի (Հայաստան-Էջմիածին) (ՍՕ)

Պատասխաների գրական ուղղագրությունը ըստ՝ մասնակիցների նախասիրության:

Հարց առաջին՝
Ձեր կարծիքով՝ արդի հայ գրականությունը հետընթա՞ց է ապրում, թե՞ ընդհակառակը:

ՀԿ.- Արդի հայ գրականությունը արտասահմանում հետընթացի, կամ ամենալավ պարագային տեղքայլի մեջ է: Միջին Արևելքը հայաթափվում է, որի հետևանքով դեպի Արևմուտք գաղթող հայության կապը աստիճանաբար կտրվում է հայկական արժեքներից, դրանց թվում՝ հայ գրականությունից:
Արևմուտքում շատ չնչին հետաքրքրություն կա հայ գիր ու գրականության հանդեպ, եղածն էլ՝ բարձր տարիք ունեցող խավի կողմից: Երիտասարդությունը համարյա չի հաղորդակցվում հայ գրականության հետ, որովհետև պարզապես հայերեն չգիտի, իմանալու պարագային էլ՝ հայերենով գրված նյութերը, առհասարակ, չեն առնչվում նրա մտաշխարհին ու կյանքին վերաբերող խնդիրներին. մի խոսքով՝ խորթ են:
Հայաստանի վերաբերյալ խուսափում եմ կարծիք հայտնելուց, սակայն ըստ իս, նույնիսկ Հայաստանում սոցիալական պայմանների բերումով գրականության նկատմամբ առաջ եկած հետաքրքրության պակասի պատճառով, թվում է նվազել են գրական բարձրորակ երկերը:

ՍՕ.- Ճշմարիտ գրականությունը միշտ գնում է դեպի առաջ, դեպի վերև, դեպի խորքը: Եթե խոսքը գրականության մասին է, չի կարող հետընթաց լինել: Եթե խոսքը ժամանակի գրական հոսանքների մասին է, ամեն ուղղությամբ էլ հնարավոր է տարվել:

ՎՍ.- Ցաւօք առայժմս Հայաստանում չկայ գեղարւեստական գրականութեան աշխոյժ արտադրութիւն։ Սա թերեւս ներկայ պայմանների բերումով է, որը մէկ կողմից պետական նիւթական հովանաւորութեան մասամբ վերացման եւ հրատարակչական մարզում նոր շուկայական յարաբերութիւնների չձեւաորման պատճառով, իսկ միւս կողմից գոյացած ոչ առողջ հասարակա-տնտեսական վիճակի պատճառով, գրող-մտաւորականները մեծամասնութեամբ կամ մղւել են դէպի այլ ասպարէզներ (առեւտուր, քաղաքականութիւն…, թէեւ իրական մտաւորականը չպիտի խաբւի ժամանակավրեպ երեւոյթներով ու զիջի իր դիրքերը) եւ կամ մեկուսացել են։ Հետեւաբար չգիտենք, թէ արդեօք գրական ստեղծագործութիւններ լինո՞ւմ են, բայց մնում են դարակներում, թէ ընդհանրապէս նման ստեղծագործութիւնները պակսում են երկրռւմ։ Դատելով հրապարակ իջած գրքերից ու թերթերից, ես հակւած եմ հաւատալու երկրորդին։ Իհարկէ երբեմն գրական արժէքաւոր գործեր լոյս են տեսնում Հայաստանում, բայց դրանց քանակը այնքան չէ, որ կարողանայ վերելքի մի ինչ-որ չափանիշ դառնայ այսօրւայ գրականութեան համար։
Որպէս սփոփիչ հանգամանք պիտի նշել, որ համեմատաբար ուշագրաւ թւով ուսումնասիրական, թարգմանչական, վերլուծական եւ խոհական գրակականութիւն է հրատարակւում, որը նորութիւն պիտի համարել, մանաւանդ որ դրանք յաճախ այնպիսի անհատականութիւնների կամ երկերի մասին են, որոնք մինչ հիմա անծանօթ են եղել հայաստանեաև գրասէրներին։
Շնորհիւ փոքրաթիւ անձնանւէր գրող-մտաւորականների եւ հրատարակչների, պէտք է յուսալ, որ ապագայում գրականութիւնը կապրի այն վերելքը, ինչ տեղի ունեցաւ քսաներորդ դարի սկզբին՝ Արեւմտահայաստանում եւ այնուհետեւ մի որոշ ժամանակաշրջան Արեւելահայաստանում եւ Ափիւռքում։

ՄԳԵ.- Արդի հայ գրականութիւնը մեծ տարածք մը կ՚ընդգրկէ ոչ միայն աշխարհագրական, այլ եւ մանաւանդ ոճային առումներով։ Այդ մեծ տարածքը գլխաւորաբար երկու ճակատներ ունի՝ անոնք որոնք կողմնակից են արդիականութեան, եւ անոնք, որոնք դէմ են անոր։
Այս կեցուածքները իրենց սկզբնակետին մէջ իսկ կը տարբերին իրարմէ.
Երկրորդ խմբաւորումին՝ արդիականութեան դէմ եղողներուն համար
մեր գրականութիւնը մէկ դեր ունի կատարելիք՝ ազգային-ոգեկանին անաղարտ պահպանումն ու պաշտպանումը ամէն «օտար» ներմուծումէ, մինչ առաջին խմբաւորումին համար գրականութիւնը ինքն իրմով ամբողջ եւ անդեր կիրարկում մըն է։
Եթէ ա՛յս խմբաւորումին հարցնենք, գրականութիւնը առողջ է եւ
անվախօրէն կրնայ փորձարկումներ ընդունիլ, իսկ երկրորդ խումբին համար մեր գրականութիւնը յետընթացի մէջ է, օտար եւ ապազգային ազդեցութիւններու տակ ինկած ըլլալուն։
Հաւանաբար դժուար է միանշանակ պատասխան տալ այս հարցումին.
բայց Պատմութիւնը քանիցս հաստատած է, որ նորութիւնները շատ
յաճախ բարիք կը ծնին։

ԳԴ.- Հարցերում գրված «գրականություն» հասկացույթը ես բնորոշում եմ որպես գեղարվեստական գրականություն:
Այսօրվա հայ գեղարվեստական գրականությունը առաջընթացի մեջ է: Թեև դա անմիջապես նկատելի չէ ամենահաս հրատարակությունների պակասի պատճառով:

ՇԱՊ.- Չեմ կարծում թէ յետընթաց է ապրում։ Մեր պատկերացումներն են փոխւել, աշխարհն է փոխւել և հետաքրքրութեան սահմանները ընդլայնւել են։ Հայաստանում երիտասարդ ստեղծագործողները գիրք հրատարակելու դժւարութիւն ունեն։ Հատկապէս աւագ սերնդի անտարբերութեան և արհամարանքի թիրախ են դառնում երիտասարդների ստեղծագործութիւնները։ Գրական լուրջ վերլուծութիւններն ու քննադատութիւնը պակասում են։ Հները միշտ էլ սւիններով են դիմաւորել նորերին, իսկ նորերը ուրիշ խնդիրներ, մտահոգութիւններ ու ճաշակ ունեն։ Քանի դեռ նոյնիսկ մէկ գիրք է տպւում նշանակում է գրականութիւնը առաջընթաց է ապրում։

Հարց երկրորդ՝
Երիտասարդության մեջ գրականության հանդեպ հետաքրքրություն առաջ բերելու նպատակով՝ ո՞ր գրական ժանրն ու մատուցման ո՞ր ձևն եք գերադասում, և ինչու:

ՄԳԵ.- Այսօրուան գլխաւոր յատկանիշը «արագութիւն»ն է. Երիտասարդները վազքի մէջ են ոչ միայն որովհետեւ պարտաւոր են վազել, այլ նաեւ անոր համար, որ վարժուած են վազքի։ Իսկ գրականութիւնը պահ մը, գոնէ փոքրիկ պահ մը «դադրիլ» կ՚ենթադրէ։ Այս առումով գրականութիւն եւ ժամանակ կը հակադրուին իրարու։ Եւ ճիշդ այս պատճառով կը կարծեմ որ կարճ պատմուածքը, իր չափով, անմիջականութեամբ եւ հաղորդականութեամբ լաւագոյն միջոցն է երիտասարդները գրաւելու։ Կարճ պատմուածքն ու Զահրատի բանաստեղծութիւնները, որոնք նաեւ երգով կը մատուցուին։

ՎՍ.- Ընդհանրապէս գրականութիւնն ու արւեստը այն ժամանակ է սովորական մարդու համար ուշադրութեան կենտրոն դառնում, երբ նրա կեանքի կարեւորագոյն պահանջները (սնունդ, բնակարան, աշխատանք եւ այլն) բաւարարւած են լինում։ Այս դէպքում հայաստանցի երիտասարդն էլ բացառութիւն չի կազմում։ Քանի դեռ չկան այն պայմանները, որոնք երիտասարդին ապահովութիւն են ներշնչելու, անիմաստ է սպասել որ նա հետաքրքրութիւն ցուցաբերի գրականութեան եւ արւեստի հանդէպ, մանաւանդ որ հասարակութիւնն էլ՝ տարւած կեանքի մակերեսային երեւոյթներով, հանրային ու մանաւոր հեռուստացոյցերի միջոցով մատուցւած անարժէք ու սպառողական բնոյթի արւեստն ընդունում է որպէս հոգեկան սնունդ։ Թէեւ Սփիւռքի երիտասարդի համար մասամբ պակսում է կեանքի հանդէպ ունեցած այդ անապահովութեան զգացողութիւնը, սակայն նրա համար այլ հարց կայ, եւ դա լեզուն է։ Նա, որ պայմանների բերումով չի տիրապետում հայերէնին եւ հնարաւորութիւնն ունի պատկան երկրի լեզւով գրականութեան հետ շփւելու, յաճախ կարիք չի զգում իր մայրենի լեզւով ընթերցելու։
Հետեւաբար, ինչպէս տեսնում ենք խնդիրը տարբեր է Հայաստանում եւ Սփիւռքում ապրող երիտասարդի համար, սակայն հաւատացած եմ, որ երկու պարագայում էլ որեւէ գրական երկ, լինի դա բանաստեղծութիւն, վէպ կամ պատմւածք, երիտասարդութեան ուշադրութեան առարկայ կը դառնայ, եթէ այն նոր խօսք ունի ասելու եւ թարմ շունչ է մտցնում հայ գրականութեան մէջ։

ԳԴ.- Այսօրվա երիտասարդությունը գերտեղեկացված է, կարդալու շատ նյութեր ունի: Նրա ժամանակը սահմանափակ է ազատ ընթերցանությունների հատկացնելու համար: Ուստի ես բանաստեղծությունն եմ գերադասում որպես մատուցման ամենահարմար ձևը գեղարվեստական գրականության հանդեպ հետաքրքրություն զարգացնելու համար: Գեղարվեստական գրականության սերուցքը բանաստեղծությունն է:

ՀԿ.- Պոեզիայով հետաքրքրվողներ կան, բայց սահմանափակ թվով: Ընդհանրապես արձակը ավելի մատչելի և դյուրըմբռնելի է: Նրանց հետաքրքրում են այնպիսի նյութեր, որոնք համաշունչ են երիտասրադության ներկա կենցաղի ու հուզող խնդիրների հետ, օրինակ՝ երիտասարդական ներաշխարհ, փոխհարաբերություններ ու նաև՝ հասարակական և քաղաքական առկա հարցեր:

ՇԱՊ.- Գրել երրորդ հազարամեակի երիտասարդի մասին՝ դժւարին գործ է։ Նրանց լեզուն, մտածողութիւնը, պահանջները ամբողջովին տարբեր են նախորդ սերնդից։ Նրանց առջև բաց է ողջ աշխարհի լայն ու լուսաւոր պատուհանները, իսկ մերոնք նստած իրենց «կաբինետներում» գրում են կամ կեղծ հայրենասիրական, կեղծ սիրային, կամ չգիտես ինչ գրականութիւն, և յոյս ունեն, որ երիտասարդները կը կարդան. զուր յոյսեր… Կը գան երիտասարդներ և կը գրեն իրենց սերնդի համար։ Արդէն իսկ նրանք գրում են և կայքէջերում կարելի է հանդիպել նրանց գրւածքներին և կարծիքների բաժնում կարդալ նրանց հետաքրքիր մտքերը։ «Բնագիր», կամ «Ինքնագիր» ամսագրերը Հայաստանում թէպէտ համարւում են մարգինալ(marginal), լուսանցքային, այդուհանդերձ բաւականաչափ ընթերցողներ, և յուրախութիւն մեզ, մէկ տասնեակից աւելի գրողներ ունեն։ Իսկ միջին սերունդն էլ, դեռ փառք Աստծոյ, շարունակում է ստեղծագործել։
Ոչ ժանրը և ոչ էլ մատուցման յատուկ եղանակն է երիտասարդին և ոչ երիտասարդին ձգում դէպի ընթերցանութիւն։ Կարծում եմ յաւերժական թեմաների կողքին, այսօրւայ իրականութեան մասին (ո’չ անպայման տեղային, ազգային, այլ մարդկային ու համամոլորակային առումով) հետաքրքիր լեզուն ու նոր մտածողութիւնը կամ գրական նոր հնարանքները՝ գիրքը կարդացւելիք կդարձնեն բոլորի համար։ Մենք շատ ենք աւանդապաշտ, իսկ այդ դրական յատկանիշը, հիմնականում, երիտասարդութեան բնույթին հակառակ է: Երիտասարդ նշանակում է՝ նախորդ բոլոր կաղապարները փշրող, հակա-ավանդական, հակա-ընդունւած, հակա-նորմ, հակա-…, թէպէտ դա միշտ էլ ժամանակաւոր բնոյթ է կրում, որովհետև այդ երիտասարդ սերունդը՝ աւագ սերունդ դառնալուն պես, մոռանում է այդ հակաները ու զարմանում իրենից յետոյ եկած նոր սենդի հակա-հակա-հակա-ներից և ախ քաշում, թէ ի՞նչու են նորելուկ երիտասարդները այդպէս անմտաբար ու անխնայ արհամարում ու ոտնահարում յաւերժական արժէքները, ինչպիսին են ազգն ու հայրենիքը, սէրը, պարկեշտ կեանքն ու պարկեշտ լեզուն:

ՍՕ.- Չեմ կարծում, որ մատուցման ձևն ու գրական ժանրը ավելի կարևոր են, քան սերը գրականության հանդեպ: Երիտասարդը մանուկ է եղել. եթե նրա արժեքային համակարգում գրականությունն իր տեղը չի գտել կամ քարշ է գալիս վերջից, դժվար թե պարապ հետաքրքրությունից բացի որևէ լուրջ ձգտում առաջանա գրականության հանդեպ:

Հարց երրորդ՝
Ձեր կարծիքով՝ այսօրվա Սփյուռքում ստեղծվող հայերեն գրականությունն ունի՞ որևէ իմաստ կամ կարևորություն հայաստանաբնակ գրողի կամ ընթերցողի համար:

ՎՍ.- Երբ աշխարհի տարբեր ազգեր հետաքրքրւած են միւս ազգերի գրականութեամբ եւ յաճախ բոլորովին անծանօթ գրողների ստեղծագործութիւններն են թարգմանւում ու հրատաակւում նրանց երկրներում, զարմանալի պիտի լինի, որ հայաստանաբնակ հայը անտարբեր գտնւի իր ազգակցի գրականութեան հանդէպ։
Իհարկէ այսօր փաստեր չկան հաւատալու, որ յիշեալ հայը խանդավառւած է Սփիւռքի գրական ստեղծագործութիւններով։ Դա եթէ որոշ չափով հասկանալի է սովորական ընթերցողի պարագային՝ լեզւի, ուղղագրական եւ այլ տարբերութիւնների բերումով, ապա ամբողջովին աններելի է հայաստանցի գրող-մտաւորականների այն մեծամասնութեան համար, որը ոչ միայն հետաքրքրւած չէ Սփիւռքի գրականութիւնով, այլ դրա գոյութիւնը ընկալում է գաւառական մակարդակի ու անկարեւոր։ Ինչպէ՞ս կարելի է բացատրել այն ապատեղեկութիւնը, որ գոյութիւն ունի Հայաստանի բանասիրութեան ճիւղն աւարտած երիտասարդի մօտ՝ հանդէպ այդքան հարուստ արեւմտահայ գրականութիւնը։ Սինչդեռ այսօրւայ արեւմտահայ գրականագէտը՝ շփման մէջ գտնւելով արեմտեան մտածողութեան հետ, կարող է շատ աւելի հետաքրքիր գրականութիւն հրամեցնի ընթերցողին քան Հայաստանում բնակւող գրողը։ Իսկ ինչ խօսք որ, տարբեր երկրների գրականութեան եւ արւեստի հետ շփման մէջ մտնելուց է զարգանում որեւէ երկրի գրականութիւնը եւ արւեստը, կամ մշակոյթը ընդհանրապէս, եւ այս հարցում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնը բացառութիւն չի կարող լինել:

ՄԳԵ.- Մեր, Հալէպի գաղութը, ինչպէս նաեւ ձեր պարսկահայ գաղութը այն միակ գաղութներն են, որոնք անմիջական կապ ունեցեր են ու կը շարունակեն ունենալ Հայաստանի հետ։ Տարիներէ ի վեր նշմարած եմ, որ մենք շատ աւելի բան գիտենք հոն ստեղծուող գրականութեան մասին, քան իրենք՝ մեր։ Այստեղ յաճախ լեզուին հարցը ներկայացուած է որպէս խոչընդոտ, բան մը, զոր դուք չէք ունեցած։ Այսօր այս երեւոյթը թերեւս որոշ չափով դարմանուած է, համագումարներու եւ այցելութիւններու շնորհիւ, բայց կը կարծեմ, որ սփիւռքահայ գրականութիւնը տակաւին չունի ա՛յն կարեւորութիւնը հայաստանաբնակ գրագէտին կամ ընթերցողին համար, որ պարտ էր ունենալ։ «Առանց հողի գրականութիւն չի կրնար ըլլալ» ըսած են։

ԳԴ.- Սփյուռքահայ գեղարվեստական գրականությունը հայաստաբնակ գրողի կամ ընթերցողի համար այնքան կարևորություն ունի, ինչքան ներկայացվում է հայաստաբնակին տեղի հրատարակությունների ու մամուլի միջոցով: Դժբախտաբար այս օրերում դա չի արվում:

ՇԱՊ.- Գրականութեամբ ապրողի համար նշանակութիւն չունի, թէ գիրքը որտեղ է գրւել։ Կարող ենք հակառակ հարցը տալ։ Վստահ եմ որ անհեթեթ կը հնչի… Եթէ ճշմարիտ ու լաւ գրականութիւն է՝ իր տեղը կը գտնի այնուամենայնիւ։ Հայաստանում երիտասարդները աւելի հետաքրքրւած են իմանալու, ճանաչելու սփիւռքի երիտասարդ գրողներին, իսկ Գրողների միութիւնը տարեկան հանդիպումներ է կազմակերպում օտարագիր հայ գրողների հետ, և ընդհանրապէս փորձում է սերտ կապ ստեղծել հայրենիքի և արտերկրի հայ գրողների միջև։ Ի հարկէ բարդութիւնները բխում են դարձեալ տնտեսական, գրքերի փոխանակման և ընդհանրապէս հաղորդակցման սահմանափակումներից։ Ընթերցողների լայն շրջանակների համար սփիւռքի գրականութիւնը մատչելի չէ արևմտահայ լեզւի և ուղղագրութեան պատճարով, մասամբ միայն, որովհետև ցանկանալու դէպքում դրանք էլ յաղթահարելի են, ինչպէս մեր պարագային, որ կարդացել ու կարդում ենք թէ’ արևմտահայերէն և թէ’ հայաստանեան գրականութիւն։

ՍՕ.- Գրականությունը որպես կենսակերպ ընկալող գրողի կամ ընթերցողի համար չկան տարածական կամ ժամանակային սահմաններ` կապված գրականության ծնունդի հետ: Գրականությունը համամարդկային է. եթե նրանում չի արտացոլվել մարդկային հոգին, այն չի կարող ունենալ ազգային կամ հայրենական պատկանելություն և դրանով իսկ` դեմք:

ՀԿ.- Իմ տպավորությունն այն է, որ Սփյուռքում հրատարակվող գրականությունը կհետաքրքրի ավելի շատ հայաստաբնակ գրողներին կամ գրականությանը մոտ կանգնած մարդկանց: Այլ խոսքով, չի կարող համապարփակ հետաքրքրություն առաջացնել, սակայն թերևս գտնվեն ընթերցողներ, որոնց համար միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե աշխարհի զանազան ծագերում ապրող հայ գրողներն ինչպես են մտածում և արտահայտվում:

Վերահրատարակվում է` Literary Bridge-ից

Share Button

5 Կարծիք

  • Սեդա says:

    Նորը լավ է, բայց չմոռանանք հներին…

    Մուշեղ Բագրատունի

    Մուշեղ Արսենի Բագրատունին /Փալանդուզ Մկոն/ հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից է, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ: Նա ծնվել է 1870թ. նոյեմբերի 2-ին Կարբի գյուղում, Արսեն Տեր-Հովակիմյանի ընտանիքում : Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում: Մուշեղի հայրը, գյուղում աշխատանք չգտնելով, ստիպված է եղել իր բազմանդամ ընտանիքը տեղափոխել Շամախի, որտեղ և զբաղվել է ուսուցչությամբ: Նա պատանի Մուշեղին ուսանելու է տալիս քառամյա դպրոցը: Շուտով մահանում է հայրը` անխնամ թողնելով վեց երեխայի, որոնցից ավագը Մուշեղն էր, և բազմանդամը ընտանիքի հոգսն ընկնում է նրա ուսերին: Մուշեղը ստիպված թողնում է ուսումը և զբաղվում ժամագործությամբ: Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ և Մուշեղը տարվում է հեղափոխական գործունեությամբ: Նա 1893թ. ընդունվում է հնչակյան կուսակցության շարքերը, որի անդամ է մնում մինչև 1905թ.:
    1904թ. Մուշեղը ձերբակալվում է ցարական ոստիկանների կողմից և ուղարկվում բանտ` արգելված գրականություն տարածելու համար: 1905թ. բանտից ազատվելով` մտնում է բոլշևիկյան կուսակցության շարքերը և իր եռանդուն մասնակցությունն ունենում 1905-1906 հեղափոխական շարժումներին:
    1906թ. ընտրվել է կուսակցության Երևանի կոմիտեի անդամ, աշխատակցել Բաքվում և Թիֆլիսում հրատարակող “Կայծ”, “Նոր խոսք” և “Օրեր” թերթերին: Միայն այդ տարում բոլշևիկյան թերթերում տարբեր ծածկանուններով /Խ. Նար, Խ. Նարեմյան, Մե-Բունի, Մար-Տօ, Կար-Դան, Ջաննիկ, Փալանդուզ Մկո, Անցվորական, Լուկուլլոս/ տպագրել է 23 հոդված:
    1906թ. “Կայծի” /խմբագիրներ Ս. Շահումյան և Ս. Սպանդարյան/ համարներից մեկում Փալանդուզ Մկոն գրել է. “Նամակ Կարբի գյուղից” թղթակցությունը. “Երբ դեռ մեր կյանքի ցեցերը ներկայանում էին միմիայն գյուղական կուլակները, վաշխառուները, պորտաբույծ և կաշառակեր պաշտոնյաները, պրիստավից սկսած մինչև վերջին գզիրը, տերտերներն ու բազմատեսակ ձրիակեր մարդիկ, դա դեռ մի կերպ տանելի է… բայց արդեն այսօր նրանց կողքին բուսել է և մի նոր կառավարություն, մի նոր ձրիակեր տարր, մի նոր միլիտարիզմ, մի նոր փաշա ու վարչական մարմին, որոնք ոչ պակաս ծանրանում են ժողովրդի շլնքին, որոնք ոչ պակաս կեղեքում են նրան ու քայքայում” :
    1910թ. ցարական ոստիկանությունը խուզարկել է Մուշեղի բնակարանը, հայտնաբերել կուսակցության Երևանի կազմակերպության անդամների ցուցակը, արձանագրություններ: Մուշեղը, խուսափելով բանտարկությունից, կարողացել է թաքնվել Թիֆլիսում: Այստեղ, ինչպես պատմում է Բնի Մեսրոպը, Մուշեղը հյուր է եղել հանրահայտ Արամովին, որտեղ և ներկա է եղել Մանթաշովը: Նա հորինել է երգ, որի համար Արամովից ստացել է 100ռ.:
    Մուշեղ Բագրատունին 1911թ. նոյեմբերին վերադարձել է Երևան և հրատարակել է “Կռան” հասարակական-տնտեսական և գրական-գեղարվեստական շաբաթաթերթը: Այն միաժամանակ երգիծական բնույթ ուներ և իբրև այդպիսին Երևանում առաջին թերթն էր: Մուշեղը “Կռանի” էջերում ժողովրդական մասսաներին բացահայտ պայքարի է մղել ցարական կառավարության դեմ. “Դուրս գալ հրապարակ և պայքար հայտարարել մի այնպիսի դասակարգի ու տարրի դեմ, որն այսօր հասարակական կյանքի փաստական տեր ու տնօրենն է”,- գրել է նա:
    “Կռանում” մեծ տեղ են գրավել նաև արևմտահայ կյանքը լուսաբանող հոդվածներ: “Թուրքահայ խնդիրը”, “Հայերի վիճակը Տաճկաստանում” և այլ հոդվածներ, որտեղ Մուշեղը բարձրաձայն մերկացրել է Թուրքիայի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ: “Տաճկական լեռների մեջ իրենց բարբարոսական անաղարտությամբ մնացած ցեղերը նորից հանդես են գալիս տաճկահայի կյանքը արյունոտելու, կարմրացնելու դարերից ի վեր մարտիրոսվող ժողովրդի արյունով”,- գրել է Մուշեղը` կարծես կանխազգալով ցեղասպանության սոսկալի վտանգը:
    1912թ. դեկտեմբերին փակվել է թերթը, սակայն Մ. Բագրատունին չի վհատվել, 1913թ. հունվարից սկսել է հրատարակել “Նոր մամուլ” անունով շաբաթաթերթը, որը գալիս էր լրացնելու և շարունակելու “Կռանին”:
    Թերթը նույնպես անդրադարձել է հայ ժողովրդի կացությանը, նրա ճակատագրին. “Ուժի դեմ ուժ, հարձակման դեմ դիմադրություն”,- գրել է Մուշեղը: Նա իր մի շարք ֆեիլետոններում բացահայտ զենքի ուժով օտարի լծից ազատվելու գաղափար է տարածել:
    1916-1920թթ-ին նա աշխատակցել է “Պայքար”, “Խոսք”, “Պահակ” և այլ պարբերականների: Մ. Բագրատունին իր խմբագրած թերթերում քննադատել է նաև դաշնակցական կուսակցությանը, մերկացրել դրա գործունեությունը : 1920թ. Մայիսյան խռովությունը ճնշելուց հետո ձերբակալվել է նաև Մ. Բագրատունին և աքսորվել Բաշ-Գառնի: Բաշ-Գառնի աքսորավայրից նա անցել է Պարսկաստան և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո վերադարձել Հայաստան: 1921թ. նա դարձել է Բաշ-Գառնիի գյուղհեղկոմի առաջին նախագահը:
    Խորհրդային տարիների ընթացքում Բագրատունին շարունակել է իր գրական գործունեությունը, զբաղվել ուսուցչությամբ, աշխատակցել “Մաճկալ”, “Խորհրդային Հայաստան” թերթերին, “Մոծակ” և “Աշխատանք” ամսագրերին, գրել “Կրոնի թույնը” երգիծական պատմվածքների ժողովածուն /1930թ./, “Շնագայլեր” երգիծական վեպը: Իսկ 1914թ. նրա գրած “Ծիծաղի արցունքները, շոռշոռաքարափը” պատմվածքի հիման վրա Համո Բեկնազարյանը 1926թ. նկարահանել է մի հետաքրքրաշարժ կինոնկար` “Շոռն ու Շոռշոռը” վերնագրով:
    Մ. Բագրատունին իրեն հատուկ հաստատակամ և անձնազոհ նվիրվածությամբ ծառայեց իր ժողովրդին, փորձեց դարմանել նրա ցավերը. “հող է պահանջում գյուղացիությունը, այն պետք է տալ: Բայցյ դրանից հետո նրան պետք է դնել այնպիսի պայմանների մեջ, որ չբռնագրավվի նրա իրավունքը, աշխատանքը”,- կարծես համահնչուն ներկա ժամանակին, գրել է Բագրատունին:
    “Փալանդուզ Մկոն իրա օրումը ոչ փիս բան կանի ու ոչ էլ ծուռ բան կխոսա, դիփ, ինչ որ ասում ա, շատ լավ ա ասում, ամմա ասողին էլ լսող ա պետք”,- երգիծանքով իր մասին գրել է նա:
    Մուշեղ Բագրատունուն ձերբակալել են 1937թ. նոյեմբերի 15-ին Երևանում: Նա հավանաբար գնդակահարվել է մինչև 1945թ., երբ նրա զավակները ստացել են նրա մահվան ծանուցումը: Ունեցել է երեք որդի` Արսեն, Արտաշ ու Վարդգես և երեք դուստր` Սիրանուշ, Ժենյա և Սեդա: Արսեն Բագրատունին /ծնվ. 1914թ./ հանդես է եկել Գ. Սունդուկյանի անվան պետ. թատրոնում, եղել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստ:

    ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    1. Ա. Ասատրյան, Կարբի: Պատմություն, հուշարձաններ, ազգագրություն/Արմեն Ասատրյան.-ԵՐ.: Հեղինակային հրատարակություն, 2010, էջ 157-160
    2. Փալանդուզ Մկո “Ծիծաղի արցունքները. շոռշոռաքարափ”, Երևան 1914թ.
    3. Փալանդուզ Մկո “Կրոնի թույնը” ժողովածու, Երևան 1930
    4. Փալանդուզ Մկո “Շոռ և Շոռշոռ”, Երևան 1979
    5. ՀՍՀ, հ. II Երևան 1976, էջ 201
    6. Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը /1879-1917թթ./, Երևան 1963
    7. Ս. Նազարյան, Երևանի պարբերական մամուլը /1880-1917թթ./, Երևան 1986
    8. Ն. Զորյան, Փալանդուզ Մկո, “Կանթեղ” թերթ № 2, 1996
    9. Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ /կազմ. Հ. Պետրոսյան/, Երևան 1960թ., էջ 282
    10. Սովետական գրականություն, հանդես № 6, 1973

  • lilia lusinyan says:

    nereceq,indz shtaaap harkavore jamanakakic groxi mi aynpisi stexcagorcutyun,vortex shat en hexinakayin norabanutyunner@!!!xndrum em ogneq dzer xorurdnerov!!!!!!1

  • Հասմիկ Հակոբյան says:

    Արձակագիր եք ուզում, թե բանաստեղծ?

  • lilia lusinyan says:

    lav klini banastexc!!!kam ete hnaravore karj ardzak stexcagorcutyun!!

  • Հասմիկ Հակոբյան says:

    Լիլիա ջան, կարող եք նայել Վիոլետ Գրիգորյանի, Արմեն Շեկոյանի նաև` Ներսես Աթաբեկյանի ու Կարեն Անտաշյանի բանստեղածաղծական ժողովածունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *