«Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչութան գործակցությամբ լույս է տեսել նոր` «Գրանիշ» գրական հանդեսը:
Հանդեսը սկզբունքորեն տարբերվում է www.granish.org հասցեում գործող առցանց «Գրանիշ» նախագծից և զուտ լավ հայալեզու գրականության հավաքածու ներկայացնելու խնդրից նպատակ ունի նաև կոնցեպտուալ ամփոփումներ անելու հայ գրականության համար արդիական խնդիրների շուրջ:
Հանդեսի համարները թեմատիկ են լինելու: Ձեռնարկի հեղինակների պնդմամբ, գրական ընթացքի վերաիմաստավորման այս հանգրվանում խմբագրակազմի կողմից հանդեսի համար ընտրված թեմատիկ ձևաչափը ռազմավարական նշանակություն ունի: Նրանք համոզված են, որ գրական դաշտում բազմաթիվ իրողություններ կան, որոնց շուրջ չկան համակարգված ու համակարգային պատկերացումներ, քանզի չկան ձեռնարկներ ու նախաձեռնություններ, որոնք մեր ժամանակներում ստեղծված ու ստեղծվող գրանյութը ներկայացնեն ընդհանուր հարցադրումների գիտակցումով:
Յուրաքանչյուր համարի, կամ որ նույնն է` յուրաքանչյուր թեմատիկ մասնավորության տարածքում «Գրանիշը» ձգտելու է համակարգված պատկերացումներ ձևավորել տվյալ խնդրի ու երևույթի հանդեպ:
Առաջին համարը, որ ունի «Գրանիշ լեզվանի – թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը և գրականությունը ստեղծեց լեզու» անունը, նվիրված է գրականություն–լեզու փոխհարաբերությանը և ներկայացնում է արդի հայ գրականության ծիրում տարբեր լեզվաշերտերի իրացումներ և ժամանակակից արտասահմանյան գրողների թարգմանություններ:
Հաջորդիվ սպասվում են նաև մանկական գրականությանը նվիրված համար, ցեղասպանությանն անդրադարձող գրականությանը նվիրված համար, գրական շուկայի խնդիրներին նվիրված վերլուծական, նաև օտարալեզու թարգմանական համարներ:
Ձեռնարկի հեղինակները հույս ունեն, որ «Գրանիշ» հանդեսը ոչ միայն բովանդակային և հրատարակչական որակի առումով գրական մամուլի համար թարմություն կլինի, այլ նաև նոր հարթակ կդառնա գրականության քարոզման ու արդի հայ գրականության հեղինակությունը բարձրացնելու առումով:
Ամսագիրն ինչ-որ առումով նաև գրական նոր սերնդի ինքնահաստատման հայտն է ու գրական նոր ավանդույթների հիմք դնելու ձեռնարկ:
Գրականության պատմությունը բազմաթիվ օրինաչափություններ է արձանագրել, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ հաշվի չնստել: Այդպես` յուրաքանչյուր նոր սերունդ իր հաստատման ընթացքը սկսել է նախորդ սերնդի հետ պատերազմելու, նրան հակադրվելու և ժխտելու մարտավարությամբ: Մյուս կողմից` յուրաքանչյուր սերունդ կայացել ու հաստատվել է անպայման որևէ ամսագրի կամ հանդեսի շուրջ:1850-ականների «Հյուսիսափայլը», 20-րդ դարասկզբի «Մեհյանն» ու «Նավասարդը»,1920-ականների «Ստանդարտը», 1930-ականների «Մենքը»,1960-ականների «Գարունը», 1990-ականների «Նոր-Դարը» դրա լավագույն վկայություններն են, որոնց շուրջ համախմբված տաղանդավոր գրողների ստեղծածն այսօր հայ գրականության ու մշակույթի հարստությունն է: Այս համատեքստում` «Գրանիշի» հրատարակության նախաձեռնումը նույնպես ավանդույթների համածիրում է: Բայց և այնպես` հեղինակների պնդմամբ, «Գրանիշը» չի եկել պատերազմելու, նրա առաքելությունը արդի հայ գրական դաշտի համախմբումն է մի ծիրում, որտեղ գրական ավանդացած ինքնաբավ խմբավարությունն այլևս տեղ չունի, որտեղ արժեքայնության չափանիշը բարձր գրականությունն է միայն` այն հարցադրումների ու մարտահրավերների համատեքստում, որոնք այսօր արդիական են և ճիշտ թիավարման դեպքում հեռագնա հնարավորություններ են ընձեռում հայ գրականությանը: Այդ մարտահրավերներից ամենակարևորը, թերևս, ընթերցանության հանդեպ գրեթե անտարբեր վերաբերմունք ունեցող համացանցային սերնդի, իբրև հայալեզու նոր ընթերցողի, պատրաստումն է և գրաշրջանառության նոր համակարգի հիմքերի ստեղծումը:
Այդկերպ «Գրանիշը» փորձելու է ինչ-որ չափով ազատագրել արդի հայ գրականությունը կրկնաբանությունների տաղտուկից ու նրա հանդեպ առկա հանրային կույր մերժողականությունը փոխել հետաքրքրվածության, սրտացավության ու հոգածության:
Ամսագիրն արդեն վաճռվում է Բյուրոկրատ գրախանութում և Արտբրիջ գրախանութ-սրճարանում:
Առաջիկայում կլինի նաև Գրանիշ լեզվանի համարի շնորհանդեսը:
anchap urax em granishi hande luys @ncayman hamr, cankanum em bexmanvor stexcagorcakan apaga, tox granishi yuraqanchyur ej mi nor u hetaqrqir ashxar baci mer graser eritasardytyan hamar, sirov kcankanayi tpagrvel granishi ejerum im ashxatanqneric voreve mek@..