Չարլզ Բուքովսկի | Բանաստեղծություններ

Ամբոխի հանճարը

այնքան դավաճանություն, ատելություն, բռնություն
անհեթեթություն կա
ամենասովորական մարդ արարածի մեջ,
որ բավական է մատակարարելու
աշխարհի ցանկացած բանակ ցանկացած օր
և լավագույնը սպանության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են ,մի սպանիր
և լավագույնն ատելության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են սեր
և լավագույնը պատերազմի մեջ նրանք են,
ովքեր քարոզում են խաղաղություն
ովքեր աստված են քարոզում, իրենք աստծո կարիք ունեն
ովքեր խաղաղություն են քարոզում, չունեն խաղաղություն
ովքեր խաղաղություն են քարոզում, չունեն սեր
զգուշացեք քարոզիչներից
զգուշացեք գիտուններից
զգուշացեք նրանցից,
ովքեր միշտ գիրք են կարդում
զգուշացեք նրանցից,
ովքեր նողկում են աղքատությունից
և կամ պարծենում դրանով
զգուշացեք նրանցից,
ովքեր հեշտ են գովում
նրանք սպասում են պատասխան գովեստի
զգուշացեք նրանցից,
ովքեր հեշտ են քննադատում
նրանք վախենում են իրենց չիմացածից
զգուշացեք նրանցից,
ովքեր անվերջ ամբոխներ են որոնում
միայնակ նրանք ոչինչ են
զգուշացեք միջակ տղամարդուց, հասարակ կնոջից
զգուշացեք նրանց սիրուց
նրանց սերը միջակ է և միջակություն է փնտրում
սակայն հանճար կա նրանց ատելության մեջ
բավական հանճար` սպանելու համար քեզ
սպանելու ցանկացած մեկին
չունենալով միայնություն
չհասկանալով ինչ է դա`
նրանք կձգտեն կործանել ամենն,
ինչ տարբեր է իրենցից
չկարողանալով ստեղծել արվեստ
նրանք չեն հասկանա` ինչ է դա
իրենց անհաջողությունը նրանք կընդունեն
արարիչների պես
ասես դա բոլորի անհաջողությունն է
չկարողանալով սիրել լիարժեք
նրանք քո սերը կհամարեն թերի
իսկ հետո նրանք կատեն քեզ
ու նրանց ատելությունը կլինի կատարյալ
փայլուն ադամանդի պես
դանակի պես
լեռան
վագրի
թունավոր ծաղկի նման
ամենանրբին արվեստը նրանց

 

Միայնակ բոլորի հետ

մարմինը ծածկում է ոսկորը
և այնտեղ
դնում են ուղեղ
իսկ երբեմն էլ հոգի
և կանայք ծաղկամանները
պատերով են տալիս
և տղամարդիկ խմում են
չափից դուրս շատ
և երբեք ոչ ոք չի գտնում
այն միակին
բայց շարունակում են փնտրել
սողալով
անկողնուց անկողին
մարմինը ծածկում է ոսկորը
և մարմինը փնտրում է
ավելին
քան մարմին
ոչ մի
հնարավորություն չկա
մենք բոլորս գերի ենք
տարօրինակ մի
ճակատագրի
երբեք ոչ ոք չի գտնում
այն միակին
քաղաքի աղբանոցները լցվում են
գժանոցները լցվում են
հիվանդանոցները լցվում են
գերեզմանոցները լցվում են
էլ ուրիշ ոչ մի բան
չի լցվում

 

Անմշակ սիրով

փոքրիկ սև աղջիկ
բարի աչքերով
երբ պահը գա դանակն օգտագործելու
ես չեմ վարանի ու
չեմ մեղադրի քեզ
մինչ ես միայնակ մեքենա եմ քշում ծովափով
մինչ արմավենիները ճոճվում են
տգեղ ծանր արմավենիները
մինչ ապրողը չի ժամանում
մինչ մեռածը չի հեռանում
ես չեմ մեղադրի քեզ
փոխարենը
ես կհիշեմ համբույրները
մեր շուրթերը անմշակ սիրով
ու թե ինչպես դու տվեցիր ինձ
ամենն ինչ ունեիր
ու թե ինչպես ես առաջարկեցի ամենն
ինչ մնացել էր ինձանից
և ես կհիշեմ քո փոքր սենյակը
շունչը քո
լույսը քո պատուհանի մեջ
քո ձայնապնակները
քո գրքերը
մեր առավոտյան սուրճը
մեր կեսգիշերները
մեր գիշերները
մեր մարմինները կապված միասին
քնելիս
փոքրիկ աննշան ներկաները
հանկարծակի և ընդմիշտ
քո ոտքը իմ ոտքը
քո ձեռքը իմ ձեռքը
քո ժպիտը և ջերմությունը
քո
որ ստիպեցիր ինձ ծիծաղել
կրկին
փոքրիկ սև աղջիկ
բարի աչքերով
դու չունես դանակ
դանակը իմն է
և ես այն չեմ օգտագործի
դեռ

 

3:16 ու կես

այսպես ես պետք է որ մեծ բանաստեղծ լինեմ
ու քունս տանում է ցերեկով
այսպես ես որ տեղյակ եմ ինչ է մահը. մի հսկայական փամփուշտ
որն ուղղված է իմ դեմ
ու քունս տանում է ցերեկով
այսպես ես տեղյակ եմ պատերազմներից և տղամարդկանցից
որ կռվում են ռինգում
ու քունս տանում է ցերեկով
ես տեղյակ եմ ինչ է լավ ուտելիքը, լավ գինին, լավ կանայք
ու քունս տանում է ցերեկով
ես գիտեմ ինչ է կնոջ սերը
ու քունս տանում է ցերեկով
փաթաթվում եմ արևի շողերին դեղին վարագույրի ետևում
մտածում եմ` հետաքրքիր է ուր են գնացել ամառվա ճանճերը
հիշում եմ ամենաարյունոտ մահը Հեմինգուեյի
ու քունս տանում է ցերեկով
մի օր քունս չի տանի
մի օր ես կգրեմ բանաստեղծություն որից կժայթքեն հրաբուխները
տեղի լեռների
բայց հենց հիմա քունս տանում է օրը ցերեկով
և ինչ-որ մեկը հարցնում է ինձ «Բուկովսկի,
ժամը քանի ՞սն էե
և ես ասում եմ 3:16 ու կես
ես ինձ մեղավոր եմ զգում, զգում եմ ինձ զզվելի
անպետք
ցնդած
զգում եմ, որ ցերեկով քունս տանում է
նրանք ռմբակոծում են եկեղեցիները, ամեն ինչ կարգին է, կարգին է
երեխաները պոնի են քշում զբոսայգում, ամեն ինչ կարգին է, կարգին է
գրադարանները լցված են հազարավոր գրքերով
հրաշալի երաժշտություն կա կողքիս ռադիոյի ներսում
ու քունս տանում է ցերեկով
մեջս գերեզման կա որ ասում է
էհ, թող դա ուրիշներն անեն,
թող նրանք հաղթեն,
իսկ ես քնեմ
իմաստությունը մթության մեջ է,
ավելի պես սրբելով մութը
ես գնում եմ այնտեղ ուր ամառվա ճանճերն են գնացել
փորձեք բռնել ինձ

 

Տերևների ողբերգությունը

ես գիտակցեցի չորությունը և ծաղիկները մեռած էին
սենյակային բույսերը դեղին էին եգիպտացորենի պես
հեռացել էր կյանքիս կինը
ու դատարկ շշերը արյունոտ դիակների պես
շրջապատել էին ինձ իրենց անպետքությամբ
արևն ամեն դեպքում առաջվա պես լավն էր
բայց տանտիրուհուս երկտողն աղաղակում էր
պարտքիս մասին
ոչ պահանջկոտ դեղնածությամբ
ինչ էր պետք այդ պահին
հնաոճ մի լավ կատակերգու
հումորներով աբսուրդ ցավի մասին
ցավը աբսուրդ է
որովհետև գոյություն ունի, այդքան բան
ես զգուշորեն սափրվեցի հին ածելիով
մարդ, ով մի ժամանակ երիտասարդ է եղել ու
կոչվել է հանճար
բայց դա տերևների ողբերգությունն է
մեռած ծաղիկների
մեռած բույսերի
ու ես քայլեցի սև միջանցքով
որտեղ կանգնած էր տանտիկինը`
վերջնականապես անպատվելով
ու գրողի ծոցն ուղարկելով ինձ
թափահարելով իր ճարպոտ քրտնած թևերը,
ու բղավելով
բղավելով տան վարձի մասին
որովհետև կյանքը խաբել էր
երկուսիս էլ

 

Արմավենու տերևները

ուղիղ ժամը տասներկուսին
1973-74-ի
կեսգիշերին
Լոս Անջելեսում
սկսեց անձրև գալ
արմավենու տերևների վրա
իմ պատուհանից այնկողմ
ազդանշանները և լույսերը
սլանում էին քաղաքով
և աղմկում
ես գնացի քնելու իննին
առավոտյան
անջատելով լույսերը
լցնելով ծածկոցը
նրանց զվարճությամբ
նրանց երջանկությամբ
նրանց ճիչերով
նրանց թղթե գլխարկներով
նրանց մեքենաներով
նրանց կանանցով
նրանց սկսնակ հարբեցողներով…
Նոր տարվա նախօրեն
միշտ սարսափեցրել է ինձ
կյանքը տարիներից բան չի հասկանում
հիմա արդեն ազդանշանները դադարել են
և լույսերը և որոտը…
ամենն ավարտվեց
հինգ րոպեում…
միայն անձրևն եմ լսում
արմավենու տերևների վրա
մտածում եմ`
երբեք չեմ հասկանա մարդկանց
բայց էդ արդեն ապրել եմ

 

Վանդակավոր զգեստներ հագած անմեղ ու հեզ աղջիկներ

էս կյանքում ում տեսա պոռնիկներ էին
մարմնավաճառներ նախկին, խելառ կանայք
ես տեսնում են տղամարդկանց
հեզ ու նուրբ կանանց հետ
ես տեսնում եմ նրանց սուպերմարկետներում
միասին փողոցով իջնելիս
ես տեսնում եմ նրանց իրենց բնակարաններում,
մարդիկ, որ խաղաղ ապրում են միասին
ես գիտեմ
նրանց ունեցած խաղաղությունը կիսատ մի բան ա
բայց հո կա
և պատահում են ժամեր ու օրեր խաղաղության
էս կյանքում ում տեսա թմրամոլ էին, հարբեցող
պոռնիկներ, մարմնավաճառներ նախկին, խելառ կանայք
երբ մեկը գնում է
գալիս է մյուսը`
նախորդից ավելի վատը
էնքան շատ տղամարդկանց եմ տեսնում
հեզ ու անմեղ աղջիկների հետ
վանդակավոր լայնեզր զգեստներ հագած
աղջիկներ, որոնք չեն հարձակվում գիշատչի հայացքով
«էլ ստեղ քածերի չբերեքե
ասում եմ մի-երկու ընկերներիս
«կսիրահարվեմ նրանե
«դու լավ կնոջ տանել չէիր կարողանում, Բուկովսկիե
ես լավ կնոջ կարիք ունեմ
ես լավ կնոջ կարիք ունեմ
այս գրամեքենայից ավելի
իմ մեքենայից ավելի
Մոցարտից ավելի
ես լավ կնոջ կարիք ունեմ այնքան շատ
որ կարող եմ զգալ նրա համը օդի մեջ
կարող եմ զգալ նրան մատներիս ծայրերին
կարող եմ տեսնել մայթերը
ուր նրա ոտքերը կսահեն
բարձը նրա գլխի տակ
կարող եմ զգալ իմ ծիծաղը սպասման մեջ
կարող եմ տեսնել նրան կատվին շոյելիս
կարող եմ տեսնել նրան քնելիս
հողաթափերը տան հատակին
ես գիտեմ ինքը կա
բայց ո ՞րտեղ էս երկրագնդի վրա
ուր բոլոր քածերը պոկ չեն գալիս ինձնից

 

Բանաստեղծություն կնամոլների համար, բանաստեղծություն տիեզերքի բոլոր թեթևաբարոների համար

ինձ դուր են գալիս կանանց, ովքեր չեն ապրել չափազանց շատ տղամարդկանց հետ
ես կուսություն չեմ ակնկալում, պարզապես նախընտրում եմ կանանց
ովքեր էությամբ չեն մաշվել փորձառությունից
հատուկ մի որակ ունեն կանայք, ովքեր տղամարդկանց
ընտրում են հատ-հատ
դա երևում է նրանց քայլվածքից
նրանց աչքերից
նրանց ծիծաղի մեջ ու նրանց
բարի սրտերի
կանայք, ովքեր ունեցել են չափազանց շատ տղամարդ
թվում է հաջորդին ընտրում են
ավելի շատ վրեժից, քան
սիրով
երբ դու խաղը եսասիրաբար ես տանում,
ամեն ինչ քո դեմ է դուրս գալիս
դու չես կարող պնդել սերը
կամ կապվածություն պահանջել
ի վերջո դու մնում ես այն ամենի հետ,
ինչ ինքդ էիր պատրաստ տալու
ու հաճախ դա
ոչինչն է
որոշ կանայք նրբազգաց մի երևույթ են
որոշ կանայք քաղցր են ու
հրաշքներով լի
եթե ուզում ես թքել արևի վրա
աստված քո հետ
բայց խնդրում եմ նրանց թող
հանգիստ

 

Կապույտ թռչուն

Կապույտ թռչուն կա սրտումս,
որն ուզում է դուրս պրծնել,
բայց ես շատ խիստ եմ նրա հետ,
այդտեղ մնա, ասում եմ,
չեմ թողնի ինչ-որ մեկը տեսնի քեզ:
Կապույտ թռչուն կա սրտումս,
որն ուզում է դուրս պրծնել,
բայց ես նրա խեղդում եմ վիսկիի մեջ,
և թունավորում ծխախոտով
որպեսզի ոչ պոռնիկները,
ոչ բարմենները
ոչ էլ վաճառակաները
երբեք չիմանան,
որ նա իմ ներսում է:
Կապույտ թռչուն կա սրտումս,
որն ուզում է դուրս պրծնել,
բայց ես շատ խիստ եմ նրա հետ,
սսկվիր, ասում եմ,
դու ինչ է ուզում ես ինձ խայտառակ անել,
ուզում ես փչացնել գործերս,
ուզում ես գրողի ծոցը գնա
գրքերիս վաճառքը Եվրոպայում:
Կապույտ թռչուն կա սրտումս,
որն ուզում է դուրս պրծնել,
բայց ես անչափ խելացի եմ,
թույլ եմ տալիս, որ նա դուրս թռչի
երբեմն միայն, գիշերով,
երբ բոլորը քնած են
ասում եմ`
գիտեմ, այդտեղ ես,
այնպես որ
չտխրես,
ու հետո նորից պահում եմ նրան,
բայց նա մեկ է կամացուկ երգում է
այնտեղ, ներսում,
հո չեմ կարող թողնել,
որ նա լրիվ մեռնի,
ու այդպես մենք քնում ենք միասին`
թաքուն պայմանավորված,
ու սա բավականին սիրուն է`
տղամարդուն լացացնելու չափ,
բայց ես հո չեմ լացում,
իսկ դո ՞ւք

Share Button

7 Կարծիք

  • gohar rafayelyan says:

    gexecik banastexcutyunner en, bayc chem havanum, qani vor chem karoxanum tanel nman txamardkanc. nor em kardacel ,,Sulamita-se4vaki mec sery,,- girqy. ay hrachali en nman txamardik. voronq teev amusnacac en. bayc sirum en mek urichin aynpes, vor el chen karox pntrel hajordin.

  • գուրգեն գուրգենյան says:

    խղճում եմ ես մարդուն պարզ է որ կին չի ունեցել ումեցել է մուտանտներ բայց գենը բնազդը հուշել են որ կա կին իսկական… ես գիտեմ ինքը կա, բայց ո՞րտեղ էս երկրագնդի վրա,. մի բան էլ իր մուտանտ ունենալը լավա նկարագրել

  • Գրանիշ says:

    Հիմա Բուկովսկի, թե Բուքովսկի ?

  • Լևոն Թոքմաջյան says:

    Ես պոեզիա քիչ եմ կարդում: Ոչ թե չեմ սիրում, այլ խուսափում եմ շատ կարդալուց քանզի քանակով բազմաթիվը, առանց ներքին կապի ընթերցողին ոչինչ չի տա: Հետո, բանաստեղծություն կարդալ առանց մանկան պես վստահելու հեղինակին՝ նույնիսկ ապաշնորհին, անիմաստ զբաղմունք է: Դե քանի որ արդեն կարդացել եմ… ասեմ:
    Ամենատևական իմ տպավորությունը զարմանքն է: Ես գիտեի, որ մարդիք օրենքից սպասում են բացարձակ արդարություն, բայց իրականում օենքը նույնիսկ չի տալիս այն նվազագույն ձևականը ինչը պարտավոր է, Կնոջից սպասում ենք մի ամբողջ աշխարհ բայց իրականում նույնիսկ ժամանակավոր սփոփանք չենք ստանում էս ունայն կյանքից……և այլն: Բայց լրիվ նորություն էր, որ դեռ սիրել չսկսած մարդն արդեն հիսթափված է:
    Կարճ ասած, հաստատ իրենց միայն հատուկ Ամերիկյան իրականության ասոցացիա է որին մենք հասու չենք, Ինչպես Ամերիկացուն հասու չէ եթե հայավարի, բանաստեղծորեն նկարագրես զոքանչի քաղցրությունը:
    «…Каждый сума сходит по своему…» Ռուսական ժող. ասացվածք:

  • երբեմն լացն էլ է լուծում…

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Շատ պատկերավոր,շատ ճշգրիտ ու առանց կոկետության, զգայական ու նուրբ: Շատ հեռու կին-տղամարդ պարզունակ ու մակերեսային հարաբերությունների պատկերումից, ինչին հետևողականորեն փորձում էին հանգեցնել բանաստեղծությունները վերևում: Ապրի Մարին

  • Մարիաննա Վարդանյան says:

    Լավ եք նկատել, սիրելի Գրանիշ:)
    Կարծում եմ կարելի էր ձևակերպել այսպես. անգլերեն k տարին համապատասխանում է հայերեն կ-ն, իսկ ck-ին՝ ք-ն: Բայց արի ու տես. Մարկ Տվեն ու Ջեկ Լոնդոն, երկուսն էլ կ-ով, մինչդեռ անգլերենում մեկը Mark է, մյուսը՝ Jack:
    Բուկովսկին անգլերենով գրվում է Bukowski և ամեն դեպքում ավելի խելամիտ կլինի գրել կ-ով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *