ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ | Բանաստեղծություններ

Վաչե Եփրեմյան
ԼԻՆՈւՄ ԵՆ ՕՐԵՐ, ԵՐԲ ՔԱՂԱՔԸ ՆՄԱՆՎՈւՄ Է ԱՐՅՈՒՆՈՏ ԶԱՄԲՅՈՒՂԻ

Անվերջ անձրեւների եւ երաժշտության քաղաքում
Մարդիկ փողոցներ են նկարում տանիքներին կպած`
մեռած երեխաների խոստումներով (երբեք չենք արթնանա)
եւ ծաղիկների կաթով:

Ամեն օր անձրեւը մեռնում է քաղաքից լքված շքամուտքում,
եւ աղմուկի պատից այն կողմ, ցուցափեղկերի ետեւում
կարմիր հեծյալները վիրահատում են երկինքը`
իբր միայն խոտն է կորցնում մահվան տարածությունը:

Երբեք մի՛ նետվիր չնախատեսված բառերի գիրկը,
քանի որ ստվերների ընդմիջումից
ցանկապատի աչքերում սարսափի կաթիլներ են աճում,
որոնք թաքցնում են թռիչքի վայրը:

Հեռացի՛ր ուրիշ բնակավայր`
խոտի հայացքում եւ թվերի փախուստի մեջ փնտրելու
օտարացումը քարե ծաղիկներից
եւ ապրելու օրը պարտված բառերի կենսագրության մեջ:

ԵԹԵ ՎԵՐՋՆ ԱՐԱՐՎԻ ԵՐԵՒԵԼԻ ՎԿԱՆԵՐԻ ԱՆԳԻՏՈՒԹՅԱՄԲ`
ԵՐԿՈՒ ՎԿԱՆԵՐԸ ԱՆՎԱՐԱՆ – ԵՐԵՍՈՒՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԱՆՑ ԵԴԵՄԱՎԱՐՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ԱՅՆՏԵՂ

Առաջին փախուստ–առաջին վտարում: Մնայինք պարտեզում` սիրո բույրը չէր սլանա Արեւելքից Արեւմուտք` իբրեւ քամի ու խորշակ, սիրո ձեւը չէր թափառի Մարմնի Քարտեզն ի վար–Քարտեզն ի վեր` առասպելի արքա, պատմության ասպետ, քաղաքակրթության խեղկատակ…առաջին ավարա:

Քե՞զ խաբեցին, թե՞ դու մոլորեցրիր մեզ–այլեւս գրոշ չարժե, այլեւս շվարած կանք ճանապարհի սկզբին–ստիպված անմահության համահեղինակ ձեւանալով: Ուրիշ բանի պիտանի չենք արդեն:
Փախուստի տրվածն ենք ու վտարանդի: Վերադարձի արահետները չեն նշմարվելու երբեք, ուրեմն` առա՜ջ դեպի Անդունդ–միակ տեսանելի բանը:

Սե՞րն է կործանում, թե՞ կործանումն է սեր: Եսի՜մ… մենք խելահեղ սիրում ենք ամեն անգամվա Միակ Սիրուն, եւ Միակ Սերն է Միակ Ճանապարհը չգիտեմ ուր տանող…

Եւ ահա երկնքից աստղեր են իջնում ուսերիս, եւ ահա Մարմնի Քարտեզագծերը խմբվելով կազմում են լաբիրինթոս, որի մեջ անհետ կորչելը բացառիկ երանություն է: Փայլփլուն Զատիկ կլինեմ… Ճանապարհիդ մասին եմ խոսում, Երկիր իմ:

Աստղերից սկիզբ առնող Գետը Հայացքի մեջ է վերուվար անում–Ջրասույզ Զանգ կլինեմ… Երկնքիդ մասին եմ խոսում, Երկիր իմ:

Բոլո՞ր գուշակություններն են իրականացել, եգիպտական ավազահատիկներով բոլո՞ր առեղծվածներն են զմռսվել, Կլեոպատրայի քթիկը իրո՞ք սիրուն էր–Անտես ու Անցավ Բանալի կլինեմ երկփեղկ դռան դիմաց… Տան մասին եմ խոսում, Երկիր իմ:

Ինչպե՞ս դեմքս որոնեմ Ջրի մեջ, եթե սուզվողը ես եմ: Իմ դեմքը–ամեն երեսուն վայրկյանն անց–ճանաչում եմ ձայնիդ մեջ` Ես արձագանքն եմ քո Ձայնի…թրատված Խոտերիդ մասին եմ խոսում , Երկիր իմ:

Ամեն երեսուն վայրկյանն անց տեսնում եմ` ինչպես են ողորկ սյուները բարձրացնում վառվռուն Ծիրանազարդը` լուսապսակված երկու կիսագմբեթներով: Պատեպատ խփվող սլացիկ ու թրթռուն Մոմ կլինեմ եւ լույսի Հեղուկը կվառեմ մթին խորանում: Տաճարիդ մասին եմ խոսում, Երկիր իմ…

Եթե վերջն արարվի երեւելի վկաների անգիտությամբ` երկու Վկաները անվարան–երեսուն վայրկյան անց եդեմավարք Վերադառնալու են Այնտեղ: Մագաղաթ կլինեմ, որ այս Գիրը կրկնագրես ինձ վրա: Լռությանդ մասին եմ խոսում, Երկիր իմ…

ՓԱԿ ԴՌԱՆ ԵՏԵՒՈւՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԱՆ ՉԼԻՆԻ,
ԻՍԿ ԿԻՍԱԲԱՑ ԴՌԱՆ ԱՐԱՆՔԻՑ
ԳՈՆԵ ԼՈւՅՍ Է ՆՇՄԱՐՎՈւՄ

Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր,
ու՞ր է տանում ճանապարհը՝ այսքան խարխուլ,
դու այնպես էլ չես գտնելու սկիզբը առավոտի, վերջը կեսօրվա
– մարմինդ հանձնիր իրիկնային քամուն՝
նա կհիշեցնի անփույթ խոստումներդ,
որոնք հեռու էին արցունքներից եւ ցավից:

Բացիր դռները գիշերվա.
դու կտեսնես մի ծառ՝ միայնակ ու թախծոտ,
հիշիր նրան՝ իր ճյուղերի տակ կլուսավորի քո հայացքը,
եւ իրերը ձեռք կբերեն նոր անուններ:
Բացիր դռները գիշերվա
եւ կտեսնես մի աշուն,
որ թավալվում է ներկա լինելու ձգտման մեջ.
Այստեղ ցավից գեղեցկությունը չի ծաղկում…

Սա՞ է վայրը երազանքների…
բայց ու՞ր են աչքերը՝ քեզ հսկող,
ու՞ր են ձեռքերը՝ քեզ ուղեկցող,
թփերի մեջ զբոսնում է ձայնը,
որ քոնն էր եւ այժմ հեռու է քեզնից:

Օ˜, կործանված սերեր, բոլորն էլ անուն են ունեցել,
Օ˜, կործանված առավոտներ, օ˜, կործանված կեսօրներ,
Ինչու՞ ցավից գեղեցկությունն այլեւս չի ծաղկում…

Ուրեմն՝ թաքցրու քեզ խոտերի մեջ, քարերի տակ, ձայնի ետեւում,
հմայում է այն բառը, որը չի երեւում,
հաճելի է այն վիճակը, որը դեռ չի բացահայտվել…

Միայն վերջին բառը պահիր քեզ,
վերջին բառը՝ դաժան ու վրեժխնդիր:

ԵՐԿՆՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՉՔԵՐ

Մի փետուր ընկավ
ափերիս մեջ.–
Կվերադառնաս գարնան սկզբներին`
Կամ Վարդի տեսքով,
Կամ Թռչնի նման…

ՔՈ ՀԱՅԱՑՔՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՇՂԱՐՇԻ ՄԻՋՈՎ

Լուսինը քարացավ երկնքում,
անգամ ծղրիդները լռեցին.
Լու Սինը քնած է ճամփեզրին:

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Tadevos Tonoyan says:

    Երբեք մի՛ նետվիր չնախատեսված բառերի գիրկը

    Մի պահ ինձ թվաց` … , բայց… բոլոր դժբախտությունները հենց “չնախատեսված բառերի գիրկը նետվելուց” են: Մնում է իմանալ, թե ում դժբախտությունը ինչից է… Վա’չ, դու ասում ես այն, ինչը մի օր կասեի ես… Այդ ծանր ու դժվար խոսքերն ասելու պարտականությունն է ծանրացած մեր այսօրվա ԳՐԻ ուսերին… Բայց դա միշտ է այդպես եղել… Կկարողանա՞նք միշտ ԼԻՆԵԼ այնպես, ինչպես դու քո այս գրի մեջ…

  • Tadevos Tonoyan says:

    Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր…

    …փախուստի մեջ փնտրելու
    օտարացումը քարե ծաղիկներից
    եւ ապրելու օրը պարտված բառերի կենսագրության մեջ

    Այս ծանր ու դժվար խոսքերն ասելու պարտականությունը…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով