«Նարեկացի արվեստի միության» դահլիճում երաժշտական պրեմիերա է. առաջին անգամ Երեւանում հնչեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համադիր երգերի «Canti Paralelli» («Զուգահեռ երգեր») երգաշարը, որի վրա մաեստրոն աշխատել է մոտ 5 տարի՝ ավարտելով այն միայն վերջերս: Համերգին ներկա էր անձամբ Մանսուրյանը, ով ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս նաեւ երգաշարի մասին իր մեկնաբանություններով ու վերլուծություններով:
Դաշնամուրի եւ վոկալի համար գրված այս երգաշարը Մանսուրյանը ստեղծել է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զուգահեռաբար համադրելով: Շարքի մեջ զետեղված են 8 գործեր 4 հեղինակներից, որոնք են Պաղտասար Դպիրի «Տաղ կորուսեալ սիրելոյ», «Վասն սիրոյ», Եղիշե Չարենցի «Կապույտ լճի վրա», «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյանի «Իմ հոգին», «Լեռների վրա ձնել է…», Վահան Տերյանի «Աշնան երգ», «Իմ խաղաղ երեկոն» բանաստեղծությունները:
Մաեստրոն անդրադառնում էր հատկապես այն խնդիրներին, որոնք ուղեկցում են երաժիշտին, երբ նա փորձում է ստեղծել վոկալ գործ հայ պոեզիայի հիման վրա: «Այդ բանաստեղծություններն իրար լրացնում, զուգահեռ են դառնում ճիշտ այնպես, ինչպես Պլութարքոսի «Զուգահեռ կենսագրություններ» գրքի հերոսները: Գաղափարը հենց այնտեղից եմ վերցրել, զուգահեռ երգեր, երբ այդ 4 ամբողջությունները մի ամբողջություն են դառնում իբրեւ գործ: Երբ սկզբում լսում եք Պաղտասար Դպիր, հետո Չարենց, այնքան անսպասելի է, բայց դուք հայտնաբերում եք բանաստեղծ երաժշտության մեջ»,- մեզ հետ զրույցում ասում է մաեստրոն, իսկ թե ինչ սկբունքով է ընտրություն արել, եւ դժվար չէ՞ր 4 տարբեր հեղինակների մի ամբողջության մեջ միավորել, Մանսուրյանը նշեց, որ ընտրությունն իր ներքին նախապատվության հարցն է, որի շուրջ չի ցանկանում կիսվել:
Ինչ վերաբերում է դժվար լինելուն, ապա առաջին հերթին նշում է գործի ոչ թե դժվար, այլ արտասովոր գեղեցիկ լինելը: Կոմպոզիտորի կարծիքով, մեր երգարվեստը, բանաստեղծական արվեստի հետ համեմատած, շատ յուրացված չէ, ճիշտ է՝ մեծ թվով բանաստեղծություններ երգվել են, ասենք, Իսահակյանից, բայց, օրինակ, Չարենց եւ Տերյան շատ քիչ է երգվել. «Տերյանն առհասարակ մեզանում ընթերցվում է որպես մելամաղձոտ, ռաբիզի համար նյութ: Ըստ երեւույթին, հարմար է, եւ արտաքուստ այդ զգայականությունը թարգմանվում է իբրեւ սենտիմենտալություն: Ես սիրում եմ, երբ երաժշտությունը կյանք է առնում լեզվական տարբեր շերտերից»:
Մանսուրյանը ցավով նշեց, որ այսօր չկա սալոնային միջավայր, բայց չկա նաեւ այն հասարակությունը, որ ռոմանսներ լսելու ցանկություն կունենա, իսկ այդ բանաստեղծական ռոմանսները լավագույն դեպքում կարող են հնչել մեր բուհական համակարգի ներսում՝ իբրեւ քննական նյութ: Այնուամենայնիվ, դրանք երեկ հնչեցին, որտեղ շարքի վոկալ պարտիան կատարում էր սոպրանո Շուշիկ Պարսումյանը (ԱՄՆ), իսկ դաշնամուրայինը` կոմպոզիտոր եւ դաշնակահար Արթուր Ավանեսովը (Հայաստան):
Հրապարակ | Սոնա Ադամյան
Սիվիլնեթ | Մարիա Հովսեփյան, Աննա Փափազյան