ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ | Բանաստեղծություններ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ

 

Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից,
Բայց ես չեմ վերջանում,
Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
Բայց ես Հայաստանն եմ, և ինձ սպանել հնարավոր չէ, որովհետև ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան,–
Զավակ եմ փլատակված, մայր եմ խելագարված, հայր եմ չթաղված, դագաղ եմ չճարված, մատնամնացուկ եմ ջարդոտված, հող եմ սառած, անուն եմ մոռացված, հավատք եմ հալածված, երկինք եմ մթնած, քար եմ պատռված, գիր եմ ջնջված, ջուր եմ պղտորված, ծիծաղ եմ լռած, երգ եմ ընդհատված, սիրտ եմ կոտրված, հույս եմ կտրված, հոգի եմ ուրացած, մարմին եմ նյութացած, երկիր եմ փեռեկված, օրենք եմ մեռած, միտք եմ ըմբոստացած, Ադամ եմ արտաքսված, դրախտ եմ կորուսված, դժոխք եմ բացված, ընդերք եմ գազանացած, լավա եմ ժայթքած, ինքնաթիռ եմ խորտակված, խոյակ եմ խախտված, հաց եմ տրորված, գինի եմ թափված, Խոսք եմ բանտարկված, Բանաստեղծ եմ խաչված ու Աստվա՜ծ եմ եսացած,
Եվ Ահեղ Դատաստանի օրը ե՛ս պիտի նստեմ Աստծո փոխարեն,– և պիտի շնչա-վորեմ ու մխիթարեմ, հուղարկավորեմ ու հայթայթեմ, վերականգնեմ ու ջերմացնեմ, հիշեցնեմ ու դիմակայեմ, լուսավորեմ ու հարակցեմ, վերծանեմ ու պարզեմ, ձայնավո-րեմ ու շարունակեմ, ամոքեմ ու կեցուցանեմ, ընդունեմ ու ոգեղինանամ, միավորեմ ու սահմանեմ, հավատամ ու վերադառնամ, գտանեմ ու գոցեմ, խաղաղեցնեմ ու հունավորեմ, փրկեմ ու հաստատեմ, բարձրացնեմ ու հավաքեմ, ազատեմ, իջնեմ ու աստվածանա՜մ,
– ԱՍՏՎԱԾԱՆԱ՜Մ,–
Որովհետև Աշխարհի սկզբից ի վեր իմ մարմինն է հաց, և արյունս է գինի, և իմ խոսքն է Աստված, և Աստված եմ ես,
Եվ չեմ վերջանում,
Եվ նա, ով կերավ իմ հացն ու չկշտացավ, խմեց իմ գինին ու չհագեցավ, լսեց իմ Աստծուն ու չհավատաց, տեսավ ինձ ու չճանաչեց,–
Տարերք լինի թե Աստված, թշնամի թե բարեկամ, Արևմուտք թե Արևելք –
Ցա՛ծր է իմ առաջ, և պիտի պատասխա՜ն տա ինձ՝ Ահեղ Դատաստանի օրը,
Որովհետև ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը,
Որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն:
31 հունվարի, 1989

 

ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ՈՒԺԵՂ ՈՒ ՀԱՂԹԱՆԴԱՄ

Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ ուրիշ տղերք կգան,
օրինավոր ընտանիքների սիրուն ու անառակ որդիներ,
և ամառային տաք ու պարարտ երեկոներին,
մի քանի խեղճ ու միամիտ անցորդ փողոցների անկյուններում
հավաքած –
կասեն, թե դուք ոչինչ չկարողացաք, եկել ենք, մենք պիտի անենք,–
և նոր տողեր գրող գունատ օրիորդների մոլար հայացքները որսալով՝
գիշերներն անքուն աշխուժորեն կմտմտան իրենց վաղվա օրը,–
և կանցնեն օրերը, օրերը այսպես կանցնեն, ու էլի նույնը կմընան:

Մեզանից հետո օրերի օդում լուծված բառերն ուրիշ կլինեն,
բայց էլի ուժեղ ու հաղթանդամ, անփույթ հագնված տղերքը կգան
և նոր մարգարեներ կհռչակեն իրենց,
և թղթահոտ փչող մաշված միջանցքներում կարգին մարդկանց երեսին
անամոթ կխնդան
և կասեն, թե՝ եկել ենք, դուք չկարողացաք, մենք պիտի անենք,–
և նրանք ճշմարիտ խոսքեր կունենան, և դաժան, և անխնա աչքեր:

…Մեզանից հետո նորից ձմեռ կլինի, մի ուրիշ ձմեռ,
բայց կգան, կգան, ուժեղ ու հաղթանդամ, անփույթ հագնված՝ նրանք
համառորեն կգան,
և նա, հենց նա, եկողներից հենց առաջինը,
նա, ով միշտ կոպիտ էր խոսում, և ում երբեք ոչ ոք չէր լսում,
հենց նա, հենց նա, եկողներից առաջինը,–
նա, ով իրեն վերջին մարգարե հորջորջեց –
կքայլի մի օր՝ տխուր օրվա մեջ, ուսերին տանելով իզուր ապրած
մի շան կյանք,
մի ամբո՜ղջ լղարած կյանք,
մի արդե՛ն լղարած կյանք,–
հետո հոգնած կնստի մի տեղ, և ընտանիքի բարեպաշտ հայրերի
խուճապահար հայացքների տակ
ցուրտ գարեջուր կխըմի –
դանդաղ, ինքնիրեն մրմնջալով.
– Մենք ուժեղ, մենք հաղթանդամ, ազնվորեն անփույթ հագնված,
մենք եկել ենք, վաղուց արդեն եկել ենք, դուք չկարողացաք,
մենք պիտի անենք…

Եվ ձյունափոշին սառը կծակծկի նրա խորշոմած դեմքը,
և նրա տարտամ հայացքի առջև
հեռավոր շենքերի կրակները աղոտ ու ծաղրալիր աչքով կանեն իրար:
1967

ԱՆՑԱԾ-ԳՆԱՑԱԾ ՄԻ ՕՐ, ԵՐԲ ԱՆՁՐԵՎԸ ԾԵԾՈՒՄ ԷՐ ՊԱՏՈՒՀԱՆԸԴ,
ԻՍԿ ԴՈՒ ՏԽՈՒՐ ՉԷԻՐ, ԱՅԼ՝ ՉԱՐ-ՉԱՐԱՑԱԾ, ՉԱՐԱՑԱԾ…

Եվ հաստլիկ օրիորդը, որից, չգիտես ինչու, միշտ դեղահոտ էր փչում
(Աստվա՛ծ իմ, ես մինչև հիմա դեռ հիշում եմ փոքրիկ խոզուկի նրա
վարդագույն, նրբագեղ դնչիկը),
և հաստլիկ օրիորդը, որից (ես այնպես էլ չիմացա, թե ինչու) միշտ մի
դեղահոտ էր փչում –
շուռ տվեց դեմքը ինձանից, հասկացնելով, որ ես իր թայը չեմ:–

Օ, դա մի սքանչելի հաստլիկ օրիորդ էր, մի հաստլիկ ու ֆենոմենալ օրիորդ,
որ լավ գիտեր արվեստի ամբողջ պատմությունը – սկզբից մինչև վերջ,
չնայած նրանից միշտ մի դեղահոտ էր փչում: Եվ երբ նա Կոջոյանը
համառորեն գերադասում էր Սարյանից –
այդ բուրումն ավելի էր ուժեղանում
(և դա, երևի, նա ինքն էլ գիտեր, ու դրանից իրեն այնքան էլ լավ չէր զգում):
– Օ՜ այո, իսկ Ջեքսոն Փոլաքը, ի՜նչ մեծ…– մերթընդմերթ՝ անխղճորեն
շարունակում էի ես նրան:

Եվ ամեն ինչ լավ էր, և ամեն ինչ իր ընթացքով այսպես առաջ էր գնում,
քանի որ դա կարգին և օրինավոր մի ընտանիքի դուստր էր:–
Ես գիտեի, որ նա իրեն հարմար մի ամուսին էր փնտրում, և դա մի քիչ
տխրեցնում էր ինձ,
քանզի դրա համար նա չափազանց լավ արվեստի պատմություն գիտեր:
Եվ երբ ակնոցի տակ աչքերը ոգևորությամբ փայլեցնելով
նա իր հերթական՝ օ իսկ Գոգե՜նը, իսկ Վան-Գո՜գն էր արտաբերում –
ես հանկարծ այնպես խղճացի մեզ, երկուսիս (նա մի խիստ մայր ուներ,
և դեռ երբեք ձմռան երեկոներին
նրան տնից մենակ դուրս չէին թողել),–
մի խոսքով՝ ես նրա ականջին քնքշորեն մի քանի սիրուն բառ շշնջացի,
որ այստեղ վերհիշելու ոչ մի հնար, իհարկե, չկա,
ու հետն էլ կամաց ավելացրի, թե՝ թույլ տուր համբուրեմ փորըդ,
ու մի քիչ էլ ներքև, եթե կարելի է՝
հրաշալի տողեր են, այնպես չէ՞,
հեղինակն էլ Ռոնսարն է, այդ սքանչելի ծերուկը, որ ջահելներիս հացը խլեց:
– Եվ այստեղ, սիրելիս, աշխարհն այնքան էլ գլխիվայր չի կանգնում:

Եվ հենց դա էլ եղավ վախճանի սկիզբն ու փչացրեց ամեն ինչ:
– Նա շուռ եկավ, ու շրջեց երեսը ինձանից, հասկացնելով, որ ես իր թայը չեմ,
այսինքն՝ որ չեմ կարող քիթս խոթել նրա գործերի մեջ,
հետո արագ հեռացավ, իսկ ես, անհամբեր ու դեռ անփորձ մի տղա,
մնացի այդպես, վշտահար ու ամոթի գերի, փողոցում կանգնած –
և այդ ժամին իսկույն կարելի էր հասկանալ – օ՜ ժամանակ, օ՜ բարքեր,–
թե՝ ի՛նչ կատարյալ ու սքանչելի մի ողբերգություն էր փթթում շուրջբոլորը:
1968

ԱՇՈՒՆ Է ՀԻՄԱ – ԲԱԺԱՆՈՒՄԻ ՇՐՋԱՆ

Աշուն է հիմա – բաժանումի շրջան,
ողջ օրն անձրև է գալիս ու չի գալիս –
անգույն, միալար խոսքերիդ պես տարտամ,–
ախ, ինչպե՞ս երգեմ ես աշունն այս խուլ,
երբ բառեր չկան, երբ մենակ եմ ու լուռ
մեռնող բնության, մեռնող սիրո դիմաց,
աշուն է հիմա – բաժանումի շրջան:

Անցյալ աշնանն էր, որ սիրեցինք իրար,
ու թվաց, թե այլ մի կյանք ապրեմ պիտի,
կարծես օրերս էլ մի նոր գույն առան,–
և աշնան խոնավ, փաղաքուշ միգում –
հասո՜ւն էր սերը՝ ամռան կրքի նման.
– օ խաբե՛ց մեզ անցյալ աշունը խարդախ,–
անցյալ աշնանն էր, որ սիրեցինք իրար:

Ասում են՝ ծերերն են աշնանը սիրում –
մենք ծեր էինք, բայց ուզեցինք խաղալ,
և դա է հուշում մեզ աշունն այս խուլ –
իր անձրևներով անգույն ու միալար,–
տե՛ս, լալի՜ս է մեր սերը երկնքից կախ,
և կանչում հուսահատ, թե վախճանն է սա.
– ասում են՝ ծերերն են աշնանը սիրում:

Չեմ ուզում հիմա քեզնից ոչ մի բան,
մոռացիր, մոռացիր ինչ որ եղել է,–
ա՛խ, այս թշնամի, այս մեռնող աշունը
տարավ ամեն ինչ անդարձ իրեն հետ,
ա՛խ, մենք բոլորս մանուկներ ենք որբ,–
ցուրտ է, մրսում եմ – իսկակա՜ն Տերյա՛ն,
չեմ ուզում հիմա քեզնից ոչ մի բան…
…………………………………………
Աշուն է հիմա – բաժանումի շրջան:
1971

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՁՄԵՌ

Ես սիրում եմ քեզ, իմ հայրենի քաղաք,
սիրում եմ քո հին աշունները շքեղ,
ամառները արբշիռ, գարունները կանաչ,
բայց ամենից շատ – ես սիրում եմ խեղճ
քո ձմեռը սև, անձյուն ու ցամաք,
քո ձմեռը, որ տե՛ս, դրսում կուչ է եկել –
որպես մի շուն ծեծված, մի միամիտ Չալանկ:

Որպես մի շուն անտեր, մի մոլորված Չալանկ,
որ, չգիտես ինչպես, այս քաղաքն է ընկել –
կուչ է եկել դրսում, և դողում է բարակ
ձմեռը խեղճուկրակ:–
Եվ չի սիրում նրան,
ախ, չի՛ սիրում նրան աշուններով շքեղ,
ամառներով արբշիռ, գարուններով կանաչ
հափրացած ու հոգնած հոգին հաշտ ու խաղաղ:

Բայց ես սիրում եմ քեզ, իմ հայրենի քաղաք,
և քո ձմեռը հենց, քո ձմեռը տգեղ,
քո ձմե՛ռն եմ սիրում – մի միամիտ Չալա՛նկ,
որ, չգիտես ինչպես, այս քաղաքն է ընկել,–
ես սիրում եմ այդ շանը որբ ու անտեր,
համբուրում եմ նրա դունչը սրթսրթացող,
շոյում եմ մեջքը և շշնջում եմ բառեր…

Լսիր, ասում եմ ես, լսիր ինձ, իմ Չալանկ,
դու չես տեսել երբեք, չե՛ս իմանում – ինչ է,
չես իմանում, ի՛նչ է – երբ շուրջդ ոչինչ է,
երբ շուրջդ չկա ձյուն, չկա շունչ, չկա կյանք,
երբ չոր սևություն է միայն խեղճ ու անկյանք,–
մի շո՛ւն է միամիտ, մի Չալա՛նկ է անտեր,
և շունն այդ կոչվում է – քաղաքային ձմեռ:

Եվ շունն այդ կոչվում է ոչ թե արբշիռ ամառ,
ոչ թե գարուն կանաչ, ոչ թե աշուն շքեղ,
այլ կոչվում է ձմեռ, քաղաքային ձմեռ –
պատահական, շշմած, տխուր ու մոլորված,–
կամ կոչվում է քեզ պես մի Չալա՛նկ, մի քա՛ծ,
որ, դրսում կուչ եկած, նվնվում ես դեռ –
կեղտոտ ու ինքնամատույց պոչիդ տակը բացած:

Ա՛խ, լսիր ինձ, իմ շուն, իմ Չալանկ, իմ ձմեռ,
ես սիրում եմ քեզ, թեպետ որբ ու անտեր,
քո ծծերով ցամաք, քո արգանդով չբեր –
դու խե՛ղճ ես, խե՛ղճ մի ձմեռ – քաղաք իջած,
ես համբուրում եմ քո սև դունչը սառած,
բայց փախի՛ր այստեղից, հեռացի՛ր, իմ Չալանկ,–
չե՞ս տեսնում, ոտքի տակ քեզ տրորո՜ւմ ենք մենք:
1978

ԱԳԱՄԵՄՆՈՆ

Տեսնում եմ ահա:– Նավերը կանգնած,
չի փչում ոչ մի համընթաց քամի,
զենուլ ես տալիս դու քո աղջըկան,
որ աստվածների սիրտը ողոքես,–
բայց սարսափած են թե՛ մարդ, թե՛ աստված,
քանզի քո զոհը – անմեղ կույս է մի,
և լալիս է քո սիրտը հայրական,–
բայց մոր աղերսն էլ ետ չի պահում քեզ:

Տեսնում եմ նորից:– Գոռոզ, ինքնակամ,
հերոսի հետ ես գժտվում առաջին,
որից փախչում են արքաներն անպարտ,
որից սարսում է քաղաքն Իլիոն,–
բայց Պելիսածին քո ոսոխն անգամ
անսաց քո կամքին, քո հզոր անձին,
և առաջնորդեց աքայանց ի մարտ,
– դեպի սոսկալի՜ հաղթանակի տո՛ն:

Տեսնում եմ մահըդ:– Թիկնոցով ծածկված,
ելնում ես որպես կուռք արևելյան,–
և վրիժառու տապարն եմ տեսնում –
երիցս ներկված քո տաք արյունով…
– Դիցե՜ր, ինձ խոցեց մահացու հարվա՛ծ,–
շանթված կասկածով դավաճանության –
բարձր կանչում ես դու վերջին շնչում,
որ ինձ է հասնում դարերի միջով…

Օ, Ագամե՛մնոն:– Օ, մե՛ծն առաջնորդ,
հերոս էիր դու,– և ամբողջ կյանքում
վախն ու սարսափը օտար էին քեզ,
քանզի քո հոգում – առյո՜ւծ էր նստած,–
բայց արքայական քո սիրտն անհողդողդ
մի օր սողոսկեց մի խորթ զգացում.–
հիշո՞ւմ ես՝ ինչպես կանգնեց Թերսիդես,
ու քեզ ժողովում ի՜նչ խոսքեր ասաց:

Կաղ, աչքերը շիլ, մազերը ցանցառ,
կուզ, սրագագաթ ու կորաքամակ –
նա ճչում էր քեզ, այնքան մարդու մեջ,
ի՜նչ սև անարգանք, լուտա՜նք ինչպիսի:–
Անվանեց ագահ, կնամոլ, թշվառ,
կոչ արեց թողնել քեզ մարտում մենակ…
– Բայց մինչ դու այնտեղ նստած էիր խեղճ՝
նրա մեջքին զա՜րկն իջավ Վոդիսի՛:

Օ, տեսնո՛ւմ եմ քեզ:– Ստորից պարտված,
դեռ գլխի չընկած, թե ինչ կատարվեց –
արդեն կրակ է վառվում քո հոգում
և ուռճանո՜ւմ է քո սիրտը ցավի՛ց,
բայց անտես մի ուժ ճնշում է քեզ ցած,
և դու լռո՜ւմ ես, լռո՜ւմ ես, օ մե՛ծ.–
ա՛խ, աչքիս առաջ դու քար ես դառնում –
մարմար անհաղորդ ու անվշտակից:

Եվ երեսուն դար նստած ես այդպես,
կույր կոպերիդ տակ փակած քո հոգին,
վախն ու սարսափը խեղդած սրտիդ մեջ
և թաքցընելով ցասո՜ւմդ արդար,–
բայց ինչքա՛ն լավ եմ հասկանում ես քեզ
այսօր մի նման ժողովում կրկին,–
ու երկու բառ եմ մրմնջում անվերջ.
– Թերսիդեսի դա՛ր: Թերսիդեսի դա՛ր:

Նա զինվոր էր վատ, և մարդ չարանենգ,
բայց տե՛ս, ստորից դարձել է իշխան,
և գնալով նա մեծանում է դեռ,
հերո՜ս է արդեն, նույնիսկ՝ ո՜չ վերջին,–
ու թեպետ նրան մենք շատ լավ գիտենք,
բայց կտրում է նա մի օր մեր ճամփան,
– և չկա, ավաղ, Վոդի՜սն էլ արդեն,
որ մի զա՛րկ իջներ նրա կուզ մեջքին:
1980

ՉԱՐԵՆՑԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Բայց աշխարհում այս գոց, այս կյանքում բի՛րտ,
Ուր լա՛ցն է լոկ օրենք, և դառնությունը՝ հաց,–
Քո այդ պարգևը սուրբ, երջանկագույն –
Կարող էր մա՛ղձ ծնել միայն իմ դեմ,
Մերժվածների դաշինք ու հալածանք:

ՉԱՐԵՆՑ. «ՎԵՐՋԻՆ ԱՂՈԹՔ»

Դուք մեղավոր չեք: Ես դա լավ գիտեմ,
լավ գիտեմ նաև բոլորիդ մեկ-մեկ.–
ձեր սերերը գորշ, կրքերը ճղճիմ,
խլուրդությունը ձեր գավառական,
լույսի թշնամի, խավարի կարոտ
ձեր էությունը – անզոր ու չնչին,
օրենքի մարդու ձեր պահվածքը կեղծ,
ցանկությունները ձեր լիրբ ու երկչոտ,
– որոնց մասին դուք չե՜ք խոսում երբեք
ձեր կանանց առաջ խիստ բարոյական:

Դուք մեղավոր չեք: Մեղավոր եմ ես,
որ, իմանալով, թե ովքե՛ր եք դուք –
այսքան տարի ձեզ կանգնել եմ սատար,
իմ սիրտն եմ բացել, երգել ձեզ համար,
եղել սեղանին ձեր գինի ու հաց,
նախանձն ու քենն եմ տարել ձեր չտես,
պոետախա՜ղը ձեր խեղճ ու կրակ.–
բայց դուք ընդամենն այն էիք, ինչ կա՛ք,
– և մարտնչող ձեր տգիտության դեմ
ես միշտ ցանկալի թիրախ եմ եղել:

Դուք մեղավոր չեք, բայց հիմա լսեք,
քանզի լավ գիտեմ բոլորիդ մեկ-մեկ,–
և ասում եմ, որ իրավունք չունի՛
պոետը խոսել վարդ ու սոխակից,
երբ ձեռքերն արյան մեջ են իր զոհի,
իրավունք չունի՛ երգել սիրո երգ,
իրավունք չունի՛ լինել կարեկից
տանջանքին հոգու կամ վշտին սրտի,–
երբ մատնությունից նո՜ր է տուն դարձել,
իր խիղճը հանգիստ գրպանը դրած:

Եվ ասում եմ, որ իրավունք չունի՛
պոետը ապրել հեշտ ու անխռով,
և իր երգերը գրել նույնքան հեշտ,
քանզի հեշտ երգը – ջրո՛վ է գրված,
իրավունք չունի՛ լռել կիսաձայն,
և վարպետության սառը ցոլանքով
սպանել հոգի՛ն ու սի՛րտը տողի,–
երբ պետք էր կանգնել աշխարհի առաջ
և, ձայնը առած Ձենով Օհանի –
բարձրագոչ թնդալ խոսքն արդարության:

Եվ ասում եմ, որ պոետ համարված
ձեզնից ոչ մեկը իրավունք չունի՛
դառնություն խառնել իմ գինուն կենաց,
դառնություն խառնել իմ հացին արդար…
Ես, որ ապրում ու գրում եմ դժվար –
ի՜նքս լավ գիտեմ, թե ո՛ւր եմ գնում.–
տատասկն իմ ճամփին հագնում է կանաչ,
հողը իր գիրկն է բացում իմ առաջ,–
բայց դուք չե՜ք տեսնում, բայց դուք չե՜ք լսում,
և իմ խոսքերը դեռ չեն հասնում ձեզ…

Եվ այս եմ ասում որպես վերջին խոսք.
– դուք, որ ցնծում եք, ոտնատակ տված
մարդկային պատիվ, հույս, հավատ ու սեր,
դուք, որ սովալլուկ գայլերի նման
ճաշին եք նստել հիմա իմ արյան –
լսե՛ք, դո՛ւք:–
Ես ձեզ ասում եմ ահա,
դարը փոխվել է, փոխվել են մարդիկ,
առաջինները վերջի՜ն են դարձել,
– բայց կարգը այդպես չի՛ մնա երկար,
և գալիքում էլ ձեզ ներում – չկա՛:
1977–1980

ՁԻ, ՆԺՈՒՅԳ ԻՄ ԵՐԵԿՎԱ

Ինչքան ուզեցի փախչել –
այնքան ավելի խրվեցի,–
և կանգնած ցեխերում որպես ձի,
որպես քնձռոտ յաբո՛ւ, վրան ախտեր,
ճանճեր եմ քշում հիմա –
դժբախտություններ մանրումեծ,
հոգսեր առօրեական,
որոնց տակ կքել եմ արդեն էլ,
որ կախվել են բաշիցս թել-թել,
որ ծեփել են բերան ու աչքեր,
որ պատել են դո՛ւնչս ծեր,–
և չեմ տեսնում ոչինչ,
և չեմ լսում ոչինչ
(ամառվա կեսին, շոգ ամառվա,
այս ցե՞խը ով հնարեց):

Ամառվա կեսին, շոգ ամառվա –
այս ցե՞խը ով հնարեց,–
որ կարող էր լինել, իհարկե,
որ պիտի անպայման լինե՛ր գուցե
(ինչպես քաղաքի կարգն է –
և փողոցի մեջտեղո՛ւմ հենց),
բայց կարո՞ղ էի հո շրջանցել,
անցնել ու թողնել ետևում
ցեխը այդ գեղեցիկ ու սև,
այնքա՛ն գեղեցիկ ու սև,
որ մեջը մինչև ծունկս թաղված
կանգնել եմ որպես ծեր,
քնձռոտ յաբո՛ւ, վրան ախտեր,–
որպես գուշակո՛ւմ իմ վաղվա –
և չգիտեմ ում ինչ ասեմ:

Ձի, նժույգ իմ երեկվա,
ո՞ւր է քո երբեմնի վարգը,
ո՞ւր է քո խրխինջը վստահ,
ո՞ւր են հարազատներդ երիվար,
որ հիշում են քեզ, իհարկե,–
բայց միայն մի պա՛հ –
որովհետև այնպես եղավ,
որ կյանքիդ ընթացքը բնավ
չշեղեց իր ուղին սովորական,
և դու էլ դարձար այսպիսի կական –
նրանցից, որ գրվել են շատ,
իրար նմա՛ն, սենտիմենտա՛լ, ուժա՛տ
և հոգնած, անսահմա՜ն հոգնած…
Ինչո՞ւ չմեռար: Որ սատկե՞ս:
Բայց ո՞վ պիտի ների քեզ:

Սա տանջա՛նք է, տանջա՛նք,
ամառվա կեսին, շոգ ամառվա –
կանգնել ցեխերում որպես ձի,–
որպես քնձռոտ յաբո՛ւ, վրան ախտեր,
և ճանճեր քշել – ճանճե՛ր,
դժբախտություններ մանրումեծ,
հոգսեր առօրեական,
որոնց տակ կքել ես արդեն էլ,
որ կախվել են բաշիցդ թել-թել,
որ ծեփել են բերան ու աչքեր,
որ պատել են դո՛ւնչդ ծեր,–
և չես տեսնում ոչինչ,
և չես լսում ոչինչ,
այլ մտածում ես միայն
բութ ու համակերպված.

ահա ես, վրան ախտեր,
ապրելու դատապարտված ձի,–
ինչքան ուզեցի փախչել –
այնքան ավելի խրվեցի:
1982

ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Լինել, թե չլինել. այս է խնդիրը,
սրանց նման գոհ ու երես առած,–
դառնալ արքայի խաղալիքը, իրը –
և կամաց-կամաց սողալ առաջ…

– Լինե՛լ,– ասում է արքան վստահ,–
և կլինի քո նույն սկիզբը դա լոկ,
որ հասնես այնտեղ, ուր ես եմ նստած
և աշխարհին եմ նայում խնդալով:–

Շատ լավ. ես էլ կուզեի լինել,–
ինչպես այդ արքան: Ինչո՞վ եմ պակաս:
– Սակայն ի՞նչ անեմ, որ սրտիս նեղ
պատերն է ծեծում արյունս կաս:

Որ մահկանացու իմ սրտի տակ
հրե առյուծներ են հաճախ մռնչում,
հրաբուխներ են ժայթքում իրենց տաք,
թունավոր լավան…– Ինչպիսի՜ խնջույք:

– Ոչ, չլինե՛լ,– որոտում են նրանք,–
այսպես դու նման ես քեզ առավել,
թող լինի մեկը, որ ասի՝ կյա՛նք,
դու ուզեցիր, բայց ես ինձ չեմ դավել:

Եվ այդ ձայները, ինձ թևերին առած,
թռցնում են Ոգու բարձրունքները վես,–
ուր աստված է ամեն մարդ արարած –
և չունի իր հետ կռիվ ու վեճ…

Բայց երբ այնտեղից գլորվում եմ ցած –
արքային քրքիջի տակ չարախինդ,–
ապա միտք եմ անում խիստ չարացած.
– Ի՞նչ գործ ունեի: Ո՞վ էր դրդել ինձ:

Դժբախտություն է՝ ճղճիմ դարում
լինել հրեղեն, վեհ խոսքի կարոտ,
երբ կարելի էր լինել հարուստ…
թեկուզ և քաղցել ճոխ սեղանի մոտ:
1984

ԲՈՂՈՔ ԱՌ ՄՈՂՈՔ

Մողո՛ք, Մողո՛ք, ո՞ւր են պոետները,
որ, հույզով ու հույսով առլեցուն –
երգում էին կյանքի վառ օրերը,
սեր ու խաղաղություն ամենեցուն,
մինչդեռ դու մա՜հ էիր սփռում ամենուր,
և չէ՛ր ժանգոտում ձեռքիդ գերանդին,–
որովհետև այդպես էր կամենում
քո սիրտը դաժան, չար ու անխինդ:

Ես տեսնում եմ նրանց, երգիչ ու բանաստեղծ,
որ երազիս մեջ դեգերում են անտուն…
– Ինձ ամե՜ն գիշե՛ր տանում են այնտեղ,
ուր, աքսորական կամ թե բանտում –
նրանց տառապանքի ուղի՛ն է երկարող,
վոդիսակա՜նը անպատմելի՛…
– Բայց, աչքերի մեջ ապշանք ու կարոտ,
նրանք զարմացած նայում են էլի՛…

Մողո՛ք, Մողո՛ք, նրանք չեն հասկացել
ու երբե՛ք, երբե՛ք չեն հասկանա,
թե՝ ինչի՞ համար մուրճմանգաղաձև
քո սուրը շողաց իրենց գլխին հանկարծ,
բայց գործո՜ւմ էր քո մահվան գերանդի՛ն
և դարձնում նրանց – մարդկային ցե՛խ,
և փոխում նրանց խինդը – խանդի,
և փչացնում, ով դեռ պոե՜տ էր մնացել:

Ու թեև անցան նրանք հրի միջով,
և հնչեցըրին պղնձյա փողեր,–
բայց սրբե՜ց նրանց քո սուրն անզիջող,
որի փառքն իրե՛նք էին հենց տարփողել,
և տակը մնաց – ժժմունքը թերուս,
որ պղտոր ջրո՛ւմ – դեռ շո՜ւռ է գալիս:
– Եվ հսկում ես դու նորից վերուստ,
և վերուստ նորից հըրաման տալիս…

Եվ «վսեմ բառի» մունետիկներն այս խեղճ
շարժվում են նորից քո՛ հրամանով.–
«հաչում էին այնտեղ, հաչում են այստեղ»,
սուտ փայլից ընկած, անղեկ ու անօգ,
հաչում ուրիշի՛, նաև – իրա՜ր վրա,
և մեղա գալիս նույն պահին՝ խաչվե՜մ,
և կեղծ պատվելու թիկնոց քաշում վրան,
բայց հասկանում, որ կարծես մի բան այն չէ:

Ե՛վ տիրացու սև գաճաճն է հաչում,
և՛ Չալանկ գամփռը – հոտը քամահրած,
և՛ ծաղկերգուն, որ հաչում է աջում,
իսկ ձախում – հակում գլխիկը ցած,
և՛ վարժապետը, որ գցում է տողե՜ր
մեռելահոտ ու դոնդողանման,
և՛ գյուղից քաղաք իջած տղան,–
ում, ինչպես միշտ, Թոփչյան Ալիկն է պեղել:

Ե՛վ սերնդի որբը, որ վիզը կոտրեց,
և՛ նույն Թոփչյան Ալիկը, դարձած գրող,
– տարբեր ու նման ճակատագրե՜ր,–
որոնց շարժում է ճակտի գիրը գրող
քո ձեռքը, ինչպես եղել է հնում,
երբ քանիսի՜ն ես այդպես տարել ի մահ,
որոնց տվել ես Բառի իշխանություն,
հետո – սպանել ամեն օր, ինչպես հիմա:

Մողո՛ք, պատերազմի՜ աստված, չա՛ր աստված,
ես բողոքո՜ւմ եմ ահա քո դեմ.–
մի՞թե սրա՜նք են քեզ հակոտնյա տված,
ինչո՞ւ սրա՛նց վրա ելար մահադեմ,
և ո՞րն է արդյոք ավելի դաժան.–
մեռնել ամե՞ն օր, թե՞ միանգամից…
– Բռնությո՛ւն, աքսո՛ր, մահտարաժա՛մ…
– Մահվան կերպերն այդ ծանոթ են և՛ ինձ,

Ե՛վ նրանց, ովքեր հիմա լալահառաչ
ողբում են իրենց տո՜ղը պատանեկա՛ն
(երբ դեռ մարդ էին,– և Աստծո առաջ
մաքուր էր իրենց խի՜ղճը պոետակա՛ն),–
իսկ հիմա, դարձած մի փետրավոր թռչո՛ւն
կամ մի փորախո՛ս, արձա՜ն ետմահու –
մի կերպ պահում են իրենց նոսըր չուն,
ու իրենց դեմքն են մի կերպ պահում…

Ամեն ինչ են հիմա՝ մըրցանակակիր,
և փիլիսոփայ նույնիսկ, և դասախոս
(որ, դուրս ընկած շավղից ժամանակի –
դասե՜ր է խոսում գավառական շախո՛վ),
և լերկագլուխ, նենգ տիրացու,
որ մեր արյուն-ավեր օրերում նորից
գործ է տալիս տակից (և մահկանացու
յուր չգոյությունը – սեպում ո՜չ միօրի՛կ),

Եվ սերնդի զոհ, բայց – ապրող ավելի,
քան այս բոլորը – միասին վերցրած
(ու եթե նրան ես հիշո՜ւմ եմ էլի՛ –
գլուխս հակած նրա գրքի վրա,–
ապա ա՜յն պատճառով լոկ, որ չգիտեմ,
թե՝ ո՞վ է ավելի երջանիկ.– նա՞,
ով երեսուն տարի առաջ վիզը կոտրեց,
բայց թողեց իր դեմքը – մահամնա՛,

Թե՞ ես, որ դարձա քո զոհը, Մողո՛ք,
և ամենա՛յն օր – մեռա՜ սրանց հետ…):
Եվ եթե հիմա ես գրում եմ բողոք,
և կամ՝ հուսահատ հոգու մի դեպք,–
ապա հիշում եմ մեռած պոետին,
երեսուն տարին, հիշում եմ և՛ ինձ,
և կրկնում խոսքը հնուց անտի.
– Ի՛նչ լինում է՝ թո՛ղ որ լինի միանգամից:

Ա՛յս է: Եվ ե՜ս եմ վատը բոլորից,
որովհետև այն, ինչ որ տեսա –
տեսան նաև իրենք, բայց նորից, նորից
լռեցին, իբըր՝ ասելու բան չէ՜ սա,–
քանզի ասո՛ղն է միշտ մեղավոր,
մանավանդ, երբ – ուրի՜շն էլ գիտե
այն, ինչ ասում ես դու – մերկ բառով,
իսկ ինքը լոկ – բարբառո՜ւմ է ի Տեր:

Ա՛յս է: Եվ չկա ոչինչ նորություն
այն ամենում, ինչ ասում եմ հիմա,
մի կրկնված դարձ – ի շրջանս յուր,
մի անզոր շարժում – քո թրի դիմաց,
բայց ես, վանելով մտքերս այս ցուրտ,
նույն հա՜րցն եմ տալիս – սրտի դողով.
– Վասն կյանքի հույզով, հույսով առլեցուն
ո՞ւր են պոետները, Մողո՛ք, Մողո՛ք…
1988–2005

Share Button

1 Կարծիք

  • Vov says:

    Ուրիշ բանով զբաղվի Դավիթ Հովհաննես քեզանից գրող դուրս չի գա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *