ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | Դուռը թակում են

Դիանա Համբարձումյան

(հատված անտիպ վեպից)

Ա. ԼԵՌՆԱՆՑՔԻ ՔԱՄԻՆ

ԵԿՎՈՐ. «Ձմեռ է: Տեսնում եմ: Ձնհալը հեռու երազ է: Գիտեմ: Էս ձմեռն ուրիշ զուլում է: Զգում եմ: Ձմեռվա սառնությունն առավոտ շուտ խփում է Կնոջ քիթմռութին ու աչքերից արցունք բերում: Քեզ խայտառակ մի՛ արա, աղջի՛, ո՞նց թե ուզում ես սիրվել: Էդ թթու թան չի, որ խմես ու ասես` աղը քիչ է: Հազար տարի է` հազար տարվա տառապանքդ արցունքի երես չի տեսնում: Արցունքիդ գեղձերը կոփվել են: Աղջի~: Էս ցուրտն ուրիշ զուլում է: Էս ցուրտը հենց քո՛ պատվերով է: Ով ով` ես դա լավ գիտեմ, ես դա քեզնից լավ գիտեմ: Դու տաքից խրտնում ես, ոնց որ քիթը քամի մտած քուռակ լինես, խրտնում` քեզ սարերով ես տալիս: Հետո մի թաքուն տեղ նստում` ձենդ գլուխդ ես գցում, բայց լսող չկա, քանի որ ձենդ փորիցդ դուրս չի գալիս, չես ուզում, որ դուրս գա: Ես դա քեզնից լավ գիտեմ, աղջի՛: Էս «աղջին» քեզ սիրելուս քեզ հայտնի կանչս է, բայց ականջիդ հետևն ես գցում, իբր` աշխարհում լիքը «աղջի» կանչող կա, իբր` «Անուշ, այ աղջի, Անուշ, տուն արի»-ն աշխարհի չափ հին է ու նոր չէ, ու էլի հազար ու մի պատրվակ` «աղջիս» ականջիդ ետև գցելու:
Էս Կինը հիմա իմ ու իր հավեսը չունի, էս Կինը, հիմա արցունքախեղդ, նայում-տեսնում է` ետնաբակում հայտնված ծուռվիզ Մարգուշը ցախավելը խոթել է թևի տակ ու ոտքը կախ գցած` սպասում է: Միոտանի Համոն մոտենում է Մարգուշին, ցախավելը սղղալեն հանում նրա կռնատակից ու լոքլոք անելով` ավլում բակը: Մարգուշը երջանկությունից պսպղում է: Մարգուշը համոզվում է` երջանկությունը պոզով-պոչով չի լինում: Գլուխն առնում է ափերի մեջ ու պսպղալով` թափահարում: Համոն գլուխը կախ` ավլում է, աչքի պոչով նայում է Մարգուշի` դեպի ծառի կատարը ձգվող մարմնին, ոտքերը հողից կտրված, քիթը` երկնքի ամպերի մեջ, ու թեթև խնդմնդում է Համոն ու գլուխը կախ` ավլում է: Համոն շատ համբերատար ավլում է:
Առանց ամաչելու` Կնոջ արցունքը գլուլ-գլուլ հոսում` հասնում է քթի ծերին: Բան չի փոխվել, նույն տզտզանն է:
Մարգուշը թե` ա~յ դու ապրես, Համո, էս մի կտոր տեղը ավլի, գնամ նպաստաթոշակս ստանամ-գամ, թե չէ` փիս երազ եմ տեսել, վայ թե մեռնեմ, էն մեկելին չհասնեմ: Համոն թե` աղջի~, բա չե՞ս իմացել` ասում են, որ մեռնում ես, մի ամսվա թոշակդ տալիս են: Էդ ո՞նց, ա՛յ Համո` դիք-դիք քայլելով` Մարգուշը ճամփից ետ է դառնում: Ըտենց` գլուխը կախ, հայացքը ցախավելին` Համոն բացատրում է Մարգուշին. դու մինակ մի դիմում տի գրես: Ա՛յ շաշ, որ շաշ ես, մեռած վախտս դիմում գրել կըլնի՞, չի ըլնի՞ ես էս գլխից գրեմ, տակին խաչ դնեմ, տամ իրանց ու էգուց օրը մեռնիմ: Որ մեռնիմ, թող գիրս կարդան, խաչս հարգին, մի ամսվա թոշակս էս գլխից դուրս գրեն ու իմ հաշվին ինձ թաղեն: Չի ըլնի՞: Մարգուշի հոնքամեջն անձայն ծիծաղից կիտվում է. հը~, տենց էլ կա` մեռելը ձեզնից, սեղանը` մեզնից:
Կնոջ` բակում զրնգացող ծիծաղից խեղճերը շվարած` իրար են նայում: Ա՛յ խիղճդ կտրվի, ձենդ էս ո՞նց ես գլուխդ գցել, էս մարդկանց լեղին ճաքեց: Էս մարդկանց անդորրն ինչի՞ ես խանգարում: Գործիդ գնա: Ծիծաղդ ու լացդ հավաքի` գնա գործիդ:
Մարգուշը գոգնոցի փեշով քրտնած ճակատն է մաքրում, Համոն կիսատ ոտքին փաթաթված շալվարի ծալքն է ուղղում` հենակից ազատ ձեռքը հիշողությամբ երկարելով մինչև ծունկը:
Արցունքը գետ դառած` չռռում է Կնոջ աչքից: Ամեն օր ծուռվիզ Մարգուշն ու միոտանի Համոն հանդիպում են բակում ու մի կուշտ հոտոտում իրար` սեր անելու պես: Մեռնիմ Աստծու զորությանը, սենց էլ մնա, վատ չի` Մարգուշը երկու մատով խաչակնքում է դեմքը: Է~հ, որ մնա` Համոն, մի ոտքի վրա ցատկոտելով, հենակը թափահարում է օդում` ի նշան գոհության ու այդ գոհությունը պաշտպանելու պատրաստ զենքն ի ցույց հանելով: Քսան տարի առաջ Համոյի զենքը վրա-վրա կրակում էր Ղարաբաղի կռվում: Մարտակերտի դաշտում պայթած ականը փոխում է Համոյի զենքը: Հիմա ամեն օր ինքն իր հետ կռիվ տալիս` Համոն կիսատ ոտքի հենակն է թափահարում երկնքի աչքի առաջ: Մարդկանց աչքից հեռու է կռիվ տալիս Համոն:
Էս Մարգուշը, Համոն ու էս Կինը դեռ ապրում են Հայաստանում ու դեռ Հայաստանի քաղաքացի են: Դեռ, ուղիղ իմաստով, զարդարում են երկրի գենաֆոնդը: Ես էլ եմ Հայաստանի քաղաքացի, այսինքն, գրանցված եմ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տան մի բնակարանում, բայց դրա դուռն արդեն հինգ տարի է` չեմ բացել: Ես երկրի գենաֆոնդին լեղի տվողն եմ, ուղիղ իմաստով, դրա համար էլ գլուխս առել` եկել եմ էս ջհանդամը, որ մեղքս կոծկեմ` ինձնից: Չի լինում: Ուր գնում եմ` ինքս իմ հետքի վրա եմ ընկնում: Բայց այն ժամանակ, այսինքն, այս պահին, երբ այս երեքը` Մարգուշը, Համոն ու Կինը, իրարով են զբաղված, ես էլ եմ այստեղ, ես էլ եմ իրենցով զբաղված: Ես հիմա Հայաստանում չապրող Հայաստանի քաղաքացի եմ, ում փոխարեն ընտրացուցակում միշտ ստորագրում է մեր թաղի հայտնի գործ տվող Լողլող Մարտինը: Ես դրա մե՛րը: Մենակ մեր շենքում տասներկու ընտանիք դռները կողպել` չվել են տաք երկրներ, հույս ունենալով, որ ցրտերը շուտով կանցնեն, ու իրենք ետ կգան իրենց տաքացած տունը, իսկ մինչ այդ էդ ընտանիքների ընտրելու իրավունք ունեցող երեսունչորս քաղաքացիներին մշտապես օգնության է հասնում Լողլողը` կրկնօրինակելու իր աճպարար կարողությունը մեծահոգաբար ի սպաս դնելով ընտրվող դեպուտատի ու պրեզիդենտի իր «նախընտրած» թեկնածուի ընտրարշավին: Ես դրա ազգ ու տա՛կը: Այսքանը իմ ու Լողլողի հարաբերության մասին, այն մասին, թե ես ինչու եմ այսքան սիրում Լողլողին, թե ինչու գիշերները քունս չի տանում, երբ հիշում եմ, թե ինչ նվիրումով է Լողլողս կպնում գործի, երբ տուն առ տուն դռները թակելով` անձնագրերի համարներն ու տվյալներն է խնամքով գրանցում ձեռքի մատյանում, ապա քթի տակ խնդմնդում ու բեղերը սրելով` հեռանում է: Ես դրա հո՛ր հոգին: Եվ այն մասին, թե ինչու է Լողլողն այսքան ատում ինձ: Ատելով հանդերձ` էս Լողլողն ինձ չի հայհոյում: Երբեք չի հայհոյում: Սուսուփուս կանգնում է կողքիս ու նայում կոշիկիս բացված քթին: Հայացքը երկար չի կտրում ոտքիս տակի հողից, ոնց որ ասի` ափսոս չե՞ս, ա՛յ հող, որ սրա ոտքի տակ ես փռվել: Էս ո՞վ դառավ, որ ոտքի տակ էլ հող ունենա: Սրան պետք է հողազրկել: Չի հայհոյում: Եվ այն մասին, թե ոնց է Լողլողս կանգնում իմ դռան շեմին, բերանը բացուխուփ անելով` ինքն իր հաշիվն առնում ու կրնկի վրա շուռ գալով` դուռը դրսից փակում, երբ աչքն ընկնում է աչքիս: Հիմա առանց ինձ քեֆ է անում Լողլողս, հիմա ինձ հողազրկել է հողատեր Լողլողս, ու քանի որ առանց ինձ գլխացավանքը քչացել է երկրումս, Լողլողս լիարժեք տանտեր է կարգվել: Երկրատեր է Լողլողս: Էլ չեմ հայհոյում: Սրտիս ուզածի չափ քրֆում եմ: Լողլողին չէ, նրան տանտեր կարգողին: Տեսնում եք, չէ՞. պատրաստի հեղափոխական եմ: Տեղս իմացող չկա, թե չէ կգլխատեն: Ո՞վ գիտի, գուցե իմացող կա, գուցե գլխատեն, դեռ ժամանակ կա:
Բայց ես դեռ այստեղ եմ ու տեսնում եմ, որ Կինը հուսահատությունից եղունգներն է խրում ափամաշկի մեջ ու քայլերն արագացնում: Չգիտի` գլուխը ո՞ր քարին տա, թե՞ քարն առնի` գլխին տա, ինչ է թե` տնեցիներն իրեն են սպասում, իսկ ինքը դարձյալ աշխատավարձի կեսը Եկվորին է փոխանցել, մինչև որ նրա դռանն էլ հարսանիք լինի: Ու էս մեղավոր, մեղքը շալակած Կինը գլուխը մտցնում է ուսերի արանքը, ուսերը կիտում իրար վրա ու քայլում է: Նայում է ոտի տակ, տեսնի` ո՞ւմ բիբն է կոխում, ո՞ր սիրունի բիբը: Տխրությունից շունչը խեղդվում է կոկորդում: Հողը ոտի տակ նվաղում է: Կինն զգում է, որ էրեկցիա ունի: Հողը գրգռում է Կնոջն այնպես, ինչպես ոչ մի տղամարդ չի զորել երբևէ: Էս Կինը մինչև ականջները սիրահարված է էս հողին, սիրում է էս հողը, կրքոտ, սադիստորեն է սիրում, համարյա չսիրելու պես: Կինը հողի համն զգում է բերանում, լեզվի տակ, ատամների արանքում: Լսում եք, չէ՞, լեռնանցքից փչող քամին, որ փշալարերով զարդարված գնացքի ճամփով հասնում է երևանյան արվարձանի այս ետնաբակը, սողոսկում է Կնոջ խորքերն ու ապահով գրանցվում նոր կացարանում: Կինը, որ անհիշելի ժամանակներից սպասում է նոր կենվորին, ինչպես նոր աստղի ծնվելուն են սպասում, հիմա, ընդամենը, կռնատակին հանկարծակի հայտնված մկան բեղիկի խուտուտ է զգում: Իրականը սա է, որ հրում է Կնոջը` գնա, իսկ ես պարզից էլ պարզ տեսնում եմ` փակուղին այս անգամ վհատեցնում է Կնոջը: Էս Կինը է՛լ երբեմնի խիզախը չէ: Ո՛չ, խիզախ չէ, ես տեսնում եմ: Էս Կինը, ում հույսին մի քանի տուն ուտող բերան կա, քիչ է, Եկվորն էլ` վրադիր, հիմա անհույս է: Էլ չի հավատում հողի պտղավորմանը: Հողի սիրահար էս Կինը հիմա անհույս է:

* * *

Իմ պատմածը, եթե ոչ մեկը չլսի էլ, հասնում է Կնոջ ականջին, ի՛ր պատմածից եմ կռահում: Մեկ էլ Ձիավորն է լսում իմ ու Կնոջ պատմածը, քանի որ ինքն էլ մեր պատմությունն է պատմում, երբեմն` մեզնից առաջ ընկնելով, երբեմն էլ, երբ մի բան ավարտվում-մոռացվում է, ինքը բաց թողած, մտքի մի ծայրում թաքցրած պահեր է հիշում ու մեզ վերադարձնում մեր` դեռ չկոտրած տաշտակին: Էս Ձիավորն էլ մենք ենք: Ինքը մեր Ձիավորն է: Ինքը մենք ենք:
Գիտեմ, որ գիտեք, բայց մի անգամ էլ ասեմ. դեռ շատ փոքր տղա էի, երբ իմացա` մարմնին նայելիս է նաև, որ մարմինը ճանաչում ես: Հազիվ մի տարի առաջ ծնված երեխան նստում է գիշերանոթին թե չէ, ձեռքը տանում է ոտների արանքն ու շոշափում իրեն: Հետո մարմինը մեծանում է, որ երեխային ճանաչի: Մեծահասակը շոշափում է իր մարմինը նույն անկուշտ հետաքրքրությամբ, ինչպես մանուկը տկլոր տիկնիկի ոտնարանքն է շոյում, միայն մի տարբերությամբ. երեխան դեռ խելքը գլխին չի անհանգստանում մարմնի համար, ու այդպես այնքան ժամանակ, քանի դեռ սեփական լեզվով չի համտեսել հոգու մահը: Երբ երեխա էի, ես դեռ չգիտեի, որ մահ կա, բայց մի օր տատիս տկլոր մարմինն ինձ վախեցնում է այնքան, որ ես համարյա մեռնում եմ, երբ մազերից ջուրը կաթկթացնելով` պառավը դուրս է թռնում լոգարանից ու ջրի հետքերը թողնելով կարմրաներկ հատակին` նետվում ննջարան` աթոռին մոռացած ցամքոցը ճանկելու և աբուռը ծածկելու: Կարմիր հատակին պսպղալով շարված ջրի հետքերը արյուն են թվում ինձ նման միամիտ տղային, ու ես վախից լեղաճաք եմ լինում` դեռ չիմացած, որ տղան պետք է անվախ լինի, որ արյունը տղային պետք է դուր գա այնպես, ինչպես տաք շոկոլադը` հարևանի աղջիկ Մարիամիկին: Արյունը պետք է դուր գա տղային: Քաջ տղան չի վախենում արյունից: Տղան պատերազմ է գնում, մարդ է սպանում, արյունը հոսում է մարդու սրտից, ու քաջ տղան չի վախենում արյունից: Չի վախենում մահից: Ես դեռ սա՛ էլ չգիտեմ:
Հետո, էսքան տարվա կյանքումս, տեսակ-տեսակ տկլոր մարմիններ շատ եմ տեսել, տղամարդկանցը` ջոկ, կանանցը` ջոկ, բայց էդ առաջին անգամվա չափ մեռած է՛լ չկամ»:

* * *

ՁԻԱՎՈՐ. «Հեռվից գամ, քանի որ հեռվից էլ գալիս եմ, բայց արդեն հասել եմ ձեզ ու ձեր կողքին եմ ու ձեր մեջ, դրա համար էլ չեք զգում, որ անհնարինության չափ հին եմ: Սա էլ ի՛մ հեքիաթն է, ու նրանք, ովքեր լսում, բայց չեն հավատում ինձ, ոչ էլ իմ հեքիաթին, լավ էլ գիտեն, որ այս կյանքում շատերն են հեքիաթներ պատմում, նույնիսկ նրանք, որ հեքիաթ չունեն, էլի պատմում են, քանի որ աշխարհում անտեր-անտիրական շատ հեքիաթներ կան, մնում է վերցնել ու տուն տանել, նստել ու պատմել, քանի որ բոլոր հեքիաթներն էլ իրական են այնքան, որքան իրական ենք մենք ու մեր տունը ու մեր ծնողը ու մեր երգը ու մեր կռիվը ու մեր ապրուստը: Ահավասիկ, այսպես եմ ասում, քանի որ գիտեմ` անհավատներն ամենաշատն են հակված հավատալու անհավատալիին: Միայն թե այդ մասին ոչ ոք չիմանա: Հարցրեք ձեր միջի անհավատին, կասի:
Ուրեմն, պատմում եմ հեքիաթս. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան, որ իրենով է անում ողջ Արևելքը, Աստծու տեղն է դնում իրեն ու պահանջում, որ ամենքը խոնարհվեն, հլու երկրպագեն իրեն, չէ՛, իր ստվերը: Ու մի օր էլ խելքը գցած արքան լքում է գահն ու հասնում անապատ, որ ընկերակցի գազաններին: Սա հիմա ասում եմ, որ բան է, թե լսվի, անապատն ու գազանները մտապահվեն սև օրվա համար: Ետդարձի ճանապարհը զղջման ու թողության միջով է անցնում, որ դեռ հասու չէ Եկվորին, այո, լավ էլ գլխի եք ընկնում` ինձնից հեռացածին, որ արդեն գնացել է ու դեռ չի վերադարձել: Սխալվելը մարդկային է, մի օր էլ թող Եկվորը սխալվի: Դեռ չի սխալվել: Արդեն գնացել է: Տեսնենք` ե՞րբ կլինի ու կլինի՞ որ:
Գիտեմ, գիտե՛մ, գլուխս մի՛ տարեք, վրա մի՛ տվեք, թե մահվան մասին բաց տեքստով խոսելը բորոտություն է, որից խորշում են քմաճաշակները, որն արհամարհում են եսասերները, ու որի համար անհանգստանում են հավատացյալները, էն էլ ասեմ, որ մահվան տեսքից, հոտից ու համից խորշում են միայն ապրողները, մյուսների համար մահն էլ բան է, թե ձեռքներն ընկնի: Միշտ էդպես է եղել ու միշտ էդպես է. մահը որոնելի է, եթե որոնելու այլևս ո՛չ բան կա, ո՛չ էլ` հավես: Իմ ու ձեր ճանաչած Համոն ու Մարգոն, որ դեռ ոչ մի տեղ չեն գնացել ու դեռ հանդիպում են այս քաղաք Երևանի այս հեռու արվարձանի այս ետնաբակում, հիմա միայն չմեռնելուց են գանգատվում. «Է~հ, ո՞վ իմանա` էգուց ի՞նչ կգա մեր գլխին, Աստված է՛լ բեթարից ազատի: Մեռնինք` չտեսնինք»: Ապրում են` ամեն մեռնողի երանի տալով: Իբր` ապրում են:
Թե ասված է, հիշեցեք, թե ասված չէ, հիշեցնեմ. «Կուռքեր մի՛ շինեք ձեր գլխին. ելնելիս նրանք ձեզ քծնում են` արհամարհելով, իջնելիս հայհոյում են` արհամարհելով»: Ահավասիկ, գալիս է պահը, և կուռքերին արհամարհում է բահով նետված հողի մանրամաղ դմփդմփոցը: Իմաստուն եմ, իմաստուն, հին քոթուկ եմ էլի, մի երկու բան ձեզնից ավելի գիտեմ, դրա համար էլ, եթե ականջներդ, անգամ, մի-մի փութ քար խցկեք, որ էս աշխարհի աղմուկից չխլանաք, միևնույնն է, էն մի երրորդ ականջը բաց պահեք, որ ասածներս ականջներիդ օղ անեք: Մինչև բանը հասնի բահին, Եկվորը, (հա, հա, ինձնից, բայց ո՛չ իմ պատկերից հեռացածը, լավ էլ մտապահում եք), ամեն ինչ թարս ու շիտակ է անում: Սկուտեղին դրված էն քաղցր պաշտոնն այնքան է անտեսում, որ շրջապատը լեզու է առնում. «Շա~տ մեծամիտն է, իբր ի՞նչ է ուզում ապացուցել, դե, իհարկե, ճիշտ չի անում»: Եկվորի ցինիզմը սահման չունի: Տանում-բերում` շրխկացնում է. «Ես աստվածավախ ու համեստ մահկանացու եմ, շա~տ սխալներ եմ անում, այո, ես սխալներ անողն եմ, դուք` հաշվողը: Բայց էս անգամ ձեր գործին կացեք, ես իմ անգործությունից մենակ գլուխ կհանեմ»: Իրեն աժդահակ է երևակայում Եկվորս: Շրջապատը կատաղությունից եռում է ու ցասումը թափում պաշտոնից խորշողի գլխին` աշխատանքի թեժ ժամին Եկվորի ափը բռնեցնելով շեֆի տիկնիկ գործավարուհու փեշի տակ: Ասում են` ներս գալուց առաջ դուռը թակել են, լսող չի եղել, հրավիրող չի եղել, անհրավեր եկել են, տեսել ու հաղթել: Եկվորը գործազուրկ է: Հիմա իր անգործությունից ինքը մենակ է գլուխ հանում, ինչպես խոստացել է: Տղամարդու պես: Սա դեռ սկիզբն է: Հետո ավելի տաք է լինելու: Հերթով եմ պատմում, համբերություն ունեցեք: Հիմա զբաղված եմ Եկվորի ու Կնոջ կյանքի, այսպես ասած, ներկա դեգերումները նկարելով ու ձեզ ցուցադրելով, բայց որ մի կարճ ակնթարթ պարապ մնանք, հիշեցրեք` մի գաղտնիք էլ բացեմ Եկվորի անցյալ կյանքից, որի պատճառով խեղճ տղան փտելու էր «Կոշի» գաղութում, բայց շուտ է գլխի ընկնում կամ գլխի են գցում, որ իր հաշվարկն անգրագետ է, և գրագետ վերահաշվարկ անելով` Եկվորը լքում է երկիրը: Բայց դե նրա արածը, որ ուզում եք ճիշտն իմանալ, ընդամենը, մարդասիրական մղումով կարելի է բացատրել, հա, հա՛, պատմում եմ, մի՛ շտապեք, ու չի բացառվում, որ շատ շուտով հենց ինքն էլ ամեն բան ձեզ կխոստովանի: Հասկանում եմ, նախ թող ի՛նքը պատմի, որպեսզի հոգին թեթևանա, որպեսզի նորից իրեն համոզի, թե Մարգուշին լավություն է արել, թե Համոյի վիզը ծուռ չի թողել: Հետո էլ թող ի՛նքը պատմի, քանի որ դեռ կասկածում է` ուրիշ մեկի պատմածում ինքը կա՛մ հերոս է լինելու, կա՛մ` հանցագործ: Էս կյանքը, ես արդեն հասկացել եմ, հազար ու հազար ու հազար տարվա մեջ հազիվ հասկացել եմ, որ մեր կյանքը մի բաց ու անավարտ տեքստ է, որ բոլորս գրում ու բոլորս էլ կարդում ենք` այդպես կտրելով գրողների հացը: Իսկ մեր Եկվորը, ուրեմն, կյանքի իր տեքստը հանկարծաստեղծում է այնպես, ինչպես որ Կինը, առանց բաղադրատոմսին աչք գցելու, աղանդեր է պատրաստում: Էս Եկվորն ու էս Կինը մի գութանի են լծված ու մի դաշտ են հերկում, ահավասիկ, ու իմ գործն էլ էդ տեսակետից հեշտանում է, քանի որ էդ դաշտը միշտ հայացքիս տակ եմ պահում, էդ իմ դաշտն է, էդ դաշտը ի՛մն է նաև»:
ԿԻՆ. «Չգիտեմ` դուք գիտեք, թե ոչ, բայց ես նոր եմ իմացել, որ հենց մարդը մեռնում է, եթե, նույնիսկ, էդ մարդը կուռք է, առաջնորդ կամ ահաբեկիչ, ԴՆԹ-ն քանդում են ու կարդում բոլոր հրահանգները, որ կատարել ու չի կատարել նրա մարմինը: Նստում` կարդում են: Քանդում, հավաքելով` կարդում են: Այսինքն, եթե ուզեն, կքանդեն, այսինքն, կարելի է քանդել ԴՆԹ-ն ու կարդալ մարդու գաղտնիքը: Մի խոսքով, եթե մարմինը մարդու հիշատակարանն է, իսկ կնոջ մարմինը` մարդկության հիշատակարանը, ուրեմն, ինչպես ասում է Ձիավորը, որքան էլ հոգ տանեք ձեր մարմնին, միևնույնն է, ընթերցողները խելքից դուրս կսարսռան, իսկ որ չսարսռան էլ, բացբերան կկարդան ու լեզվով կցպպացնեն` ցը, ցը, ցը~: Մի մոլեկուլն ի՞նչ է, հեչ, բայց մե~ծ հունար ունի: Որ դնես ասեղի ծայրին ու ապակու տակ նայես, էդ մոլեկուլը ցույց կտա է՛ն սկիզբը, որտեղից եկել-հասել ես քեզ, եթե անգամ, հասել ես, ասենք` Մարգուշի ծուռվզությանն ու Համոյի միոտանիությանը: Դու էդ մոլեկուլի արտադրանքն ես, նրա գերին ես, ու էդ գերությունից ազատվելու ճիգի մեջ հաղթողը կամ պարտվողը կամ երկուսը միաժամանակ դո՛ւ ես: Ես այսպես գիտեմ:
Ինձ հաճախ են խորհուրդ տալիս. «Մարմինդ սիրիր ու խնայիր մի քիչ. կենվորը հոգի է: Առանց այն էլ հոգին բռնանում է մարմնիդ, գոնե դո՛ւ խղճա նրան: Սիրի՛ր մարմինդ, ինչպես մերձավորիդ մարմինն ես սիրում, հա՛, անկողնում, որ մտնում ես ծոցը` քնում ու սիրում ես, մի քիչ ավելի սիրիր, քան մարմինն են սիրում: Սիրիր, քանի դեռ մեխով չեն ծակծկել, դագանակով չեն կապտեցրել, ածելիով արյունլվիկ չեն արել: Քանի դեռ չեն թքոտել մարմինդ: Քանի դեռ մարմնիդ կենվորին չեն բռնաբարել աչքիդ առաջ»: Դե, գիտեք. ասողին լսող է պետք: Մեծ-մեծ բրդող, շռայլ խորհուրդ տվողներից մեկին էլ ճանաչում եք արդեն, որ մեր Ահավասիկ Ձիավորն է ու, ինչպես ասում են` ահավասիկ, խորհուրդ է տալիս այնպես, կարծես իր տեքստն է թելադրում, դե, լսողն էլ թող մտածի, մնացածն իր գործը չէ, իր գործը, ահավասիկ, ես եմ, Եկվորն է, մե՛նք ենք իր գործը` իր տեքստը:
Ուրե~մն, Ձիավորի ականջը կանչի, ուրեմն այդպես, հա՞, ուրե~մն, ԴՆԹ-ի մոլեկուլը պահպանում է այն գաղտնիքը, որից ուզում ես ազատվել, որը չես ուզում գաղտնազերծել, ուզում ես փայփայել, փրկել ու փոխանցել հետոյին: Ուրե~մն, երկու սովորական պարույր ձգվում են իրար զուգահեռ ու հակադիր ուղղություններով, միշտ իրար աչքի առաջ են, չեն հատվում, նույն կողմ չեն նայում, բայց կան իրարով ու առանց իրար` չկա~ն: Հա, հա՛, ես սա գիտեմ. «Մարդու կյանքը ծածկագրվում է ծագումնաբանական կոդով», – սա դպրոցի նվերն է դպրոցն ավարտողին, անգամ չավարտողին, հետո ամեն մեկն ինքը գիտի, թե ինչ անի էդ նվերը: Աշխարհում միլիոնավոր մարդիկ դպրոցի երես չեն տեսնում ու այս նվերը հափրում են` աղբարկղերը քուջուջ անելով: Նրանք պատրաստ են վաճառել իրենց ծագումնաբանական կոդը, եթե մի փոր կուշտ հաց տվող լինի: Մի փշուր տվող լինի: Ուրե~մն, գիտեք, որ ծագումնաբանական կոդը կարելի է վաճառել, աճուրդի հանել, փոխանակել, նվիրել կամ դեն նետել, ինչպես բազում այլ արժեքներ, որոնց իրական գինը որոշվում է պիտանելիության չափով: Հետո պատահում է այն, ինչ լինում է, երբ սովյալները գրոհում են Ձմեռային պալատը, ու տրեխներն անարգել տրորում են մարմարի փայլը, ու մի ոտնաչափ հողը վաճառվում է ամենացածր գնով` մարդու կյանքով: Ոտնամաշուկ հողը: Մարդու գնով: Դպրոցի բացթողումները կյանքը լրացնում է, ու չնայած թանկ գնին, բոլոր ծնվածները համաձայն են վճարել` սովորելու համար: Բոլորը վճարում են: Ես էլ եմ վճարում. մի ժամանակ սիրում էի մտնել թևիդ տակ ու աչքերս փակել, հիմա աչքերս փակում եմ, որ պատկերացնեմ, թե մտնում եմ թևիդ տակ, ու սիրում եմ, որ մտնում եմ թևիդ տակ, դու էլ ես վճարում. մի ժամանակ աբորիգեն էիր, հիմա եկվոր ես: Հիմա Եկվոր աբորիգենն ես, ում տեղացիները օտար են համարում, օտարները` աբորիգեն: Այո, ի~նչ արած, ոչ մի հաստատուն բան չկա էս աշխարհում: Չես իմանա` վաղը գլխիդ ինչ կգա: Չես իմանա: Ոնց որ` ես: Ես ի՞նչ իմանայի, որ մի օր կհասնեմ այստեղ: Հասել եմ: Էստեղ եմ»:

Share Button

2 Կարծիք

  • Լուսինե says:

    շատ հետաքրքիր գործ է-Դիաննա Համաբրձունյանը լավ հոգեբան է նաև…..ինչպես միշտ…..

  • Robert says:

    Վեպը սկզբից կարդալու պահանջ առաջացավ: 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *