Երբ Վահանը զորացրվեց բանակից, քսանհինգ տարեկան էր: Երիտասարդական հրաշալի~ տարիք: Ավարտել էր Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը. և’ որպես փեսացու, և’ որպես խոստումնալից երիտասարդ` ահագին բան էր ներկայացնում` բանակ գնացած- եկած, դիպլոմը ձեռքը:
Աշխատանք չփնտրեց: Ասենք չէր էլ գտնի. հիմա ով աշխատանք ունի… Չէ, պարզապես որոշել էր մի տարի հանգստանալ: Քար հո չէ՞ր քաշել` կզարմանաք դուք: Այո’, քաշել էր: Նախ ինստիտուտում հինգ տարի տքնել էր (գերազանցիկ էր), հետո էլ բանակի խստառեժիմ կյանքը… Հոր ձեռնարկած տաքսու գործն էլ շոշափելի եկամուտ էր խոստանում:
Վերջապես դադարեցին գնացող – եկողների հոսքը, աչքալուսանքների տարափը:
Բացվեց ցանկալի ու երազած խաղաղ առավոտը: Ծնողներն աշխատանքի էին գնացել, քույրը՝ դպրոց: Մինչև տասնմեկը երկար մանևրեց անկողնում, վայելեց սենյակում օրորվող փափուկ լռությունը: Հետո վեր կացավ, դանդաղ սուրճ եփեց, ծխախոտ վառեց ու բազմոցին ընկղմված՝ սկսեց վայելել սուրճն ու դառը ծուխը: Սեղանին քրոջ գունազարդ ամսագրերն էին: Ծուլորեն բացեց, նայեց «հայ աստղերի» շքեղաշուք լուսանկարներն ու դժգոհեց.
-Տեղից վերկացողը աստղ է դառնում:
Բացեց պատուհանը. աշնանային սառը օդը հաճելիորեն շոյեց քիմքը: Ամբողջ թոքերով շնչեց օդն ու նայեց անցուդարձ անողներին: Անցորդներն էլ իր նման պարապ մարդիկ էին, որ անշտապ դես ու դեն էին գնում: Հեռուստացույցը միացրեց, ձանձրալի էր, անջատեց: Բացեց դաշնամուրը. մոռացել էր, վաղուց չէր նվագել: Հիասթափված փակեց:
Ի՞նչ անել, ի՞նչ անել, ի՞նչ անել… Նայեց ժամացույցին: Արդեն կեսօր է, ուր որ է` քույրը դպրոցից կվերադառնա: Եկավ Աննան: Անվերջ շաղակրատեց, պատմեց դպրոցից, պատանեկան խենթ օյիններից: Վահանի հոգին ջերմանում էր քրոջ անդադար բլբլոցից: Հետո վերադարձան ծնողները, ճաշեցին, թեյեցին, պատմեցին օրվա անցուդարձից: Քիչ առ քիչ թևեց ուրախությունը, աշխույժը: Լռությունն ու ձանձրույթը հեռացան` հաջորդ օրը այցելելու սպառնալիքով:
***
Արթնացավ նույն ժամին: Նույն հաջորդականությամբ ու բարեխղճությամբ կրկնեց երեկվանը: Ձանձրալի է: Անտարբերությամբ բացեց գզրոցը: Ոչ մի հետաքրքիր բան. դասախոսությունների տետրեր, ֆրանսերեն-հայերեն բառարաններ, մաշված լուսանկարներ: Հանկարծ աչքն առավ կապույտ ժապավենով հանգուցված թղթապանակին: Ժպտաց: Խնամքով քանդեց թնջուկն ու թերթեց էջերը: Ուսանողական տարիներին՝ ոչ հեռավոր անցյալում, ոտանավորներ էր գրել, խնամքով ու ծածուկ պահել տնեցիներից: Իսկ խծբծանքները հնազանդորեն շարվել էին թղթապանակում` սպասելով նորին մեծություն Ժամանակին:
Կարդաց, կարդաց ամեն մի տողը մի քանի անգամ, մտածեց… Ոչինչ վատ չի: Բայց թերևս պոեզիան իր ոճը չի՞ կամ ասելի՞ք չունի: Բայց մի բան ակնառու է` գրողական ձիրք լիուլի ունի: Շնորհակալ եմ, Աստված, որ նվաստ ծառայիդ այդ բանը չես խնայել…
Էվրիկա…գտա… Գրել` ահա թե ինչ է պետք:
Ի՞նչ է պետք գրողին. ժամանակ, ասելիք, ոճ: Ժամանակ շատ ունի, ոճից չի բողոքում, ասելիք կգտնի:
Ի՞նչ գրել, ի՞նչ գրել, ի՞նչ գրել:
Նստեց ու սկսեց ոտանավորներ հորինել: Մի շնչով մի քանի էջ բառեր լցրեց, կարդաց, հիացավ: Հիմա տանեցիները կգան: Հավաքեց, նորից խնամքով տեղավորեց թղթապանակի մեջ, թղթապանակն էլ ետ դրեց դարակն ու սպասեց վաղվան:
Ամբողջ գիշեր մտմտաց ժանրի, ոճի, ասելիքի մասին: Պոեզիայից մեկեն հրաժարվեց. հանգերը խոչընդոտում են ազատ միտքը: Հրապարակախոսությու՞ն: Չէ՚: Պատմվածք, պատմվածք` սիրո մասին` ահա թե ինչ է պետք դարիս երիտասարդությանը: Բայց սիրո մասին գրելու համար նախ ճանաչել է պետք սերը: Հիշեց ծանոթ բոլոր աղջիկներին, մտածեց առավել առինքնողների ու հմայիչների մասին: Ոչինչ դուրս չեկավ. ախր ոչ մեկին չէր սիրել: Ուրեմն, նոր ծանոթություն է պետք: Բայց որտեղի՞ց: Տանը փակված ` աղջիկներն իրենց ոտքով հո չէ՞ին գալու իրեն այցի: Առավոտյան մի բան կմտածի: Կարևորը` անելիք ունի: Փակեց երազավառ աչքերն ու ինքնավստահ մարդու երանությամբ անխռով քուն մտավ:
***
Առավոտյան դառը սուրճը թարմացրեց մտքերը: Հիշեց առաքելությունը: Վերագտավ երեկվա ոգևորությունը: Ծանոթություն կամ նոր ընկերության սկիզբ` ահա խնդիրը: Գզրոցից հանեց ծոցատետրը, ուր հականե հանվանե թվարկված են ծանոթ բոլոր աղջիկներն` իրենց հեռախոսահամարներով ու ծննդյան տարեթվերով: Սոնա… Ինչ գեղեցիկ էր ժպտում Սոնան…Ինչ ծավի էին նրա աչքերը…
Հավաքեց Սոնայի հեռախոսահամարը:
Այո՚:
Սո՚ն, բարև…
Բարև, Ձեզ…
Չճանաչեցի՞ր:
Ո’չ:
Փորձիր գուշակել:
Ներկայացե’ք խնդրեմ:
՞՞՞:
Լսե՚ք, երիտասա՚րդ, երբ որոշեք խոսել, այն ժամանակ էլ զանգահարեք:
Ասաց ու անջատեց հեռախոսը:
Սոնան էն ժամանակ էլ կոշտ ու չոր անձնավորություն էր: Հաջորդը Անին է: Անին շատ ինքնամփոփ ու մելամաղձոտ աղջիկ է, իսկ իրեն դուր են գալիս կենսախինդները: Մանե՞ն: Չէ’, ընկեր ուներ, ամուսնացած կլինի: Վարդուհի՞ն: Լավ էլ աղջիկ է, անմիջական, ծիծաղկոտ, հաճելի էլ ձայն ունի:
Ալո,- հնչեց Վարդուհու մետաքսյա ձայնը:
Վարդուհու հետ որոշեց ավելի վճռական լինել.
Բարև’, Վա’րդ, ձեր կուրսի Վահանն է:
Ուրախ եմ, միայն մի փոքր ուշ զանգիր. հիմա զբաղված եմ:
Վարդուհին իսկն է: Կուրսի սիրունատես աղջիկներից էր, լավ էլ սովորում էր, հետո էլ ոնց որ իր` Վահանի շուրջը շատ էր պտտվում:
Այդ օրը, գիշերը և հետևյալ մի քանի օրեր ևս նվիրեց Վարդուհուց մնացած հուշերին: Նրբակազմ, նիհար աղջիկը տեսնես հո չի՞ գիրացել: Մազերը երկարած կլինեն: Տեսնես ի՞նչ է անում հիմա. իհարկե իր մասին է մտածում: Վաղը կզանգի, կհանդիպեն, կզրուցեն, ուսանողական խանդավառ օրերը կհիշեն ու խոսք կբացի սիրո մասին: Չ’է, դեռ վաղ է. մի քիչ չշփվե՞ն: Հետո Վարդն իրեն կսիրի, ինքն էլ` Վարդին: Կհեռանան, կկարոտեն, կտառապեն, ու կծնվի մի իսկական սիրո պատմություն, սիրո պատմություն` թղթի վրա: Հոյակապ է: Ինչպես կզարմանան բոլորը` շենքի տղաներից սկսած: Վահան Վահանյան. ողջունե’ք նոր պոետի ծնունդը: Կզանգի արտասահմանյան գրականության իրենց դասախոսին, որ նորելուկ տաղանդներ հայտնաբերելու մեծ մոլուցք ունի: Վերջինս լույս է ընծայում «Ապագա գրող» ամսագիրը: Մի քանի անգամ կարդացել է Վահանի բանաստեղծությունները, գովել, ասել, որ Նոբելի մրցանակի արժանի գործեր են, բայց ոչ մի տող չի տպագրել: Այս անգամ չի հրաժարվի: Հետո, որ գրական մրցույթներ լինեն, կմասնակցի, անպայման կհաղթի, ու գրողի անունն արդեն կհնչի բոլոր ջահելների շուրթերից: Տեսնես Սոնան չի ափսոսի՞ որ մուննաթով պատասխանեց զանգին: Բայց Վարդն էլ մի տեսակ խոսեց, ինչո՞ւ չուրախացավ, որ բանակից վերադարձել է… Այսպես մի քանի օր շարունակ մտածեց, տվեց, առավ ու որոշեց մտածումներն ու ոգևորությունը կիսել քրոջ հետ:
-Գիտե՞ս, Ա’ն, գրող եմ դառնալու:
-Գրո՞ղ,- զարմացավ Աննան,- դասագրքի չկարդացված գրողների թիվը
մեկով էլ կավելանա:
– Չէ’, Ան, դեռ վաղ է: Նախ կտպագրվեմ, բոլորը կկարդան, կճանաչեն: Դասական կդառնամ, թե ոչ` կորոշի ժամանակը:
– Եվ ի՞նչ ես գրելու, ի’մ գրող եղբայր:
– Պատմվածք:
– Ինչի՞ մասին:
– Սիրո:
– Պա~հ, պա~հ,- բազմանշանակ բացականչեց Աննան ու ուրախ քրքջաց: – Բազմաթիվ բեստսելեր սիրավեպերի հեղինակ, միջազգային մրցույթների արժանի դափնեկիր Վահան Վահանյան կամ Վահան Վանյան` ավելի լավ չի՞ հնչում: Լսի’ր, գոնե մինչև վերջին զանգս բանաստեղծ դարձիր, որ հպարտ – հպարտ բեմ բարձրանամ` տաղանդավոր գրող Վահան Վահանյանի տաղանդավոր քույրը` Աննա Վահանյան… Պատկերացնում եմ` ոնց կտրաքեն մեր աղջիկները…Չէ’, դու իսկականից գրող կդառնաս:
– Դու ձե’ռ առ, ձե’ռ առ: Կտեսնե’ս…
Աննային ինչու՞ պատմեց, ախր նա իր օրում գիրք չի կարդացել: Եվ որոշեց ի հեճուկս քրոջ թերահավատության` իրականացնել իր երազանքը և հնարավորինս արագ: Նորից զանգեց Վարդուհուն.
Վա’րդ, Վահանն է:
-Բարև’, Վահան ջան: Որ զանգեցիր, նշանածիս հետ էի, չկարողացա խոսել, շատ խանդոտ է: Ո՞նց ես:
Ուրեմն Վարդուհին էլ է ամուսնանում: Դա նշանակում է` մնաս բարով սեր, մնաս բարով պատմվածք, մնաք բարով գրողական դափնիներ…
Միանգամից խորտակվեցին հռչակավոր դառնալու բոլոր պատրանքները, ի դերև ելան մեծ ապագայի բոլոր հույսերը: Մի քանի օրով ընկավ խոր հուսահատության ու մելամաղձության ամենակուլ գիրկը : Աննայի աչքից չվրիպեց եղբոր տխրությունը.
– Ինչո՞ւ ես տխուր, եղբա’յրս: Դեռ չե՞ն արցունքոտվել ընթերցողներիդ աչքերը` հերթական գրքիդ սպասելով: Աղջիկները դեռ չե՞ն անհանգստացնում`ասելով` կյա’նք, դու վերջն ես…
– Ոչ մի բան էլ չեմ գրել:
– Չե՞ս գրել: Ճիշտ էլ արել ես, մեկը որ ես՝ կարդացող չէի: Համ էլ գիտես` պապան պիտի ասի` տեղից վերկացողը գիրք է գրում, մաման էլ, թե` ա’յ բալա, գրողները երբ են փող աշխատում… Այնպես որ, ախպեր ջան, թարգը տուր: Վաղը մեր դասարանի Մարին մեր տուն է գալու: Տանն ես չէ՞: Ասա` էլ ուր պիտի լինեմ…
Վահանը չէր լսում քրոջ մենախոսությունը: Հոգին այրվում էր կիսատ մնացած երազանքի դառնությունից, չէր ուզում կես ճանապարհին կանգ առնել: Այս աշխարհին ինքը մի ասելիք ունի` պատմվածք` սիրո մասին: Ինչ գնով էլ լինի` գրելու է…
Ձանձրույթին ու լռությանը ավելացան գրող դառնալու կպչուն մտքերը: Գրադարակից վերցրեց «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը: Կարդաց աշխարհահռչակ ռոմանսերգուի անցած ճանապարհի պատմությունը` նվաստացումից մինչև փառաբանում, և համոզեց իրեն, որ դեպի փառք տանող ուղիները դժվար են ու կեռմաններով լի: Կարևորը ոգու արիությունը պահպանելն է:
Դպրոցից վերադարձան Աննան ու դասընկերուհին` Մարին: Մարին արտաքուստ փոքրամարմին ու շատ աննշմար մի աղջնակ է: Աղջկական գեղեցկությունը ինչպես շատ դեռահասների` Մարիի մոտ ևս դեռ չէր փթթել: Բայց շատ զրնգուն ու պայծառ ծիծաղ ունի:
-Ծանոթացե’ք. Վահան, Մարի: Վահա’ն, եկել ենք, որ ֆրանսերենի անցյալ կատարյալ ժամանակը բացատրես, բան չենք հասկանում:
– Հաճույքով:
Վահանի համար անսահման հաճելի էր աղջկա թրթռուն ներկայությունը: Ու մինչ Աննան սուրճ էր պատրաստում, Մարին, առանց ավելորդ ամոթխածության, անդադար շատախոսում էր: Վահանի հոգին թովում էին նրա ոչինչ չասող խոսքերը, անկաշկանդ, զրնգուն ծիծաղը: Ու Վահանը մտածում էր գրվելիք պատմվածքի մասին: Ինչ հետաքրքրական կլինի` սեր ֆրանսերենի անցյալ կատարյալ ժամանակաձևից մինչև… ավարտը դեռ որոշված չէ:
-Վահա’ն, բաժակդ շուռ տո’ւր, կնայեմ:
– Իսկապե՞ս:
Վերցրեց գավաթը, աչքով արեց Աննային ու սկսեց.
Արծիվ կա` հզորություն է, պետական դռնից հաջողություն: Քեզ մեծ ապագա է
սպասվում:
Ասվածը ևս մեկ անգամ վկայեց, որ ինքը հանրահայտ ու ճանաչված մարդ է դառնալու:
Մի քանի ժամ խոսեցին, ծիծաղեցին, դաշնամուր նվագեցին ու մոռացան ֆրանսերենի ստուգողականն էլ, անցյալ կատարյալ ժամանակաձևն էլ: Եվ լավ է, որ մոռացան. նորից հանդիպելու առիթ կունենան:
Մի քանի օր անց Մարին կրկին եկավ: Այս անգամ Վահանն էր բլբուլ դարձել: Պատմում էր ուսանողական կյանքից, բանակից, կարդացած գրքերից…
Մարին սկսեց ավելի հաճախ այցելել: Ֆրանսերենի տետրը այդպես էլ դատարկ մնաց: Բայց… փոխարենը հոգին էր լցվում… անսահման հույզերով, գեղեցիկ ու թովիչ երազներով…
***
Անցավ ձմեռը: Վահանը պատմվածքից ոչ մի տող չգրեց, իսկ ֆրանսերենի անիծյալ ժամանակաձևերը այդպես էլ անհասկանալի մնացին Մարիին: Ու Վահանի կյանքի նման էլ պարզ, խաղաղ սկսվեց իր սիրո պատմությունը: Այնուամենայնիվ որոշեց այն գեղեցիկ բառերի տեսքով հավերժացնել թղթի վրա, բայց ոչինչ չստացվեց:
Անցան օրերը թռչնի թեթև ճախրանքով: Մարին ու Աննան ավարտեցին դպրոցը, երկուսն էլ որոշեցին ուսումը շարունակել բժշկական ուսումնարանում: Վահանը հաստատակամորեն վճռեց. կամուսնանա Մարիի հետ ու աշխատանքի կանցնի միջնակարգ դպրոցում` որպես ֆրանսերենի ուսուցիչ:
Թղթապանակում շարված ոտանավորները կսպասեն իրենց ժամանակին, իսկ հռչակավոր դառնալու մարմաջը կհեռանա իրենից` մտնելով մեկ ուրիշ երազավառ երիտասարդի գլուխը:
Կանցնեն տարիներ: Իրենց նմանվող երեխան, գուցե, որոշի շարունակել ծնողների կիսատ թողած երազանքները` կսովորի ֆրանսերեն ու գրող կդառնա: Դա ապագայում: Իսկ ներկան ֆրանսերենի ուսուցչի համեստ պաշտոնն է:
Թերևս այնքան էլ վատ չէ:
rejiserner, kinoyi ev tatroni varpetner, kardaceq, hrashali patmuyun ev chkrknvox nyut handisatesi datin handznelu hamar
Չնայած մի առիթով ասել եմ,որ գրականագիտությունը միայն կարող է քննել ձևը և ոչ բովանդակությունը,բայց քանի որ էտպես էլ գրականագետ չդարձա, ու մեծ հաշվով որևէ մեկը չի հիշում `ինչ եմ ասել,ուզում եմ կարծիքս հայտնել այս գրվածքի մասին: Թույլ էր շատ,երևի մեկ անգամ կարդալու և առաջ անցնելու համար….
ինձ շատ դուր եկավ, շատ դրական ուրախ պատմություն էր, բռավո։