Գնացքը ցերեկվա էր, բայց դեկտեմբերի վերջն էր` ձմեռվա թունդ ժամանակը, դրանից բացի՝ գնացքը շարժվում էր Լենինգրադի ուղղությամբ` դեպի հյուսիս, ուստի պատուհանից այն կողմ սկսեց արագ մթնել. միայն՝ կարծես ինչոր մեկի անտեսանելի ձեռքով շպրտված՝ վառ լույսերով բռնկվում ու կորչում էին մոսկովյան ամառանոցային կայարանները՝ հրեղեն ժապավենում միաձույլ շարանշարան առկայծող լապտերներով ձյունաթաղ կառամատույցները, որոնք փախչում էին խուլ դղրդյունով, ասես գնացքը կամրջի վրայով գնալիս լիներ, – վագոնները գրեթե հերմետիկացնող մթամած կիսասառած ապակիներով կրկնափեղկ պատուհանները մեղմացնում էին դղրդյունը, բայց կայարանների լույսերը, միեւնույն է, հրեղեն ուրվագծով ներթափանցում էին ապակու միջով, իսկ դրանից էլ դենը կռահվող աներեւույթ ձնե տարածությունն էր, – վագոնը, հատկապես նախամուտքի մոտ, ուժգին ճոճվում էր, եւ երբ մերձմոսկովյան ամառանոցները մնացին ետեւում եւ լուսամուտից անդին լրիվ մթնեց ու մնաց սոսկ ձյան անձեւ ճերմակությունը, իսկ լուսամուտի մեջ ինձ հետ միասին հոսեց վագոնի լամպլուսամփոփների ու նստած ուղեւորների արտացոլանքը, ես գլխավերեւիս ցանցին դրած ճամպրուկիցս հանեցի գիրքը, որը սկսել էի կարդալ դեռեւս Մոսկվայում ու հատուկ վերցրել էի հետս` Լենինգրադ, եւ բացեցի չինական հիերոգլիֆներով ու արեւելյան վայելչագեղ նկարազարդ էջանիշով էջադրված տեղը, – գիրքն այդ վերցրել էի մորաքրոջիցս, որը մեծ գրադարան ուներ, եւ մտքիս չկար վերադարձնել. քանի որ շատ հին էր, գրեթե հալից ընկած` տվեցի կազմելու. կազմարարը խուզելով` էջերը մեկը մեկին հավասարեցրեց, քիփլիկ շապկեց ու վրան սոսնձեց գրքի առաջին` վերնագրված անվանաթերթը, – դա այդ ժամանակներում դեռեւս հնարավոր լիբերալ հրատարակչությունում – «Вехи» թե «Новая жизнь», կամ էլ այս կարգի մեկ այլ բան – լույս տեսած Աննա Գրիգորեւնա Դոստոեւսկու օրագիրն էր` ամուսնության առաջին տարիներին արտասահմանում կատարած նրա սղագրության վերծանումը` թվագրված նոր եւ հին ոճերով, գիմնազիական ջանադությամբ «Mme» (մադամ) մակդիրի պարտադիր կիրառմամբ գերմաներեն եւ ֆրանսերեն չթարգմանված բառերով կամ ամբողջական նախադասություններով:
Դոստոեւսկի ամուսինները Պետերբուրգից մեկնեցին 1867ի ապրիլի կեսին եւ արդեն հաջորդ առավոտյան հասան Վիլնո : Հյուրանոցում սանդուղքի վրա նրանց անընդհատ պատահող ջհուդներն աներեսաբար իրենց ծառայություններն էին պնդում, որոնք մինչ այդ էլ Աննա Գրիգորեւնային ու Ֆեոդոր Միխայելովիչին տանող կառքի հետեւից վազելով՝ փորձում էին նրանց սաթե մուշտուկներ վաճառել, մինչեւ որ նրանք քշեցին նրանց, իսկ երեկոյան նույն ճալվերավոր ջհուդներին կարելի էր տեսնել հին նեղլիկ փողոցներում` իրենց ջհուդաճտերին ման տալիս: Իսկ արդեն մեկերկու օրից նրանք ժամանեցին Բեռլին, այնուհետեւ` Դրեզդեն, եւ երկար ժամանակ բնակարան էին փնտրում, քանի որ գերմանացիք, հատկապես կանայք` պանսիոնատեր կամ պարզապես կահավորված սենյակներ վարձով տվող զանազան ֆրոյլայններ, եկվոր ռուսներին քերթում էին անողոքաբար, վատ էին կերակրում, իսկ սպասավորները նրանց խաբում էին մանրուքներում, – առհասարակ գերմանացիք տհաս էին, որովհետեւ չէին կարողանում Ֆեդյային բացատրել այս կամ այն փողոցը գնալու ճանապարհը, եւ պարտադիր հակառակ ուղղությամբ էին ուղարկում – չլինի՞ թե դիտմամբ: Ասենք՝ Աննա Գրիգորեւնան ջհուդներին մտապահել էր, երբ առաջին անգամ այցելեց Օլոնկինի տան Ֆեդյայի բնակարանը, որտեղ նա գրում էր «Ոճիր եւ պատիժ»ը, եւ որը, ինչպես հետագայում վկայել է Աննա Գրիգորեւնան, միանգամից նրան հիշեցրել է Ռասկոլնիկովի տունը. ահա այդ տան սանդուղքին այլ բնակիչներից բացի նա ջհուդների էլ էր հանդիպել: (Թեեւ հանուն ճշմարտության պետք է նկատել, որ հեղափոխությունից քիչ առաջ կամ գուցե նույնիսկ արդեն Լեոնիդ Գրոսմանի հետ ծանոթությունից հետո գրած «Հուշերում» Աննա Գրիգորեւնան այդ ջհուդների մասին չի հիշատակում): «Օրագրում» ներառված լուսանկարներում այն ժամանակ դեռ բոլորովին երիտասարդ Աննա Գրիգորեւնան ոչ այն է կրոնամոլի, ոչ այն է սրբի խստահայաց դեմք ուներ: Իսկ Ֆեդյան արդեն հասուն տարիքում էր, դեմքը՝ ռուս ռամիկ մարդու, միջահասակ, կարճոտն, եւ թվում էր, որ եթե նստած տեղից կանգներ, հասակը սոսկ մի քիչ կբարձրանար, եւ ըստ ամենայնի՝ սիրում էր լուսանկարվել ու ջերմեռանդ աղոթել: Եվ ուրեմն՝ պատճառն ի՞նչ էր, որ «Օրագիրը» ձեռքիս սրտատրոփ (չեմ վախենում այս բառն օգտագործել) Մոսկվայով մեկ կազմարար էի փնտրում, ինչո՞ւ էի տրանսպորտի մեջ թերթում գրքի հին էջերն ու աչքերով ագահորեն փնտրում մտքումս պահած հատվածները, իսկ երբ կազմարարից հետ ստացա մեկեն ծանրացած գիրքը` ինչո՞ւ էի գիշեր ու զօր Աստվածաշնչի պես պահում գրասեղանիս: Եվ ինչո՞ւ էի այժմ մեկնում Պետերբուրգ – այո, ոչ թե Լենինգրադ, այլ Պետերբուրգ – որի փողոցներով քայլել էր կարճաոտ, միջահասակ (ինչպիսին, ասենք, երեւի, անցած դարի բնակիչների մեծ մասն էր), եկեղեցու պահակի կամ պաշտոնաթող զինվորի դեմքով այդ մարդը: Ինչո՞ւ էի այժմ վագոնում` գնացքի արագությունից ու դիզելի աշխատանքից մերթ բորբոքվող, մերթ գրեթե հանգչող լամպերի թույլ, թրթռացող լույսի տակ կարդում այդ գիրքը, – վագոնի նախամուտքի դռները ծխողների ելումուտից անընդհատ շրխկում էին, իսկ չծխողները երեխաների կամ միրգ լվանալու համար բաժակով ջուր էին տանում, կամ էլ պարզապես գնում էին պետքարան, որի դռան շրխկոցը հաջորդում էր նախամուտքի դռան շրխկոցին, վագոնի կողային ճոճքից տեքստը աչքիցս շարունակ վրիպում էր, իսկ վաղուց արդեն ոչ մի տեղ գոյություն չունեցող շոգեքարշի ու ածուխի հոտը, որ չգիտես ինչու դեռ պահպանվում էր, շնչառությանս հետ գնում էր ներս: – Նրանք բնակվեցին Mme Zimmermannի` սլացիկ չորուկ շվեյցարուհու վարձու սենյակում, բայց դեռեւս ժամանելու առաջին օրը, իջեւանելով կենտրոնական հրապարակի հյուրանոցում, անմիջապես էլ գնացին պատկերասրահ, – Մոսկվայում Պուշկինի թանգարանի շենքի առաջ շարված հսկայական հերթը ներս էին թողնում խումբխումբ. հարկերի միջեւ հարթակներից մեկում կախված էր «Սիքստինյան Տիրամայրը», իսկ նկարի տակ միլիցիոներ կար կանգնած, – տարիներ անց նույն թանգարանում կրկնակ զրահապակու տակ հատուկ լուսավորվությամբ ցուցադրում էին Լեոնարդոյի «Ջոկոնդան», – «անուն հանածների» հերթը թեքվելով՝ մոտենում էր այդ նկարին, ավելի ճիշտ` զրահապակուն, որի ետեւում, ասես սարկոֆագի մեջ զմռսած դիակ, բնապատկերի ֆոնին Տիրամոր նկարն էր, եւ նրա ժպիտն իսկապես էլ խորհրդավոր էր, միգուցե դա պարզապես տարածված բնութագրի ներշնչանքից էր, իսկ նկարի կողքին նույնպես միլիցիոներ կար կանգնած, եւ որովհետեւ համարվում էր, որ հերթ կանգնածները մասնագետներ կամ հատուկ հրավիրված անձինք են, նա հերթը առաջ էր մղում քաղաքավարի՝ «հրաժեշտ տվեք, հրաժեշտ տվեք» ասելով, – մարդիկ նկարի մոտ հապաղում էին, այնուհետեւ ձուլվելով ոլորաձիգ հեռացող հերթին, հայացքները նկարից չկտրելով` քայլում էին գլուխները գրեթե հարյուր ութսուն աստիճան շրջած, – իսկ ահա Սիքստինյան Տիրամայրը կախված էր երկու լուսամուտների միջնորմին, այնպես որ լույսը կողքանց էր ընկնում, բացի դա` օրն ամպամած էր, ուստի՝ նկարը մի տեսակ թեթեւակի մշուշոտ էր: Տիրամայրը լողում էր ամպի մեջ, որը կարծես նրա զգեստի օդեղեն փեշը լիներ, գուցեեւ՝ պարզապես ձուլվում էր փեշի հետ, իսկ ձախից ներքեւում՝ երկյուղած հայացքը Տիրամորը հառած առաջ էր հակվել վեցմատնյա առաքյալը – ինքս հաշվեցի, իրոք վեցն էին, – այդ կտավի լուսանկարը, որ նվիրել էին Դոստոեւսկուն իր ծննդյան օրը` Դրեզդեն մեկնելուց տարիներ անց` մահից քիչ առաջ, որովհետեւ համարվում էր, որ դա նրա սիրած նկարն է, թեպետ նրա սիրածը միգուցե կրտսեր Գոլբեյնի «Մեռած Քրիստոսն» էր, ահա ուրեմն, Դոստոեւսկու թանգարանում` Լենինգրադում, փայտե շրջանակով երիզված Ռաֆայելի «Տիրամոր» լուսանկարը կախված է այն կաշվե բազմոցի վերեւում, որի վրա մահացավ Դոստոեւսկին, – օդեղեն Տիրամայրը թեք ընկած, կիսանստած վիճակում բռնել է նույնպես օդեղեն բարուրով մանկանը, ասես գնչուհու հանգուն ի տես ամենքի նրան կրծքով կերակրելիս լինի, միայն թե՝ դեմքի անորսալի արտահայտությամբ, ինչպես Ջոկոնդան, – նույն լուսանկարը, միայն թե ավելի փոքր եւ երեւի ավելի վատը, քանի որ արված էր արդեն մեր օրերում, դրված է մորաքրոջս գրադարակի ապակու ետեւում՝ ասես միտումնավոր անփութորեն լքված: – Դոստոեւսկիները պատկերասրահ էին այցելում ամեն օր, ինչպես Կիսլովոդսկում գնում են հավաքասրահ` նարզան խմելու, իրար հանդիպելու, կամ պարզապես հասարակությանը զննելու, իսկ այնուհետեւ գնում էին ճաշելու. հարկավոր էր ընտրել համեմատաբար էժան ռեստորան, բայց որտեղ լավ են կերակրում ու սպասարկուներն էլ քիչ են խաբում – նրանց միշտ մի երկու զիլբերգրոշ խաբում էին, որովհետեւ բոլոր գերմանացիք էլ անկասկած խարդախ էին, – մի օր պատկերասրահ հերթական այցելությունից հետո նրանք ճաշելու գնացին Էլբայի երկայնքով գեղատես փռված Բրյուլեւյան դարատափ, – նրանք մտապահել էին իրենց կողմից «դիվանագետ» հորջորջված սպասավորին, որին անցած անգամ բռնացրել էին, երբ սա մի գավաթ սուրճի դիմաց կրկնակի թանկ` երկուսի փոխարեն հինգ զիլբերգրոշ էր վերցրել, բայց Աննա Գրիգորեւնան նրան մատ էր արել` հինգ զիլբերգրոշ թեյավճարի փոխարեն նրա բուռը խոթելով երկուսը, որը նա տվել էր որպես մանր` հարկավոր հինգի փոխարեն, – այս անգամ նրանք լավ քաղցած էին, հատկապես Ֆեդյան, իսկ «դիվանագետը» եռանդուն սպասրկում էր ինչոր սաքսոն սպայի, որը նրանցից հետո էր եկել, – կարմիր մսեղ քթով ու դեղնավուն աչքերով սպան ըստ ամենայնի խմելու հետ սեր ուներ, – Ֆեդյան սպասյակին կանչեց, սակայն նա անխռով շարունակում էր սպասարկել սպային, որը օսլայած անձեռոցիկն անց էր կացնում կիտելի ձիգ օձիքի տակ, – «դիվանագետն» ակնհայտորեն անցած անգամվա համար վրեժ էր լուծում. Ֆեդյան դանակով թխկթխկացրեց սեղանին. «դիվանագետը» վերջապես մոտեցավ, բայց միայն անցողակի, եւ ասաց, որ առանց թխկթխկացնելու էլ լավ լսում է, – Ֆեդյան դարձյալ հավ ու հորթի մսից կոտլետ պատվիրեց. որոշ ժամանակ անց «դիվանագետը» բերեց հավի միայն մի բաժին, իսկ Ֆեդյայի հարցին, թե՝ «սա ի՞նչ է նշանակում», ընդգծված քաղաքավարի պատասխանեց, որ իրենք միայն մի բաժին են պատվիրել, իսկ հետո նույնը կրկնվեց, երբ կոտլետները բերեց, – կողքի սրահում չորս լակեյ թուղթ էին խաղում, իսկ իրենց սրահում ընդամենը մի քանի հաճախորդ կար, – սպասավորն ակնհայտորեն դիտմամբ էր սխալվում. Ֆեդյայի դեմքը շիկնեց. նա կնոջը բարձրաձայն ասաց, որ եթե իր հետ չլիներ, ինքը նրանց հախից կգար, եւ նույնիսկ գոռաց կնոջ վրա, կարծես նա էր մեղավոր, որ եկել էին երկուսով, – դանակպատառաքաղը վերցնելիս՝ դիտմամբ զրնգալեն վայր գցեց, այնպես, որ քիչ էր մնացել ափսեն կոտրվեր, – նրանց արդեն հայացքով հետեւում էին. դուրս եկան՝ առանց ետ նայելու, – վճարելիք 23 զիլբերգրոշի փոխարեն հեռանալիս Ֆեդյան սեղանին նետեց մի ամբողջ թալեր, եւ դուռը շրխկացրեց, այնպես, որ ապակիները դողացին, – նրանք քայլում էին շագանակենու ծառուղով, Ֆեդյան վճռակամ քայլքով գնում էր առջեւից, իսկ Աննա Գրիգորեւնան հազիվ էր հասնում նրան, – եթե Անյան իր հետ չլիներ, ինքը տեղի չէր տա ու կպնդեր իրենը, իսկ հիմա հեռանում է այդ սինլքոր ծառայից անարգված, որովհետեւ բոլոր ծառաներն էլ սրիկա են եւ մարմնավորում են մարդկային էության ամենաստոր հատկությունները, բայց ծառայամտության այդ անիծյալ հակումն ամենքիս մեջ է, – չէ որ ինքն էլ շողոմքոր ակնկալ հայացքով էր նայում կարմրաքիթ լուսանի հայացքով սրիկա պլացմայորի դեղին – ա՛յ թե ում էր քիչ առաջ սաքսոն սպան հիշեցնում – աչքերին, երբ նա հարբած, զինված պահակների ուղեկցությամբ ներխուժեց բարաք եւ տեսնելով նառին պառկած մոխրագույնսեւ հագուստի թիկունքին դեղին տուզ նկարած կալանավորին, որը այդ օրը հիվանդ լինելով՝ չէր կարողացել դուրս գալ աշխատանքի, գոռաց հաղթ կոկորդով մեկ` «ոտքի՛, մո՛տ արի» – այդ բանտարկյալը ռեստորանից եւ Էլբայի ափին գեղատես տարածվող դարատափից շագանակենու ծառուղով հեռացող մարդն էր, – այն ժամանակ էլ` զնդանում, նա իր հետ կատարվող ամեն բան տեսնում էր կողքից, ասես երազում, – մի անգամ պահականոցում տեսել էր, թե կալանավորներից մեկին ինչպես են խոշտանգում. մտրակների հարվածներն արյունոտ հետքեր էին թողնում նրա մեջք ու հետույքին, իսկ նա անշարժ պառկել էր, հետո անմռունչ ոտքի ելավ, խնամքով կոճկեց համազգեստն ու գնաց` անգամ հայացքի չարժանացնելով հենց կողքին կանգնած Կրիվցովին, – կկարողանա՞ ինքն էլ պահականոցից հեռանալ լուռ ու արժանապատվորեն. նառից ցատկեց եւ դողդոջուն ձեռքերով հագի մոխրագույնսեւ բաճկոնը տենդագին կարգի բերելով` մոտեցավ բարաքի սեմին կանգնած Կրիվցովին, – քայլում էր գլուխը կախ, – ո՛չ, չէր քայլում, գրեթե վազում էր, եւ դա ինքնին նվաստացուցիչ էր, իսկ պլացմայորի առաջ կանգնած՝ նրան նայեց ոչ թե անհողդողդ ու խիստ, այլ ողոքող աչքերով – դա զգաց հենց միայն Կրիվցովի՝ լուսանի աչքերի պես դեղին աչքերի գիշատչորեն ընդլայնվող բիբերից. լուսանի` ոչ միայն այն պատճառով, որ նման էին լուսանի աչքերի, այլ որովհետեւ աչք ածելով՝ փնտրում էին հերթական զոհին, – այն ժամանակ էլ, Կրիվցովի առաջ կանգնած, նույն բանը մտածեց, եւ այնժամ էլ իրեն տարօրինակ թվաց, որ մի այդպիսի պահի կարող է մտածել դրա մասին – թեեւ՝ ի՞նչ ծառայամտություն, դա վախ էր, սովորական վախ, բայց մի՞թե ծառայամտությունը հենց վախից չի ծնվում – Աննա Գրիգորեւնան հասավ նրան, թեւանցուկ արեց եւ մեղավոր հայացքով նայեց աչքերին – եթե Անյան իր հետ չլիներ, այդ ծառայի հախից կգար, եւ բոլորին տեղները կդներ – նա հայացքն Աննա Գրիգորեւնայի դեմքից դանդաղ փոխադրեց իր ուսին դրած նրա հնամաշ ձեռնոցով ձեռքին, – «ըստ իս՝ հարգ ունեցող կնոջը սազական չէ նման ձեռնոց կրելը», – դանդաղ ու հստակ արտասանեց նա եւ հայացքը նորից տարավ կնոջ դեմքին. Աննա Գրիգորեւնայի շուրթերը դողացին, իսկ կոպերը տարօրինակ փքվեցին, – դեռ ամուսնուն թեւանցուկ քայլում էր, բայց սոսկ իներցիայով ու նաեւ՝ որովհետով նրան թվում էր, որ ասվածն իրեն չի վերաբերում – նա չէր կարող իրեն նման բան ասել, – հաջորդ պահին ամուսնուն լքելով՝ արագ, համարյա վազքով թեքվեց կողքի՝ նույնպես շագանակենու ծառուղին, – մի պահ նայեց շուրջը եւ սաղարթի ու արցունքի միջից տեսավ ծառուղով դեռ վճռական քայլող Ֆեդյային, որի հագին Բեռլինում գնած մուգ մոխրագույն՝ գրեթե սեւ կոստյումն էր, – չնայած որ իրենք ճամփորդում էին իր մոր իրերի գրավադրումից ստացված փողով, եւ թեպետ իր ձեռնոցները արդեն հալից ընկել էին ու դեռ ճանապարհին նրա ներկայությամբ երկու անգամ շուլալել էր, բայց այն ժամանակ՝ Բեռլինում, նրա մտքով իսկ չանցավ ասել, որ մի զույգ նոր ձեռնոց գնի, իսկ այժմ հենց ինքն էլ նախատում էր իրեն, – դիմաքողն իջեցրած, որպեսզի արցունքներից ուռած դեմքը չերեւա, Աննա Գրիգորեւնան քայլում, գրեթե վազում էր շենքերի տակով. դիմացից՝ իրենց կանանց հետ` մաքուր ու կոկիկ հագնված երեխաների ձեռները բռնած գալիս էին պարկեշտ գերմանացի տղամարդիկ, գլխներին՝ կոտելոկ, դեմքերը՝ վարդագույն ու ինքնագոհ, եւ նրանք մտահոգ չէին օրվա ճաշի կամ ընթրիքի համար, եւ ձայներն էլ չէին բարձրացնում միմյանց վրա, իսկ Ֆեդյան քիչ առաջ ռեստորանում գոռաց իր վրա: Նա տան շքամուտքից ներս սահեց` աշխատելով աննկատ մնալ, նախ մտավ ճաշասենյակ ծառայող մեծ սենյակը, որի պատերից կախ էին տված կամ ծառերի արտացոլանքով գետ (հավանաբար Հռենոսը) կամ անբնական կապույտ ֆոնին լեռան կատարին ինչոր ամրոցներ պատկերող բազմագույն յուղանկարներ, այնուհետեւ` երկրորդ սենյակը, որը նրանց ննջարանն էր` երկու ծավալուն մահճակալներով, եւ երրորդը` փոքրը (Ֆեդյաինը), որտեղ տեղադրված գրասեղանին կոկիկ դարսված սպիտակ թղթեր կային, շաղ տված թութուն ու պապիրոսի պարկուճներ. նա հանկարծ հասկացավ, որ այստեղ գալիս թաքուն հույս ուներ, որ Ֆեդյան իրենից շուտ եկած ու տանը իրեն սպասելիս կլիներ, – նա որոշեց գնալ փոստ, ուր Ֆեդյան հաճախ էր մտնում, բայց նա այնտեղ չէր, եւ նամակ էլ չկար, ուստի՝ նորից տուն գնաց – գոնե հիմա նա պետք է որ եկած լիներ, – սանդուղքի վրա նրան հանդիպած Mme Zimmermannը ասաց, որ Ֆեդյան այդտեղ էր, բայց ինչոր տեղ գնաց, – նա դուրս վազեց փողոց եւ հանկարծ տեսավ նրան` ընդառաջ էր գալիս մեղավոր ու նույնիսկ կարծես թե շողոմ ժպիտը գունատ դեմքին, – պարզվեց՝ ծառուղուց վերադարձել է դարատափ, մտածելով, որ Աննան այնտեղ գնացած կլինի` առանձնանալու, այնուհետեւ գնացել է նրան ընթերցարանում որոնելու, – նրանք մի րոպեով տուն մտան` շորերը փոխելու, որովհետեւ ամպամած էր, իսկ երբ դուրս եկան` երկինքն անզուսպ արտասվում էր, բայց ճաշել էր պետք, – մտան Hotel Victoria եւ երեք տեսակի կերակուր պատվիրեցին, որը նրանց վրա նստեց 2 թալեր եւ 10 զիլբերգրոշ – սարսափելի գին, որովհետեւ մի կոտլետը 12 զիլբերգրոշ էր անում, չտեսնված բան, բայց օրը հաստատապես ձախորդ էր, – երբ ռեստորանից դուրս եկան, արդեն ժամը երեկոյան ութն էր, մութ, անձրեւ էր գալիս, եւ Աննա Գրիգորեւնան բացեց անձրեւակալը, բայց ոչ շրջահայաց գերմանացու պես, եւ դիպավ կողքից անցնող ինչոր գերմանացու, – Ֆեդյան նրա վրա գոռգոռաց, քանի որ նրա անշնորհքությունն այդ գերմանացին կարող էր թարս մեկնաբանել, եւ Աննա Գրիգորեւնայի աչքերը նորից լցվեցին, բայց փառք Աստծու, մթան մեջ ոչ ոք չնկատեց, այնուհետեւ գնացին տուն` կողք կողքի` առանց իրար հետ խոսելու, կարծես՝ միմյանց օտար, – իսկ տանը, թեյի սեղանի շուրջ, նորից մեկմեկու կշտամբեցին, թեպետ էլ տեղ չէին թողել, իսկ հետո Աննա Գրիգորեւնան նրան հարցրեց, թե երբ է Homburg մեկնելու, եւ Ֆեդյան նրա վրա նորից գոռգոռաց, եւ նա էլ ի պատասխան ինչոր բան գոռաց ու հեռացավ ննջարան. Ֆեդյան փակվեց աշխատասենյակում, բայց գիշերը եկավ կնոջ մոտ՝ բարի գիշեր անելու, – նա ամեն գիշեր գալիս էր՝ բարի գիշեր անելու, – քնքշորեն արթնացնում էր նրան, շոյում ու համբուրում, որովհետեւ նա իրենն էր, իր ձեռքին էր նրան դժբախտ կամ երջանիկ դարձնելը, եւ ջահել անփորձ կնոջ վրա համակ իշխանության այդ գիտակցությունը, որի հետ նա կարող էր անել խելքին փչածը, նման էր երեւի այն զգացմունքին, որ ես տածում եմ փոքրիկ ողորկ շնիկների նկատմամբ, որոնք հենց միայն իրենց մեկնած (նույնիսկ քնքշանքի համար) ձեռքը տեսնելիս վախվորած ու հաճկատար պոչ են խաղացնում, հպվում են գետնին ու թեթեւակի դողում, – նա գրկում էր կնոջը, համբուրում կուրծքը, եւ սկսում էին լողալ. լողում էին երկար սուզումներով. թոքերը միաժամանակ օդ հավաքելով, թեւերն իրար հետ ջրից դուրս նետելով` ավելի ու ավելի էին հեռանում ափից` դեպի ծովի կապույտ կորնթարդությունը, բայց գրեթե ամեն անգամ Ֆեդյան ընկնում էր հանդիպակաց հոսանքի ճնշման տակ, որը նրան մի կողմ եւ նույնիսկ մի քիչ հետ էր քշում, – ինքը հետ էր մնում, իսկ կինը շարունակում էր ռիթմիկ թեւալողն ու կորչում էր հեռվում, եւ իրեն թվում էր, որ ինքը արդեն ոչ թե լողում, այլ սոսկ թպրտում է ջրի մեջ` փորձելով ոտքերով հասնել հատակին, եւ մի կողմ քշող այդ հոսանքից տարօրինակ կերպով հառնում էին պլացմայորի գիշատչորեն լայնացող բիբերով դեղին աչքերը, ինքը վռազվռազ արձակում էր կոճակները, որպեսզի պառկի պահականոցի մեջտեղում դրված հարյուրավոր մարմիններից հղկված կաղնե ցածր սեղանին, լսում էր մարմնին տեղացող մտրակների հարվածներից իր անզուսպ հառաչանքը, ասես մկանների ու ոսկորների միջով շիկացած մետաղալար անցկացնելիս լինեին, ջղերը կարկամում էին, որը ձեռք էր բերել խոշտանգվելուց հետո, տեսնում էր ներկաների ծաղրական ու կարեկից հայացքները, պլացմայորի գարշելի ժպիտը՝ երբ նա կրունկների վրա կտրուկ շրջվելով ու պահականոցից դուրս գալով կարգադրեց բժիշկ կանչել, – ճիշտ նույն բանն էր աչքին գալիս նաեւ այլ կանանց հետ լինելիս, որովհետեւ նրանք, ինչպես եւ Անյան, աներեւույթ ներկա էին իր խոշտանգմանը, պահականոցի ճաղապատ պատուհանից, դռնից, հափշտակված նայում ու փորձում էին ներս մտնել, որպեսզի իրեն պաշտպանեն, բայց ներս չէին թողնում – ինքն ատում էր նրանց, որովհետեւ նրանք իր ստորացման վկաներն էին եւ դա իրեն թույլ չէր տալիս ապրել զգացմունքների ամբողջությունը, իսկ այսօր այդ ամենին խառնվում էր նաեւ իրենց ծաղրող ծառայի լպիրշ հայացքն ու պլացմայորին հիշեցնող սաքսոն սպայի դեմքը: Պատկերասրահում, որտեղ կախված էր Սիքստինյան Տիրամայրը, նա վաղուց աչքի տակ էր առել կոր թիկնակով փափուկ աթոռը, որը կարծես առանձնացված էր մյուսներից, որոնց վրա նստում էին պատկերասրահի այցելուները, որպեսզի հանգստանան կամ նկարը դիտելով՝ զմայլվեն – չգիտես ինչու՝ այդ աթոռին ոչ ոք չէր նստում. միգուցե նախատեսված էր ծառայողի համար, իսկ գուցե մի ինչոր պատմական արժեք էր, – երբ առաջին անգամ մտածեց աթոռին կանգնելու մասին՝ թիկունքով սառնություն անցավ, այնքան անկարելի ու հանդուգն էր թվում անելիքը: Աթոռի կողքով անցնելիս նա մոտավոր չափորոշում էր եւ նույնիսկ մի անգամ քիչ էր մնացել ոտքը բարձրացներ, բայց սրահում շատ մարդ կար, իսկ համազգեստ հագած ձանձրացող ծառայողը հենված էր պատին: Իսկ միգուցե պիտի դա աներ հենց բոլորի՞ աչքի առաջ, եւ հատկապես՝ ծառայողի ներկայությամբ, որովհետեւ նա էր պարտավոր խոչնդոտել: Աթոռին մոտենալիս սիրտը նվաղեց ու մի վայրկյան հապաղեց, ասես մտորելով, թե որ կողմից շրջանցի, այնուհետեւ առաջացավ ու չափազանցված հետաքրքրությամբ երկար նայում էր Տիրամորը: Բայց այդ գիշեր, երբ Անյան լող տվեց հեռու, իսկ ինքը ափին մոտ չփչփացնելով՝ չէր կարողանում ոտքերով հասնել հատակին, – ահա այդ գիշեր հաստատապես որոշեց մտքինը անել: Առավոտյան, երբ սովորականի պես մտան պատկերասրահ, անմիջապես գնաց այն դահլիճը, որտեղ կախված էր Սիքստինյան Տիրամայրը. սիրտը բաբախում էր` արձագանքելով ունկերում, – նկարի առաջ շատ մարդ էր հավաքվել, իսկ որոշները մի քիչ մեկուսի՝ կանգնած կամ նստած էին դիտափողը ձեռքներին – դրա միջով նայելն ավելի լավ էր, քանի որ հայացքը չէր շաղվում, այլ կենտրոնանում էր նկարի վրա, – առաջին պահին աթոռը չնկատեց, եւ որովհետեւ սիրտը դադարեց խփել ու թպրտալ, հասկացավ, որ ներքուստ ուրախացավ դրա համար: Բայց պարզվեց՝ մարդիկ պարզապես պատնեշել էին աթոռը, եւ ոսկեկոճակ համազգեստով ծառայողն էլ դահլիճում էր. Ֆեդյան վճռական քայլերով մոտեցավ աթոռին՝ նույնիսկ այցելուներին կարծես թե հրմշտելով, – նրա հետ դահլիճ մտած Աննա Գրիգորեւնան կանգնած էր մի կողքի եւ անգամ, վայ թե, դիտափող վերցրեց, – նա աչքերը փակեց ու ոտքը դրեց աթոռին (կամ գուցե պարզապես այդ պահին ոչինչ չեր տեսնում), հետո բարձրացրեց մյուս ոտքը. ոտնամանները խրվեցին փափուկ նստատեղի մեջ – մարդկանց գլխավերեւով նկարը հատկապես լավ էր երեւում՝ մանկանը գրկած Տիրամայրը լողում էր ամպերում, առաքյալը վարից վեր երկյուղած նայում էր նրան, իսկ վերեւում հրեշտակներն էին, – ասենք` հենց դրա համար էլ կանգնել էր աթոռին, որովհետեւ չէ որ, երբ ծառայողը փորձեր իրեն աթոռից վար բերել, նրան ինչոր բացատրություն տալու համար պետք է մի բան հորիներ, – «Ֆեդյա՛, դու խելագարվել ես» – Աննա Գրիգորեւնան կողքին կանգնել ու վախեցած վեր՝ նրան էր նայում, եւ անգամ զգուշորեն քաշեց թեւքից. այժմ նա այցելուներին նայում էր վերեւից. բոլորը գաճաճ էին, եւ մի թզուկ էլ արագ մոտեցող ծառայողն էր, – կախված նկարի տեղում այժմ հայտնվեց ցլի վզով պլացմայորի դեմքը. զանգվածեղ կզակը մունդիրի քիփ օձիքին հենած՝ նա ժպտաց ամաչկոտ ու անգամ մի քիչ էլ քծնաբար, եւ նրա ոչ միայն դեմքը, այլ չգիտես ինչու ամբողջ տեսքն էր նվաղուն ու խոնարհ, իսկ այցելուների գլուխների փոխարեն այժմ ծով էր, եւ ինքն ու կինը թեւերը ջրից հավասար ռիթմով դուրս նետելով, միաժամանակ շունչ առնելով՝ լողում էին դեպի կապույտին տվող հեռուն, իսկ պլացմայորը գրեթե անհետացավ, հեռվում՝ ափին, սոսկ երեւին էր տալիս նրա կռացած, խեղճ, մուրացիկի կերպարանքը, – «Պարո՛ն, մեզ մոտ աթոռին կանգնելն արգելված է», – ասաց ծառայողը եւ խստադեմ նայեց աթոռին կանգնած լավ հագուկապով մարդուն, – ծառայողն առաջացավ եւ թեթեւակի բարձրացրեց ձեռքը՝ որպես նեցուկ առաջարկելով աթոռին կանգնածին. նա իջավ` գրեթե ցատկեց աթոռից` մի կողմ հրելով ծառայողի ձեռքը, եւ տեսավ Աննա Գրիգորեւնային, որը այդ միջոցում հասցրել էր հեռանալ դահլիճի անկյուն եւ ձեւացնում էր, թե դիտափողով սեւեռուն նայում է նկարին, բայց ձեռքերը դողում էին, – «ի սեր Աստծու, գնանք այստեղից», – ասաց նա հուզմունքից խռպոտած ձայնով, երբ Ֆեդյան մոտեցավ, իսկ այցելուները հայացքով հետեւում էին նրանց եւ ինչոր բան փսփսում, – թեւը մտած՝ նա Ֆեդյային քարշ տալով տարավ դեպի կողքի դահլիճ տանող դուռը, – չնայած ծառայողի դիտողությանը՝ ինքը պիտի մինչեւ վերջ աթոռին կանգնած մնար, բայց այնուամենայնիվ ընկրկեց ու ցած իջավ – դահլիճի լայն լուսամուտին հայտնված պլացմայորի դեմքն այժմ արդեն լկտիաբար ժպտում էր եւ հաստ ու մսեղ ձեռքով լոթիաբար ու հաղթական հարդարում էր բեղը, իսկ ինչոր մարդիկ (պատժվողի մերձավոր ծանոթներն ու կանայք) ուշադիր նայում էին պահականոցի լուսամուտից, եւ նրանց հայացքները խղճահարություն ու կարեկցանք էին արտահայտում, իսկ ինքը շալվարն իջեցրած` պառկել էր սեղանին, եւ ժամապահը մեթոդաբար ձաղկում էր իրեն, – նա կտրուկ ազատվեց Աննա Գրիգորեւնայի թեւից, որը գլուխը խոնարհած վճռական քայլերով դուրս եկավ հարեւան դահլիճ – աթոռը չպիտի պարապ մնար, դա անբնական էր – արագ գնաց դեպի դահլիճի կենտրոն, եւ ահա նորից ոտքերը խրվեցին ինչոր փափուկ զսպանակավոր բանի մեջ – այժմ այդ աթոռին ուզածի չափ կանգնած կմնա, որպեսզի իր մեջ հաղթահարի ծառայի հանդեպ այդ նվաստ զգացումը՝ մի՞թե ի զորու չէ անցնելու այդ սահմանը – դահլիճում լռություն տիրեց, ինչպես լինում է բեմի վարագույրը բարձրանալուց առաջ, – նկարի տեղում նորից հայտնվեց պլացմայորի լպիրշ դեմքը, որ իրեն աչքով էր անում, – Ֆեդյան տարավբերեց ու թափով ապտակեց նրան, եւ այդ ստոր զգացումը չքացավ. այժմ պլացմայորը պառկել էր հղկվածփայլեցված սեղանի մոտ, իսկ կալանավորը, որին նա քիչ առաջ փորձում էր պատժել, կանգնել էր հաղթական, ոտքը՝ նրա փորին, իսկ լուսամուտից նայողները բուռն ծափահարում էին, եւ կանայք, հատկապես նրանք, որոնց հետ մերձ էր եղել, նայում էին հրճվանքով եւ օդային համբույրներ ուղարկում, – նա անշտապ իջավ աթոռից, ոչ թե ցատկեց, այլ հենց իջավ, եւ դանդաղ գնաց դեպի հարեւան դահլիճը. դռների մոտ հանդիպեց ծառայողին, որը, ըստ երեւույթին, ինչոր տեղ էր գնացել, եւ ծառայողը հարգալիր ճանապարհ տվեց նրան, իսկ գիշերը, երբ եկավ կնոջը բարի գիշեր անելու, նորից լողացին. հավասար ռիթմով դուրս էին նետում ձեռքերը` միաժամանակ գլուխները ջրից հանելով, որպեսզի օդ շնչեն, եւ հոսանքը նրան չէր քշում. լողում էին դեպի հեռացող հորիզոնը, աներեւույթ կապույտ հեռուն, իսկ հետո նորից համբուրեց նրան – եռանկյունու անհայտ գագաթն ամպերում կորած բարձրաբերձ լեռան կատարի պես նրան միշտ թվացել էր անհասանելի, – թեպետ գագաթը, որին ինքը ձգտում էր, այժմ ներքեւ էր դարձած, այնպես որ ասես դա ավելի շուտ հրաբխի խառնարանի հատակ լիներ. այդ բարձունքում եւ այդ անհասանելի հատակում պահված էր ահավոր ու անուշ ըմբռնումը մի ինչոր բանի, որը նա չէր կարող ոչ անվանել, ոչ էլ անգամ պատկերացնել, եւ հետո ամբողջ կյանքում, նույնիսկ կնոջը գրած նամակներում, անվերջ ձգտում էր մոտենալ այդ խառնարանբարձունքին, բայց գագաթին չէր հասնում…
Ռուսերենից թարգմանեց Լեռնիկ Դալլաքյանը