Անի Հակոբյան | Մոնի

Մաս 1-ին

Հուսալքություն

Մոնին վատ էր: Թափթփված տեսքով, արագ, մոլորված քայլում էր: Յոթ օր չէր լողացել, մազերը յուղոտ էին, վերարկուն՝ ճմռթված, դեմքն՝ անշպար, ունքերն՝ աճած ու խտացած: Ծխում էր՝ չամաչելով անցորդներից: Վերջերս Երևանում կանայք այլևս չէին ամաչում ծխել-քայլելու համադրությունից:  Ժամանակները փոխվում էին: Չնայած անցորդներն, ամեն դեպքում, դեռ անսովոր չափչփում էին նրանց: Անգամ ծայրահեղ թափթփված տեսքը չէր խլել Մոնիի ներքին, անտեսանելի, անհասկանալի հմայքը: Հոգին ալեկոծված էր. զրուցակից էր փնտրում: Փողոցում եթե անցորդներին մոտենար, խելագարի տեղ կդնեին:

Եկեղեցի մտավ: Կանգնեց հենց մուտքի մոտ. մարդ չկար, վերևում՝ գմբեթի մոտ, ճղճղալով ծիծեռնակներ էին պտտվում,  խունկի հոտը միանգամից լցվեց թոքերը:

– Բալա՛ ջան, բա ամոթ չե՞ս անում,– հիացմունքը ընդհատվեց մոմավաճառ կնոջ նախատող ձայնով:

Մոնին զարմացած նայեց նրան: Հետո հասկացավ, որ ձեռքի ծխախոտը մոռացել է դեն նետել ու էդպես եկեղեցի է մտել: Ծուխը դանդաղ վեր էր բարձրանում մատների արանքից: Արագ դուրս եկավ, հանգցրեց, նետեց աղբամանը: Եկեղեցուն կից փոքրիկ շինություն նկատեց, ուզեց մտնել, բայց ճանապարհը հոգևորականի հագուստով մեկը փակեց.

– Ինչ-որ հարցո՞վ եք եկել:

– Կարո՞ղ եք ինձ հետ խոսել… Ավելի ճիշտ՝ լսել ինձ… Ես խոսելու կարիք ունեմ հիմա:

– Իհարկե: Եկեք ներս գնանք:

Ներսում կիսամութ էր ու խոնավ: Նստեցին: Երկար լռություն տիրեց:

– Դե խոսեք, ես լսում եմ:

 – Չգիտեմ՝ որտեղից սկսել:

– Վերջից սկսեք:

– Ուզում եմ ինքնասպան լինեմ, բայց գիտեմ, որ հիմար միտք ա, ու գիտեմ, որ երկրորդ անգամ համարձակությունս չի հերիքի:

– Երկրո՞րդ:

– Տարիներ առաջ ուզում էի Կիևյան կամրջից նետվել, մարդիկ եկան գլխիս հավաքվեցին՝ ոստիկաններ, լրագրողներ… Թատրոն սարքեցին…

– Գիտեք, չէ՞, որ ամենածանր մեղքն է:

– Իհարկե: Բայց դա չի խանգարում ինձ նորից մտածել էդ մասին:

Զանգեց հոգևորականի հեռախոսը:

– Հա, ապե՛, հա: Տենց էլ կանենք: Չէ, բռատ, հեսա հինգ րոպեից դուրս կգամ, առանց ինձ չգնաք:

Հեռախոսազրույցի ավարտին բարձր գղտաց (երևի նոր էր ընթրել) ու շատ հանգիստ տոնով դիմեց Մոնիին.

– Ամեն կիրակի պատարագ ենք անում: Եկե՛ք եկեղեցի, նստե՛ք, լսե՛ք, կթեթևանաք: Ձեզ աղոթքների գիրք կտամ, մի քանի բան կսովորեք, պատարագներին կսկսեք մասնակցել: Ես ինքս էլ կաղոթեմ Ձեզ համար: Ամեն ինչ լավ կլինի, դե կտեսնեք:

– Շտապում եք, հա՞, ոնց որ:

– Չէ, դեռ մի քիչ էլ կարող եմ մնալ: Ասե՛ք, եթե հարցեր ունեք, ասե՛ք, ես կլսեմ:

– Չէ… Չզբաղեցնեմ Ձեզ:

– Բարի: Եկե՛ք, ճանապարհեմ…

Դուրս եկան եկեղեցու բակ, մայրամուտ էր: Արևի աչք ծակող շողերի տակ Մոնին գրավիչ տեսք ստացավ: Հոգևորականը նայեց նրան, չարաճճի ժպտաց ու ասաց.

– Ի վերջո մի՛ մոռացեք, որ կյանքը վայելքների համար է տրված:

Մոնին զզվանք ապրեց էդ խոսքերի առոգանությունից: Արագ հեռացավ: Տուն գնաց: Չնայած էնտեղ իրեն ոչ ոք չէր սպասում: Ընտանիքը մեկնել էր Ռուսաստան՝ ավելի հարմար կյանք գտնելու: Նա, հակառակվելով բոլոր խնդրանքներին, պահանջներին ու նույնիսկ հայրական արդեն խիստ հրամաններին, հրաժարվել էր մեկնել Հայաստանից: Մենակ ապրելն իսկապես ծանր էր, բայց դա իր որոշումն էր, ետ կանգնել արդեն չէր պատրաստվում: Ծնողների և քրոջ մեկնելուց հետո ինքն իրեն լավ չէր խնամում, օրերով ոչինչ չէր պատրաստում, չէր ուտում, տունը կարգի չէր բերում: Զանգերին շատ հաճախ չէր պատասխանում, որովհետև պետք է պատասխան տար տան ու իր վատ վիճակի համար, խուսափում էր կոնֆլիկտներից, բացատրություններից: Հարազատներն էլ, վախենալով նրան չափից շատ անհանգստացնել, սկսել էին ուշ-ուշ զանգել: Իսկ հենց այդ օրը Մոնիին ուղղակի անհրաժեշտ էր որևէ մեկի հետ խոսել: Բայց զանգ չկար: Ուժասպառ եկավ,  պառկեց ու խորը քնեց: Արթնացավ արդեն հաջորդ օրվա կեսօրին, զգաց, որ շատ սոված է. երեկ ամբողջ օրը ոչինչ չէր կերել: Ձվածեղով կշտացավ, հետո միացրեց նոթբուքը: Աշխատանքի տեղավորման ոչ մի գործակալություն օգուտ չէր տվել: Համացանցում տարբեր կայքեր կային, որոնք աշխատանք էին առաջարկում, Մոնին այդ բոլոր կայքերում գրանցվել էր, արթնանալուն պես ստուգում էր փոստը: Հիմնականում կեղծ կայքեր ու կեղծ առաջարկներ էին: Պատահում էր, որ գնում էր աշխատանքի ընդունվելու, բայց հայտնվում էր ինչ-որ կասկածելի օֆիսում, անծանոթ տղամարդկանց մեջ, որոնք ավելի շատ անձնական հարցեր էին ուղղում, քան գործնական: Մոնին արագ հասկանում էր իրավիճակն ու փախչում: Աշխատանք գտնելու անհաջող փորձերի քանակն անցնում էր հինգ տասնյակը: Այդ առավոտ փոստում կրկին նամակ չկար: Նորից մտավ անկողին, պառկեց, սկսեց նայել առաստաղին, մտածեց աշխարհի մասին, իր մասին, ամեն ինչի մասին, մեկ ժամ անց մտածելու թեմաները սպառվեցին: Իսկ վեր կենալ չէր ուզում: Շարժիչ ուժ չկար: Ոչինչ անելու ցանկություն չկար: Ինքնակատարելագործվելու իմաստ չկար, կամ ինքը չէր գտնում: Նա երկար էդպես պառկեց, պառկեց մինչև երեկո, հետո նաև գիշերը, հետո հաջորդ օրն էլ էդպես պառկած ու սոված մնաց: Որոշել էր այնքան պառկած մնալ, մինչև մի բան փոխվեր: Ոչինչ չփոխվեց: Դուռը թակող չեղավ, հեռախոսը չզանգեց, փոստում նամակ չերևաց: Բայց ինչքա՞ն պետք է պառկեր: Պառկելը նույնպես հոգնեցնում է: Երկար պառկելուց հետո գալիս է ինչ-որ մի կարևոր բան անելու մեծ ցանկությունը:

Մոնին այդ օրը հանգեց այն մտքին, որ ապրելն անխուսափելի է: Հասկացավ, որ պետք է դուրս գալ տնից, ապրել, շնչել, մարդկանց մեջ լինել, խաղից դուրս չմնալ, նորից երկար քայլել ու թափառել օտար հարազատ քաղաքով:

Լոգանք ընդունեց, իրեն կարգի բերեց, շատ նուրբ շպարվեց, հագավ բարձրակրունկները, գեղեցկացավ: Հայելուն նայելիս գոհ մնաց, միայն նկատեց, որ նիհարել է, չուտելուց դիմագծերը սրվել են: Բոլոր որոնումների արդյունքում գուգլն ու ֆեսյբուքն ասացին, որ այդ օրը Երևանում ո՛չ համերգ կա, ո՛չ կարգին ներկայացում, ո՛չ էլ հետաքրքիր ֆիլմ: Էդ դեպքերում միակ փրկությունը փաբերն ու փոքրիկ, կոլորիտային սրճարաններն էին: Հետը վերցրեց Ռուսաստանից ուղարկված իր վերջին ամսվա համար հատկացված գումարի մեծ մասը, որ վստահ ու ապահով զգար իրեն:

 Դրսում օդը մաքուր էր, քաղաքի լույսերը՝ գրավիչ: Նոր շունչ մտավ թոքերը, նոր կյանքի սպասումներով լցվեց սիրտը: Քայլեց ավելի վստահ, ավելի հաստատուն: Անբացատրելի ազատություն զգաց: Կարծես գնում էր աշխարհը գրավելու: Խելահեղ արկածներ ու գունեղ կյանք, էլ ո՛չ մի ձանձրույթ ու դատարկություն: Անհապաղ պետք է փոխել իրավիճակը, ամեն գնով: Ինչ-որ բան պետք է կատարվի, ինչ-որ բան պետք է տեղի ունենա:

Էսպիսի մտքերով էր, երբ շատ անսպասելի գերարագ վազող մի տղա վազքի մեջ ճարպկորեն թռցրեց Մոնիի ուսից անփույթ կախված պայուսակը: Տղան թռցնելու արագությամբ էլ անհետացավ փողոցից: «Աղջի՛կ ջան, ոստիկանություն կանչե՞նք»,–  մոտեցան մի քանի կին և, անպատասխան մնալով, քիչ անց հեռացան: Մոնին մնաց մենակ, շոկից սկսեց բարձր, հիստերիկ ծիծաղել: Բարձր ծիծաղը ուժգնացավ ու վերածվեց բարձր, աղեկտուր լացի: Չէր կարողանում հանգստանալ, փողը չէր հուզում, ծայրահեղ հուսալքությունն էր քերում հոգին: Մի տղա անցնելիս մոտեցավ.

–Ինչո՞վ կարող եմ օգնել:
Մոնին օրորեց գլուխը, արցունքները սրբեց ու արագ հեռացավ, որ մարդիկ ավելորդ հարցեր չտային, պատասխանելու ուժ չուներ: Քայլեց, հուսալքված երկար քայլեց՝ ոչ ոքի չնկատելով: Թևերն այնքան էին թուլացել, որ քայլելիս ճոճվում էին փալասների պես: Մոնին ճմռթված փափուկ խաղալիք էր այդ օրը, որին շպրտել էին հին ու անպետք իրերի պահարան: Պայուսակի մեջ նաև տան բանալին էր: Մոնին զրկվեց ամեն ինչից, անգամ տուն վերադառնալու հնարավորությունից: Դե, կարելի էր հարևանի տանը գիշերել, դիմել ոստիկանություն, զանգել ազգականներին, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Բայց ուժ չկար, էլ ոչնչի ուժ չկար:

Մի քանի օր անց Մոնին հայտարարվեց անհայտ կորած: Հարազատները վերջապես փորձել էին կապ հաստատել նրա հետ, չէր ստացվել: Ազգականները, դուռը կոտրելով, մտել, տեսել էին դատարկ տունը: Ընկերներից ու հարևաններից ոչ ոք տեղեկություն չուներ նրա մասին: Համացանցում սկսեց տարածվել Մոնիի լուսանկարը, նրա քույրը բոլորին խնդրում էր արձագանքել, եթե որևէ բան իմանային նրա մասին: Ամբողջ քաղաքը, ամբողջ երկիրն իմացավ նրա անհետացման մասին: Լրատվականները նույնպես խոսում էին խորհրդավոր կերպով անհետացած երեսնամյա գեղեցկուհուց: Ոստիկանները հարցաքննեցին նրա բոլոր ծանոթներին, փորձում էին հետքեր գտնել: Նաև խուզարկեցին տունը: Միայն հին օրագիր գտան՝ տասը տարի առաջ գրված՝ պոկռտված, քրքրված, գրված-ջնջված էջերով:

 

 

 

Մաս 2-րդ

Օրագիր

27 հունիսի, երեքշաբթի

Հինգ օր ա՝ արշավախմբի հետ գնում ենք սարից սար, անտառից անտառ: Կյանքիս ամենալավ օրերն են. գիշերային խարույկներ, երգեր, պարեր, բնություն ու սեր:
Երեկ ցերեկը հոգնած, արևի տակ նստած էր: Փոքրիկ, նախշուն, նարնջագույն թիթեռ եկավ,  ճակատին նստեց: Զգուշությամբ ու խնամքով վերցրեց, երկար նայեց թիթեռնիկին (էդ պահին կողքը ոչ ոք չկար, ու չգիտեր, որ ես իրեն տեսնում եմ), սկսեց խոսել հետը, ինչ-որ բառեր շշնջաց: Սա խելոք, հանգիստ մնաց նստած նրա երկար, սպիտակ, թափանցիկ մատներին: Լռեցին միասին, ժպտացին իրար, ու Լյովը կտրուկ բաց թողեց թիթեռին դեպի արևը: Էս տեսարանը միակն ա, որ կուզեմ հիշել մեռնելուց առաջ:

28 հունիսի, չորեքշաբթի

 Լեռները բարձրանալիս պատահում ա՝ գրկում եմ քարերը, որ մագլցեմ, ու ամբողջ մարմնով զգում եմ, որ քարերն էլ ինձ են գրկում: Գագաթին հասնելու ճանապարհին  ձուլվում եմ էդ քարերին, դառնում իրենց մասնիկը: Եթե ծնկներս քերծվում են քարերի սուր ծայրերին հպվելուց, ցավ չեմ զգում. տարօրինակ, երևի նույնիսկ հիվանդագին հաճույք եմ ապրում վերքերս տեսնելուց: Երանի գյուղում մի տուն ունենայի, ժամանակ առ ժամանակ գնայի, սովորեի հող մշակել, կոփվեի, ուժեղանայի, ուրիշ Մոնի դառնայի: Հայոց պատմության դասատու կաշխատեի գյուղական դպրոցում. մի օգուտ պիտի՞ լինի իմ գիտելիքներից, թե չէ:
Լավն են գյուղի էրեխեքը, ուրիշ են… Հենց էսօր՝ հունիսի 28-ին, երդվում եմ երբեք չլքել Հայաստանը:

29 հունիսի, հինգշաբթի

Մեզ մեկ օր մնաց՝ վայելելու: Վաղը վերադառնում ենք քաղաք: Լևոնը շատ ուշադիր ա իմ հանդեպ, ամեն ինչ անում ա, որ ճամփորդությունը հնարավորինս հարմարավետ լինի ինձ համար: Ոչինչ չի խնայում: Միշտ ասում ա, որ էս օրով ա պետք ապրել, չգիտես՝ վաղը կլինես, թե չէ, ու գրողի ծոցը, թե հետո դատարկ գրպանով կֆռֆռաս, միշտ էլ մի բան կարելի ա մտածել: Միշտ ուշադրության կենտրոնում ա, հատկապես երբ որ երգում ա իր հորինած երգերը գիշերային խարույկի մոտ հավաքվածներիս համար: Վախենում եմ էս երջանկությունից: Ինձ մեղավոր եմ զգում նրանց առաջ, ովքեր դեռ երջանիկ չեն, ովքեր լուրջ խնդիրներ ունեն: Կուզեի կիսել երջանկությունը, բաժանել, տալ, բազմացնել: Ինչ-որ տեղ դա էգոիստություն ա: Ուզում եմ, որ ուրիշներն էլ երջանիկ լինեն, որ իմ երջանկությունը էլ ավելի լիարժեք ու կատարյալ լինի: Ինչի՞ա տենց…

4 օգոստոսի, ուրբաթ

Արդեն տանն եմ:
Էսօր ծնունդս ա, մեր ծնունդն ա: Նույն օրն ենք ծնվել՝ նույն տարեթվի նույն ամսվա նույն օրը: Լևոնը խելագար անակնկալ մատուցեց: Երաժիշտ ընկերների հետ երեկոյան եկել էին մեր բակ, կանգնել էին մեր տան պատուհանի տակ ու երգում էին: Ամբողջ շենքը դուրս էր թափվել: Ինչքան երգ գիտեին, երգեցին: Վերջում մոռացել էին՝ ում համար են երգում: Անակնկալը մինի-համերգ դարձավ: Ոչ միայն ամբողջ շենքը, այլև թաղը լցվեց մեր բակ, ու մինչև ուշ գիշեր չցրվեցին: Հարևանուհիները՝ մեկը մյուսի ետևից, հիացմունքի ու նախանձի շռայլ խոսքերով ողողեցին ինձ:

Լուսավոր օրագրային գրառումները նույն ոգով շարունակվում էին մինչև հաջորդ տարվա փետրվարը: Փետրվարի 14-ից հետո այլևս ոչ մի գրառում չկար:

 

Մաս 3-րդ

Շրջադարձ

Ձմեռային երեկո էր: Մոնին սպասում էր Լևոնին ոչ այնքան մարդաշատ փողոցներից մեկում: Լևոնը, ինչպես միշտ, ուշանում էր: Շատ պատահաբար Մոնին հանդիպեց իր կուրսեցուն՝ Արտակին:
– Մոնի՜… Ինչ լավա, որ քեզ տեսա: Գիտե՞ս՝ վաղուց մի բան եմ ուզում քեզ ասեմ, բայց չգիտեմ՝ ոնց:
– Տոնիցդ պարզ ա, որ լավ բան չես ասելու:
– Քո համար եմ մտահոգ, էդ պատճառով եմ ուզում խոսել հետդ:
– Բայց ինձ ի՞նչ ա եղել, որ դու էլ մտահոգ ես:
– Մոնի, կարա՞ս էդ Լյովից հեռու մնաս:
– Գժվե՞լ ես:
– Սխալ չհասկանաս: Ուղղակի ինքը իսկականից լավ մարդ չի:
– Թեկուզ վատ մարդ լինի, բայց դու ուրիշների կյանքին ինչի՞ ես խառնվում:
– Մոնի, եթե լուրջ չլիներ, չէի խառնվի: Օրենքով գողերի հետ ա կապվել: Դրանք խոսք են տվել առաջ տանեն իրան, հայտնի երգիչ դարձնեն: Էս հիմարն էլ դրանց օգնում ա, որ կեղտոտ գործեր անեն: Աչքովս եմ տեսել՝ ոնց էին մի խեղճ տղու սատկացնում, լավ ա՝ ողջ մնաց:

Ծանր լռություն տիրեց:

– Մոնի՛, չնեղանաս, բայց քո ապահովության համար եմ ասում: Մի օր էլ քո գլխին մի արկած կգա: Մի շաբաթ առաջ եմ տեսել: Քո Լյովն էր իր բռունցքներով խփում էդ տղուն: Էս խեղճը դրանցից մեկի աղջկան էր սիրահարվել: Հասարակ տղա էր, առաքիչ էր աշխատում: Որոշել էին դաս տային, որ հեռու մնար: Իսկ էդ տղեն կարա հաշմանդամ մնա մինչև կյանքի վերջ: Ես շենքի արանքից էի նայում, իրանք ինձ չտեսան:

Արտակն էնքան էր տարվել խոսակցությամբ, որ չնկատեց արդեն իրենց մոտեցող Լևոնին, վերջինս զրույցից մի քանի բառ լսեց:

– Բարև, ապե՛, ի՞նչ կա: Մոնի՞, էս ինչ մի հաճելի զրույցի ես բռնվել կուրսեցուդ հետ: Կարող ա՞ սիլի-բիլի եք անում:

– Լյով…

– Չհամարձակվես Մոնիի հետ էդ տոնով խոսել:

– Յա՜… Էդ դու՞պետք ա ասես՝ ես իմ ընկերուհու հետ ոնց խոսամ: Քեզ ու՞մ տեղն ես դրել, արա՛:

Մոնին քարացած հետևում էր լեզվակռվին: Էսպիսի Լևոն նա դեռ երբեք չէր տեսել: Վեճի ամենաթեժ պահին Լևոնը գրպանից դանակ հանեց և զարմանալի ճարպկությամբ մտցրեց Արտակի ոտքը: Վերջինս անմարդկային ոռնոց արձակեց: Հետագայում այդ ճիչը հաճախ ուղեկցելու է Մոնիին ողջ կյանքի ընթացքում: Արտակն ընկավ ձյան վրա, արյունը սկսեց տարածվել: Լևոնը շարունակում էր հայհոյանքներ ու սպառնալիքներ թափել նրա գլխին: Վերցրեց Մոնիի ձեռքն ու ասաց.

– Արագ պետք ա ցվրվենք ստուց:

– Ես ոչ մի տեղ չեմ գա: Շտապ օգնություն ա պետք կանչել:

– Գժվե՞լ ես, աղջի՛կ ջան: Ես չեմ պատրաստվում բանտում փտեմ:

– Դու գնա՛, ես Արտակի կողքը կմնամ:

– Ես քեզ ասում եմ՝ դու ի՛մ հետ պետք ա գաս,– ձայնը բարձրացրեց Լևոնը,– վա՞տ ես հասկանում:

– Գնա՛ էստեղից: Հեռացի՛: Թե չէ ինքս ոստիկանություն կկանչեմ:

– Դու գիտես: Ես պրոբլեմ չունեմ: Դու մտածի:

 

Մաս 4-րդ

Զրույց ոստիկանի հետ

– Մոնիկա Ալեքսանյա՞ն:

– Ահա:

– Վերցրեք էս թուղթը և հստակ շարադրեք, թե ոնց ա պատահել դեպքը:

– Շարադրելու կարիք չկա: Ես եմ խփել Արտակին:

– Տուժածն ուշքի գալուց հետո միանգամից հայտնել ա մեզ, որ իրան վնասողը եղել ա Լևոն Բաբայանը:

– Տուժածը սիրահարված ա ինձ: Իսկ Լևոնն իմ ընկերն ա: Ինքը ուզում ա ամեն կերպ ազատվի Լևոնից:

– Ազիզ ջան, հիմա հանուն սիրո ստեղ հերոս-հերոս չենք խաղում: Պատմի ոնց կա:

– Հեսա պատմեմ:

– Այ էդ՝ ուրիշ:

– Լևոնի հետ 8 ամիս ա՝ հանդիպում ենք: Մեր հանդիպման հենց առաջին օրվանից Արտակը հետապնդում էր ինձ, խեղդում էր սիրո խոստովանություններով: Ես բացատրում էի, խնդրում էի, որ հեռու մնա: Չէր լսում: Մենք նույն կուրսում ենք սովորում, ստիպված էի համարյա ամեն օր իրան տեսնել: Ինքը շարունակում էր գայթակղել ինձ: Բանաստեղծություններ էր գրում, ընկերուհիներիս միջոցով ուղարկում էր: Ոնց կարար, խելքս ուտում էր: Ոչ մի պահ չէր հանձնվում: Վերջերս Լևոնի հետ լուրջ վիճել էինք: Ու ես հիմարություն արեցի: Մի անգամ հուսահատությունից դրդված՝ համբուրվեցի Արտակի հետ: Հետո Լևոնի հետ հաշտվեցինք: Էսօր երեկոյան, որ ինձ տեսավ էդ տականքը, ասեց, որ կպատմի իմ Լևոնին ամեն ինչ: Սկսեց սպառնալ: Գիտեի, որ գիժ ա, ու եթե ասում ա՝ կանի: Ոչ մի բան չունեի կորցնելու: Փիս ջղային էի: Առանց մտածելու խփեցի: Ես շուտ-շուտ եմ տենց անհավասարակշիռ վիճակներում հայտնվում, կարաք ծնողներիս հարցնեք: Լավ էմոցիոնալ եմ:

– Ասենք թե հավատացի: Բա դանակ որտեղի՞ց:

– Տարին երկու-երեք անգամ արշավների եմ գնում: Ճամփորդական սումկես քաղաքում էլ եմ հագնում: Տեսե՛ք… Այ էս փոքր գրպանիկի մեջ էլ դանակն եմ պահում:

– Հիմա էդ դանակը քո մո՞տ ա:

– Չէ: Ես սկզբում շոկի մեջ էի: Չէի պատրաստվում գայի, ինքնակամ հանձնվեի: Անմիջապես խփելուց հետո վերացրի:

– Տուժածը շարունակելու ա պնդել, որ մեղավորը Լևոնն ա…

– Իհարկե: Հենց տենց էլ պետք ա լիներ: Ինքը ինձ հլը սիրում ա: Խելքը թռցրածի մեկն ա: Պատրաստ ա ամեն ինչ ների ինձ: Իսկ Լևոնին բանտ կուղարկի, բա ինչ կանի:

 

Մաս 5-րդ

Բանտ

Սարսափելի գարշահոտ էր տիրում կանանց գաղութում, չնայած բանտարկյալներն իրենց վատ չէին հետևում, ռեժիմով լողանում էին, հետևում հիգիենայի կանոններին, հարդարվում: Այդ անտանելի հոտը փակ տարածքի խոնավությունից էր ու երևի առնետներից, որոնց գիշերները սատկացնելուց հետո չէին կարողանում դուրս հանել: Ստիպված սպասում էին, որ առավոտյան հավաքարարը գար ու տաներ: Բոլորը ոջլոտ էին, բայց ուշադրություն չէին դարձնում, դա սովորական բան էր: Փոխադարձ անվստահության  ու անխուսափելի բամբասանքի մթնոլորտ էր տիրում էնտեղ: Անկիրթ, երբեմն սանձարձակ կանանց միջավայրում նա աչքի էր ընկնում իր «տարօրինակ» կրթվածությամբ ու քաղաքավարությամբ: Նոր ծաղրանքների գլխավոր թիրախն էր, հատկապես երբ չէր կարողանում իրեն ստիպել ուտել բանտի կերակուրները՝ մոխրագույն, հոտավետ լուծույթները, որոնք իբր սուպ էին կոչվում, բայց ավելի շատ անհաջող հարիսայի էին նման: Բանտում հետաքրքիր կանայք էլ կային, մի քանիսի հետ նա նույնիսկ ընկերացավ, լսեց նրանց կյանքի գունեղ պատմությունները, փոխեց աշխարհայացքը, հասկացավ, որ մարդիկ ամեն տեղ էլ նույնն են: Ժամանակ առ ժամանակ նրան դրդում էին վեճի բռնվել: Բանտը փոքրիկ թագավորություն էր, որտեղ պետք էր ենթարկվել «թագուհուն», իսկ Մոնին շատ հպարտ էր ու, ցավոք, շատ միամիտ: Նա կարող էր որոշ խորամանկություններով խույս տալ վեճերից, բայց չէր ուզում կամ չէր կարողանում: Ամեն անգամ երբ մայրը գալիս էր նրան տեսության, տեսնում էր դեմքին ահռելի կապտուկներ, ձեռքերին՝ ճանկռտոցներից մնացած վերքեր: Խեղճ կինն ամեն անգամ արցունքը աչքին էր տուն հասնում: Մոնիի ծնողները հասկացան, որ նա երկար չի դիմանա: Մեծ գումարներ պարտք արեցին, ծանոթներ գտան և անօրինական ճանապարհով մի քանի ամիս անց նրան վերջապես դուրս բերեցին դժոխքից: Լևոնը ոչ մի անգամ նրան տեսության չեկավ:

 

 

Մաս 6-րդ

Ազատություն

Ոջիլներից ազատվելու համար Մոնին միանգամից ճաղատացավ: Սարսափելի նիհարել էր, ոսկորներն անբնական դուրս էին ցցվել: Լնդերը սկսել էին ուժեղ արնահոսել, մարսողությունը վատացել էր, որովայնի շրջանում սուր ցավեր ուներ: Բայց դա ամենաահավորը չէր: Մոնին դադարել էր շփվել մարդկանց հետ, ամիսներով չէր խոսում, մի քանի անհրաժեշտ բառ էր մռթմռթում, հաճախ անառիթ լաց էր լինում: Ընտանիքն անում էր ամեն ինչ՝ նրան կրկին առաջվա պայծառ և ուժեղ կերպարով տեսնելու համար:  Մի քանի տարի անց այդ խնդիրն ինչ-որ չափով հարթվեց: Բանտարկությունը միայն մեկ դրական կողմ ունեցավ Մոնիի համար. նա սովորեց շյուղերով գործել: Բանտարկյալ կանանց միակ առավելությունն այդ էր. նրանցից յուրաքանչյուրը տիրապետում էր որևէ արհեստի, անգամ ցուցահանդես-վաճառքներ էին կազմակերպում: Այդ օրերին բոլորն այնքան բարի ու համերաշխ էին թվում… Միայն թվում: Մոնին գործում էր, որ մոռանար: Էդպես գոնե ինչ-որ չափով օգտակար էր իրեն զգում. անհամար գուլպաներ, սվիտերներ, շարֆեր: Եվ միշտ նվիրում էր հարազատներին, ազգականներին, ընկերներին: Ուսումը շարունակելու այլևս ո՛չ ուժ կար, ո՛չ հնարավորություն: Հաջորդող բոլոր տարիներին աշխատանք գտնելու հարցում խանգարում էր դատվածության հանգամանքը: Այսպես ասած «նստած-հելած»-ի պիտակն անդառնալի հետք թողեց նաև անձնական կյանքում: Բանտից դուրս գալուց մի քանի տարի անց նա կրկին առաջվա գեղեցկուհին էր, բայց սիրավեպերը երկար չէին տևում: Հենց որ Մոնին ծուռ բան էր զգում, ինքն էր հեռանում. էդպես ավելի ճիշտ էր:

 

Մաս 7-րդ

Սեր

Մոնին դասական երաժշտության համերգների մեծ սիրահար էր: Երաժշտությունն օգնում էր երևակայությամբ տեղափոխվել ուրիշ, անիրական վայրեր, թույլ էր տալիս երազել, բնության պես թևեր էր տալիս ու ստիպում գոնե մի պահ հպվել անսահմանությանը: Համերգներից մեկի ընդմիջման ժամանակ ձեռնափայտով մի տղամարդ մոտեցավ նրան.

 – Մոնի… Դու՞ ես…

–  Արտակ…

–  Ինչ հետաքրքիր ա, էսօր երազումս քեզ եմ տեսել:

–  Լու՞րջ:

–  Ըհըն: Էս ո՜նց ես սիրունացել:

–  Մերսի:

–  Ի՞նչ ես անում: Ինչո՞վ ես զբաղվում:

–  Ոչնչով:

–  Ո՞նց թե…

–  Ոտքդ ո՞նց ա, շա՞տ երկար ես խնդիրների մեջ եղել:

–  Չէ, Մոնի, ինձ թվում ա՝ խնդիրների մեջ դու ես եղել: Աչքերիդ մեջ գրված ա, չես թաքցնի:

–  Դու ինձ ներե՞լ ես:

–  Ինչի՞ համար:

–  Դատարանում ահավոր բաներ ասեցի քո հասցեին՝սրիկա, տականք… Էլ չեմ ասում, որ հիմար պատմություն հորինեցի…

– Մոնի՜… Ես հո էրեխա չեմ: Հենց սկզբից պարզ էր՝ ինչի էիր տենց բաներ հորինել: Ես մենակ չէի հասկանում՝ ինչ իմաստ ուներ տենց անձնազոհության գնալ…

– Ինչ եղել էր, ես էի մեղավոր… Իմ պատճառով էր եղել…

– Հա, մի հատ էլ ասա՝ դու ես դանակը տվել Լևոնի ձեռքը ու պրծի…

– Չէ…Ես մեղավոր էի, որ էդքան ժամանակ չէի հասկացել՝ ում հետ եմ հանդիպում…  Եթե էդ օրը չորոշեիր ինձ զգուշացնել, քո հետ տենց բան չէր պատահի…

– Հեքիաթներ ես պատմում… Շատ սիրելուց էր, որ էդ կենդանու փոխարեն տենց պատիժ կրեցիր…

– Գիտե՞ս՝ դժվար ա մի օրում որոշել, որ էլ չես սիրում… Էդ մոռացումը դանդաղ ա գալիս… Հիմա՝ էսքան տարի անց, արդեն մեջս բան չի մնացել, դեմքն էլ չեմ հիշում, բայց էդ պահին ուժեղ էր… Չեմ ժխտում…

– Գիտեի՞ր, որ… արդեն կին ունի, բալիկ ունի…

– Աստված իրա հետ… Թող լավ լինի…

– Զարմացնում ես…

– Իսկ դու պսակվա՞ծ չես:

– Չէ:

– Էդ լավ ա:

– Լու՞րջ:

– Ըհը՛ն:

– Համերգից հետո ի՞նչ ես անում:

– В принципе, ոչ մի բան:

 – Գնա՞նք մի տեղ:

– Գնանք:

 Արդեն գարուն էր, օդի մեջ սպասումներ էին սավառնում: Ձմեռային ծանր հագուստից հետո հաճելի էր թեթև բաճկոնով զբոսնելը: Ծառերն օրորող քամի կար, բայց չէր մրսեցնում, թարմացնում էր: Մոնին աշխատում էր շատ արագ չքայլել, որ Արտակն իր ձեռնափայտով ետ չընկներ ու իրեն վատ չզգար: Անհարմար լռություն էր: Չգիտեին՝ ինչից խոսել: Ինչ-որ տարօրինակ ձգողականություն էր առաջացել, ինչ-որ նոր կիրք էր պտտվում նրանց շուրջ: Մոնին մազերը շատ էր երկարացրել, նրբացել էր մի տեսակ, Արտակը տեսնելու պահից ուզում էր հպվել էդ մազերին, հոտն առնել: Քայլում էին դեպի Փարպեցի փողոց, որտեղ քաղաքի լավագույն փաբերն էին կենտրոնացված: Մաշտոցի պողոտան անցնելիս Արտակն անհաղթահարելի ցանկություն զգաց այդ մազերը մի կողմ տանելու և Մոնիի երկար վիզը համբուրելու: Էդ պահին արդեն կարմիր լույսն էր վառվում, հազիվ պրծավ մեքենայի տակ ընկնելուց, վարորդը հայհոյեց, անցավ: Վարորդի հետ կռռալով ագռավներն էլ մի ծառից մյուսն անցան: Օպերայի շուրջ դրանք այնքան շատ էին:

 Լռությունը Մոնին ընդհատեց.
– Մի բան մտքովս անցավ, բայց որ պատմեմ, չվախենաս…Ուզում եմ՝ մի օր գիշերով որսորդական ատրճանակով գամ էստեղ ու բոլոր ագռավներին սպանեմ: Ինձ թվում ա՝ եթե դրանց վերացնեմ, էն մարդ-ագռավներն էլ կվերանան ու հանգիստ կթողնեն մեր Օպերան, մեր քաղաքը, մեզ… Ու գոնե մի քիչ թեթևություն կգա Երևանի վրա: Տեսնես ագռավ սպանելու համար դատու՞մ են, Արտակ:
– Ուսանող ժամանակներից չես փոխվել, նույնն ես մնացել: Նենց բաներ էիր խոսում, խեղճ դասախոսները շշկռվում էին…
– Ինչ վաղուց էր, երանի էդ ժամանակները…
– Ուզում եմ քեզ ամենավատ փաբը տանեմ…
– Հը՞ն…
– Ասում եմ՝ ամենավատ փաբն ենք գնում: Որ շատ քիչ մարդ լինի, իսկ ավելի նախընտրելի կլինի, որ ընդհանրապես մարդ չլինի: Երկուսով նստենք ու հարբենք:
– Ես երբեք հարբած չեմ եղել:
– Կատակում ես…
– Չէ:
– Կներես, որ հիշացնում եմ, բայց բանտից հետո է՞լ…
– Եղել ա, որ մի քիչ խմեմ, բայց չեմ հարբում…
– Պարզ ա:

Բանտի անունը լսելուց Մոնիի տրամադրությունն ընկավ: Մտան փաբ, նստեցին: Արտակը նկատեց, մի քիչ զղջաց, որ մթնոլորտը փոխեց: Մոնին օտարացավ, ուրիշ մարդ դարձավ: Մտքերով տեղափոխվեց հեռու ինչ-որ տեղ, ու արդեն դժվար էր նրան որսալ: Մի քանի հարց հնչեցին ու համարյա անպատասխան մնացին: Արտակը ջղայնությունից մի ձեռքով կոպիտ բռնեց Մոնիի մազերից, դանդաղ մոտեցավ ու կտրուկ, անսպասելի համբուրեց: Մոնին արթնացավ էդ ապտակ-համբույրից… Մի նոր շունչ, մի նոր ուժ ծնվեց նրանց միջև:

– Զարմանում եմ…

– Ինչի՞ վրա…

– Ոնց ես էն ժամանակ քեզ գժի նման չեմ սիրահարվել…

– Հիմա ի՞նչ ա փոխվել…

 – Ոչինչ: Ես եմ փոխվել: Էն ժամանակ լակոտ էի: Ուժեղ զգացմունքների ընդունակ չէի… Բայց մինչև հիմա մոտս նենց զգացողություն ա, որ դու Լյովի ընկերուհին ես… Ես ինձ գող եմ զգում, ու դա ինձ դուր ա գալիս, գիտե՞ս…

 Վերջին նախադասությունից հետո Արտակը լայն ժպտաց ու նորից համբուրեց Մոնիին:

Այդ օրվանից նրանք սկսեցին ամեն օր հանդիպել: Հզոր ձգողականություն ծագեց նրանց միջև: Իրենց կորցրել էին, չէին կշտանում իրարից: Հանդիպում էին հիմնականում Մոնիի տանը, հաճախ գնում էին համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների: Ամիսներն անցնում էին՝ տպավորություններով հագեցած: Կրակը վառվում էր օրեցօր ավելի մեծ թափով: Մի անգամ էլ դիսկո փարթիի գնացին՝ Արտակի ընկերոջ հրավերով: Լավ երաժշտություն էր, Մոնին հրաշալի տրամադրություն ուներ, սկսեց պարել: Արտակը հեռվից հետևում էր նրա ամեն շարժմանը, ամեն հայացքին: Էդ ամենը էնքան գրավիչ էր, էնքան անիրական, որ թվում էր՝ երազ է: Մի քանի տղա կարծեցին՝ Մոնին մենակ է, սկսեցին շուրջը պտտվել, նրանցից մեկն անգամ մոտեցավ, սկսեց հետը պարել: Արտակը սկզբում նյարդայնացավ, ոտքի կանգնեց, ուզեց գնալ, Մոնիի թևից բռնել ու դուրս հանել էդ հարբած, ծխած ամբոխի միջից: Իսկ հետո մի ներքին ձայն թույլ չտվեց. «Դու ինքդ երբեք չես կարող նրա հետ պարել, թո՛ղ՝ գոնե ուրիշների հետ պարի, իրեն լավ զգա, դրանից հաստատ չես հալվի»:

Չնայած դժվարություններին՝ Արտակին սազում էր ձեռնափայտը, դրանով նա իրեն զարմանալիորեն շատ ավելի ինքնավստահ էր զգում, քան առաջ՝ նորմալ, առողջ ոտքով: Կանանց ձգում էր այդ ձեռնափայտը, որի մեջ նրանք պատմություններ էին տեսնում, հերոսություններ, թախիծ, ռոմանտիկա: Կանայք սիրում են սերը խղճահարությամբ թաթախել: Արտակը զգում էր դա, օգտվում էր առիթից և մոգոնում էր ամենաանհավանական պատմությունները, թե ինչպես պատահեց, որ իր ոտքն էդպես վնասվեց: Բայց Մոնիի հայտնվելուց հետո կանայք անցան ետին պլան, նրա հոգին մինչև հիմա իրեն անծանոթ զգացմունքով լցվեց:

 Մոնիի տրամադրությունն էնքան հաճախ էր փոփոխվում: Նա ծովի էր նման՝ միշտ անսպասելի ու անկանխատեսելի: Արտակին երբեմն թվում էր, որ միաժամանակ մի քանի կնոջ հետ է հանդիպում: Մոնին մի օր համեստ էր ու ամոթխած, մի օր՝ կրքոտ ու անամոթ, մի օր՝ հուսահատ, մի օր՝ ուժեղ, մի օր՝ վճռական, մի օր՝ վախկոտ: Երևի հենց էդ էր պատճառը, որ իր կյանքի մյուս կանանց կարիքն էլ չէր զգում: Այս մեկի մեջ ամփոփվում էին բոլոր տեսակները:

Եկել էր շքեղ, ոսկեզօծ ուշ աշունը: Կրքոտ ու խենթ հանդիպումները նույն թափով շարունակվում էին, վերջին երկու ամիսներին արդեն սկսել էին մտածել միասին ապրելու, երեխա ունենալու մասին: Բայց մի շատ սովորական օր Արտակը  լուրջ դեմքով մտավ սրճարան:
Նստեց, խոր շունչ քաշեց, շատ տարօրինակ հայացքով նայեց Մոնիին ու ասաց.

– Մոնի… քեզ մի բան պետք ա ասեմ, բայց չգիտեմ՝ ոնց:

 – Ուղիղ տասը տարի առաջ ինձ նույն բանն ասեցիր՝ նույն դեմքի արտահայտությամբ: Հաստատ լավ բան չես ասելու: Բաժանման հոտ եմ զգում: Արդեն հոգնեցի՞ր ինձնից:

 – Ի՞նչ ես խոսում: Չե՞ս տեսնում՝ հետդ ոնց եմ: Քեզ տեսնում, ինձ կորցնում եմ… Մտքերս խառնվում են… Մոռանում էլ եմ՝ ինչ պետք ա ասեմ…Եթե էսօր տրամադրություն չունես, արի վաղը խոսենք:

  – Չէ: Ասա՛…

– Մոնի… Քեզ հանդիպելուց երկու ամիս առաջ մի աղջկանից էի բաժանվել, իրա հետ կես տարի էինք հանդիպել: Վատ աղջիկ չէր, ուղղակի շատ էի ձանձրանում հետը, մակերեսային էր, դատարկ… Չգիտեմ՝ ոնց բացատրեմ… Մի քանի հանդիպումից հետո արդեն հետաքրքրությունս կորել էր, բայց ինքը պոկ չէր գալիս: Վերջը մի օր, մի կերպ բացատրեցի, որ ես ու ինքը ապագա չունենք: Ճիշտ ա, իմ կողմից դաժան էր… Բայց հո զոռով չէի ինձ ստիպելու …Մի խոսքով, բաժանվեցինք… Հիմա… Դե, էս վերջերս, էլի… Մոտ մի շաբաթ առաջ էս աղջիկը՝ գրկի մի ամսական էրեխու հետ, եկել ա մեր տուն, ու մորս ասել ա, որ էդ էրեխեն իմն ա: Ինքը ապրելու տեղ չունի, ոչ մի հարազատ չունի, եկել ա մեր տուն: Ես քեզ չէի ուզում ասեի, որ տրամդ չգցեիր: Որոշել էի ԴՆԹ անեի, համոզվեի, նոր…

–  Ու՞…

–  Ու երեկ եկավ անալիզի պատասխանը… Իմն ա…Մաման արդեն կապվել ա հետը: Երևի իրանք մեզ հետ կմնան:

– Այսի՞նքն…

–  Դե որ էրեխեն անհեր չմեծանա:

– Ասեցի, չէ՞, հրաժեշտի օր ա…

– Չէ, Մոնի, դու սխալ հասկացար: Իմ ու քո միջև էդ ամուսնությունից հետո բան չի փոխվի, առաջվա պես կհանդիպենք: Ես իրանց առանձին սենյակ կտամ: Ես դրան մատով էլ չեմ կպնի…Խոսք եմ տալիս… Էնքան որ էրեխես կողքս մեծանա…

– Երևի ձեռ ես առնում…

 – Մոնի, մի լուծում կտանք, էդքան ծայրահեղ մի դատի…

– Գնացի ես: Լավ մնա:

– Մոնի՜… Սպասի՜…

Սրճարանի ծանր դուռը շրխկաց Արտակի քթին ու փակվեց: Նա էդպես էլ չհասցրեց Մոնիի ետևից: Նրանք այլևս չտեսնվեցին:

Վերջաբան

Լևոնը հայտնի ու սիրված հեղինակային երգիչ դարձավ: Նրա երգերը հուզում էին, շոյում էին մարդկանց սրտերը: Այդ երգերում երբեմն հայտնվում էր մի խորհրդավոր, սևահեր, քնքուշ աղջիկ՝ հեռավոր անցյալից, որի մասին երգելիս հեղինակը մեղավորության նոտաներ էր ծնգացնում մեկ-մեկ: Իսկ դահլիճները լիքն էին, երկրպագուները՝ անթիվ:

Արտակը ևս երկու երեխա ունեցավ այդ կնոջից, որի հետ ապրեց մինչև կյանքի վերջ: Ձեռնափայտը շարունակում էր հրաշքներ գործել, սիրուհիները գալիս ու գնում էին, ինքն էլ գոհ էր: Երբ հարբում էր, ընկնում էր փողոցներով, ծոցագրպանից հանում էր միշտ էնտեղ պահվող մի լուսանկար ու հարցնում անծանոթներին.

– Էս աղջկան չե՞ք տեսել: Կարո՞ղ ա մի տեղ տեսած լինեք: Մի օր տնից դուրս ա եկել ու չի վերադարձել…
                                           

2016-19 թթ.

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Տիգրան says:

    մի տեսակ կտրուկ գնաց վերջին. առաջին կեսում շատ ավելիի պոտենցիալ կա(ր)…

    «նորից երկար քայլել ու թափառել օտար հարազատ քաղաքով». էս լավն էր) ու վերջը)(անհայտ կորածի մասին հարցնելու պահը)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *