Ատենապետուհի-ընկերուհի Ժենիկը Թեհրանից Երևան տեղափոխվեց` իր հետ բերելով մի տուփ գյազ, չորացած փոքրիկ կիտրոններ` ղորմեսաբզիի ու թեյի համար, 5կգ. անուշաբույր բրինձ, 3 տուփ ացետամինոֆեն` 320 մլգ., փուստայի մի մեծ տուփ, նազուկ գաթա, մեծ մամից ժառանգած գունավոր թելեր, գորգ ու սերնդե սերունդ պատվով փոխանցված 5-րդ համարի իր փարթամ զույգ կուրծքն` կուռ բախտից բաժին հասած ու չհաջողված ամուսնության հիշողություններ էլ վրադիր:
Ժենիկը հաստատվեց Կոմիտասում` դեսպանատան մոտ: Ինչո՞ւ հենց դեսպանատան, որովհետև ամեն շաբաթ-կիրակի հանդիպելու էր իր շատ մոտ ընկերներին` ամուսնիններ Բելլային ու Ժորժիկին, որոնք արդեն 3,5 տարի է, ինչ ապրում էին Երևանում ու համառորեն չէին հարմարվում, որ պրիվետը ողջույնն է, կրեմԸվին` մարմնագույնը, քյասարը` մի խոսքովը, իսկ վերջերս էլ` փոխված իրավիճակից. դժվարանում էին հասկանալ «դուխով», ավելի ուշ «պրիվետ Ռոբ» բառերի ստուգաբանությունն ու այլընտրանքային լեզվամտածողության խրթին, բարոյահոգեբանական նրբին շերտերը:
Առաջին գործը, որ մեր ընկերուհին արեց, «Ալիք» թերթին բաժանորդագրվելն էր:
Երկրորդը` «ՀՕՄ»-ի (հայ օգնության միություն) արաբկիրի մասնաճյուղի ընկերուհիներին գլուխ քաշելն էր և նրանց հետ առաջին իսկ շաբաթ օրը լոտո խաղալը:
Իսկ ահա երրորդ գործը, որը սուրճի, լոտոյի «ՀՕՄ»-ին անդամակցելու ու ձեռագործ աշխատանքներն ներկայացնելու պատճառով հետաձգվեց, կայծի ավելի ձեռքբերումն էր:
Բայց ատենապետուհին չէր շտապում, ամուսնացած չէր, ավելին` բաժանված էր, սեփական գլուխը քաշող չուներ. ազատ էր:
Երեկոները սովորաբար թերթ էր կարդում, հետևում էր «Երկիր մեդիա»-ի լուրերին, որովհետև պապը դաշնակ էր, հալվայով ու կարագով թեյ էր խմում, իսկ հետո սքայփով հեռաձայնում էր Ամրիկա ու 5-րդ օկտավայի լյա մաժորի տոնայնության ներքո եղբոր` Արթինի հետ քննարկում էր թուման-դոլար հարաբերություններում առաջացած ճգնաժամային փոխարժեքը:
Առավոտյան արթնանում էր վաղ, միացնում էր «Հանրային ռադիո»-ն, որովհետև միայն հանրայինի հայերենն էր քչից շատից հասկանում. մյուս ռադիոալիքներում ռուսական հայերենը շատ էր օգտագործվում:
Ռադիոյի ձայնը օրվա որոշակի ժամերի բարձր էր հնչում, որովհետև ատենապետուհի ժենիկը հետաքրքրվում էր նաև գրականությամբ, ուզում էր ճանաչել հայ արդի գրողներին, կարդալ նրանց ստեղծագործությունները և լսել նրանց մասին հաղորդումներ` չնայած որ իր ամենասիրելին միշտ կմնա Լեռ Կամսարը, որովհետև հումորով տղամարդ էր:
Այդ իսկ պատճառով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ձայնը բռնում էր ամբողջ Կոմիտաս 54/1 շենքի բակը, քանի որ եթերում «Բարձր գրականություն» հաղորդաշարն էր:
Ժենիկը հագնում էր հարմարավետ հագուստ, լայն (դե էն 5-րդ համարի պատճառով), բայց անպայման ծաղկային շեշտադրումներով հագուստ, ուներ միջին երկարության մազեր, որոնց շաբաթը մեկ բիգուդի էր փաթաթում ու ամբողջ մի գիշեր անհարմար քնում:
Բարակ ունքերն էլ ավելի էին շեշտում հայացքի հավասարությունը, աչալրջությունն ու դեմքի անհամաչափ քիթը: Շրթներկը գրեթե միշտ վարդագույն էր, աչքերը սպիտակ մատիտով թեթևակի ընդծված, իսկ եղունգները` միշտ խնամված ու 23 համարի թույլ վարդագույնով ներկված:
Այսպես ժենիկն ընկավ քաղաք: Ձեռք բերեց նորանոր տեղացի ընկերներ, որնոնց սիրով ու տեղ-տեղ պարտադրանքով ներգրավեց ձեռագործի խմբակում` իր իսկ անտենապետության շվաքի տակ, իհարկե: Փորձեց սայլանկա, իհարկե` չհավանեց, ՀՕՄ-ի հետ մասնակցեց տարբեր ցուցահանդես-վաճառքների, ներկա գտնվեց «Արամ Մակուկյան» սրահում կազմակերպված անխտիր բոլոր ժողովներին, խորոված կերավ Ախթալայում, գաթա` Խաչիկում, բայց գինի չխմեց Արենիում` գլխացավի նվազագույն իսկ վտանգից խույս տալով:
Ընկերուհի Ժենիկը երջանիկ էր, բայց սրտի ընկեր չուներ, որին կպատմեր կյանքի ուղին ու որի ձեռքն ամուր բռնած` կքայլեր, ասենք օրինակ Պրագայի այգում:
Բայց այս ամբողջ պատմության ընթացքում հարևան Հերոսը համեստորեն սպասում էր իր հաղթական մուտքին: Ապրում էր նույն շենքում, հաճախ էին շքամուտքի մոտ հանդիպում ու զրուցում եղանակից, աղբահանությունից, համատիրությունից ու կարդիոասպիրինի հրաշքներից: Ու ո՞վ կմտածեր, որ ղափանցի Հերոսն ու ատենապետուհի Ժենիկը կսիրահարվեն 52 տարեկանում…
Հերոսը ծնունդով ղափանցի էր, համաստեղությամբ` խեցգետին, քաղաքական կողմնորոշվածությամբ` չկողմնորոշված ու անտարբեր: Ի դեպ՝ շատ տարօրինակ բնութագիր ղափանցու համար: Բարի էր, բայց -6 կարճատեսություն ուներ, գենոֆոնդով արտակարգ ատամներով էր զինված, ծամում էր զարմանալիորեն քարից փափուկ գրեթե ամեն ինչ, ասենք, օրինակ, խաշած հավը ոսկորներով բանով ճզմում-ուտում էր: Աշխատում էր թունավոր արտադրամասում, ժամանակին նույն հիմնարկից մեկ սենյականոց բնակարան էր ստացել ու մինչ օրս ապրում էր էնտեղ գոհ ու երջանիկ` շուխուրչի բարեկամներին համարյա թե մոռացած:
Քիչ խոսում էր, շատ ժպտում: Ժենիկն էլ ժպտում էր ի պատասխան…
Ժենիկը մոռացավ Արքմենիկին` իր բարձր գրականության հետ, «Ալիք» թերթը, Բելլային, Ժորժիկին` ուղարկելով հեռու՜-հեռու՜, բայց երբեք-երբեք չանտեսեց շաբաթօրյա լոտոյի ժամերը, ընկերուհիներին ու ՀՕՄ-ի աշակերտներին: Իսկ Ամերիկա խոսելուց արդեն ձայնի տոնայնությունը գտնվում էր 2-րդ օկտավայի ռե մինորում:
Ու մի օր էլ ղափանցի Հերոսն և պարսկահայ ատենապետուհի Ժենիկը որոշեցին 5 օրով ճամփորդել դեպի Էրգիր` Արևմտյան Հայաստան…
Շարունակելի…)))