(Երկու էական հատկանիշ)
Հարցի դրվածքը, բնականաբար, նախևառաջ տեքստաբանական է և այս առումով` մեծագույն կարևորություն է ստանում Վարպետի երկերի ակադեմիական հրատարակության վերջերս լույս տեսած երկրորդ հատորը, որն ընդգրկում է նրա անտիպ բանաստեղծությունները: Ընդ որում` ոչ միայն գրականագետ Ավիկ Իսահակյանի ձևակերպմամբ` «հանճարի ձևավորման» շրջանին վերաբերող, այլև Իսահակյանի ամբողջ ստեղծագործական կյանքի վայրիվերումներն արտացոլող բանաստեղծություններ:
Ինձ, սակայն, տեքստաբանական հատույթից առավել հետաքրքիր է «անտիպ Իսահակյան» հարցադրման գեղագիտական, հոգեբանական ու այսպես կոչված` աշխատանոցային կողմը: «Հանճարի ձևավորման» շրջանին հաջորդած փուլերում բանաստեղծը կարող էր ինքնաքննադատաբար վերաբերվել սեփական նախափորձերին և դրանք չհանձնել տպագրության, իսկ ահա հետագայում նրա վարքագիծը թերևս այլ կերպ չես բնորոշի, եթե ոչ` «հանճարի քմայքները», մանավանդ որ` Իսահակյանը չի ոչնչացրել իր` տպագրության արժանի չհամարված գործերը, այլ պահել է խնամքով:
Ուստի` «անտիպ Իսահակյանը» հարցադրման տիրույթում որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության 1-ին և 4-րդ հատորները, որոնցում մանրամասնորեն ներկայացված են Վարպետի բանաստեղծությունների ու պոեմների տարբերակներն ու աշխատանոցային մանրամասները:
Առանձնացված խնդրադրության տեսանկյունից անհրաժեշտ է էական մի զուգահեռ կատարել: Հարցն այն է, որ բազմաթիվ հանգամանքների բերումով երբեք չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել, ասենք, Եղիշե Չարենցի անտիպներն ու Իսահակյանի անտիպները: Վարպետի դեպքում անպայման գործել է (գուցե չնչին բացառություններով) ընտրություն կատարելու, այն է` տպագրության հանձնելու կամ չհանձնելու գործառույթը, ինչը Չարենցի պարագային, հատկապես 1934-37 թթ. շրջանում, չի գործել: Թերևս այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ Չարենցի՝ մինչ 1934-37 թթ. գրած բանաստեղծություններից անտիպ են մնացել և հետագայում էլ չեն կորել ու ետմահու հրատարակվել են միայն «Հրո երկիր» գրքից» շարքի բանաստեղծությունները: Այն էլ թերևս այն պատճառով, որ դրանց ինքնագրերն, ըստ ամենայնի, պահպանվել են Գարեգին Լևոնյանի մոտ[1]: Բացառված չէ, որ իր մոտ եղած ինքնագրերը Չարենցն ինքն է գիտակցաբար ոչնչացրել, մանավանդ որ՝ «Այրած երգեր» բանաստեղծությունն ուղղակիորեն վկայում է, որ նա ուներ այդպիսի սովորություն:
Այս պատճառով՝ մենք այսօր չգիտենք ու հստակ չենք կարողանալու ասել, թե Չարենցի՝ 1934-37 թթ. գրած և հետագայում հայտնաբերված, դեռ չհայտնաբերված, անհետ կորած ստեղծագործություններից որո՞նք էր նա տպագրության հանձնելու, որո՞նք էր ոչնչացնելու կամ որո՞նք էին մաս կազմելու նրա հերթական նոր գրքի:
Ուստի` Իսահակյանի անտիպների գեղարվեստական, գեղագիտական, ստեղծաբանական արժեքայնությունը քննելուց առաջ կամ զատ, կարևոր է հասկանալ նրա իսկ վերաբերմունքի բնույթը սեփական ստեղծագործություններին: Ավիկ Իսահակյանն այս կապակցությամբ շեշտում է կարևոր մի հատկանիշ. «Իսահակյանի համար միշտ չէ, որ առաջնային է եղել իր երկը տպագրելը, կարևորը այն ստեղծելն էր»[2]: Եվ իսկապես, Վարպետի երկերի ակադեմիական հրատարակության երկրորդ հատորն ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծում, որ Իսահակյանն այսպես կոչված՝ «այրած երգեր» չունի[3]: Ավելին՝ պահպանել է ամեն ինչ, և դա լրացուցիչ դժվարություններ է առաջացնում նրա երկերի ակադեմիական հատորների տեքստերը պատրաստողների ու ծանոթագրողների համար, հատկապես՝ տարբերակներ ու բնագրային տարբերություններ որոշարկելու առումով:
Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Իսահակյանը չի ունեցել ինքնաքննադատական վերաբերմունք սեփական գործերի հանդեպ և անտիպներ է թողել «կարևորը դրանք ստեղծելն է» սկզբունքով: Անկասկած, գործել են մի շարք այլ դրդառիթներ:
Այդ առումով այս հրապարակման պարագծում առայժմ առանձնացնեմ «անտիպ Իսահակյանի» երկու էական հատկանիշ.
ա) «Անտիպ Իսահակյանը», հատկապես իր ստեղծագործական կյանքի առաջին շրջանում, օրագրող է՝ բառի ոչ միայն բուն, այլև ժանրային՝ էպիստոլյար իմաստով, մանավանդ որ՝ չնչին բացառություններով արձանագրել է իր բանաստեղծությունների ստեղծման օրն ու վայրը[4]: Այս առումով խոսուն են մի շարք փաստեր: Նախ՝ հանրահայտ է, որ Իսահակյանի մի շարք բանաստեղծություններ նախնական գրառումների, թեմատիկ-բովանդակային կենտրոնացումների, առանձին տողերի, պատկերների տեսքով նախ արտացոլվել են նրա «Հիշատակարան» անունով հայտնի օրագրություններում: Այդ առումով ուշագրավ է հատկապես «Ահա նորեն գարուն եկավ…» բանաստեղծության օրինակը՝ գրված ըստ ինքնագրի 1919 թ. հունվարի 29-ին:
Ահա նորեն գարուն եկավ.
Օ՜, կտրեցե՛ք, օ՜, կտրեցե՛ք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների՝
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եկած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լի՜րբ անզգա…[5]
«Հիշատակարանի» հուլիսի 11, Ժնև թվակիր գրառման մեջ առկա է այսպիսի նշագրում՝ «Ուզում եմ թռչունների լեզուները կտրել. իրենց երգով ձանձրացնում են ինձ: Ես հիվանդ եմ»[6], որն, ըստ ամենայնի, նշված բանաստեղծության հղացման առաջին տեքստային վկայությունն է: Մոտ 6 ամիս անց՝ հունվարի 23, Ժնև թվակիր գրառման մեջ այդ նախնական մտահղացումն արդեն ընդարձակվում է՝ գրեթե բանաստեղծության մակարդակի. «Կտրեցե՛ք, կտրեցե՛ք թռչունների լեզուները, որոնք հանդգնում են երգել մեր մորթած մանուկների անթաղ, ցիր ու ցան ոսկորների վրա, որոնց ծածկել են անգութ, անզգա, անտարբեր, սինլքոր ծաղիկները…»[7]: Իսկ 6 օր անց՝ վերջնական տեսք է ստանում բանաստեղծությունը՝ օրագրային գրառման հետ համեմատած գրեթե աննշան, թեպետ էական տարբերություններով:
Մյուս կողմից՝ բազմաթիվ են որևէ լուրի, իրադարձության անմիջական ազդեցությամբ կամ տպավորությամբ գրված բանաստեղծությունների օրինակները, որոնցում կարևորվել է հենց առիթը, դրա առաջ բերած զգացմունքը, խոհը, մտորումը, ինչը էպիստոլյար ժանրերի պարագծում կարևորագույն գործոն է: Այդպես՝ «Էս ճամփեն ոլոր-մոլոր» բանաստեղծությունն Իսահակյանը գրել է Շուշանիկ Մատակյանի ամուսնության լուրն առնելուն պես, «Ռազմակոչ» բանաստեղծությունը՝ ֆաշիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու լուրն առնելուն պես, «Մեծ հաղթանակի օրը» բանաստեղծությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտի առիթով, և այլն: Եվ անկախ այն հանգամանքից, որ դրանք մեծ ընդհանրացումներ կրող գործեր են, այնուամենայնիվ, իրենց ներքին բնույթով էպիստոլյար են:
Որոշ այդեսակ բանաստեղծությունների սևագիր տարբերակները, նախնական մտահղացումները ուսումնասիրելիս այդ միտումն ավելի ընդգծված է երևան գալիս: Այլ հարց է, որ մշակման ընթացքում Իսահակյանը կարողացել է հասնել երբեմն իրոք բյուրեղային կատարելության: Այդ առումով՝ ուշագրավ են «Էս ճամփեն ոլոր-մոլոր», «Եղնիկները լուսաբացին…» բանաստեղծությունների նախնական տարբերակները և այն աշխատանոցային մանրամասները, որոնց շնորհիվ Իսահակյանն ստացել է դրանց վերջնական տեսքը: Ժամանակին Իսահակյանը նույնիսկ տպագրել է այդ տարբերակները, սակայն հետագայում բեռնաթափել է հենց այսպես կոչված՝ օրագրային մանրամասները: Օրինակ՝ «Եղնիկները լուսաբացին…» բանաստեղծության մեջ նախապես ընդգրկված է եղել հետևյալ քառատողը.
Ա՜խ, էն տղեն սև-ձիավոր
Գրկեց, տարավ Շուշանիս,
Թոռմեց-թոշնեց գրկում էնոր
Բույր ու համբույր Շուշանիս[8]:
Վերջապես, չափազանց խոսուն են Իսահակյանի՝ հատկապես ստեղծագործական առաջին շրջանում գրված անտիպ բանաստեղծությունների վերնագրերում ու ենթավերնագրերում առկա օրագիր բառի հաճախակի կիրառությունները: Ակադեմիական հրատարակության երկրորդ հատորում այդպիսի բանաստեղծությունների թիվը մոտ երկու տասնյակի է հասնում: Հանգամանք, որ շեշտում է նաև Ավիկ Իսահակյանը՝ Վարպետի երկերի ժողովածուի երկրորդ հատորում զետեղված վերջաբանում. «Ընդհանրապես օրագրի ժանրը Իսահակյանի ստեղծագործության համակարգում ուրույն տեղ ունի: …Ուստիև պատահական չէ, որ վաղ շրջանի որոշ գործերի Իսահակյանը ենթախորագիր է դրել օրագիր բառը»[9]: Հատկանշական է և այն, որ անտիպների հատորը բացվում է «Նվեր Րաֆֆու հիշատակին» բանաստեղծությամբ, որը գրվել է մեծ վիպասանի մահվան առիթով.
Նորից գույժ մահվան քեզ, Մա՛յր Հայրենիք,
Մեռավ քո որդի Րաֆֆին վիպասան,
Հիշատակ թողեց անթիվ, անմահ գիրք
Եվ մտավ մութ, ցուրտ, խոնավ դամբարան[10]:
Այսպիսով պարզ է դառնում վերաբերմունքի մեկ էական հատկանիշ, այն է՝ Իսահակյանը չի ոչնչացրել իր անտիպ բանաստեղծությունները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք համարել է տպագրության համար ոչ պիտանի, որովհետև դրանք թանկ են եղել իր համար որպես օրագրեր կամ ինչ-ինչ դեպքերի, իրադարձությունների, զգացողությունների ու ապրումների վերաբերյալ հիշատակներ: Այսինքն՝ ճիշտ այն տրամաբանությամբ, որով պահպանել է իր «Հիշատակարանը»: Եվ եթե նկատի առնենք այն պարագան, որ Իսահակյանի «Հիշատակարանն» իր բնույթով հետագայում գրված կամ այդպես էլ չգրված բանաստեղծությունների նախնական գրառումների մատյան է ըստ էության, ապա պատկերը լիարժեք ու հասկանալի է դառնում:
բ) Իսահակյանն իր աշխատանոցային տեսակով ոչ միայն հատուկ ներշնչանքի, այլև տարբեր ժամանակներում ունեցած ներշնչանքները հետագայում ի մի բերող բանաստեղծ է: Այսինքն՝ նա իր գրած մի քանի բանաստեղծություններ, որոնք, իր կարծիքով, չեն ստացվել իբրև առանձին ամբողջություն, հետագայում առանձին տողերի, պատկերների, երբեմն՝ քառյակների տեսքով միատեղել է և ստացել նոր բանաստեղծություն: Այս հանգամանքը նույնպես չի ժխտում Ավիկ Իսահակյանը, գրականագետ, որ թերևս բոլորից լավ է տեղյակ Իսահակյանի աշխատանոցային մանրամասներին: Օրինակ՝ Վարպետի 1900-ական թթ. ստեղծված որոշ անտիպների առիթով նա գրում է, որ դրանցում «կարելի է որսալ մոտիվներ, տրամադրություններ, շեշտեր, որոնք արձագանքում են բանաստեղծի շեդևրին»[11] (նկատի ունի «Աբու-Լալա Մահարի» պոեմը – Ա.Ն.): Այնուհետև գրականագետը բերում չափազանց խոսուն օրինակներ[12]:
Այսպիսով՝ հստակվում է վերաբերմունքի ևս մեկ էական հատկանիշ. Իսահակյանը չի ոչնչացրել իր անտիպները, որովհետև հավանական է համարել, որ հետագայում կարող է այս կամ այն կերպ օգտագործել դրանք կամ օգտվել դրանցից:
Բայց այս պարագայում էլ չափազանց դժվարանում է տեքստաբանների գործը՝ տարբերակներ ու բնագրային տարբերություններ որոշարկելու առումով: Հարց է ծագում՝ արդյոք այդտեսակ գործերը պե՞տք է դիտարկել որպես առանձին բանաստեղծություններ, թե՞ պետք է ընդգրկել այսպես ասած՝ մայր գործի տարբերակների, նախնական մտահղացումների ու բնագրային տարբերությունների բաժնում՝ համապատասխան ծանոթագրություններով: Հակառակ պարագային՝ ստացվում են բազմաթիվ իրար շատ նման կամ քիչ նման բանաստեղծություններ, ինչը Իսահակյանի ընդհանուր ոճին մի տեսակ կրկնաբանության տարրեր է հավելում: Անշուշտ, կան դեպքեր, երբ խնդիրը վերաբերում է մոտիվների նույնությանը, ինչը բնական է, սակայն այլ է դառնում պարագան, երբ գործ ունենք իսկապես կրկնությունների հետ:
Ավելի առարկայական պատկեր ցույց տալու համար բերեմ որոշ օրինակներ: Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության երկրորդ հատորում իբրև առանձին բանաստեղծություն զետեղված է հետևյալը.
Դարդի սարը սրտիս վրա
Մտել էի մահի քուն:
Ե՛լ, ազիզ ջան, Ալափչայի
Ուռիները ծաղկել են.
Ուռիներից ճյուղ եմ բերել,
Քեզի իրենց մոտ կանչում են[13]:
Ակնհայտ է, որ սա Իսահակյանի «Ժեռ, սև քարը սրտիս վրա…» հայտնի բանաստեղծության անավարտ տարբերակն է: Պատահական չէ, որ բանաստեղծն իրեն հատուկ բծախնդրությամբ չի թվագրել այն: Մյուս կողմից՝ բերված 6 տողերը գրեթե նույնությամբ առկա են «Ժեռ, սև քարը սրտիս վրա…» բանաստեղծության առաջին 3 քառյակներում.
Ժեռ, սև քարը սրտիս վրա
Գերեզմանիս մութ խորքում
Դարդի սարը սրտիս վրա՝
Քնել էի հողի քուն:
Գարունն եկավ, Շուշանս եկավ
Տատրակի հետ ձայն տվավ,
Տատրակս եկավ, քարիս նստավ
Ինձի անուշ ձայն տվավ:
«Ե՛լ, ազիզ ջան, Արփաչայի
Ուռիները ծաղկել են.
Ուռիներից ճյուղք եմ բերել՝
Քեզի իրենց կանչում են»[14]:
Ավելորդ չէ նշել, որ առաջին բանաստեղծության «Քեզի իրենց մոտ կանչում են» տողն ունի տարբերակ՝ «Քեզի իրենց կանչում են[15]», որն արդեն տառացիորեն համընկնում է «Ժեռ, սև քարը սրտիս վրա» բանաստեղծության համապատասխան տողի հետ:
Նույն, բայց առավել առարկայական օրինաչափությունն է դիտվում նաև հետևյալ բանաստեղծության պարագային.
Սրտումս խորունկ վշտեր կան.
Մայրիկ, մի՛ քրքրիր նրանց.
Դու քո արցունքով չես կարող բուժել,
Իսկ ջերմ աղոթքդ վաղուց ուժ չունի:
Դու մի՛ հարցրու վշտերիս պատճառը,
Մայրիկ, չես կարող դու նրանց ջնջել,
Մի՞թե կարող ես երկիրը ջնջել,
Երկինքը ջնջել – աշխարհքը ջնջել…[16]
Այս բանաստեղծությունը նույնպես թվագրված չէ հեղինակի կողմից: Ավիկ Իսահակյանն այն մոտավոր թվագրել է 1890-ական թթ. երկրորդ կես՝ «դատելով բնագրից[17]»: Այնինչ՝ ակնհայտ է, որ այն Իսահակյանի մեկ այլ հանրահայտ բանաստեղծության՝ «Մայրիկ հիվանդ եմ, սիրտս քրքրված…», որը գրվել է 1895 թ. մայիսի 13-ին Բեռլինում, սևագիր պատառիկն է:
Մայրի՛կ, հիվանդ եմ, սիրտս քրքրված.
Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը
Արնոտ ու խոցոտ:
Մի՞թե կարող ես վերքերս բուժել,
Որ տիեզերքի հըսկա վերքերի
Կաթիլներիցն են[18]:
Եվս մեկ օրինակ, որի դեպքում էլ նույն մասնավորությունները առկա են.
Այրվում եմ ես արևի պես,
Հուր ու կրակ եմ անշեջ.
Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես,
Սերըս քամեմ հոգուդ մեջ[19]:
Առանց լրացուցիչ մեկնաբանությունների բերում եմ Իսահակյանի «Հասակդ՝ սոս, քայլվածքդ՝ սեգ…» բանաստեղծության վերջին քառյակը (ավելորդ չէ նշել, որ երկուսն էլ թվագրված են 1904).
Այրվում եմ ես արևի պես.
Հուր ու կրակ եմ անշեջ,
Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես,
Սերըս քամեմ հոգուդ մեջ…[20]
Ընդ որում՝ տարբեր անտիպ և տպագրված բանաստեղծությունների դեպքում այստեսակ համընկնումները բավական շատ են: Ստացվում է, որ Իսահակյանն իր բանաստեղծությունների նախնական մտահղացումները գրառել է ոչ միայն «Հիշատակարանում», այլև «Հիշատակարանից» դուրս: Ահա այստեղ ծագում է տեքստաբանական բարդագույն խնդիր, որը լուծման թերևս երկու տարբերակ ունի: Կա՛մ Իսահակյանի այդտեսակ անտիպները պետք է առանձնացնել և հրատարակել որպես յուրօրինակ մի նոր «Հիշատակարան», կա՛մ «Հիշատակարանում» առկա նմանատիպ հատվածները ևս ներառել Իսահակյանի անտիպ բանաստեղծությունների շարքում:
[1] Այս մասին ավելի հանգամանալից տե՛ս Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, 1962, էջ 353-354:
[2] Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյանի անտիպ բանաստեղծությունները, տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, Երևան, 2011, էջ 568:
[3] Բնականաբար, այս ենթադրության տակ չեն մտնում այն գործերը, որոնք կորել են այս կամ այն հանգամանքի բերումով, և որոնց դեպքում չի գործել գիտակցված ոչնչացումի գործոնը:
[4] Այս առումով չափազանց ուշագրավ են նաև այն նշումները, որոնք Իսահակյանը կատարել է որոշ բանաստեղծությունների վերնագրերի դիմաց լուսանցքում: Օրինակ՝ «Օրագիր» («Որպես դժոխք աշխարհավեր…») բանաստեղծության վերնագրի լուսանցքում գրել է Առավոտյան, իսկ ահա «Օրագիր…» («Դու ի՞նչ գիտես, թե իմ սրտում…») բանաստեղծության վերնագրի լուսանցքում՝ Ճաշին (տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 421):
[5] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, Երևան, 2003, էջ 429:
[6] Ավետիք Իսահակյան, Հիշատակարան, Երևան, 1977, էջ 336:
[7] Նույն տեղում, էջ 338:
[8] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 550: «Էս ճամփեն ոլոր-մոլոր…» բանաստեղծության «օրագրային մանրամասները» տե՛ս նույն տեղում, էջ 533-534:
[9] Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյանի անտիպ բանաստեղծությունները, տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 553:
[10] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 7:
[11] Տե՛ս Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյանի անտիպ բանաստեղծությունները, տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 572:
[12] Տե՛ս նույն տեղում, էջ 572-575:
[13] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 169:
[14] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 248 (ընդգծումը իմն է – Ա.Ն.):
[15] Տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 424:
[16] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 197:
[17] Տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 510:
[18] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 107:
[19] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 2, էջ 234:
[20] Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հատոր 1, էջ 324:
Շնորհակալություն: