Սլավիկ Ալավերդյան | Անծանոթ ծանոթուհին

1984թ., ՀԽՍՀ, Երևան:

Թորոսյանների ընտանիքում աղջիկ է ծնվում: Հայրը քաղաքում չէ: Նրա հետ կապվելն անհնար է. ժամանակն է այդպիսին: Մայրը որոշում է ընդունում անձամբ անվանակոչել զավակին: Ու անվանում է նրան Կարինե:

*  *  *

1993թ., ՀՀ, Երևան:

Կարինեն շատ ընդունակ աղջիկ է: Մայրը միայնակ ամեն ինչ անում է, որ աղջիկը լավ սովորի: Ինքն էլ ուսուցիչ է: Ի ուրախություն շատ տխրած մոր, նա լավ է սովորում, նաև ասմունքում է և երգում ժողովրդական երգեր:

Մայրը հաճախ է աղջկան միայնակ թողնում տանը, բազմիցս էլ իր հետ աշխատանքի է տարել:

Աղջիկը մեծանում է աշխատասեր, ինքնուրույն և ինքնավստահ:

*  *  *

2003թ.:

Կարինեն ուսանող է: Նա լավ է սովորում, աչքի է ընկնում իր կազմակերպչական ունակություններով և տաղանդներով: Շփվող է, ընկերասեր:

Ծաղկաձորում նա հերթական ճամբարին է մասնակցում, որտեղ իր խումբը ծանոթանում է Արշավիրի և նրա ընկերների հետ: Կարճ ժամանակում նրանք դառնում են սրտացավ ընկերներ:

Կատակասեր աղջիկը խաղում է Արշավիրի հոգու հետ: Նրա անվան հետ է խաղում, վերջավորություններ ավելացնում: Կարինեին է միանում Արշավիրի ընկեր Զմրուխտը և երկուսով տանջում են նրան: Տղան հոգնում է, բարկանում և փորձում նույն կատակները աղջիկների անունների հետ: Կարինեին անվանում է Կարեն և զարմանում նրա արձագանքից: Աղջիկն ասում է, որ դա իր հոր անունն է և ուրախ կլինի, եթե իրեն այդ կերպ կոչի: Պարզվում է որ աղջիկն ավելի է կոփված զայրույթի դեմ, քան ինքը: Նրանք դադարեցնում են վեճը:

*  *  *

Նրանց ծանոթությունից ամիսներ են անցել: Զմրուխտը մեկնում է Հայաստանից: Դա հարված է Կարինեի և Արշավիրի համար: Սփոփիչն այն է, որ կապի ժամանակակից միջոցները հնարավորություն են ընձեռում կապ պահպանել և ընկերությունը ամրապնդել:

*  *  *

2004թ.:

Այժմ Կարինեն է մեկնում Հայաստանից, բայց ի տարբերություն Զմրուխտի, ոչ թե բնակության, այլ ուսման նպատակով: Այժմ երեք ընկերները միմյանցից հեռու կլինեն, Կարինեն ավելի մոտ կլինի Զմրուխտին և այդպես կլինի երկար ժամանակ:

*  *  *

2005թ.:

Կարինեն արձակուրդ է վերցրել և մի շաբաթով գտնում է Հայաստանում: Արշավիրը հասցնում է տեսնել նրան, մի քիչ զրուցել, զբոսնել, նվեր հանձնել:

*  *  *

2006թ. տարեմուտ:

Զմրուխտն ու Կարինեն միասին են դիմավորում Նոր տարին: Արշավիրը միայն ուրախ է դրա համար:

*  *  *

2006թ.:

Կարինեն ավարտում է ուսումը, վերադառնում, ստանում դիպլոմը և կրկին մեկնում. նա ամուսնանում է օտար ափերում վաղուց հաստատված մի հայրենակցի հետ, որի հետ ծանոթացել է քաղաքի հայկական եկեղեցում: Նրա նոր կարգավիճակը որոշ չափով կօտարի հավերժ ընկերներին:

*  *  *

2007թ.:

Նոր մայրացած Կարինեն իր մոտ է հրավիրում մորը: Նրան օգնություն է հարկավոր. պետք է վաճառել տունը, տան իրերը և դասավորել նրանք, որոնք պիտի տանի իր հետ: Կարինեի ընկերները գործի են անցնում:

Նրանցից շատերը բազմիցս են եղել նրանց տանը, ճանաչել են տիկին Նունուֆարին, հիացել նրանց աշխատասիրությամբ, որ կարողացել են շատ սուղ պայմաններում պետությանը պիտանի քաղաքացիներ մնալ:

Արշավիրը նրա մասին լսել էր բազմիցս, բայց առիթ չէր եղել ծանոթանալու: Նա ուրիշ քաղաքում էր ապրում և հազվադեպ էր լինում մայրաքաղաքում: Ծանոթությունից հետո երկուսն էլ ափսոփում են, որ շուտ չեն ծանոթացել և դրանում մեղադրում են Կարինեին:

Նրանք մի քանի օր շփվեցին, բայց այդ ընթացքում Արշավիրը շատ բան իմացավ Կարինեի և իր ընտանիքի մասին: Իմացավ և խճճվեց իմացածից:

*  *  *

Տարիներ առաջ էր, երբ Երևանի զբոսայգիներից մեկում քայլելիս Արշավիրը Կարինեին հարցրեց ծնողների մասին: Հարցրեց, թե որտեղ է հայրը, մտածելով, որ արտագնա աշխատանքի կլինի շատ հայ հայրերի նման: Նրա հայրը զոհված էր: Այդ մասին ասելուց հետո աղջիկը անմիջապես հավելեց, որ չափսոսա և չցավակցի, ինչի մտադրություն Արշավիրը ամենևին էլ չուներ: Նա մտածում էր հարցնել զոհվելու մասին, բայց լռեց և փոխեց թեման: Նրանք մի լավ զբոսնեցին, հրաժեշտ տվեցին՝ երկարատև ընդմիջման նախազգացումով: Արշավիրը շարունակեց մտորել աղջկա, նրա ընտանիքի և նրանց ապագայի մասին:

*  *  *

Այժմ նոր մանրամասներ կարող է ներկայացնել մայրը: Վերջին տարիներին նա գրեթե միայնակ է եղել և մի քանի օրերի ընթացքում ոչ մի բառ չի հիշատակում ամուսնու մասին: Թղթերը դասավորելիս երիտասարդի աչքովն է ընկնում Նունուֆարի ծննդականը, որը բազում հարցեր է առաջացնում:

Այնտեղ նշված էր Նունուֆարի այժմյան (ամուսնու և աղջկա) ազգանունը:

*  *  *

Ընկերոջ մայրը կրթված և ստեղծագործող անհատ է: Ժամանակին թղթակցել է մի շարք թերթերի, գրել բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է, բայց մյուսները կորսվել են խմբագրություններում, ապա հրատարակվել այլոց անվան տակ, և երիտասարդ բանաստեղծուհին դադարել է ստեղծագործությունները տրամադրել խմբագիրներին: Միայն այժմ, երկար տարիներ անց, սկսել է դրանք հրապարակել սոցիալական ցանցերում՝ իր ընկերների համար:

Արշավիրը կարդում է դրանք, հավանում: Նունուֆարն էլ իր հերթին հավանում է տղայի առաջին գրական փորձերը և խորհուրդներ տալիս:

*  *  *

Հայրենասեր մայրը ստիպված է լքել իր հայրենիքը, թեև նա Արևմտյան Հայաստանի գաղթածների սերունդ է: Նա մեկնում է եվրոպական մի երկիր, որտեղ շատ հայեր են արտագաղթել, այդ թվում երևելիներ: Երբ որևէ մեկը մեղադրի նրան, նա կարող է ասել, որ մեկնում է այնպիսի պետություն, ուր արտագաղթել են նաև այդ երևելիները:

Զարմանալի է, բայց մանուկ ժամանակ Կարինեի համար մայրը, ի թիվս այլ հեքիաթների, հաճախ կարդում էր հենց այդ երկրի ժողովրդական հեքիաթները:

*  *  *

Կարինեի ընկերները, ադ թվում Արշավիրը, եկել են ճանապարհելու իրենց ընկերոջ մորը: Նրանք միաժամանակ և ուրախ են, որ իրենց ընկերը կլինի մոր հետ, բայց նաև տխուր, որ Հայաստանի Հանրապետությունից հեռանում է ոչ թե շարքային քաղաքացի, այլ զոհված ազատամարտիկի կին, անձնվեր մայր և ստեղծագործող անհատ:

Արշավիրը տատիկի հետ նվեր է ուղարկում նորածին Սիրանույշի համար:

*  *  *

2010-ական թթ.:

Կարինեն և  Արշավիրը շատ հազվադեպ են խոսում: Յուրաքանչյուրն իր հոգսերն ունի: Տղան անընդհատ մտածել է Կարինեի և իր խորհրդավոր ընտանիքի մասին, փորձել է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, տարբերակներ է մտածել, բայց այդպես էլ ոչ մի ստույգ տեղեկություն չի հայթայթել: Կարինեին հարցնել չի ցանկացել և այդպես մոռացության է տվել իր կասկածները և շարունակել իր վաղեմի բարեկամին ընդունել ինչպես ի սկզբանե ճանաչել է:

Արշավիրը մի անգամ Եվրոպայում ճանապարհորդելիս եղել է նրանց մոտ: Մի անգամ էլ նրանք են եկել Հայաստան, որպեսզի փոքրիկ Սիրանույշին և Արտավազդին ցույց տան հայրենիքը և մկրտեն Մայր Աթոռում, որը Կարինեի ամենասիրելի վայրերից մեկն է Հայաստանում: Ի ուրախություն նրանց և Արշավիրի, նույն ժամանակ Հայաստան էր այցելել նրանց ընդհանուր ընկեր Զմրուխտը:

*  *  *

2016թ.:

Արշավիրը կարդում է մի գիրք, որի հեղինակի ճակատագիրը շատ նման է տիկին Նունուֆարի ճակատագրին: Նա ևս բազում փորձությունների միջով է անցել, արտագաղթել է նույն երկիրը, ինչ Կարինեն և իր մայրը: Տղան շատ բան է հասկանում արտագաղթի դժվարությունների, նրանց հոգեվիճակի մասին: Բայց մի բան ուրախացնում և հույս է տալիս. հեղինակը չի հարմարվում նոր պայմաններին և ի վերջո վերադառնում է Հայաստան:

Սրտացավ ընկերը սպասում է:

Իջևան, Երևան, Մարտակերտ

17.07.2015 թ.- 15.03.2016թ.

Share Button

1 Կարծիք

  • Շատ կարևոր թեմաներ են շոշափվում։Ես համարյա նման զգացողություններ ունեի իմ ՚՚Կարինէի՚՚ հետ…Բայց շատ բան փոխվավ։Մենք ցանկություն ունենք -փոխվելու քան երջանիկ լինելու՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *