ԱՐԱ ԱԼՈՅԱՆ | Բանաստեղծություններ

Արա Ալոյան

* * *
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո ժպիտը տեսնելու համար`
Պետք է հավատալ հյուսիսափայլին…

Ե’րբ է սառուցյալ օվկիանը հալչել…

Չէ, դու ուրիշ ես,
Երբ նույնիսկ մերկ ես`անկարելի է տեսնել մարմինդ,
զի գեղեցիկ է այն որպես հագուստ…

Գիշերն ամենից շքեղ շորն է քո:

Չէ, դու ուրիշ ես,
Ու այդ ամենը ասելու համար բառերը քիչ են,
Ինչպես ավազը հին ժամացույցի…

Երջանիկները ժամացույց չունե’ն…

Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո հեռացող ոտնաձայները
Համահնչում են մեղեդու նման…

Ես դրանց արդեն խոսքեր եմ գրել:

Չէ, դու ուրիշ ես,
Եվ դրանից է բառը երգ դառնում,
Դրանից է, որ երգը բառ չէ լոկ…

Ուրիշ ե’ս:
Ես եմ նույնը մնացել`
Քեզ անվերջ ուրի~շ, ուրի~շ կոչելով…

* * *
Դու մի արտասվիր, կեսգիշերային ճաերմակ շորիդ մեջ,
Կիսալուսնի ես նմանվում այդպես:
Եվ մի արտասվիր…
Ես այդքան աստղ ինչպե’ս ամբարեմ…

* * *

Մինչև ուշ գիշեր, հատումը մինչ իմ
Ես սովորում եմ, թե ինչպես մեռնել.
Ամեն առավոտ անկողնուս միջից
Գրեր եմ գտնում`խորն, անընթեռնել:

Խոսում եմ, սակայն ձայն չկա հատու,
Լռում եմ, սակայն`Ձայն ու Աղաղակ,
Քաղաքին իմ ծեր խրատ չեմ կարդում,
Ինչու’ ինձ խրատ չես տալիս, Քաղա’ք:

* * *
Քաղաքը նույն է,
Որ կողմից գնաս,
Որ կողմից կարդաս,
Գնաս ու հետ գաս,,,

Քաղաքը նույն է,
Դրա համար էլ`չի փոխվում ցավը,
Դրա համար էլ`ներկան անցյալ է,
Դրա համար էլ`քաղաքն անձայն է…

* * *

Ձայնազու’րկ քաղաք, մարմնամթերք,
Տունդ ո’վ խուժեց ցեխոտ ոտքերով,
Վերջին պոե’տն եմ, վերջի’նն եմ միթե,
Եվ թուղթ ու գիրդ կանցնի’ իմ գրով:

Հոգեբուժարան, անհեքիմ քաղաք,
Մարմնիդ վրա արյուն կա հետին,
Քունդ կհսկեմ շան պես, դու խաղաղ
Գաղտնագրերը լսիր պոետի:

Դու լռությունն այդ, հառաչանքը Մեծ
Պահիր քո գալիք վարդագույն Օրվան,
Մեկ է կփախչի ամբոխը տխեղծ,
Երբ Միտքը լինի թագավոր օրհնյալ…

* * *
Արի մեզ ներբեռնենք գիշերվա մեջ`
Որպես քաղցր բլյուզ, երգ…
Եվ աստղազարդ վերմակի տակ ու այդ երգի ներքո
Չափենք երկարությունը մեր բոբիկ ոտքերի
և մեր երազների կարճությունը մերկ …

Արի բարձր երգենք` մոտենալով Պահին,
Հպվենք իրար ու նվագենք,
Մարմինների վրա ակորդներ կան,
Նայի’ր..

Արի արտատպվենք գիշերամութին,
Ու հետո լուսանկարչի պես մանրամասն, թաքուն
զննենք նեգատիվները ժապավենի,
Որ հետո միայն մենք տեսնենք գիշերվա պատկերներն այդ դյութիչ,
Դրվագները անքուն…

Արի երկու սովյալների նման,
Որ սնվում են միայն սիրով ու չեն կշտանում,
Այս գիշեր մսով ճաշ ուտենք,
Ուտենք մեր մսերը ու հասնենք …հոգուն…կամ ոսկորին…

Արի մի այլ բան հորինենք ու դառնանք,
Անհավանական, ինչ որ կուզես,
Միայն թե այն չկոչենք բռնաբարված ու հին բառով`
Սեքս..

Փոխադրություն

Այսպիսի կնոջը հորինելն անհնար է,
Իսկ Նա թունդ է, ինչպես վիսկի, որպես խորունկ մի հազ,
Բայց բավական է դիպչել նրան, անգամ նայել.
Որ սրբերին տված խոստումներդ մոռնաս:

Դու վերև ես ձգվում, երկինք, երկինք, ճախր`
Լոկ հայացքից նրա աստեղացոլ,
Եվ աչքերիդ անգամ նախանձում ես, ախր,
Նրանք դեռ չեն տեսել նման հրաշք Աստծո:

Նա սիրելի դարձավ ակնթարթում, մի պահ,
Բայց քո քայլը հիմար, չմտածված պիտի
Ալեկոծի նրա հոգին, թե կոպտորեն դիպար,
Պիտ դրախտից քշի նա քեզ, ու դու դառնաս վտարանդի:

Իսկ աչքերը նրա` ժապավեններ թախծի, տխուր կինո,
Եվ բուրում է նրբին օծանելիք, կրքոտ,
Մեղսական է ամբողջ համաբույրը կնոջ,
Հիշեցնում է մեղքեր, բայց մոռացնում…գրկով:

Վանիլային համից իր շուրթերի` ասես
Պրկված լարեր կիթառի`սրտակեղեք երգով,
Խենթանում ես ու …ջաա~ն, բերկրության ծես,
Դու կորչում ես դանդաղ` թեկուզ մահվան ելքով…

Նրա հոգուն շատ զգույշ պիտ մոտենաս,
Որպես թանգարանում պահված գիրք բարձրարժեք,
Ախ, դժվար չէ սիրել Կնոջն էլ այս,
Հեշտ չէ միայն…նրա սի’րտը, սի’րտը շարժել…

Какое счастие: и ночь, и мы одни!

Աֆանասի Ֆետ

* * *

Օ ինչ հրաշք, օ տես
և գիշերն է մենակ, և մենակ ենք`հանց նա,
Գետն է շողում`որպես
Մի հայելի, որին մեր պատկերը հանձնած`

Նմանվում ենք անտիկ
Նկարչության`այնքան սիրող մարմինների,
Կիրք է, կիրք է սաստիկ`
Նորերի պես ժխտող, նմանվող հիներին:

Գետն է շարժվում`օձի
Գալարումով, կարծես հիշեցնում է եդեմ,
Օ մեղսահոս, օ ծիր,
Գիտեմ լքես պիտի, բայց քեզ ինչպե’ս լքեմ:

Այնքան սեր ես ուզում,
Որ աստղերն էլ արդեն մխրճվել են դեմքիդ,
Աստղի լույսն է կիզում,
Պահանջում ես խավար, քողանք`պահի, հետքի…

Հետո հրաշքն` ի չիք.
և գիշերն է մենակ, և մենակ եմ`հանց նա,
Թե ծառ էի`վերջին
Ծաղկելուց զրկեցիր…ու հեռացար`կացնած…

* * *
Մեր միջև հիմա ընկած են վերստեր.
Ինձ չհաջողվեց քանդակել կանանց`այն էլ ժպտացող,
(Ականջը կանչի`Միքալենջելլո)

Ինձ կքանդակեմ`քեզ չտանջելով:

…Իմը դժբախտի դերն ու արվեստն է…

* * *
Բառերի բուրմունքը.
Ես բառերից ծովերի հոտ եմ առնում,
Ես բառերով ծովեզերքից հասնում եմ…Ծով,
Զի այնտեղ
Մեկն ինձ հավատի
քարոզներ
ԿԿԱՐԴԱ…

Բառերի երաժշտությունը.
Ես նվագներ եմ լսում բառերի խորքից,
և բառերն այլևս Մեծ լռությունից հնչող երգեր են,և հարմոնիկ են բառերը արդեն:

Բառերի անքնությունը.
Ես ենթարկվում եմ նրանց տանջանքին,
Թե բառը միայն բառ չի դառնալու,
Բառակերպության կանոնից դուրս է…

Բառերի մոգականությունը.
Երգեհոնային բառեր ու բառեր սենժոնպերսային, ահեղ, ծիսական:

Ես մեկ առ մեկ սիրում եմ բառերը,
և նույնիսկ նրանց, որ չեն հանգավորվում…

* * *

Երբ դու գնացիր, ինձ թվաց այնքան, այնքան մոտ ես դու,
Որ կիջնես վրաս… ձյան պես առաջին:
Ու կխառնվես իմ արցունքներին: Ձյուներին իմ թաց:
Ու ես էլ կասեմ`
Չէ, չէի լացում…այդ դու ես իջել,
Քո հետքերն են այդ:
Գիտեի կգաս…
Եվ չէր լինելու ոչ մի պատասխան: Եվ չէր լինելու հետո ոչ մի հարց:

…Երբ դու գնացիր`
ինձ թվաց այնքա~ն, այնքա~ն մոտ ես ինձ,
ափիս մեջ հալչող… Ի’մ ձյունափաթիլ…

Share Button

Նշանաբառ՝

5 Կարծիք

  • ՀԱՅՈՒՀԻ ԱՆԻ says:

    Երկար սպասված հաջողություն,,,Շնորհաորանքներս Արա ջան: Միշտ մնա էդպես տաղանդավոր և հրաշալի մարդ:

  • Տաթեվ says:

    Մի տեսակ քնքշություն կա ձեր տողերում,:) լավն են,հատկապես ՝վերջինը

  • Հետաքրքիր էր:

  • Արա Ալոյան says:

    Շնորհակալ եմ հարգելի Տաթև ու Անի,,,թևավորում ենք..Աստված ճախրանքս ների:

  • Նաիրուհի Խոջիկյան says:

    Ապրես Արա ջան,շատ ու երկար:Թևավորվելու իրավունք ունես իսկապես:Աստծո հովանու ներքո,թող ճախրանքի սահմաններն ընդլայնվեն քո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *