(saggio sentimentale)
Առվույտ կտրելը հեշտ է, ցախը, մսոտ ցողունը, թեթև պառկում է, մնում է՝ ժամը ժամին թեյ դնես ձորի պռնկի սալորենու հովին, լեռնագնացի կրակի վրա, տանից բերած թանը՝ շորի մեջ փաթաթ պահես՝ չտաքանա: Վանին անսովոր է գերանդի բռնում, քրտինքի մեջ, ամեն շարքից հետո, դադար է տալիս.
– Գոքոն Մարտակերտից մի օր չեկավ օգնի, Հրաչը՝ քթի թուշին: Է, լավ, է՜, իմ բախտն էլ անիծվի…
-Կնիկն էդքան մաքրասեր լինի՞, տնարար, աշխատասեր: Տե՛ս մի, դրա լվացքին նայի, ո՜նց ա շողշողում էս արևի կեծին,- շարը վերջին հասցրեց, գերանդու թաթը կռան բացվածքին հենեց, շունչ առավ, անկապ զրույց բացեց Արշակ պապը:
-Լվացքը ո՞րն ա,- շրջվեց, ափը ճակատին հովանի արեց, արևալույսին հանդիման աչքերը ճպճպացրեց Վանին, դատարկ սիգարեթի տուփը նետեց թփերին, – հաա՛, Ջհուդի խալխի դռա՞նն ես նայում,- չարչրկված արտաբերեց նա:
-Հա, հա՛: Խուվաա՜, հալալ ծիծ կերած կնկա արամունք ա, փա՜հ, փահ:
-Լավ, էլի, Արշակ: Լվացքի քուղին՝ որ կնկա մի տռուսիկ չփռփռա քամու հետ՝ էլ ի՞նչ լվացք, է՜…
Այս մարդիկ նորզելանդական ռեգբիստի ձիգ կռներ ունեն, փոթ անվան հետ, կինո գրելու՝ իրական սցենարի անսպառ նյութ, ամենաթունդ պահին՝ արգենտինական ֆուտբոլիստի հմայք, իրար պաս տալու իմպրովիզի ձիրք, դարպասի առաջ, գնդակի հետ, վերջին դերի ցուցամոլ պահվածք, հետո՝ երբ ջիղը լարվում է, էլ ելք չկա, սիգարեթի ծուխը ներքաշելու, մխատովյան դադար առնելու վիթխարի համբերություն. շա՜տ հետո, հարսանիքի, կամ՝ թաղման երկու բաժակից աշխարհի բարին դառնալու, ակամա, իրենք իսկ իրենց կպնելու՝ բարյացակամ վարպետի ճարպիկ շնորհք, հաշտվելու, ամեն առավոտ բարիլուս ասելու, իրիկունները կողք-կողքի, հոգնությունից թանձր, համեղ, անիմաստ զրուցելու, օրերը հեքիաթ սարքելու իրական դերասանի տաղանդ…
Ֆանտամասն ու Գարբաչովը հերթափոխի են նստում՝ Դավիթը հանգիստ պառկում է տնակում, Մոպասանի բարակ, կարմիր կազմով գիրքը բացում, հինգ-վեց էջից՝ աչքերը փակվում են: Քներակը արթուն, իր թեթև խռմփոցը մեկ-մեկ ինքն էլ է լսում: Տղաներին վստահում է: Բանիմաց ուսանող, չորս-հինգ ամիս առաջ զորակոչվել են, վստահել կարելի է: Փոթ անունը տղաներին ոգևորում է, ստվեր չկա մեջը: Սեթոն ու Վարդանը նստեցին՝ ժամը մեկ պիտի ստուգելու գնա: Սեթոն քաղաքից գալիս՝ ուսապարկի մեջ անպայման ձայներիզներ է բերում, աչքաթող եղավ՝ «50 Cent» է լսում, կապը տալիս զուգընկերոջը, ինքը մատնվում ականջակալների տարերքին: Վարդանը՝ Գարբաչովը, մեծահոգի, ծանրակշիռ է՝ գործի համար հերիք է, բայց Դավիթին անփույթ Սեթոն ջղայնացնում էր: Ժամը մեկ պիտի կապախցի դուռ բացի, կարգի հրավիրի, մինչև հերթափոխը կավարտվի: Աննուղելի, անտարիք, երեխա է, չափալախն՝ անհարմար:
Հերթափոխ չուներ. ավագ էր, հրամանատար՝ ինքն էր, տղաները հասկանում էին: Խուլ, բուրեղ անտառ, երեք կողմից, խաբուսիկ խաշամ, տակը՝ հաստատ, վաղուց ականապատ: Քանի անգամ ձեռքից ձեռք է անցել դիրքը, թուրքն իր համար է թակարդ լարել, հայն՝ իր: Անվտանգ կողմը՝ երկու հարյուր մետր ներքև է տանում, անտառը հանկարծ հատնում, շենի առօրյա է բացվում. շուն է հաչում, այգիները ամառ են տենչում, անթրաշ, ժպտադեմ, խոնջահար մարդիկ՝ մարգ են բուկլից անում, կանայք լվացք են փռում, ու խոհանոցի բուրմունքը սպասում է իրկնամուտին:
Արտառոց բան պիտի պատահի՝ Դավիթը խոսի քաղաք, շտաբից հարցում անի, հանգստի երեք օր ստանա: Դիրքը երկնքին մոտ է, յուրային անտառի մեջ: Ամիսը մի անգամ մեքենա է գալիս, մթերք բերում, հարկուպետք պահեստամաս, ամեն ինչ եղանակի ձեռքին: Միակ բարին՝ տեղանքին ծանոթ լինելն է:
Կլոր օր, ոտքով, ուսապարկը մեջքին, ճամփա է ընկնում՝ մինչև մութը տուն հասնի: Դժվարը՝ Մարդսպանի թավուտն է, այնտեղից լանջիվեր է գնում, մտքերի հետ խառը, երեսին ժպիտ՝ նայում հեռուների խաղաղությանը: Վտանգ ու նստել չկա, օրն արևկա շաբաթ, արագ Չլդրանը ետևում մնա, Ճիլոտը բարձրանա՝ հոգ չէ ոչինչ, շունչ կառնի: Չլդրանա շենամեջ՝ կարելի է անգամ դադար առնել, սիգարեթ վառել, ծանոթ-անծանոթի բարևել, խմելու ջուր խնդրել, տունհրավերքի՝ ընկերաբար «չէ» ասել: Դեմին՝ Միրումի ձորն է, շուտ հասնի Տակաթաղ, արևամուտի դեմ նստի՝ ոտի տակ արդեն շենի երկինքն է լինելու:
Ա՜խ, ի՜նչ թիթիզ իղձ ուներ երեխա տարիներին. աբովյանցի հորաքրոջ տղան օգներ, դելտապլան հավաքեին, Կարմիրքարի դոշից թափ առներ, գետնից կտրվեր, շուռ տար, սպիտակ թևերը ուղղեր դեպիի՜ Ավստրալիա խամհատ, դադար առներ, թեք ընկած գոգից, վերստին գահավիժեր Խաչենի քամհարը: Իր վրա ծիծաղը գալիս էր, ինչե՜ր են մտքին նստել:
Դելտապլանը մեռավ: Կթռչի, հա՛: Ներքևում իրեն են սպասում: Գետնին աչք են դրել՝ ուրու հայտնվի օդում: Ամեն պատշգամբից երկփողանի է դուրս գալու, որսորդական, պարսատիկ, նռնականետ.
-է՜հեյ, բեսպիլոտնիկ ա, հայ-հարա՜յ, քո մերը …. կրակե՛ք, ես՝ դրա թուրք լավը, տե՛ս ուր ա հասել, է՜:
Առաջինը՝ միշտ, Կոթաքարի տակ, Սուրենն է պատահում, ակնոցից քթի ծայրը կոշտուկ, ձեռքերը՝ մազութ, լսողությունը զինահար հաշմանդամ: Սուրենի զապը, եթե այդ օրը տեղ չունի մեկնելու՝ բակում կանգնած է, սուտի պատճառով մի բան պիտի քանդի-հավաքի երկաթի վրա: Քենակալներով, ինքն ու Բեղլու Գըրիշը՝ արյունռուշտ թշնամի, արդեն հարյուր տարի է, հակոտնյա դարպասներից ներս, ապրում են մի երկար տան մեջ: Գըրիշը բամբակաբաճկոնը հագից չի հանել երբեք: Հիսուն թվերից, «Կոմունիստի» անհատի պաշտամունքի մասին համարը չորքծալ ծոցագրպանում, անձնական ողբերգության հավերժ արձանագրություն է պահում: Սուրենն, ընդհակառակը, պատերազմի խարան ուներ իր վրա: Շենի կացություն է. բավական է մի չարլեզու ուզենա անունդ մրոտել՝ ականջից ականջ է թակելու. «բա գիտեցա՞ք, ա՜խ, շունշանորդի, կամու վայնա՝ կամու մած ռադնա, աշխարհը դզվող չի…»: Գըրիշն ասում է՝ «սա հակա շան որդի ա, սամաստրել արել՝ եկել թոշակ ա ստանում…»:
Սուրենը ծանրախոս է: Խուլ է՝ հերիք չի, շատ բան ականջիվեր է անում: Քանի անգամ հաշմանդամի զապ է ստացել, ոտը գազի վրա սովոր, անխախտ պահում է, բայցևայդպես տնակից հանելու հետընթաց քշելուն, մեծ մարդ, չի սովորել: Աստծու պահածը՝ պահած է: Մի անգամ շշկռել, արգելակի տեղ գազի ոտնակն է հուպ տվել, մեքենան հռինդ է տվել, սուրացել, չորս անգամ թավալվել, ետ շպրտվել, ընկել Դաշնակ Անուշավանի բոստանը, ջնջխել զիլ կանաչ լոբու մարգերը, ջլատել բրատու ծառերը, ինքը քերծվածք չի ստացել, բայց երկու ամսվա թոշակը անխոս տվել է վնասի հատուցմանը: Մեքենան վաղուց երկու կողերը քերծվելուն հարմարվել է: Մարդուն չի տրվում հետ քշելը, հո՜ զոռ չի:
Քանի որ մարդամոտ երբեք նա չի եղել, շենի սրամիտ լոթիներն իսկույն թունդ խնդալիք են սարքել. խուլ Շահնունց Աշոտը, էշը փալանի տակ, անցնում է Սուրենի տան մոտով, ցանկապատի դրսից կանչում.
-Սուրեն, բարիօր, գալի՞ս ես գնանք ցաքի:
-Չէ՛, Աշոտ, ուզում եմ գնամ ցաքի,- պատասխանում է Սուրենը:
-Հա՞, ես էլ իմացա, թե գալու ես գնանք ցաքի …
-Ե՛կ, եկ, Մոսկվայիդ հերն եմ անիծել, Մոսկվադ նզովվի, ի՜նչ ես կորցրել էդ զուլում տեղը: Մի շաբաթ մնացի՝ հոգիս բերանս եկավ, դա էլ քաղա՞ք ա՝ դուք ապրում եք: Ունքդ փոթ չգցես, վեր կաց արի: Բելան թող փուլփուլ քաքուլներով մաշիկները դնի չամադան, շոր-շիրթ իրար արեք, վեր կացեք-եկե՛ք: Այ մարդ, ամեն ինչ ունենք, քեզ ի՞նչ ա հարկավոր, ամեն բան կա: Տունը կա, տեղը կա, ուտել-խմելը, շախմատը, որսը կա, արի՛, օր անցկացնենք: Նորից եմ ասում, մի ձեռք շոր ա՝ ճետդ գցի, կնոջդ վերցրու արի՛: Քո երկիրը բոլորից քաղցր ա, ամեն ինչ ունենք: Սայթ են ասում՝ ինչ են ասում, ասա Նանեն՝ թոռս, իսկի միջից դուրս ա գալիս: Էդ էլ կա, սայթիդ համար ես մտածում, արի՛, էդ էլ ունենք, ամոթը եկավ մեր ձորն էլ հասավ: Մեկ-մեկ ասում եմ, էհե՜յ, Քոլունց Մուխան, մի գերեզմանից վեր կաց, արի տուն՝ տե՛ս երկիրը ինչ ա դառել,- շենից Մոսկվա սկայպի առաջ նստած խոսում է Արշակ պապը:- 63 թվին լույսը ես եմ բերել Էլչն ի վեր, հիմա էս տախտակի առաջ նստած հետդ խոսում եմ: Արի՛, ուզում ես էստեղից Մհերիկիդ վրա Հոլանդիա խոսի, ուզում ես Նունիկիդ վրա՝ Գրենլանդիա: Արի՛, վեր կաց արի: Որ կռվին նայենք՝ բոստան չպիտի մտնեք, գիշերը չպիտի քնենք: Կռիվը քո համար չի, էս երկիրը կռվով սարքել ենք, կռվով էլ պահելու ենք: Գուրգենի՛չ, շեն չի՝ պետություն ա, եկողը գալիս, գնողը՝ գնում ա: Հերն անիծա՛ծ, այ հիմա կարգին նստելու ենք, կարգին զրույց ենք անելու: Կուզես՝ բլոտ կխաղաս,- իրեն յուրահատուկ, քահքահ, ուժգին սկայպի մեջ ծիծաղում է Արշակը,- շենամեջը՝ բլոտխանա ա: Հա՛, արաղը՝ բալոնով, գինին լցնելու աման չկա: Քեզ են սպասում, Գուրգենիչ: Սպասում ենք: Այ ասում եմ. հոկտեմբերին տերև ընկավ՝ որպեսզի տոմս առնես:
Կնոջ հետ, Գուրգենիչը՝ երբեմնի ուսանող այլախոհը, գալիս է շեն: Այնպես չի որ յոթաասունն անցել, տարիքը նեղել, արմատն է հիշել ակամա: Քսան տարեկան, դեռ Երևան ուսանող, նամակ էր գրում ուսուցիչ հորը, թե «այ հեր, սիրտս շենն ա ուզում, էս ի՜նչ կրակ ես գցել ինձ..», կամ՝ « փողը լավ գին ունի էստեղ՝ փող ուղարկիր..»:
Մեծ շենի ցանկալի մարդ, լուրը պտույտ է տալիս՝ Արկոն գալու է, Դոլերից Թումբ, բոլորն ուրախանում են, հույս են պահում՝ իրենց տուն հյուր է գնալու, մսացու են մորթելու՝ խորոված անեն: Տարեկանի միսը՝ գաղջը մեջը, նոր դանակ տեսած, իսկույն շամփուր են քաշելու, արև անուշը հետը, ջղանու կրակի վլվլան պողին շարեն: Մարդու գալով՝ աշխարհով մեկ լինեն, դարդերը մոռանան, կնիկ-տղամարդ՝ հաշտ, իրար ջգրու տան՝ հարբեն, սառը գարեջուրը սառնարանից բերեն, ներսի ցրտից արցունքակալ շշերի տեղը արաղը դնեն, շուրջն ամեն ինչ հաճելի թեթև:
Արկոն՝ սպասումից լիքը, մի տարվա բեռը հոգուց թոթափում է, բոլորը սպասում են՝ ուր որ է մի չեղած, անհավատալի բան է պատմելու, իրար նայելու են, գորովանքով հռհռան.
-Բոլոր հայտնի մարդիկ էս շենից են դուրս եկել,- շինծու, ճարտարամիտ խոսքով՝ սեղանին վեր է կենում Շեկյան Արկադին,- սկսեմ մեզանից: Մենք Շեքսպիրի գերդաստանից ենք: Շեքսպիրը մեզանից ա գնացել Անգլիա, չգիտե՞ք, ինչ ա: Չեղավ, չեղավ, -անձայն ծիծաղում է նա: – Շեքսպիրը մեր ցեղից է: Քուրս, Դեզդեմոնան՝ մեկ, Երևան դաս ա տալիս, ականջը կանչի,- լուրջ-լուրջ շարունակում է նա: -Համլետը, իմ ախպեր Համլետը, ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Ես՝ Արկադի, Շեկյան Արկադի: Շեկյան-Շեքսպիր՝ բա մի ազգանուն չի՞: Աշխարհի կենտրոնն ենք, Շեքսպիրը մեզանից է գնացել, Շեքսպիրին բա գրելով անցնո՞ղ ա եղել:
-Արկո՜, Արկո, հիմնականը մոռացել ես, բա Թելլ՞ին, տատդ Թելլին,- հիշեցնում են կողքից:
-Հա, բա՛, Օթելլոն չի՞, Թելլի-Օթելլո,- նորից անշշուկ դիմախաղը փոխում է նա:- Սամվելը՜, Սամվելը՜, Դուդրուխ Սամվելը: Դուդրուխ Սամվելի ջիղը հասել է Բավարիա: Մեր Դուդրուխը՝ նեմեցի հողում դառել ա Սամուել ֆոն Դիդրիխ: Դուչի Արամի ցեղից են գնացել Հռոմ, վերջը խարաբ դառավ, Դուչե Մուսալինի: Ջհուդանց Ահարոնը բա՞, սիոնիստի ցեղի Ահարոնը,- կտրուկ լրջացավ Արկադի Գուրգենիչը,- խմենք մեր էս ձորի մարդկանց կենացը: Սեղանին նոր միացածները պարտավոր են մի քիչ առաջ ասածների բաժինը՝ անհերթ, իրար վրա խմեն, որ գան հասնեն մեզ…
Դավիթը տուն հասավ, ընթրեց, հասցրեց քիչ-միչ արբենալ: Ոտքերում հաճելի ձանձրույթ, հանգիստը՝ հանգիստը, սիրտը սովորել է ծմակին, որ գալիս է՝ սևեռուն մի տենչ տանում է ետ տղաների մոտ. Գարբաչովը երևի մի բան քանդել՝ պահեստամաս է ժողովում, Ֆանտամասը ականջակալների մեջ թառել է մեքենայի տաքուկ տանիքին՝ ծխում, նայում Երեք Մանկուքի կողմերը:
Իրիկունը զանգ եկավ պապիկից. իմացել է, որ Դավիթը եկել է:
-Հը, բարիկուն: Կարո՞ղ ա գաս շեն, Շեկյանը եկավ, Արմենակը խոզը երեկ մորթել ա, հերի-կողքաճաղ, մի տաս կիլոյի չափ առել եմ:
-Բարիկուն, ո՞նց եք, բաբոյին լավ ես պահում, թե էլի բոստանի տակից բերել ես տալիս խեղճին՝ թեյդ լցնի,- աշխույժ հարցնում է Դավիթը,- Հերիք չի՞ քեզ, այ պապ, իբր չգիտես, որ եկել եմ: Ձին էլի երևի ձորի գլխին բանտարկած ես պահում: Փայտի գնալ կա՞:
-Վայ, իսկապե՞ս: Սիրտս իմացել ա, պա՛հ, ես էլ երեկ ասում եմ աչքս խի ա քարկապ ամբողջ օրը: Ո՞նց ա դիրքերում, ձեն-ձուն կա՞, թե հանգի՞ստ ա,- աշխուժացավ պապը: – Տատդ շատ ա մտածում քո մասին, գիտե՞ս. խմու՜մ ա, ծխու՜մ ա, մտքից դուրս չի գալիս,-դիվանագիտություն սկսեց Արշակը,- Կողքիս հիմա պանիր ա դնում, ասում ա՝ ասա, արի՛ գնանք մեր Արտաշի թոռանն ուզենք, հալալ ծիծ կերած, դիպլոմը կռնատակը, սուսիկ-փուսիկ, աղիկ-ծաղիկ աղջիկ ա, շան բաժին ա դառնալու, ափսո՛ս ա: Արտաշն էլ ա իրենցը,- ընկալուչի մեջ խրոխտ, արտիստական ծիծաղեց նա,- ում պատահի՝ ճռռանը կապելու ա, զրույց գցի, թե բարեկամ ենք, մերն ա, դե ուրիշ չի հո: Ումից խոսես…Մամունց Սամվելը մեր արյունակից բարեկամն ա, գրող Վարդանը, գիտե՞ս, Հակոբյան, մեր Երվանդի փեսան չի՞ բա, բա բարեկամ չե՞նք: Աթաջանյան Վասիլը՝ իսպալկոմի, բա մեր ղազանչեցի բարեկամ չի՞: Պապին մատաղ, Արտաշի շան սերմը կտրվի՛, ես եմ ուզել կրակն ընկել, Արտաշի ցեղը՝ խոր խորտակվի, գործ չունես, – կեսլուրջ խրատեց նա,- հիմա կարո՞ղ ա երևաս, լավ բաստուրմա եմ դրել,- սրբսրբաց, տատին ջղայնացնելու բաժինն էլ հետը, արտահայտեց պապը:
-Գաբրեիլյա՛ն,-պաշտոնական տոնով, տանելի խումհարի միջից, կատակոտ, ընկալուչին հաղորդեց թոռը,-փորիդ ցավն ասա, ինչ ա եղել, աղդ ա պակաս-մա՞ղդ:
-Պապին ղուրբան, քո հարելը գիտեմ, երկու օրը ծագեպատառ-դեպիրիկուն՝ ես, դու, Վանին մտնելու ենք Պտկահոլ, մարդը՝ տասը, քսան շար գնանք՝ ձմեռվա ապուռը տուն անենք,- համոզում է նա, -խոզի միս՝ ի՜նչ միս, շերտ-շերտ յուղաթաթախ, ձմեռվա կաղին կերած էգ շակի միս: Թե գալու ես՝ արաղի հոգս անեմ, արաղը պակաս ա…
Շունը գիշերահաչի հոգնությունից մրափ է տվել: Աչքերը բացեց, մոլոր արջխենակի գրոհին՝ ջղային մի քանի անգամ օդում ծնոտները սուտ ծափ զարկեց, տանից լուսամոտով արձակվող լույսին հանդիման նայեց պապին, լեզուն ալարկոտ հևատեց, ակամա մուռ արեց, հորանջեց, կրկին թիկն ընկավ:
– Շտաբի լիմիտներս պրծել են, խնդրելու տեղ չկա, տեսնեմ՝ կդառնա՞,- բացատրեց Դավիթը,- շատ-շատ՝ երկու օր: Գալու եմ, պապի, քեզանից պրծում չկա:
-Արի՛, մատաղս, արի, էս տարի էլ վիզդ առ, քո գերանդի բռնելը գիտեմ: Քուռակն էլ խեղդել ա ուզում, հոգիս կերել ա, ուժս չի պատում, – բողոքեց նա: Հետո ընկալուչի իր մասից՝ շշուկով, քթի մեջ ձայնափոխ.
– Դուչի Արամի թոռները քաղաքից եկել են: Աղջկերք, ի՞նչ աղջկերք, հուլունք հավքեր, պահ, պա՜հ: Գավրուշի աղջիկը քննություն-բան պրծած կլինի, ուր որ ա քաղաքից գալու ա…
Փոքրիկ Նորիկը սպասում է. իր սիրելի, նավաստու զոլավոր շապիկը իրանին պիրկ, մկանուտ, ամենազոր հոպարը դիրքից հանգստի է գալու: Շատ է ուզում հոպարն իրեն երկինք նետի, վեր թռցնի: Նորիկը սարսափում է նետումից, սիրտը տապտապում է, բայց ինչպե՜ս է երջանկանում, թռչուն է դառնում, իրեն գիժ ու խրտնիկ ձիուկ է զգում, լկամը բերանին, բաշը, մազերը քամու բերանին խելագար սլացող Քուռկիկ: Միշտ հոպարը շոյում է, իրեն ընկերաբար բողոքում, որ ծանրացել է, արդեն մեծ մարդ է դառել, էլ ուժը չի հերիքում, բայց մեկ ա՝ ընկրկում է, գոնե մի հինգ անգամ իրար ետևից երկինք է նետում: Ո՜նց է ուրախանում Նորիկը: Դավիթ հոպարը նստում սիգարեթ է վառում, ինքը ծնկներին թառում՝ էլի խաղում է.
– Հոպար, տանկն ա ուժե՞ղ, թե բետեէռը: Տանկի գնդացիրը քանի փամուշտ ա տանում,- հարցնում է Նորիկը:
-Ինչ գործ ունես տանկի հետ, այ տղա, – մեծավարի ասում է Դավիթը,- դու էն ասա՝ Մարթան եկե՞լ ա, չի երևում, երեկ, որ ավտոբուսը եկավ քաղաքից՝ ինքն իջե՞լ ա, կա՞ր ավտոբուսի մեջ, չե՞ս տեսել: Տե՛ս, ոչ ոքի բան չասես,- անձայն, Նորիկի համար լուրջ դեմքով, հարցնում է հոպարը:
-Հոպաա՜ր,-ուրախացած, անձայն փսփսում է Նորիկը,- էդ ուզում ես պսակվես Մարթայի հետը, հարսանիք պիտի անե՞ք:
-Դու էն ասա, երեկ եկե՞լ ա Ստեփանակերտից: Ուրիշի բան չասես, թե չէ ընկերություն չեմ անի էլ քո հետ, իմացա՞ր:
-Հա՛, հոպար, ուզում ես գնամ կանչեմ,- հիացած շտապում է Նորիկը:
-Բա որ տանը չլինի՞՝ ինչ պիտի ասես, որ Ռոզիկը դուրս գա՝ասելու ես ի՞նչ, Մարթային ինչի՞ համար եմ կանչում,- չմիտք-չմիտք, ծիծաղկոտ հարցնում է Դավիթը:
-Կասեմ՝ հեքիաթի գիրքը տու՛ր, ինքն ասել ա, որ մյուս անգամ քաղաքից գամ՝ հեքիաթի գիրք եմ բերելու քեզ, նկարներով, սիրուն, գույնզգույն:
Պապն ասում է՝ ցեղը ցեղ չի, դրանք ամուսին պահող չեն: Ումից խոսես՝ պապը քթմթելու է: Բնավորություն է, քանի տարի գյուղխորհուրդ է աշխատել, ամեն մի գերդաստան գիտի, ամեն մի տուն գիտի, ինչ տարան, ինչ բերեցին, ամուսինը գյուղամեջ ինչ շորով դուրս եկավ, տաբատը արդուկ տեսած էր, թե չէ: Թխած հացը կարմիր, թոնթոլ է, թե չէ, պետքարանը մաքուր է, թե …: Բոլորին, մեկ առ մեկ, գիտի՝ որ ազգ ինչ աղջիկ ունի, ինչ ջիղ, ինչ մայրացու է: Պապին, որ լսես՝ էս շենից սածիլ չպիտի վերցնես: Գնա, ասում է՝ քո հադրութներից, ասկերաններից մեկը ջոկի քեզ սազական, գնանք մատը մի ոսկի գցենք, ի՜նչ գործ ունես:
Պապը՝ թոշակի, ձյունը, որ դնում է՝ բան չունի զբաղվի: Ամառը գալիս է, կանխավ զանգում է, հայրաբար շողոքորթում, որ հարքի գնա թոռը՝ պայմանագրային սպա Դավիթը:
-Գերանդին քամի ա կերել, լաաա՜վ, քո հավան կացած թակ եմ տվել՝ հանել, ածելին ղալաթ ա արել: Պապին մատաղ, քո գերանդի բռնելը գիտեմ, ետևիցդ չենք հասնելու՝ ես ու էս սարսաղը՝ Վանին, էս ա էշի վրա կգա,- առավոտ շուտ ծրագրում է նա:
-Երկու օր, երկու ծագ, երկու ժամեժանք՝ քո տրամադրության տակ եմ: Երկուշաբթի առավոտ, ժամը իննին՝ շտաբում պիտի լինեմ,-ասաց Դավիթը,- ես խոտը կպառկեցնեմ թողնեմ՝ դուք մնացածը գլուխ կբերեք:
Արշալույսին՝ Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան եկան խոտհարքի: Պապը՝ Քուռկիկի վրա, մատակ զամբիկը ետևից՝ հեզ, շվար, տխուր, սիրտն անախորժ, Վանին՝ գորշ, ճերմակամազ մոխրաթավալի համետին: Երկուսով գերանդին պահում են բութակով ուսից դեպի երկինք՝ ցից, կանուխ, ծագից առաջ՝ լուռումունջ, խոժոռ, քնաթաթախ թմբիրից՝ հուպ:
-Մատակը պիտի խեղդենք, մատակը՝ հոգիս կերել ա: Խեղդենք՝ տեղը դնենք, միգուցե մուշտարի ճարվի, ձմեռը պահել չի լինելու,- դանդաղ, ձիուց իջնելու սահեց, չլսելու՝ մտմտաց պապը,-արդեն մոր ետևից դժվար ա գնում, ամեն որձի՝ ռունգերը տռուզ ա անում, ատամները դուրս՝ խինդ տալիս, զահլես տարել ա: Հասել ա, քո նշանածի նման, բալաս,- շվշվախոսեց, ժպտաց նա,- մինչև չխեղդես, ատամները, տակ-գլուխ իրարից չջոկես, լկամը բերանը կոխես, քիթկալ տաս՝ քոնը չի: Մինչև չխեղդես՝ վայրի ա, չի աշխատի: Ժամանակն էլ ա էդպես, ոտքդ սայթաքեց՝ ետևից չես հասնի, ասեմ՝ ականջիդ օղ արա: Հաշիվ չի, թե համալսարանավարտ ես: Հաշիվ չի…
Խոտհարքի տափը սահմանակցում է գարու հունձքն ավարտ արտին, ուր արդեն ցելը շրջել են աշնանացանի համար: Զամբիկը առավոտից փախս է ընկնում մորից, սիրտը գուշակել է: Հեռվի բացատին է նայում, ինքնիրեն պոչ մտրակում, խրխնջում, քանի քայլ ծլկում, պտույտ տալիս, հետո կտրուկ կանգ առնում, գալիս դեպի հեզ մայրը, դունչիկը հպում նրան, ինչ որ բան մրթմրթում, նորեն ցնցվում, պոկվում կրկին, շորորավարգ խտուտ անում քամու հետ: Սիրտն առաջվանից զիլ է, ակամա հենք է անում ետևի ոտքերին, գավակը թռցնում, հուսահատ ձայն տալիս: Էլի ու էլի՛:
-Արի՛, արի՛, քուրդուշ, այ զիլան գի՛ժ, հարս ես դառել, պրծել,-շոյանքով ժպտաց, պտղունց արած ափը մեկնեց պապը: Շվշվաց, մոտ կանչեց, դառնացավ՝ աչք չի թարթել՝ տարուկես անցել է: – ժամանակը վազում ա, ի՜նչ նախշուն կյանք ա, տե՛ս մի, անցնում, խելոք չպահես՝ տալու եմ քեզ կիչանցի մեկին, ա՜յ ասում եմ, տանելու են քեզ մի լավ դաս տան,- լուրջ-լուրջ խոսեց քուռակի հետ,- մեջքիդ հուռը թաց ջղանու փետի տակ կոտրելու են: Արի՛ մոտս, քուրդուշ, հը, շու՛տ արա,- Արշակը սիրալիր համոզեց, իսկ Զամբիկը՝ կողահաստ, գլուխը խոթեց մոր փորի տակ:
-Հաա՜ա: Ախմախ անասուն, փու՜ռռռ,- ջղայնացավ պապը,- արա՛, սա ի՜նչ անդաստիարակի մեկը դուրս եկավ, տե՛ս, ոնց էլ շան նման գլուխգալիքը հասկացել ա, է՜…
Զամբիկը՝ աչքերը գիտկան ու խնդրառու հառեց մորը: Քուռկիկ մայրը՝ անհաղորդ, խրթախուրթ, տամուկ խոտ է պլոկում գետնից, ոտքերով քշում լկտի ճանճերին: Դուստրը հուսահատ, կրկին շուրջանակի քառատրոփ տվեց, Կառլենի սպիտակ ձիու իր արու տարեկից որձին հիշեց, մտքովը իրարամերժ պատկերներ սահեցին: Միասին դաշտ էին դուրս գալիս, հիմա քանի ժամանակ է՝ համետը մեջքին է նրան տեսնում, պատահած տեղը՝ դեպի իրեն իսկի չի էլ նայում:
Սիրտը վախից տրոփում է, զարկի շորշոփը հասնում է կզակի երակներին, չգիտի՝ փախչի դեպի գետանցը, խփի-անցնի Խաչենի բարակ ջուրը, անցնի ծմակը, Քոլատակի բանդի կողմերը երեկ գայլ էր մեկուսի ոռնացել: Գայլի ճակատի համար՝ իրեն ջուր տված պողպատե պայտեր են հարկավոր: Ոտքերը աղջկական են, մոր տրոփած տեղերով՝ միշտ կրունկները արյուն է արել, տեսել է՝ մուգ, սրսռոտ մեխերը ոնց են պայտին խփել, մե՛կ սիրտն ուզել է, մեկ չի ուզել:
– Պարանը ուսդ ա՛ռ, Դավիթ: Շրջվեց կողքի՝ քուղլակը նետի՛ր, վիզն էլ չառնի՝ ոտքերից մեկը հուպ ա տալու, մնալու ա՝ պահես: Կուռդ ամուր ա՝ դու կպահես: Որ քարշ չտա՝ քոնն ա: Կամաա՜ց կմոտենաս, գժություն չպիտի անի,- խնդրեց պապը, շաքարի կտոր հանեց գրպանից: Զամբիկը գավակը շրջեց դեպի նրանց, ետևի ոտքերով կրկին ջուխտ կրակեց, արհամարհեց պապի ափը, ընդդիմացավ:
Դավիթը պահը բռնեց, օղապարանը թեթև նետեց քուռակի գլխին, մինչև զաբիկը կդրդվեր, բռանը մի քանի ծալ փաթաթեց, ուսի վրայով երկարոտ շրջան արեց, աջ ոտքով հենվեց գետնին՝ քարշ չտա անասունը:
-Աաա՜, կռանդ մատաղ, ջահելն ուրիշ ա, էլի՛,- աճապարեց ոգևորել Արշակը,-ժամանակին, մենակ երկու տարեկան ցուլիկը տափն եմ տվել, ջուխտ պնչերը երկու մատով ձիգ տվել, ոտքերը չարմխել, կորտ արել: Մենա՛կ:
Դավիթը պարանը քաշեց, զամբիկը ետ-ետ գնաց, վզի խեղդոցից փնչաց, փորձեց առջևի ոտքերը գործի դնել՝ բկան ճնշումից աչքերը սևացան, էգ նախշունիկի սիրտը դողաց, բաշը երերաց, վերուվար արեց՝ ապարդյուն, ազատվելու տեղ չկար:
-Քուրդուշ, Քուրդու՛շ,- օտարոտի, շչակտուր շշնջաց Դավիթը, պարանի երկայնքով զգուշորեն քայլեց դեպի զամբիկը՝ շունչ տա նրան, փորձի քիթկալ անել, միգուցե լկամն արդեն հուպ տա ատամների արանքով՝ գործը թեթևանա: Կապը որ կարճվի՝ զամբիկն արդեն իրենն է: Հետո, իրեն անխախտ պահելու հույսով, ցատկեց մեջքին, ձախ ձեռքի մեջ քիթկալ պարանը զսպեց, ոտքերով երկուստեք գրկեց փորը, աջով՝ արմատներից բռնեց բաշի սանրվածքը, մինչև պապը լկամը հուպ տա, մտցնի զամբիկի բերանը, երասանը տա իրեն: Մնում է՝ կատաղի մատակի մեջքից չընկնի: Երասանը խեղճացնում է ձիուն, խամ անասունը քո կամակատարն է, գավակ թռցնելու բերան չընկնի, գետնով կտա՝ ծլկի: Դավիթը տեղից շարժեց զամբիկին, երասանը ձգեց դեպի մոտակա հերկի կողմը: Հերկի անտանելի խլթուփոսի մեջն առավ նրան, առաջ մղեց՝ վարգի դեպի երևացող բացատը: Զամբիկը կորավ քրտինքի մեջ, կրծքից քար ընկավ, մաղձի, սրտոտելու հետ՝ նոր շունչ բացվեց, տկլոր մեջքին զգաց թեթև քաղցրություն, քառատրոփ տալու մոլեգին իղձը ներխուժեց իրանը, կորովը պատեց անպայտ սմբակները, մկանուտ կոնքերը այլայլվեցին, կծիկ ավյունով՝ սկսեց փոշիացնել կարծր հերկի թմբերը:
Զամբիկը երեք-չորս շրջան տվեց՝ ուրեմն քրտիքը կզարկի սրտին, խրտնել-գժվելու դժվա՜ր զորություն ունենա՝ նշանակում է իրեն դրել են փաստի դեմ, ինքը պիտի դեն նետի աղջկա կամակորությունը, ենթարկվի Դավիթի հրահանգներին, ոտքերի խուլ սեղմումն ընդունի որպես բանուկ կյանքի իսկական ակնարկ, այդպես՝ անխիղճ խեղդել են ասում դարերից եկած այս մշակույթը, այսինքն՝ բանուկի ճակատագիրը հանձնում են իրեն:
-Քուրդու՜շ, քուրդուշ,- ձայն տվեց պապը: Զամբիկը անդրդվելի փշրեց հերկը, Արշակն ու Վանին՝ ինքնաբավ, արեգակի մոտ գալուն են սպասում, տաքը պատճառ դառնա, անասունը՝ տկլոր, կապը բռնեն, իջնեն գետափ: Արեգակը որ գլխավերև է գալիս, խոտհարքը դժվարանում է, տապը սեղմում, նեղում է մարդուն:
-Դավիթ, հիմա կամա՜ց հավատս գալիս ա՝ պսակվելուդ ժամանակն ա: Պսակվելը՝ քուռակ խեղդելուց շատ հեշտ բան ա, ունքդ փոթ չգցես: Գիտեմ, գիտեմ, մեր Գրիգորի նման օձ էլ կբռնես, բայց աղջկանից վախում ես,- խայթեց, ծխահան կոկորդով քրքզաց, ծխուկը ոտքի տակ տրորեց, խոսեց Վանին:
– Որ իմանա՞ս՝ ինչ կրակ ա էդ պսակվելը, լեզուս պատի՝ կասեմ գործ չունես էդ ջհանդամի հետ: Էս խելքը լիներ, քո տարիքը՝ ես պսակվելու անուն տայի՞, ախ, ա՜խ,- լուրջ գանգատվեց Վանին,- ամեն ինչ սուտ ա, երեխա-կին, մեկ-մեկ էնքան նեղվում եմ: Երեխան ասում ենք աշխարհ ա, պսակվում ենք՝ տղա ենք ուզում, աշխարհով մեկ ենք լինում: Երեխան, Դավիթ, մատա՜ղ, ինչքան ամեն ինչդ ա՝ էնքան էլ ցավդ ա, հինգը ունեմ՝ հինգ ցավ, ամեն գիշեր ծագից առաջ երկու ժամին եմ աչք հուպ տալիս: Է՜, լավ, է,- նեղսրտեց նա:
-Գրիգորի նման իսկի լավ տղա չկա, Մարտակերտ հազար մարդ ա հարգում նրան, պիտի ուրախանաս,- ասաց Դավիթը:
-Հա՛, նայի, մոռացա քեզ ասեմ: Ամաչելս ո՞րն ա, մի քսան գրամ բան թող արա, որ ուզում ես գնաս մեկի հետ բան խոսելու, լուրջ եմ ասում,- սովորեցրեց Վանին,- քսան գրամ, ո՛չ ավել: Քսան գրամից ավել բան խմեցիր՝ տունդ կքանդես: Մի քանի կաթ բան կուլ տուր՝ սիրտդ պնդի, լեզուդ բացվի, գլուխ-հոգի գործ կանի իսկույն…
Դավիթը ժպտաց, վեր կացավ, խոտի ծպեղը բերանից դեն նետեց, գերանդու թաթը՝ տակուգլուխ, ետուառաջ յուղաքար քսեց, որ հարք անի:
Մարթան երթուղայինից իրենց տան մոտ պիտի իջներ, քաղաքից է գալիս՝ շաբաթ-կիրակին տանը մնալու, Դավիթը լրիվ ձայնով Ռուսոս է միացնում: Մարթան՝ սանրվածքը՝ պիրկ ու հավաք, դեմքին՝ թեթև շպար, ունքերը՝ սիրուն, հատ-հատ ու սեղմ, աչքերը՝ խոնարհ, անժպիտ, Դավիթենց տան մոտով անդրդվելի քայլքով, պայուսակ-ճամպրուկ թևին, դեպիրիկուն, ուղիղ հինգի կողմը բարձրանում է: Մի անգամ Ստեփանակերտ գնալուց ավտոբուսում իրար մոտ էին պատահական նստել: Սիրտ չէր արել խոսի, աչքի պռունկով մեկ-մեկ Դավիթը աղջկա կողմն է նայել, կողքի հայացքը՝ մեքենայի պատուհանի շուտանցիկին՝ խ առն բաներ մտածել, ճառագող արեգակը փախչող ստվերները շաղ է տվել նրա երեսին, այդ տաքուկի մեջ, նրա դեմքին, կողքի համար անգամ երևացող, քաղցր զգացում է սահել:
Մարթան այդ անժպիտ երեսով էր սիրուն, զուսպ արտաքինը նրան սազում էր: Դավիթը նրան մուրկ հոնքերով էր ուզում միշտ նայի, պահ գտնի՝ նայի, դեռ ուսանող ժամանակից, երբ Մարթան իննը, թե տասերորդ դասարան էր սովորում: Ճիշտ է, ամեն րոպե ուշադրության մեջ չէր, բայց միշտ, երբ առիթ էր հայտնվում՝ ափսոսանք, անհասանելի մի զգացողություն, ճնշում էր նրան, միգուցե ինքն իր մասին նվազ կարծիք ուներ, բայց միշտ, կամ՝ պարբերաբար հետևում էր Մարթային:
Վանու ասածն արել է, բայց քսանը հիսուն դառավ, հիսունը հարյուր, արդեն իրեն թվում էր զգում, որ ծամոնը ոնց որ տգեղ է ծամում, բայց ողջախոհությունը միշտ արթուն է, ինչպես հայրը կասեր՝ որ խմում է սովորականից տասն անգամ զգույշ է վարում մեքենան, այլ հարց է՝ ռեակցիան. ապրիորի տրամաբանություն: Վարորդի գործը ռեակցիայի վրա է, այդ բանը, հայտնի է, ակամա կարող են թուլացնել խմիչքն ու տարիքը, երկու դեպքում՝ աստված ողբերգությունը հեռու տանի: Առհասարակ, բաներ կան, ցավոք, որ ետ վերադարձնել անհնար է՝ կուրուստը, խայտառակ լինելը, ժամանակը, մի խոսքով:
Դավիթը ժամանակավոր անվեհերության միջին համեղ բան էր զգում, կողքից անհայացք նայում Մարթային, մտածում. «միթե՞ մի ուժ չկա, որ իր սրտի բոլոր վսեմ զցագումներն էս պահին, էս լուռ մոտիկության տարածքում առնի նրա հոգին, մարմինը, փոխանցի նրան իր սրտի ամենաքնքուշ տենչերը: Ուզում էր Մարթային գրկեր, երեսը հպեր երեսին, երեսբերես, ցրտոտ անուշահամ այտերի համը առնել, ու՝ աչքերը լկտի սիրահարի նման բաց պահել: Հոգնել է գիշերները նրան ուզելուց, ճիշտ է՝ միշտ դուրեկան շնչով, աննկատ հոգու մեջ նրան պահած՝ քնել է, բայց հոգնել է: Իսկի մեջը շառ ցանկություն էլ չկար, իսկական մարմնի ցանկություն: Անբացատրելի մաքուր, տարօրինակ ուզելիք ուներ, սիրտը պարարվեր նրանով, իր ուզածի մեջ բութ մերձենալու, զուգավորվելու ձիրքը պակասում էր, մի քիչ մտահոգիչ էր, խիստ անանձնական, որ, ըստ այդմ, տեղյակ էր, գիտեր մարմինն ինչ է: Որձական տարփանք չուներ Մարթայի հանդեպ, իրեն մեկ-մեկ դա մտահոգում էր, բայց մաքուր զգացողության հանդեպ դուրեկան խանդաղատանքը վերջերս փոխել էր նրա օրերի գույնը:
Մարթան անդրդվելի էր արտաքուստ, կարելի է մտածել, թե լուրջ անախորժություն կա այս օրերին նրա կյանքում, ավտոբուսի մարդաշատ առավոտյա մոտովորապես մեկ ժամվա անդորրը պատեհ առիթ է մեկուսի մնար իր մեղմ հոգսերի հետ: Իսկ ի՜նչ անհաջողակ, զավեշտալի վիճակում Դավիթը կհայտնվեր ճիշտ այս պահին, եթե հնարավոր լիներ պարզել, որ աղջկա մտքում հիմա ինքն է նստած: Կինը շուտ է ջոկում տիեզերքում շուռ տվող յուրաքանչյուր մի նորահայտ թուխպ, դա էկսիզտենցիալ երևույթ է, վայ թե: Էգ մարմինը վերբնական ուժերի հետ թաքուն, խորհրդավոր կապեր ունի, պարզվում է այդ ձիրքը ի վերուստ է տրված: Քի՞չ են հանելուկները, խարդավանքները, դավաճանություները: Տափաստանում մեկուսի հայտնված կինը իսկույն կարող է զգալ, որ հեռու սկանդինավյան մի բացատում իրեն ուզող կա, այդ ուզողը՝ իրենն է՝ թե չէ, եթե իրենն է՝ նա հազար մղոններ է կտրելու՝ հասնելու իր տղամարդուն, կամ՝ իր ձեռքին է, սրտումը՝ հեռու մշուշը կոխճրտելով բերելու է տալու նրան իր մոտ, դեպի տղամարդուն գնալու բնական ձգողականությունը զուտ կնոջ հաճոյությունն է:
Դավիթի արձակուրդի վերջին օրն է, իրիկունն էր արդեն որոշել՝ այսօր ինչ է անելու: Մի կերպ զսպել է անքնությունը, բայց շոյված է՝ անելիքը հասկանալի է ու պատրաստ: Վերաբերմունքը Մարթայի հանդեպ ամենևին ուրիշ էր, այնպես չի, որ հուրքը շուռ է տալիս պարբերական դարձած, սա ուրիշ վիճակ է, նա ինքնիրեն գիտի, որ ոսկերիչի մոտեցում է հարկավոր, թե չէ ձախողման դեպքում, ինքն էլ չգիտեր՝ ոնց է դուրս գալու ինքիրեն կեղեքելու գեհենից:
Կանգառում տաքսիստ դասընկերն է դիմավորելու իրենց, թեպետ Մարթան այդ մասին անգամ երազում էլ չի բան տեսել: Դավիթն իր ամենամտերիմ ընկերոջը, դասարանցի Կարոյին զգուշացրել է, որ այդօրը իրեն կարգին պահի, եթե հանկարծ Մարթան համաձայնի իր մեքենայով տանեն Կրկժան, բարեկամի տուն: Դավիթի մտքով չէր անցել, որ հանպատրաստից թվացող մեքենայի առաջարկությունը կարող է ենթադրյալ դավի՝ փախցնել-բանի տպավորություն գործել, անհեթեթություն է: Ուրիշ հարց է՝ հանկարծ ավտոբուսից իջնեն, Դավիթը մեքենայով տուն հասցնելու առաջարկություն անի՝ Մարթան չընդունի, օրը կդառնա ձախողակ, ավելին դեռ, մութ հոգով, նա Ասկերանի կողմով, երկուշաբթի, հերթափոխի կմեկնի: Առավոտյա խմիչքը ուր որէ բաց է թողնելու, Դավիթն անդադար ապրումներից արդեն ոնց որ խոնջանքի մեջ է՝ դես-կամ դեն, հոգնել է:
Կարոն է անհույս կնամոլ, իրիկունը որ խոսել էր, հատուկ զգուշացրել է, դատարկ չշատախոսել, թե չէ, ճիշտ է, որ ղեկի նստում, մի բան է պատմում՝ միշտ համով է, բայց Դավիթն այս անգամ ծայրաստիճան պարկեշտություն էր ուզում:
Նախորդ անգամ Կարոն ավտոկայանից մարդ պիտի տեղ տաներ, Դավիթին ձեռաց հետը վերցրեց, որ չձանձրանա սպասելով, ու զրուցում էր ճանապարհին.
-Մեքենան միշտ տնակ եմ քշում իրիկունը, ոտքով Ազատամարտիկներով տուն բարձրանում, մայթին, առջևիս, մազերը սիրուն ետևին թափված, շիմշաթ ֆիգուր, հետույք, կխտարի նման աղջիկ ա բարձրանում իր համար: Ոտքդ թափ ես գցում, ետևից հասնես, մի կողքից դեմքին նայես-տեսնես, երեսկահատը ո՜նցն ա: Ախպեր, գեշուգրող, ինձ չի պատահել, ետևից հասնես, աբգոն անես, դեմքին նայես ու՝ չհիասթափվես: Աղջիկը ետևից շատ խաբուսիկ ա, կարծես էն գլխից էդպես էլ պիտի լինի: Որ խոսում եմ, Դաթո, ասում ես բաբնիկ ես, գլխումդ էդ ա շուռ տալիս, թե էդ օրը ում ես կպցնելու, ցուցակ ես պահում,-ծիծաղում, պատմում է Կարոն:
Ալարկոտ, քնաթաթախ ավտոբուսը հասավ ավտոկայան, աշնան գորշ օր, երբ չգիտես՝ արգակը դուրս է գալու, թե չէ: Արքայանարինջը հասունացել է, քաղաքի սեփական տների մերձակա բակերում մի-մի խնամված ծառեր կան: Ուղևորները հերթով կանգնել են միջանցքում, տոմսավճար են մուծում, դուրս գալիս: Դավիթը շուտ ցատկեց, սպասեց Մարթային: Թեթև, պայծառ արբունքն արդեն լքել է իրեն, սրտոտել է, գիտի, իրեն համոզել է՝ պետք է մի անգամ խոսել-կտրել՝ դես կամ դեն, սպասում, մանավանդ գիշերները՝ նրան կեղեքում են, ցերեկները՝ անտանելի թուլություն, կոտրված վիճակ: Հետո, քրեական բան չկա իր արարաքի մեջ, ինքն իրեն փրկում է, հոգնել է արբեցած որձի մոլագարություն անել սրա-նրա հետ, երեկոները զանգել որևէ մի անարժան, մորաքրոջ տարիքի կնոջ՝ ժամանակ անցկացնելու համար: Ամենավատը հաջորդ առավոտ սթափ արթնանալուց հետո է սկսվում, երկու-երեք օր է պետք՝ ինքնիրեն անդորրի բերի, զբաղմունք է փնտրում, լավ է՝ ծառայությունը կա: Ամեն դեպքում, տհաճ կողմերից մեկն էլ՝ թույնը տղաների գլխին թափելն է: Սեթոն արդեն ջոկել է, ականջակալների տակ, խուլ, ժպիտ է նկատում Դավիթի երեսին, սովորական աղմուկից՝ արտասովոր, զավեշտալի բարձրաձայն կատակում.
-Կամանդիր ջան, հասկանում եմ, ոնց որ էս եկող արձակուրդին ջիվի-բան կա, տաքտաք հանդիպում…
«Եկավ», արձագանքեց նրա մեջ, օծանելիքի բույրը հորդաց ավտոբուսի թափքից: Մի աչքով՝ Կարոյի հայտնվելուն, մյուսով՝ երակը չորսծափ բացված ավտոբուսի դռանը: Լավ է՝ Մարթայի պայուսակները շատ են, հարմար առիթ է.
– Մարթա, բարև, դասի պիտի գնաս երևի,- դուրս թռչեց նրանից: Բժիշկն այդ պահին նրա մոր կդիտեր թունդ հաճախասրտություն, իսկ Մարթան՝ անշփոթ, աչքերը փախցրեց, ուզեց պատասխանել, իրեն յուրահատուկ, սիրալիր մեղմությամբ: Դավիթը նրա հոգին շոյում էր միշտ, անգամ եթե մեկ-մեկ էր առնչվում նրա հետ, գյուղում ընդունված, դիպված, կին արմատի հավաքների քննարկումների ժամանակ, կամ՝ քաղաքում երբ հատուկենտ պատահում էր ավտոկայանում, տարին մեկ, միշտ գգվում էր թաքուն նրանով: Դավիթն իրենից ավագ տղաների մեջ հեղինակություն էր:
-Բարև: Չէ, տուն, երկրորդ հերթ, երջանիկ եմ,- ժպտաց նա:
-Օգնեմ, մինչև կեսօր ազատ եմ, ժամը երեքին նոր թուղթս ուժը կկորցնի,- ասաց Դավիթը, արդարանալու նման պատասխանի սպասեց, թոթափեց սիրտը՝ քանի օրվա անուշ ծանրությունից: Հետո պայուսակները վերցրեց, ինքնաբերաբար կողք քաշվեցին: Դրսի առավոտյա իրարանցումը հանդարտվեց, ավտոկայանի սանդուղքների շեմքին, Կարոն մեջքով կանգնած, ուշումիտք Դավիթի կողմը, ինչ որ ծանոթի հետ խոսում էր քիչ հեռվում, սիգարեթի ծուխ ներքաշում: Նա՝ Դավիթից միգուցե մի քիչ էր պակաս ցանկանում, որ գործը գլուխ գա: Կարոն կնամոլ էր, ցաքուցրիվ, աննպատակ, բայց ընկերոջ համար ամեն ինչի պատրաստ էր, սիրտը լեն տղա: Ընկերությունը սարքովի բան է, արհեստական, ինչ որ տեղ շինծու, սակայն ակամա երևույթ է, ինքնիրեն է ի հայտ գալիս, անխոս, աներդում հավատարմություն է մեջտեղ գալիս, հազվադեպ զոհողություն: Ընկերությունը, սիրո նման, անուշ, հակասական, ցավոտ երևույթ է, թե տարիները, տարիքը, հանգամանքները զարկեցին՝ զարկեցին, թե չէ.. ինչ էլ փոփոխական, անկանխատեսելի է կյանքը: Կարոն սրտաբաց է ծնվել, ընկեր-հարևան թերահավատ են, նրան՝ ծնողների համար քիթ են ծռում, իսկ ոմանք ասում են դեպի քեռիներն է ձգել, շապիկը կհանի կտա: Սա մերկ խոսք չի նրա մասին, կան այդպիսի տղաներ:
Դավիթի սրտի հարցին Կարոն ամենայն մաքրությամբ է մոտենում, երեկվա հեռախոսի պայմանավորվածով, ուզում է ընկերոջ քեֆով լինի ամեն ինչ, որ ինքն էլ շոյվի հաջողության համար:
-Կարոն կտանի: Կես ժամ է՝ տանենք քեզ թողնենք տանը,- սրտապինդ ասաց Դավիթը: Մարթան գիտեր, իսկույն հասկացել է, որ Դավիթը միտումնավոր է ոտքը կախ գցել իր համար, ճանապարհին, դեռ առջևի նստարանին, մեկուկես ժամվա լռության մեջ նա զգացել էր: Չէր ուզում նեղություն տալ, բայց այս դեպքում նեղսրտելու հարց կար, թեև Կարոյի անունը տարօրինակ թվաց, չէր նկատել, մյուս կողմից՝ թեթև զգաստացավ: Դավիթն անսպասելի հորդոր արեց, որտեղից որտեղ Կարոն հայտնվեց: Ի՜նչ է նշանակում, հենց այն է թեթև զգաստացավ, քանի որ երբեք մտքով չէր անցնի գեշ բան, ի վերջո, Դավիթը արժանապատիվ տղա է: Կարոյի պահը՝ տարակուսելի, բայց Դավիթի վրա վստահ է: Մարթան Դավիթին զգում էր, գիտեր ինչ պարզություն կա նրա մեջ, ինչ անկոտրում հմայք, խոսքի ծանրություն, առատ բարություն, կամ թե՝ սիրտն էր այսքանը ներքուստ իր համար ստեղծում:
-Նեղություն ա, ինձ թվում ա , ինքս կարամ հասնեմ,- վայելչացավ նա, ինչ-որ տաքսի վարձելու տրամադրվածություն ուզեց ցույց տալ, բայց Դավիթն արդեն նշան արեց Կարոյին, որ շենքի հակառակ կողմից հապշտապ մեքենան դեմ քշի:
– Ու՞մ տունն ա,- հարցրեց Կարոն, արդեն Ազատամարտիկների պողոտան հանգիստ իրենը համարելով, օտարոտի, իբր Դավիթն ու Մարթան ետևին նստեցին, սովորական կլիենտ են: Կարոն դեր էր խաղում, կասկած չկար, որ Մարթան գիտի իրեն տուն հասցնելու Դավիթի ցանկությունը: Հետը՝ քաղաքը անգիր գիտի, գյուղի արմատներով մարդկանց տները հատ-հատ:
-Տատիս քույրն ա, մենակ ա ապրում, մերոնք՝ ով քաղաքում ուսանող ա եղել, իր տանն ա ապրել, մեր հանրակացարանն ա: Ուրիշ տեղ մնանք՝ կխռովի մեզանից,- աշխուժացավ Մարթան:
Դավիթը ոչինչ չէր լսում, ուզում էր ճանապարհը երկարեր, ձախ կողմից, ետնահայելու դիմաց ինքն էր նստել, նրան թվում էր՝ օրվա խնդիրը գլուխ է եկել, բայց իրեն հավաքի, աներես լինի՝ Մարթային՝ բջջայինի համարը թողնելու համար նաև խնդրի: Իրեն հարց է տալիս, որ դժվար թե նա, օրինակ, հեռախոսի համար մերժի, հարցը իր իսկ համարձակության ձեռքին է, առհասարակ, տղայության պետք չկա:
Դավիթը զգում էր, որ այդ աղջկանից ինքն այլևս չի կտրվելու, ոչ-ոքի նրան չի տալու, հեռախոսդ էլ, մեքենադ էլ, Մարթան իրենն է, հիմա թեթև, լեցուն զգացումով՝ հաջողություն ասել, Կարոյին բաց թողնել իր գործին, ետ է գալիս ոտքով դեպի գնդի կողմերը, որտեղից իրիկնադեմին հերթափոխը պատրաստ դիրքեր է մեկնելու:
Հիմա ուրախությունից Դավիթը թռչում է: Իսկական թռիչք, մայթին ծվար՝ մուրացկանին է թղթադրամ գցում, պապիկին օգնում փողոցն անցնի, սիգարեթի ու գարեջրի մանրուքը՝ թողնում սրունքները կոկիկ մատուցողուհուն: Հիմա երկու սրտով է ուզում դիրքեր գնա, քանի որ մի շաբաթից, կամ տասը օրից արձակուրդ է գալու, դեռ պիտի մտածի, թե դիրքի գիշերահովին ոնց է էսէմէս «Ողջույն» գրելու, մեն մի հատիկ բառ, Մարթան քնած լինի, զբաղված, ինչ որ մի լիցք իրեն հուշում է հիմա, որ սպասելիս է լինելու հեռախոսի այդ զրգուն, կարճոտ էսէմէսի ծլնգոցին:
Այս մարդկանց աշխարհին՝ ուր որէ ձմեռ պիտի գա, մաքուր, ցանկալի, անարատ ձյուն: Մի աննկատ բան կա, քչերն են տեսնում, բայց այդ բանը կա. ուշ աշնան ու վաղ ձմռան միջնամասում՝ մի փոքր գարուն է բացվում իրական, աչքից, աղմուկից հեռու, մի փոքր, կարճոտ, ժամանակավրեպ գարուն գալիս ու՝ երկրի վրա անու՜շ խաղաղություն է նստում: Այդ պահին, վաղանած գետնին, հրաշալի, մուգ կանաչ է ծիլ տալիս, ծառերից՝ անխրատները, մեկ էլ տեսար, ծաղկեցին, ճղների անորոշ մասերում վարդ պայթեցին: Այս կողմերում մարդիկ աշնան ու ձմռան միջնամիջի այդ գողտրիկ գարնան կանաչին ասում են գուզլակ: Գուզլակի վրա շուտով ձյուն է նստելու, ձյան տակ, գուզլակի կանաչի մեջ՝ հավերժական գարուն է ապրում…
-Քնե՞լ ես, Շուշան,- արթուն տատին՝ ջգրու, իբր արթնացնելու համար, ձայնը համառեց Արշակը:
-Այտա, քո կողքին քնել կլինի՞: Ամբողջ օրը քեֆիդ քեֆ չկա, ես երկու թոնիր հաց եմ կպցրել, կռներս իմը չի: Սուս արա՛՝ աչքիս հուպ տամ, էլի անքուն մնացիր՝ հոգիս կերա՞ր,- բողոքեց տատը:
-Ուզում եմ մեռնեմ, Շուշան, էս ժամեժանքը: Ուզում եմ մեռնեմ՝ դու քնու՞մ ես, քեզ խիղճ չունե՞ս,- ռունգերի միջից, հանդարտ, խուլ տեղից արտաբերեց Արշակը,-Լավ, էէ՜, ո՞ր կնիկ ա մարդուն բարեկամ եղել, որ թիթիզ ես կտրել, ա՛յ մարդ՛-ինքնիրեն,- օտարի ցեղ ա, էլի՛, մեզ սուտ սիրտ ենք տալիս, ապրում:
-Այ մարդ, մեռնելու միջոց չունենք, մեռնելու անուն չտաս: Համ էլ՝ քեզանից ի՞նչ մեռնող, իմ գլուխը մինչև չուտես, հանգստանաս՝ դու գնացողը չես:
-Ա՜խ, Շուշան, ա՛խ: Կմեռնեմ՝ դու կտեսնես, կարիքս, պակասս էն վախտը կզգաս: Գլուխս վայր դրեցի՝ քեզ շան տեղ էլ չեն դնելու, հը՛մ, հլա ու՜ր ես, – հոգոց բաց թողեց, դառնացավ Արշակը, հետո վերմակը թավալեց ոտքերով, շուռ եկավ դեպի պատը:- Ուզում եմ գնամ, հոգնել եմ ամեն ինչից: Հոգիս բաց թողնեմ՝ շունչս փչեմ, մեկ էլ մտածում եմ՝ ցուրտը հուպ ա տվել արդեն, առաջը ձմեռ, երեխեքը շաղված, ամեն մեկը իր դարդին կցան. մեռնեմ՝ բա էն բարբադ Կրասնոդարից Զարիկն էս զուլումին ո՞նց ա գալու: Էս հավայի արաղի գերին, ուրիշի ճրագ, Մարկոսանց ալկագոլիկ Վիլեն տղադ պիտի՞ ինձ թաղի: Վաա՜յ, վա՛յ: Ձեռքին կոպեկ կա՞՝ ինձ մարդավարի հողումը դնի: Շուշան աղջիկ, այ ասում եմ, կմեռնեմ-գնամ՝ էն վախտ իմ կարիքը քթիցդ դուրս ա գալու, միտդ պահի ասածս…
-Էս գիշերվա կեսին ի՞նչ ես կռկռում, այտա՛, դու մեռնող պտու՞ղ ես:
-Տեսա՞ր՝ Ղուլյան Մանվելը օր-ցերեկ ինչ արեց: Էն օրվանից սիրտս կապ ա ընկել: Հիսուն տարվա պարտիական, քսան տարվա սելպո ղեկավարած մարդը՝ պարանը գցի վիզը, իրեն կախի, համալսարանավարտ երեխեքին տնազատեղ սարքի: Թուղթ ա գրել, դրել սեղանին, ասում են, աղջիկը՝ Լիլիթն ա առաջինը մտել տուն: Գրել ա, թե՝ «…ընկերներ, խնդրում եմ՝ ինձանից հետո երեխաներիս անտեղի չմեղադրեք, հոժար կամքով ես էս կյանքը լքում եմ, խորհրդային-կոմինիստական կարգերի փլուզումից հետո, իմաստ չեմ տեսնում ապրելու»: Էսօր-էգուց քառասունքն ա: Էն օրը, որ Բուբուլ Մարտիկը դարպասի կողմից ասեց ՝ «Գաբրիելյա՛ն, Մանվելը՝ ընկեր Ղուլյանը, տեսա՞ր ինչ արեց: Էն սհաթին, Շուշան, կրծքիս մեջ մի բան էն չի: Մանվելը, գոգնոցը կապել, կնիկն էն զահրումարից հիվանդ, հոգսը քաշել ա: Մի երեխա չի թողել մոտ գա, մինչև Էլզան, խեղճը՝ եկավ-դառավ մի թիքա: Կնկանը դրեց հողումը՝ երկու ամիս չձգեց: Շահենն էլ էն զահրումար ցավի մեջ, երկու տարի ա թախտին պառկած, պատը-պատին, հարևան-հարևան, Մանվելի խաբարն ասել են ականջը չգցեն, դիմացողը չէր, շունչը կփչեր: Միասին փիփերթ տարի ենք անցկացրել, միասին սոված, միասին ժողովրդին հացի տեր սարքել: Ա՛խ, Շուշան,- քրթմնջաց Արշակը, մենակություն զգաց կրծքի մեջ,- եկել մեր վախտը հասել ա: Ապրելու ինչ կա, է՜, ի՞նչ ա մնացել:
Շուշան տատին նինջը հաղթեց, կարկամ խռմփոցին՝ պապն իր մահճակալից վելվետե հողաթափիկը անձայն նետեց նրա կողմը, տատը կտրուկ շնչատեց, ճռպռաց.
-Այտա, դու ի՞նչ տիպ ես, թողնելու՞ ես աչք հուպ տամ, թե չէ: Էդքան անխիղճ արարած կլինի՞՝ որ դու ես: Բոլոր օրը՝ դու պարապ, դա էլ իմ ըսպասիբա՞ն ա:
Արշակը, բնավորությանը հարիր, մթան մեջ իբր տատի ընդվզումը չնկատեց, տաղտկալի մենախոսությունը շարունակեց.
-Դաչնիկ մոսկվացին եկավ-փախավ, հույսս Դավիթն ա: Նա էլ, տունդ շինվի՛, աշխարհի վերջն ա, Չախմուրի աղջկա ոռը բռնել, պա՛հ, արձակուրդ ա, թե չէ՝ տը՜զզ, Ասկերանը կտրելու ա՝ թռչի քաղաք: Չտես ես, արա՛, մեկն ասի, պա՛հ, մարդու տղան սիրահարվել ա..
-Էդ էլ մի բան սարքի, տե՛ս կարում ես, մոտը լեզուդ թռչի՝ խռովցրու մեզանից, սրտներիս փուշը էդ երեխան ա հանում,- հառաչեց տատը,- անտեր, անխրատ ձիուդ համար՝ խարջ պիտի անեիր, Գառնաքարից անասնաբույծ Ռաշիդին կանչեիր, փողը՝ փող տայիր, արաղը՝ արաղ: Երեխաս եկավ, մի ձմեռվա ապուռ սարքեց, քուռակը խեղճացրեց, հաց էլ չկերավ մեր տանը մի կարգին:
-Դու ասա՛՝ գիշերը աչք եմ փակում՝ որ դիրքում ա, ուշումիտքս էն անկյուններում: Շան որդի թուրքը չես տեսնում, հիմա էլ գիշերն ա գալիս, տակտիկան փոխելա էն բեխավոր ծյանին: Պրծում չկա էս կռվին:
-Արշակ, լավ, էլի՛, էս զուլում մթանը բերանդ խերով բաց արա,- ցավեց քունը փախած տատը,-թե չես քնելու՝ վեր կաց կրակը վառի, տունը ցրտեց, էս ա լույսը բացվում ա: Էն բոստանը, հավ-ճավ, ինձ են սպասում, էսօր-էգուց ձյուն ա դնելու, բան չմնաց:
-Վեր կացա՛: Քեզ կնիկ ասողի…
Ա.Ա. 18.06.2016