Ավելի քան երկու ամիս, ինչ ավագ դպրոցում սկսվել էին դասերը, Լինան փորձում էր արժանանալ ոմն մեկի ուշադրությանը: Այդ ոմն մեկը Մովսեսն էր, ում բոլորը Մոսո էին կոչում, և ով սկզբում ամեն կերպ փորձում էր խուսափել կպչուն բնավորության տեր այդ աղջկա հետ շփումից: Լինան արտաքուստ սիրունիկ էր. կլորավուն, բայց թեթևակի օվալաձև դեմք, որն ընդգծված էր նուրբ ծնոտով և փոքր-ինչ վեր ցցված այտոսկրերով, հետաքրքրասիրությունից շողացող աչքեր, որոնք ասես շտապում են բացահայտել աշխարհը, բնական վարդագույն երանգով լիքը շուրթեր, կիսակամարաձև խիտ հոնքեր, պատանի տարիքին ոչ բնորոշ բարեկազմ և հասուն մարմին: Մոսոյի համար, որը երբևէ հարաբերությունների մեջ չէր եղել և կյանքում գեթ մեկ անգամ աղջիկ համբուրած չկար, Լինան նույնիսկ գեղեցկուհի էր, բայց ինչ-որ բան տղային ստիպում էր, որ զգուշանա այդ աղջկանից: Երևի հենց այն, որ ամեն ինչ անսովոր հեշտությամբ էր ընթանում, ինչպես հոլիվուդյան մելոդրամաներում: Դա կասկածի տեղիք էր տալիս, քանզի Մոսոն չափազանց դավանապաշտ էր և ձգտում էր ապրել Աստծո պատվիրաններով, որոնց վրա հիմնվելով էլ պետք է փորձեր հասկանալ՝ Լինան Արարչի կողմից ուղարկված ընծա՞ է, թե՞ փորձություն:
Հասկանալու համար՝ նրա հետ երկու անգամ կինոթատրոն հաճախեց, մեկ անգամ էլ սրճարան հրավիրեց: Համարյա բոլոր դասերին սկսել էին կողք-կողքի նստել ու շատախոսել: Երկուսն էլ դեռևս միմյանց ճանաչելու փուլում էին: Ի տարբերություն Լինայի, որի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր, իսկ վարքագիծը՝ փոփոխական, Մոսոյին ճանաչելը դժվար չէր. նիհարավուն, բարակ դեմքը և աչքերն ավելի խոշոր ու արտահայտիչ դարձնող օպտիկական ակնոցն արդեն իսկ մատնում էին ապագա ծրագրավորողին, որը թեև մտածում էր IT ոլորտ մտնելու մասին, բայց դեռևս հափշտակված էր միայն տիեզերածնությանը վերաբերող տեսություններով ու աստվածաբանական գաղափարներով: Լինան խորասուզված լսում էր նրա մեկնաբանությունները Պլատոնի և Արիստոտելի աշխատությունների մասին, իսկ նա էլ ջանք չէր խնայում աղջկա վրա որքան հնարավոր է վառ տպավորություն թողնելու համար:
Անցնում է որոշակի ժամանակ, մինչև պարզ է դառնում, թե աղջկա մտքին ինչ կար: Մոսոյի ոգևորությունը վերափոխվում է հիասթափության, երբ նա իմանում է աղջկա սրտի ուզածն ու համոզվում, որ իր կասկածները տեղին էին: Լինան հակված էր բացահայտելու աշխարհիկ ուրախությունները՝ զգալով մարդկային մարմինների երկկողմանի բերկրանքն ու դրանց համահունչ ներդաշնակությունը: Աղջկա այդ տենչանքը Մոսոյին ստիպում է վերհիշել Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին, որտեղ խոսվում էր մարմնական մեղքերի մասին: Տղան նաև հիշում է այն հայտնի տեսությունն, ըստ որի՝ կնոջ առաջին սեռական զուգընկերը կարող է ժառանգական ազդեցություն թողնել նրա՝ հետագայում ունեցած երեխաների վրա, նույնիսկ եթե այդ զավակների հայրն այլ տղամարդ լինի։ Հանկարծ Մոսոյի մտապատկերում հստակ ուրվագծվում են Լինայի ապագա երեխաները, որոնք իր դիմագծերն ունեն և մինչև անգամ կրում են նույնպիսի ակնոց, ինչպիսին իրենն է: Այդ մտապատկերից Մոսոն սփրթնում է: Նրա երկյուղին գումարվում է պատասխանատվության զգացումը, որի մասին հաճախ էր խոսում հայրը՝ բացատրելով, որ տղամարդը հակառակ սեռի հանդեպ պետք է արդար լինի: «Հա, բայց… ինքն ա ուզում»,- մտածում է Մոսոն՝ փորձելով արդարացնել իր ներքին մղումը: «Մոսո, մի՛ շնացիր, մի՛ շնացիր, Մոսո»,- մեկ ուրիշ ձայն է ներխուժում և զավթելով տղայի գիտակցությունը՝ ենթարկում իրեն:
Նա հասկանում է, որ պետք է ոչ թե շնանալ, այլ փրկել աղջկան շնությունից՝ բացատրելով, որ նման ցանկությունները վայել չեն օրիորդին: Հիշելով ավետարանական տեսարանը, որտեղ Հիսուսն անառակ կնոջը փրկում է քարկոծումից, և վերջինս ապաշխարում է, նույն կերպ էլ Մոսոն է վճռում դարձի բերել Լինային:
Երեք օր անց նրանք հաճախում են Լունապարկ և «Կարապներ» ատրակցիոնով մի քանի օդային պտույտ գործում: Բարձրության վրա գտնվելու ընթացքում Լինան վերստին խոսք է բացում իր շղարշված ցանկությունների մասին: Մոսոն հանում է ակնոցն ու ռուսական սրբապատկերի կերպարին բնորոշ խստադեմ հայացքով սկսում իր դաստիարակչական և բարոյախրատական քարոզը: Նա ոգևորված խոսում է ողջախոհության ու պարկեշտության մասին և վերջում հավելում, որ դեռևս չամուսնացած աղջիկը պետք է անբիծ պահի իր մարմինն ապագա կողակցի համար: Լինան մեկ-երկու բառով փորձում է հակադրվել, բայց տեսնելով Մոսոյի համառությունը՝ հանձնվում է և շատ արագ ցրում թեման: Կարապից իջնելուց հետո Մոսոն ընկնում է մտքերի մեջ ու երկար ժամանակ գցում-բռնում՝ անգիտակցաբար չնեղացրե՞ց արդյոք աղջկան: Այդպես մտասուզված ու լուռումունջ՝ Լինային ճանապարհում է տուն:
Համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է և աղջիկը վիրավորված չէ, Մոսոն նույն օրը երեկոյան ինստագրամով մի կարճ նամակ է գրում նրան՝ խոստովանելով, որ ապագա կողակցի մասին խոսելիս նկատի է ունեցել հենց Լինային, և որ ինքը պատրաստ է մոտ ապագայում դառնալ նրա ամուսինը, բայց դեռևս պետք չէ շտապել ու ժամանակից շուտ տրվել մարմնական վայելքներին: Ի պատասխան՝ Լինան ժպտացող էմոջի է ուղարկում:
Հանգստյան օրերն անցնում են, ու երբ Մոսոն երկուշաբթի գնում է դասի, դպրոցի բակում, ի զարմանս իրեն, տեսնում է Լինային մեկ ուրիշ տղայի հետ: Սկզբում արտասովոր ոչինչ չկար, պարզապես կանգնած զրուցում էին: Մոսոն մի պահ ուզում էր մոտենալ, սակայն քայլ չարած՝ տեղում քարանում է, երբ տեսնում է, թե ինչպես են նրանք գրկախառնվում, ապա ձեռք-ձեռքի բռնած՝ մտնում դպրոց: «Էս ի՞նչ էր…»,- ասես շանթահար եղած՝ մտածում է Մոսոն:
Ծանրացած սրտով և խառնիխուռն մտքերով նա գնում, նստում է դասին: Այդքանից հետո դեռ հույս էր փայփայում, որ Լինայի կողքին է նստելու և բացատրություն պահանջելու, բայց աղջիկը տեղափոխվել էր վերջին շարք ու մտադրություն էլ չուներ վերադառնալու Մոսոյի սեղանի մոտ: Իսկ դասերից հետո նրան տուն է ճանապարհում հենց այն տղան, որը Մոսոյի կարծիքով աղջկան բարբարոսաբար խլել էր իր ձեռքից: – Հո դու գյալըբո չե՞ս, արա՛,- զայրացած ասում է Մոսոյի հորեղբայր Մուրադը՝ իմանալով կատարվածի մասին:
Մոսոն սկսում է կասկածել՝ միգուցե այդքան էլ խելամիտ չէր հորեղբոր առջև անկեղծանալն ու նրանից խորհուրդ հայցելը: Հորեղբայրը թեև գիտակ էր իգական սեռին վերաբերող հարցերում (ինչպես ինքն էր բազմիցս հայտարարել), բայց նրան ոչ միշտ էր հաջողվում հուսալի խորհրդատու լինել: – Մոռացի իրա մասին, ինքը քեզ էլ չի տա… շատ-շատ բոթասով տա քյալլիդ, եթե մոտիկանաս,- ձեռքն օդում թափահարելով՝ պնդում էր Մուրադը:
Մոսոյի հայրը՝ Մանուկը, չէր համարձակվում խոսել, երբ ճառում էր ավագ եղբայրը, թեպետ հենց ինքն էր իր խրատներով որդու մեջ ձևավորել բարոյաէթիկական սկզբունքներ: – Սխա՞լ եմ ասում, Ման,- որդու կողքին մեղավոր դեմքով կուչ եկած եղբորն է դիմում Մուրադը:- Սրան չբռնե՞մ լեվի տանեմ՝ մարդ դառնա:
Չսպասելով Մանուկի պատասխանին՝ Մուրադն ինքն է արձագանքում իր իսկ հարցին. – Չնայած էսի որ պուտանկի քունի՝ կսիրահարվի…
Մանուկը զգուշացրել էր Մոսոյին, որ ձեռնպահ մնա հորեղբոր հետ նման հարցերի շուրջ կիսվելուց: Մոսոն էլ ձանձրացել էր հոր միատեսակ խորհուրդներից և ցանկանում էր որևէ այլ կարծիք լսել իր կյանքի ու արարքների վերաբերյալ: – Ճիշտ եմ, չէ՞, ասում, Ման, ճիշտ եմ, չէ՞, ասում,- արագ-արագ արտաբերում է Մուրադը՝ դրական պատասխան ակնկալելով եղբորից: – Հա՛, հա՛, ճիշտ ես ասում,- նույն հապճեպությամբ պատասխանում է Մանուկը՝ ցանկանալով շուտ փակել թեման, միաժամանակ երկյուղելով, որ Մոսոն կմատնի Մուրադի պատկերացումներին հակասող իր համոզմունքները:
Մոսոն հաջորդ օրն իջնում է բակ՝ իր ու Լինայի միջև եղածի մասին թաղի տղերքի կարծիքն իմանալու: Ինքը թեպետ չէր առաջնորդվում «լավ տղու պանյատներով» ինչպես իր հասակակիցները, բայց համոզված էր, որ աղջիկների հետ հարաբերվելու հարցում նրանցից շատերի փորձն ավելին է, քան իրենը: Մտնելով բակի տաղավար՝ նա նստում է հարևան տղաների կողքին ու դեմքը թաղում սմարթֆոնի մեջ՝ ձևացնելով, թե իբր չի լսում նրանց խոսակցությունը, որը, բարեբախտաբար, վերաբերում էր հենց աղջիկներին: Նա, ականջները սրած, ունկնդրում է հավաքվածներից մեկի՝ թզբեհը ձեռքում պտտեցնող Ռուստամի նախատինքը, որն ուղղված էր ներկաներից Հրաչոյին, որը նույնպես գործունյա չէր աղջիկների հարցում: Վերջինս ծիծաղով էր պատասխանում այդ կշտամբանքներին: – Բլյատ, խնդում ես, սաղ օրը դպրոցում լռված ես, չես կարո՞ւմ մի հատ պուց ճարես,- թզբեհի կտկտոցներին համահունչ ասում է Ռուստամը:
Մոսոն հասկանում է, որ պետք է որքան հնարավոր է շուտ չքվել այդտեղից, իսկ խորհուրդ հարցնելու մասին մոռանալ: Եթե տղաներն իմանային, որ ինքը ճարել էր Ռուստամի նշածը, ապա կորցրել՝ դառնալու էր ծաղրանքի համընդհանուր առարկա:
Վերստին հիշում է Հիսուսի և անառակ կնոջ պատմությունն ու վճռում իր հարցերի պատասխանները փնտրել եկեղեցում: Նա ցանկանում է հենց Բարձրյալից իմանալ, թե այդ ինչպես ստացվեց, որ Հիսուսն անառակին փրկեց քարկոծվելուց ու դրդեց ապաշխարության, իսկ ինքը Լինային ո՛չ քարկոծումից փրկեց, ո՛չ էլ ստիպեց ապաշխարել: Երբ գալիս է եկեղեցի, մուտքի մոտ նրան է մոտենում լղար մարմնով մի տարեց մարդ և ասում. – Ջահել ջան, մի էրկու կոպեկ կտա՞ս՝ մտնեմ մոմ վառեմ:
Մոսոն մետաղադրամներ է հանում գրպանից ու տալիս նրան: – Մի հինգհարուրնոց էլ կտա՞ս,- ոգևորվում է կարիքավորը:
Մոսոն շրջվում է ու մտնում եկեղեցի: Մուրացիկը միանգամից հետևում է նրան, մոտենում այն նստարանին, որտեղ նստել էր նա, ու տեղ զբաղեցնում կողքին: Մոսոն դադարում է ուշադրություն դարձնել իրենից շարունակաբար փող մուրացողին և հայացքը սևեռելով պատին փակցված Հիսուսի սրբապատկերին՝ մտովի երկխոսության մեջ է մտնում Փրկչի հետ: «Տեր իմ Հիսուս, ինչո՞ւ…»,- մտածում է Մոսոն: Նրա երևակայության մեջ, ասես ի պատասխան իր տրտունջների, սրբապատկերը կենդանանում է, և Հիսուսը, զարմացած, վեր է տնկում մատը: «Բայց, ախր, դու էլ անառակին դրդեցիր, որ ապաշխարի»,- Փրկչին մտովի հակադրվում է Մոսոն: «Անառակին, այ դեբիլ, ԱՆԱՌԱԿԻՆ»,- դեմքը խոժոռելով՝ զայրանում է երևակայական Հիսուսը: «Եթե քնեի Լինայի հետ՝ ինքն էլ կդառնար անառակ,- շարունակում է արդարանալ Մոսոն:- Ես ուզեցի ընդամենը կանխել անառակությունը»: Հիսուսն արհամարհանքով թիկունք է ցույց տալիս՝ այլևս չցանկանալով վիճել Մոսոյի հետ: – Ոնց որ թե նեղված ես, հա՞, ջահել ջան: Ինչո՞վ կարանք օգտակար լինենք,- իրեն մեջ է գցում մուրացկանը:
Մոսոն երկար-բարակ պատմում է իր ձախողված սիրո մասին՝ ընթացքում մեջբերումներ անելով Նոր Կտակարանից: – Մոտիկ արի, ասեմ,- իմաստունի կեցվածքով կանչում է զրուցակիցը:
Մոսոն մոտեցնում է ականջը: Իմաստուն մուրացիկը շշնջում է. – Հիսուսը բաբնիկ ա էղել:
Առանց մեկ բառ իսկ արտաբերելու՝ Մոսոն գնում է տուն և օրվա մնացած մասը, ներառյալ գիշերը, տապակվում մտորումների մեջ: «Տեսնես ինքը հիմա ի՞նչ ա անում, ի՞նչ ա զգում, ի՞նչ երգ ա լսում, ճաշին ի՞նչ ա կերել… Արդեն մոռացե՞լ ա ինձ»,- սենյակում ետուառաջ անելով՝ մտածում է Մոսոն:
Բացելով Լինայի ինստագրամյան էջը՝ նա տեսնում է, որ դեռևս չի հեռացվել հետևորդների շարքից, և դա նրա սրտում հույսի կայծ է արթնացնում: Նա սկսում է գիտակցել, որ իրեն պետք են ոչ թե խորհուրդներ ու կարծիքներ, այլ երկաթե ճշմարտություն՝ պարզելու, թե իր ու Լինայի միջև ինչու ամեն ինչ այդպես վերջացավ, և, արդյոք, հնարավոր կլինի՞ ինչ-որ բան վերականգնել: Այդ հարցերի պատասխանները գտնելու համար նա հաջորդ օրը դպրոց գնալու փոխարեն շտապում է բախտագուշակի մոտ:
Երրորդմասցի Բելլան, որի մոտ ժամանակին հայրն էր գնացել կնոջից բաժանվելուց հետո վերջինիս վերադարձի օրն իմանալու համար, և որը մի անգամ եկել էր իրենց տուն թուղթուգիր հանելու, այժմ սիրով ընդունում է Մոսոյին: Տղայի պատմածը լսելուց հետո բախտագուշակն աղոթք է կարդում, ապա սկսում խաղաթղթերով ժանգլյորություն անել: Նա խառնում է քարտերը, հետո պարզում դրանք Մոսոյի կողմը, և տղան կիսում է տրցակը: Այնուհետև սկսում է տրցակի խաղաթղթերը որոշակի կառուցվածքով շարել և ամեն անգամ գլուխը բազմանշանակ օրորելով՝ հետևել Մոսոյի համար անհասկանալի դասավորությանը: – Լավ… պարզ ա,- խոր հոգոց հանելով՝ բացականչում է Բելլան:
Մոսոն անհամբեր սպասումից ճտտացնում է մատները: Իր առջև դրված մոմի թրթռացող լույսն անկանոն ստվերներ է գցում գուշակի դեմքին՝ ընդգծելով նրա կնճիռներն ու սարսռեցնող երանգ հաղորդելով դիմագծերին: – Ինքն առանց քեզ շատ ա տանջվում, սպասում ա, որ առաջին քայլը դու անես,- ձայնի խորհրդավոր հնչերանգով ասում է Բելլան:
Ուրախությունից իրեն կորցրած Մոսոն վերադառնում է տուն ու փռվում մահճակալին: Վստահ լինելով, որ գուշակի կանխատեսումն իրականանալու է՝ նա բացում է ինստագրամն ու Լինային գրում. «Բարև »: Ապա ներքևում ավելացնում է․ «Ո՞նց ես»: Անցնում է 10 րոպե, 20 րոպե, Մոսոն պառկած սպասում է, բայց պատասխան նամակ այդպես էլ չի ստանում: Փորձում է համբերատար լինել, չնայած իր ներսում րոպե առ րոպե աճում է լարվածությունը: Եվս մի քանի րոպե անց Լինան սթորի է գցում, ինչի մասին վկայում է պրոֆիլի լուսանկարի շուրջ հայտնված գունավոր օղակը: Մոսոն անմիջապես բացում է սթորին ու, տեսնելով Լինայի զվարթ սելֆին համադասարանցիների հետ, վերջնականապես հուսալքվում է: Հերիք չէ, որ ինստագրամում գտնվելով՝ անտեսել էր իր նամակը, դեռ ավելին, համադասարանցիների հետ զվարճանալով՝ հակադրվել էր երրորդմասցի Բելլայի կանխատեսմանն, ըստ որի՝ նա պետք է տառապեր միայնության մեջ: Դա Մոսոյին հիշեցնում է հորեղբայր Մուրադի խոսքերը. «Ինքը քեզ էլ չի տա… շատ-շատ բոթասով տա քյալլիդ…»: Երբ նա վեր է կենում տեղից, զգում է Լինայի բոթասի ամբողջ ծանրությունը ոչ միայն գլխին, այլև ոտքերի արանքում:
Հոգեկան տվայտանքների պատճառով նա տրվում է ընկճախտին և, չցանկանալով որևէ մեկի հետ տեսնվել, հաջորդ օրերին դարձյալ բացակայում է դասերից: Դպրոց չգնալն արդարացնելու համար նա հորը ստում է, թե, իբր, վերսկսվել են իր շնչահեղձության նոպաները: Երբ նրա այդ նոպաները պարբերաբար կրկնվում էին դեռևս փոքր հասակում, հայրը, գերհոգատարություն դրսևորելով, թույլ չէր տալիս նրան շփվել հասակակիցների հետ, քանզի վախենում էր վիրուսային հիվանդություններից, որոնք Մոսոն չափազանց ծանր էր տանում: Արդեն վաղուց էր, որ նոպաները վերացել էին, բայց հորը դրանցով վախեցնելն ու դասի չգնալը Մոսոյի համար ոչ մի բարդություն չէր ներկայացնում:
«Կտեսնի, որ դասի չեմ գալիս, կմտածի, թե ինչ-որ վատ բան ա էղել ինձ հետ, ու վերջապես կպատասխանի նամակիս»,- մտորում էր Մոսոն՝ տանը բանտարկված մնալով և ժամը մեկ ստուգելով իր ու Լինայի ինստագրամյան չատը: Սպասվածին հակառակ՝ Լինան ոչ այդ և ոչ էլ մյուս օրերին չի պատասխանում Մոսոյի «Բարև, ո՞նց ես»-ին: Ու նույնիսկ չի էլ բացում նամակը:
Ենթադրելով, որ Լինան գիշերներն արթուն է և նամակագրվում է իրեն «փախցրած» տղայի հետ՝ Մոսոն, խանդից գլուխը կորցրած, ինքն էլ, քուն չունենալով, ուրվականի պես շրջում է խավարի մեջ թաղված բնակարանում: Մեկումեջ մոտենում է հոր ննջասենյակի կիսաբաց դռանն ու նայում ներս: Սենյակի մթության մեջ միայն համակարգչի էկրանի լույսն է թրթռում: Գովազդային տեսանյութի՝ միմյանց հաջորդող կադրերը, ասես, սառած մնացել են մոնտաժային ծրագրում տեղադրված: Հայրն անկողնու մեջ է, վերմակի տակ կուչ եկած, դեմքը բարձին սեղմած: Լսվում է նրա խլացված լացի ձայնը, որը, լուռ երգի պես, ճնշող թախիծով է լցնում շուրջը: «Ինչքա՞ն կարելի ա փախնել աշխատանքից»,- մտածում է Մոսոն՝ հիշելով երեկվա օրը, երբ հայրը վրդովվում էր, որ վերջնաժամկետը մոտենում է, իսկ ինքը չի հասցնում կատարել մոնտաժի պատվերը: Եվ հիմա գործը վերջապես սկսելու փոխարեն՝ մղկտում է:
Մոսոյի մեջ հանկարծ առաջանում է հորը սպանելու ցանկություն՝ բարձով խեղդամահ անելով. սպանել տեղից վեր չկենալու համար, սպանել տափակ խորհուրդներ տալու համար, սպանել հայրական հոգատարության պատրանքի համար, սպանել սեփական թուլամորթությունն արտաքին աշխարհից թաքցնելու և միայն որդու մոտ այն քողազերծելու համար, սպանել սիրելու և սիրել պարտադրելու համար, սպանել սեփական անձն անինքնասիրությամբ սիրելու համար, սպանել վախենալու ու վախենալ ստիպելու համար, սպանել անցյալով ապրելու և անցյալի ստվերները բաց չթողնելու համար:
Մոսոն հիշում է նաև մոր վճռականությունը, անկախ լինելու ձգտումը և ազատության մշտական ծարավը: Հայրը ջանում էր հավատալ, որ այդ ծարավն օրերից մի օր կհագենա, և կինը կվերադառնա, չնայած ազատության փափագը երբեք էլ մինչև վերջ չի հագենում: Այնուամենայնիվ, հայրը տարեցտարի սպասում էր նրա վերադարձին՝ սպասել տալով նաև Մոսոյին: Հենց այդ սպասումով էլ տղան, դռան մոտ կանգնած, մերթ հիշում է մորը, մերթ նայում պառկած հորը, մերթ հիշում մորը, մերթ նայում հորը… Ի՞նչն էր ավելի վատ՝ չվերադարձող մա՞յրը, թե՞ վնգստացող հայրը:
Դրա հաջորդ օրը Մոսոյենց տանը քեֆուրախություն է լինում: Հայրն առանց որևէ առիթի հրավիրում է իր ազգականներին, եղբոր՝ Մուրադի գլխավորությամբ: Նրանք ասում, խոսում, ծիծաղում են, ու նրանց հետ միասին՝ նաև տանտերը, որը, կարծես, երեկ չէր, որ վշտի մեջ էր:
Լինայից պատասխան նամակ ստանալու հույսի վերջին թելը կորցրած Մոսոն պատրաստվում է եկող շաբաթվանից գնալ դպրոց: «Եթե ինքը տենց, ես էլ սենց»,- մտածում է նա՝ վճռելով, որ այլևս ո՛չ խոսելու է Լինայի հետ, ո՛չ էլ նայելու նրա կողմը, այլ պարզապես նստելու է դասերին ու վերադառնալու տուն: Այդպես՝ ինքնագոհ կեցվածքով, նա երկուշաբթի առավոտյան հավաքում է պայուսակը, գցում ուսին ու դուրս գալիս տնից: Քիթը վեր ցցած քայլում է դեպի կանգառ ու պատրաստվում նստել ավտոբուս, երբ նրա ուշադրությունն անսպասելիորեն գրավում է մայթին հավաքվածների տարօրինակ աշխուժությունը: Ինչ-որ մեկը չորեքթաթ անցնում է նրանց միջով՝ իր վրա ուղղելով բոլորի զարմացական հայացքները: Այդ կեսմարդ-կեսկենդանի արարածը հաչոցախառն գռմռոցով մոտենում է ավտոբուս բարձրացող ուղևորներից մեկին: – Կորի գնա՛ ստեղից,- ճչում է ուղևոր կինը և ոտքով հրում կենդանանման էակին, որը քիչ էր մնում կծեր նրան:
Մոսոն մի փոքր առաջ գալով տեսնում է, որ կծմծան էակը կիսով չափ մարդ է՝ իր երկարաթև մարզաշապիկով, ոտքերին կիպ սեղմված տաբատով և վազքակոշիկներով, կիսով չափ էլ կենդանի է՝ գլխին քաշած ժպտացող շան դիմակով, որի աչքերի ու բերանի հատվածը բաց էր և դեմքին հարմարեցված: – Քը՜շ… քըշա՛…,- բացականչում է մի հաստամարմին տղամարդ՝ ոտքն օդում դժվարությամբ թափահարելով ու թույլ չտալով նրան բարձրանալ ավտոբուս:
Հասկանալով, որ ավտոբուսում իր ներկայությունը մերժված է՝ շնակերպ արարածը փախչում է չորեքթաթ վազքով: Նրա ետևից հնչող ընդհանուր դժգոհության արձագանքներին մեկը հավելում է. – Էս քաքը Ռուսաստանից ա էկել, ընդեղ շատ են…
Մոսոյին ապշեցնում, բայց միաժամանակ գրավում է շնանման կերպարը, որն այդքան մեծ ուշադրություն էր հրավիրել իր անձին: Ցանկանալով հասկանալ շնային վարքագիծ յուրացնելու դրդապատճառը՝ Մոսոն գնում է այդ մարդաշան ետևից: Վերջինս, կանգառից դեռ շատ չհեռացած, շրջվում է, երբ նկատում է իրեն հետապնդող տղային: Ինչպես բնորոշ է զգուշավոր շան բնազդներով առաջնորդվող արարածին՝ կենդանամարդը, դանդաղորեն առաջ գցելով ձեռքերն ու ոտքերը, մոտենում է Մոսոյին ու հոտոտում նրա բոթասները: Ապա բարձրացնում է գլուխն ու նայելով տղայի աչքերին՝ մի քանի կարճ, երանավետ հաչոց է արձակում՝ կարծես հրավիրելով խաղալու: Մոսոն այդ հաչոցներից տեղում ցնցվում է, բայց չի ընկրկում, այլ ուշադիր զննում է դիմակի ետևում նշմարվող աղջկական կապույտ աչքերը, որոնք շրջանակված էին երկար ու խիտ թարթիչներով: Նա տարվում է այդ աչքերի խորհրդավոր գրավչությամբ և անհուն խորությամբ: Ուզում է ինչ-որ բառ արտաբերել, բայց կակազում է: Կրկին փորձում է խոսել ու կրկին կակազում է: Այդ կակազությանն ի պատասխան՝ մարդաշուն աղջիկը մի կուշտ հաչում է, հետո այսկողմ-այնկողմ թռվռալով հեռանում:
Մոսոն նրա աչքերը հասցրել էր տեսնել ընդամենը մեկ անգամ, բայց դա էլ հերիք էր, որ և՛ դասերի ժամանակ, և՛ դրանից հետո մտովի վերադառնար այդ աչքերի մոգական հմայքին: Այլևս ոչնչով և ոչ մեկով տարված չէր, միայն՝ մարդաշան աչքերով:
Հուրախություն իրեն՝ հաջորդ օրը կանգառում նա վերստին տեսնում է աղջկան՝ մարդկանց վրա հաչալիս: – Այ սենց ա կործանվում երկիրը,- նրան մատնացույց անելով՝ բղավում է ներկաներից մեկը: – Ի՞նչ էին սրանց ասում, է՜… կվադռո… թո՜ւ, էլի մոռացա անունը,- միջամտում է մեկ ուրիշը: – Կվադռոլե՜ռ էր, կվադռոխե՜ռ էր, ի՜նչ էր…,- հավելում է երրորդը:
Տեսնելով Մոսոյին՝ մարդաշունն ուրախ թռվռալով գալիս, պառկում է նրա ոտքերի մոտ, ապա շրջվում մեջքի վրա և, ձեռքերը շան թաթերի պես ծալած, լեզուն դուրս է հանում ու հևիհև շնչում: Առաջինը, ինչին ուշադրություն է դարձնում Մոսոն, իր կողմից այդքան պաշտելի աչքերն էին, որոնք իրեն ստիպում էին վարժ խոսելու փոխարեն նորից կակազել: Չըմբռնելով Մոսոյի ասածները՝ մարդաշունը սկսում է թերահավատորեն պտտվել նրա շուրջը՝ ասես ուսումնասիրելով նրան: – Ի… իմ ան… անունը… Մո… Մովս…,- շարունակում է կակազել Մոսոն՝ չկարողանալով նույնիսկ արտասանել իր անունն ու ներկայանալ:
Մարդաշունը թաթը դնում է նրա ոտքին, հետո կտրուկ շրջվելով՝ փախչում է: Մոսոն, ինքնաբերաբար, նույնպես չորեքթաթ դիրք է ընդունում ու շտապում նրա ետևից: Նրանք վազվզում են բռնոցի խաղացողների նման: Մի պահ շրջանցելով իր խաղընկերոջը՝ Մոսոն հայտնվում է հենց նրա դիմաց: Երկուսն էլ տեղում քարանում են՝ հայացքներն իրար գամելով: Շնուհին համրաքայլ մոտենում է ու հոտոտում Մոսոյի դեմքը: Ապա դիմակի տակ թաքնված քիթը քսմսում է նրա քթին: Մոսոն բարձրացնում է ձեռքն ու փորձում հանել նրա դիմակը, սակայն շնուհին ետ է քաշվում ու փախչում անհայտ ուղղությամբ: Նայելով շուրջը՝ Մոսոն տեսնում է անցորդների ապշահար ու ծաղրական հայացքները:
Նույն օրը՝ դասերից հետո, գետնանցումով քայլելիս Մոսոն նկատում է խաղալիքների ինչ-որ խանութ: Նրա աչքին են զարնում ցուցափեղկում դրված չորս պլաստիկ դիմակները՝ շան, կատվի, արջի և աղվեսի դիմապատկերներով: Միայն շան դեմքը, չգիտես ինչու, տխուր տեսք ուներ, բայցևայնպես հենց այդ դիմակն է գնում Մոսոն՝ մտնելով խանութ: Նա չի համբերում, թե երբ է այն կրելու և իր շունընկերոջը ներկայանալու նոր կերպարանքով: Սակայն մարդաշունը, հակառակ Մոսոյի սպասումներին, երրորդ օրը կանգառում չի հայտնվում: Նախորդ երկու օրերի կարոտախտով լցված Մոսոն տնտղում է շրջակայքը, բայց այդպես էլ չի գտնում նրան: Կորստի զգացումով և տխրությամբ համակված՝ նա նստում է ավտոբուս ու գնում դպրոց: Այլևս չունենալով երբեմնի հետաքրքրությունը դասերի նկատմամբ՝ նա ձանձրույթով է լսում ուսուցիչներին:
Տուն վերադառնալիս, երբ ժամանում է ավտոբուսը, նա, կարծես նախախնամության կամքով, տեսնում է առօրեական տաղտուկը ցրող մի իրադարձություն: Ուղևորներից որոշները, սմարթֆոնները վեր պահած, ավտոբուսի ներսում ինչ-որ բան են տեսանկարում ու բարձր հռհռում: Միաժամանակ լսվում են Մոսոյին ծանոթ հաչոցի ձայներ: Բարձրանալով ավտոբուս՝ Մոսոն տեսնում է իր սիրելի մարդաշանը, որը նստելատեղին չոքած՝ պատուհանից դուրս է նայում ու հաչում անցուդարձող ավտոմեքենաների վրա: Դժվար է նկարագրել Մոսոյի ուրախության աստիճանը: Նա դպրոցական պայուսակից իսկույն հանում է տրտմերես շան դիմակն ու դնում դեմքին՝ իրենից անբաժան ակնոցն արագ տեղավորելով գրպանում: Նույնպես հայտնվելով տեսախցիկների թիրախում՝ նա մի քանի քայլ է անում չորեքթաթ ու ցատկում իր շունընկերոջ վրա: Երկուսով վայր են ընկնում, և շնուհին զայրացած գռմռում ու հաչում է: Վախենալով նրա հարձակումից՝ Մոսոն, մինչ կփակվեին ավտոբուսի դռները, դուրս է սողոսկում: Արագությամբ ետ չմնալով տղայից՝ շնուհին նույնպես հասցնում է դուրս պրծնել ավտոբուսից ու նետվել նրա վրա: Նրանք ըմբշամարտիկների պես թավալվում են գետնին, ինչի ընթացքում մարդաշունը երկու անգամ կծում է Մոսոյին: Վերջինս հաճույքից տնքտնքում է: Շնուհին հոտառությամբ ճանաչում է Մոսոյին և ուրախ-զվարթ տարուբերում հետույքը, որի վրա երևակայորեն խաղացնում է պոչը: Մոսոն՝ մի փոքր հուզված, բայց վստահ, դեմքը մոտեցնում է այնպես, որ դիմակի բերանի հատվածը նրբորեն հպվում է աղջկա դիմակի նույն տեղին: Այդ անշոշափելի համբույրից Մոսոյի շունչը տաք ալիքով ջերմացնում է դիմակի ետևում թաքնված շուրթերը:
Շատ չանցած՝ նրանք արդեն մոտակա շենքերից մեկի շքամուտքում են, տաբատներն ու վարտիքներն իջեցրած: Մոսոն, ում մարմինը հուզմունքից քարացել էր, կարծես դեռ չէր հասկանում իր անելիքը կամ էլ հասկանում էր, բայց չէր կողմնորոշվում, թե ինչից սկսել և ինչպես սկսել: Հոգնելով երկար սպասելուց՝ շնուհին ինքն է ձեռքը վերցնում գործիքը և աշխատեցնում: Առաջին իսկ ներթափանցումից հետո Մոսոն դադարում է կակազել, այլ պարզ ու հստակ արտաբերում է. – Հա՛ֆ: