Փայլակի կինը՝ Համեստը ծանր հիվանդացավ: Առաջին օրը չլավացավ, երկրորդ օրը չլավացավ, երրորդ օրը չլավացավ, իսկ հաջորդ օրը խնդրեց հոգևորական կանչել: Ինչքան էլ բարեկամները փորձեցին համոզել հիվանդանոց գնալ, մեկ է՝ չհամաձայնեց, տարիքն առել էր, գիտեր, որ շուտով հանդիպելու է Աստծուն, որոշեց արագացնել ընթացքը:
Փայլակը շատ էր սիրում կնոջը, բայց կանխազգում էր, որ այդ օրը վաղ թե ուշ գալու էր, և կա՛մ ինքն էր առաջինը հեռանալու, կա՛մ էլ կինը: Էսպես ասած՝ պատրաստվել էր սև օրվան. նկատի էր ունեցել հոգեհանգստի, թաղման, քառասունքի ծախսերը, բայց ուշադրությունից վրիպել էր ամենակարևորը՝ իր սեփական անլրջությունը: Ավելի ճիշտ՝ ոչ այնքան իր անլրջությունը, որքան իրենց ընտանիքի քահանայի՝ տեր Սողոմոնի անփութությունը:
Երրորդ օրը լրանալուն պես՝ առավոտ կանուխ, Սողոմոնը թակեց դուռն ու առանց հրավերի ներս խուժեց: Համեստը կիսամեռ հայացքով գամված էր անկողնուն, իսկ վերջինիս հարազատներից ու բարեկամներից՝ քույրը, քրոջ ամուսինը, երկու որդիները, դուստրը, դստեր ամուսինը և իր ամուսին Փայլակը շրջապատել էին մահճակալն ու սգում էին Համեստի մահը, որը դեռ վրա չէր հասել:
-Մի կողմ քաշվեք,- հրամայական տոնով բացականչեց տեր Սողոմոնն ու կուզը մեջքին՝ առաջացավ:
Նա զառամյալ ծերունի էր, բայց նրա կարծիքով՝ էդպիսին էր նրան դարձնում անտեր կուզը, որից ազատվելու դեպքում նորից կդառնար նախկինում եղած առույգ խաչակիր ծառան իր Տեր Աստծո: Բացի կուզից՝ խնդիր էր նաև սքեմը, որն անհրաժեշտից ավելի մեծ էր, ինչի պատճառով, ամեն անգամ քայլելիս, փեշը մի փոքր վերև էր բարձրացնում, որ հանկարծ ոտքերի տակ չընկնի: Ննջասենյակում երիտասարդներ տեսնելով՝ չգիտես ինչի ինքն էլ մի պահ ուզեց երիտասարդ լինել, կամ եթե չլինել՝ գոնե մի պահ երևալ էդպիսին: Ձեռքերը հեռացնելով փեշից և վստահելով իր ուժերին՝ որոշեց մինչև Համեստի մահճակալը քայլել համարձակ և ձեռքերը թափահարելով, ինչպես դպրոց գնացող պատանին: Նա գերագնահատեց իր ուժերը, իսկ կուզն ու սքեմը հիշեցնել տվեցին իրենց մասին. սքեմը՝ ոտքի տակ ընկնելով, իսկ կուզը՝ էլ ավելի նպաստելով հավասարակշռության կորստին, որի պատճառով խեղճ տերտերը վայր ընկավ՝ դեռ չհասած տանտիրուհու մահճակալին:
Մինչ Համեստի տեգրը, փեսեն ու երկու որդիները մոտեցան ոտքի հանելու տեր Սողոմոնին՝ Փայլակն իր տեղում կանգնած մի կերպ զսպեց ծիծաղը, որը ծիծաղ էլ չէր, այլ այլանդակ մի փռթկոց, որը նրան հաջողվեց ժամանակին կանխել՝ շունչը պահելով և շրթունքը կծոտելով: Ինքնազսպման այդ ձևը անարդյունավետ եղավ, քանի որ աչքերում հայտնված արցունքները մատնում էին Փայլակի լավ տրամադրությունը, և եթե հարազատները նկատեին՝ դժվար թե հնարավոր լիներ վերագրել այդ արցունքները կնոջ գալիք մահվան շուրջ լացուկոծին: Նա նույնպես առաջ եկավ՝ ձևացնելով, թե մտահոգ է՝ արդյո՞ք տեր Սողոմոնը չվնասվեց, բայց հասկացավ, որ վրա հասած ծիծաղը հնարավոր չէ թաքցնել մտահոգության տակ, և կրկին ետ քաշվեց: Որոշեց նայել Համեստին՝ գոնե սուգը ցրեր տանջամահ անող ուրախությունը, բայց ոչ, նա թեպետ հոգեպես սգում էր կնոջ սպասվելիք մահը, բայց ֆիզիկապես զվարճանում էր բոլորովին այլ պատճառով: Ամեն ինչի մեղավորը տեր Սողոմոնն էր: «Ու ընդհանրապես, ինչի՞ համար մենք պետք ա տեր հայր-ով դիմենք քահանային, Տերը Աստվածն ա, իսկ քահանայից ի՞նչ Աստված»,- ծիծաղից ծամածռվող դեմքը լրջացնելու համար՝ պահի տակ մտորեց բողոքականներին հարյուրամյակներով հետաքրքրող հարցի շուրջ: Ավաղ, դա էլ չօգնեց, քանզի ժպիտի տակ թաքնվող քրքիջը հետզհետե ավելի ու ավելի էր ահագնանում, իսկ տեր Սողոմոնի վեր կենալուց ու դրան հաջորդող ամեն մի շարժումից Փայլակը վերհիշում էր նրա վայր ընկնելն ու նույնիսկ երևակայորեն ավելի զարդարում տվյալ տեսարանը՝ վերածելով դա մի կատակերգական ներկայացման, որի միակ հանդիսականն ինքն էր:
Լքելով ննջասենյակը՝ նա անմիջապես գնաց ու փակվեց զուգարանում: Իր ջրիկության մասին հարազատներն ու բարեկամները տեղյակ էին, և քեֆուրախության ու առիթների ժամանակ հայտնի զվարճախոսի, անեկդոտներ պատմողի համբավ ուներ, բայց հիմա դրա ժամանակը չէր, իսկ հարազատներն իրեն չէին ների, եթե հանկարծ տեսնեին, որ անլրջությունն այն աստիճանի է հասել, որ իր մահամերձ կնոջ մահճի մոտ կանգնած՝ հռհռում է: Պետք էր լրջանալ ամեն գնով, եթե չէր ուզում ամբողջ գերդաստանի առաջ խայտառակվել:
Սեղմելով ատամները՝ նա որքան հնարավոր է զսպեց ճնշող ծիծաղն ու իջեցնելով զուգարանակոնքի կափարիչը՝ նստեց վրան: Ուրախության արցունքները հորդում էին աղբյուրի նման: Նա որոշեց մի կուշտ ծիծաղել և այդպիսով սպառել վառ տրամադրությունը, ինչից հետո Վերածննդի դարաշրջանի քանդակին բնորոշ սուր ու թափանցող հայացքով վերադառնալ հարազատների մոտ և հրաժեշտ տալ կնոջը: Թարսի պես բնակարանի պատերը բարակ էին, էնքան բարակ, որ Փայլակը երբեմն հարևանների զարթուցիչով էր արթնանում: Հերիք է ընդամենը կարճատև մի քրքիջ արձակես՝ կողքի սենյակում դա լսելի կլինի, իսկ զուգարանը գտնվում էր Համեստի ու Փայլակի ննջասենյակի հարևանությամբ, այսինքն՝ այդ մի տարբերակն էլ դուրս եկավ: Մնում էր ինքնատիրապետումը, բայց դա ամենավերջինն էր, ինչի վրա Փայլակը կարող էր հույս դնել, առավել ևս, երբ նրա աչքին նորից պատկերանում էր վայր ընկնող տեր Սողոմոնը, որի կուզը ուղտի սապատի պես վեր է ցցվում, երբ վերջինս դմփում է հատակին: Նա կրկին երևակայորեն տոնածառի պես զարդարում է հոգևորականի անկման տեսարանը՝ դրան հավելելով երկու մտացածին դետալ. թե ինչպես է տեր Սողոմոնը դմփալու պահին հայհոյանք հնչեցնում երկնքին ուղղված և ինչպես է բոլորի առաջ քողազերծվում սուրբ հոր սպիտակ վարտիքը սքեմի տակից: Նա այլևս չի կարողանում իրեն զսպել և լուռ քրքրջում է՝ երեսը թաղելով ափերի մեջ:
Ննջասենյակից լսվում է Փայլակի հևոցախառը խրխնջոցը: Նրա դստեր՝ Հայարփիի ականջին հասնում են հևոցները, ինչից վերջինս կարծում է, թե հայրը լալիս է՝ չհաշտվելով կնոջ սպասվելիք մահվան հետ: Գալով զուգարանի դռան մոտ՝ դուստրը մի քանի անգամ թակում է դուռը՝ կամաց ասելով.
-Պապ… պապ, ներսո՞ւմ ես: Խնդրում եմ՝ մի հուզվի, առանց էդ էլ սրտի հետ խնդիր ունես… խնդրում եմ, ամեն ինչ լավ կլինի, կտեսնես:
-Հա, հա, հեսա…հեսա կգամ,- շրթունքն արնոտելու չափ կծելով՝ զսպում է քրքջոցը և հևոցներից կակազելով՝ պատասխանում Փայլակը:
-Աստված մեծ ա պապ, տեր Սողոմոնն էլ ասեց՝ սա ընդամենը մարմին ա, իսկ հոգին անմահ ա,- հուզված ձայնով ասում է Հայարփին:
Տեր Սողոմոնի անունը լսած-չլսած՝ Փայլակը պոռթկում է, բայց, բարեբախտաբար, դուստրն արդեն ննջասենյակ է վերադարձած լինում, իսկ ինքը դարձյալ փակում է բերանն ափով ու փորձում խլացնել ծիծաղը:
Որպես թոշակի անցած պատմության ուսուցիչ՝ նա որոշեց ողբերգական դեպքեր հիշել Հայոց պատմությունից, բայց դրանք էնքան շատ էին, որ չգիտեր, թե որի վրա կենտրոնանար: Իրեն մի պահ գերտերության նախագահ պատկերացրեց, բայց չափից շատ ծիծաղելու արդյունքում կապիտուլյացիայի ենթարկեց ամբողջ պետությունն ու, միևնույն է, շարունակեց ծիծաղել: Պատկերացրեց իրեն խրամատում՝ զինված թշնամիներով շրջապատված, սակայն նույնիսկ գերեվարվելով՝ լրջախոհ չդարձավ, քանզի թշնամին չափազանց ծիծաղելի էր: Պատկերացրեց իրեն երկրաշարժի օրը, բայց իր հռհռոցը միայն սաստկացավ՝ սաստկացնելով նաև երկրակեղևի ցնցումը: Վերջապես պատկերացրեց իրեն միայնակ ամբողջ աշխարհում, բայց այդտեղից հիշեց Եդեմական դրախտը և առաջին մարդուն, այդտեղից հիշեց Աստծուն, իսկ Աստծուց էլ՝ տեր Սողոմոնին, ու նոր թափով վերսկսվեց անտանելի քրքիջը:
Վերջը հանձնվեց, որոշեց դուրս գալ և ասպետական մահով մեռնել, քանզի գերդաստանի առաջ գիտակցաբար խայտառակվելը, իր ընկալմամբ, հավասարազոր էր ասպետական մահվան: Երբ դուրս եկավ թաքստոցից, ի զարմանս իրեն՝ ծիծաղը նահանջեց: Տրամադրության ոչ բարձրացում էր մոտը, ոչ էլ նվազում, այլ միջին հոգեվիճակ, ինչպես հաճախ լինում է, երբ էներգիայի մեծաքանակ կորստից հետո մարդու մոտ բթացում է նկատվում: «Չեղածից լավ ա»,- մտածեց Փայլակն ու ներս մտավ ննջասենյակ: Հայարփին հավանաբար հասցրել էր տեղեկացնել մնացածին, որ հայրը վշտի մեջ է, ինչի մասին վկայում էին նրա կողմն ուղղված հայացքները: Առաջին վայրկյաններին թվում էր՝ ամեն ինչ լավ է, ուրախ տրամադրության պատճառ չկար, բայց հերիք է հայացքը մի ակնթարթ տեղափոխվեր տեր Սողոմոնի կողմը, ով աղոթք էր կարդում Համեստի հոգու փրկության համար, և ում կուզը եկեղեցու գմբեթ էր հիշեցնում՝ Փայլակն իսկույն վերավարակվում է անզուսպ խինդով: Նա փռթկում է և չի հասցնում կուլ տալ ծիծաղը, երբ շունչը փչում է և վայր ընկնում հատակին: Ստանալով սրտի կաթված՝ նա տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ նույն օրվա կեսգիշերին մահանում է:
Թվում էր՝ ընտանիքը միանգամից երկու կորուստ էր ունենալու, բայց Համեստի մոտ ուղիղ մեկ օր անց նկատվում են առողջացման նշաններ, իսկ ևս երկու օր անց գրեթե լիովին ապաքինված կինը ոտքի է կանգնում: Ընտանիքի անդամներից բոլորն այդ անսպասելի առողջացումը միաձայն վերագրում են տեր Սողոմոնի հրաշագործ աղոթքներին:
Համեստից որոշ ժամանակ թաքցնում են ամուսնու մահվան լուրը, որպեսզի նրա առողջական վիճակը դրանից չվատթարանա, բայց Փայլակի երկարատև ու չհիմնավորված բացակայությունն, ի վերջո, կասկած է առաջացնում կնոջ սրտում, և ճշմարտությունը բացահայտվում է: Ամուսնու մահվան մասին իմանալով՝ կինը սրտաճմլիկ ձայնով բացականչում է.
-Աստված իմ, Աստված իմ, ինչի՞, ինչի՞ համար ինձ էս աշխարհ հետ բերեցիր… Լավ էր հետ չգայի որ Փայլակիս մեռնելը չտեսնեի․․․
Հեշտ կարդացվող, զվարճալի, միեւնույն ժամանակ՝ խորը փիլիսոփայական ու արդի տրագիկոմեդիա է ստացվել։ Կարծում եմ՝ հրաշալի կլինի բեմադրել։