Այս վիճահարույց հարցը մինչև այսօր զբաղեցնում է բանասերներին և անգամ բժիշկներին:
Ինչպես հայտնի է, մեզ հասել են «Համլետ»-ի` սկզբնագրային արժեք ունեցող երեք տպագիր տարբերակ (Շեքսպիրի երկերի ձեռագրերը չեն պահպանվել): Առաջինը «քառածալ» (quarto, մոտ 14 x 20 սմ կամ դրանից փոքր-ինչ ավելի/պակաս` կախված թղթի նախնական չափից) հրատարակություն է (1603): Այն բնորոշված է իբրև «վատ» (bad), համարվում է մի դերասանի հիշողությամբ վերականգնված գրահենական հրատարակություն և գրականության մեջ հայտնի է որպես Quarto 1 (Q1): Երկրորդը` դարձյալ քառածալ (1604/5), ինչպես ենթադրվում է, հիմքում ունեցել է Շեքսպիրի ձեռագիրը: Սա համարվում է «լավ» (good) և հղվում իբրև Quarto 2 (Q2): Իսկ երրորդը` ընդգրկված Շեքսպիրի դրամատիկական երկերի` հետմահու լույս տեսած մեծադիր «երկծալ» (folio) ժողովածուում (1623), նույնպես «լավ» բնագիր է: Այն (ինչպես և ողջ ժողովածուն) հայտնի է իբրև Folio 1 (F1) կամ պարզապես` Folio (F):
Q1-ում և Q2-ում թույնը կոչվում է` Hebona, F-ում` Hebenon: Կարծիք կա, թե Շեքսպիրն այս անորոշ բուսանունը վերցրել է Քրիստոֆեր Մարլոյի «Մալթացի հրեան» պիեսից (գրվել է մոտ 1589 թ.), ուր իբրև ուժեղ թույն հիշատակվում է Hebon-ի քամուկը (III.4.103): Մարլոյի բառը նման է ebony-ին (հուն. ἔβενος, լատ. Ebenus կամ Hebenus), որը հայերեն եբենոսն է` հայտնի սևափայտ ծառը, բայց այն երբևէ թունավոր չի համարվել: Հետևաբար բանասերները փորձել են այլ բացատրություն գտնել: Ըստ առաջարկված հիմնական տարբերակներից մեկի` hebona/hebenon-ը henbane բուսանվան աղավաղում է: Վերջինս, հայերեն` բանգ (աղշբանգ, բանգի, խոզբակլա, խելառ խոտ, լատ. Hyoscyamus. տե՛ս Armenag K. Bedevian, Illustrated Polyglottic Dictionary of Plant Names, Cairo, 1936, p. 325 և Ռուբեն Ղազարյան, Բուսանունների հայերեն–լատիներեն–ռուսերեն–անգլերեն–ֆրանսերեն–գերմաներեն բառարան, Երևան, 1981 [երկրորդ հրատարակություն` 2002], էջ 16), իրոք թունավոր բույս է, որի չորս տեսակ է իր «Բնական պատմության» մեջ (XXV.17) նշում Պլինիուս Ավագը (մ.թ. 23–79)` նույնիսկ գրելով, թե ականջների մեջ լցնելու դեպքում դրա յուղը մարդուն խելազրկում է, «միտքը խաթարում» (temptat mentem): Նա, սակայն, չի խոսում մահացու ներգործության մասին, իսկ բուսանունների` էլիզաբեթյան ժամանակաշրջանի բառարաններում բանգին վերագրված հատկանիշներն ընդհանրություն չունեն Շեքսպիրի նկարագրության հետ (հմմտ. Hamlet, ed. Harold Jenkins, The Arden Shakespeare [Second Series], 2001 [first published 1982], p. 456): Բացի այդ, քիչ հավանական է Մարլոյի կամ Շեքսպիրի կողմից henbane-ի նման աղճատումը, քանի որ դա հստակորեն տարբերակվող բույս էր` իր որոշակի անունով. տե՛ս, օրինակ, A Niewe Herball, or Historie of Plantes … by Henry Lyte Esquyer, London, 1578, p. 448–451, ուր նաև ասվում է, թե, ճիշտ ու չափավոր օգտագործման դեպքում, բանգը լավ միջոց է տարբեր ախտերի ու ցավերի (որոնց թվում` նաև ականջացավի) դեմ:
Ուստի ավելի համոզիչ է թվում մյուս տարածված բացատրությունը (Brinsley Nicholson, ‘Hamlet’s Cursed Hebenon,’ in The New Shakspere Society’s Transactions nos. 8–10 [1880–1886], London, p. 21–32), այն է` Շեքսպիրը նկատի ունի կենի (նաև` գեղձի, բզենի, կարմրածառ, նետածառ, անգլ. yew, լատ. Taxus. տե՛ս Bedevian, p. 577 և Ղազարյան, էջ 49) կոչվող ծառը/թուփը, որի տերևները, սերմը, կեղևն ու անգամ փայտը խիստ թունավոր են: Որոշ միջնադարյան աղբյուրներում, ուրիշ ծառերի նման, այն շփոթության հետևանքով կոչվել է նաև Hebenus/Ebenus (որտեղից էլ` կենու գերմաներեն Eibe անունը և դրա այլ տարբերակներ մի շարք ազգակից լեզուներում [Nicholson, p. 25]): Պատճառը, թերևս, «բուսաբանության հայր» Թեոփրաստոսի (մ.թ.ա. մոտ 371 – մոտ 287) հետևյալ տեղեկությունն է. «Կենին (ἡ μίλος) … այդ ծառի մի տեսակը` Արկադիայից, սև է ու կարմիր» («սևի» հիման վրա ծառը շփոթվել է եբենոսի հետ): Գերմանացի բժիշկ ու բուսագետ Վալերիուս Կորդուսը (1515–1544) հույն բժիշկ Դիոսկորիդեսի (մ.թ. մոտ 40–90) մասին իր մեկնություններում գրում է. «Թույն է … կենին անկասկած այն ծառն է, որ մենք անվանում ենք Eibe, և որի փայտից մինչև հիմա աղեղներ … են սարքում… Իսկ նրանք, ովքեր Eibe-ն համարում են եբենոս (qui Eiben Ebenum esse credunt)` սոսկ անվան նմանությունից խաբված, շատ սխալվում են» (թարգմանել ենք ըստ Նիքոլսոնի մեջբերման):
Պլինիուս Ավագն ասում է (Hist. Nat. XVI.50–51), թե այդ ծառը` չարագուշակ ու ահարկու տեսքով, այնքան թունավոր է, որ մեռնում են նույնիսկ դրա տակ քնողներն ու որևէ բան ուտողները, և սովորություն կա նետերը կենու թույնի մեջ թաթախելու: Պլինիուսի գրքի` Փիլեմոն Հոլլանդի անգլերեն թարգմանության մեջ (1601 թ.) սույն հատվածում ավելացված է, թե կենին «անիծյալ ծառ»` a cursed tree է (հմմտ. Ուրվականի cursed hebona/hebenon արտահայտությունը): Իսկ վերը հղված բուսաբանական բառարանում, ի տարբերություն բանգի, չի նշվում կենու որևէ օգտակար հատկություն. այն «ամբողջովին թունավոր է և մարդու բնությանը դեմ» (Lyte, p. 768. հմմտ. Ուրվականի «Մարդու արյանն այնքան խորթ է» բառերը հոդվածի վերջում մեջբերված համապատասխան հատվածում):
Շեքսպիրի ժամանակակից բանաստեղծ Էդմունդ Սպենսերը (մոտ 1552–1599) իր «Դիցանուշների թագուհին» անավարտ պոեմում ունի heben-ի մի քանի հիշատակում: Նախերգանքում (տող 23) նա դիմում է սիրո աստված Ամուրին` նրան հորդորելով, որ մի կողմ դնի իր deadly Heben bow-ն. «մահացու» մակդիրը վերաբերում է ոչ թե աղեղին (քանզի սիրո նետերը մահացու չեն), այլ նյութին, որից աղեղը պատրաստված է, իսկ դրա համար, ինչպես երևում է նաև Կորդուսի վերոհիշյալ խոսքից, օգտագործում էին կենու ճկուն ու ամուր փայտը: Սա մեկ այլ հստակ վկայություն է, որ այդ ծառը կոչվում էր նաև heben ու մահացու էր համարվում:
Թեպետ ավագ Համլետի մահվան բանաստեղծական տպավորիչ նկարագրությունը կարող է երևակայական լինել և հիմքում չունենալ որևէ մասնավոր թույնի ներգործության իրական փորձառություն, ուսումնասիրվել ու դրա հետ համեմատվել են նաև կենուց թունավորված մարդկանց ու կենդանիների ախտանիշները (W. A. Harrison, ‘Hamlet’s Juice of Cursed Hebona,’ in The New Shakspere Society’s Transactions nos. 8–10 [1880–1886], London, p. 307–316). մահն արագ է վրա հասնում, մաշկը/կաշին ճաքճքում ու թափվում է, և արյունը` մակարդվում (հմմտ. Ուրվականի խոսքերը հոդվածի վերջում): Կենին, ուրեմն, ամենահավանական «թեկնածուն» է, բայց մնում է պատասխանել երկու հարցի.
1) Ինչո՞ւ Շեքսպիրն այստեղ, ինչպես որ այլուր (օրինակ` «Ռիչարդ II», III.2.113 կամ «Մակբեթ», IV.1.27), չի օգտագործել այդ ծառի ճիշտ` yew անունը: Գուցե` բանաստեղծական չափի նկատառումով:
2) Այդ դեպքում ինչո՞ւ է երկվանկ hebon/heben-ը, որ ավելի հարմար կլիներ չափատողի ռիթմին (With juice – of cur – sed he – bon in – a vi – al), դարձել եռավանկ hebona կամ hebenon: Թերևս` գրաշարների սխալի հետևանքով:
Մեջբերենք Ուրվականի խոսքի համապատասխան հատվածը` մեր թարգմանությամբ.
Սպասի՛ր, կարծես առավոտյան սյուքն եմ զգում.
Կարճ կխոսեմ: Երբ այգումս քնած էի`
Իմ մշտական հետկեսօրյա սովորույթով,
Անհոգ ժամիս ծածուկ եկավ հորեղբայրդ.
Նա անիծյալ կենու թուրմ էր բերել շշով
Եվ դա լցրեց ականջներիս խոռոչները:
Բորոտացնող այդ մզուկի հատկությունը
Մարդու արյանն այնքան խորթ է, որ բնական
Անցումներով ու մուտքերով մեր մարմնի
Ընթանում է այն սնդիկի նման արագ`
Հանկարծակի ներգործությամբ խտացնելով,
Լերդացնելով մեր կենարար, նոսր արյունը`
Ինչպես կաթը լցված թթուն: Այդպես եղավ,
Ու տարածվեց իսկույն բորը կեղևի պես`
Պատելով ողջ հարթ մարմինս ժանտ, գարշելի
Թեփով, ինչպես Ղազարոսին:
Այսպես, քնած, եղբոր ձեռքով միանգամից
Ես զրկվեցի կյանքից, թագից ու թագուհուց: