Առաքել Սեմիրջյան | Խեռիս

Էս տարի ձմեռը շատ շուտ եկավ՝ մարտի տասնիննին: Նոր տարվա օրը գեմարոս արյունհոսեց: Արյունը ոչ թե գալիս էր, այլ չռռում, ու մտադրություն էլ չունեի կանգնեցնել: Հետո ինքը որոշեց, որ պետք է կանգնի ու կանգնեց՝ երևի: Փաստորեն վերջում սրտից բացի ուրիշ բաներ էլ են կանգնում: Ասացի՝ էսպես չի լինի, պետք է բզբզամ՝ դրեցի ու երեք հատ կծու բիբար կերա: Սկսեց մի ուրիշ ձև մրմռալ, ասացի՝ կանցնի, բայց չանցավ. Հասկացա՝ էս տարին հետույքս մրմռալով է անցնելու…
Որտեղից ասես ու ինչ ձևի ալիք ասես գալիս ու անցնում է միջովդ ու թվում է՝ ոչ թե սովորական մարդ ես, այլ սովորական հաղորդիչ: Հաղորդիչ ասացի՝ հիշեցի. մի հաղորդում էի նայում, չեմ հիշում՝ ինչ հաղորդում էր, բայց վրաս անտանելի ազդեց:
Ավագ շաբաթը երեք հազար մետր բարձրության վրա որոշեցի խախտել բոլոր պատվիրանները՝ առանց բացառության: Ասացի՝ ինքնաթիռն ընկնում է՝ թող ընկնի՝ գոնե ինչ-որ հիշարժան բան արած կլինեմ կյանքումս: Բռնեցի ու շինեցի ստյուարդեսային: Հետո կերա. չէ՝ կատակ եմ անում, չկերա պարզապես շինեցի. դե ո՞վ ավել-պակաս ֆանտազիաներ չունի՝ ինքը դեմ չէր իմ ֆանտազիաներին, ես էլ դեմ չէի իր չբավարարվածությանը, քանզի պտուկները արգելում էին դեմ լինել:
Մի տարիք է գալիս, երբ հասկանում ես, որ ֆանտազիաներդ իրականացողը չեն, որից հետո նրանք ավելի են ուժեղանում ու սկսում այրվել և էդ այրման մեջ էնքան բաներ են երևում, որ այլ պարագայում տեսնողը չէիր: Էդ էն տարիքն է, երբ փողոցում քայլում ու ինքդ քեզ հարց ես տալիս.
-Ո՞ւմ տամ գեներս, ո՞ւմ տամ գեներս…, համարյա սարդի նման, որ մենակ տա ու հետո մեռնեն:
Նայում ես նրանց դեմքերին, հետո կրծքերին ու, ամենակարևորը, կոնքերին ու գիտես՝ նա է գեներիդ միակ արժանի կրողը: Հետո սկսում ես հասկանալ բոլոր ժողովուրդների էպոսները, թե ինչի ափռ-ցփռ շաղ չեն տվել իրենց գենետիկ կոդերը, բայց էդ էլ է խույնա, հիմա ես ուզում եմ ստյուարդեսային շինեմ, ավելի շուտ՝ ես չեմ ուզում, ֆանտազիաս է ուզում, բայց չեմ կարողանում տեղիցս վեր կենալ էն անտեր անվտանգության գոտու պատճառով:
Հենց արձակում եմ ու մոտենում, որ ասեմ մտադրությանս մասին, մեկ էլ կողքից մի անասուն չայ կամ ջուր է ուզում էդ խեղճ աղջկանից ու ամեն ինչ պետք է սկսել նորից: Հիմա արի դրանց բացատրի, որ իրենց ուզած չայն ու տոմատի սոկը էնքան փոքր են իմ մեղք գործելու ցանկությունից, որ ես պատրաստ եմ իրենց բոլորին սատկացնել: Էդ կգնաք ձեր դրախտում խալյավի նարնջի հյութ ու կողքի նստարանի չկերած պեչենին կվայելեք, թողեք ես իմ ստյուարդեսային շինեմ:
-Վույ, էս ինչ գռեհիկ լակոտ ստացվեց. չէ՛, լակոտ չէ՝ եքա մարդ, որ էշի հոր թայը դառավ ու մի կարգին մեղք չգործեց, որ հասել է էս տարիքին ու ցանկանում է ինքնաթիռի մեջ բռնաբարություն կատարել,- դիմացի ձախ նստարանի «Ս» նստատեղի հաստաոռ ուղևորի հայացքում կարդում եմ էս նախադասությունը:
Էսքան ժամանակ բռնաբարված ստյուարդեսա տեսած կա՞ք: Եթե նույնիսկ տենց բան է եղել, էդ խեղճ բռնաբար հարիֆին դատել են ոչ թե բռնաբարության անմեղ հոդվածով, այլ ինքնաթիռի առևանգման փորձի համար, ու խեղճին որպես ահաբեկիչ կամ գնդակահարել են, կամ էլ էլեկտրական աթոռին եփել: Դե եթե եփվել է, ավելի լավ է դժոխքում կարգին եփվել, քան կիսատ-պռատ մի ստյուրադեսայի պատճառով կիսաեփ թաղվել:
Համ էլ առանց մեղքի դժոխք ընկնելն էլ մի բան չի՝ գոնե էդ ստյուարդեսան էլ հետս գա, որ վկայություն տա, թե ինչպես էր ինքնաթիռը օդային յամաների մեջ հայտնվում ու կա՞ր, չէ՞, նենց չի որ չկար օդանավի ընկնելու մի երեք տոկոսանոց հավանականություն ու էդ երեք տոկոսը տարբեր մարդկանց վրա տարբեր ձև է ազդում. մեկը սկսում է աղոթել, մեկը տակը միզում է, մեկի խեռին չի, մեկն էլ Աստծուց խնդրում է, որ իրեն փրկի, կարծես եթե Աստված ուզեր, էլ ինչի էր նենց անում, որ օդանավը ընկնի, մեկի մոտ էլ ցանկություն է առաջանում կյանքի վերջին րոպեներին իր ամբողջ կյանքի թաքցված գրգիռներն ու ջղաձգումները պարպել:
– Տեսնես ե՞րբ կդադարեմ Աստծու անունը փոքրատառով գրել:
Սկսեցի աղոթել, որ հրեշտակը փրկի ինձ իմ պիղծ մտքերից, մեկ էլ հրեշտակը հայտնվեց դիմացս ու սկսեց հետս թուրքերեն խոսել, ասեց՝ nasil sin arcadas, istehin nasil, hajatin nasyl ?… ու քանի որ էդ պահին թուրքերեն մտքիս եկած միակ բառը siqtirn էր, հիմա ուզում եմ թուրքերեն մնացած իմացած բառերս օգտագործել, որ հրեշտակին ցույց տամ՝ ինչ թույն կարողացա թուրքերենին տիրապետել ընդամենը երեք ամսում, էն էլ առանց ակցենտի, միևնույն է, սիքտիրից բացի ոչ մի բառ մտքիս չի գալիս:
Հետո նկատում եմ, որ հրեշտակը ռուսի տեսքով է ու ստյուրադեսային էլ է շատ նման և մեղմիկ ժպիտով փորձում է ինձ թեյ կամ սուրճ հրամցնել, ես էլ արդեն ինձնից անկախ ռուսերենով ասում եմ.
– Иди на хуй.
Էդ ժամանակ ինքը բորբոքվում, տաքանում, թե բա ես քո համար էսքան ճանապարհ կտրեմ, որ դու ինձ վիրավորե՞ս։ Դե գնա վառվի մեղքերիդ մեջ:
Հիմա ընկել եմ ոտքերը, խնդրում եմ, որ չնեղանա ու չգնա, ինքն էլ թե՝ այ իզվրաշենեց, ի՞նչ ես ոտքերիս ձեռք գցում:
Հին մարդու ու նոր մարդու տարբերությունն էն է, որ հները ավելի քիչ էին կասկածում ու գուգլ չկար, որ եղած կասկածներն էլ անմիջապես փարատեին և առանց կասկածի փարատման ապրում էին մի ամբողջ կյանք՝ սուրբ հոգուն որոնելով, կամ ձվերը քորելով, կամ էլ երկուսը միասին՝ ձվերը քորելով, սուրբ հոգուն հավատալով: Նոր մարդը անընդհատ նոր կասկածներով է լցվում՝ իրեն թվում է, որ հները արդեն փարատել է, սակայն իրականում նույն ձևի մնացած, մեկ րոպե հետո ինքն-իր համար նոր թեմա է գտնում կասկածելու համար, ու մոռանում նույնիսկ ձվերը քորելու մասին: Հինը՝ ինքն իր ամբողջ կյանքը լցնում էր փարատելով ընդամենը ամբողջ կյանքի համար տրված մի քանի կասկած, իսկ նորերը հա կասկածում են ու կասկածում, կասկածում ու կասկածում:
Ինքնաթիռի ակերը բացելու պահին, կամ էլ ընդամենը մեկի բացելու՝ կարծես էն մյուսը չբացվեց, անմիջապես հիշեցի Աղավնաձորի այն հանգստյան տունը, որտեղ առաջին անգամ ձեռք տվեցի աղջկա ոտքերին: Չհասկացա հետս ինչ կատարվեց, որովհետև յոթ տարեկան էի, բայց մողեսը վազեց ու մտավ ամենանեղ պատի արանքը: Չորացած խոտը վերցրեցի ու սկսեցի փորել անցքը, որ կողքի անցքից դուրս գա: Մի քանի րոպե տարբեր անցքեր փորելուց հետո պատի տակից կանաչադարչնագույն մողեսը դուրս եկավ ու ոտքս մեխանիկորեն դրեցի վրան: Մի փոքր ուժեղ ստացվեց, ու նա սկսեց ցավից գալարապտտվել: Կողքիս կանգնածները ասացին՝ մեռնում է ու Աստծուն օգնության է կանչում՝ շուտ փախի, որ հանկարծ քեզ չտեսնի ու դեմքդ հիշելով չանիծի: Արագ վազեցի՝ չսպասելով նրա տանջամահ լինելուն: Վազեցի գյուղի ֆուտբոլի դաշտ ու, կանգնելով մեջտեղում, սկսեցի խորհել կյանքի ու մահվան մասին: Այդ օրն առաջին ու վերջին անգամ բարձրաձայն հայհոյեցի Աստծուն ու հայտարարեցի, եթե էդքան համարձակ է, թող ինձ պատժի իմ հայհոյանքների համար: Չպատժեց, ոչ էլ բարձրաձայն չարտասանած հայհոյանքներիս համար, որոնք ամեն օր գործով անում էի հետագա ամբողջ կյանքիս ընթացքում:
Հետո հասկացա, որ եթե էդքան մանրանա, հաստատ իրեն Աստված չեն կոչի ու շարունակեցի նրա հետ կռվել:
Առաջին սեփական հիշողությունս յոթ տարեկանից առաջ չեմ հիշում, բայց էսօրվա պես հիշում եմ, որ տասուկես տարեկան էի, երբ մեր դասարանի Հակոբը ծննդիս նվեր բերեց՝ ալբոմ, որտեղ գրված էր «Սիրելի Հակոբին տատիկից ու պապիկից համապատասխան դպրոց գնալու կապակցությամբ»։ Էս դոդն էլ բռնել էր տատու ու պապու նվիրած ալբոմը բերել էր ինձ նվեր: Շատ նեղվեցի, ասացի պետք չի քո նվերը, ավելի լավ է՝ դու գնա, ինքն էլ՝ մինչև տորթը չուտեմ, չեմ գնա: Տորթն էլ ելակով էր և ուտելուց հետո տատու նվերը վերցրեց ու գնաց:
Հաջորդ տարի նրան էլ չհրավիրեցի ծննդիս ու դրան հաջորդող տարիներին էլ չհրավիրեցի ոչ մի առիթիս ու երբեմն մտածում եմ, եթե նորմալ նվերով գար, հիմա ինչպե՞ս դասավորված կլիներ Հակոբի կյանքը ու կդառնա՞ր նա արդյոք քյասիբի մեռելի վրա նվագող կլարնետիստ, թե՞ հնարավոր է դառնար մարգարե ու ուրանար իր բոլոր մարգարեությունները:
Դրանից առաջ մեկ էլ հիշում եմ երեք ու կես ամսականիս այն օրը, երբ ծնողներս որոշեցին ինձ տանել այգի ու բարուրված դրեցին ուղիղ չինարի ծառի տակ, իբր այդ ծառը թթվածին շատ է արտադրում:
Թթվածինը չգիտեմ, բայց որ մոծակները հոշոտեցին ինձ, փաստ էր:
Ես լացում եմ, մերոնք մոտենում, սոսկեն կոխում բերանս, թե բա երեխեն սոված է, ես մոծակի հերթական խայթոցից ճվում եմ, իրենք, թե բա երեխեն սովոր չի մաքուր օդին, դրա համար էլ ճվում է:
Հետո մի ամիս բուժվում էի բլիթբլիթներից, ու ոչ մի բժիշկ տենց էլ չիմացավ, որ դրանք ընդամենը մոծակների խայթոցներ են, բայց մի ուրիշ ձևի անասուն մոծակների խայթոցներ, ես էլ էդ ժամանակ լեզու չունեի, որ բացատրեի իրողությունը, ավելի ճիշտ՝ լեզու ունեի, բայց խոսալու համար չէր նախատեսված, դրա համար էլ անցա մեկ կուրս դիֆտերիայի, մեկ կուրս դերմատիտիսի, մեկ կուրս էլ սարմանալոզի բուժում, ու համարյա հասել էի ողնուղեղի քաղցկեղի բուժմանն ու ողնածուծի պատվաստմանը, էն էլ բլթիկները անցան ու մե հրա՜շք, մե ուրախուչու՜ն, մե մատա՜ղ, մե մորթված գայլ:
Ուզում էի գառ գրել, բայց պատահաբար գայլ ստացվեց: Էդ դեպքերից հետո հիշողությունս ընդհատվում է, ու էն յոթամյա բդերը չհաշված՝ հիշում եմ մեկ էլ՝ մերոնք գնացել էին Սիրիա հանգստի՝ էն Սիրիան, որը հիմիկվանը չէ, այլ էն ժամանակվանը, երբ Սովետից Սիրիա հանգստի գնալը միայն ընտրյալներին էր հասու, ու ստանալով հեռագիր, որ ձեր տղան կոկոս է ուզում, հեռագրի մեջ միայն ԲՈՅ-ն էին հասկացել ու կոկոս-քոսը կամ էլ Կիկոսը ու տուտժե հետ ԽՍՀՄ՝ փրկեն իրենց մինուճար որդուն: Դե խղճի խայթը էդքան էլ վատ բան չի, երբ մի անգամ որդի կորցնելու փորձը ունես, անտեր սովետն էլ արտասահմանյան շտապ հեռագրերը միայն անգլերենով էր գրում, որ շուտ հասնի ու հակառակորդը ժամանակ չկորցնի թարգմանչության ու կրեպտոգրաֆիայի վրա:
Խոպանում գտնվող ապարանցուն չեն ուզում միանգամից ասեն, որ որդին մահացել է, հեռվից են գալիս, թե բա որդիդ ծիրան շատ էր սիրում, դրա համար էլ էս ձմեռվա կեսին ելավ ծառը, որ ծիրան քաղի, էն էլ ծառից ընկավ ու նրան կորցրեցինք: Հայրն էլ, թե՝ հարազատներ ջան, մի անգամ էլ ման եկեք ծառի շուրջբոլորը, կարող է էս անգամ գտնեք՝ հաստատ ծառից հեռու ընկած չի լինի:
Ինքնաթիռն էլ էր ընկնելու վրա՝ դե էն 3 տոկոսը միշտ էլ կա, ու եթե ընկներ էլ, հաստատ մեր տնից հեռու չէր ընկնի. փոքր երկիր ա և արի ու գտի, մարմնի որ մասը որինն ա՝ էն էլ էս փոքր երկրում:
Ուղեղը անտանելի ստախոս օրգան է՝ ինչ որ բացակայում է, ինքը ամեն կերպ փորձում է լրացնել ու էնպես չի լինում, որ տեղը դատարկ մնա: Էդ դեռ տեղը, բայց որ գործողություններն էլ է լրացնում, դա արդեն լրիվ խաբեության մեջ ապրել է ստացվում:
Քանի ընկանք հիշողությունների գիրկը, մի դրվագ էլ հիշեմ, երբ աչքիս առաջ մեկը ընկավ շենքի պատշկամբից, ես, իհարկե, մինչև վերջ չնայեցի, թե նրա հետ ինչ եղավ, բայց ուղեղս իմ տեղը լրացրեց, որ իբր նա ընկել ու մահացել է։ Դրանից հետո ուղեղս ավելացրեց շենքի հարևանների ձայները, ներքևում կանգնած ավտոմեքենայի ջարդվելը, նույնիսկ հաջորդ օրը դեպքից մի քանի մետր հեռավորության վրա ընկած վարդագույն կոշիկի թայը, բայց էդ ամեն ինչը ուղեղս էր ավելացրել, իսկ ես ընդամենը տեսել էի այդ մարդու ընկնելը, կամ էլ չէի տեսել, պարզապես լսել էի՝ թերևս կարդացել թերթերից մեկում:
Երեխա ժամանակ, երբ հայրս ինձ իր հետ քաշ էր տալիս իր հոր գերեզման, ես շատ բան ու գործ չունեի այնտեղ անելու, դրա համար էլ ժամանակս սպանում էի նայելով տապանաքարերին ու փորձում գուշակել մահացածների անունները: Մի քանի ամսվա մեջ ստացվեց այնպես, որ ցանկացած անծանոթ տապանաքարի նայելով կարողանում էի ճշգրիտ նշել մահացածի անունը՝ առանց նրա անունը նախապես կարդալու: Հիմա մտածում եմ՝ կարող է ուղեղս կրկին լրացնում էր բաց թողնված մասերը ու մարդու դեմքի կողքին ավելացնում նրա անունը:
Մի օր էլ շիրմաքարերից մեկի վրա տեսա իմ դեմքը ու չկարողացա գուշակել անունը, դրանից հետո որոշեցի թարգել գուշակություններս, կամ էլ վախեցա, որ մարդիկ ինձ շառլատանի տեղ կդնեն, դեռ ավելին՝ կհամարեն, որ սրբապիղծ եմ, բայց ինստիտուտի աղջիկներին մի բանով պետք էր զարմացնել ու սկսեցի գուշակել աղջիկների արյան կարգերը:
Հիմա չեմ կարող ասել մոտս ինչպես էր այդ բանը ստացվում, բայց որ գուշակի անուն հանեցի ու հղիներն ինձ այցելում էին, որ իրենց ապագա երեխաների սեռն ու անունը գուշակեմ, դա արդեն դուրս եկավ իմ վերահսկողությունից: Էդ անտեր ուղեղս էլ բոլոր բաց թողնված տողերն ինձնից առաջ էր լրացնում ու ինձ չէր մնում որևէ բան անելու: Մի անգամ էլ գուշակեցի, որ նա սուրբ հոգուց է հղիացել, իսկ կարևորը՝ նա հավատաց:
Մեղա Աստծու:
Ախր այնքան ցավ կա մի մարդու մեջ ու որքան ուրախություն, որքան միամտություն, որքան սպասում ու սով, ու էն գեները, որ մեջդ կրում ես, հաստատ իմացիր, որ միլիոնավոր տարիների քո դինոզավրերի կողմից կերված նախապապի ճմլված մարմնի ցավն էլ են իրենց մեջ կրում, քո նախատատի կոկորդին կանգնած օձի թույնի ցավն էլ, քո մյուս նախապապի երեխայի կորստյան դժբախտությունն էլ, իսկ նախատատի էլ՝ նոր երեխայի ծնվելու բերկրանքը, ու հիմա էդ միլիոնավոր տարիների միջից, ամեն մի արհավիրքով անցած էդ միլիոնավոր ակնթարթեր տեսած ու զգացած գեները փոխանցվել են քեզ, որ դու էլ քո սեփական տառապանքն ու երջանկությունը ավելացնես ու փոխանցես հաջորդին: Բայց մինչև ո՞ւր:
Իսկ իմ ստյուարդեսան բաց ոտքերով ու թեթևակիորեն թացացած ներքնաշորով, պադնոսը ձեռքին սպասում էր իմ մոտենալուն:
Հարևանիս տղան լալ էր ու ամեն Նոր տարի ինձ նույն հարցն էի տալիս, թե ինչպես ստացվեց, որ ես լալ չծնվեցի, իսկ ինքը ծնվեց ու էդպես էլ չէի գտնում պատասխանը՝ մինչև չհասկացա, որ այդ լալը ես եմ:
-Բլյատъ.
Ինչքան մեծանում եմ, ավելի հաճախակի եմ արտասանում էս բառը: Նախկինում օրվա մեջ մեկ անգամը հերիք էր, իսկ հիմա եթե նախադասության մեջ մի Բլյատ չբացականչեմ՝ թեկուզ մտքում, նախադասությունս լիարժեք տեսք չի ստանում.
-Բլյատ…
Ամենաստոր պահը էն է, երբ մարդուն ստիպում են ամուսնության ժամանակ հավերժ հավատարմության երդում տալ. բա որ մեկը պետք է մյուսից ավելի շուտ մեռնի, դրա պատասխանն ո՞վ է տալու:
Ես կարող էի քացով բացել բարձր գրականության դուռը, բայց հետո մտածեցի՝ ինչ եմ անելու այն նույն սենյակում, որտեղ գտնվում են հազար տարվա մեռած հանճարներ, իսկ իմ ստյուարդեսան դեռ ողջ է ու սպասում է, որ կմտնեմ օդանավի անձնակազմի համար նախատեսված անկյունը՝ էն որ սնունդ ու ջուր են պահում, ու էդ շարժասայլակների արանքում իրեն կշինեմ: Քշվող սեղանների շխշխկոցից օդաչուին մի պահ կթվա, թե տուրբուլյառության ձայն է, կամ էլ «Մարդ ա վատացել» ու միկրոֆոնով կհաղորդի՝ Խնդրում ենք գրավեք ձեր տեղերը։ Էն էլ մենք արդեն գրավել ենք մեր տեղերը, իսկ ուղևորները թող սպասեն իրենց բաժին պայոկին՝ այն կմատուցվի մի փոքր ուշ՝ համեմված մեր քրտինքի ու ճչալուց զսպած ձայներով:
Նրա ճչոցները ականջիս մեջ թարգմանվում են որպես մինչ ի մահ հավատարմության երդում, որ ինձնից բացի ոչ ոք չլսի, ու նույնիսկ օդաչուն, որ հանկարծ օդային փոսերը ընկնելուց չթվա, որ ընկնող օդանավում նոր մարդ է արարվում, ու կա՞, չէ՞, մի երեք տոկոս շանս, որ օդանավը չի ընկնի:
Նրա լեզուն սողոսկում է մինչև թմբկաթաղանթս ու ասում.
– Ես եմ քո միակ հրեշտակը, փրկիր ինձ, խնդրում եմ, դրախտի ճիրաններից:
Գալիս եմ հետ՝ տեղս, նա լրջացած մոտենում է ինձ ու օտարի պես՝ молодой человек вам здесь не место, ու հետո էլ ավելացնում է՝ вам не сказали пристегнуть ремень.
Հլը սրա մուննաթին նայեք, կարո՞ղ ա գիտես մենք երրորդ սորտի ներկայացուցիչ ենք ու մեզ կարող ես սեքսուալ ստրկության ենթարկել ու մեր գեներով ձեր ցեղի գեները փչացնել:
Նեղանում եմ, կատաղում, թե այ աղջի, դու ո՞վ դառար, որ հետս էդ տոնով խոսես.
– Դավայ ստուց, չեմ կապելու էդ անտեր ամրագոտին,- իսկ ինքն էլ՝ հեսա օդաչուին կկանչեմ: Օդաչու էլ չէ՝ մի վանքի տավար, համ էլ օդանավի անվտանգության աշխատակից, թե ինչու էիք օդանավի մեջ գոռում, հայհոյանքներ տալիս, բռնաբարության փորձ կատարում ու հրաժարվում էիք կապվել՝ դրանով իսկ վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծում մնացած ուղևորների մոտ:
Ասում եմ՝ ես չէի գոռում, ես այստեղ անմեղ քնած էի, միգուցե երազիս մեջ եմ ինչ- որ ձայներ հանել. մեկ էլ տասնյակ վկաներ՝ էլ ինժեներ, էլ բժիշկ, էլ բանվոր, էլ խոպանչի-խադավիկ, բայց էն հաստ ոռով կնգանից չէի սպասում՝ ինքը անընդհատ ինձ ծիկրակում էր ու մեղմիկ ժպտում էս վերջին կես ժամը:
-Տո դո՛ւ խի՞ ես իմ վրա ցուցմունք տալիս, թե վստահ ես, որ կյանքում քեզ չեմ շինի ու դրա համար ինձնից վրեժ ես լուծում: Ախր քո էդ հաստ ոռը ո՞նց բարձրացնեմ ու հարմարեցնեմ սեղանին:
-Սեր իմ, ներիր ինձ։ Ես քեզ փողոցում տեսա ու չուզեցի բարևել: Ինձ սուտմեռուկի տեղ դրեցի, որ իբր ես այդտեղ չեմ, որ հանկարծ մի չնչին շարժումը քո ուշադրությունը իմ կողմ չտանի ու չտեսնես իմ զզվանքով լեցուն հայացքը քո կախված բարեմասնությունների նկատմամբ: Ավելի լավ է՝ դու ինձ հիշես քեզ սիրահարված նայող հայացքով՝ էն, որ պաշտում էի քո մարմնի բոլոր մասերը:
«Идем на левый поворот, а стюардесса в рот берет, забыв, что под крылом уже Одесса»,- էս երգն եմ մտքումս սուլում, մեկ էլ ինձնից անկախ սկսում այն բարձրաձայն երգել, որպես Խորհրդային Միության հիմն: Ձեռքս դնում եմ կրծքիս ու երգում: Աուդիտորիաս սկսում է մեծանալ:
Ես հիմա արդեն աստղ եմ ու կողքից մոտենում են մատղաշ, թե մատղուշ աղջիկները ու փորձում ինտերվյուներ վերցնել, թե ի՞նչ էիք զգում այն պահին, երբ գրեցիք այդ տողերը:
Արի սրանց բացատրի, որ դրանք իմ գրածը չեն, այլ այդ ստյուարդեսայինը, սակայն նրանք ավելի հանդուգն հարցեր են տալիս ու պահանջներ ներկայացնում, որ մենք էլ ենք ուզում այդպիսի տողեր գրել, միայն թե իբր ես ամբողջությամբ չեմ ընկալում այդ երգում արտացոլված բառերը, ելևէջները, տողատակերը… դրանք հասկանալը հասու է միայն ընտրյալներին:
Ասում եմ՝ փախեք ստեղից, ծեր մարդ եմ՝ հիվանդ, գեմարոյիս արյունն էլ կողքից չռռում է, հիմա արնաքամ կլինեմ, իրենք էլ՝ ինչ լինում ես, էղի, մենակ թող արյունովդ ճակատներիս խաչ անենք՝ մատաղի պես:
«Յախք»:
Բա որ ասում եմ՝ հանճարեղ գործեր կարող եմ ստեղծել, չեք հավատում՝ նենց գործեր, որ ազգայնական ազգակիցներս անունս տելեվիզրով լսեն ու պրծնեն։ Երևի հենց դրա համար էլ չեմ ստեղծում, որ ամեն դաշնակի՝ դաշտանից հետո, Ստամբուլը աչքին արյան ծով չերևա, ոչ էլ գեմարոյի բացվելը տխրադեմ լճակ իմ:
Իմ սիրո պատմությունը ոնց որ թե շատ քաղաքականացվեց, դրա համար վերադառնամ ճիշտ ռելսերին:
Հերս՝ իմ մանկությունից միակ ողջ մնացած մարդը, զանգեց ու խնդրեց, որ գնանք իր ըմբշամարտի աշխարհի չեմպին ընկերոջը տեսնելու, որին ինսուլը խփել էր ու ոչ տարել էր իր հետ էն աշխարհ, ոչ էլ էս աշխարհում թողել էր, որ կարողանա գդալը սեփական ձեռքերով բերանին հասցնի:
Հիմա՝ էսքան բանն իմանալուց հետո, դուք ուզում եք, որ ես կարողանամ իմ վաղեմի սիրու ոռը բարձրացնել ու դնել սեղանի՞ն: Չեղավ, հարազատներ ջան, տարիք կա՜, բան կա՜, համ էլ առանց սիրո ոչ ոք ոչ մի ոռ բարձրացրած չկա՝ եթե, իհարկե, դրա համար չկան այլ համոզիչ պատճառներ:
Հորս առաջարկեցի ավելի թեթև գդալ տանենք հետներս նվեր՝ միգուցե գդալի ծանրությունից է, որ այն բերանին չի հասնում, հերս ջիգյարով ինձ քրֆեց ու ասաց՝ գդալից չէ, որդիս, ստեղ մի հատ ուրիշ տիեզերական խաբեություն կա:
Ստյուարդեսան կանգնել է գլխիս վերևը, արհեստական շնչառություն է տալիս, մեկ ձեռքերով հարվածում է կրծքավանդակիս, մեկ ազդրերով սեղմում աճուկներս, մեկ կծում է քներակս, մեկ եղունգները խրում մեջքիս մեջ: Չեմ ուզում արթնանալ։ Ինձ սուտմեռուկի տեղ եմ դրել, միայն թե չկապեն անվտանգության պարաններով: Չեմ ուզում ռիթմից գցեմ։ Մտածում եմ, եթե մի պահ կանգնի՝ կհասկանա, որ այս ամենը սուտ է ու թևերը կբացի ու կփախնի:
Կամացուկ ականջին ասում եմ՝ միայն քեզ կարող եմ վստահել, որ չեմ մեռել, թե չէ օդաչուին խաբար կտան ու բոլորով միասին կկապեն անվտանգության զսպաշապիկով։ Միայն թե այդ անգին գաղտնիքիս փոխարեն, խնդրում եմ, հենց վերջին պահին, երբ ազդրերիս վրա նստած արհեստական շնչառություն ես տալիս, հրեշտակիդ թևերը բացիր ու խոստանում եմ մի պահ աչքերս բացել:
Սկզբում համաձայնվում է, բայց հետո սկսում է կասկածել, որ կխաբեմ ու աչքերս չեմ բացի:
Աչքեր թևերի դիմաց՝ համարյա ստացված օպերացիա, կամ արդարագույն փոխանակումը, կամ արժանապատիվ գործարք՝ վերջին պահին մի չնչին կասկածի պատճառով անէանում է:
Ի՞նչ ունենք հիմա՝ չբացված աչքեր, չբացված թևեր ու կիսաբացված ինքնաթիռի անիվներ։ Դե ուրեմն տենց էլ շարունակի ինձ արհեստական շնչառություն տալ:
Գդալը մոտեցնում եմ բերանին, նա՝ հա՛մփ, ու ճաշիկը բերանում է, հա՛մփ, ու արդեն երկրորդ գդալը:
«Աշխարհի չեմպիոն»:
Էդ աշխարհը էն չի՞, որ գալակտիկայի մեջ ման ես գալիս, չես էլ գտնում:
Ցանկացած պահի կարող եմ վերջացնել, հենց այդ դիրքով պառկած, բայց դեռ ինքս ինձ հույս եմ տալիս, որ հնարավոր է մի ինչ-որ բան էլ մտքիս գա ու կարողանամ նրան համոզել թևերը բացի, կամ էլ ես աչքերս բացեմ ու այս պատմության վերջը տամ, բայց չէ՛, մի գդալ էլ ճաշիկ է մոտենում, ու ես կրկին վազում եմ դաշտ աղոթք անելու:
Հանում է կուրծքը ու պտուկը խրում բերանիս մեջ, որ մանկությունս հիշեմ ու աչքերս բացեմ, մի պահ ինձ կարծես համոզում է, բայց գդալը դուրս է գալիս լեզվիս տակից՝ այն լեզվիս, որ դեռ չգիտեր, որ դրանով կարելի է նաև խոսել ու կրկին պետք է սկսել նորից:
Աչքեր թևերի դիմաց, կամ թևեր աչքերի դիմաց՝ Աստվածային ձախողված գործարք:
Սակայն ինչպիսի տիեզերական արդյունք կլիներ, թեկուզ դժոխքի միջով, թեկուզ մանկության երազների խորքից, թեկուզ արյունով ու սերմնահեղուկով շաղախված, թեկուզ անիմաստ ու անբովանդակ, թեկուզ կյանքի հաշվին՝ թեկուզ ուրիշի…, թեկուզ մեկ վայրկյան:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *