Առաքել Սեմիրջյան | Ամառ

Հալվող անորակ ասֆալտի մեջ մխրճված կաբլուկների հետքը սրով սրտին հասցված հարվածի էր նման:

Քնկոտ աչքերի խորքի նիրհում ուղտի պռոշից թափվող փսլինքն էր երևում․ իսկ կիսափակ աչքն էլ ոչ մի կերպ չէր կարողանում բացվել:

Առույգ թվացող ճանճը առաջին իսկ ճառագայթից թլֆած տապալվում էր լուսափեղկի արանքում:

Ստվերի փնտրտուքը չնախատեսված տեղից նոր ստվերներ էր ծնում:

Վախը, որ կարող էր լինել մի վայր, որտեղ ընդհանրապես ստվերներ չկան, ինքնին սարսափեցնող էր:

Ի սկզբանե անհնար էր  նաև սեփական ստվերի տակ պատսպարվելը։ Գոնե լիներ գեթ մեկ ուրիշը, կամ մեկ այլ բան,  որի շուքի տակ մի կերպ կարելի կլիներ տեղավորվել:

Բերանում չորացած թուքը, որն ավելի շուտ չորացած բերանի թուքն  էր, լեզվի վրա փշեր էր աճեցնում :

Ծարավն ամենուր էր՝ բացի սիրո ծարավից, որովհետև մարմիններից ինքնըստինքյան հոսող քրտինքը միայն շոգից փախուստ էր տենչում:

էն մեռելների հարազատների բախտը չէր բերել, որոնք հեղձուցիչ ամառվա  կեսօրին թաղում էին նշանակել:

Դուբայի ավազների բորբ քամին նույնիսկ Կովկասի կողմերում աչքերը փոշուց կկոցել էր տալիս:

Բլբլթացող կաթսայից փրկվածների տների զովացուցիչների տակից ծորացող ջրի կաթիլները վայրկյան իսկ չանցած գետնի երեսից անհետանում էր:

Հողն իր ներծծող հատկանիշները սկսել էր հարյուր տոկոսով օգտագործել, դեռ մի բան էլ  ավելի:

Համատարած լռության վրայից էլ էր շոգի գոլորշի դուրս գալիս, որը վակուումի մեջ գվվոցի պատրանք էր ստեղծում: Կողքից լսվող ձայները կտրվում էին իրենք-իրենց բնում։

Ծուլացած առյուծների քթի տակով անբռնազբոսիկ անցնող որսին միայն հայացքով էր հնարավոր դառնում ուղեկցել: Վիզը թեքելը մի այլ կարգի ջանք էր պահանջում։ Որձ առյուծների քրտնած բաշերից բուղը բարձրանում էր ու  հսկայածավալ ողջ մարմինը մեխում գետնին։ Սովից ավելի դաժանը տապն էր  իր բոլոր դրսևորումներով։

Եռացող տապին ոչ մի զգացմունք չառաջացնող մերկ ոտքերը պարզապես հերթական պատկերն էին։

Պոչով ճանճերին քշող բույվլները փորձում էին  ջրափոս գտնել սեփական մարմնի վրա ապաստան գտած միջատներին  խեղդամահ անելու համար։

Վառվող ձեթի հոտը փոխարինում էր բնության բոլոր հոտերին։ Օդը կանգնած էր ինքն իր մեջ։

Ձայնագրիչով միացված մոլլայի աղոթքները միտված էին կեսօրվա քունը հաճելի դարձնելուն, որը երկնային արքայության հավասար մի բան էր թվում։

Տարօրինակ մտքեր էին սողոսկում արթմնի երազի մեջ, որ եթե ինչ-որ մի հրաշքով Աստված դառնայիր՝, մինչև աշուն երկիրը ջրով կծածկեիր, ու թող  ով փրկվում էր թող փրկվեր։

Հալվող մոմի պատկերն էր աչքիդ առաջ գալիս, սակայն մարդու կերպարանքով, որ էդպես էլ կլղոզվես բազկաթոռին ու չեն էլ իմանա որ երբևե եղել ես։

Ավտոների ծուխը դառնում էր մարմնիդ մաս, որովհետև արտաշնչածդ օդի մեջ ավելի շատ թթվածին կար քան ներշնչածիդ։

Ե՞րբ է ավարտվելու այս անվերջ թվացող խեղդոցը․ թե այն մշտապես կրկնվելու սովորություն ունի, ամեն դեպքում էս անտեր մայրցամաքում։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *