Արման Բունարջյան | Ցանցը

Գյուղում բոլորը պապիս ժամագործ Կարոյի տղա Օհան էին ասում, ինձ էլ ժամագործ Օհանի թոռ։ Պապս հոր պես ժամագործ չէր, ուղղակի գյուղը մտածել էր, թե շատ երկար կլինի ասել ժամագործ Կարոյի տղա Օհանի թոռ ու Կարոյի տղան կրճատել էր։ Օհան պապս հորից մի քանի բան հասցրել էր սովորել ու քիչ թե շատ ժամերից գլուխ հանում էր։ Գյուղի ակումբի ճակատին գյուլլի պես խրված ժամն էլ որ մեկ-մեկ հետ ու առաջ էր ընկնում, պապիս կանչում էին սարքում էր։ Էս ժամը միակ բանն էր, որի ճշտությանն ամբողջ գյուղը հավատում էր, բոլորն իրենց ժամերն ըստ սրա էին ուղղում, ու ես հպարտանում էի, քանի որ բոլորն իրենց ժամերը պապիս սարքած ժամով էին ուղղում։ Հպարտանալու ուրիշ բան էլ ունեի։ Մի անգամ պապս ինձ թաքուն ասել էր, որ գյուղի աքլորներին էլ է ինքը լարում, բոլորից գաղտնի, երբ գյուղը քնած է լինում։ Ոչ-ոք չգիտեր բացի ինձնից։
Գյուղում պապիս բոլորը հարգում էին, որովհետև ջահել օրերին կոլխոզի նիստերից մեկի ժամանակ պապս մատները բռունցք արած հարվածել էր դահլիճի չոր աթոռի փայտե հենակին, գոռացել․ «Զզվցրիք էլի»,- ու հեռացել դահլիճից։ Էդ որ խփել է, նստած ժողովուրդը քարացել է, նախագահը լռել, պապիս ձեռն էլ հարվածից ցավացել, բայց ձեն չի հանել, քանի որ ժողովուրդը քարացել է, նախագահն էլ լռել։ Հետո, երբ խաղաղվել է, ափի ետևի ոսկորը ուռել, կապտել, ցավացել է, շրջկենտրոնից էլ կանչել են երեկվա պահվածքին բացատրություն տալու, ու էդտեղ ափսոսանք է զգացել, որովհետև ափի ետևի ոսկորը ուռել, կապտել, ցավացել է։ Ի վերջո ներկայացել է կենտրոն՝ ձիով և ուռած ձեռով, վերադարձել՝ գլուխը կախ, ուռած ձեռով ու առանց ձի։ Վերադառնալիս արևն արդեն փախած է եղել, գյուղում ոչ-ոք չի տեսել պապիս ընկճված։ Տատս ոգի է տվել ու մի շիշ օղի, էս պապս էլ գլուխը կախ բաժակը լցրել է, «Էհ, Աստված» ասել, բաժակի հետ կոր ընկած գլուխը բարձրացրել ու էլ չիջեցրել։ Առավոտ կանուխ քեֆը լավ դաշտ գնալիս գյուղացիք տեսել են, զարմացել, որ երեկ է շրջկենտրոնից եկել, էսօր հեչ վեջը չի, ու իրար մեջ որոշել, որ պապիս պետք է հարգել։
Անասնաբույժ Սերոյի կնիկ Վերգուշը պապիս որ գյուղի մեջ տեսնում էր, մի թեթև հարգալից գլուխն իջեցնում էր ու ասում․ «Բարի օր, Օհան եղբայր»։ Պապս էլ շոյված ջան-ով էր պատասխանում։ Տատս որ էդքանն իմացավ, պապիս ասեց․ «Էն փչացած Վերգուշը քո սիրածն ա»։ Պապս էլ ասեց․ «քալլեն թափած»։ Բայց հետո մի գիշեր Սերոն խմած ճոճվեց, ընկավ հորը ու տեղում մնաց, Վերգուշն էլ մնաց եթիմ։ Պապս, որպես թասիբով տղամարդ, Սերոյի թաղումն ու մեռլհացը կազմակերպեց։ Վերգուշն իր եղած-չեղած միակ հորթը մորթեց, ղավուրմա սարքեց, եկող-գնացողին կերցրեց, տատս էլ որ տեսավ Վերգուշը միակ հորթը մորթեց, մտածեց, որ սա իր մարդուն շատ էր սիրում, ու էլ պապիս չասեց․ «Փչացած Վերգուշը քո սիրածն ա»։
Սերոյի մեռնելուց մի շաբաթ հետո գյուղում երկու տարօրինակ բան կատարվեց։ Առաջինն էն էր, որ դիմացի բլրին, որ ճիշտ նման էր ջանդակով մեկ փռված փղի, երկնքից մի վառվող քար վազելով եկավ-ընկավ։ Մյուսն էլ էն, որ ջաղացի ամբարում դարսված ալրի ծախու պարկերը մկները ծակել էին։ Գյուղի տատերը, որ քարի ընկնելը տեսել էին, ասել էին․ «Աման, Աստված, էսիկ նշան ի»,- ու երկու մատով խաչակնքվել յոթանասունյոթ անգամ։ Ուշ ժամին էլ տերտերին չանհանգստացնելու համար դիմել էին բաժակ նայող Վարսիկին, որ մարգարեանա։ Վարսիկն ասել էր․ «Գլխներիս կրակ ու ցավ ա գալու, գեղում մանչ ա մեռնելու»։ Հաջորդ օրը գյուղում բոլորը սկսեցին իրենց երեխեքին առանձնահատուկ փշփշացնել, ծեծող ծնողները սկսեցին չծեծել, չծեծողներն էլ՝ սիրել կրկնակի չափաբաժնով։ Տեր հայրը որ իմացավ պառավների արածի մասին, Վարսիկին կախարդ ասեց ու նզովեց, մասնակիցներին էլ սպառնաց զրկել հաղորդությունից։ Գյուղն էլի խաղաղվեց։ Երեխեքն էլի սկսեցին ծեծ ուտել։
Էդ օրերին թաղի երեխեքով կախվեցինք պապիս շորերից որ մեզ տանի գետը ձուկ բռնելու։ Հինգ-վեց հոգի էինք, ամեն մեկիս վզին մի-մի ճլոթի ու փախանք։ Բայց սրտին ծանր էր նստել, մտածել էր տանել, թե չտանել, ու հենց մտածել էր տանել, էդ պահին մի ծիտ ծրտել էր ոտքին, պապս սրա մեջ նշան էր տեսել ու որոշել, որ պետք է տանել։ Առավոտ շուտ պապիս պոչից փոքր շների պես կպած, ուրախությունից մեզ կորցրած գնացինք առաջին անգամ ձուկ բռնելու։ Ասքոյի թոռ Խաչոն մեջքին գցած էնքան մեծ ցանցապարկ էր բերել, որ գետում ինչքան կենդանի շունչ կա կտեղավորեր, մի բան էլ ավել։ Պապս, որ սրա ցանցը տեսավ, սկսեց հռհռալ ու ասեց․ «Կարող ա գիտես մեր գեղի ձկները պապիդ բոյին են»։ Ու էդտեղ մենք էլ սկսեցինք քրքջալ՝ պատկերացնելով Խաչոյի պապի դեմքով ձկներ։
Գետը չափազանց արագահոս էր ու պղտոր։ Պապս ամբողջ ճամփին մեզ զգուշացրեց տասը քայլից մոտ չգնալ, իսկ մենք ունեինք ընդամենը երեք կարթ ու ամեն կարթին երկու-երկու կառչած սպասում էինք հրաշքի: Ահագին ժամանակ ոչ մի ձուկ չբռնեցինք ու սկսեցինք մտածել, թե ինչ-որ մեկը Խաչոյի պես հսկա ցանցով եկել, գետի բոլոր ձկներին բռնել-տարել է, ու այդ պահից խեթ աչքով նայեցինք նրա բերած ցանցին։ Խաչոն մեծ քարեր էր հավաքում, գցում ջուրը, բայց ջուրը քարերը չէր տանում, կուլ էր տալիս, ու Խաչոն պապիս աչքից թաքուն մոտեցավ գետի եզրին, մի ձեռով հողից բռնված, պոչով գետի մեջ ճյուղերը պոկեց, իրար հետևից գցեց ջուրն ու հոսանքը տարավ։ Իսկ մենք՝ զարմացած ճիշտ նույն զարմանքով, որը գալիս է ծառի մեջ խրվող կայծակ տեսնելիս, կամ դաշտը խժռող հրի ոռնոցը լսելիս, մարմնով անշարժ ու շարժվող զույգ աչքով հետևում էինք, թե ինչպես են գետի ջրերը ձեռքից ձեռք տալով փախցնում Խաչոյին՝ գցելով մահվան ճանկերը, որոնք, փաթաթված զոհի ոտքերին, քաշում էին դեպի պղտոր հատակը, կամ գուցե դրանից անդին, ուր հատվում է սահմանագիծն այստեղի ու այնտեղի միջև, և ուր իրականանում են ընկնող քարերի ու մեռնող մանչերի մասին բաժակ նայող Վարսիկի մարգարեությունները։
Գյուղ վերադարձանք նույն ճանապարհով, ողբացող պապիս ետևն ընկած, ու լացելով ոչ էնքան Խաչոյին կորցնելու, որքան պապիս լացելիս տեսնելու համար։ Խաչոյի կապտած մարմինը գտան երկու օր անց ճահճոտ մամուռների միջից։ Ամբողջ գյուղում պտտեցին, աբողջ գյուղը լաց եղավ, էդ օրը բոլորը սկսեցին իրենց երեխեքին առանձնահատուկ փշփշացնել, ծեծող ծնողները սկսեցին չծեծել, չծեծողներն էլ՝ սիրել կրկնակի չափաբաժնով, ու Խաչոյին թաղեցին քրոջ ու հոր կողքին՝ պապիս թմբից տասը ոտնաչափ էն կողմ։ Պապս Խաչոյից մի շաբաթ հետո մահացավ։ Էդ առավոտ գյուղում ոչ մի աքլոր չկանչեց։ Գյուղի տատերը հիշեցին Վարսիկի մարգարեությունները, սարսռեցին, խաչակնքվեցին յոթանասունյոթ անգամ, բայց խոսեցին իրար մեջ փսփսալով, վախվվորած, որովհետև տեր հայրը սպառնացել էր զրկել հաղորդությունից։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *