Արման Մկրտչյան | Եսասիրություն

Տուն մտնելուն պես՝ Սյունեն փորձեց շրջանցել օբսեսիվ-կոմպուլսիվ1 զույգին, ու առանց կեդերը հանելու վազեց հյուրասենյակ։ Բայց միջանցքի գորգը սարդոստայնի պես սոսնձվեց ոտքերին՝ կրկին զգացնել տալով նրա անզորությունն իր իսկ մտքերի հանդեպ։ Այս դեպքերի համար անգամ կարգախոս էր մտածել․ «Կպչուն մտքերը չեն հայտնվում նորից, հայտնվում են՝ կրկին»։ Երեք անգամ բարձր արտասանեց իր պլագիատախառը նշանաբանն ու վերադարձավ նախասրահ։ Հանեց կեդերն ու դրեց պահարանի սև ոտնամանների համար նախատեսված դարակում՝ աչքաչափով իրարից 10 սմ հեռավորության վրա գտնվող բոթասների կողքին։ Միանգամից հագավ հողաթափերն ու շտապեց հյուրասենյակ։ Եվս 100 գրամ Կարկադեն պատրաստվում էր ամբողջացնել նրա թեյերի գարուն-ամառ հավաքածուն։ Խոտաբույսը ճռճռան տոպրակից խնամքով դատարկեց հատուկ արկղիկի մեջ։ Քիչ հետո մարզվելու է, դրա համար որոշեց մի քանի րոպե հանգստանալ իր սիրելի ճոճվող բազկաթոռի գրկում (իհարկե, ծածկոցն ուղղելուց հետո միայն)։
Օրվա ընթացակարգի մեջ աշխատանքից վերադառնալն ու հանգիստն ասոցացվում են մտային մաստակից ազատվելու և հյուրասենյակում մի քանի ներդաշնակ րոպեներ անցկացնելու հետ։ Առաջին քայլն արել է. հիմա մարզվելու ու լարվածությունը թուլացնելու ժամանակն է։ Միշտ գերադասել է տնային պարապմունքները մարզիչի հետ տանջալից աշխատանքից։ Այսօր չի պատրաստվում երկար մարզվել․ սահմանափակվելու է մի քանի ձգումներով և պրեսի մարզանքով։ Անկախ թե ինչ բարդության վարժություններ կանի ու ինչքան կհոգնի, վերջին 5-10 րոպեները ծախսում է մեդիտացիայի վրա։ Փորձում է չմտածել ոչնչի մասին ու կենտրոնանալ փողոցի աղմուկի վրա։ Չնայած՝ վերջերս ինչ-որ տեղ կարդացել է, որ «մեդիտացիա կարելի անել նաև բաց աչքերով ու անգամ՝ շարժվելով», միևնույն է նախընտրում է ավանդական եղանակները։
Մի կերպ 30 վայրկյան դիմացավ` առանց աչքերին լուրջ վնասներ հասցնելու․ չափազանց ուժեղ էր կոպերը սեղմում։ Հիմա էլ մոռացել էր իրեն հատուկ ամենակարևոր բաղադրիչը արդյունավետ մեդիտացիա ունենալու համար. թեյը, որը պատրաստելն առանձնահատուկ արարողություն է։ Նախ ջուրն է եռացնում, նախորդ ամսվա աշխատավարձի գրեթե մեկ երրորդը արժեցող, իր սիրելի բրենդի ամենաթանկ խեցե թեյնիկներից մեկով։ Ու ի հեճուկս բոլոր սպասելիքների՝ արդեն թանկարժեք դարձած ջուրը թրմում է շարքային ապակյա տարայում։
Քթին հնարավորինս մոտ պահելով տաք ըմպելիքը՝ այժմ էլ կենտրոնանում է կոճապղպեղի ու լիմոնի նուրբ համադրությունից առաջացող դուստր բույրերի վրա, որոնք, թեև մեկը մյուսից նոսր են՝ ամեն դեպքում պահպանում են այրող կծվությունը։
Արդեն 10 րոպե է, ինչ չի շեղվել․ իրեն ներդաշնակ է զգում մարմնի ու միջավայրի հետ։ Մեկ շաբաթ կլինի, որ ամենօրյա մեդիտացիաների միջոցով հանգստացնում է ուղեղն ու ժամանակ գտնում սեփական մտքեր, թեկուզ փոքր քանակով, գեներացնելու համար։ Առաջ չէր էլ համարձակվում քննարկել հոգեբանի այցելելու գաղափարն ու անընդհատ նույն պատճառաբանությունն էր շահարկում․ ժամանակ չունի։

1 – Օբսեսիվ-կոմպուլսիվ (կամ կպչուն-սևեռուն) խանգարում՝ հոգեկան հիվանդություն, երբ մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել, ժամանակ առ ժամանակ կատարել որոշակի գործողություններ կամ ունենում են անընդհատ կրկնվող մտքեր։ Մարդիկ անկարող են որոշակի ժամանակով կառավարել թե՛ մտքերը, թե՛ գործողությունները:

Համալսարանական տարիներից իրեն կարիերիստ հռչակած Սյունեն մինչև վերջին ժամանակները հրաժարվում էր ամեն տիպի գործունեությունից, որը կարող էր ազդել իր մասնագիտությամբ՝ թարգմանչական գործով զբաղվելու վրա։ Բակալավրիատի ընթացքում այնքան մեծ էր առաջընթացը, որ դասերից չձանձրանալու համար կարդում էր մագիստրատուրայի ծրագրով նախատեսված գրականությունը։ Այս ամենի հետ հաջողացրել էր մնալ խմբի փոքրաթիվ ուսանողների թվում, որոնք չունեին ոչ մի ծաղրանուն։ Մի անգամ համակուրսեցիներից մեկը բերանից թռցրել էր ամենատարածված՝ «գիրք կրծողը»։ Բայց վայրկյաններ չանցած՝ ինքն էլ էր հասկացել, թե ինչքան աբսուրդ է հնչում այդ բառակապակցությունն Սյունեի դեպքում ՝ իր ամբողջ փոխաբերական իմաստով հանդերձ, ընթերցանությունը ավելի նման է աչքերով բառեր շոյելուն, իսկ կարդացած գրքերի վրա տարիներ շարունակ փոշի չի նստում, որովհետև դրանք պահում է հատուկ ապակյա գրադարակներում՝ ճիշտ ջերմաստիճանային պայմաններում։ Երբեմն նույնիսկ, զայրանալով երկրորդ ձեռքից գնած գրքերի նախորդ տերերի վրա, հերթով արդուկում է ճմռթված թերթերն՝ այդ նպատակով գնած փոքրիկ արդուկով։
Իրեն ամեն տիպի զվարճանքից զրկելով՝ Սյունեն հասավ իր ամենամեծ երազանքներից մեկին՝ աշխատանքի անցավ ՄԱԿ-ի բանավոր թարգմանության ծառայությունում՝ որպես չինարենի թարգմանիչ։ Ուրախությանը չափ չկար։ Ամբողջ շաբաթներ հատկացնում էր միապաղաղ, բայց իր համար չափազանց գրավիչ առօրյային․ երեկոյան գործն ավարտելուց հետո գնում էր որակավորումը բարձրացնելու տարբեր դասընթացների, դասախոսությունների, կամ էլ տանն էր ինքնակրթվում՝ անվերջ ձեռնարկներ և նեղ մասնագիտական նոր ուղություններ ուսումնասիրելով։
Ու չնայած՝ շատ էր երազել այդ գործի մասին, քիչ ժամանակ անց գերհոգնածությունից թուլացած դիմադրողականության պատճառով սկսեց ավելի հաճախ հիվանդանալ։ Իրականում մեծ ուշադրություն չէր դարձնի այդ խնդրին, եթե այն աշխատանքի վրա ծախսվող ժամանակը մի քանի անգամ չկրճատեր։ Միայն այդ միջոցին ստիպված եղավ կանգ առնել ու մտածել իր առողջության մասին։
Թեև այսօր լրանում է հոգեբանի այցելության առաջին շաբաթը ու դեռ չեն հասցրել քունն ամբողջովին կարգավորել, դրանից առաջացող հոգնածությունը նախկին հաճախականությամբ գլուխ է բարձրացնում։ Վերջինիս ախտանշանները հօդս են ցնդել այժմ էլ մեդիտացիոն ազատության շնորհիվ․ թմրության մեջ սավառնող Սյունեն լոտոսի դիրքից դանդաղ գլորվում է մղձավանջների կիրճը։
․․․Աչքերը բացեց լողացող հորիզոնի վրա։ Մեծ սենյակում է։ Ձեռքերն ու ոտքերը կապված են առաստաղից։ Պարանոցի կամայական շարժումների պատճառով հնարավորություն չունի կենտրոնանալ որևէ մանրամասնության վրա։ Միայն ցավ է զգում ամբողջ մարմնով։ Նրան պահող պարաններով սկսեց եռացող թեյ հոսել։ Թափվելով գետնին՝ փոքիկ ջրափոսի պես մի բան առաջացրեց։ Ձեռքերի ու ոտքերի կապերը թուլացան, բայց ոչ բավականչափ, որպեսզի ազատ անկման լիարժեք հնարավորություն ընձեռնեն նրա մարմնին:
Հանկարծ իրականություն վերադարձավ․ պատշգամբի դիմաց է նստած։ Թեյը թափվել էր ոտքերին ու հերիք չի փչացրել էր մարզվելու գորգիկը՝ նաև կոտրել էր խոհանոցի ամենակիրառվող, բայցևայնպես փխրուն, ու ինչպես նա է նկարագրում՝ սիրուն ապակուց պատրաստված փոքրիկ գավաթը։ Վեր թռավ, որ ամեն ինչ կարգի բերի, բայց կանգնել ու ամբողջ մարմնով սուր կսկիծ զգալը մեկ եղան։ Զարմանքից խոժոռված դեմքով ընկավ կողքի աթոռին։ Նախկինում երբեք այսքան չէր հոգնել ամենօրյա մարզանքներից։ Մի քանի րոպե շունչ քաշեց, հավաքեց ուժերն ու գնաց խոհանոց՝ ջուր խմելու․ չգիտես ինչու, որոշել է՝ դա է հոգնածությունը ցրող լավագույն տարբերակը։ Միջանցքով անցնելիս վերցրեց նաև հեռախոսը՝ տեսնելու՝ կան նոր հաղորդագրություններ, թե ոչ։ Ընեկերուհիներից էր մի քանիսը ստացել, բայց իրենց ընդհանուր խմբից․ ոչ մի կարևոր բան, հակառակ դեպքում անձնականով կգրեին։ Նամակները թերթելիս հայացքն ընկավ ընկերոջն ուղարկած իր վերջին հաղորդագրությանը, ավելի ճիշտ՝ դրանում «կխոսենքի» փոխարեն՝ «կխոսանքի» գործածությանը։ Մի քանի վայրկյան հապաղեց մինչ ամբողջ զրույցը կարդալը․ չէր կարողանում հիշել՝ վերջին անգամ երբ է գերադասել խոսակցականը գրականից։ Սյունեի օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումն անդրադառնում է կյանքի բոլոր բնագավառների վրա, մասնավորապես՝ գրավոր հաղորդակցության։ Հենց այս պատճառով իր աշխատանքներին ծանոթացող հրատարակչությունները հաճախ առաջարկում են սրբագրիչի աշխատանք՝ նրան հարմար բոլոր գործնական պայմանները ապահովելու պատրաստակամությամբ։ Իր ոչ մի տեքստում սխալ չես գտնի՝ անգամ համակարգչային ծրագրերով․ ոչինչ չի կարող խուսափել այս համապատասխանող խնդրով և գիտելիքներով օժտված թարգմանչի տեսադաշտից։ Սյունեն, իհարկե, գլխի է ընկնում իր հիվանդության մասին, բայց չի ուզում դրանից ազատվել. չնայած որոշ անհարմարությունների, նա կարողացել է ադապտացվել ու առավելություն դարձնել իրենից անբաժան դարձած երևույթը։
Համենայնդեպս որոշեց կարդալ ամբողջական տարբերակը։ Նախ այն լի էր ամեն տեսակի էմոջիներով, չնայած նա գրածներն այդպես չի երանգավորում։ Մի փաստ ավելի արտասովոր էր. հաղորդագրությունները ուղարկվել էին երեկ և նախորդ օրը` շաբաթ և կիրակի։ Շփոթվեց. վերջին հիշողությունը ուրբաթ օրվանից էր, երբ վերադարձել էր աշխատանքից, արդեն մարզվել ու մեդիտացիայով էր զբաղված։ Կատարված զանգերն էլ մի առանձին մառախուղ էին․ տասը զանգ ընկերոջը երկու օրվա ընթացքում, այն էլ՝ յուրաքանչյուրը հինգ-վեց րոպե տևողությամբ․․․ Սենյակի օդը տագնապ էր սինթեզում։ Սյունեի օրը միշտ ծրագրված է, ամեն րոպեն ունի իր նշանակությունը։ Անգամ իզուր վատնած ժամանակն է մտնում նախնական գործողությունների ցուցակի մեջ։ Նման վրիպակներն անհնար են… Նա չէ՛ր կարող երկու ամբողջ օր ուղղակի մոռանար։ Կպչուն մտքերը մեղրի պես ծորում են նրա քրտնած դեմքով` թողնելով քաղցր շիրա ու դառը հետևանքներ։ Ձեռքերը դողում են ներսի խառանաշփոթից, իսկ աչքերն այրվում՝ արտասվելու ցանկությունից․ իրեն այդպիսի շքեղություն թույլ չի տա։ Օրգանիզմը դեմ չէ նրա խենթ որոշմանը, միայն արտաքին աշխարհն է մինչև վերջին շունչը պայքարում․
– Արդեն տասը րոպե է քեզ եմ սպասում, երբ ե՞ս իջնելու։
Ալիսն էր զանգահարում։ Նրան ուշացումով պատասխանելը զանցանք է։
– ․․․Ի՞նչ։
– Սյու՛ն, եթե չէիր ուզում գալ, պետք է շուտ ասեիր։ Ուշ է արդեն, արի գնանք։
Մարմինը ցավում է տեղաշարժվելու մտքից։ Ջղաձգված մկաններն ի զորու են միայն սողալ։ Դանդաղ իջավ աթոռից։ Գորգից նարգիզների նուրբ բույր է գալիս․ շատ է փափկել քիմմաքրումից հետո։ Պատշգամբի ճաղերից բռնվելով՝ զգուշորեն նստեց խճանկար սալիկների վրա։ Փողոցի կայանատեղում աչք է ծակում ընկերուհու ճչացող դեղին Նիսսան Փաթրոլը։ Ինչպես միշտ՝ դիմացի բաց պատուհանից վառած ծխախոտ է երևում։ Անցորդներն իրենց բնորոշ նախատող հայացքներ են նետում մեքենայի ուղղությամբ, որի վարորդը մասնագիտությամբ իրավաբան, իսկ բնավորությամբ՝ ճշտապահ գերմանացի, երբեք չի մտածում կողքինների հարմարավետության մասին։ Մոխրագույնի երանգներն անընդհատ փոխելով՝ նոր օղակներ ստեղծող ծուխը գալարվում է դեպի Սյունեի բնակարանը։ Տարօրինակ է, բայց նրան դուր են գալիս ընկերուհու փայլատ կարմիր շուրթերից դուրս եկող ծխի պարույրները։ Մարմինը թմրել է մրգահամ բույրի առատությունից, որն ավելի շատ հրեական օծանելիք է հիշեցնում, քան պատահական, բարձր գնով ընտրված ծխախոտ։ Եվս մեկ շունչ և էյֆորիան սահուն փոխակերպվեց Լաբրինթի համանուն ալբոմի իր չխճճվող ականջակալներում։ Կողպեց տան դուռն ու սահեց աստիճաններով ներքև։ Կիսամարզային հագուստը չի փոխել, միայն կաթնագույն վերարկուն է վերցրել։ Անձայն բացեց մեքենայի դուռն ու փլվեց հետևի նստարանին։ Աչքերն ուռել էին զգացմուքախառը մտածմունքների հոսքից։ Ալիսին մի հայացքը բավարար էր զայրույթը զսպելու համար։ Որպեսզի խուսափեր տրամադրությունների բախումից, որոշեց չեզոք թեմա բացել․
– Շատ է սազում նոր ոճդ, Սյուն։
(․․․)
– Սյունե Դավիթի Հովհաննիսյա՛ն, քեզ հետ եմ, լսում ե՞ս։
– ․․․Մենք տեսնվել ե՞նք երեկ։
– Հը՞։
– Ասում եմ՝ հանդիպել ե՞նք, թե՞ ոչ։
– Ջանի՛կս, դու էրեկ քաղաքում չէիր, ոնց էի՞նք հանդիպելու։
Ալիսի խոսքերը լողում են մեքենայի տոթ սրահում։ Հետին պլանի ռադիոյով հաղորդում են հաջորդ օրվա եղանակի տեսությունը՝ հիմնականում անձրևոտ, որոշ վայրերում սպասվում է ամպրոպ։ Հաղորդավարի ձայնն ուժգնանում է, խլացնում փողոցի աղմուկն ու ընկերուհու խոսքը։ Բառերը տարրալուծվում են պակասող թթվածնի մեջ ու կարծես հոգեմետ դեղերի ազդեցությամբ առաջացած կողմնակի էֆեկտ՝ ցնորալի դառնում։ Սյունեն, հնացած տեսախցիկի պես, կորցնում է կիզակետը կառավարելու հատկությունը։ Շուրջը միայն գույներ են․ դեղին, սև․․․
– Վարդագույն, երկու վարդագույն վերմուտ, խնդրում եմ։
Իրար հաջորդող գլխացավերի միջև աղոտ երևում է գինետան վաճառասեղանը՝ կոկտեյլի ու վիսկու դատարկ բաժակներով լցված։ Ալկոհոլի շշերը մասուրի են նման, որ համտեսելուց հետո է միայն փշոտում կոկորդդ։ Միապաղաղ բիթը դմփմփում է գինովցած մթնոլորտի մեջ։ Երկու ականջներով էլ Ալիսի ձայնն է թափառում՝ լաբիրինթում մոլորված երեխայի պես ելք փնտրելով։ Խոսքի մի քանի կտորներն են միայն հասկանալի․
– Սյու՜ն․․․ չշրջվես․․․ Սյունե՛։
Արդեն հարբած կամ դեռ նոր սկսողների խոսակցությունները վերածվել էին ամառայի ճաշի, որում կգտնեիր ոչ մի կապ չունեցող ամեն բաղադրիչ։ Անտեսանելի կապեր տանողը խմիչքն է՝ կախված պատվիրվածի քանակից, բայց Սյունեն դեռ չի խմել և նրա համար մատչելի չեն երեկոյան կյանքի գաղտնիքները։ Ու ինչպես պատահմամբ մեծ կտրված սոխի կտոր հենց այդ նույն ճաշում՝ ոտնաքայլեր են ընդգծվում համատարած աղմուկի մեջ։ Նրան գրավեցին այդ սահուն քայլերը, որ շփվելով գինետան մաշված փայտե հատակին՝ ծանոթ հնչյուններ էին արձակում։ Հայացքը մարմնից առաջ անցնելով՝ կլանեց ամբողջ պատկերն ու ջերմություն հաղորդեց սառած մկաններին։ Ուրվագծից միայն պարզ էր՝ ով է։
– Չես պատկերացնի` ինչքա՜ն էի կարոտ…
Միտքը չավարտած` խեղդվեց ապտակից այտին առաջացած ալիքների մեջ։ Աչքերից բյուրեղյա արտասուք էր հոսում։ Պահերը կանգնել են Սյունեի համար․ նա անմահացել, կարծես կեցվածք է ընդունում նկարչի դիմաց․ ափսոս` դիմանկարը ընկճախտ է կոչվելու։
Նա փլուզվում է՝ սառած տեսարանն առջևում։ Նետից խոցվածի պես դանդաղ պառկեց մգլած հատակին։ «Կարոտն» արձագանքում է շուրթերին։ Մտքում դաշնամուր է հնչում, որ մարմնի անկմանը զուգահեռ կանգնեց ցածրին օկտավայի վրա։ Աչքերը մթնեցին․․․ նորից երազում է։
Վերջույթներին պարաններ կապվեցին ու դանդաղ քաշեցին ներքև՝ ճահճացած գետնի միջով։ Մի հարկ անցնելով՝ դրանք կտրուկ կախեցին Սյունեի մարմինը խավարի մեջ մի կերպ երևացող առաստաղից։ Զգացողությունները կրկնում են նախորդ անգամվա սցենարը, սակայն հիմա նա մենակ չէ․ Հայկն էլ է՝ ուղիղ իր ներքևում պառկած։ Անունն ու տեսքը հիշում է սեփականի պես, կարծես` հին ու բարի ծանոթներ են։ Թվում է՝ նրանց միջև դեժավյուի սրվակ է կոտրվել։ Իրար են նայում չհամարձակվելով հալեցնել սենյակը եղյամի պես պատած լռությունը։ Հայկի աչքերը կարծես կլանում են շրջապատի մտքերն ու հույզերն։ Սակայն սև խոռոչներ չեն։ Նրանք արտասվում են․ նրանք սիրահարված են։ Մուրաբա շուրթերը բույրեր են շշնջում՝ փշոտ վարդեր, որ արյունոտում են Սյունեի մարմինը՝ ցավի ու գեղագիտության սահմանին։ Շեշտված բուրմունքը թանձրանում է նրա կոպերին, իսկ դրա մասնիկների խտացումից առաջացող աղմուկը՝ քնեցնում աչքերը․․․
Ու ահավասիկ՝ հայացքն արդեն պատշգամբի դռան կողպեքին է. թեև այն փակ է` բանալին մինչև վերջ թեքված չէ։ Բիբերին լայնանալ է պետք՝ յուրացնելու համար ամբողջ կարմիրը, որ լցրել է փոքրիկ հյուրասենյակը։ Բոսորագույնից մինչև թարմ բազուկի երանգի վարդերը ներծծվելով օդի մեջ՝ կարծես տեսանելի մթնոլորտ են ստեղծել ինչ-որ անուշաբույր պարտեզի։ Թեև նրան մի քանի րոպե է էլ անհրաժեշտ միջանցիկ քամու հետ ծաղիկների խաղը վայելելու՝ որոշեց երկտող փնտրի՝ հեղինակին պարզելու համար։ Փնջերում ոչինչ չգտավ։ Միակ բացիկը չանչոտ ձեռագրով գրված թղթի կտոր էր՝ փոքրիկ սեղանին դրված․ «Հայկ․․․ Քո Հայկ»։
Մարմնով մեկ փշաքաղվեց, ինչից թղթիկն ընկավ ձեռքերից։ Աչքերը կարծես ներկա չեն կամ տեսնում են զուգահեռ իրականությունում, ուր երկտողը կարդում են ևս մի քանի անգամ։
Ո՞վ էր Հայկը։ Որտեղի՞ց գիտեր նրան, իսկ նա՝ իր հասցեն։ Միակ տեղյակը․․․
– Ալի՞սն էր ինձ գինետնից տուն բերել։
– Սյու՞ն, լավ ե՞ս, քաղցր։
– Խնդրու՜մ եմ, ասա՛՝ հա՞, թե՞ չէ։
– Ա՜հ, լսի՛ր, դու հիվանդանոցից ինքնակամ ես դուրս գրվել ու բացի դա․․․
Նա ժամանակ չունի պատահածը մարսելու․ պետք է գործի։ Ընկերուհուց ճշտեց հիվանդանոցի հասցեն ու տաքսի կանչեց։
Մեքենայում փորձում է հիշել՝ ինչ եղավ ապտակից հետո։ Լրիվ մտքից թռել էր․․․
– Տիգրա՛ն, մեր մեջ ամեն ինչ վերջացած է,- աչքերն, ինչպես ապտակի միջոցին արյուն լցնելով՝ կմկմաց նա։
– Էսքանից հետո դեռ համարձակվում ես․․․,- Սյունեի հեռախոսը վաղուց պայուսակում էր՝ մեկանգամյա օգտագործման ձեռնոցների կողքին (դրանք հաճախ օգտագործում է հասարակական վայրերում)։
Արդեն բժշկանոցի բակում է։ Շտապեց ներս՝ դուրսգրման մասին տեղեկատվություն ստանալու, բայց առանց անձնագրի, որը, բնականաբար, տանն է մոռացել, ոչ մի բան չպարզվեց։ Հիասթափությունը, վարարած գետի պես, դուրս է թափվում նրա զարմացած դեմքից։ Չգիտի՝ ինչ անել։ Այնքան մտածմունք ունի, որոնցից ազատվելու համար պատրաստ է անգամ գինետուն գնալ։
– Մի քանի բաժակ խմելու գնա՞նք,- գոնե զանգի ժամանակ նա կարող է անհոգ ձևանալ։
– Սիրելի՜ս, կներես, բայց գրասենյակում եմ ու վախենամ` էստեղ էլ գիշերելու եմ,- թղթերի կույտի միջից բղավում էր Ալիսը։
– Լավ, հոգ չէ, այսօր էլ ուրիշ տեղ․․․,- կարճ դադար տվեց, հետո խոսեց կրկին,- կենտրոնի հարավային մասում բացված ռեստորանը կգնամ, հա, հաստատ, քեզ դրանից շատ եմ պատմել։
– Հրաշալի՜, քեզ ռոմանտիկ երեկո եմ ցանկանում,- մեխանիկորեն աչքով անելով շարունակեց Ալիսը,- դե ես էլ գնամ գործերիս, պաչում եմ։
– Ըհը՜, ես էլ։
Դեպի հարավ կառք պատվիրեց, բայց ծառայությունից տաքսի ուղարկեցին։ Երևի հավելվածն էր շփոթել, չնայած՝ էս թվին հեռախոսով միայն մեքենա է լինում կանչել։ Ինչևէ։
Պատուհանից կառչած այսօրվա շիլայից է մտածում, որ, զարմանալիորեն, սրտխառնոց դեռ չի առաջացնում։ Տագնապային մտածմունքները կամ պետք է մարսես, կամ դրանց դեմ դիմադրողականություն ձեռք բերես։ Սյունեն այս երկուսի միջև մելամաղձիկ մի փուլում է․ ո՛չ հասկանում է՝ ինչ է կատարվում, ո՛չ գիտի՝ ինչպես վարվել։
Ինքն իր հետ երկխոսություններ տանելով՝ բարձրացավ երկնաքեր շենքի բացօթյա ռեստորան։ Թեյ պատվիրեց։ Նրա հին հնարքներից է՝ խոհանոցը գնահատել այդքան նուրբ խմիչքի պատրաստման որակով։
Քիչ հետո երիցուկի սովորական թեյ բերեցին՝ մատուցված դաշտային ծաղիկների փնջով։ Բուրավետ հավաքածու էր, սակայն մի քիչ դառը։ Երեկոյան քաղաքը շատ է ազդում համի վրա։ Դիմացի շենքի գրեթե բոլոր պատուհաններից լույս էր լցվում փողոց, բայց բնակարանները դատարկ էին կամ նրա աչքին էին էդպիսին թվում։ Ամեն կումը մի կտոր մութ է, որ խառնվելով երիցուկին՝ ավելի է անհամանում, չորացնում է կոկորդը։ Թեպետ տեսարանն ու դասական երաժշտությունը ջանք չեն խնայում հաճախորդների տրամադրությունը բարձրացնելու համար՝ Սյունեի զգայարանները հրաժարվում են փոխզիջման գնալ։ Նա մտածմունքների մարսման փուլում է։ Անտանելի քնել է ուզում։ Կոպերը ծանրանում են։ Ջութակի ձայնը ֆալշ նոտաներով մոտենում, անցնում է նրա թուլացած մարմնով։ Մեկ թարթում էլ․․․
Հայկի կողքն է նստած՝ արդեն առանց կապանքների։ Զարկերակը կտուկ ուժգնացավ։ Ձեռքերը դողում են։ Վերջնականապես կարծում է՝ գժվել է։
– Ողջույն, Սյուն, ինձ թվում էր՝ էդպես էլ չենք հանդիպի։
– Ո․․․ ո՞վ․․․ ո՞վ ես դու,- սիրտը ճաքճքել է վախից, խոսել չի կարողանում։
– Մի՛ շտապիր։ Նախ քեզնից պատմիր, չնայած գրեթե ամեն ինչ գիտեմ քո մասին։
Շանթահարի պես քարացած վրա բերեց․
– Թող գնամ, խնդրու՜մ եմ։
Հայկը լռեց՝ թվում էր հարատև։ Սյունեի սրտխփոցն այնքան բարձր է, որ արձագանքում է արյունոտ լռության մեջ։
– Լավ,- շշնջաց նա։
Հաջորդ երկար շնչին Սյունեն վեր թռավ լվացարանի հոսող ջրի տակից․ ռեսորանում է։ Ապշած դիմախաղը սառել էր դեռ տաք մաշկին. չափազանց նուրբ է այսքանը զգալու համար։ Մատները սահեցրեց խոնավացած դիմափոշու վրայով, որը փշրվում, թափվում է հագուստին։ Իրեն կնճռոտ ու ծերացած է զգում։ Հայելու շրջանակները նեղանում են, նմանվում նրա լոգարանում կախվածին։
Շունչ։
Տանն էր։
Արտաշունչ։
Գերհոգնած է՝ հիշելու` ինչպես հասավ․ անուրջի էր նման։
Մահճակալը քաշեց ու ինչ-որ հաջողությամբ կիսով չափ պատշգամբ հանեց․ կարևորը՝ պառկած դիրքից երկինքը երևում է։ Այ հիմա կարող է ամբողջ հոգով տխրել։ Ընկավ անկողնուն ու զգուշորեն միացրեց մելամաղձության կաթիլայինը։ Ասեղը փափկորեն ծակեց երակն ու դառը զգացմուքներն ուղիղ արյան մեջ ներարկեց։ Նա որոշել է չքնել՝ մղձավանջում կրկին չհայտվելու համար։
Աստղերը փայլ են ցանում նրա թարթիչներին։ Դրանք բազմապատկվում են, շողում ավելի հույժ ու կարծես՝ մոտենում։ Լույսը կուրացնում է․․․
– Սյու՜ն, ինչու՞ ես փախչում ինձնից։
Հայկի ձայնն է արձագանքում փակ աչքերից այն կողմ։
– Ես սիրում եմ քեզ, հասկացի՛ր ի վերջո։
Սյունեի հոգին բղավում է, բայց նա պատրաստ չէ աչքերը բացել։
Լույսը նահանջեց, փոխարենը սառը քամի է փչում։ Շենքի տանիքին է։ Համոզված է, որ հոգեկանը հիվանդ է, ու այս ամենը ինչ-որ հիվանդության արդյունք է, անիրական մի բան։ Արտասուքը լցվել է երակներն ու ողողում է մարմինը։ Քթից արյուն է ծորում չորացած շրթունքներով։ Նա լողում է շենքի բետոնե եզրին․ թմրության ալիքները տանում են նրան։
Հանկարծ քայլեց․․․
․․․ջարդվեց տանիքին․ նրա նախկին տունն է։ Այնքան բարձրից էր ցատկել, որ կոտրելով ձեղնահարկը՝ վայր ընկավ իր մանկական սենյակ։ Աղոտ մթության մեջ նշմարվում է թարմ լվացքով բուրող անկողինը, որին փոքրիկ Սյունեի շրջազգեստն է՝ սոսնձված վարդագույն թիթեռնիկներով։ Քիչ հետո նա էլ երևաց․ հաջորդ օրվա պարահանդեսին է պատրաստվում, թռվռում մահճակալին ու իրեն պատկերացնում սիրած տղայի հետ պարելիս։ Այդ մտքից այտերը կարմրեցին։ Աչքերը փիրուզ են շողում։ Մեկ էլ՝ ձայնը կտրեց, հայացքը ստվերվել էր․ միջանցքից լսվում են հոր ծանր քայլերն ու մաշված գոտու ամրակի զրնգոցը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *