Աշխարհի մոռացված անկյունում, ուր բոլորը բոլորին սիրում են ու միաժամանակ ատում, ապրում էր մի յոթնամյա, իսկ ավելի ճշգրիտ հաշվարկով՝ գուցե վեցուկեսամյա աղջիկ։ Ու քանի որ իր պես հազարավոր աղջիկներ կային ու բոլորի մասին մեկ պատմության մեջ անհնար է գրել, հանուն արդարության անունը սրտումս կպահեմ, թող լինի բոլորի մասին, նրանց, որոնց աշխարհի մոռացված եզերքում սպասում են իրենց յոթնամյա տարեդարձի գալստյանը։ Նա դեռ շատ փոքր էր սիրո և ատելության նրբերանգներն ըմբռնելու, աշխարհի չարն ու բարին զանազանելու համար, իրենց իսկ լեզվով ասած՝ մի մատ խոխա էր։ Ո՛չ պատերազմը գիտեր թե իրականում ինչ է, ո՛չ նորահայտ «շրջափակում» կոչեցյալը, ո՛չ էլ կարող էր ենթադրել, որ երբեմն, երբ տատի ասած՝ Աստված երես է թեքում մեզանից, պարզապես ժամանակն է կանգ առնում, ինչպես երեք տարի առաջ պատահեց։ Ժամանակը կանգ է առնում, ու տան տղամարդիկ ուղևորվում են օվկիանոսից այնկողմ ու չեն էլ մտածում վերադառնալու մասին։ Մոր շուրթերից թռած ուղղությամբ՝ Նյու-Յորք, Նյու-Յորք։
– Հայրդ ու եղբայրդ գնացել են Նյու-Յորք, հեռու-հեռու, հույժ կարևոր գործերով,- ասել էր մայրը ու մտածել, թե գնալ-գնալ, գոնե մի լավ տեղ ուղարկի, ազատության բերկրանքը լիուլի վայելեն։
– Բա ո՞նց են գնացել, ծովո՞վ, թե՞ ցամաքով,- հարցրել էր աղջիկը։
– Երկնքով,- պատասխանել էր մայրը,- Արցախ-Նյու-Յորք ճեպընթացով։
– Բա ե՞րբ են հետ գալու,- հարցրել էր աղջիկը, որ թեև դեռ շատ փոքր էր մոր ասածը կասկածի տակ առնելու համար, բայց արդեն բավականաչափ մեծ էր այդ հարցը տալու ու խելքը գլխին պատասխան չստանալուց հետո պարզապես լռելու համար։
– Երբ ժամանակը նորից սկսի հոսել, ու կախարդական դարպասները բացվեն,- հանգստացրել էր մայրը։
Մայրը ճիշտ էր, ժամանակը հոսում է, հոսում ու մի օր կանգ առնում։ Եթե աղջիկը հասկանար այդ ամենը, կդադարեր օրերը հաշվել ու սրտի տրոփյունով սպասել, թե երբ է ի վերջո ժամանելու երանելի օգոստոսի հինգը։ Գուցե այդ օրը հրաշք լինի, դուռը բացվի ու․․․։ Ընդամենը վեց ամսից։ Ե՞րբ են բերելու իր ծննդյան տորթը, ե՞րբ է թոքերում օդ հավաքելու, աչքերը փակելու ու ամբողջ ուժով փչելու մոմերը ու երբ են բոլորը ծափահարելու․
– Շնոր-հա-վոր, շնոր-հա-վոր․․․
***
– Տորթ թխե՞լն էլ դառնա գլխացավանք,- ասելու էր մայրը գլխին հավաքված հարևաններին,- մի գրամ շաքար չկա, առանց շաքար ի՞նչ տորթ։
– Ցորենի ալյուր էլ չկա, միայն տարեկանի,- առանց ալյուր ինչ տորթ,- ուսերն էին թոթվելու հարևանները։
– Տարեկանի ալյուր, մտքիս Սելինջերի գործն եկավ․ «Տարեկանի արտում, անդունդի եզրին»,- ասելու էր մեջների կարդացածը,-անդունդ չի, ի՞նչ է։
– Տորթը հո ուտելու համար չի, զուտ տոնական զարդարանք է, խորհրդանիշ, ամենակարևորը՝ Յոթ թվանշանով մոմը իմ վրա, խոր դարակից պեղած, հո չենք թողնի խոխան լացի,-խոստանալու էր վերջինը, ում հոգին միշտ խորն էր ու պետք լիներ, օձի ձու էլ կճարեր։
Եվ այսպես, տարեկանի արտում, անդունդի եզրին կանգնած, հարևանները տորթ էին թխելու։ Շաքար չկա, մեղր էլ հո կա, դարպասները փակ լինեն թե բաց, մեղուն հնարը գտնում է, դրա համար էլ մեղու է, աշխարհի ծայրից էլ կբերի նեկտարը, մեղր կսարքի ու կբաշխի նրանց, ովքեր քաղցրի կարիք ունեն։ Ով էլ խանգարի, կխայթի, թեկուզ իր կյանքի գնով։ Մեղուն թքած ունի պատերազմի վրա էլ, շրջափակման վրա էլ, սահմանների վրա էլ։ Շատերը թքած ունեն, բայց ձեռները ճար չկա, ոչ էլ խայթելու ձևը գիտեն, թեկուզ իրենց իսկ կյանքի գնով։ Ու մինչ հարևանները տորթ էին թխելու, հարևանի աղջիկը կտրոնով գնած հացով կերակրելու էր թափառական կատուներին։ «Կատուներն Աստծո թաշկինակն են ու եթե կուշտ լինեն, Աստված մեզ բարի աչքով կնայի»,- երևի մտքում նման մի բան էր պահելու հարևանի աստվածավախ աղջիկը ու շարունակելու աղոթք մրմնջալ։
Թեև դարպասները փակ են, որևէ կասկած չկա, ծննդյան տորթը կլինի ամենաշքեղը, ամենագունեղը և իհարկե՝ ամենահամեղը, հետո ինչ, որ շաքար չկա, հետո ինչ, որ ալյուր չկա, հետո ինչ, որ երեք տարի առաջ, երբ ժամանակը կանգ առավ, հայրիկն անվերադարձ մեկնեց Նյու-Յորք հույժ կարևոր գործերով։ Իսկ գուցե հայրիկը անակնկալ է նախապատրաստել ու տորթը փչելու պահին, երբ աչքերը պինդ փակի ու հետո ավելի պինդ բացի, կամուֆլյաժե համազգեստով ներս է մտնելու, գրկի իրեն ու յոթ պտույտ պտտի օդի մեջ, ինչպես միշտ անում էր ու ինչպես վերջին անգամ արեց, ու իր գլուխն այնպես պտտվեց, որ հետո գետնի վրա քայլելիս ութ էր գծում։
***
Ամենուր շշուկներ էին պտտվում, որ հեռավոր Նյու-Յորքում աշխարհի մեծամեծներն են հավաքվելու ու որոշելու անհապաղ բացել դարպասները։ Աղջիկն էլ լսում էր այդ լուրերը ու մտածում թե իր հայրը գուցե մի բան արել է այնտեղ ու իր ուժն ու հնարամտությունը բանեցրել՝ իրենց կապանքներից ազատագրելու համար։
Շատերը՝ առավել իրատեսները, չէին հավատում այդ հրաշքին, իսկ առավել նրբազգացները նույնիսկ հույս էին փայփայում, թե շուտով բեռով-բանով իրենց մոռացված եզերքն է ժամանելու Լիխտենշտեյնի արքայազնը։ Հռոմի Պապն էլ ոչ ավել, ոչ պակաս փոխելու է նախօրոք թիզ առ թիզ գծագրված երթուղին ու իր հավատարիմ հետևորդների Պորտուգալիա գնալու փոխարեն մեռոնն առած շտապելու է մեր ավետյաց երկիր՝ հերքելով հին ասացվածքը, թե բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Ասում էին, որ նա անխտիր մկրտելու է բոլորին, սրբադասելու նահատակներին ու օրհնելու սուրբ հողը, իսկ դավադրապաշտական տեսության ջատագովներն էլ՝ վստահեցնում, թե նույնիսկ սքեմի տակ թաքցրած գաղտնի զենք է բերելու հետը։
Վատ լուրեր էլ էին հնչում, մեկն ասում էր, թե հակառակ կողմից, արևելյան դարպասներին է մոտենում Տրոյական ձին ու թե թույլ տան ներս մտնել, երկիրը կկործանվի։ Թե այդ ինչ չար ձիու մասին էր խոսքը, այդ ինչպես պիտի երկիրը կործանվեր, աղջիկն այդպես էլ գլուխ չհանեց, ախր իր իմացած բոլոր հեքիաթներում ձիերը բարի արարածներ էին։ Իսկ միգուցե սա բոլորովին այլ հեքիաթ է կամ նույնիսկ հեքիաթ էլ չէ, եթե հեքիաթ լիներ, հայրն ու եղբայրը վաղուց պետք է որ վերադարձած լինեին։ Ի դեպ, մայրիկը չասաց էլ, թե երկնային ճեպընթացի տոմսը միակողմանի էր, միակողմանի չէր…
Հանուն նույն արդարության պետք է ասել, որ աղջիկը այնքան Հռոմի Պապի մոտալուտ գալստյան փաստով չէր ոգեշնչված, որքան Լիխտենշտեյնի արքայազնի։ Եթե հայրիկը չի կարողանում հույժ կարևոր գործերը թողնել ու գալ հասնել օգոստոսի հինգին, գոնե նա գա։ Գեղանի արքայազնը սպիտակ ձիու վրա, արքայական վարգով արևմտյան դարպասներից կմտնի իրենց մոռացված անկյունը, զանգուլակների ղողանջով կլցնի անտառներն ու մարգագետինները, քաղաքներն ու գյուղերը, կհասնի իրենց բակ, կբախի դուռը, հենց օգոստոսի հինգին ու իր ծննդյան տարեդարձի նվերը անձամբ կհանձնի իրեն։ Դեռ մի բան էլ թույլ կտա շոյել հրաշագեղ նժույգի բաշը՝ ի նշան երախտագիտության, նժույգն էլ հաճույքից կփնչացնի։ Հետո նվերներ կբաժանի բոլորին, աշխարհի ամենալավ նվերները, մեկը մեկից պայծառ ու հեքիաթային։ Իսկ իր նվերը հավանաբար գլանակի նման ոլորած նամակ կլինի հայրիկից, իսկ միգուցե եղբորից, որ թելը քանդելով ու զգույշ բացելով կկարդա թաքուն, երբ բոլորը քնած ու յոթերորդ երազը տեսնելիս լինեն, ու միայն աստղերն ու լուսինը ժպտան երկնքից։
***
Ինչպես և սպասվում էր, ծննդյան տարեդարձը անցավ հավուր պատշաճի, աղով ու հացով։ Աղուհացի աղն էլ մի հնարամիտ մարդ էր ապահովել, որ մի անհավանական գյուտի շնորհիվ քարից աղ էր քամում։ Լիխտենշտեյնի արքայազնն ու Հռոմի Պապը թեև անձամբ չեկան, իրենց սպասող աղն ու հացն էլ չորացավ շեմին, բայց մեծահոգաբար իրենց օրհնանքներն ու ողջույններն էին հղել հատուկ բացիկով, որ բոլորին ի տես կարդաց մայրիկը։ Գույնզգույն փուչիկներ էլ կային հարևանի հոգեպահուստից։ Մոմն էլ փչեցին, ծափահարեցին էլ ու «Ծնունդդ շնորհավորն» էլ խանդավառված երգեցին։ Երբ թոքերը օդ հավաքեց ու աչքերը պինդ փակեց, հայրիկին էլ տեսավ, եղբորն էլ, բայց չգիտես ինչու, ոչ թե կամուֆլյաժե համազգեստով էին, այլ սպիտակ կոստյումներով ու ոտաբոբիկ։ Մոմը փչելուն ու աչքերը բացելուն պես նրանք ավաղ անհետացան, թեև հասցրեցին մի ակնթարթ աղոտ ժպտալ ու ձեռքով անել՝ ծափողջյունների պայթյունի մեջ։
Բայց ինչ-որ մի բան այնուամենայնիվ այն չէր, մի բան պակասում էր, շաքա՞րն էր, ալյու՞րը, հայրի՞կը, թե մի այլ անտեսանելի բան, ու քանի որ այդ կարևոր բանը պակասում էր, տորթը կուլ չգնաց, գնաց հեղձուկի պես կանգնեց կոկորդներում ու փշրանք դարձած կատուներին բաժին հասավ։
– Մամ, անպայման հեռախոսով նկարի տորթը, որ ուղարկենք հայրիկին, գուցե ավելի կարևոր գործերը թույլ չտվեցին գալ իմ ծննդյան օրը,- ասելու էր աղջիկը։
– Հայրդ միշտ մեզ հետ է, չտխրես,- այտը համբուրելու էր մայրը,-եղբայրդ էլ։ Այ կտեսնես, կախարդական դարպասները բացվելու են։
***
Վերջապես եկավ սպասված օրը, երբ Նյու-Յորքում աշխարհի մեծամեծերը պիտի որոշեին դարպասները բացել-չբացելու հարցը։ Մարդիկ ասում էին, թե այդ օրը պարզ կլինի, թե Աստված վերջնականապես երես է թեքել մեզանից՝ ինչպես աղջկա տատն էր հավաստիացնում, թե սկսել է բարի աչքով նայել։ Ճիշտ է, ոչ Լիխտենշտեյնի արքայազնը տեղ հասավ իր հեքիաթային նվերներով, ոչ առավել ևս Հռոմի Պապը իր չեղած գաղտնի զենքով, բայց ամեն ինչ դեռ կորած չէ, չէ որ կատուներին հացով կերակրող աղջիկը ամբողջ սրտով իր աղոթքներն է մրմնջացել առ Աստված ու խնդրել բացել դռները։ Մեր աղջիկն էլ վստահ էր, թե ժամանակը կսկսի նորից հոսել ու կախարդական դարպասները կբացվեն, ինչպես մայրն էր խոստացել։ Ու քանի որ հույսը վերջինն է մեռնում, աշխարհի մոռացված եզերքի ամենամեծ հրպարակում մեծադիր էկրան էին կախել, ու բոլորը հավաքվել էին այնտեղ ուղիղ եթերով դիտելու կարևոր միջազգային հանդիպման հեռարձակումը։ Աղջիկը չգիտեր դեսպան բառի նշանակությունը, բայց բնազդաբար զգում էր, որ պետք է որ կարևոր մարդիկ լինեին, իսկ մեր դեսպանը՝ անտարակույս պետք է որ հայրիկի ընկերը լիներ ու իր հույժ կարևոր գործերի աջակիցը։ Բոլոր դեսպանները միահամուռ պնդում էին, թե դարպասները պետք է բացել, պետք է փոքր երեխաները մանկապարտեզ ու դպրոց գնան, սովորեն ու խաղան, երգեն ու պարեն, ծննդյան տարեդարձ նշեն ու փչեն տորթի մոմերը, մարդիկ էլ պիտի ծափահարեն ու շնորհավորեն նրանց։
Միայն մի դեսպան, որին մարդիկ «նրանց դեսպան» էին անվանում, ասում էր, որ դարպասները ամենևին էլ փակ չեն, ամեն ինչ հրաշալի է և աննման, կարող եք գնալ և ինքներդ համոզվել, մանավանդ՝ արևելյան կողմից։ Ինչ Տրոյական ձի, ինչ բան։ Նրա ցուցադրած առաջին նկարը հարևանի աղջկա նկարն էր, ուր հացով կերակրում է թափառական կատուներին։ Եթե հաց չկա, բա ինչո՞ւ են աշխարհի մոռացված անկյունում կատուները կուշտ ու երջանիկ, շատ էլ, թե Աստծո թաշկինակները են։ Եթե դարպասները փակ են, եթե հաց չկա, շաքար ու ալյուր չկա, ի՞նչ գործ ունի այս շքեղ տորթը ծննդյան տարեդարձի սեղանին։ Բա՞ մոմը, եթե ամեն ինչ այդքան վատ է, ո՞վ է փչելու այդ մոմն ու սպասելու ծափահարությունների։
Աղջիկը ոչինչ չէր հասկանում նրանց դեսպանի ասածներից, միայն մարդկանց հայհոյանքների տարափի մեջ խեղդված աղեկտուր ձայնով ծղրտում էր․
– Իմ տորթը, իմ տորթը, ես գիտեի, ես գիտեի, որ հայրիկը գալու է․․․Նյու-Յորք-Արցախ ճեպընթացով է գալու։