ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Հայաստան, երկիր խրախճավայր

Աշոտ Ալեքսանյան

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

...ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի…

Դ.Վարուժան

Մենք՝ հայերս, աշխարհի
առեղծվածն ենք նախաստեղծ,
վտարանդի, տարագիր
ու մի քիչ էլ բանաստեղծ:

Բնիկներն ենք երբեմնի
բնօրրանի մեր ոստան,
գեհեն դարձած եդեմի
ականատեսն ու վկան:

Բնույթով խոլ ու անհաշտ,
զարկված խոչ ու խութերին՝
խաչեղբայրն ենք կռապաշտ
Աքքադի ու Շումերի:

Ասորիքից՝ անպակաս,
խեթերից էլ՝ պարտադիր,
փայլակ, կայծակ, հուր, երկաթ
ճայթել է մեր ճակատին:

Մենք միշտ եղե՛լ ենք ու կա՛նք՝
ապավինած մեր Աստծուն,
հնադրոշմ, հնավանդ,
ու մի քիչ էլ՝ բրածու:

Կռվել ենք ու մաքառել՝
ամեն օր ու ամեն ժամ,
խորտակվել ենք ու հառնել,
վաճառվել՝ թանկ ու էժան:

Մեզ արել են բրածեծ,
մեր երկիրը՝ փլատակ,
հեծեծել ենք, կաղկանձել՝
հոն կա մոխիր, հիշատակ:

Սուրբ ակունքն ենք ուրացել
մեր անխառն սերումի,
խառնակվել ենք՝ ուծացել
կեռմաններում տերունի:

Գերվա՛ծ ենք մենք, ո՛չ ստրուկ,
անձնապես և ազգովի,
մենք չե՛նք փոխվել արտաքուստ,
փոփոխվե՛լ ենք հիմնովին:

Մեզ նետել են առ ի կեր
խոր վիրապն այս հոգեխորթ,
սին ջանքեր են, զուր ճիգեր՝
պայքա՛ր, պայքա՛ր… դոն Կիխոտ:

Ինչպես մե՛նք ենք կամազուրկ,
ինչպես մե՛նք ենք հուսահատ,
նույնպես Տե՛րն է անհասու
կտղանքին մեր ճարահատ:

Ինչպես սի՛րտն է անվստահ,
ինչպես մի՛տքն է ամայի՝
այդպես ելքն է անհստակ
մեր նորանկախ ներկայի:

Մենք ծնվել ենք Մայր հողից,
Հայր երկնքից հղացյալ,
սու՛րբ է երկիր քո ուղին՝
ազատ-անկախ-միացյալ:

Մենք ապրել ենք հեգելով
քո անունը Հայաստան,
պայքար, պայքար երգելով
մինչև Ահեղ դատաստան:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

Ժամանակները խառն են ու խրթին,
հանգամանքները՝ խիստ փոփոխական,
մարդիկ ապրում են ոնց խելքը բրդի,
ժամանակները շատ են հայկական:

Գաղջ մթնոլորտ է՝ սահմռկեցուցիչ,
օդի ճնշումը գե՛րբացասական,
անդուր վիճակ է՝ եղկ ու հեղձուցիչ,
օդերևույթը շատ է հայկական:

Ձայն բազմացն այսօր ձայնը չէ՛ Աստծո,
քվե՛ն է ուժը համամասնական,
և խլացվում է ճիչն հանապազոր
աղաղակի մեջ մեծամասնական:

Ընտրախաղերը նոր են, բայց փորձված,
ընտրաբարքերը՝ խիստ ավանդական,
այս կյանքը խաղ է՝ սրբազնագործված,
դիցու՛ք՝ թե խաղ է համահայկական:

Խաղի ընթացքը ծանր է ու կայուն,
սա միջնախաղ է՝ պատային վիճակ,
բայց վերջնախաղ է դառնում օրավուր,
խաղացողներն են քանզի ընդմիջակ:

Հպատակները՝ փոքրից մինչև մեծ,
անմիաբան են ու մանրապճեղ,
չարենցյան պատգամն ըստ ինքյան ջրվեց,
զի ասելիքը շա՜տ էր հանճարեղ:

Նպատակները բարձր են ու վսեմ,
իրագործումը խիստ հատվածական,
ուժն հավաքական ցմրուր մսխվեց
մութ հաշիվներում ազգափրկչական:

Այսպես ապրում ենք կիսված՝ երկուսով,
մեր երկրորդ կեսը այս խաղում չկա,
ու երբ որ բացվեն դռները հուսո՝
մեր անհայտ կեսը լույս աշխարհ կգա:

Մենք դեռ կունենանք ընթացք երկնուղեշ՝
որքան էլ բախտը չար խաղեր չտա,
չի՛մնա բնավ սիրտը երկու կես,
վկա՛ է Աստված … մեր դեմ խաղ չկա:

Հույս, հավատ և սեր և միասնություն՝
մեծ Դարձի ճամփին կհառնեն մեր դեմ,
անցյալին թողած ինչք ու անձկություն՝
մե՛նք, ոտաբոբիկ, կմտնենք Եդեմ:

Երկպառակության պատը փուլ կգա
դիմակայության մեծ խաղի վերջում,
բարձունքից դիտված անդունդից հսկա՝
մենք դուրս կկորզենք խոնարհված մեր չուն:

Եվ որպես վերջին փրկության նշան՝
հետնաբեմերից գաղջ ու հոգեցունց,
ինքնամաքրված ու լուսապայծառ՝
մենք՝ շարվեշարան կդառնանք մեր տուն:

ԱՀԱՎՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է

Հնարավոր է,
որ մոլորակն այս բանական Աստծո հղացքն է,
Նույնի միակ ու եզակի ընտրատարածքն է,
Ում մենք ընտրել ենք՝ ցուցակով կամ ցուցակից,
ապավինած մեր բնատուր ազատ կամքին:

Հնարավոր է,
որ աշխարհն այս մեզ տրված Աստծո շնորհն է,
իր տեսակի մեջ առինքնող ու լուսավոր է,
ուր ամեն ոք ունի իր փայ մենաշնորհը,
ինչի համար էլ շնորհակալ ենք մեր բախտից:

Սակայն հենց սա՛ է ամենից շատ ահավորը,
այն, որ այս կյանքը ի վերջո պակասավոր է,
և մեր բողոքն էլ փաստարկված ու հիմնավոր է,
քանզի ընտրել ենք, բայց չունենք Զրուցակից:

Հնարավոր է,
որ այս կյանքը ընձեռված պատեհ առիթ է
ջախջախելու ինչ որ մեկի մռութն ու քիթը,
փեռեկելու ողջ կողուկուշտն ու աղորիքը,
ինչն էլ թերևս բուն կոչումն է շատերիս:

Հնարավոր է, ահավոր է,
տեղից ելածը մեր գլխին քանքարավոր է,
որ նախրի պես գերեվարում է այս թափորը,
քարոզելով, թե՝ սիրեցեք զմերձավորս,
մեզ շեղելով մեր բանիբուն նպատակից:

Սակայն հենց սա՛ է շփոթմունք ծնող պատճառը,
երբ չգիտես ո՛րն է բարին և ո՛րն է չարը,
և դու ստիպված ես կամովին լքել շուրջպարը՝
իբրև ազատ կամքիդ հլու կամակատարը:

Հնարավոր է,
որ կատարվել է մեր Տիրոջ թիվ մեկ պատվերը՝
թե բազմացեք ու շատացեք, մուծեք հարկերը,
ա՛րդ մենք մուծվել ենք ու քաշվել ծակուծուկերը,
բայց ամբարները դափ-դատարկ են մնացել:

Հնարավոր է, ահավոր է,
հարդը գնում է ու մնում է ցորենհատիկը,
ինձ թող ներվի մատից ծծած այս թյուր կարծիքը,
քանզի անհայտ է՝ ում գլխում ծագեց սույն միտքը,
հավաքական փորձի շենշող այս արգասիքը:

Սակայն հենց սա՛ է ամենից շատ ահավորը,
երբ քեզ պատռում ես անելու հնարավորը,
որ բաժանես չորացած հարդը ցորենից,
չիմանալով անգամ, թե ո՞րն է կարևորը.
ցորենհատի՞կը՝ դառնահամ ու աղտեղի,
թե՞ նույն որոմը, որ գլխումդ ունի տեղի:

Հնարավոր է,
որ աշխարհն այս բացառիկ, մասնավոր դեպք է,
իր նմանակը չունեցող՝ աննախադեպ է,
ինչ որ մեկի ձեռնաշարժի պարզ մատնահետքն է,
որ անթեղվել է մեր փխրուն պարանոցին:

Հնարավոր է,
որ հանդուրժո՛ղ մեր այս տեսակը կամավոր է,
և այս հարցում բողոքողներ չկան մինչ օրս,
մինչդեռ ուրի՛շ Տիրոջ կարիք ունենք բոլորս,
ում ոչ թե մե՛նք, այլ ի՛նքը մեզ ընտրի պիտի:

Եվ սակայն մե՛նք ենք ամենից շատ մեղավորը,
որ տրորում ենք կիսահում այս թթխմորը,
չիմանալով, թե որքան ջուր կառնի իր փորը
ցորնահատից ու որոմից հունցված խմորը,
ահա՛ թե ո՛րն է ամենից շատ ահավորը,
ահա՛ թե ո՛րն է ահավոր հնարավորը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *