Աշոտ Խաչատրյան | Բանաստեղծություններ

Աշոտ Խաչատրյան

M. V. – ին

Ես քեզ սիրում եմ –
ես չկամ արդեն, աչքերս աշնան օրեր են խոնավ,

ես քեզ սիրում եմ –
եւ բառն ընկնում է՝ իր հետ տանելով ամեն գոյություն,
ես քեզ սիրում եմ –
եղել չի եղել, եւ ինչ եղել է՝ չի եղել բնավ,
ես քեզ սիրում եմ –
եւ դեռ բառեր կան, որ պիտի ընկնեն,
եւ դեռ օրեր կան աչքերիս նման,
ես կըկատարվի, ինչ-որ չի եղել,
եւ կընկնի վերջին բառը հատակին իբրեւ գոհություն:

Մեր վերջին հանդիպումը

Վերջին անգամ մենք հանդիպեցինք երազում:
Ես չեմ կարող ասել,
թե երազիս տեսել եմ քեզ,
որովհետեւ դա բոլորովին այլ է:
Մենք եկանք իրար ընդառաջ,
տակավին մոտեցանք,
ոչինչ չասացինք,
լուռ անցանք
ճանապարհի մեզ անծանոթ մի հատված,
հետո շրջվեցինք իրարից
եւ առանց հրաժեշտ տալու
գնացինք տարբեր ուղղությամբ:
Ոչինչ չի եղել կարծես,
բայց ասա ինձ,
ինչու՞ չեմ կարողանում մոռանալ
մեր վերջին հանդիպումը
երազում:

Մարդկանց եւ կենդանիների մասին

Գիշերին պահակ երաժիշտ շներ,
մութի պատկերը ո՞վ է տանելու,
որ շռայլում են գիշերից գիշեր
անլվա հաչի բույրը ամենուր:

Տներում լույս կար, երեւի մեկը
ձեզ հետ ինքնակամ գիշերն է հսկում,
երեւի ոչ ոք մոտը չի եկել
եւ բյուր վերքեր են բացվել լուր սրտում:

Արձրեւած օրվա խոնավ տեսիլներ,
ձեր խումբը անցնում էր փողոցից փողոց,
առաջին անգամ,
երբ ձեզ տեսել եմ,
մեկն առաքյալ էր, անունը՝ Պողոս:

Տներում լույս կա, երեւի մեկը
նորից ապրում է բաժանման պահեր.
եւ նրա համար բոլորը մեկ են,
եւ ինքը ոչինչ չի մտապահել:

Մեկ են,
ասում է,
իրար հավասար,
անվանագրքում չենք տարբերակվի,
եւ շնաբաժին կյանքն էր հարազատ,
եւ երակներդ բացող ապակին:

Տներում լույս կա, շոտով կանջատեն,
լույս չկա եթե՝ կարող են վառել,
երաժիշտ շներ,
սերեր,
միջատներ,
ձեզ համար չկան երկիմաստ բառեր:

Լույսը հանգցրին, չկան վկաներ,
չկա դրախտը աղբանոցների,
իսկ ընտանեկան վերջին նկարը
երանի կտա թաց փողոցներին:

Գիշերին պահակ երաժիշտ ամբոխ,
ուր էր ձեր խումբը մի պահ գոհանար.
լույսը վառեցին,
երեւի մեկը
բարեխոսում է ձեր բախտի համար:

Ճանապարհի մի հատված էլ

Ճանապարհի մի հատված էլ
թավալգլոր ընկավ պարկը անցյալի –
որքա՞ն արժեր կորցրածը.
ցավեցնում է ամենօրյա հարցն էլի:

Գլխուղեղի բաժին որդն է,
որ կերածը ափսոսանքով է փսխում,
որ մոռացկոտ միտքը մորթել
եւ անցյալի դատարկ պարկերն է հսկում:

Բայց սրտի մեջ մի բան կա դեռ,
որ սիրելով մեզ պահում է իրեն մերձ.
ցավ,
չարչարանք
ու գանգատ էր,
ինչ առօրյա հոգսերի մեջ հորինվեց:

Ինչ հորինվեց՝ վերք է ցավոտ,
սակայն քաղցր էր խաբվածությունը մեր այն,
որ ցամաքում եղանք նավորդ,
ու ծովատենչ մոր խմբերը չմեռան:

Ու գնում ենք՝ կասկածավոր,
ժամում՝
անթիվ անպատմելի երազներ,
ու թվում է մեզ ամեն օր,
թե վերջապես ճիշտ կանգառին ենք հասել:

Ճանապարհի մի հատված էլ
թավալգլոր ընկավ պարկը անցյալի –
որքա՞ն արժեր կորցրածը,
ցավեցնում է ամեօրյա հարցն էլի:

Եւ ավարտի վարագույրն է
դանդաղ իջնում բառին իբրեւ վերջածանց.
իմ աչքերը ավաղ կույր են,
եւ ամեն ինչ համարում եմ վերջացած:

Լույսի գիշեր

Առատորեն ներս լցվիր պատուհանից լայն բացված,
հոսիր առատ ու ինձ բեր խաղաղ քունը վերստին,
տուր ինձ ժամեր խորհրդի հրապույրին համընթաց,
ուսուցանիր չաղմկող իմացության արվեստին,

եւ ինձ համար ջրերից հագուստ կարիր տոնական,
մազերից տուր անկանոն սանրվածքը խոտերի,
տուր խոսքերից լեռների հավերժությունն առնական,
մատներիս ուժ՝ խաղալու անձրեւի ձիգ լարերին,

եւ տուր շնչից անկաշկանդ ազատությունը քամու,
սրբիր բացվող աչքերիս անդրադարձը իրերի
եւ ծովերի գաղտնապահ խորությունը նրանց տուր,
եւ մասնակից դարձրու թռչնախմբի համերգի,

դաշտը սրա ննջարան եւ ծղոտե անկողին,
անուշաբույրը խոտի թող ըմբոշխնեմ եւ երկար,
սիրեցյալիս մոտս բեր եւ դու եղիր մեր կողքին,
լույսի գիշեր կատարյալ օրհնյալ լինի քո ներկան:

Հոկտեմբեր

Հեռանում է օրվա մակույկն օրորվելով,
իմ ցաված սիրտ,
քեզ ո՞վ հետ կբերի
ու չուն տերեւների դեղին ակվարելով
մառախուղն է ներկում հոկտեմբերի:

Քանի,
քանի անուն
մշուշի մեջ կորավ –
մերձավորի ձայնն է կանչում հողից,
ու փողհարի նման այս ամիսը խոնավ
բթամատն է դնում շնչափողիս:

Դիակից էլ սառն էր այս հատվածը աշնան,
քանի,
քանի անուն
մշուշի մեջ…
կոշիկներիս նման ներսս մաշված
ցեխաջուր է խմում ու չկա վերջ

այս տաղտուկին,
ցրտին,
գիշերներին անքուն,
հոկտեմբերին ապա, որ կյանք տեւեց
իմ մոտավոր հաշվով դեռ չեմ ապրել կյանքում,
սակայն գիտեմ մահվան անթիվ ձեւեր:

Եւ շարունակ օրվա մակույկն է հեռանում.
այս տարբերակն անշուշտ կչարչարի.
իմանայի գոնե՝
ո՞վ է հոգին առնում
եւ ով ինձ հերձողին կվճարի:

Վերադարձ

Ամբողջ քաղաքը անձրեւի տակ է,
մի հին տագնապ է ուղեղս մաշում,
ինձ միայնության թագ են կտակել
եւ աչքն ավիրող թունավոր աշուն:

Ինձ միայնության թագ են կտակել,
բայց կարոտախտն է արդեն մահացու,
ճակատագիրը ինձ հետ կատակեց՝
փողոցից փողոց, անցում առ անցում:

Ինձ կապող թելը շատ է բարակել,
մենությունն ուրիշ անուններ չունի,
իմանալ միայն՝
երբ է բնակվել
անկյալ բնազդը իմ մեջ թռչունի:

Ամբողջ քաղաքը անձրեւի տակ է,
նույն ցավն է էլի ուղեղս մաշում,
ինձ միայնության թագ են կտակել
եւ աչքն ավիրող թունավոր աշուն:

Բայց անցորդներ կան, որ չհասցրին
ապահով փակվել պատերի ներսում,
եւ բնակիչներ,
որ չհարցրեցին՝
օտարականը ինչ էր աղերսում:

Իսկ այստեղ մեկը ձայնալարերին
ավերակների տեսիլն է փռել
անտանելի է ձանձրույթն ավելի,
երբ ողջ քաղաքը իզուր ես փնտրել:

Օ, անվախճան է շրջանն անձրեւի,
նորից ուզում ես աչքերդ փակել,
չպատասխանել անմիտ հարցերի,
չտեսնել այլոց դեմքերն ապակե:

Սակայն բառեր կան, որ չեն գրվելու
քանզի լռությունն ապրում է ինձ հետ
այսուհետ ես եմ թագադրվելու
եւ միայն ինձ են անձրեւին հանձնել:

Ամբողջ քաղաքը անձրեւի տակ է,
ամբողջ քաղաքը ուղեղ է մաշում,
ամբողջ քաղաքին թագ են կտակել
եւ աչքն ավիրող թունավոր աշուն:

Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, աղջիկս, Երեւան

Երեւան, աղջիկս, եթե ուզում ես խաղալ՝
բթամատդ մի դիր շնչափողիս,
միթե անհնար է իրոք մեռնել խաղաղ,
կամ գոնե մեռնելիս չխոսել փողից,

կամ պարզապես ապրել, որն ավելի լավ է,
իմ պես դնել ամեն տգեղ բանի վրա,
թե չէ ինչ կարիք կա սարքել ցամաքային նավեր
եւ լվացվելու փոխարեն՝ հա՛ նվնվալ:

Եւ ավելորդ է, աղջիկս, գրպաններս մտնել,
ես իմ ողջ գումարը, ողջը՝ ինչ ունեի,
պարտք եմ տվել աստծուն ու չեմ մթնել,
թեեւ մի փոքր նախանձում եմ չվող թռչուններին,

եւ իհարկե՝ մթնում, որ չկարողացա գտնել ողջ ապրելու մի ձեւ,
որ փողոցներդ կեղտոտ են, որ եթե գնամ՝ ինձ ոչ ոք չի կանչի.
ես ամեն ինչ կանեմ, աղջիկս, որ կարողանաս ինքնուրյուն միզել,
որ իմ վառած լույսը ինքս մարեմ, կամ՝ ինքնիրեն հանգչի:

Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, եւ՝ աստված իմ, դեռ որքան տհաճ են
լուսաբացներդ՝ բացվող, ինչպես որ վերքն առնանդամին.
Ուզում էի թեկուզ իբրեւ անասնակեր՝ բայց քո հողում աճել…
ափսոս, որ չեմ ուզում նույնիսկ քեզ ունենալ: Վերջացավ, աղջիկս, ձեռդ հանի,

հանիր ձեռքդ գրպանիցս եւ լկտի մի եղիր,
ձվերս թող, թող գոնե մեկը քեզնից հետու փախչի,
եւ շարունակիր համբուրել ինքդ քեզ, քո կարմիր, կապույտ ու դեղին…
ցավում է, Երեւան, բոզի աղջիկ:

Մանկություն

Եւ հատկապես երբ ուզում ես գնալ,
-ու՞ր,
-անհայտ է դեռ,
-ինչու՞,
-չգիտեմ,
բայց կարելի չէ այլեւս մնալ
սրտամերձ հոգու բաց վերքերի դեմ:

Փախուստ չէ բնավ, ոչ էլ վերադարձ,
եւ ոչ՝ անավարտ թողնելու հակում.
տարիներն անցան հետույքները բաց
ու տեսնողները էլ աչք չեն փակում:

Իսկ ճամփաների սարդոստայնը, տես,
հյուսված է արդեն ու կարճ է օրը,
էլ ինչպե՞ս,
ինչպե՞ս,
ինչպե՞ս չընդունես,
որ ինքդ ես զոհն ու յուր հալածողը:

Ո՞րերորդ օրն է,
ո՞րերորդ տարին,
ե՞րբ է սկսվել,
ո՞րտեղ կավարտվի.
ախ, մահաղերսի շնչավոր տարիք,
ո՞նց ես անելու, երբ որ ավարտվի:

Ախ, շնչավորհ մահաղերս օրեր,
թալիսմանի պես վզովս ընկած,
իմ սեւ սեւագիր, ինչ ես սգվորել,
ճամփան անցած է, նստատեղս՝ թաց:

Օ, երեւակվող վախճանիս տեսիլ,
օ, սիֆիլիտիկ երկարար իմ կյանք,
չենք մասնակցելու երկրորդ կեսին,
եւ ապա՝ ինչպես կեղտաջուրն ընկանք:

Վերջացավ:
Սա է:
Ուզում եմ գնալ,
հատկապես հիմա, ինչու՝ չգիտեմ,
անկարելի է այլեւս մնալ
սրտամերձ հոգու բաց վերքերի դեմ:

Հիստերիա 1

Ուզում եմ կրպակ բացել քաղաքի կենտրոնում
եւ  «ամեն ինչ մեկ ռուբլով» հայտարարությամբ
վաճառքի հանել ունեցածս.
քաղցին երկար դիմանալու
խորհրդային մայրաքաղաքներում ստուգված տարբերակներ,
այլախոհությունն ապահովող
արտասահման փախչելու մի քանի եղանակ,
խորհուրդներ վատ գրքերի վնասակարության վերաբերյալ
եւ զանազան զվարճալի պատմություններ
Դոբրոլյուբով 9/11-ի բանաստեղծուհիների
գռեհիկ կենցաղի մասին,
42 համարի հագած կոշիկներ,
հեռախոսիս համարը
եւ այլն…

սիրային անառակ նամակներ մեկ օրինակից,
բարեկիրթ սիրեկանի վարքագծի մի քանի գաղտնիքներ,
նախնական տեղեկություններ հոնորեայի վերաբերյալ
եւ պարզ բացատրություններ այն մասին,
թե ինչպես չի արդարացվում
երեւանյան գրանցում ձեռք բերելու անմտությունը,
եւ այլն…
Հրաչյա Սարուխանի անտիպ գրքի վերնագիրը
կամ մի քանի անգիր նույն գրքից,
եզակի դրվագներ իմ հանդիպումներից
Ուիլյամ Սարոյանի հետ
եւ այն մասին,
թե ինչու դրանք չկայացան,
օգտագործած գրամեքենա,
պղնձե ջրաման, որ փոխարինում է մոխրամանին,
եւ զանազան այլ բաներ…

բայց դժվար թե ինձ հաջողվի
կրպակ բացել քաղաքի կենտրոնում
եւ մեկ ռուբլով վաճառել
ամռան տոթ գիշերների աստղաշատ երկինքը
նախկին գլխ. քարտուղարի բաճկոնի փոխարեն,
եւ ափսոս,
որ չկա Աշոտ Խաչատրյանի պահպանության գրասենյակ,
այլապես հեշտ կլիներ այս հեղձուկ օրերին,
երբ հատկապես տհաճ է վաղվա սպասումը:

Հիստերիա 2

Հիմա հատկապես տհաճ է վաղվա սպասումը,
որովհետեւ
ճիվաղների երթը
շարունակվելու է վաղն էլ,
եւ մյուս օրը նույնպես,
որովհետեւ
այս սաստիկ գարշահոտ պարտեզի
որդնած պտուղները
երեկվա բթամիտ անտարբերությամբ
շարունակելու ենք ուտել
եւ բերաններս ճպճպացնելով
կիսաձայն խոսել սպանվածների մասին,
եւ գոհանալ,
որ ի զորու ենք
ճպճպոցների արանքում
կիսաձայն խոսել սպանվածների մասին:

Հատկապես տհաճ է սպասումը,
դատարկ,
զարմանալի դատարկ
սենյակների ներսում,
մեր սողացող կերպարով՝
անոսկոր ու կակղամարմին,
տհաճ է սպասումը վաղվա,
սպասումը,
որ քաղցածներին կտրվի,
ու ծարավածները կհագենան,
սպասումը, որ եղանակները կփոխվեն
դեպի լավը
եւ անձրեւի տակ առանց անձրեւանոց
եւ փետրվարին անվերարկու
երեւալու ամոթալի առիթներ չեն լինի,
սպասումը,
որ հոգեհացից հետո
հանգուցյալի կշտացած հարազատները
քաղաքական ներկա իրավիճակի մասին
ծանծաղամիտ դատողությունների արանքում
չեն մոռանա այրուն,
սպասումը,
որ հրաշքով թեկուզ,
բայց կըկանխվի մոտեցող պատերազմը,
սպասումը,
որ ի վերջո կավարտվի
ճիվաղների երթը հանցավոր,
սպասումը,
որ կդադարեն դիակների վրա շողշողալ
գլուխները առաջնորդների,
սպասումը………..
դատարկ,
զարմանալի դատարկ
սենյակների ներսում,
անոսկոր ու կակղամարմին մեր սողացող կերպերով:

Հատկապես տհաճ է, երբ ճոճվում է օրը
պետքարանում կախվածի մարմնի նման
այնքան, որ ուզում ես աչքերդ փակել,
չտեսնելու համար ներսը,
չտեսնելու համար դուրսը,
չտեսնելու համար
սպասումը քեզ նմանների,
չտեսնելու համար
սույն երթը շարունակվող,
չտեսնելու համար
պորտրեները թեյի բաժակներով արյուն խմողների,
չտեսնելու համար
դասականների արձաններին նստած ագռավներին,
չտեսնելու համար մրուրը մայրաքաղաքի,
չտեսնելու համար
անպայմանորեն վզկապավոր, անբարեկիրթ
ու անճաշակ հագուստների մեջ գավառեցիների,
որոնց ոչ մի կերպ չի հաջողվում թաքցնել,
որ չես սիրում Երեւանը,
չտեսնելու համար,
թե ինչպես է Սարուխանը
քաղաքամոր աղբանողներում ցնծություններ պեղում,
չտեսնելու համար
հրապապարակները վերանվանվող,
չտեսնելու համար
հայրենիք խոստացող
հեղափոխականներին նորաթուխ:
չտեսնելու համար
ծնողներին որբացած,
չտեսնելու համար համրերին,
չտեսնելու համար կույրերին,
չտեսնելու համար
հացի արժեքը կեղծողներին,
չտեսնելու համար
թափուր թագաթոռները,
չտեսնելու համար մուրացկաններին
ձկան խանութի եկեղեցու մոտ,
չտեսնելու համար նրանց,
որ փորձում են վաճառել հուդայացիները,
չտեսնելու համար թույլերին,
չտեսնելու համար օրը,
որ ճոճվում է
պետքարանում կախվածի մարմնի նման,
ուզում ես աչքերդ փակել

Հիմա հատկապես տհաճ է վաղվա սպասումը,
որովհետեւ հույս չկա,
որ չի վաճառվի այն,
ինձ չեն հասցրել վաճառել,
որ կըկանխեն պատերազմը մոտեցող,
որ մեր գլխավերեւում չեն շողշողա
առաջնորդները բազմաշքանշանակիր,
որ բթամիտ անտարբերությամբ
չենք մտնի գարշահոտության մեջ,
որ կանցնի տհաճությունը սպասումի,
իսկ հատկապես տհաճ է վաղվա սպասումը,
որովհետեւ նորից հարկ կլինի
ամեն գնով հեռու մնալ
կոմունիստներից ու հոմոսեքսուալներից,
որովհետեւ վաղվա առավոտն էլ կբացվի,
ինչպես վերքը
սիֆիլիտիկի առնանդամին:

Անձրեւոտ օր

Օրն անձրեւոտ է,
եւ ցեխաջուրը կպչուն է սաստիկ,
ինչ-որ մի բան կա,
որ միայնության վայրն է զարդարում,
ինչ-որ մի բան կա,
որ մեզ մոտիկ է պահում բնազդին,
եւ էլի մի բան,
որ ոչ մի գնով անուն չի դառնում:

Օրերը թաց են,
եւ իմ աչքերը նման են նրանց,
սեւազգեստ կանայք
երկնային հորը էլ չեն աղերսում
ինչ-որ առիթով
ինձ էլ կըողբան պատերի ներսում:

Անհեթեթ բան է
տներում փակված՝ անձրեւը նայել
եւ ոչինչ չի տա
մասնակցությունը նրա ավարտին.
ինչ-որ առիթով
հրեշտակները ինձ կվկայեն,
եւ սեւ երիզով
կըշրջանակվի անունս պատին:

Ցուրտ է երեկոն,
սակայն տներում տաղտուկն՝ առավել,
բաց պատուհանը,
նե՛րս առ թափառող բույրը անձրեւի,
անմտությունը է
հիշատակների թվին խառնվել,
ինչ-որ առիթով
կըվերադառնանք նախնական ձեւին:

Օրն անձրեւոտ է
առիթներ չկան, չկան վկաներ,
բաց պատուհանը,
նե՛րս առ աչքերիս պատկերնրը թաց.
նեղ-ընտանեկան
կապույտ ալբոմի վերջին նկարը
ինձ խոստանում է
անձրեւած օրվա ամփոփ հոգեհաց:

Վերադարձրու մի բան կորցրածից

Եթե կարող ես,
վերադարձրու կորցրածից մի բան,
որովհետեւ ծանր է,
անասելի ծանր չսիրելով ապրելը,
երբ մաքուր չէ անկողինը եւ եղանակն է հիվանդ,
եւ վիրավորում է երբ արդեն
կանացի անուններ բազմապատկելը:

Ընդունելի չէր երեւի իբրեւ զոհողություն
գործը բառի,
եւ հիմա դժվար է նունիսկ սեփական ձեռագիրը կարդալ,
շուտով կանջատեմ լույսը,
կափսոսամ, որ ամեն ինչ կորցնում ենք ճանապարհին,
որ դժվար է դառնում
վերադարձնել կորցրածից մի բան:

Բայց վերադարձրու,
վերադարձրու կորցրածից մի բան,
որովհետեւ մաքուր չէ անկողինս եւ ապրելն է ծանր,
երբ չես սիրում,
երբ եղանակն է հիվանդ,
եւ անկարելի է երբ արդեն
սեփական օրագրից մի բան վերծանել:

Վերադարձրու,
վերադարձրու կորցրածից մի բան:

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • «…Ամբողջ քաղաքը անձրեւի տակ է…»
    Ես լավ եմ ճանաչում Աշոտ Ալեքին,հոր՝ Ալեք Խաչունցի, պես լավ ու ազնվական մարդ է ու լավ բանաստեղծ… Գոհունակություն ապրեցի՝ կարդալով նրա պոեզիան:
    Կեցցես, Աշոտ Խաչատրյան, գրչընկերորդի: Մեծավ սիրով՝ ԳԱՀ:

  • ..Ամբողջ քաղաքը անձրեւի տակ է…
    Ես լավ եմ ճանաչում Աշոտ Ալեքին (Խաչատրյան), իր հոր՝ Ալեք Խաչունցի պես ազնվազարմ մարդ է ու լավ բանաստեղծ:
    Շնորհը կալեցի սիրով, երբ ընթերցեցի: Կեցցե՛ս, գրչեղբորորդի:
    Բարեկամաբար՝ ԳԱՀ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *