ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2019-ի հուլիսին ձեռնարկել էր «Ուրիշ հուլիս» հատուկ աշխատարանների շարք, որոնցից մեկի` գրող Աննա Դավթյանի վարած «Պոեզիա առանց հանգի» աշխատարանի արդյունքում ստեղծված բանաստեղծությունները սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Ալեքսանդր Չոբանյանը ծնվել է 2003 թվականին, Երևանում, անշունչ: Ցավոք կամ բարեբախտաբար հետագայում սովորեց շնչել և չիմանալով ինչ անել իր կյանքի հետ` սկսեց, ինչպես պատահի, փորձել ստեղծագործել: Տենչում է դեպի իր ապագան` միաժամանակ սարսափելով նրանից:
***
Աստված ընկավ դրախտից:
Ամբողջ իր ահռելի, օդային, մեզ անհասկանալի, թեթեւ մարմնով,
թռավ մեր իրականության մոտով եւ սուզվեց իրականությունների արանքը: Իսկ
աշխարհում ոչ մի բան չփոխվեց,
մարդիկ շարունակում էին գնալ եկեղեցի,
աղոթել, հավատալ, որ կա մեկը, որ կլսի եւ կիրականացնի իրենց փափագները:
Ոսկե խաչեր կրող քահանաները շարունակում էին վախեցնել դժոխքով,
Որը մինչ սառում էր ու քիչ-քիչ անհետանում,
եւ միայն սարերում ապրող մի ծերուկ
հասկացավ, որ ինչ-որ բան էն չէ:
***
Անձրեւից հետո մեր տանը ցնցուղ ընդունելը մարտավարություն է պահանջում: Ամեն
անգամ ջուրը ճիշտ տաքությամբ միացնելուց հետո (որը մի ուրիշ փորձանք է)
Ես նայում եմ առաստաղին եւ գիտնականի ուշադրությամբ`
զննում նրա վրա գոյացող հետանձրեւային կաթիլները`
կաթ…կաթ-կաթ։
Ահա հասավ իմ ժամանակը:
Խիստ նպատակասլաց
կրիայի արագությամբ` ես աջ ոտքս կպցրեցի մեր կարմիր տազիկի հատակին եւ
բարձրացրի ձախ ոտքս,
սակայն,
Քստիկը հրաժարվում էր իջնել:
Ես իռացիոնալ վախով թափահարում էի իմ փայտե ոտքը եւ նայելով նրան կպած
բեռանը`
հուսահատ շշնջում էի` et tu, քստիկ?
Կաթ…կաթ-կաթ:
Սառը հետանձրեւային կաթիլները, դանակներ դառած, վառեցին իմ անպաշտպան
մեջքը:
Քստիկը քմծիծաղով ընկավ ոտքիցս:
Գլուխս կախ` մտա ջրի ջերմ, ցավակցող գրկի մեջ:
Ես պարտվեցի:
***
Պոեզիան մահանում է, եւ ես, այս անհանգ եւ անռիթմ տողերով,
եւս մի դաշույն եմ խրում նրա ծեր մեջքի մեջ:
Մենք` Դիլետանտներս,
Որ դասականն առանց իմանալու`
Մերժում ենք այն,
Պոեզիայի մաշկն ենք կրծում եւ ցեխ դուրս թքելով` դրանից ցեխամարդ սարքում
եւ հայտարարում ենք` իբր դա նոր պոեզիան է
եւ կեղտոտ կրծքին կպցնում «պրոգրես» պիտակը:
Բայց
Մեր ժամանակը կանցնի,
Ու կսկսվի նոր ոսկե դարը,
Իսկ մեզ չեն հիշի, ինչպես չեն հիշում օգտագործված զուգարանի թուղթը:
Կամ`
Մենք կհաղթենք եւ արվեստի դին վզից պահելով`
Կդառնանք
Դասական գրականություն:
***
Հայրը իր պարկը ընտանիքին է տանում,
Այն իր ծանրությամբ կոտրում է նրա մեջքը.
Պարկը դատարկ է:
***
Каскадеры с повязками на глазах,
Человек, который глотает включенные бензопилы,
Слоны, стоящие на маленьких деревянных кубиках,
Львы, прыгающие через кольца величиной с обручальные,
И клоун, который счастлив,
Всегда.
***
My eyes are out their sockets today
They are searching for something
My ears are stretched to the sky today
They are longing for something
My mouth is closed shut today
It is waiting for something
My limbs are strained to the brim – to the tips today
They are ready
For something