Այս պատմության մասին ես իմացա նամակից, որը ստացա մի երիտասարդ կնոջից՝ Աուրելիա Մարիա անունով, ով ապրում էր Սան Խոսեում: Գուցե դա իր կեղծանունն է: Ես նրան չեմ ճանաչում: Բանն այն է, որ խեղճ աղջկա սիրտը ամբողջովին կոտրված է այն ամեն դժբախտությունների պատճառով, որոնց միջով անցնում է, ու գրեթե հուսալքվել է դրանցից ձերբազատվելու կատարյան անկարողությունից: Լսե՛ք նրա պատմությունը.
Նա ասում է, որ երբ տասնվեց տարեկան էր, ծանոթացավ մի երիտասարդի հետ ու սիրահարվեց: Երիտասարդը, ում անմնացորդ նվիրումով սիրում էր Աուրելիան, Նյու Ջերզիից էր, իսկ անունը՝ Ուիլիամսոն Բրեկինրիջ Քարութերս էր: Նրանք նշանվեցին: Երկուսի կարիերան անձեռնմխելի էր թվում: Բայց հաջողությունը, ի վերջո, երես թեքեց նրանցից: Երիտասարդ Քաթուրեսը հիվանդացավ Ծաղիկ հիվանդության ամենավտանգավոր տեսակով, ու երբ առողջացավ, նրա դեմքին փոսեր էին առաջացել, իսկ գեղեցկությունը հավերժ անհետացել էր: Աուրելիան մտածեց չեղյալ համարել հարսանիքը, բայց իր սիրելիի հանդեպ ունեցած խղճահարությունը ստիպեց իրեն հետաձգել ամուսնությունը մեկ սեզոնով ու մեկ այլ հնարավորություն տալ:
Հարսանիքի հենց նախորդ օրը Բրեկինրիջը, տարված թռչող փուչիկներով, ընկավ ջրհորի մեջ ու կոտրեց ոտքը: Այն կտրեցին: Աուրելիան նորից ցանկացավ չեղյալ համարել հարսանիքը, բայց կրկին սերը հաղթեց, ու նա կրկին հետաձգեց այն:
Ու կրկին դժբախտություն տեղի ունեցավ նրանց հետ: Ուիլիամսոնը կորցրեց ձեռքը հուլիսչորսյան թնդանոթի պատճառով ու երեք ամիս անց մյուսը՝ քարտապան մեքենայի պատճառով: Աուրելիայի սիրտը գրեթե փշրվեց այդքան անհաջողություններից: Նա արդեն սգում էր այն հանգամանքը, որ իր սիրելիին մաս-մաս կորցնում է ու մտածում էր, որ այլեւս անհնար է դիմանալ այդքան փորձություններին: Նրա խիզախ սիրտը որոշեց մեկ այլ հնարավորություն տալ:
Նորից մոտեցավ հարսանիքի օրը: Նորից հիասթափությունը ստվեր գցեց իր երջանկության վրա: Քարութերսը հիվանդացավ ու աչքերից մեկի տեսողությունը ամբողջովին կորցրեց: Երկու կողմի բարեկամներն ու ընկերները միավորվեցին ու որոշեցին, որ արդեն բավական է դիմանալ այդչափ դժբախտություններին ու պետք է վերջ դնել նրանց հարաբերություններին, բայց երկար մտածելուց հետո Աուրելիան, իր մեծահոգությամբ, կրկին ուրոշեց ընդառաջել, քանի որ, ինչպես ինքն էր ասում, “Բրեկինրիջը մեղավոր չէր”:
Հարսանիքը հետաձգվեց, իսկ Ուիլիամսոնը կոտրեց մյուս ոտքը:
Ի՜նչ տխուր օր էր խեղճ աղջկա համար, երբ նա տեսավ՝ ինչպես են բժիշկները տանում իր սիրելիի ոտքը, ու ինքն իրեն մտածեց, որ եւս մեկ մաս պակասեց: Նա հասկացավ, որ իր սիրո դաշտը օրեցօր սահմանափակվում է, բայց մեկ անգամ եւս հայտարարեց, որ կամուսնանա:
Հարսանիքին նախորդող օրերից մեկի ժամանակ պարզվեց՝ մի տղամարդ ընկել է գետը ու գլխամաշկը պատռել: Դե իհարկե, դա Ուիլիամսոն Բրեկինրիջ Քարութերս էր՝ Նյու Ջերսիից: Նա շտապում էր տուն, երբ, երջանկությունից արագության չափը անցնելով, ընկել է գետը ու կորցրել մազերը՝ հավետ: Ու այդ ողբալի պահին նա անիծել է դաժան բախտին, որ իր գլուխն է խնայել:
Աուրելիան լրջագույն շփոթվածության մեջ է: Նա դեռ սիրում է իր Բրեկինրիջին, ինչպես նա է գրում “սիրում է այն, ինչ՝ մնացել է”, բայց իր ծնողները արդեն դեմ են իրենց ամուսնությանը, քանի որ Ուիլիամսոնը այլեւս անկարող է աշխատել, իսկ Աուրելիան չի կարող ապահովել երկուսի կյանքը միայնակ: “Հիմա ի՞նչ պետք է անեմ”, հարցնում է նա սրտի ցավով:
Շատ նուրբ հարց է՝ կյանքի հարց, որտեղ կա մի կնոջ ու երկու երրորդ տղամարդու երջանկություն: Եթե Աուրելիան կարողանա կահավորել իր սիրելիին՝ փայտե ոտքերով, ձեռքերով, ապակե աչքով ու կեղծամով ու եթե իննսուն օր անց Ուիլիամսոնը վիզը չկոտրի, հանգիստ կարող է ամուսնանալ հետը: Ամեն դեպքում, մեծ ռիսկի չես դիմում, Աուրելիա, քանի որ եթե նա հավատարիմ մնա իր տարօրինակ սովորությանը ու ինչ-որ մի տեղը կոտրի ամեն անգամ, երբ երջանիկ է, ապա հաջորդը կարող է վերջինը լինել ու դու անվտանգ կլինես՝ ամուսնացած կամ ամուրի: Այրիանալու դեպքում կարող ես պահել փայտե ոտքերն ու ձեռքերը, որպես թանկարժեք մասունք քո ազնվական, բայց դժբախտ ամուսնուց, ում արտասովոր բնազդները իր դեմ էին: Դա միակ ելքն է, որ տեսնում եմ քեզ համար: Ես ուրախ կլինեի, եթե Քարութերսը սկսեր կոտրտվել վզից, բայց, քանի որ նա ուրիշ քաղաքկանություն է վարում ու ցանկանում է երկարաձգել իր տանջանքները, չեմ կշտամբի նրան: Մենք պետք է կարողանանք հնարավորինս բարվոք դուրս գալ ցանկացած ստեղծված իրավիճակից ու չզայրանալ:
Թարգմանությունը անգլերենից՝ Էդիտա Մարգարյանի