ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Ադրբեջանական գրականության սնափառությունը

Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ:

Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօր կատարվում է ադրբեջանական գրականության մեջ, կարելի է բարբարոսական անվանել:

Եթե այսօր այդ բարբարոսությունը դրսևորվում է ադրբեջանական գրականության ներքին տիրույթում, ինչը վկայում է նաև այդ հասարակության բարոյալքվածության մասին, ապա 20-րդ դարում Ադրբեջանը իշխանական մակարդակով ոտնձգություն էր կատարում հարևան ժողովուրդների և աղվանների գրականության նկատմամբ: Այդ մոտեցմամբ Ադրբեջանը փորձում էր յուրացնել նաև Դաշտային Արցախում ապրած անգամ` հայ միջնադարյան մատենագիրներ Դավթակ Քերթողին, Մովսես Կաղանկատվացուն, Մխիթար Գոշին:

20-րդ դարում միջնադարյան գրականություն մոգոնող ադրբեջանցիների այսօրվա հայացքներից չպետք է պայծառացումներ սպասել, մանավանդ որ` այդ գրականությունը նույն 20-րդ դարում մշտապես եղել է ստվերում: Նախորդ դարի ադրբեջանցի ամենաներկայանալի բանաստեղծ Սամեդ Վուրղունը ցմահ մնաց Հովհաննես Թումանյանի և Եղիշե Չարենցի գրական ազդեցության ոլորտում և երբեք չկարողացավ սեփական դեմքը գտնել` հայ գրողների ստեղծագործությունը ծառայեցնելով որպես դասագիրք:

Խորհրդային շրջանում Հայաստանի գրողների միությունում պատսպարված սակավաթիվ ադրբեջանցի գրողները, որոնց ընդունում էին սոսկ չխախտելով «ժողովուրների բարեկամության» գաղափարը, ուսումնասիրություններ էին գրում, որտեղ համեմատության մեջ էին դնում հայ և ադրբեջանցի գրողներին կամ գրական երևույթները (Մահառամ Բայրամով «Ջ. Մամեդկուլիզադեն և Շիրվանզադեն», 1966,  «Ա. Շիրվանզադեն և Ադրբեջանը», 1970, Աքպեր Երևանլի «Ջալիլ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդը», 1966, «Խաթաբալա» շաբաթաթերթը և Ադրբեջանը», 1974, և այլն), ինչը սեփականը նշանավորելու միտում ուներ:  Ի դեպ` Աքպեր Երևանլիի իսկական անուն-ազգանունը Աքպեր Յանուս օղլի Սուլեյմանով է և Երևանում ծնված լինելու պատճառով ընտրել է Երևանլի գրական անունը, եթե նման մոտեցմամբ հայ գրողը գրական կեղծանուն ընտրեր, ապա վաղուց ադրբեջանցիները նրան սեփականացրած կլինեին, սակայն մենք Երևանլիների կարիքը չունենք և այն թող հավերժ վառ մնա ադրբեջանական պառնասում:

«Ժողովուրդների բարեկամության» հովերով ստեղծված, ավելի հաճախ, շինծու գրականությանն անմիջապես հաջորդեց արցախյան պատերազմի տարիներին ստեղծվածը: Խոստովանենք` ղարաբաղյան հակամարտությունը մեր գրականության առաջնային թեմաներից չդարձավ և, ընդհանրապես, ադրբեջանցու կերպարներ մեր գրականության մեջ շատ քիչ են հանդիպում: Արդի հայ գեղարվեստական գրականության մեջ նման կերպարներ ստեղծել են միայն Լևոն Խեչոյանն ու Հովհաննես Երանյանը, սակայն հայ հեղինակների արձակում ադրբեջանցիներին նվաստացնելու ոչ մի միտում չկա: Այլ է դրությունն ադրբեջանական գրականության մեջ, որտեղ «հայ»-ն արդեն ձեռք է բերում գրականագիտական տերմինի նշանակություն և հոմանիշ դառնում «բացասական կերպարին»: Ադրբեջանական գրականության մեջ շարունակվում են «Հեյդար Ալիև» հիմնադրամի գումարներով մոգոնվող «պատմական» երկերի մոտիվները, որոնք հնարավոր կեղծարարությամբ փորձում են սևացնել հայի ինքնությունն ու պատմությունը: Նկատենք նաև, որ ադրբեջանական գրականության այս կաղապարվածությունն ու սահմանափակվածությունը երբեմն «ճեղքեր» է տալիս և ստեղծվում են նաև հայի դրական կերպարներ, սակայն նման գրականությունն էլ մի այլ առվով է ջուր հանդիսանում հայատայցության համընդհանուր քարոզին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տարեսկզբին տպագրված Ալեքպեր Ալիևի «Արտուշ և Զաուր» վեպին, որը պատմում է հայ և ադրբեջանցի համասեռամոլների «սիրո» և դժբախտ ճակատագրի մասին: Այս վեպով լավագույնս երևում է Ադրբեջանի հակահայ քարոզի անբարոյական կողմերը, ինչը նաև բարոյազրկված հասարակության հետևանք է, այդ է վկայում նաև այն, որ այս վեպը ընթացիկ տարում ամենափնտրվածն ու վաճառվածն է Բաքվում:

Զավեշտալի է նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարվող այն քարոզը, թե իբր Անդրկովկասում ադրբեջանական գրականությունը լավագույնն է և գերիշխող դիրք է գրավում: Ադրբեջանցիներն, ի դեպ, համեմատության համար վկայակոչում են այնպիսի  հայ «հեղինակների», որոնք անգամ անծանոթ են մեր գրական շրջանակներին, և երբ փորձում ես գտնել նման անուն-ազգանունով հայ «գրողների», ապա հանդիպում ես գրական հավակնություններ չունեցող, պարզապես, այս կամ այն սոցիալական կայքերում իրենց անմեղ ու սիրողական ստեղծագործությունները զետեղած մարդկանց, որոնք չեն էլ պատկերացրել, որ երբևէ` որպես գրող, արժանանալու են ադրբեջանական գրաքննության ուշադրությանը:

Լավագույն դեպքում հայ գեղարվեստական գրականությունը ներկայացնում են Զորի Բալայանով` անգամ չտարբերակելով, որ Զորի Բալայանը հրապարակախոս է, և նրա գրքերը փաստավավերագրական ակնարկներ են: Գրականության ժանրերը չտարբերակող մարդիկ Բաքվից  բարձրաձայնում են ադրբեջանական գրականության առաջնայնության մասին, իսկ նմաններից բարեխղճություն պահանջելը` պարզապես մեղք է:

Բակուր Կարապետյանը մի քանի տարի առաջ նախանձախնդիր եղավ հայ և ադրբեջանական գրականությունների համար նախատեսված միասնական կայքէջ ստեղծել, որը կօգներ ավելի լավ ճանաչել միմյանց գրականությունը: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անգամ նամակ հղվեց Իլհամ Ալիևին, որը սակայն անարձագանք մնաց:  Անարձագանք մնաց, որովհետև ադրբեջանցիների համար ավելի հեշտ է վերլուծել ու քննադատության ենթարկել սոցիալական կայքերում հայտնված ոտանավորները, որոնք գոնե իրենց պարզությամբ ու մաքուր զգացմունքներով հաստատ գերազանցում են Ալեքպեր Ալիևի ժանտահոտ վեպերին, քան առնչվել լուրջ գրականության հետ, որը կմերկացներ ծանծաղամտությունը:

Share Button

10 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ

    Այսօրվա դրությամբ կան զգալի թվով հայ գրողներ, որոնք իրենց գրքերում արտացոլում են հիմնականում Ղարաբաղի պատերազմը, իրենց հայկական ազգային գաղափարը: Բայց ամբողջ հայ գրականությունը` ինչպես ժամանակակից, այնպես էլ հին, ծայրեծայր բաղկացած է ժողովրդական-գաղափարախոսական թեմայից: Կարող եմ թվարկել որոշ հեղինակների. Սարգիս Կանտարջյան, Լեոնիդ Հուրունց, Խաչիկ Դաշտենց:

    Վեպերը 19-րդ դարի վերջերի-20-րդ դարի սկզբների հայկական ազատագրական շարժման մասնակիցների` «հայդուկ» (ֆիդայի) անունով հայտնի գյուղացիների մասին են, որոնք ոտքի են կանգնել հայ ժողովրդին օսմանյան լծից պաշտպանելու:

    Երեւանում ակտիվորեն գործում է Հայաստանի Ազգային գրադարանը: Վերջերս հայերենով տպագրվեց Ռաֆիկ Ղազարյանի «Ինչպես երգեմ քո հիշողությունը» գիրքը, որը նվիրված է հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 120-ամյակին: Գրքում ներկայացված են բանաստեղծի կյանքի ժամանակագրությունը, նրան նվիրված հոդվածների ու գրքերի մատենագրությունը, ժամանակակիցների ասույթները Տերյանի մասին:

    Ամբողջ հայ գրականությունը պատերազմի, ցեղասպանության, իրավունքների պաշտպանության մասին է: Սխեման սովորական է: Հայ գրականության մեջ չկան կոնցեպտուալիստներ, ավանգարդիստներ. միայն ցանկեր են Ղարաբաղի, ցեղասպանության մասին ճչացող հեղինակների անուններով: Չափակշռված, բուրժուական արվեստ է:

    Դա շարունակվում է արդեն քանի տարի անընդմեջ. հայերը գրում են հայոց երջանկության մասին, որը, ինչպես հայտնի է, աներեւակայելի է առանց ցնցող կորուստների:

    Արդի հայ հեղինակներից կարող եմ նշել Նինա Գաբրիելյանին, նրա «Խոտի տերը» ստեղծագործությունը:

    Այդ վեպը բանի պետք չէ, թեեւ գրված է վարպետորեն: Նա գրում է շնչելու պես, բայց դա քիչ է. վեպով ժողովրդական դառնալը տրված է ոչ ամենքին: Ոճի եւ մարդկության կուտակած գիտելիքների ծանր հրետանիով զինված Նինան չգիտե, թե ինչի մասին է գրելու: Թերեւս` միայն իր մասին, սեփական անձի բացառիկության մասին:

    Հայ կին գրողներից է նաեւ բանաստեղծուհի Տատյանա Օչերետյանը: «Ձեզ հանդիպում կնշանակեմ տողերի միջեւ». սա արդեն ինչ-որ բան է:

    Նա ամենատաղանդավոր հայ գրողն է, ունի նոր, ավելի ստույգ` խորը, ուժեղ մտքեր: Տատյանայի գործերում չկա հոգեկան ճիգերի ցուցադրություն: Նա կարճ դրվագի վարպետ է, առաջարկում է ռիթմիկ եւ արտասյուժետային արձակի փորձարարություններ, որոնք անմիջականորեն աղերսվում են պատմվածքի ժանրին:

    «Պատմվածքների ժողովածուի» նմանօրինակ տեխնոլոգիան թույլ է տալիս զգալիորեն խնայել ջանքերը. վեպի կայացման համար բավական է մեկ-երկու կարեւոր իրադարձություն, որոնց շուրջը կուտակվում են ընդմիջարկված պատմություններ. տեքստը ծավալվում է, դառնում բազմաստիճան եւ բազմաշերտ:

    Այսինքն` «սովորական» մտքերը շարժվում են մի իրադարձությունից մյուսը, եւ գրողը պարտավոր է մշտապես հորինել եւ ընթերցողի հետաքրքրության հնոցի մեջ նետել նորանոր մանրամասնություններ: Վերլուծականությունը փոխվում է քնքշության եւ համեմվում պարզությամբ: Օչերետյանը չի վախենում տափակաբանություններից:

    ԱԼԲԵՐՏ ԱՆԻԿԻՆ, Kultura.Az

  • Hasmik Hakobyan says:

    Աշոտ ջան, իրականում արցախյան պատերազմին անդրադարձած հեղինակներն ավելի շատ են, քան դու ես թվարկել, այդ թվում և որոշ բանաստողծական տողերում է նակատվում պատերազմի արձագանքը, սակայն, հիրավի ճիշտ ես նկատում, ոչ մեկի մոտ, դա գաղափարական պայքարի արդյունք չէ, մեծամասամբ`ապրած ցավի արտահայտություն: Իսկ Կարենի մեջբերեծ այս կայքէջի տվյալներն այնքան ծիծաղելի էին, որ նույնիսկ չզայրացա:

  • Hayk H. says:

    Hetaqrqir chanachoxakan hodvac er…apres Ash jan…es Adrbejanci groxi anun chgitei

  • ANI says:

    iskapes hetakrkir e, bayts erb targmanum eyi amusnus hamar na zayracav, u nervaynacac heracav.

  • Կարեն Անտաշյան says:

    Ժողովուրդ, ով ա Տատյանա Օչերետյանը ?

  • Anna Davtyan says:

    Իսկ Նինա Գաբրիելյանը?

  • Կարեն Անտաշյան says:

    Ան ջոկեցիր? ենթագիտակցորեն ինձ X պոետն էր հետաքրքրել, քեզ`Y արձակագիրը :)))
    Конкурирующая фирма!!! – ինչպես կասեր Բենդերը

    ՀԳ
    համենայն դեպս ես իմ Օչերետյանի մասին գիտեմ, որ նա “չի վախենում տափակաբանություններից:”

  • Anna Davtyan says:

    Վախեցա Աշի բարեկամը չլնի:)

  • Աշոտ says:

    Չէ, Ան ջան, հաստատ իմ բարեկամը չի, արխային քլնգի

  • Davit says:

    եթե քաղաքականությունը իր քիթը խոթում ա գրականության մեջ, ապա սուբյեկտիվ մեկնաբանությունները դառնում են սովորական: Ես հավատում եմ, որ ինչպես հայ , այնպես էլ ադրբեջանցի գրողները կարող են լավը լինել: Իսկ մի քանի անիմաստ հոդվածներ մեջ բերելով միայն մարդկանց հիմարացնում են ու ատելություն առաջացնում թե ադրբեջանական և թե հայկական կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *