Ամբողջ չորս օր ա, Գրիգորս ծնվել ա, Գրիգորի ծնվելով սկսեցի հավատալ Կատարինեի ծնունդին:
-Կա-տա-րի-նե, ում անունն ա Կատարինե,- հարցնում եմ աղջկաս,- Կածիկիիի, ասում եմ ես ու գիժ-գիժ ծիծաղում նրա հետ:
Ժամը մեկն անց քառասուն էր, հաստատ եմ հիշում` իննային հարցրի: Տաքսու մեջ ցավերը ուժեղանոմ են, Ին, էլ չեմ դիմանում, էլ դիմանալու չի, ոնց որ ուժեղանում ա: Մի կողմից երջանիկ եմ շատ, տղաս կծնվի, մյուս կողմից` դե մի անասելի ցավ ա, որ թուլացնում ա, գետնով տալիս:
Ծննդատան մուտքի մոտ բժիշկն ինձ ա սպասում: Նայեց, ասեց` պոլնի կամպլեկտ ընդունում ենք, ինչը նշանակում ա` էլի հոգնա, էլի սափրում, էլի հագուստի փոխում, էլի էն սենյակները, որ կոչվում են ծնարան, ուր ամեն մի պատի տակ մի հղի, մի ծննդկան` վախ մամա ջան, վայ աստված ա գոռում:
Սիրտս սկսեց արագ բաբախել: Ես հո գիտեի` արդեն ժամանակն ա, բայց երբ իմացածդ հաստատվում ա, ակամա, դողը, հուսահատությունը ընկնում ա թևերդ:
Առաջին անգամ էդպես չի, առաջին անգամ չգիտես` ուր ես գնում, բան չգիտես, առաջին անգամ ուղղակի մտնում ես մութ անտառ: Երկրորդն ավելի բարդ ա, ինչքան էլ ինձ տրամադրում եմ, ինչքան էլ վստահ եմ` ամեն ինչ լավ ա լինելու, ինչքան էլ ամեն ինչ փայլուն ա, միևնույն ա, սկսեցի լացել: Լիքը բաներ են խառնվում իրար: Լիքը բաներ:
Ժամը երկուսն ա, հոգնայի տհաճ արարողությունից հետո, որի ընթացքում շնչահեղձ գլուխս պատին եմ հենում, փորձում հավաքել ինձ, ստիպում մտածել տղայիս մասին, ստիպում ինձ ժպտալ:
Ժամանակն ա հագուստս փոխել: Բայց ես ոչինչ չունեմ ինձ հետ, միակ շորը, որ գտա, հնդկական ցուցահանդեսից գնած, փուլերով, գույնզգույն մի շոր ա: Իրականում իրերս հավաքած մի ամիս ա մեր տանն ա, բայց ես առավոտ կանուխ աբովյանից երևան իջնելիս չվերցրի հետս, մի քանի անգամ սուտ նշաններ են եղել, էնպես որ էս անգամ որոշեցի ուղղակի հենց էնպես իջնել Իսահակյան, պիտի իջնեի ուբորկա անելու: Ու որպեսզի մամաս ինձնից ավելի շատ չծննդաբերի, երևի մտքով մի հազար անգամ պատկերացրել ա բոլոր հնարավոր տարբերակները իմ ծննդաբերության, ես ուղղակի չէի ուզում ասել, որ սկսվել ա, որ իրերս իջեցնեն, ու էդպես ես ու Իննան, էն, ինչ ընկավ ձեռքներիս տակ, առանք ու թռանք ծննդատուն:
-Էս ինչ ես հագել,- փորձեց ճշտել հոգնա անողը,- չի կարելի, ուրիշ բան չունես:
-Չէ,- ասացի,- ինձ հանգիստ թող, էական չի:
-Ոնց թե,չի կարելի:
-Ես ցավերի մեջ եմ, ինձ հոգեբանական ճնշման չենթարկեք:
-Լիֆդ պիտի հանես:
-Չեմ հանի, բամբակ ա, հաշվի` մայկա ա:
-Չի կարելի:
Բարեբախտաբար բժշկուհին եկավ ժամանակին ու ես հանգիստ, բժշկական կենտրոնի խալաթներից մեկը ուսերիս գցած, վերելակով բարձրացա ծնարան:
Հղիները տոնական, սիրուն գիշերանոցներով, փումփուլիկներով հողաթափերով, դե ինչպես իրենց հարսանեկան առաջին գիշերվան են պատրաստվում, մոտավոր նույն սիրուն սպիտակ խորհրդավորությամբ տնքում են:
Բարևեցի ու անցա ներսի ծնարան: Մի կերպ բարձրացա աթոռին, մի կերպ բացեցի ոտքերս, ցավերի մեջ գալարվելով, էն որ էնքան ուժեղ ա ցավում փորդ, որ էլ ցավ չես զգում, քրտինքը դեմքիս, սառած արդեն: Ամեն ինչ նորմալ ա գնում, ամեն ինչ արագ: Առանց ներարկումների, առանց միջամտության ցավը մի ժամվա մեջ անցել ա կարելիի սահմանը: Ինձ թողեցին ցավերիս մեջ, ինքս իմ մեջ: Առաջին անգամվա փորձից գիտեմ` երբ մրսում ես, ծածկոց են տալիս: Առաջին անգամվանից գիտեմ` դողը որ գալիս ա, հետևից երեխան ա գալիս:
Գոռացի` մրսում եմ, ծածկոց եմ ուզում: Բրդյա մի ծածկոց բերեցին, բան չեմ զգում, արդեն բթացել եմ ցավից: Մեկն էլ, մեկն էլ եմ ուզում, մրսում եմ: Ուխաաաայ: Տաք ծածկոց:
Հետո արդեն ցավը անցավ մեջքիս: Ժամանակն ա, հիմա ուր որ ա դուրս կգա:
Կանչում եմ` ցավն անցավ մեջքիս, վախ, մամա ջան, վախ էլ չեմ դիմանում, վախ մի բան արեք, վախ մամա ջան:
Ներս թռան բոլորը, մանկաբարձուհին, բժիշկը, օգնողները:
-Թող նայենք:
-Չեմ կարոոոողղղղ:
-Հաջորդ ցավին ասա: Պտղապարկս պատռվել էր ու միջից զզվելի կանաչ պտղաջրեր էին թափվել:
Բժշկուհին, փակում-բացում ա քիթս` շնչիր, մի շնչիր, շնչիր, մի շնչիր:
Մեկ էլ զգացի` արդեն դուրս ա գալիս:
-Ծնվում ա: Ծնվում ա:
-Առաջինն ինչքան էր ծնվել:
-Երեք ու հարյուր:
-Էս էլ մեծ չի լինի:
-Գլուխը, գլուխը, ուժ մի տուր, սպասիր:
-Չեմ տալիս, ինքն ա թռնում դուրս, ես բան չեմ անում:
-Գոճի ա գալիս: Մեծ ա: Ինչ հաստ պորտալար ա:
Ժամը երեքն անց հինգ ա:
-Ալո, մամ:
-Հըն, լավ չես, սկսվել ա:
-Մամ չորս կիլո, հիսուն գրամ, տղա, հիսուներեք սմ, մամ:
Հեկեկանքները կոկորդումս են:
Վախ մամա ջան, վախ աստված, դեռ տնքում են սպիտակ գիշերանոցները:
Հնդկական արնակոլոլ շորերի մեջ, անսահման երջանիկ, իմ անվավոր մահճակալին պառկած սլանում եմ հիվանդանոցի միջանցքներով:
Ապրես, շունչս պահած եմ կարդացել, ապրես
cncoxa,,,,,,,,,,,,,,esel em nman mi or unecel
sat hetakrkir er snorhakalutyun hexinakin
miguce Granishi ” xujanakan” hamarum texadreiq dzer ays patmutyuny…???