Յիյուն Լի | Չորեքշաբթիի զավակը

Յիյուն Լին (ծնվ. նոյեմբերի 4, 1972 թ.)  չինական ծագումով ամերիկացի գրող է: Ավարտել է Պեկին համալսարանը, այնուհետև մեկնել ԱՄՆ՝ ուսումը շարունակելու: Այովայի համալսարանում մագիստրոսական աստիճան է ստացել գրական վարպետությա դասընթացի համար (գեղարվեստական և ոչ գեղարվետսական գրականություն): Պատմվածքները հրապարակել է Նյու Յորքեր, Փարիզ Ռիվյու պարբերականներում: 2005 թվականին հրատարակել է պատմվածքների առաջին ժողովածուն, որը դրական է ընդունվել գրական հանրության կողմից: Բրուքլինում հիմնել ու տպագրում է  «Հանրային տարածք» կորցնող գրական պարբերականը: Ապրում է ԱՄՆ-ում:

Նրա կարճ պատմվածքներն ու վեպերն արժանացել են մի քանի մրցանակների, այդ թվում՝ PEN/Հեմինգուեյ մրցանակի «Հազար տարվա բարի աղոթքները»  պատմվածքի համար: 2020 թվականի PEN/Jean Stein գրքի մրցանակը՝ «Երբ ավարտվում են պատճառները» պատմվածքների համար:

 

 

Սպասումը դժվար է, մտածում էր Ռոզալին, որովհետև հազվադեպ կարելի է սպասել բացարձակ լռության մեջ։ Բացարձակ լռությու՞ն, նրա այն մասը, որ սովորություն ուներ կասկածի տակ դնելու նրա մտքերը, մտովի բարձրացրեց հոնքը։ Ոչ ոք չի սպասում բացարձակ լռության մեջ․ բացարձակ լռությունը մահ է, իսկ երբ մահացած ես, այլևս չես սպասում ոչնչի։ Ոչ, ոչ թե մահ, պարզաբանեց Ռոզալին, այլ լռություն, ինչպես հիբերնացիան կամ էստիվացիան, սպասում․․․ Մինչ նա կզարդարեր այդ միտքը ամենասովորական կլիշեներով, մոտակայքում գտնվող մոնիտորի վրա ազդարարվեց չվացուցակի փոփոխություն՝ ժամը 11։35-ին Բրյուսել Միդի գնացող գնացքը չեղարկվում է։
Ամբողջ առավոտը Ռոզալին անցկացրեց Ամստերդամի Կենտրոնական կայարանի մի կառամատույցից մյուսը գնալով՝ 4-րդ երթուղուց՝ 10-րդ երթուղի, այնուհետև՝ 7-րդ երթուղի, ապա 11-րդ երթուղի ու հետ՝ 4-րդ երթուղի։ Բրյուսել գնացող գնացքները՝ թե՛ արագընթաց, թե՛ տեղական, չեղարկվել էին մեկը մյուսի հետևից։ Մի ընտանիք (տեսքից դատելով՝ զբոսաշրջիկներ, ինչպես Ռոզալին) Ռոզալիի հետ հայտնվում էր յուրաքանչյուր կառամատույցում, բայց հիմա, վերջապես, նրանք հանձնվեցին ու գնացին՝ հետևներից քարշ տալով իրենց ճամպրուկները։ Մի խումբ երիտասարդներ, որոնց կողքերին շարված էին երկար, լիքը լցված ուսապարկերը, որ ասես ինքնագոհ ուղեկցորդներ լինեին, հավաքվել էին մոնիտորի առջև՝ պլանավորելու իրենց հաջորդ քայլը։ Ռոզալին փորձեց մեկ-երկու բառ լսել։ Գերմաներե՞ն էր։ Հոլանդերե՞ն։ 2021 թվականն էր, և Ամստերդամում այնքան անգլախոս զբոսաշրջիկներ չկային այդ տարվա հունիս ամսին, որքան Ռոզալիի նախորդ այցելության ժամանակ՝ քսան տարի առաջ։
Նա մտածում էր՝ ինչ անել։ Մի երթուղուց մյուսին անցնելով չէր հասնի Բրյուսելի իր հյուրանոց։ Արդյո՞ք այս չեղարկված գնացքներին կհետևեին ավելի շատ չեղարկված գնացքներ, թե՞ այս լճացած վիճակը, անձրևային սեզոնի անդադար անձրևի կամ անվերջանալի թվացող վեպի պես, հանկարծ կավարտվեր մայիսի վերջին՝ մի կիրակնօրյա կեսօրի կամ հունվար ամսվա մի ձյունառատ առավոտյան։ Տարիներ առաջ մի տարեց գրող, որի հետ Ռոզալին ընկերացել էր, նամակում հետաքրքրվում էր այն գրքի մասին, որի վրա աշխատում էր Ռոզալին․ «Ո՞նց է վեպը։ Այսպես հետաքրքրվում են հիվանդ մարդով, իսկ անավարտ վեպը շատ նման է հիվանդի։ Դու հասնում ես ավարտին, և վեպը կա՛մ մահանում է, կա՛մ ապաքինվում։ Մահացածներին պետք է հանգիստ թողնել»։
Վեպը չէր ապաքինվի, եթե կերպարներն իրենց ողջ ժամանակն անցկացնեին կառամատույցից կառամատույց գնալով։ Ռոզալիին պետք չէր սյուժեի շրջադարձ կամ դրամատիկ տեսարան․ նրան պետք էր հավաստի տեղեկատվություն։ Նա գտավ կայարանի մի համազգեստավոր աշխատակցի և հետաքրքրվեց չեղարկված գնացքների մասին։
Տղամարդը, որ գրեթե իդեալական էր խոսում անգլերեն, ներողություն խնդրելով ընդունեց նրա երկընտրանքը։
– Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Ռոտերդամի մոտակայքում, – ասաց նա։
– Միջադեպ,- կրկնեց Ռոզալին, թեև արդեն ծանոթ էր նմանատիպ եզրույթների բնույթին։- Պատահա՞ր։
ˍ Ա՜, այո, դժբախտ պատահար, որ երբեմն լինում է։ Ինչ-որ տղամարդ է անցել գնացքի առջևով։
Ռոզալիի ուշադրությունից չվրիպեց նրա օգտագործած բայը․ ոչ թե «ցատկել է», «վազել» կամ «նետվել», այլ «անցել», ասես անշտապ ու նպատակային արարք էր եղել մահը։ Հակառակ ներկայիս հանգամանքներին, ամառ էր, քսանմեկերորդ դար։ Նա պատկերացրեց տղամարդուն՝ կոկիկ նեղ կոստյումով ու գլխարկով, ինչպես Ռոբերտ Ուոլսերը՝ հոգեբուժական հիվանդանոցում գտնվելու տարիների լուսանկարներից մեկում։ Ուոլսերի գլխարկը 1956 թվականին սուրբ ծննդյան օրը հայտնաբերել էին նրա մարմնի կողքին՝ շվեյցարական ձյան մեջ։ Բայց, նույնիսկ եթե Ռոտերդամի մոտակայքում մահացած մարդը գլխարկով էր եղել, դժվար թե այն հանգիստ ընկած-մնացած լիներ նրա կողքին։
Երկաթուղու աշխատողը հեռախոսով ինչ-որ հավելված բացեց և մի քանի կարմիր, դեղին ու կանաչ քառակուսիներ ցույց տվեց Ռոզալիին՝ վստահեցնելով նրան, որ ծառայությունը շուտով նորմալ կգործի։
Մայրերը լինում են երկու տեսակի․ մայրեր, որոնք չեն սովորեցրել իրենց երեխաներին բարի լինել իրենք իրենց նկատմամբ, և մայրեր, որոնք չեն սովորել բարի լինել իրենց երեխաների նկատմամբ։
Իսկապե՞ս, մտածեց Ռոզալին։ Վստա՞հ ես, որ միայն ադ երկու տեսակներն են։ Որոշ մայրեր, որ ավելի լավ են իրենց դրսևորել, անշուշտ, չեն դասվում այս կատեգորիաներից որևէ մեկին, այնպես չէ՞։ Ռոզալին չէր հիշում՝ ինչպես էր այդ տողերը գրել իր նոթատետրում, բայց դրանք նույն էջում էին մի քանի այլ գրառումների հետ, որոնց մասին շատ աղոտ էր հիշում։ Դրանցից մեկում ասվում էր․ «Հնարավոր չէ հեռացնել անժամանակ մահը», իսկ մյուսը կազմված էր մանկական ոտանավորից վերցված երկու տողից՝ «Չորեքշաբթիի զավակը վիշտ է բերում, հինգշաբթիի զավակը կգնա հեռուն»։ Պետք է որ այս տողերը չորեքշաբթի օրը գրած լիներ։ Մարսին ծնվել էր չորեքշաբթի օրը ու մահացել հինգշաբթի օրը՝ տասնհինգ տարի ու տասնմեկ ամիս անց։ Նրա մահից հետո մի որոշ ժամանակ ամեն հինգշաբթին կարևոր օր էր թվում, և ամեն հինգշաբթի Ռոզալին ու Դենը ծաղիկներ էին թողնում երկաթուղու թունելի մուտքի մոտ, որտեղ Մարսին պառկել էր՝ մահանալու։ Անցավ մեկ շաբաթ, անցավ երկու շաբաթ, ապա երեք, չորս, հինգ։ Ռոզալիի մտքով անցավ, որ ծնողներն օրերն ու շաբաթները հաշվում են միայն այն ժամանակ, երբ երեխան նորածին է։
Որոշ ժամանակ անց, սակայն, դադարում են հաշվել։ Ոչ մի ծնող չի ասում, որ երեխան յոթանասունինը շաբաթական կամ հարյուր երեք շաբաթական է։ Մահացածների դեպքում էլ մաթեմատիկան նույնն է։ Օդն օքսիդանում է, ջուրը՝ ժանգոտում։ Ժամանակը, օդի ու ջրի պես, քայքայվում է։ Իսկ կյանքում քիչ բաներ կան, որ անթափանց են ժամանակի քայքայող հատկության դեմ։ Հինգշաբթին կրկին դարձավ շաբաթվա հերթական օրը։
Ռոզալին պայուսակի մեջ երեք նոթատետր էր պահում, բայց այլևս չգիտեր՝ ի սկզբանե ինչ նպատակ էր ունեցել՝ յուրաքանչյուրի հետ կապված։ Դրանք դարձել էին խզբզված նույնատիպ բառերի երեք պահեստարաններ՝ «Նշումներ «ես»-ին»։ Դա մի ծայրահեղ անհամաչափ էպիստոլյար հարաբերություն էր․ ով էլ լիներ այդ «ես»-ը, չարձագանքող ու անպատասխանատու նամակագիր էր նա։ Եթե Ռոզալին որոշեր գրառումներն ուղղել Մարսիին, որոշակի տեղ կլիներ երևակայության համար․ չես կարող վստահաբար ասել, որ մահացածները չեն կարդում մեր մտքերը կամ իրենց հասցեագրված նամակները։ Ռոզալին, այնուամենայնիվ, Մարսիին չէր գրել։ Նա գրել էր ինքն իրեն․ դրանք գրառումներ էին, որ նա չէր կարդացել մինչև հունիս ամսվա այդ չորեքշաբթի օրը, մինչ սպասում էր, որ Հոլանդական երկաթուղիների աշխատանքը վերականգնվեր։
Երեք նոթատետրերն ասես քրոնիկ հիվանդության արձանագրություն լինեին․ քաղցկեղի չէ, այլ ինչ-որ ուրիշ առողջական խնդրի՝ այնքան դանդաղ զարգացող, որ հազիվ կարելի էր տարբերել այն ծերացման բնական գործընթացից։ Ռոզալին հիշեց, որ իր կարդացած մի վեպում հերոսը խորհուրդ է հարցնում մի ծեր կնոջից․ ո՞րն է ամուսնուն թունավորելու լավագույն եղանակը։ «Ամենաարդյունավետ թույնը, որ ոչ մի կերպ չի հայտնաբերվի,- ասում է կինը,- օրական մեկ տանձն է՝ քաղցր ու հյութալի»։ «Օրական մեկ տա՞նձ։ Ի՞նչ է, թույն է դա»,- հարցնում է կինը։ «Յուրաքանչյուր ամուսին իր կյանքի ընթացքում հասցնում է ուտել տանձերի սահմանափակ քանակություն,- ասում է ծեր կինը։- Ի՞նչ վատ բան կա նրանում, որ նա կոնկրետ օր չմահանա։ Մի օր կլինի այդ վերջին տանձը, որ վերջ կտա նրան»։
Ի՞նչ էր վեպի վերնագիրը։ Ռոզալին փորձում էր մտաբերել այն և ծիծաղեց, երբ հիշեց։ Այս ուրվագիծը նա արել էր՝ մտադրություն ունենալով օգտագործել այն վեպում, երբ հարմար առիթ ստեղծվեր։ «Վստա՞հ ես, որ հորինել ես դա»,- հարցրեց նրա հետաքրքրասեր ես-ը։ «Ոչ»։ Ռոզալին չէր կարող վստահ լինել։ Ինչքան երկար ես ապրում, այնքան ավելի ծակոտկեն է դառնում ուղեղդ, ոչ հուսալի։ Միգուցե Ալիս Մանրո՞ն էր գրել տանձերի ու թույների մասին պատմությունը։ Թե՞, ավելի հավանական է, որ Այրիս Մըրդոքը։
«Դու էլ, սիրելիս,- Ռոզալիի երևակայության մեջ գտնվող ծեր կինն ասում է այն կնոջը, որ ամուսնասպանական հակում ունի,- դու էլ պետք է օրական մեկ տանձ ուտես․ այն կազդուրիչ հատկություն ունի ու կօգնի քեզ ամուսնուցդ երկար ապրել։ Թող այդ քաղցր թույնը դանդաղ իր գործն անի, լա՞վ»։
Իսկապես, ինչու՞ շտապել՝ ընթացող գնացքի առաջ նետվելով։ Ինչո՞ւ թույլ չտալ, որ մահը ժամանակին գա՝ ազգային երկաթուղային համակարգի գրաֆիկը խաթարելու փոխարեն։ Ռոզալին մտածում էր գրել այս հարցերն իր նոթատետրում, բայց դրանցից կարող էր այնպիսի տպավորություն ստեղծվել, որ նա վիճում էր Մարսիի հետ կամ այն անծանոթի, որ մահացել էր այդ առավոտ։ Ռոզալիի կարգախոսն էր՝ «Երբեք մի՛ վիճիր»։ Հատկապես մահացածների հետ։
Վերջին գիրքն, ըստ երևույթին, մեկ հատորում ամփոփված երեք վեպերը, որ Մարսին ու Ռոզալին քննարկել էին, Ագոտա Կրիստոֆի «Երկվորյակների եռապատումն» էր։ Դա Մարսիի կարդացած վերջին գիրքը չէր․ թե որն էր վերջինը՝ Ռոզալին երբեք չէր իմանա։ Երբ Մարսին մահացավ, նրա գրասեղանին դրված էին Քելլի Լինքի պատմվածքների ժողովածուն, Էլիզաբեթ Բիշոփի բանաստեղծությունները, Ֆրանսուա Մորիակի վեպը և Լա Ֆոնտեի առակների գիրքը։ Դրանք, ինչպես նախկինում կարդացած գրքերը, Մարսին վերցրել էր Ռոզալիի գրապահարանից՝ նրա խորհրդով կամ առանց։
Կրիստոֆի եռագրությունը Ռոզալին կարդացել էր Մոսկվա կատարած մշակութային փոխանակման ծրագրի ուղևորության ընթացքում։ Վեպերի պատմողական լաբիրինթոսը շփոթեցրել էր նրան։ Փոխաբերական հայելիներից կառուցված միջանցքներ, իրական ու կեղծ կրկնապատկերներ, արտացոլանքների արտացոլանքներ․ բոլոր այն հնարքները, որ կարող էին հիացնել կամ հիասթափեցնել ընթերցողին, թեև Ռոզալին ոչ հիացմունք էր զգացել, ոչ էլ հիասթափություն։ Նրա ցանկությունն էր խոսել ինչ-որ մեկի հետ այդ վեպերի մասին, ու նա խնդրել էր Մարսիին կարդալ դրանք։
-Հավատս չի գալիս, որ խնդրել ես ինձ կարդալ այս գրքերը,- ասել էր Մարսին գրքերը կարդալուց հետո։
– Շփոթեցնո՞ղ են,- հարցրել էր Ռոզալին։- Ես էլ էի շփոթվել։
– Շփոթեցնո՞ղ։ Չէ։ Բայց դրանք ավելի շուտ, ինչպես են ասում, գրաֆիկ են։
– Պոռնոգրաֆիկ չեն։
– Ավելի վատն էին, քան պոռնոգրաֆիան։
Մարսին, որը միջին դպրոցում ավելի լավ էր պատրաստում ու թխում, քան Ռոզալին, պաղպաղակի շերեփով կանտալուպի միջուկն էր հանում։
– Կարծում եմ՝ դրանց պատճառով ընդմիշտ կորցրեցի ախորժակս։
Եռագրությունը հարուստ էր բռնությամբ՝ բռնաբարություններ, անդամահատումներ, մահապատիժներ։ Մարսիի դիտողությունից առաջ Ռոզալիի մտքով երբեք չէր անցել, որ այդ գրքերը կարող էին համապատասխան չլինել նրա տարիքին։ Ութերորդ դասարանում Մարսին բարձր մրցակցություն ունեցող նախապատրաստական դպրոցի իր դիմումի մեջ մեջբերել էր Ք․Ս․ Լյուիսին․ «Կարծում եմ՝ շատերը, ովքեր ընդհանրապես մտածելու կարողություն ունեն, իրենց մտքերի մեծ մասն ունեցել են կյանքի առաջին տասնչորս տարվա ընթացքում», և շարունակել էր՝ շարադրելով այն մտքերը, որ ինքն էր ունեցել։ «Միգուցե սա փոքր-ինչ ․․․ գոռո՞զ թվա», – հարցրել էր Ռոզալին, իսկ Մարսին պատասխանել էր, որ եթե մեծահասակներից որևէ մեկը համարձակվեր այդպես դատել նրան, ուրեմն հենց իրե՛նք էին գոռոզ։ «Նրանք», ասել էր Մարսին, ոչ թե «դու», ի հանգստություն Ռոզալիի, բացառելով նրան մեղադրական եզրակացությունից։ Եթե այդ մեծահասակները քննադատեին նրան, դա կնշանակեր, որ երիտասարդ ժամանակ նրանք իրենց հասանելիք չափով չէին մտածել, իսկ ավելի մեծ տարիքում համարում էին, որ իրավունք ունեն երեխաներին վերաբերվել ինչպես պուդելների մանրանկարների։ «Պուդելների մանրանկարների, ես քեզ ասու՛մ եմ,- ասել էր Մարսին սաստիկ դողալով։- Նույնիսկ՝ ոչ իսկական պուդելների՛»։
Ռոզալին դիտում էր՝ ինչպես էր Մարսին կանտալուպի, սեխի ու ձմերուկի գնդիկները դասավորում ապակե ամանի մեջ, քամում կես լայմ, իսկ հետո աղի փաթիլներ ցանում դրանց վրա։ Ամանի մեջ դասավորված գնդիկները Մարսիի կեսօրվա միջանկյալն էին։ Ռոզալին գաղափար չուներ՝ որտեղից էր Մարսին ձեռք բերել առօրյա կյանքի նման բարձր չափանիշներ․ անձամբ ինքը սեխի կտորը կուտեր հենց լվացարանի մոտ կանգնած։
– Կարծում եմ՝ ախորժակիդ հետ ամեն բան կարգին է,- ասաց Ռոզալին։
Մարսին երկթև պատառաքաղն ուղղեց դեպի Ռոզալին։
– Երբեմն ամեն ինչ կարգին է, քանի դեռ հակառակը չէ։
– Որտեղի՞ց էդ պատառաքաղը, – ասաց Ռոզալին։
Բաց վարդագույն մետալիկ երանգով նուրբ պատառաքաղն անծանոթ էր։
– Ես եմ գնել։ Վարդագույն ոսկու գույն է։ Ինձ դուր է գալիս՝ ոնց է հնչում վարդագույն ոսկին։
Այդ խոսակցությունից մեկ շաբաթ անց սկսվեցին Մարսիի դասերը նախապատրաստական դպրոցում, ուր նա դիմել էր իր երիտասարդական վստահությամբ։ Երեք շաբաթ անց՝ դասերի երկրորդ շրջանի ընթացքում, նա դուրս էր եկել համալսարանից ու գնացել մոտակա երկաթուղի։ Դրանից հետո որոշ ժամանակ Ռոզալին մտքում վերարտադրում էր սեխի եռագույն գնդիկների շուրջ ունեցած իրենց խոսակցությունը։ Նա մտածում էր՝ հնարավո՞ր է իր ուշադրությունից վրիպած լիներ ինչ-որ բան, որ Մարսին փորձել էր ասել։ Կօգնե՞ր իրեն «Երկվորյակների եռագրության» վերընթերցումը։ Նրա մտքով անցավ, որ Մարսին, որի տասնվեց տարեկանը հազիվ էր բոլորել, գոնե գիտեր, որ աշխարհը կարող է նույնքան դաժան ու մռայլ լինել, որքան Ագոտա Կրիստոֆի գրքերը։ Աշխարհն այնքան ազնիվ ու անվնաս չէր, որքան այս վեպերում, որոնց շապիկների վրա երկարածամ աղջիկներ էին։ Դրանք ոչնչացվել էին Մարսիի՝ միջին դպրոցի ընկերների կողմից։ «Աստված իմ, ես դրանք տանել չեմ կարողանում։ Հիմարություն, հիմարություն, հիմարություն»,- մի քանի անգամ ասել էր Մարսին այնպիսի ցասումով, որ Ռոզալին համարյա տեսնում էր բոլոր բառերը մեծատառերով։ Բայց մի աղջիկ, որ կարդացել էր այդ վեպերը, չէր կարող այդպես վճռականորեն կորցնել հույսը։ Ագոտա Կրիստոֆը դեռ այնքան գրքեր էր գրել, որոնց շապիկներին երկարածամ աղջիկներ էին։
– Մի օր պետք է մտածես արածդ սխալների մասին։ Չեմ ասում՝ հիմա, իհարկե։ Հիմա շատ վաղ է,- հեռախոսով ասել էր Ռոզալիի մայրը Մարսիի մահվանից մի քանի ամիս հետո։
– Ի՞նչ նկատի ունես, – հարցրել էր Ռոզալին։
Շատ մարդկանց նման նա այդ հարցը տալիս էր միայն այն ժամանակ, երբ հրաշալի գիտեր՝ ինչ նկատի ուներ դիմացինը։ Այդկերպ նա, ավելի շատ, մի փոքր ժամանակ էր շահում իր համար, ինչպես թենիսիստուհին է ծալում ոտքերը, ցատկում՝ պատրաստվելով պատասխանելու գնդակի նետմանը։
– Ամեն անգամ, երբ երեխան ընտրում է այդ ելքը, պետք է հարց տալ՝ ինչ են արել ծնողները,- մանրամասնել էր Ռոզալիի մայրը, որը հրաժարվում էր օգտագործել «մահացել է» կամ «ինքնասպանություն» բառերը՝ փոխարենն ասելով «մահկանացուն կնքել» կամ «կյանքին վերջ տալ»։
Դաժան էր Ռոզալիի մոր ասածը, բայց դա նրա ասած ամենադաժան բանը չէր։ Բացի այդ, Ռոզալին գիտեր, որ իր մայրն ընդամենը բարձրաձայնում էր այն, ինչ այլ մարդիկ փորձում էին չասել, ոմանք՝ ավելի անզգուշորեն, քան մյուսները։ Մարսիի մահվանից մեկ շաբաթ հետո միջին դպրոցի նրա ընկերներից մեկի մայրը տեքստային հաղորդագրություն էր ուղարկել Ռոզալիին՝ հայտնելով իր ցավակցություններն ու, որպես վերջաբան, գրելով․ «Ես կարդացել եմ, որ դեռահասների դեպրեսիան բուժելու եղանակներ կան։ Դուք չգիտեի՞ք»։
Ծնող լինելը դատավարություն էր։ Բախտավորները դեռ փորձում էին ապացուցել իրենց ճշտությունը՝ զգուշավոր կամ կույր լավատեսությամբ։ Ռոզալին ու Դենը ստացել էին իրենց դատավճիռը։
Ռոզալին որոշեց մենակ ճամփորդել հենց այն ժամանակ, երբ քովիդի «Դելտա» շտամը թափ էր առել։ Նա հաճախ էր գործի բերումով ճամփորդել մենակ, բայց նախկինում արձակուրդային ճամփորդությունները ընտանեկան էին։ Դենը չքննարկեց նրա որոշումը։ Նա պատրաստվում էր քանդել արևային սենյակը, որ մի քանի տարի շարունակ կիսավեր վիճակում էր եղել, ու պլանավորում էր նոր արևային սենյակ կառուցել իր արձակուրդի ընթացքում։ Ամեն դեպքում, կաներ՝ ինչ կհասցներ, իսկ հետագա հանգստյան օրերին կարող էր վերջին շտրիխներն անել։ Տանջվել Հյուսիսային Կարոլինայի շոգի պայմաններում․ միայն այդ մտքից Ռոզալին ուժասպառ էր լինում, բայց Մարսիի մահից հետո Ռոզալին ու Դենը սովորել էին, որ ընդհանուր ցավն այդպիսին էր՝ մշտական ներկայության մշտական բացակայություն իրենց երկուսի կյանքում։ Չկար ընդհանուր բուժման ձև, ոչ էլ՝ նույնիսկ ցավի մեղման ընդհանուր միջոց։ Իմաստ չկար համեմատելու դեռևս մոլեգնող համավարակի պայմաններում Ռոզալիի ճամփորդության վտանգները Դենի՝ կիզիչ արևի տակ ծանրությունից մեջքը վնասելու վտանգի հետ։
Նիդերլանդների առանձնահատկություններից մեկը, այցելուի համար, դրա գեղատեսիլությունն է։ «Ի՞նչ օգուտ առանց նկարների և երկխոսությունների գրքից»,- խելամտորեն հարցնում է Ալիսը՝ ճագարի բունն իջնելուց առաջ։ Նույն հաջողությամբ կարելի էր հարցնել․ «Ի՞նչ օգուտ առանց նկարների և երկխոսությունների կյանքից»։ Մեկ շաբաթ շարունակ Ռոզալին լուսանկարում էր ջրանցքներն ու հողմաղացները, գլուխ պանիրներն ու խանութների ցուցափեղկերում ցուցադրված կապույտ ու սպիտակ արձանիկների շքերթները, թանգարանների այգիներն ու շուկաների տաղավարները։ Ամստերդամը, Դելֆթը, Ուտրեխտը, Հարլեմը՝ բոլորն էլ իդեալական էին նայվում, ինչպես, համոզված էր, նայվելու էին Բրյուսելը, Գենտն ու Բրյուգենը, որ նրա ճամփորդության հաջորդ կանգառներն էին լինելու։ Մարսին կծաղրեր Ռոզալիի պահվածքը՝ որպես զբոսաշրջիկ։ Նա հարցեր կտար Բենիլյուքսի երկրների մասին՝ ցույց տալու Ռոզալիին նրա անտեղյակությունն այն տարածաշրջանի մասին, որ այնքան եռանդորեն լուսանկարել էր։ Մարսին կասեր․ «Ի՞նչ իմաստ ունի սահել կյանքի մակերեսով, կարծես դրանով ինչ-որ բանի կարելի է հասնել»։
«Ի՞նչ գիտես՝ չի կարելի,- կպատասխաներ Ռոզալին։- Մի՞թե դու էլ նույնը չես անում, երբ թխում ես թխվածքաբլիթներդ՝ իդեալական զարդարելով դրանք մուրաբայով»։
Նա հասկացավ, որ կրկին վերադարձավ նույն վեճին, որտեղ Մարսին արդեն և վերջնականապես հաղթել էր։ Ի՞նչ իմաստ ունեն փաստարկները առանց հետագա փաստարկների խոստման։
Ռոզալին իր ճամփորդության լավագույն լուսանկարներն ուղարկում էր Դենին։ Ի պատասխան՝ վերջինս ուղարկում էր իր առաջընթացի ապացույցները՝ լուսանկարների տեսքով․ փտած փայտի կույտեր, անթերի տախտակներ՝ սկզբում շարված, ապա մեխված իրենց տեղերում, նոր պատուհաններ, անկյունները՝ փաթաթված ստվարաթղթով, ներկերի նմուշների ժապավեններ ու տարաներ, գարեջրի դատարկ շշեր՝ ավտոտնակում տաս-տաս դասավորված, ինչպես բոուլինգի կեգլիներ։ Նախընտրելի էր սահել, քան խորտակվել անհատակ ցավի մեջ։ Զավակ կորցրած յուրաքանչյուր ծնող մի օր մեռնում է քրոնիկ վշտից։ Ինչո՞ւ թույլ չտալ, որ քաղցր տանձերն իրենց գործն անեն։
Բրյուսել տանող գնացքը ժամանեց։ Բոլոր սպասումները վերջնակետ ունեն, մտածեց Ռոզալին, իսկ նրա մյուս «ես»-ն ակնթարթորեն ասաց․ «Բոլո՞ր սպասումները։ Կան սպասումներ, որ, անշուշտ, միշտ կմնան այդպիսին՝ սպասում»։
«Օրինա՞կ»,- Ռոզալին իր պարտքը համարեց հարցնել։
«Ասենք, սպասումը, որ ինչ-որ այլմոլորակային կկապվի հետդ, ֆիզիկայից Նոբելյան մրցանակ կստանաս կամ կսկսես հավատալ հետմահու կյանքին»։
«Օ՜, աննկուն հոգի։ Կյանքը կառուցված է անորոշ բառերից ու մոտավոր մտքերից։ Ի՞նչ իմաստ ունի համառորեն կառչել ամեն մի պնդումից, մինչև կազմաքանդես կյանքը»։
Նախկինում Ռոզալին սովորություն չուներ այդքան շատ քննադատելու ինքն իրեն։ Արդյո՞ք այս հոգնեցուցիչ սովորությունը ձեռք էր բերել Մարսիի մահվան պատճառով։ Մարսին անմիջապես կասեր․ «Չհամարձակվե՛ս ինձ որևէ բանում մեղադրել»։ Քանի դեռ Մարսին ողջ էր, Ռոզալին երբեք հնարավորություն չէր տվել նրան արտաբերելու այդ խոսքերը․ արդյո՞ք դա մխիթարություն էր նրանցից որևէ մեկի համար։ Ռոզալին կցանկանար այս տողերն իր սեփական մորն ասել, թեև արդեն շատ ուշ էր։ Նրա մայրը մահացել էր երկու ամիս առաջ։ Եթե հետմահու կյանք գոյություն ունենար, նա Ռոզալիին արդեն հաղորդագրություն փոխանցած կլիներ, կասեր, որ իր մահն ու անդրշիրիմյան կյանքը, երկուսն էլ՝ տհաճ, Ռոզալիի մեղքն էին։ Կասեր, որ իր կյանքը մահվանից առաջ լի էր հիասթափություններով, որոնց պատճառը Ռոզալիի մայրը լինելն էր, ում համար հրաժարվել էր ճարտարապետություն սովորելուց։ Նա երբեք չէր դադարել հավատալուց, որ ինքը ստեղծված է եղել փառքի ու ճանաչման համար, և ամեն ինչ զոհաբերել է հանուն Ռոզալիի։
Կխնդրե՞ր նրա մայրը Մարսիին՝ որպես դուստր գնահատել Ռոզալիի՝ որպես մոր ձախողումները։
Չնայած ավելի վաղ չեղարկված գնացքներին, Ռոզալիի նստած վագոնը մարդաշատ չէր։ Նա հաշվեց՝ երեք հոգանոց մի ընտանիք, մի երիտասարդ զույգ և մի քանի ուղևորներ, որ մենակ էին ճամփորդում։ Կրկնակի դիմակն ամուր դրած մի կին մի քանի անգամ հետ ու առաջ նայեց՝ ստուգելով ուղևորներից յուրաքանչյուրին՝ ասես գնահատելով նրանց կողմից սպառնացող հնարավոր վտանգը, նախքան կնստեր Ռոզալիի հակառակ շարքում՝ նրան զուգահեռ նստատեղին՝ ձեռքերով բռնելով մեջքի ստորին հատվածը։ Երեսունվեց կամ երեսունութ շաբաթական հղի՞։ Գուցե նույնիսկ քառասուն, ենթադրեց Ռոզալին՝ նայելով կնոջ պորտին, որ անկաշկանդ դուրս էր ցցվել նրա՝ հղիների համար նախատեսված սպիտակ բարակ բլուզի տակից։
Ռոզալին քոլեջի հոգեբանության դասընթացից հիշում էր, որ հղի կանայք մտածում էին, թե, վիճակագրորեն, նախկինում ավելի շատ կանայք էին հղիանում, և որ դա ընդամենը հնարք էր նրանց կողմից՝ ուշադրություն գրավելու։ Եթե չլիներ համավարակը, արդյո՞ք Ռոզալին այս ճամփորդության ընթացքում կնկատեր մոտավորապես Մարսիի տարիքի ավելի շատ երիտասարդների։ Նրա մահից հետո թերապևտ-խորհրդատուն բացատրել էր Ռոզալիին ու Դենին, որ ամեն տեսակ առօրյա բաներ կարող էին կոտրել նրանց առանց նախազգուշացման՝ ինչ-որ հերակալ, գնդիկավոր գրիչ, փողոցով քայլող Մարսիի տարիքի աղջիկ՝ նույն սանրվածքով կամ նմանատիպ զգեստով։ Ոչ մի նման բան, այնուամենայնիվ, չէր պատահել Ռոզալիին։ Ողջ աշխարհն այնտեղ էր, որտեղ չկար Մարսին․ Ռոզալիին դա հիշեցնող փաստեր պետք չէին։
Իր հաջորդ ծննդյան օրը Մարսին կդառնար տասնինը տարեկան։ Նրա մահվանից անմիջապես հետո Ռոզալին նոթատետրում գրել էր, որ իր դուստրն այժմ ընդմիշտ տասնհինգ տարեկան կմնա, և ինքը՝ Ռոզալին, երբեք չի իմանա՝ ինչպիսին կլիներ Մարսին տասնվեց, տասնյոթ, քսանվեց կամ քառասուներկու տարեկանում։ Ռոզալիին զարմացնում էր այն (այնքան քիչ բան կարող է զարմացնել ծնողին երեխայի մահից հետո․ այդ գիտակցումը բութ հարված էր նրա համար։ Եթե աստվածապաշտ լիներ կամ լիներ այն գրողներից, որ հավատում են աստվածահայտնություններին, կկոչեր դա աստվածահայտնություն), որ, հակառակ իր ենթադրության, Մարսին տասնհինգ տարեկան չէր մնացել։ Նրա ընկերները շարունակել էին մեծանալ, գնացել էին ավագ դպրոց, իսկ հիմա պատրաստվում էին բուհ ընդունվել։ Ռոզալիի մտքում Մարսին նույնպես մեծացել էր։ Ոչ ֆիզիկապես․ Ռոզալին երբեք թույլ չէր տա իրեն պատկերացնել մի աղջկա, որը արտաքինով տարբերվում էր նրանից, ում ինքը թողել էր դպրոցի դարպասի մոտ այդ վերջին ճակատագրական առավոտյան։ «Ես ուզում եմ, որ դուք հիշեք կենդանի Մարսիին,- հեռախոսով մեղմ ձայնով ասել էր թաղման կազմակերպիչը՝ բացատրելով իր որոշումը՝ թույլ չտալու Ռոզալիին ու Դենին տեսնել Մարսիի մարմինը դիակիզումից առաջ։- Ես չեմ ուզում, որ դուք միշտ կառչեք նրա վերջին պահերից։ Նրա կյանքն այլ բաների մասին էր»։
Ոչ, Մարսին ֆիզիկապես չէր փոխվել․ փոխվել էր այն, թե ինչպես էր Ռոզալին զգում նրան։ Հիմա նա ավելի հասուն էր, ավելի քիչ էր ծայրահեղությունների մեջ ընկնում․ նա առաջվա պես կտրուկ էր, քննադատող և արհամարհական բոլոր այն մարդկանց նկատմամբ, ում համարում էր հիմար։ Հիմա վարդագույն ոսկու գույնը ճիշտ երանգը կլիներ Մարսիի համար։
Ռոզալիին զուգահեռ նստած կինը մի հայացք նետեց նրա վրա՝ հարցական, եթե ոչ լիովին անբարյացակամ։ Երևի հայացքը հառել էր կնոջ մարմնին։ Ռոզալին սիրալիր կերպով գլխով արեց՝ կարծես ասելով, որ հասկանում է հղիության վերջին փուլի տանջանքները, իսկ հետո շրջվեց դեպի պատուհանը։ Նա մտադրություն չուներ անհանգստություն պատճառելու կնոջը, որին իր ողջ էներգիան պետք էր՝ իր անհարմարության վրա կենտրոնանալու համար։
Իմ աչքերը չեն վնասի քո ոչ մի բջիջ, ասում էր Ռոզալիի մայրը, երբ զննում էր Ռոզալիի մարմինը՝ գնահատելոով ամեն մի աննշան փոփոխություն։ Ժամանակին դա Ռոզալիին կատաղության էր հասցնում, բայց շուտով հասկացավ, որ որքան շատ էր նեղվում ինքը, այնքան ավելի հանդարտ ու համառորեն էր մայրը ուսումնասիրում նրան։ Այդ ո՞ր մայրը կարող էր ուսումնասիրել դստեր մարմինը հավաքորդի հետաքրքրությամբ։ Պարզվեց՝ Մարիաննա Մուրի մայրը, կամ, համենայն դեպս, Մուրի կենսագրությունը կարդալուց հետո Ռոզալին չէր կարողանում ազատվել այդ տպավորությունից։ Խեղճ Մարիաննան խնդիրն այնպես չէր լուծել, ինչպես Ռոզալին․ խալաթով փաթաթվելու փոխարեն Ռոզալին իր ողջ հագուստը տանում էր լոգարան, որտեղ կոճկում էր բոլոր կոճակներն ու քաշում բոլոր կայծակաճարմանդները՝ իրեն հնարավորինս անհասանելի ու անառիկ դարձնելով, նախքան կհայտնվեր մոր հայացքի առաջ։ Իսկ նրա մայրը սառը, հեգնական ժպիտով մեկ-երկու բառ էր ասում, որից պարզ էր դառնում, որ որքան էլ երեխան լավ թաքցնի իր մարմինը, մայրական աչքերը միշտ կարող են մերկացնել երեխային։ «Դու անցել ես իմ ծննդուղիներով, ծծել ես իմ կրծքերը․ ո՞նց կարող ես մտածել, որ կա մի բան, որ ես չգիտեմ քո մարմնի մասին»։ Հենց ա՞յդ բառերն էր ասել Ռոզալիի մայրը։ Ի՞նչ տարբերություն։ Պարտադիր չէ, որ բոլոր բառերը բարձրաձայն ասվեն՝ իրենց ուղերձը փոխանցելու համար։
Գնացքը մտավ թունել։ Վագոնում վառվում էին աղոտ լյումինեսցենտային լույսերը։ Պատուհանը հայելու նման արտացոլում էր վագոնի ներսը, և իր ու այն կնոջ արտացոլանքներից Ռոզալիի հայացքը կանգնեց կնոջ վրա։ Նա այնպես էր նստած, ասես հազիվ էր պահում իրեն։ Վերջին օրերն էին երեխայի ծնունդից առաջ։ Նույնիսկ թվացյալ ամենահարմար դիրքը՝ նստած, պառկած, բազմոցին հենված, չէր թեթևացնի վիճակը, թեև շուտով այդ փորձությունն էլ կավարտվեր։ Իսկ հետո անցնում ես հաջորդ փուլին՝ նոր ի հայտ եկած անհարմարությունների հետ՝ ծննդաբերության ժամանակ հեշտոցի պատռվածքներ, պտուկների ճաքեր ու բորբոքված կրծքեր, անհանգստություններ՝ կապված տակդիրի հատվածի ցանի ու գլխի թեփոտման հետ, շշի ճիշտ ընտրության հարց՝ խուսափելու աղիքային խիթերից, պինդ սնունդ սկսելու համար ճիշտ ժամանակի ընտրության խնդիր՝ առանց զարգացող մարսողական համակարգը ծանրաբեռնելու, աճի պրոցենտիլներ, զուգարանակոնքից օգտվել, մանկապարտեզ դիմել։ Եվ մի օր այդ ամենը նույնպես կավարտվի՝ աստիճանաբար կամ կտրուկ։
Հույս էր տալիս միայն այն, կարծում էր Ռոզալին, որ ոչ բոլոր ցավերն ու անհանգստություններն են մշտական։ Դրանց մի մասը, որ ժամանակի նկատմամբ զգայուն են, մեղմվում են ժամանակի հետ։ Ուրիշ ինչպե՞ս կարող էր ծնողը կամ ցանկացած այլ անձ համարձակորեն շարունակել ապրել։ Ռեբեկա Ուեսթի վեպի հերոսներից մեկը, նախքան Ֆրանսիա գնալը, որտեղ անմիջապես սպանվեց Մեծ պատերազմում, ասում է իր մորը․ «Ես վստահ եմ, որ եթե փոքր ժամանակ քեզ պատմեին այն ամենի մասին, ինչ ստիպված էիր լինելու անել, կմտածեիր, որ ավելի լավ է՝ մեռնել միանգամից, չէիր մտածի, որ երբևէ այդքան ուժ կունենաս այդ ամենի համար»։ Ռոզալին, նույն հաջողությամբ, կարող էր այդ խոսքերն ասել հակառակ շարքում իրեն զուգահեռ նստած կնոջը կամ հենց ինքն իրեն քսան տարի առաջ։
Վաղուց մոռացված մի հիշողություն արթնացավ նրա գլխում․ երբ նա ու նորածին Մարսին դուրս էին գրվում հիվանդանոցից, Դենը, որը մանկազամբյուղի մեջ պահել էր Մարսիին ու սպասում էր վերելակի դռան բացվելուն, հանկարծ տագնապեց։ Նա զգուշորեն զամբյուղը դրեց հատակին, ծնկի իջավ ու մի ականջը պահեց երեխայի դեմքի մոտ՝ շունչը պահած լսելով։ Երկու ծեր կանայք, որոնց երկուսի բլուզների վրա ամրացված էին «կամավոր» գրությամբ կապույտ ժապավեններ, կանգնեցին՝ գնահատելու տեսարանը։
– Ահա թե ում եմ ես կոչում նոփ-նոր հայրիկ,- ասաց նրանցից մեկը։
– Պատրաստ եմ ամեն օր ականատես լինել այսպիսի տեսարանների,- ասաց մյուս կինը։
Նա իր զամբյուղից ընտրեց մի հսկայական սև ու սպիտակ թխվածքաբլիթ ու դրեց Ռոզալիի ձեռքում։
– Կարիք չկա վճարելու, սիրելիս, – ասաց կինը, երբ Ռոզալին հասկացրեց, որ գումար չունի։ – Ահա ևս մեկը՝ Ձեզ համար։ Այն մյուսը Ձեր ամուսնու համար է։
Գնացքն անցնում էր գյուղերով՝ զանգակատներով եկեղեցիների, ծաղիկների դաշտերի, գետերի ու ջրանցքների կողքով, որոնց երկայնքով, ինչպես ֆիլմում, սլանում էին հեծանվորդները։ Ժամանակ առ ժամանակ մի կամ երկու ուղևոր իջնում էր գնացքից՝ մի պահ կանգ առնելով կառամատույցում։ Պատուհանի շրջանակի մեջ նրանք ասես հետին պլանի դերասաններ լինեին նկարահանման հրապարակում։ Այդ բոլոր զինվորները, հանդերձանքը՝ ուսապարկերում, գնացքներով գնում էին դեպի անժամանակ մահ: Հարյուր տարի հետո նրանց գոյությունը նույնքան իրական կլինի, որքան գրքերի և ֆիլմերի հերոսների գոյությունը։ Երբեմն Ռոզալին համարձակվում էր պատկերացնել գնացքի մի ուղևորի, որ իր և Դենի կյանքը բաժանել էր «առաջ»-ի և «հետո»-ի, բայց դա երբեք շարունակություն չէր ունենում։ «Երևակայությունը» երևի ամենագերագնահատված, կամ գոնե գերօգտագործված բառերից մեկն է։ Երևակայական սցենարները ոչ այլ ինչ են, քան երևակայողի կյանքի լակմուսի թեստ։
Հակառակ շարքում Ռոզալիին զուգահեռ նստած կինը խուլ ձայն արձակեց կրկնակի դիմակի հետևից։ Նրա դիրքից կարելի էր հասկանալ, որ անհարմարությունը վերածվել էր տանջանքի։
– Ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց Ռոզալին։- Tout va bien?
Կինը գլխով արեց և նորից, ավելի մեծ դժվարությամբ, հետ ու առաջ նայեց՝ ուսումնասիրելով վագոնի մյուս ուղևորներին։ Մինչև մյուս շարք անցնելը Ռոզալին արդեն գիտեր՝ ինչ էր եղել։ Վարսակի գույնի բարակ կտորից կարված նրա տաբատի վրա մուգ հետք էր երևում։ Կնոջ աչքերը, որ նայում էին Ռոզալիին դիմակի վերևից, ապշեցուցիչ մեծ թվացին։
Մյուս ուղևորները դեռ տեղյակ չէին արտակարգ իրավիճակի մասին։ Բացի երեք հոգանոց ընտանիքի մորից (նրա երեխան երեք-չորս տարեկանից մեծ չէր լինի), ուղևորներից ոչ մեկը դժվար թե հարմար լիներ մոտալուտ ծննդաբերությամբ զբաղվելու գործին։
«Ի՞նչ գիտես։ Այնտեղ նստած մարդը կարող է բժիշկ լինել»։
«Օ՜, սուս մնա»,- Ռոզալին հրամայեց ձայնին։
«Ի՞նչ գիտես՝ ծննդաբերությունը մոտ է։ Նրա պտղաջրերը գնացել են, այո, բայց երեխան կարող է ծնվել մեկ կամ երկու ժամ, նույնիսկ կես օր հետո»։
Մարսին ծնվել էր չորեքշաբթի առավոտյան՝ տասնմեկն անց քառորդ րոպեին, բայց Ռոզալիի պտղաջրերը գնացել էին համարյա ութ ժամ առաջ։ Այնպես որ, դեռ ժամանակ կար․ պետք չէր խուճապի մատնվել։ Նա կնոջն ասաց, որ չանհանգստանա, հետո քայլեց դեպի վագոնի վերջը և քաշեց վթարային ազդանշանի լարը։
Ուղևորները դուրս եկան իներցիոն վիճակից, ու հիմա նրանք ասես դերասաններ լինեին, որ խաղում էին իրենց հանձնարարված դերերը։ Մանկահասակ երեխայի մայրը միացավ Ռոզալիին, մինչ երեխայի հայրը նրան տարավ վագոնի վերջ, չնայած նրան, որ տղան բարձրաձայն ընդդիմանում էր։ Ռոզալին բացեց իր ճամպրուկը, հանեց իր անձրևային վերարկուն ու փռեց այն միջանցքի հատակին։ Մեկ այլ ուղևոր (Ռոզալին չտեսավ՝ ով էր նա), Ռոզալիին մեկնեց թմբլիկ խոճկորի տեսքով ճամփորդական մի բարձ։ Երիտասարդ մայրիկն ու Ռոզալին օգնեցին կնոջը վեր կենալ տեղից ու տեղավորվել անձրևային վերարկուի վրա։ Երկու երիտասարդ տղամարդիկ պտտվում էին Ռոզալիի գլխավերևում։ Նրանցից մեկը զանգահարում էր բջջային հեռախոսով։ Ռոզալին հասկացավ, որ հոլանդերեն էր խոսում, բայց նրա ձայնի լրջությունն ազդում էր Ռոզալիի նյարդերի վրա։ Ի՞նչ էր հասկանում նա այսպիսի արտակարգ իրավիճակից։ Հաջորդ պահին ներս խուժեց երկաթուղու աշխատակիցներից մեկը, որին միացավ նրա մեկ այլ գործընկեր վագոնի մյուս ծայրից։ Սպասվում էր հետաքրքիր օր, որի մասին անպայման կպատմեին ընթրիքի ժամանակ կամ ընկերների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցներում։
Ավելի ուշ՝ Բելգիայում, Ռոզալին անմահացնում էր երկրի գեղատեսիլությունն ու լուսանկարներն ուղարկում էր Դենին, բայց Բելգիա գնալու նրա գլխավոր շարժառիթն էր՝ այցելել Իպր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուր հազարավոր մահեր էր տեսել։ Նույնիսկ այդ մահերի մասին մտածելիս նա լսում էր՝ ինչպես էր իր հակաճառող «ես»-ը (թե՞ Մարսին էր այս անգամ) ծիծաղում իր անտրամաբանականության վրա։ Եթե նայենք պատմությանը, աշխարհի ցանկացած վայր հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մահեր է տեսել, ո՞չ։
«Հարյուր հազարավոր անժամանակ մահեր»,- մտովի ուղղեց Ռոզալին։
«Չի կարելի այնքան հիմար լինել, որ մտածել, թե մարդկանց մահերն անժամանակ չեն միայն նրա համար, որ այդ մարդիկ մարտի դաշտում չեն մահացել»։
«Ոչ, բայց ես գիտեմ, որ բոլոր այդ մահերը մարտի դաշտում անժամանակ էին»։
«Եվ ի՞նչ»։
«Չկա «և ինչ»։ Պարտադիր չի, որ ամեն փաստարկի մեջ «և ինչ» լինի։ Ես պարզապես ուզում եմ գնալ մի վայր, որտեղ շատ մարդիկ են մահացել»։
«Ինչու՞ ոչ Նորմանդիա»։
«Չէ, ես ուզում եմ Իպր գնալ»։
«Հիշու՞մ ես, որ Իպրին «Wipers» էի ասում»։
Ռոզալին դադար տվեց։ Այդ հարցը, այժմ հստակ գիտեր, Մարսին տվեց։ Միջին դպրոցում Մարսին մի քանի պատմական գիրք էր կարդացել երկու համաշխարհային պատերազմների մասին, և մի օր խոստովանել էր, որ, իր կարծիքով, Իպրը արտասանվում էր որպես «Wipers»։ Նրանք երկուսով ծիծաղել էին, բայց ավելի ուշ Ռոզալին կարդացել էր, որ անգլախոս զինվորները հենց «Wipers» էին ասել Իպրին։
«Լսիր, նրանք այդպես են ասել Իպրին՝ «Wipers»: Մի պատմվածքում եմ կարդացել կամ գուցե վեպում»։
«Իսկ հեղինակն ո՞վ է»։
Էլիզաբեթ Ջեյն Հոուա՞րդը։ Ռեբեկա Ուե՞սթը։ Մեյվիս Գալա՞նտը։ Փեթ Բարքե՞րը։ Ռոզալին վստահ չէր։ Բայց ի՞նչ նշանակություն ուներ։ Այդ գրքերում երիտասարդ տղամարդիկ գնացել էին պատերազմ։ Ոմանք վերադարձել էին ողջ-առողջ, ոմանք՝ հաշմված, ոմանք սպանվել էին պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ մյուսները՝ անհետ կորել։ Նրանք այնտեղ են, որտեղ հիմա Մարսին է, և, այնուամենայնիվ, Մարսին չէր իմանա նրանց պատմությունները։
«Երբեմն երանի եմ տալիս․․»,- մտածեց Ռոզալին՝ այնքան դանդաղ, ասես գրի էր առնում յուրաքանչյուր բառ։
«Գիտեմ։ Երանի մի տուր»։
«Ճիշտ ես»,- համաձայնեց Ռոզալին, բայց, այնուամենայնիվ, համառեց՝ ցանկանալով բարձրաձայնել իր այս ցանկությունը Մարսիի կամ այն ուրվականի համար, որ բոլոր այս տարիների ընթացքում զրուցել էր իր հետ։ Նա կուզեր, որ բնությունն այնպիսի համակարգ ստեղծած լիներ, որ մարդիկ կարողանային ընտրել իրենց գենետիկան՝ ոչ թե ըստ իրենց ծնողների, տատերի ու պապերի, նախատատերի ու նախապապերի, այլ ըստ իրենց կարդացած գրքերի․ գենետիկա, որ հնարավոր կլիներ նպատակադրված, նպատակաուղղված և շրջելիորեն ստեղծել ու պահպանել։
«Նկատի ունես անշրջելիորե՞ն»։
«Չէ, շրջելիորեն»։
«Բայց դա հնարավոր չէ։ Չես կարող այնպես անել, որ կարդացած գիրքը կարդացած չլինես»։
«Չէ, բայց կարող ես խմբագրել գիրքը, ինչպես գենետիկայում կարելի է խմբագրել ԴՆԹ-ի մի հատվածը»։
«Ի՞նչ իմաստ ունի»։
Իմաստը նրանում էր, որ Ռոզալին կցանկանար, որ Մարսիին տված չլիներ «Երկվորյակների եռագրությունը»։ Կցանկանար, որ Մարսին ավելի երկար ճանապարհ անցներ, մինչև կհասներ (կամ, ավելի լավ է, երբեր չհասներ) այդ խավարին։ Նա կցանկանար, որ Մարսին ավելի շատ ժամանակ ունենար իր կյանքի մակերեսին սահելու համար։ Ի՞նչ վատ բան կա մակերեսային լինելու մեջ։ Խորությունը միշտ ցավ է բերում։
Գնացքը մի փոքրիկ կայարան էր մտել։ Մեկ հարկանի շենք էր, որի մոխրագույն գծերով դեղին ճակատն այնպիսի տեսք ուներ, ասես վերցված էր հին պատկերագրքից։ Կառամատույցում սպասում էր պատգարակը։ Շտապօգնության մեքենան, որի կապույտ լույսը լուռ միանում-անջատվում էր, կայանված էր ճանապարհին՝ ռելսերին զուգահեռ։ Վագոն մտան շտապօգնության երեք բժիշկներ, կնոջը բարձրացրեցին պատգարակի վրա ու տարան։ Հետո կապեցին նրան պատգարակին, որի վրա նա պառկել էր՝ վերջնականապես հանձնված։ Գնացքի՝ կառամատույցին նայող յուրաքանչյուր պատուհանից երևում էին ուղևորների անթարթ հայացքներ, որոնք հետևում էին դրամային կարեկցանքով կամ անտարբերությամբ։
Երիտասարդ մայրիկը վերցրեց Ռոզալիի անձրևային վերարկուն ու վերադարձրեց նրան։ Նրանք երկուսն էլ ձեռքով արեցին արագ հեռացող շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ ժեստ, որ ավելի շատ իրենց համար էր, քան կնոջ, որն այժմ գնում էր իր սեփական մարտի դաշտ՝ ծնունդ տալու չորեքշաբթիի զավակին։ Մի՞թե Ռոզալիի կողմից անտրամաբանական էր մտածել, որ պետք է զերծ մնար կնոջ մարմնին այդքան երկար նայելուց։ Հավաբանար Ռոզալիի մայրը սխալվել էր՝ պնդելով, թե իր զննող հայացքը չի վնասի նրա ոչ մի բջիջ։ Հավանական է, որ Ռոզալին, գաղտնի ուսումնասիրելով կնոջ մարմինը, փոխել էր իրադարձությունների ընթացքը․ հինգշաբթիի զավակը ծնվել էր չորեքշաբթի։
«Հիմար մի եղիր»։
«Ընդամենը միտք է»։
«Մոռացիր»։
«Ինչպե՞ս»։
«Ինչպես այն մանկական երգում։ Ինչպե՞ս էր։ Ավտոբուսի մաքրիչներից լսվում է՝ խըշ-խըշ-խըշ, խըշ-խըշ-խըշ, խըշ-խըշ-խըշ․․․»
Ամեն ինչ չէ, մտածեց Ռոզալին, որ կարելի է խշշոցով մաքրել։ Մայրերը հազվադեպ են սպանում իրենց սեփական երեխաներին։ Ավելի հաճախ նրանք դառնում են վանդալներ՝ թանաքով գրելով տեսանելի ու անտեսանելի նամակներ, որոնք երբեք հնարավոր չէ ամբողջությամբ ջնջել։ Ռոզալիի մայրն իր վախճանից ոչ շատ առաջ հայտարարել էր Մարսիի մահվան մասին իր վերջնական դատավճիռը․ «Ես սա կարմա եմ համարում»,- ասել էր նա Ռոզալիին։ Նա նկատի ուներ, որ, քանի որ Ռոզալին հրաժարվել էր սրտանց սիրել իր սեփական մորը, Ռոզալիի համար համաչափ պատիժ էր՝ կորցնել իր երեխային ու զգալ ավելի մեծ ցավ, ավելի մեծ լքվածություն։ Ռոզալին չէր պատասխանել․ Մարսիի մահից ի վեր նա ակնկալել էր նման դիտողություն։ Ռոզալիի մայրը կարող էր զարմացնել նրան՝ իր դատավճիռն իր հետ գերեզման տանելով, բայց, շատ մարդկանց նման, նա չէր կարողացել դիմադրել ցանկությանը՝ ցավ պատճառելու այնտեղ, որտեղ կարելի էր ցավեցնել, կործանել այնտեղ, որտեղ կործանման ենթակա ինչ-որ բան կար։
Բայց հիմա՝ այս չորեքշաբթի օրը, իր մոր դատավճիռը հիշելով՝ Ռոզալին որևէ սուր զգացողություն չունեցավ։ Նա Բրյուսելի ճանապարհին էր, իսկ հետո գնալու էր Իպր։ Տխուր էր, որ Ռոզալիի մայրը, որ սիրում էր նրան, սիրել էր միայն անգութ սիրով, բայց Ռոզալիին գոնե մխիթարում էր այն փաստը, որ իր սերը Մարսիի հանդեպ ավելի բարի էր եղել, և ինքը երբեք չէր պահանջել, որ Մարսին հատուցի իրեն՝ սիրով կամ բարությամբ։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *