Կլոդ Շամբար | Պահը հազիվ

Կլոդ Շամբար

ՊԱՀԸ ՀԱԶԻՎ

Այստեղ` շարունակելու ցանկությունը:

Առանց մեկնումի հեռավոր:

Բալենիների ծաղիկներ, մի – այդ – անկումը ցավի:

Ինչ-որ մեկն ապրել է այստեղ:
Այստեղ:
Գրքերի հետ:
& Պիերոյի կապույտը (լաջվարդ).

Ինչ-որ մեկը, որը չի սիրում ոչ կայարաններ, ոչ օդակայաններ, ոչ էլ – նավահանգիստներ – ինչն ավելի հազվադեպ է:
Ինչ-որ մեկը, որը գրում է գունավոր ծոցատետրերում – ինչը հնաոճ է – մատիտով & ռետինով, վրան գիծ է քաշում սև թանաքով, կամ էլ գրում է սև թանաքով & միշտ վրան գիծ է քաշում մատիտ & ռետինով երկու էջի արանքում, երկու տողի արանքում, երկու բառի արանքում, երկու տառի արանքում:

Երբ կարդաք, ինչ-որ մեկն այստեղ ապրած կլինի, ինչ-որ մեկն ապրում է այստեղ:
Լսո՞ւմ եք նրան:
Վատ է լսվել, վատ է տեսնվել, վատ է ասվել, վատ է գրվել և այլն:

 

***

Մարմինների սուր անկյունում
մեջքը խժռում են – բուրումնավետ հոգոց –
նա չի կարող խույս տալ կծոցից:

Մաշկը խավար է,
Մաշկը ճերմակ է,
մյուսը & հետո & հետո մյուսը
ավյունի հարց է

Նրանք մերկ են բարձր խոտի մեջ
մելամաղձոտ

Նա աղջկան մի քիչ վախեցնում է բայց ոչ ավելի, քան ալեքսանդրյան չափը –
նա ասում է. դու ինձ համար անտառ ես
ես այդտեղ թաքցնում եմ իմ խրճիթը & կատաղի բանակը
որը քո բազուկներում է ամեն գիշեր
& որը դու չես ուզում տեսնել:

Ես միաչքանի ցուլ եմ
Ես՝ կարմիր դեղին կանաչ կամ կապույտ գլխակապով:

 

***

Սա Ֆրազի վազքն է
ասում է աղջիկը

այն գալիս է ավելի հեռվից քան կոկորդը:

Շնչակտուր
Լեզուն՝ մանկությունից պոկված համբույր
որը հետ է շպրտում հրեշներին
& երգում նրանց սխրանքները

ծծիր իմ Լեզուն
հորինվածքների հայելում
մտիր – ես ուժեղ չեմ, բայց մտիր

Ծնկներս ամուր չեն,
գոտկատեղս տկար է արկածների համար
հազիվ եմ դիմանում քառատրոփ վարգին

Մենք էլի կճամփորդենք
քո ծիծաղն ինձ թամբից գցում է

Այս պատմությունը կամ մեկ ուրիշը
սա անվերջ է

 

***

Կղզին՝
գլխապտույտի վայր
չնչին մի բառ
փխրուն – կարճ է նրա կյանքը

Ես ճակատով հրում եմ
ժայռերը
որոնք քեզ խանգարում են ծովը տեսնել:

Շատ լավ եղանակ է
մի թիթեռնածաղիկ
գունեղ ներքնաբակում

Ավելի ուշ մենք նավ կքշենք,- ասում ես դու

Վերջալույսին ես կգամ քեզ միանալու,- ասում եմ ես

Այս պահը կամ ուրիշը

Ֆրազն ընդհատում է Տառի միտքը
կամ էլ հակառակն է գուցե:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ավագ Եփրեմյան, Շուշանիկ Թամրազյան, Կարեն Անտաշյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *