…Եվ նրանց միջև այսպիսի զրույց է լինում: Համսուն Բակում մի պառավ է կանգնած, ձեռքին՝ պատի ժամացույց: Անցնելիս կանգ եմ առնում պառավի մոտ ու հարցնում. «Ժամը քանի՞սն է»:
– Նայե՛ք,- ասում է պառավը:
Նայում ու տեսնում եմ, որ ժամացույցը սլաքներ չունի:
– Սլաք չկա,- ասում եմ:
Պառավը նայում է թվատախտակին ու ասում.
– Երեքին տասնհինգ է պակաս:
– Ախ, այդպե՜ս: Շատ շնորհակալ եմ,- ասում եմ ու հեռանում:
Պառավը ինչ-որ բան է գոռում իմ ետեւից, բայց չեմ շրջվում: Դուրս եմ գալիս փողոց ու քայլում արեւակողմով: Գարնան արեւը շատ հաճելի է: Աչքերս կկոցած քայլում ու ծխամորճ եմ ծխում: Սադովայա փողոցի անկյունում ընդառաջ է գալիս Սակերդոն Միխայլովիչը: Բարեւում ենք իրար, կանգ առնում ու երկար զրուցում ենք: Վերջապես ինձ ձանձրացնում է փողոցում կանգնելն ու Սակերդոն Միխայլովիչին հրավիրում եմ գինետուն: Օղի ենք խմում, վրայից՝ պնդախաշ ձու ու մանրաձուկ, հետո հրաժեշտ ենք տալիս իրար, ու ես շարունակում եմ ճանապարհս: Հանկարծ հիշում եմ, որ էլեկտրասալիկը միացրած եմ թողել: Սրտնեղում եմ: Շրջվում ու գնում եմ տուն: Օրն ինչ լա՜վ էր սկսվել, եւ ահա առաջին անհաջողությունը: Տնից դուրս չպիտի գայի:
Վերադառնում եմ տուն, հանում բաճկոնս, բաճկոնակի գրպանից հանում եմ ժամացույցը ու կախում մեխից, հետո կողպում եմ դուռն ու պառկում թախտին: Այսպես կպառկեմ ու կփորձեմ քնել: Փողոցից լսվում է տղեկների զզվելի բղավոցը: Պառկել ու պատիժ եմ մտմտում նրանց համար: Ամենից շատ նրանց վրա շներին քսի տալն է դուր գալիս, որ տեղում քարանան: Ծնողները նրանց մի կերպ տանում են տուն: Նրանք պառկած են իրենց փոքրիկ մահճակալներին ու նույնիսկ ուտել չեն կարողանում, որովհետեւ բերանները չեն բացվում: Նրանց արհեստական են կերակրում: Մի շաբաթից կարկամախտն անցնում է, բայց երեխաներն այնքան թույլ են, որ մի ամիս էլ դեռ պիտի տեղաշորում մնան: Հետո կամաց-կամաց լավանում են, բայց ես երկրորդ կարկամախտն եմ արձակում վրաները, ու բոլորը սատկում են: Աչքերս բաց պառկել եմ թախտին ու քնել չեմ կարողանում: Միտս է գալիս առավոտյան բակում տեսած ժամացույցով պառավը, ու հաճելի է, որ ժամացույցը սլաքներ չուներ: Օրինակ, մի քանի օր առաջ կոմիսիոն խանութում մի նողկալի խոհանոցի ժամացույց տեսա, ու սլաքները դանակպատառաքաղի տեսքով էին: Աստվա՜ծ իմ: Ախր էլէկտրասալիկը չանջատեցի: Վեր եմ թռչում ու անջատում, հետո նորից պառկում եմ թախտին ու փորձում եմ քնել: Փակում եմ աչքերս: Քնել չեմ ուզում: Պատուհանից ներս է ընկնում գարնան արեւը, խփում ուղիղ աչքերիս: Շոգում եմ, վեր եմ կենում ու նստում պատուհանի տակ դրած բազկաթոռին: Հիմա ուզում եմ քնեմ, բայց չեմ քնի: Թուղթ ու գրիչ կվերցնեմ ու կգրեմ: Իմ մեջ ահռելի ուժ եմ զգում: Դեռ երեկ եմ ամեն ինչ մտածել: Պատմվածք է լինելու հրաշագործի մասին, որն ապրում է մեր ժամանակներում ու հրաշք չի գործում: Գիտի, որ ինքը հրաշագործ է ու կարող է ուզածդ հրաշք գործել, բայց չի գործում: Նրան վտարում են բնակարանից, գիտի, որ հերիք է մատը շարժի, ու բնակարանն իրենը կլինի, բայց չի շարժում, հեզ ու խոնարհ դուրս է գալիս բնակարանից ու հաստատվում քաղաքամերձ մարագում: Այդ մարագը կարող է հրաշալի աղյուսաշար տուն դարձնել, բայց չի անում, շարունակում է ապրել մարագում եւ ի վերջո մեռնում է՝ այդպես էլ կյանքում ոչ մի հրաշք չգործելով: Նստել, ուրախությունից ձեռքերս եմ շփում: Սակերդոն Միխայլովիչը նախանձից կպայթի: Կարծում էր՝ հանճարեղ ոչնչի արդեն ընդունակ չեմ: Արագ՝ ի գործ: Կորչի՛ ցանկացած քուն ու ծուլություն: Տասնութ ժամ անընդմեջ գրելու եմ: Անհամբերությունից դողում եմ: Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ անեմ: Թուղթ ու գրիչ պիտի վերցնեի, բայց ձեռքս տարբեր բաների էի գցում, որ ինձ բոլորովին պետք չէին: Դեսուդեն էի վազում սենյակում: Պա տուհանից սեղանի մոտ, սեղանից՝ վառարանի, հետո՝ դեպի բազմոցն ու նորից պատուհանի մոտ: Ներսիս կրակից շունչս կտրվում էր: Ընդամենը ժամը հինգն է: Առջեւում ողջ օրն է, ու երեկոն, ու ողջ գիշերը: Կանգնած եմ սենյակի մեջտեղը: Ի՞նչ եմ մտածում: Ախր արդեն հինգն անց է տասներկու րոպե: Պետք է գրել: Պատուհանի մոտ եմ քաշում սեղանիկն ու նստում: Իմ առաջ վանդակավոր թուղթ է, ձեռքիս՝ գրիչ: Սիրտս դեռ չափազանց արագ է խփում, ու ձեռքս դողում է: Սպասում եմ: Սպասում եմ մի քիչ հանգստանա: Ցած եմ դնում գրիչն ու լցնում ծխամորճս: Արեւը խփում է ուղիղ աչքերիս, կկոցում եմ աչքերս ու վառում ծխամորճը: Ահա պատուհանի մոտով թռավ ագռավը: Նայում եմ պատուհանից ու տեսնում՝ ինչպես է արհեստական ոտքով մի մարդ անցնում մայթով: Ոտքն ու ձեռնափայտը ուժեղ թխկում են:
– Թը՛խկ,- ասում եմ ինքս ինձ ու շարունակում դուրս նայել պատուհա նից: Արեւը պահ է մտնում դիմացի տան ծխնելույզի ետեւը: Ծխնելույզի ստվերը վազում է տանիքով, թռչում-անցնում փողոցն ու փռվում դեմքիս: Պետք է օգտվել այդ ստվերից ու մի քանի բառ գրել հրաշագործի մասին: Արագ վերցնում եմ գրիչն ու գրում. «Հրաշագործը բարձրահասակ էր»: Ավելին չեմ կարող: Նստում եմ մինչեւ սովածություն զգալը: Այդ ժամանակ վեր եմ կենում, մոտենում փոքրիկ պահարանին, ուր մթերքն է պահվում, պրպտում եմ, բայց ոչինչ չեմ գտնում: Մի կտոր շաքար, եւ ուրիշ ոչինչ: Ինչ-որ մեկը թակում է դուռը:
– Ո՞վ է:
Ոչ ոք չի պատասխանում: Բացում եմ դուռն ու տեսնում առավոտյան բակում կանգնած ժամացույցով պառավին: Խիստ զարմացած եմ ու ոչինչ ասել չեմ կարողանում:
– Ահա եւ եկա,- ասում է պառավն ու մտնում սենյակ:
Կանգնել եմ դռան մոտ ու չգիտեմ ինչ անեմ: Դո՞ւրս անեմ պառավին, թե՞, հակառակը, առաջարկեմ նստել: Բայց պառավն ինքն է մոտենում պատուհանի տակ դրած բազկաթոռին ու նստում:
– Դուռը վրա բեր ու կողպի,- ասում է պառավը:
Ես փակում ու կողպում եմ դուռը:
– Չոքի,- ասում է պառավը։
Ես ծնկի եմ գալիս: Բայց այստեղ սկսում եմ հասկանալ իմ վիճակի ողջ անհեթեթությունը: Ինչո՞ւ եմ չոքել ինչ-որ պառավի առաջ: Եվ ինչո՞ւ է այդ պառավը իմ սենյակում ու նստել է իմ սիրած բազկաթոռին: Ինչո՞ւ չվռնդեցի այդ պառավին:
– Լսե՛ք,- ասում եմ,- ի՞նչ իրավունքով եք տնօրինում իմ սենյակում, այնէլ՝ ինձ հրամայելով: Ես ընդհանրապես չեմ ուզում ծնկի գալ:
– Պետք էլ չի,- ասում է պառավը,- հիմա պիտի պառկես փորիդ ու դեմքդ կպցնես հատակին:
Ես անմիջապես կատարում եմ հրամանը: Աչքիս առաջ ճշգրիտ գծած քառակուսիներ են: Ուսիս ու աջ ազդրիս ցավը ստիպում են փոխել դիրքս: Բերանքսիվար էի, հիմա մեծ դժվարությամբ հենվում եմ ծնկներիս: Բոլոր անդամներս թմրել ու վատ են ծալվում: Նայում եմ շուրջս եւ ինձ տեսնում եմ սենյակի կենտրոնում, հատակին ծնկաչոք: Գիտակցությունս ու հիշողությունս դանդաղ վերադառնում են: Դեռ զննում եմ սենյակս ու տեսնում, որ մեկը կարծես նստած է պատուհանի մոտի բազկաթոռին: Սենյակն այնքան էլ լուսավոր չի, որովհետեւ հիմա պիտի որ սպիտակ գիշեր լինի: Ուշադիր նայում եմ: Տե՜ր Աստված: Մի՞թե այդ պառավը դեռ նստած է բազկաթոռիս: Ձգում եմ վիզս ու նայում: Իհարկե, պառավն է, նստել ու գլուխը կախել է կրծքին: Երեւի քնած է: Վեր եմ կենում ու կաղալով մոտենում նրան: Պառավի գլուխը կրծքին է, ձեռքերը կախվել են բազկաթոռի կողերից: Ուզում եմ բռնեմ պառավին ու դուրս հրեմ սենյակից:
– Լսե՛ք,- ասում եմ,- դուք իմ սենյակում եք: Ես պետք է աշխատեմ: Խնդրում եմ հեռանալ:
Պառավը չի շարժվում: Ես կռանում ու նայում եմ պառավի դեմքին: Բերանը կիսաբաց է, բերանից ցցվել է տեղից թռած դնովի ծնոտը: Ու հանկարծ ամեն ինչ հասկանում եմ. պառավը մեռել է: Ահավոր սրտնեղում եմ: Ինչո՞ւ իմ սենյակում մեռավ: Տանել չեմ կարող մեռելներին: Հիմա ստիպված գլխացավանքի մեջ եմ ընկնելու էդ լեշի հետ: Գնա խոսա դռնապանի հետ, տնային կառավարչի հետ, բացատրի, թե պառավն ինչու է հայտնվել իմ մոտ: Ատելությամբ նայում եմ պառավին: Գուցե չի՞ մեռել: Ձեռք եմ տալիս ճակատին: Ճակատը սառն է: Ի՞նչ անեմ: Վառում եմ ծխամորճս ու նստում թախտին: Խելագար չարությունը բարձրանում է իմ ներսում:
– Ա՜յ քեզ սրիկա, ասում եմ բարձրաձայն: Մեռած պառավը պարկի պես ընկած է բազկաթոռիս: Ատամները ցցվել են բերանից: Նման է մեռած ձիու:
– Նողկալի պատկեր է,- ասում եմ, բայց պառավին թերթով ծածկել չեմ կարող, որովհետեւ թերթի տակ ինչ ասես կարող է կատարվել:
Պատից այն կողմ շարժում է լսվում. հարեւանս է արթնանում, շոգեքարշի մեքենավարը: Միայն այդ էր պակաս, որ գլխի ընկներ, որ իմ սենյակում մեռած պառավ է նստել: Ականջ եմ դնում հարեւանիս քայլերին: Ինչո՞ւ է դանդաղում: Արդեն վեցի կեսն է: Վաղուց գնացած պիտի լիներ: Աստվա՜ծ իմ: Պատրաստվում է թեյ խմել: Լսում եմ ինչպես է պատից այն կողմ աղմկում պրիմուսը: Ա՜խ, շուտ գնար էդ անիծված մեքենավարը: Պառկում եմ թախտին, ոտքերս ծալում տակս: Անցնում է ութ րոպե, բայց հարեւանիս թեյը դեռ պատրաստ չէ, ու պրիմուսն աղմկում է: Աչքերս փակում ու ննջում եմ: Երազ եմ տեսնում, որ հարեւանս գնացել է, հետեւից դուրս եմ գալիս սանդղագլուխ ու ֆրանսիական կողպեքով փակում դուռը: Բանալի չունեմ, ու չեմ կարող նորից բնակարան մտնել: Պիտի զանգը տամ ու արթնացնեմ մյուս բնակիչներին, իսկ դա արդեն ընդհանրապես վատ է: Սանդղահարթակում կանգնել, մտածում եմ, ու հանկարծ տեսնում եմ, որ ձեռքեր չունեմ: Կախում եմ գլուխս, որ ավելի լավ տեսնեմ՝ ձեռքեր ունե՞մ, ու տեսնում եմ, որ մի կողմից ձեռքիս փոխարեն սեղանի դանակ է ցցվել, մյուս կողմից՝ պատառաքաղ:
– Ահա՛,- ասում եմ Սակերդոն Միխայլովիչին, որը չգիտես ինչու նստած է այդտեղ՝ ծալովի աթոռակին:- Տեսնո՞ւմ եք,- ասում եմ նրան,- ինչ ձեռքեր ունեմ: Իսկ Սակերդոն Միխայլովիչը լուռ նստել է, ու տեսնում եմ, որ ոչ թե իսկական, այլ կավե Սակերդոն Միխայլովիչ է: Այստեղ արթնանում ու անմիջապես հասկանում եմ, որ պառկած եմ իմ սենյակում՝ թախտին, իսկ պատուհանի տակ՝ բազկաթոռի մեջ, նստած է մեռած պառավը: Արագ նրա կողմն եմ դարձնում գլուխս: Պառավը բազկաթոռի մեջ չի: Նայում եմ դատարկ բազկաթոռին, ու ներսս լցվում է կատաղի ցնծությամբ: Ուրեմն այդ ամենը երազ է եղել: Բայց ե՞րբ ու ինչի՞ց սկսվեց: Երեկ երեկոյան պառավը մտե՞լ է սենյակս: Գուցե դա է՞լ երազ էր: Երեկ վերադարձա տուն, որովհետեւ մոռացել էի անջատել էլեկտրավառարանը: Բայց գուցե դա է՞լ էր երազ: Ամեն դեպքում, ինչ լավ է, որ սենյակումս մեռած պառավ չկա, ուրեմն եւ պետք չի գնալ տնային կառավարիչի մոտ ու գլուխ դնել հանգուցյալի հետ: Բայց ինչքա՞ն եմ քնել: Նայեցի ժամացույցին. տասի կեսն է, պետք է որ՝ առավոտվա: Տե՜ր Աստված, երազում ինչե՜ր չես տեսնի: Ոտքերս կախեցի թախտից, որ վեր կենամ, ու հանկարծ տեսա մեռած պառավին. պառկած էր հատակին՝ սեղանի ետեւը, բազկաթոռի մոտ: Բերանքսիվեր էր պառկած, ու դնովի ատամնաշարը, բերանից դուրս թռչելով՝ մի ատամով խրվել էր պառավի պինչը: Ձեռքերը ոլորվել էին մարմնի տակ ու չէին երեւում, իսկ քշտված փեշի տակից ցցվել էին կեղտոտ բրդե գուլպաներով ոսկրոտ ոտքերը:
– Սրիկա՛,- ճչացի ես ու մոտ վազելով պառավին՝ սապոգով հասցրի ծնոտին: Դնովի ատամնաշարը թռավ սենյակի անկյունը: Ուզում էի նորից խփել, բայց վախեցա, որ մարմնի վրա հետքեր կմնան, հիմա էլ կորոշեն, որ ես եմ սպանել նրան: Հետ քաշվեցի պառավից, նստեցի թախտին ու վառեցի ծխամորճս: Այդպես անցավ քսան րոպե: Հիմա պարզ էր, որ, մեկ է, գործը հանձնելու են քրեական հետախուզություն, ու քննչական անհասկացողներն ինձ են մեղադրելու սպանության մեջ: Ստացվում էր, որ վիճակը լուրջ է, հետն էլ՝ սապոգի այս հարվածը: Նորից մոտեցա պառավին, կռացա ու սկսեցի զննել դեմքը: Ծնոտին փոքրիկ մուգ բիծ կար: Չէ՜, կպնելու տեղ չունեն: Քի՞չ բան կարող է լինել: Գուցե պառավը դեռ կենդանության օրո՞ք է որեւէ բանի խփվել: Մի քիչ հանդարտվում եմ ու սկսում հետուառաջ անել սենյակում՝ ծխամորճս ծխելով ու մտմտալով վիճակս: Հետուառաջ եմ անում սենյակում ու սկսում եմ քաղց զգալ, ավելի ու ավելի ուժգին: Սովածությունից նույնիսկ սկսում եմ դողալ: Մի անգամ էլ եմ պրպտում պահարանիկը, որտեղ ուտելիքն է պահվում, բայց ոչինչ չեմ գտնում, մի կտոր շաքարից բացի: Հանում եմ դրամապանակն ու հաշվում փողերս: Տասնմեկ ռուբլի: Ուրեմն կարող եմ խոզապուխտ ու հաց առնել, դեռ թութունի համար էլ կմնա: Շտկում եմ գիշերվա ընթացքում ճմռթված փողկապս, վերցնում եմ ժա- մացույցը, հագնում բաճկոնս, խնամքով փակում եմ սենյակիս դուռը, բա- նալին դնում գրպանս ու դուրս եմ գալիս փողոց: Նախ պետք է մի բան ուտել, այդ ժամանակ միտքս կհստակվի ու կմտածեմ, թե ինչ եմ անելու էդ լեշը: Խանութի ճանապարհին մտքովս անցնում է նաեւ՝ չմտնե՞մ Սակերդոն Միխայլովիչի մոտ ու ամեն ինչ պատմեմ, գուցե միասին ավելի արագ մտածենք, թե ինչ ենք անելու: Բայց անմիջապես էլ մերժում եմ այդ միտքը, որովհետեւ բաներ կան, որ մենակ պիտի անես, առանց վկաների: Խանութում խոզապուխտի երշիկ չկար, կես կիլո սարդելկա առա: Թութուն էլ չկար: Գնացի հացի խանութ:Հացի խանութը մարդաշատ էր, ու դրամարկղի առաջ երկար հերթ էր կանգնած: Անմիջապես մռայլվեցի, բայց համենայնդեպս հերթ կանգնեցի: Հերթը շատ դանդաղ էր շարժվում, իսկ հետո ընդհանրապես կանգ առավ, որովհետեւ դրամարկղի մոտ ինչ-որ կռվշտոց սկսվեց: Ձեւացնում էի, թե ոչինչ չեմ նկատում ու նայում էի հերթում ինձնից առաջ կանգնած ջահել տիկնոջ մեջքին: Տիկինն ըստ երեւույթին շատ հետաքրքրասերն էր. վիզը մեկ աջ էր պարզում, մեկ ձախ եւ անընդհատ ձգվում էր ոտքերի ծայրերին, որ տեսնի՝ ինչ է կատարվում դրամարկղի մոտ: Վերջապես շրջվեց իմ կողմն ու հարցրեց.
– Չգիտե՞ք ինչ է կատարվում այնտեղ:
– Կներեք, չգիտեմ,- հնարավորինս չոր ասացի ես:
Տիկինը շուռումուռ եկավ այս ու այն կողմ ու վերջապես նորից դիմեց ինձ.
– Իսկ չե՞ք կարող գնալ ու պարզել, թե ինչ է կատարվում:
– Կներեք, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում,- ավելի չոր ասացի ես:
– Ինչպես թե՝ չի հետաքրքրում,- գոչեց տիկինը:- Չէ՞ որ դուք էլ եք ուշա նում այս հերթի պատճառով: Ես ոչինչ չպատասխանեցի ու միայն գլխով արի: Տիկինը ուշադիր նայեց ինձ:
– Իհարկե, հացի հերթ կանգնելը տղամարդու գործ չի,- ասաց նա:- Ափսոս, որ ստիպված եք հերթ կանգնել: Դուք պետք է որ ամուսնացած չլինեք:
– Այո՛, ամուրի եմ,- ասացի ես մի քիչ շփոթված, բայց իներցիայով շարունակելով պատասխանել բավական չոր ու դրա հետ մեկտեղ թեթեւ խոնարհում անելով: Տիկինը նորից ոտից գլուխ չափեց ինձ ու հանկարծ, մատներով թեւքիս դիպչելով, ասաց.
– Եկեք ձեզ համար գնեմ ինչ պետք է, իսկ դուք դրսում սպասեք:
Ես լրիվ մոլորվեցի:
– Շնորհակալ եմ,- ասացի:- Դուք շատ բարի եք, բայց, անկեղծ ասած, ինքս էլ կկարողանայի:
– Ո՛չ, ո՛չ,- ասաց տիկինը,- դուրս եկեք: Ի՞նչ էիք գնելու:
– Գիտե՞ք,- ասացի,- ուզում էի կես կիլո սեւ հաց գնել, կաղապահարահաց, որ ավելի էժան է: Ամենից շատ դա եմ սիրում:
– Շատ լավ,- ասաց տիկինը:
– Իսկ հիմա գնացեք: Ես կառնեմ, հետո փողը կտաք:
Ու նույնիսկ թեթեւ հրեց արմունկս: Ես դուրս եկա խանութից ու կանգնեցի հենց դռան մոտ: Գարնան արեւը խփում է ուղիղ դեմքիս: Ծխամորճ եմ ծխում: Ինչ հաճելի տիկին է: Հիմա այդպիսիք քիչ են պատահում: Կանգնել եմ, աչքերս կկոցում եմ արեւից, ծխամորճ եմ ծխում ու մտածում հաճելի տիկնոջ մասին: Ինչ պայծառ դարչնագույն աչքեր ունի: Ուղղակի հրաշք, ինչ լավիկն է:
– Դուք ծխամո՞րճ եք ծխում,- լսում եմ կողքիս:
Հաճելի տիկինն ինձ է պարզում հացը:
– Օ՜, անչափ շնորհակալ եմ,- ասում եմ ես՝ վերցնելով հացը:
– Դուք ծխամորճ եք ծխում: Դա ինձ ահավոր դուր է գալիս,- ասում է հաճելի տիկինը: Ու մեր միջեւ հետեւյալ խոսակցությունն է լինում:
ՆԱ. Դուք, ուրեմն, անձա՞մբ եք գնում հացի:
ԵՍ. Ոչ միայն հացի, ամեն ինչն եմ ինքս առնում:
ՆԱ. Իսկ որտե՞ղ եք ճաշում:
ԵՍ. Սովորաբար ինքս եմ ճաշ եփում: Իսկ երբեմն՝ նաեւ գարեջրատանը:
ՆԱ. Գարեջո՞ւր եք սիրում:
ԵՍ. Չէ՛, ավելի շատ՝ օղի:
ՆԱ. Ես էլ եմ օղի սիրում:
ԵՍ. Դուք օղի՞ եք սիրում: Ինչ լա՜վ է: Կուզեի երբեւէ խմել ձեզ հետ:
ՆԱ. Ես էլ կուզեի ձեզ հետ օղի խմել:
ԵՍ.Կներեք, կարո՞ղ եմ մի բան հարցնել:
ՆԱ (թունդ կարմրելով). Իհարկե, հարցրեք:
ԵՍ. Լա՛վ, կհարցնեմ: Դուք Աստծուն հավատո՞ւմ եք:
ՆԱ. (զարմացած). Ես՝ Աստծո՞ւն: Այո, իհարկե:
ԵՍ. Իսկ ինչ կասեք, եթե հենց հիմա օղի առնենք ու գնանք ինձ մոտ: Մոտիկ եմ ապրում:
ՆԱ (չարաճճի). Ինչ կա որ, համաձայն եմ:
ԵՍ. Ուրեմն գնացինք:
Մենք մտնում ենք խանութ, ու ես կես լիտր օղի եմ առնում: Էլ փող չունեմ, ինչ-որ մանրուք է: Անընդհատ խոսում ենք տարբեր բաներից, ու հանկարծ հիշում եմ, որ իմ սենյակում, հատակին, պառկած է մեռած պառավը: Նայում եմ նոր ծանոթուհուս. նա կանգնել է վաճառասեղանի մոտ ու զննում է մուրաբայի բանկաները: Զգույշ գնում եմ դեպի դուռն ու դուրս եմ գալիս խանութից: Հենց խանութի դիմաց կանգ է առնում տրամվայը: Ներս եմ թռչում՝ նույնիսկ համարին չնայելով: Միխայլովսկի փողոցում իջնում եմ ու գնում Սակերդոն Միխայլովիչի մոտ: Ձեռքիս օղու շիշն է, սարդելկաներն ու հացը: Սակերդոն Միխայլովիչն անձամբ բացեց դուռը: Մերկ մարմնին գցած խալաթով էր, կտրած ճտքերով ռուսական սապոգներով ու մորթե ականջակալներով գդակով, բայց ականջակալները բարձրացրած էին ու գագա թին հանգույց արած:
– Շատ ուրախ եմ,- ինձ տեսնելով՝ ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Ձեզ գործից չկտրեցի՞,- հարցրի ես:
– Ո՛չ, ո՛չ,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Ոչ մի բան չէի անում, ուղղակի նստել էի հատակին:
– Գիտե՞ք ինչ,- ասացի Սակերդոն Միխայլովիչին:
– Ուտելիք ու օղի եմ բերել: Եթե դեմ չեք, եկեք խմենք:
– Շատ լավ,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Ներս եկեք: Մենք մտանք նրա սենյակը: Ես բացեցի օղու շիշը, իսկ Սակերդոն Միխայլովիչը սեղանին դրեց երկու ըմպանակ ու խաշած մսով ափսեն:
– Սարդելկա ունեմ,- ասացի ես:- Ո՞նց ենք ուտելու՝ հո՞ւմ, թե՞ եփենք:
– Կդնենք՝ եփվեն,- ասաց Սակերդոն Միխայլովիչը,- իսկ օղին կխմենք խաշած մսով: Ապուրից եմ հանել, հրաշալի խաշած միս է:
Սակերդոն Միխայլովիչը կաթսան դրեց նավթավառին, ու նստեցինք օղի խմելու:
– Օղի խմելն օգտակար է,- ըմպանակները լցնելով՝ ասում էր Սակերդոն Միխայլովիչը:
– Մեչնիկովը գրում էր, որ օղին հացից օգտակար է, իսկ հացն ընդամենը ծղոտ է, որը փտում է մեր ստամոքսներում:
– Ձեր կենացը,- ասացի ես՝ բաժակ զարկելով Սակերդոն Միխայլովիչի հետ:
Խմեցինք ու վրայից սառը միս կերանք:
– Համով է,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
Բայց այդ պահին սենյակում ինչ-որ բան շխկաց:
– Ի՞նչ էր,- հարցրի ես:
Մենք լուռ նստել ու ականջ էինք դնում: Հանկարծ նորից շխկաց: Սակերդոն Միխայլովիչը վեր թռավ ու պատուհանի մոտ վազելով՝ պոկեց վարագույրը:
– Ի՜նչ եք անում,- բղավեցի ես:
Բայց Սակերդոն Միխայլովիչը չպատասխանեց, նետվեց դեպի նավթավառը, վարագույրով բռնեց կաթսան ու դրեց հատակին:
– Գրո՜ղը տանի,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Մոռացել էի ջուր լցնեմ կաթսայիկը, իսկ կաթսայիկն էմալապատ է, ու էմալը փշրվեց:
– Հասկանալի է,- գլխով անելով՝ ասացի ես:
Նորից նստեցինք սեղանի մոտ:
– Սատանան դրա հետ,- ասաց Սակերդոն Միխայլովիչը,- սարդելկաները հում կուտենք:
– Ահավոր սոված եմ,- ասացի ես:
– Կերեք,- ասաց Սակերդոն Միխայլովիչը՝ իմ առաջ դնելով սարդելկաները:
– Ախր, վերջին անգամ երեկ եմ կերել, ձեզ հետ, գինետանը, եւ այդ պահից ոչինչ չեմ կերել,- ասացի ես:
– Այո՛, այո՛, այո՛,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Անընդհատ գրում էի,- ասացի ես:
– Սատանա՜ն տանի,- չափազանցված վեր թռավ Սակերդոն Միխայլովիչը:
-Հաճելի է դիմացդ հանճար տեսնելը:
– Բա ո՜նց,- ասացի ես:
– Երեւի ահագին գրել եք, հա՞,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Այո՛,- ասացի ես:
– Ծո՜վ թուղթ եմ օգտագործել:
– Մեր օրերի հանճարի կենացը,- ըմպանակը բարձրացնելով՝ ասաց Սակերդոն Միխայլովիչը:
Խմեցինք: Սակերդոն Միխայլովիչը խաշած միս էր ուտում, իսկ ես՝ սարդելկա: Չորս սարդելկա ուտելով՝ վառեցի ծխամորճս ու ասացի.
– Գիտե՞ք, չէ որ ձեզ մոտ եմ եկել հետապնդումից խույս տալով:
– Ո՞վ էր ձեզ հետապնդում,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Մի տիկին,- ասացի ես:
Բայց քանի որ Սակերդոն Միխայլովիչը էլ ոչինչ չհարցրեց, այլ միայն լուռումունջ օղի լցրեց ըմպանակները, շարունակեցի.
– Նրա հետ հացի խանութում ծանոթացա ու միանգամից սիրահարվեցի:
– Լավի՞կն է,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Այո՛,- ասացի ես,- իմ ճաշակով:
Խմեցինք, ու ես շարունակեցի.
– Նա համաձայնեց գալ ինձ մոտ ու օղի խմել: Մտանք խանութ, բայց ստիպված էի խանութից թաքուն փախչել:
– Փողը չէր հերիքո՞ւմ,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Ոչ, փող շատ կար,- ասացի ես,- բայց հիշեցի, որ չեմ կարող նրան իմ սենյակ թողնել:
– Ի՞նչ է, ձեր սենյակում ուրի՞շ կին կար,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Այո՛, եթե կուզեք, իմ սենյակում ուրիշ կին կա,- ժպտալով՝ ասացի ես:
– Հիմա ոչ մեկին չեմ կարող իմ սենյակ թողել:
– Ամուսնացեք: Ինձ ճաշի կհրավիրեք,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Ո՛չ,- փռթկալով ասացի ես:
– Ես այդ տիկնոջ հետ չեմ ամուսնանա:
– Այդ դեպքում մյուսի հետ ամուսնացեք, հացի խանութի,- ասաց Սա կերդոն Միխայլովիչը:
– Ի՞նչ եք ինձ անընդհատ ամուսնացնում,- ասացի ես:
– Իսկ ինչու՝ ոչ,- ասաց Սակերդոն Միխայլովիչը՝ ըմպանակները լցնելով:
– Ձեր հաջողության համար:
Խմեցինք: Ըստ երեւույթին օղին արդեն սկսել էր ազդել: Սակերդոն Միխայլովիչը հանեց իր մորթե, ականջակալներով գդակն ու շպրտեց մահճակալին: Ես վեր կացա ու սկսեցի հետուառաջ անել սենյակում՝ արդեն թեթեւ գլխապտույտ զգալով:
– Ինչպե՞ս եք վերաբերվում հանգուցյալներին,- հարցրի Սակերդոն Միխայլովիչին:
– Միանգամայն բացասական,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Ես վախենում եմ նրանցից:
– Հա՜, ես էլ տանել չեմ կարողանում հանգուցյալներին,- ասացի ես:
– Որ հանգուցյալ պատահի, ու եթե ազգական չլինի, երեւի քացի հասցնեմ:
– Պետք չի քացի տալ մեռյալներին,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Ես սապոգով կհասցնեի ուղիղ մռութին,- ասացի:
– Տանել չեմ կարողանում մեռելներին ու երեխաներին:
– Հա՜, երեխաները զզվանք են,- համաձայնեց Սակերդոն Միխայլովիչը:
– Իսկ, ձեր կարծիքով, հանգուցյալնե՞րն են ավելի վատ, թե՞ երեխաները,- հարցրի ես:
– Երեխաները, վայ թե, ավելի վատ են, նրանք հաճախ են խանգարում մեզ: Իսկ հանգուցյալները համենայնդեպս չեն խուժում մեր կյանք,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Խուժո՜ւմ են,- գոռացի ես ու անմիջապես սսկվեցի:
Սակերդոն Միխայլովիչը ուշադիր նայեց ինձ:
– Էլի օղի կուզե՞ք,- հարցրեց նա:
– Ո՛չ,- կտրեցի ես, բայց ինձ հավաքելով՝ ավելացրի:
– Չէ՛, շնորհակալ եմ, էլ չեմ ուզում: Հետ եկա ու նորից նստեցի սեղանի մոտ: Որոշ ժամանակ լուռ էինք:
– Ուզում եմ հարցնել ձեզ,- վերջապես ասացի ես:
– Աստծուն հավատո՞ւմ եք:
Սակերդոն Միխայլովիչի ճակատին հորիզոնական կնճիռ հայտնվեց, ու ասում է.
– Անպարկեշտ արարքներ կան: Անպարկեշտ է մարդուց հիսուն ռուբլի խնդրել, եթե տեսել եք, թե ինչպես հենց նոր երկու հարյուր դրեց գրպանը: Իր գործն է՝ ձեզ փող կտա՞, թե՞ կմերժի, իսկ մերժելու ամենահարմար ու հաճելի եղանակը ստելն է, թե փող չկա: Իսկ դուք տեսել եք, որ այդ մարդը փող ունի եւ դրանով իսկ նրան զրկել հեշտ ու հաճելի մերժելու հնարավորությունից: Դուք նրան զրկել եք ընտրության իրավունքից, իսկ դա խոզություն է: Եվ մարդուն հարցնել «Դուք Աստծուն հավատո՞ւմ եք» նույնպես անքաղաքավարի ու անպարկեշտ արարք է:
– Չէ՛,- ասացի ես,- այստեղ ոչ մի ընդհանրություն չկա:
– Իսկ ես չեմ էլ համեմատում,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Լա՛վ,- ասացի ես,- թողնենք: Միայն թե կներեք, որ ձեզ այդպիսի անպարկեշտ ու անքաղաքավարի հարց տվեցի:
– Խնդրե՛մ,- ասաց Սակերդոն Միխայլովիչը։
– Ես, չէ՞ որ, պարզապես հրաժարվեցի պատասխանել:
– Ես էլ չէի պատասխանի,- ասացի,- բայց ուրիշ պատճառով:
– Ի՞նչ պատճառով,- ծույլ-ծույլ հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Գիտե՞ք ինչ,- ասացի ես,- իմ կարծիքով չկան հավատացյալ ու ոչ հավատացյալ մարդիկ: Կան միայն հավատալ ցանկացողներ ու չհավատալ ցանկացողներ:
– Ուրեմն նրանք, ովքեր չեն ցանկանում հավատալ, արդեն ինչ-որ բանի հավատո՞ւմ են,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հավատալ, արդեն նախապես ոչնչի չե՞ն հավատում:
– Գուցե եւ այդպես է,- ասացի ես:
– Չգիտեմ:
– Իսկ հավատում կամ չեն հավատում ինչի՞ն: Աստծո՞ւն,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Ո՛չ,- ասացի ես,- անմահությա՛նը:
– Այդ դեպքում ինչու էիք հարցնում՝ հավատո՞ւմ եմ Աստծուն:
– Պարզապես «Հավատո՞ւմ եք արդյոք անմահությանը» հարցը մի տեսակ հիմար է հնչում,- ասացի Սակերդոն Միխայլովիչին ու վեր կացա:
– Ի՞նչ է, գնո՞ւմ եք,- հարցրեց Սակերդոն Միխայլովիչը:
– Այո՛,- ասացի ես,- գնալուս ժամանակն է:
– Իսկ օղի՞ն,- ասաց Սակերդոն Միխայլովիչը:
– Մի-մի բաժակ է մնացել:
– Ուրեմն եկեք խմենք-վերջացնենք,- ասացի ես:
Խմեցինք օղին ու վրան կերանք մնացած խաշած միսը:
– Իսկ հիմա պետք է գնամ,- ասացի ես:
– Ցտեսությո՛ւն,- ասաց Սակերդոն Միխայլովիչը՝ ինձ խոհանոցով ուղեկցելով սանդղահարթակ:- Շնորհակալ եմ հյուրասիրության համար:
– Ձեզ եմ շնորհակալ,- ասացի ես:
– Ցտեսություն:
Ու գնացի: Մենակ մնալով՝ Սակերդոն Միխայլովիչը հավաքեց սեղանը, օղու շիշը նետեց պահարանի գլխին, նորից գլխին քաշեց մորթե, ականջակալներով գդակը ու պատուհանի տակ նստեց հատակին: Սակերդոն Միխայլովիչը ձեռքերը ծալեց մեջքին, ու դրանք չէին երեւում: Իսկ քշտված խալաթի տակից ցցվել էին կտրած ճտքերով ռուսական սապոգներ հագած մերկ ոսկրոտ ոտքերը: Մտասույզ քայլում էի Նեւսկիով: Ճիշտն այն է, որ հենց հիմա մտնեմ տնային կառավարիչի մոտ ու ամեն ինչ պատմեմ: Իսկ պառավի հարցը լուծելուց հետո ամեն օր կկանգնեմ հացի խանութի մոտ, մինչեւ չտեսնեմ այն հաճելի տիկնոջը: Չէ՞ որ հացի համար 48 կոպեկ պարտք եմ մնացել: Նրան փնտրելու հրաշալի առիթ ունեմ: Խմածս օղին դեռ ազդում էր, ու թվում էր՝ ամեն ինչ շատ լավ է ու հեշտ: Ֆոնտանկայում մոտեցա կրպակին ու մնացած մանրով մի մեծ գավաթ հացի կվաս խմեցի: Կվասը վատն էր ու թթու, ու մնացած ճանապարհին բերանիս մեջ նողկալի համ էր: Լիտեյնիի անկյունում մի հարբած մարդ, օրորվելով, հրեց ինձ: Լավ է, որ ատրճանակ չունեմ, թե չէ հենց տեղում կսպանեի: Մինչեւ տունը հասնելը, ողջ ճանապարհին դեմքս չարությունից ծամածռված էր: Համենայնդեպս համարյա բոլոր հանդիպողները շրջվում ու նայում էին:
Մտա տնային կառավարչություն: Սեղանին մի կարճահասակ, կեղտոտ, կճատ, ծռամեջք ու շիկամազ աղջիկ էր նստել ու ձեռքի հայելուն նայելով՝ շրթներկ էր քսում:
– Իսկ ո՞ւր է տնային կառավարիչը,- հարցրի ես:
Աղջիկը չպատասխանեց՝ շարունակելով ներկել շրթունքները:
– Ո՞ւր է կառավարիչը,- կոպիտ կրկնեցի ես:
– Վաղը կլինի,- պատասխանեց կեղտոտ, կճատ, ծռամեջք ու շիկամազ աղջիկը:
Դուրս եկա փողոց: Հակառակ կողմով արհեստական ոտքով մի հաշմանդամ էր գնում՝ ոտքն ու ձեռնափայտը բարձր թխկացնելով: Վեց տղեկներ վազում էին հաշմանդամի ետեւից՝ ծաղրելով նրա քայլվածքը: Մտա իմ շքամուտքն ու բարձրացա սանդուղքով: Երկրորդ հարկում կանգ առա. մի նողկալի միտք անցավ գլխովս. չէ՞ որ պառավը սկսելու է քայքայվել: Պատուհանը չեմ փակել, իսկ երբ պատուհանը բաց է, ասում են, մեռյալներն ավելի արագ են քայքայվում: Ա՜յ քեզ հիմար բան: Էդ գրողի տարած կառավարիչն էլ միայն վաղն է գալու: Անվճռական կանգնեցի մի քանի րոպե ու շարունակեցի բարձրանալ: Բնակարանիս դռան մոտ նորից կանգ առա: Գուցե գնամ հացի խանութի մոտ ու սպասեմ այն հաճելի տիկնոջը: Կաղաչեի, որ ներս թողեր երկու կամ երեք գիշերով: Բայց անմիջապես էլ հիշեցի, որ նա այսօր արդեն հաց առել է, ուրեմն խանութ չի գա: Եվ ընդհանրապես ոչինչ չի ստացվի այդ ամենից: Ես բացեցի դուռն ու մտա միջանցք: Միջանցքի ծայրին լույս էր վառվում, ու Մարյա Վասիլեւնան, ձեռքի փալասը տրորում էր մի ուրիշ փալասով: Ինձ տեսնելով՝ Մարյա Վասիլեւնան կանչեց.
– Ջեժ մի բիձա էր հարցնում:
– Ի՞նչ բիձա,- ասացի ես:
– Չգիճեմ,- պատասխանեց Մարյա Վասիլեւնան:
– Ե՞րբ,- հարցրի ես:
– Էդ էլ չգիճեմ,- ասաց Մարյա Վասիլեւնան:
– Դո՞ւք եք խոսել նրա հետ,- հարցրի Մարյա Վասիլեւնային:
– Եշ,- պատասխանեց Մարյա Վասիլեւնային:
– Բա ո՞նց չգիտեք՝ երբ էր,- ասացի ես:
– Էրկու զամ առաջ,- ասաց Մարյա Վասիլեւնան:
– Իսկ ծերուկն ի՞նչ տեսք ուներ,- հարցրի ես:
– Էդ էլ չգիճեմ,- ասաց Մարյա Վասիլեւնան ու գնաց խոհանոց:
Մոտեցա իմ սենյակին: «Հանկարծ ու,- մտածեցի ես,- պառավն անհետացել է: Մտնում եմ սենյակ, ու պառավը չկա՜: Աստվա՜ծ իմ: Մի՞թե հրաշքներ չեն լինում»: Կողպեքի մեջ պտտեցի բանալին ու սկսեցի կամաց բացել դուռը: Գուցե եւ թվաց, բայց դեմքիս փչեց սկսված քայքայումի քաղցր հոտը: Նայեցի կիսաբաց դռնից ու քարացա: Պառավը չորեքթաթ ընդառաջ էր գալիս: Բղավելով փակեցի դուռը, պտտեցի բանալին ու հետ թռա դեպի դիմացի պատը: Միջանցքում հայտնվեց Մարյա Վասիլեւնան:
– Կանշել ե՞ք,- հարցրեց նա:
Այնպես էի դողում, որ ոչինչ չէի կարող պատասխանել ու միայն բացասական օրորեցի գլուխս: Մարյա Վասիլեւնան մոտեցավ:
– Ո՞ւմ հետ էիք խոշում,- ասաց նա:
Նորից օրորեցի գլուխս:
– Խելագա՛ր,- ասաց Մարյա Վասիլեւնան ու նորից անցավ խոհանոց՝ ճանապարհին մի քանի անգամ հետ նայելով:
«Այսպես կանգնել-մնալ չի կարելի: Այսպես կանգնել-մնալ չի կարելի»,- կրկնում էի մտքում: Այդ արտահայտությունը ինքն իրեն էր կազմվել իմ ներսում: Այնքան կրկնեցի, մինչեւ հասավ գիտակցությանս:
– Այո՛, այսպես կանգնել-մնալ չի կարելի,- ասացի ինձ, բայց շարունա կում էի կանգնած մնալ կաթվածահարի պես: Սարսափելի բան էր կատարվել, բայց պետք էր գուցե նույնիսկ ավելի սարսափելին անել, քան տեղի ունեցածը: Հողմը պտտում էր մտքերս, ու ես տեսնում էի միայն դանդաղ իմ կողմը սողացող մեռած պառավի չար աչքերը: Խուժել սենյակ ու փշրել այդ պառավի գանգը: Ահա թե ինչ է պետք անել: Նույնիսկ հայացքով փնտրեցի ու գոհ մնացի՝ տեսնելով կրոկետի մուրճը, որը, չգիտես ինչու, տարիներ շարունակ դրված էր միջանցքի անկյունում: Վերցնել մուրճը, խուժել սենյակ ու շրը՜խկ… Դողս դեռ չէր անցել: Կանգնել էի՝ ներսիս ցրտից ուսերս վեր քաշած: Մտքերս սուրում էին, խճճվում, վերադառնում ելման կետ ու նորից սլանում՝ նորանոր տարածքներ գրավելով, եւ ես կանգնել ու ականջ էի դնում իմ մտքերին՝ կարծես մի տեսակ նրանցից կտրված ու նրանց հրամանատարն էի միաժամանակ:
– Հանգուցյալները,- ինձ բացատրում էին իմ մտքերը,- անպետք ժողովուրդ են: Իզուր են նրանց հանգուցյալ ասում, ավելի շուտ՝ անհանգստացյալներ են: Նրանց անընդհատ պետք է հսկողության տակ պահել: Հարցրեք դիարանի ցանկացած պահակի: Կարծում եք՝ նա ինչի՞ համար է դրված այնտեղ: Միայն մեկ բանի համար՝ հետեւելու, որ հանգուցյալները դեսուդեն չփախչեն: Այդ առումով հետաքրքիր դեպքեր են պատահում: Մի հանգուցյալ, մինչ պահակը ղեկավարության հրամանով բաղնիքում լողանում էր, դուրս էր սողացել դիարանից, խցկվել ախտահանման խցիկն ու ահագին սպիտակեղեն կերել: Ախտահանողները մի լավ ծեծ էին տվել հանգուցյալին, բայց շարքից դուրս եկած սպիտակեղենի համար ստիպված էին վճարել սեփական գրպանից: Մի ուրիշ հանգուցյալ էլ թափանցել էր ծննդկանների հիվանդասենյակ ու այնպես վախեցրել նրանց, որ ծննդկաններից մեկը տեղում վիժել էր, հանգուցյալն էլ նետվել էր վիժած պտղի վրա ու սկսել էր չփչփացնելով խժռել: Իսկ երբ մի խիզախ դայակ աթոռակով հասցրել էր հանգուցյալի մեջքին, սա կծել էր այդ դայակի ոտքը, ու կինը, դիաթույնից թունավորվելով, շուտով մահացել էր: Այո՛, հանգուցյալներն անպետք ժողովուրդ են, ու նրանց հետ պետք է զգոն լինել:
-Կա՛նգ առեք,- ասացի մտքերիս:- Անհեթեթություններ եք դուրս տալիս: Հանգուցյալներն անշարժ են:
– Լա՛վ, – ասացին ինձ մտքերս,- այդ դեպքում մտիր սենյակ, որտեղ, ինչպես ասում ես, անշարժ հանգուցյալն է:
Անսպասելի համառությունը խոսեց իմ մեջ:
– Եվ կմտնեմ,- վճռական ասացի մտքերիս:
– Փորձի՛ր,- ասացին մտքերս:
Այդ քմծիծաղը վերջնականապես կատաղեցրեց ինձ: Վերցրի կրոկետի մուրճն ու նետվեցի դեպի դուռը:
– Սպասի՜ր,- հետեւիցս գոռացին մտքերս: Բայց արդեն բանալին պտտել էի կողպեքի մեջ ու բացել դուռը: Պառավը բերանքսիվար պառկած էր շեմին: Կրոկետի մուրճը բարձրացրած՝ պատրաստ կանգնել էի: Պառավը չէր շարժվում: Դողն անցավ, եւ մտքերս հոսում էին պարզ ու հստակ: Ես նրանց հրա մանատարն էի:
– Նախեւառաջ փակել դուռը,- հրամայեցի ինձ:
Դռան դրսի կողմից հանեցի բանալին ու ներսից դրեցի կողպեքի մեջ: Դա արեցի ձախ ձեռքով, իսկ աջով բռնել էի կրոկետի մուրճը ու ոչ մի վայրկյան աչքս պառավից չէի կտրում: Դուռը կողպեցի ու զգույշ ոտք անելով պառավի վրայով՝ դուրս եկա սենյակի մեջտեղը:
– Հիմա քո հախից կգանք,- ասացի ես:
Մի պլան էի մտածել, որին սովորաբար դիմում են քրեական վեպերի ու պատահարների լրահոսի մար դասպանները. ուզում էի պառավին թաքցնել ճամպրուկում, տանել քաղաքից դուրս ու գցել ճահիճը: Մի այդպիսի հարմար տեղ գիտեի: Ճամպրուկս թախտի տակ էր: Դուրս քաշեցի ու բացեցի: Ճամպրուկում որոշ իրեր կային՝ մի քանի գիրք, հին նրբաթաղիքե լայնեզր գլխարկ ու պատառոտված սպիտակեղեն: Այդ ամենը թափեցի թախտին: Այդ ժամանակ դրսի դուռը բարձր շխկաց, ու ինձ թվաց՝ պառավը ցնցվեց: Վայրկենապես վեր թռա ու վերցրի կրոկետի մուրճը: Պառավը հանգիստ պառկած է: Ես կանգնել ու լսում եմ: Մեքենավարն էր վերադարձել, լսում եմ՝ ինչպես է հետուառաջ անում իր սենյակում: Ահա միջանցքով գնում է խոհանոց: Եթե Մարյա Վասիլեւնան նրան պատմի իմ խելագարության մասին, լավ չի լինի: Ի՜նչ սատանայություն է: Պիտի գնամ խոհանոց եւ իմ տեսքով հանգստացնեմ նրան: Նորից ոտք արեցի պառավի վրայով, մուրճը դրեցի դռան մոտ, որ վերադառնալիս կարողանամ դեռ սենյակ չմտած ձեռքիս մուրճ ունենալ, ու դուրս եկա միջանցք: Խոհանոցից ձայներ էին լսվում, բայց բառերն անհասկանալի էին: Հետեւիցս փակեցի դուռը ու զգույշ գնացի խոհանոց. ուզում էի իմանամ` Մարյա Իվանովնան ու մեքենավարն ինչի մասին են խոսում: Միջանցքն արագ անցա, իսկ խոհանոցի մոտ դանդաղեցրի քայլս: Մեքենավարն էր խոսում. ըստ երեւույթին գործի տեղը պատահած ինչ-որ դեպք էր պատմում: Ներս մտա: Մեքենավարը սրբիչը ձեռքին կանգնել ու պատմում էր, իսկ Մարյա Վասիլեւնան աթոռակին նստած լսում էր: Ինձ տեսնելով՝ մեքենավարը ձեռքով արեց:
– Բարեւ ձեզ, բարեւ ձեզ, Մատվե՛յ Ֆիլիպովիչ,- ասացի նրան ու անցա լողարան:
Առայժմ ամեն ինչ հանգիստ էր: Մարյա Վասիլեւնան սովոր էր իմ տարօրինակություններին եւ կարող էր արդեն մոռացած լինել այդ վերջին դեպքը: Հանկարծ հիշեցի. դուռը չե՜մ փակել: Իսկ եթե պառավը դուրս սողա սենյակի՞ց: Վազեցի հետ, բայց ժամանակին ուշքի եկա ու, որ բնակիչներին չվախեցնեմ, հանգիստ քայլերով կտրեցի խոհանոցը: Մարյա Վասիլեւնան մատներով կտկտացնում էր խոհանոցի սեղանին ու մեքենավարին ասում էր.
– Ժիլ է: Այ էդ ժիլ է: Ես էլ կսվացնեի:
Մարող սրտով դուրս եկա միջանցք եւ անմիջապես համարյա վազքով նետվեցի դեպի սենյակս: Դրսից ամեն ինչ հանգիստ էր: Մոտեցա դռանը ու կիսաբաց անելով՝ ներս նայեցի: Պառավն առաջվա պես հանգիստ բերանքսիվար պառկած էր: Կրոկետի մուրճը առաջվա տեղում էր՝ դռան մոտ: Վերցրի, մտա սենյակ ու իմ հետեւից բանալիով կողպեցի դուռը: Այո՛, սենյակից հաստատա պես դիահոտ էր գալիս: Ոտք արեցի պառավի վրայով, մոտեցա պատուհանին ու նստեցի բազկաթոռի մեջ: Միայն թե չվատանամ այդ առայժմ թե կուզեւ թույլ, բայց համենայնդեպս անտանելի հոտից: Վառեցի ծխամորճս: Սիրտս խառնում էր, ու մի քիչ էլ փորս էր ցավում: Բայց ի՞նչ եմ նստել: Պետք է արագ գործել, քանի դեռ պառավը վերջնականապես չի նեխել: Բայց համենայնդեպս զգույշ պիտի խցկեմ ճամպրուկը, որովհետեւ հենց այդ պահին կարող է կծել մատս: Իսկ հետո՝ մեռնել դիաթույնի վարակումի՞ց. շա՜տ կներեք:
– Հե՜յ,- հանկարծ հասկացա:- Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞վ եք կծելու: Ձեր ատամները հրեն ուր են: Բազկաթոռում նստած՝ կռացա ու նայեցի պատուհանի անկյունը, որտեղ իմ հաշվարկով պիտի պառավի դնովի ատամնաշարը լիներ: Բայց ատամնաշարը չկար: Մտքի մեջ ընկա. գուցե մեռած պառավը սողացել է իմ սենյակով մեկ՝ ատամնաշարը փնտրելով: Գուցե նույնիսկ գտել ու նորից դրել է բերա՞նը: Վերցրի կրոկետի մուրճը ու դրանով պրպտեցի անկյունում: Չէ՛, ատամնաշարը կորել է: Այդ ժամանակ պահարանից հանեցի հաստ բայկայե սավանն ու մոտեցա պառավին: Կրոկետի մուրճը պատրաստ պահում էի աջ ձեռքիս, իսկ ձախով բայկայե սավանն էի բռնել: Զզվանք ու վախ էր հարուցում մեռած պառավը: Մուրճով բարձրացրի գլուխը. բերանը բաց էր, աչքերը ճակատն էին թռել, իսկ ծնոտին, ուր սապոգով խփել էի, մի խոշոր, մուգ բիծ էր տարածվել: Նայեցի պառավի բերանի մեջ: Չէ՛, ատամնաշարը չէր գտել: Իջեցրի գլուխը: Գլուխն ընկավ ու դխկաց գետնին: Այդ ժամանակ հատակին փռեցի բայկայե սավանն ու կիպ մոտեցրի պառավին: Հետո ոտքով ու կրոկետի մուրճով պառավին շուռ տվի մեջքի վրա: Հիմա նա պառկած էր սավանին: Պառավի ծնկները ծալված էին, իսկ բռունցքները սեղմվել էին ուսերին: Թվում էր, կատվի նման մեջքին պառկած, պառավը պատրաստվում է պաշտպանվել իր վրա հարձակվող արծվից: Պետք է էստեղից արագ կորցնել էս լեշը: Պառավին փաթաթեցի հաստ սավանի մեջ ու ձեռքերիս վրա առա: Պարզվեց՝ ավելի թեթեւ է, քան կարծում էի: Իջեցրի ճամպրուկի մեջ ու փորձեցի փակել կափարիչը: Այստեղ ցանկացած դժվարության սպասում էի, բայց կափարիչը համեմատաբար հեշտ փակվեց: Շխկացրի ճամպրուկի կողպեքներն ու վեր կացա: Ճամպրուկը կազմ ու պատրաստ է, արտաքուստ՝ միանգամայն բարեվայելուչ, ասես մեջը սպիտակեղեն ու գրքեր են: Բռնեցի բռնակն ու փորձեցի բարձրացնել: Այո, իհարկե ծանր էր, բայց ոչ անտանելի, միանգամայն կարող էի հասցնել տրամվայի կանգառ: Նայեցի ժամացույցին. հինգն անց էր քսան րոպե: Լա՛վ է: Նստեցի բազկաթոռի մեջ, որ մի քիչ շունչ առնեմ ու ծխամորճ ծխեմ: Երեւում է այդ օրը կերած սարդելկաներն այնքան էլ լավը չէին, դրա համար էլ փորս ավելի ու ավելի ուժեղ էր ցավում: Իսկ գուցե նրանից էր, որ հո՞ւմ էի կերել: Կամ գուցե փորիս ցավը զուտ նյարդերի՞ց էր: Նստել ու ծխում եմ: Ու րոպեները վազում են իրար հետեւից: Գարնան արեւը հորդում է պատուհանից, ու ես նրա շողերից կկոցում եմ աչքերս: Ահա նա թաքնվում է դիմացի տան ծխնելույզի հետեւում, ու ծխնելույզի ստվերը վազում է տանիքով, թռչում փողոց եւ ընկնում դեմքիս: Հիշում եմ, թե ինչպես էի նախորդ օրը նստել ու վիպակ էի գրում: Ահա վանդակավոր թուղթն ու վրան մանրատառ տողը. «Հրաշագործը բարձրա հասակ էր»: Նայեցի պատուհանից դուրս: Փողոցով անցնում էր արհեստական ոտքով հաշմանդամն ու բարձր թխկացնում ոտքն ու ձեռնափայտը: Երկու բանվոր ու մի պառավ, ձեռները կողերին կանթած, քրքջում են հաշմանդամի ծիծաղելի քայլվածքի վրա: Վեր կացա: Ժամանակն է: Ճանապարհ ընկնելու ժամանակն է: Ժամանակն է, որ պառավին հասցնեմ ճահճուտը: Դեռ պիտի փող պարտք անեմ մեքենավարից: Դուրս եկա միջանցք ու մոտեցա նրա դռանը:
– Մատվե՛յ Ֆիլիպովիչ, տա՞նն եք,- հարցրի ես:
– Տանն եմ,- պատասխանեց մեքենավարը:
– Այդ դեպքում, կներեք, Մատվե՛յ Ֆիլիպովիչ, փողից ո՞նց եք: Չէի՞ք կա րող պարտքով երեսուն ռուբլի տալ:
– Կարող էի,- ասաց մեքենավարը: Ու լսեցի ինչպես է զնգացնում բանալիները՝ ինչ-որ արկղ բացելով: Հետո բացեց դուռը եւ ինձ պարզեց նոփ- նոր կարմիր երեսուն ռուբլանոցը:
– Շատ շնորհակալ եմ, Մատվե՛յ Ֆիլիպովիչ,- ասացի ես:
– Չարժի՛, չարժի՛,- ասաց մեքենավարը:
Փողը խցկեցի գրպանս ու վերադարձա սենյակ: Ճամպրուկը հանգիստ կանգնած էր նախկին տեղում: – Այ հիմա կարելի է ճանապարհվել, անհապա՛ղ,- ասացի ինձ: Վերցրի ճամպրուկն ու դուրս եկա սենյակից: Մարյա Վասիլեւնան ինձ ճամպրուկով տեսնելով՝ ձայն տվեց.
– Էդ ո՞ւր:
– Մորքարոջս մոտ,- ասացի ես:
– Շուտ կգա՞ք,- հարցրեց Մարյա Վասիլեւնան:
– Հա՛,- ասացի ես:
– Սպիտակեղեն պիտի տանեմ մորաքրոջս: Գուցե հենց այսօր էլ վերադառնամ:
Դուրս եկա փողոց: Ճամպրուկը մեկ աջ, մեկ ձախ ձեռքով բռնած՝ բարեհաջող հասա տրամվայի կանգառ: Տրամվայ խցկվեցի կցավագոնի առաջին հարթակից ու ձեռքով արեցի տոմսավաճառ կնոջը, որ գա ուղեբեռի ու տոմսի փողը ստանալու:
Չէի ուզում միակ երեսուն ռուբլանոցը փոխանցել վագոնով մեկ ու չէի համարձակվում թողնել ճամպրուկն ու մոտենալ նրան: Տոմսավաճառը հասավ հարթակ ու հայտարարեց, որ մանր չունի: Ստիպված առաջին իսկ կանգառում իջա: Չարացած կանգնել ու սպասում էի հաջորդ տրամվային: Փորս ցավում էր ու ոտքերս մի քիչ դողում էին: Ու հանկարծ տեսա իմ հաճելի տիկնոջը. փողոցը կտրելիս իմ կողմն էր նայում: Ճանկեցի ճամպրուկն ու նետվեցի նրա ետեւից: Չգիտեի՝ անունն ինչ է, ու չէի կարող կանչել: Ճամպրուկն ահավոր խանգարում էր. երկու ձեռքով պահել էի իմ առաջ եւ հրում էի ծնկներով ու փորով: Հաճելի տիկինը բավական արագ էր քայլում, ու զգացի, որ հետեւից չեմ հասնի: Քրտինքից լրիվ թրջվել ու հալից ընկել էի: Հաճելի տիկինը մտավ նրբանցք: Երբ հասա անկյունը, արդեն չկար:
– Անիծվա՜ծ պառավ,- ֆշշացրի ես՝ ճամպրուկը շպրտելով գետնին:
Բաճկոնիս թեւքերը քրտինքից ամբողջովին թրջվել ու կպել էին թեւերիս: Երկու տղեկ կանգնեցին իմ առաջ ու սկսեցին ուսումնասիրել: Դեմքիս հանգիստ արտահայտություն տվի ու, ասես ինչ-որ մեկին սպասելով, սկսեցի ակնդետ նայել մոտակա դարպասատակին: Տղաները շշնջում ու մատով ինձ էին ցույց տալիս: Կատաղի չարությունը խեղդում էր: Ա՜խ, կարկամախտ քսի տայի վրաները: Եվ ահա այդ քոսոտ լակոտների պատճառով վեր եմ կենում, վերցնում ճամպրուկը, մոտենում դարպասատակին ու ներս եմ նայում: Դեմքս զարմանք է արտահայտում, հանում եմ ժամացույցս եւ ուսերս թոթվում: Տղաները հեռվից հետեւում են: Նորից եմ ուսերս թոթվում ու նայում դարպասատակին:
– Տարօրինակ է,- ասում եմ բարձրաձայն, վերցնում ճամպրուկն ու քարշ տալիս դեպի տրամվայի կանգառը:
Կայարան հասա յոթին հինգ պակաս: Վերադարձի տոմս եմ առնում մինչեւ Լիսյի Նոս ու գնացք նստում: Վագոնում, ինձնից բացի, երկու հոգի էլ կա. մեկն, ըստ երեւույթին, բանվոր է, հոգնել է, կեպին աչքերին քաշած, քնած է: Մյուսը, մի դեռ ջահել տղա է, գյուղական պճնամոլի հագուկապով. պիջակի տակ վարդա գույն շեղօձիք վերնաշապիկ է, կեպիի տակից դուրս է պրծել գանգուր մազափունջը: Վառ կանաչ պլաստմասե ծխափողի մեջ խցկած գլանակ է ծխում: Ճամպրուկը դնում եմ նստարանների արանքում ու նստում: Փորս այնպես կտրտում, որ ցավից չտնքալու համար սեղմում եմ բռունցքներս: Երկու միլիցիոներ կառամատույցով ինչ-որ քաղաքացու տանում են հենակետ: Նա քայլում է ձեռքերը մեջքին, գլուխը կախ: Գնացքը շարժվում է: Նայում եմ ժամացույցին. յոթն անց է տասը րոպե: Ա՜խ, ինչ հաճույքով պառավին կգցեմ ճահիճը: Միայն ափսոս, որ մահակ չվերցրի, երեւի պառավին ափից հրելու կարիք լինի: Վարդագույն շեղօձիքով պճնամոլը լկտի զննում է ինձ: Թիկունք եմ անում նրան ու նայում պատուհանից դուրս: Փորիս մեջ սարսափելի կծկումներ են. սեղմում եմ ատամներս, կծկում բռունցքներս ու լարում ոտքերս: Անցնում ենք Լենսկայան ու Նոր Գյուղը: Ահա առկայծեց Բուդդայական տաճարի ոսկյա գագաթը, ահա եւ ծովը երեւաց: Բայց այստեղ վեր եմ թռչում ու ամեն ինչ մոռացած, մանրաքայլ վազում եմ զուգարան: Խելագար ալիքը ճոճում ու պտտում է գիտակցությունս… Գնացքը դանդաղեցնում է ընթացքը: Մոտենում ենք Լախտիին: Նստել ու վախենում եմ շարժվեմ, որ կանգառում չվռնդեն զուգարանից:
– Շո՜ւտ շարժվեր: Շո՜ւտ շարժվեր:
Գնացքը շարժվում է, ու ես հաճույքից փակում եմ աչքերս: Ա՜խ, այդ պահերը սիրո պահերի պես անուշ են լինում: Բոլոր ուժերս լարված են, բայց գիտեմ, որ դրան հետեւելու է սարսափելի անկումը: Գնացքը նորից կանգնում է: Օլգինոն է: Ուրեմն՝ նորից այդ տառապանքը: Բայց հիմա դրանք կեղծ ցավեր են: Սառը քրտինք է հայտնվում ճակատիս, ու թեթեւ սառնություն է ճախրում սրտիս շուրջը: Վեր եմ կենում ու որոշ ժամանակ գլուխս պատին հենած՝ կանգնում եմ: Գնացքը գնում է, եւ ճոճքը շատ հաճելի է: Հավաքում եմ բոլոր ուժերս եւ օրորվելով դուրս գալիս զուգարանից: Վագոնում ոչ ոք չկա: Բանվորն ու վարդագույն շեղօձիքով պճնամոլը հավանաբար իջել են Լախտիում կամ Օլգինոյում: Դանդաղ գնում եմ դեպի իմ պատուհանը: Եվ հանկարծ կանգնում ու բութ նայում եմ իմ դիմաց: Ճամպրուկը չկա: Ըստ երեւույթին պատուհանն եմ շփոթել: Թռչում եմ դեպի մյուս պատուհանը: Ճամպրուկը չկա: Հետ եմ թռչում, առաջ, վազքով կտրում եմ վագոնը, վերադառնում, նայում եմ նստարանների տակ. ճամպրուկը չկա ու չկա: Անկասկած, մինչ զուգարանում էի, ճամպրուկը գողացել են: Դա կարելի է կանխատեսել: Աչքերս չռած նստել եմ նստարանին ու չգիտես ինչու հիշվում է, թե ինչպես էր շխկոցով պոկվում Սակերդոն Միխայլովիչի շիկացած կաթսայիկի էմալը:
– Ի՞նչ դուրս եկավ,- հարցնում եմ ինձ:
– Հիմա ո՞վ կհավատա, որ ես չեմ սպանել պառավին: Ինձ այսօր իսկ կբռնեն, հենց այստեղ կամ քաղաքի կայարանում, ինչպես այն գլխահակ քայլող քաղաքացուն: Դուրս եմ գալիս վագոնի հարթակ: Գնացքը մոտենում է Լիսյի Նոսին: Առկայծում են ճանապարհը եզերող սպիտակ ուղեսյունիկները: Իմ վագոնի աստիճանները գետնին չեն հասնում: Ցատկում քայլում եմ դեպի կայա րանի տաղավարը: Քաղաք մեկնող գնացքին դեռ կես ժամ կա: Քայլերս ուղղում եմ դեպի մոտակա անտառակը: Ահա գիհու թփերը: Դրանց ետեւում ինձ ոչ ոք չի տեսնի: Գնում եմ այդ կողմը: Մի մեծ, կանաչ թրթուր է սողում գետնի վրայով: Չոքում ու մատով դիպչում եմ նրան: Թրթուրն օղակ-օղակ մի քանի անգամ ուժեղ այս ու այն կողմ է կծկվում: Նայում եմ շուրջս: Ինձ ոչ ոք չի տեսնում: Թեթեւ դող է անցնում մեջքովս: Գլուխս կախում ու կամացուկ ասում եմ.
– Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, հավիտյանս հավիտենից: Ամե՛ն: ……………………………………………………………………………………………………
Սրանով առ ժամանակ ամփոփում եմ ձեռագիրս՝ համարելով, որ առանց այն էլ շատ երկարեց:
Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի