ԴԱՎԻԹ ՄԿՐ-ՍԱՐԳՍՅԱՆ | Երկվություն

Դավիթ Սարգսյան

«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:

ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Դավիթ Մկր-Սարգսյան , «Երկվություն», վիպակ, Երևան, 2012թ

Խաչոն կանգնեց շուկայի մոտ, որին ժողովուրդը Ծածկած կամ Փակ շուկա անունն էր տվել։ Երեկոյան քամին այս ու այն կողմ էր թռցնում օրվա ընթացքում աղբակույտերում կուտակված տոպրակներն ու թերթերը՝ թղթի հողմապտույտ առաջացնելով։ Աղբամանները լեցուն էին զանազան հոտած պտուղներով և բանջարեղենի մնացորդներով։ Մթանը ձուլված շրջմոլիկի մի սև զանգված փորփրում էր աղբամանների շուրջ թափթփված կույտերը՝ երբեմն-երբեմն ինչ-որ հանածոներ լցնելով տոպրակի մեջ։ Դիմացի մայթին իրանական Կապույտ մզկիթն էր, թակը՝ քարե պարսպի մեջ ամփոփած արևելյան մշակույթի գեղեց-կուհին։ Խաչոն անչափ ուրախ էր, որ ժամանակին հեղաշրջման առաջամարտիկները, երբ պատերազմ հայտարարեցին մի շարք հուշար– ձանների և հերոսաբար ոչնչացրին իրենց առաջադեմ քաջարի մար-տիկներով, Կապույտ մզկիթի նկատմամբ ոտնձգություն չկատարեցին։ Նրանք, կարծելով իրենց «սխրանքը» հայրենասիրություն, պատրաստ էին նույնիսկ հրապարակի հայտնի կոթողը՜ սրբատաշ քարից կառուցված ամբիոնը ջնջել երկրի երեսից։ Նա հիշեց, թե ինչ խնամքով և հոգատարությամբ են հայկական հուշարձաններին վերաբերում Իրանում, հաճախ ավելի սրտացավ, քան մենք մեր ճարտարապետական կոթողներին մեր երկրում։ Խաչոն նախընտրեց Ծիծեռնակաբերդ գնալ ոչ թե Հաղթանակի կամրջով և Հրազդան մարզադաշտի տարածքով, այլ՜ երկարացնելով ճանապարհը, Պռոշյան, Բաղրամյան, Կիևյան փողոցներով և, որ ամենակարևորն էր, նա չէր կարող իրեն թույլ տալ հակառակ կողմից՜ հետևից բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Ամեն մի սր-բավայր, ինչպես եկեղեցին, իր կարգն ունի մուտքի և ելքի։ Խաչոն անցավ խորովածի ծխաթույր փողոցը և հայտնվեց մարշալ Բաղրամյանի արձանի առաջ։ Զորավարի նժույգի ոտքերի տակ թարմ ծաղիկներ էին դրված։ «Երևի Հայրենական պատերազմի մասնակիցներն են այցելել մեծ զորավարի հուշարձանին,–ենթադրեց Խաչոն։֊Թե չէ, նորելուկները ոչ պատմություն գիտեն, ոչ սրբությունների առաջ խոնարհվել գիտեն… Սրանց մեծ մասն օրվա իրողություններով ապրողներ են, թիթեռնիկի հոգեբանությամբ և ժամանակի քսանչորսժամյա ընկալումով։ Ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Միայն՝ ներկա…»։ Խաչոն ցավով էր նայում «մարշալի ամառանոց» կոչվող առանձնատանը, որում այժմ դեսպանատուն էր տեղակայված. «Կարծես չէր կարելի մեկ այլ տարածք հատկացնել, թեկուզ նախկին Կոզեռնի գերեզմանատան տարածքում, որի մի մասը այժմ Ամերիկյան համալսարանն է զբաղեցնում։ Ձեռքերը քարի տակ չէր, կկառուցեին իրենց դեսպանատունը, իրենց սրտի ուզածով, Մարշալի օթևանած տունն էլ թանգարանի կարելի էր վերածել, մեր ժողովրդի սրտի ուզածով…»։
ժամանակին հապշտապ ընդունվեցին քանի ու քանի որոշումներ, որոնք աղավաղեցին ժողովրդի մտածողությունը, անուղղակիորեն ներգործեցին նրա նկարագրի վրա։ Չափսոսալու, չխնայելու, չգնահա– տելու քո իսկ ժողովրդի մտքով և ձեռքով կերտած արժեքները։ Հեղափոխության առաջնորդը վերացրեց իր հոգևոր հոր արձանը, իսկ Հանրապետության հրապարակի մերկուրովյան ճառաբեմն ո՞ւմ էր խանգարում, որ հիմա փայտ ու երկաթով գավառական հարթակներ չհավաքեին համերգից համերգ և ելույթից ելույթ… Բազմաթիվ շինություններ, որ հին Երևանի միջավայրն էին ձևավորում՝ ո՞ւմ էին խանգարում։ Հին քաղաքի կարոտը Խաչոյին ստիպում էր հիշել շատ ու շատ քաղաքներ, քթի տակ գտնվող Թիֆլիսից մինչև հեռավոր Տալլին և այլուր, որտեղ վերականգնվել և պահպանվել էին հին քաղաքները և նորը կառուցել ծայրամասերում, որպես աջափնյակներ… Խաչմերուկի Կաթնատան բարձրահարկի տեղում քաղաքի սպիտակ տունն էր՝ ճերմակ սյուներով և կամարներով գողտրիկ մի կառույց, որը դեռ խորհրդային ժամանակներում ոչնչացվեց, ոչ անհատի պաշտամունքի եկեղեցա– քանդ տարիներին կամ ներկայիս ամենակուլ քաղաքաշինական վայ-րագությունների, այլ վաթսունականներին, երբ Պռոշյան փողոցում տրամվայի երկաթգծերն էին անցկացնում, թե՝ տրամվայն ո՞ւմ էր խանգարում։ Ինչո՞ւ ենք հինը կործանում, որպեսզի նորը կառուցենք, ինչո՞ւ չենք կարողանում համատեղել դրանք։ Խորհրդային տարիների մեծամասշտաբ շինարարական աշխատանքների ժամանակ քանի ու քանի պատմական կառույցներ ոչնչացվեցին, մեկը հենց «Արմենիա» հյուրանոցի հարևանությամբ երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի տեղի ընտրությունը… Հետո ավելի անկաշկանդ այդ գործը շարունակվեց հետխորհրդային տարիներին։ Որքան կարճ է կյանքը՝ սովորելու, ճանաչելու աշխարհը, դեպի բարին և առաքինին կողմնորոշվե– լու, և որքան երկար՝ հիմարություններ և սխալներ գործելու համար։ Անցյալը ջնջելով՝ նորը չես արարի։ Խաչոն քայլում էր՝ հախուռն մտա-հոգություններն իր մեջ տալ ու առնելով… Քաղաքաշինական օրենքների ոտնահարման պատճառը ամենազոր մարդն էր, ում ցանկությունը և պատասխանատուներին շահագրգռելը մթագնում էր թե իր, թե թույ– լատրողի ուղեղը։ Մատդ դնում ես քաղաքի կենտրոնում որևէ կետի վրա և ասում. «Ես այստեղ քսան հարկանի շենք եմ կառուցելու»,– և վերջ, ո՛չ ընդերքի հետազոտություն, ո՛չ բնապահպանություն, քաղա-քաշինություն, կապուղիների անխափանություն, կենտրոնի ծանրաբեռնվածություն, երկրաշարժագիտություն, գեղագիտական չափորո– շիչներ։ Ամենը դադարում է անհրաժեշտ պայման լինել… Բազմահար– կերը կառուցվում են դպրոցների հարևանությամբ, Երևանի կենտրոնի ընդերքում հոսող ջրերի վրա, սեյսմիկ ճեղքվածքի վրա, հոգ չէ, որ չեն բնակեցվում, հոգ չէ, կարևոր է գործընթացը և դրա շահույթը, իսկ հա–
մաշխարհային վարկերը աշխատատեղերի ստեղծմանը նպատակա– ուղղելը՝ ավելորդ գլխացավանք։ «Արի տուն» կարգախոսով հայրենադարձները, եթե աշխատատեղեր լինեն և բացառվեն ճնշումները, վար-ձով էլ կապրեն։ Տոկոսով պարտք ենք վերցնում, որպեսզի քե՞ֆ անենք, թե՞ գոյություններս ապահովենք, երկիրը բնակեցնենք, մարդկանց համար ապրելու և աշխատելու պայմաններ ստեղծենք։ Սոված մարդը շքեղ կոստյում չի գնում։ Բանկերի արտաքին պարտքերն էլ թող նրանք փակեն, ովքեր օգտվում են արտոնյալ վարկերից, իրենց համար ապահովում ժողովրդի ստացածի հետ անհամատեղելի բարձր աշխատավարձեր։ Նրանք և իրենց ժառանգները, ովքեր իրենց նիստուկացով, հագուկապով հոգեբանական վնասվածք են հասցնում շրջապատին, և ոչ միայն հոգեբանական։ Խաչոն հիշեց բրեժնևյան ժամանակների քաղբյուրոյի անդամների մահվան եզրակացությունները, և մի տխուր ժպիտ հայտնվեց դեմքին։ Բոլորի մահվան ախտորոշումները ուղեղի աթերոսկլերոզով, հիշողության կորստով, շիզոֆրենիայով էին սկսվում և ամբողջացնում անուղեղ, մտածելու և այլ ունակություններից զուրկ հանգուցյալների շարքը։ Եվ դրանք երկիր ու կայսրություն էին ղեկավարում, երկարաժամկետ վայելք՝ դարձյալ քաջնազարականության թափառող և հավերժական թեմա…
Խաչոն հենվեց Կիևյան կամրջի բազրիքին, որպեսզի մի պահ հանգստանա և մեկ անգամ ևս վայելի մայրաքաղաքի սրտում պահպանված բնության եզակի տեսարանը։ Բարձրությունը գլխապտույտ էր առաջացնում։ Խաչոն նման զգացողություններ ունեցել էր առաջին անգամ, երբ Թմկաբերդից նայեց անդնդախոր կիրճի հատակը։ Բայց այն սարսափելի բարձր էր։ Իսկ Կիևյան կամուրջն՝ ընդամենը մի հար-յուր մետր։ Խորությունն, ասես, ձգում էր նրան ցած։ Խաչոն ակամայից ավելի ամուր բռնվեց բազրիքից։ «Մեծացել եմ,-ինքն իրեն խոսեց Խաչոն։–էլ ոչ մի բանի պիտանի չեմ»։ Նա հայացքը հեռացրեց Հրազդան գետից, որպեսզի վանի իրենից անկման տհաճ պատրանքը։ Կամուրջն իր պատմությունն ուներ։ Կալանավորներն էին 50–
ականներին կառուցել և կիսակառույց վիճակում այն փլուզվել էր՝ իր հետ գերեզման տանելով անօգնական շինարարներին։ Կամուրջը հայտնի էր նաև իրենց կյանքին կամովի վերջ տվող հուսահատ ինքնասպանների տարեցտարի աճող քանակով…
Հրազդանի կիրճը կրկնակի հրապուրիչ և գեղեցիկ էր Խաչոյի համար ոչ միայն որպես հանգստի գոտի, այլև՝ բնության ներկայություն մեծ քաղաքում։ Նա բազմաթիվ հիշողություններ ուներ ձորի հետ կապված, որոնք գալիս էին մանկության և երիտասարդության տարիներից։ Այդտեղ էին երևանցիներն անցկացնում իրենց հանգստյան օրերը՝ ընտանիքներով, ընկերներով, մի պատառ հաց ու պանրի կամ խորովածի շուրջ։ Խաչոն հիշում էր օձերի առատությունը, որոնք վխտում էին թփուտներում, սողում սուփրաների հարևանությամբ, թրատում գետն ափից ափ և ընդդեմ հոսանքի՝ ահ ու սարսափ տարածելով մարդկանց մեջ, թեև Խաչոյի մտապատկերում, կարծես, օձերն էին խուսափում մարդկանցից… Խաչոյի հիշողության մեջ տպավորվել էին ձկնորսները, որոնց Խաչոն այդպես էլ չհասկացավ, և առ այսօր զարմանում էր նրանց համբերատար սպասումի վրա, չէր ընկալում ժամեր շարունակ կարթը ձեռքին գետափին և ջրի մեջ կանգնած այդ մարդկանց հաճույքը, բայց համոզված էր, որ նրանք յուրովի մեծ հաճույք են վայելում, մանավանդ, երբ ձուկը կուլ է տալիս խայծը… Երբեմնի հանգստյան գոտիներն այժմ անհասանելի էին ժողովրդին, որովհետև մի քանի թզաչափ բնությունը մասնատվել էր սեփականատերերի միջև, ովքեր պատրաստ էին պարսպապատել նույնիսկ Ցեղասպանության և Մեծ եղեռնի հուշակոթողի մերձակա տարածքը, եթե հաջողեցնեին բարաթ ձեռք գցել։
«Հետաքրքիր է մարդ արարածը,– մտածում էր Խաչոն։– Վերացրին զբոսայգիների նստարանները, որպեսզի մարդկանց դեպի իրենց սրճարանն ուղղորդեն, հետո՝ ցայտաղբյուրները, որպեսզի ծարավդ հագեցնելու համար իրենցից ջուր գնես… Իրենց շնորհված շքեղ ու հրաշագեղ կյանքը խցկել են նյութապաշտության նեղ անոթի մեջ և
խցանել այն՝ վերածվելով միաբջիջ ու եսակենտրոն արարածների, մթագնել են ուղեղները, սահմանափակվել իրերի տխուր և գորշ աշխարհում, որին խորթ և օտար են ոգեղեն գեղեցկությունները։ Ապրում են առանց բարձր գաղափարների և զգացմունքների։ Նույնիսկ սիրո զգացմունքն ավելին չէ, քան փողոցից բռնած պոռնիկի հետ մարմնական տարփանքը բավարարող անցորդի տրամաբանությունը։ Գուցե ժողովրդի թթվածի՞նն էլ տնօրինեն նրանք, ում հասու են ներկրման փականները…
«Ինչո՞ւ մեր մեջ արթնացավ եսասիրական անհագուրդ ընչաքաղցությունն ու ագահությունը,– հարց էր տալիս իրեն Խաչոն,-ի հայտ եկավ նախանձը, չարությունը, փառասիրությունն ու փողամոլությունը։ Թե՞ դրանց ինքնադրսևորման հնարավորություն տվեց անկախությունն ու ազատությունը, և՛ պարզապես, այդ բնազդները մեր ներսում թաքնված են եղել… Թեև անկախությունն ու ազատությունը հարաբերական հասկացողություններ են։ Բացարձակ անկախություն գոյություն չունի, ինքնանպատակ անկախությունը համազգային ողբերգության սկիզբ է։ Ազատությունը քաոս չէ, այլ ազատ ապրելուն պատրաստ, ներքին կարգ ու կանոնին դաստիարակված հասարակական միջավայր, որտեղ ամեն ոք գիտի իր անելիքը, կարևորում է դիմացինի առաքելությունը, և մտավորականը նա է, ով տքնում է իր աշխատատեղում, որպեսզի չխոտանվի իր գոյությունը, այլ՝ բարի հետագիծ թողնի և հավերժանա արարումով։ Ինքնահոսի մատնված ժողովուրդը ազատ և անկախ չի լինում, իշխանական էշելոններում գումարելիների տեղա-փոխությունից գումարը չի փոխվում, առանց հովվի հոտը գայլի բաժին է»։ Խաչոն ինքն իրենից հոգնել էր, որքան կարելի էր գոռալ, թե պաշտպանած գիտական թեզերը ոչինչ չեն տալիս գիտությանն ու մարդուն, բազմապատկված կրթօջախներով կրթական մակարդակը չի բարձրանում, ակադեմիաներն ու նախարարությունները երկրի զարգացմանը չեն նպաստում, գեղարվեստական գրականությունը մեր կյանքը չի արտացոլում, գրախանութներն ու գրադարաններն առևտրի
տների վերածելը ընթերցանության և գրքի, գիտելիքի նկատմամբ հարգանք չի ծնում, ժողովրդավարություն հաստատելու համար լավագույն նախապայմանը ժողովուրդ չունենալը չէ, պետության առանց այն էլ չամրացված հիմքը թուլացնելով՜ պետական շահ չենք հետապնդի… Իրար են խառնվել ազգային, հասարակական, պետական, անձնական շահերը, և գերական վերջինն է, ազգային ճշմարտություններից և ավանդույթներից հրաժարվելը նստակյաց ժողովրդին գնչուական թափառախմբի կվերածի… «Արի տուն» ծրագիրն էլ կմնա պաշտոնական հաշվետվությունների ծխամատյանում, որպես երազանք, եթե «տանդ մնա» չծնի, և տունը տուն լինի, պայմանները՝ տանելի… Կյանքն ու աշխարհն էլ կատարյալ չեն լինի, քանի դեռ մարդն իր միջից չի վանել չարը։
Մի օր, երբ լցվի ժողովրդի համբերության բաժակը, երբ իր ընդվզումը լուռ ու մունջ երկիրը լքելով չարտահայտի, այլ՝ մնա, կձևավորվի անկառավարելի այն ուժը, որը հետ է պահանջելու այն ամենը, ինչը հանիրավի խլել են իրենից, այն, ինչ իրեն է պատկանում, սակայն սեփականացվել է այլոց կողմից։ Կգան վրեժի, ցասման, ինքնադատաստանի անպատմելի ժամանակներ։
֊ Երբ առաջին չտեսն ու ծույլը գողություն կատարեցին և անպատիժ մնացին,– վերլուծության փորձեր էր կատարում Խաչոն,– հետո թալանի անցան ու հարստացան, և դարձյալ անպատիժ մնացին՜ հարկ եղած դեպքում փակելով թաղային Վալոդի և նրա շեֆի բերանը, նրանց շուրջ հավաքվեցին իրենց նմանակները՝ թափառաշրջիկներ, թմրամոլներ, անգյալներ, գրպանահատներ, և թալանն ու կողոպուտը ավելի մեծ չափերի հասավ, գողերի դրամագլուխն էլ ավելի հարստացավ՜ նվազեցնելով պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունները, տեսածը և հավանածը գրպանելը դարձավ ապրելակերպ, օրինաչափ, և համաճարակը անսանձ բնույթ ձեռք բերեց, օրինակը տարածվեց, ինչպես սուր վարակիչ հիվանդություն՝ ընդգրկելով նաև ազնվությունը պահպանած մարդկանց, առանց քրտինք թափելու
կյանքի հաճույքները վայելելը հրապուրեց շատ-շատերին… Անհրաժեշտության դեպքում որպես քավության նոխազ և իրավական դաշտի կատարելագործման փաստ, զոհաբերվեցին մի քանի մանր-մունր ձկներ։ Նրանք արդարադատության ուռկանի մեջ միայն կհասկանան, որ դմակն ու դանակն այլևս իրենց ձեռքին չեն, և երկրի ճակատագիրն այլևս իրենք չեն որոշելու, որովհետև բանտին՝ կալանավոր, իրավաբանին՝ գործ թիվ X, դատախազին դատվողներ են պետք… Հո անգործ ու սոված չեն մնալու, հո արդարությունը չի ապաքինվելու, նրա հիվանդ վիճակն է ձեռնտու, անբուժելի և անկարող վիճակը։ Իսկ միգուցե տգիտության անկասելի հաղթարշա՞վն է պատճառը, անգրագիտության ամենակարող համատարած վտանգը, որն ասպարեզից դուրս շպրտեց գիտակներին և ճանապարհ բացեց մի նոր տեսակի համար, որը մինչ այդ արհամարհված էր եղել… Նրանք ապավինում, կապկում և ընդօրինակում, երկիր հրճվանքով են ներմուծում փորձարկված արժեքներ, որոնց տերերն իրենց եվրոպական ընտանիքով ձախողվել և կործանման եզրին են։ Եվ կույր ու անտարբեր են Արևելքի տարեցտարի հզորացող սոցիալիստական հսկայի նկատմամբ… Ներմուծվող անմիտ կրթական ծրագրեր և անհասկանալի հեղինակների գրած դասագրքեր… Ի՞նչն է, որ ստիպում է Նաիրյան բարդուն աֆրիկյան բա-նան պատվաստել՝ ոչնչացնելով թե մեկը, թե մյուսը։ Եվրոպական կր– թահամակարգի կապկում և ազգային դպրոցի անտեսում… Գրագիտությունը, բանիմացությունն ու աշխարհաճանաչողությունը մարդու բնույթի և էության մեջ պետք է լինեն, լավատեսությունը, բարեհոգությունը, արդարամտությունը՝ հոգեկան անքակտելի արժեքներ, առանց որոնց վերածվում ես անընդհատ որս որոնող ստամոքսով մտածող գազանի, անկուշտ որկրամոլի, ում խորթ է տքնանքից հառնող և վերընձյուղվող արարումն ու դրա պատճառած հաճույքը։ Իմաստազուրկ գոյություն… Պետք է ճանաչես այն հողը, որը սնուցում է արմատներդ, պետք է ճանաչես արմատներդ, որ սնում են ծառաբունդ և ճյուղերդ, կյանք են տալիս քեզ, հակառակ պարագայում քո ծառը շատ արագ կչորանա՝
վերածվելով անշունչ, փտած ցախ ու փայտի։
Խաչոն համոզված էր, որ տգիտությունն է չարիքների չարիքը՝ հղի ամենաանհեթեթ դրսևորումներով։ Ատելով տգիտությունը՝ նա երբեմն նաև խղճամ էր այդ մարդկանց։ Խղճում էր, որովհետև գտնում էր, որ նրանք կյանքի օվկիանոսի մակերեսից ներքև ոչինչ չեն ճանաչում, ոչինչ չեն տեսնում, բացի արտաքին ալիքները, չգիտեն իրենց ով լինելը, չեն թափանցում անծայրածիր օվկիանոսի խորքերը… Ոչինչ չգիտեն այդ թշվառները, բացի փող հայթայթելն ու հաշվելը…
«Մեր կյանքը նույնպես մի յուրօրինակ սրբավայր է, որտեղ չի կարելի մտնել աղտոտված հոգիներով և կեղտոտ ոտնամաններով, որտեղ մութ անորոշությունից ինչ-որ անդեմ էակներ փչում և հանգցնում են քո վառած մոմը, որովհետև իրենք մոմ չեն վառում և խանդով ու չարությամբ են վերաբերվում լույսին։ Նրանց համար մութ տեղում միայն թղթադրամներն են լույս տալիս… Նրանք մութ գիշերն են գերադասում։
Եթե ժամանակակից աշխարհին մեր գիտությամբ և մշակույթով չկարողանանք ներկայանալ, մեր գրագիտությամբ աչքի չընկնենք, հուր-հավիտյան գահավիժելու ենք մի անդունդ, որտեղից դուրս մագլցելն այլևս անհնար կլինի։
Չլինեին բազմաթիվ հոգեմաշ մերկապարանոց իրողությունները, միասնական և համախմբված լուսատուների կվերածվեր հասարակությունը, կամրապնդվեին ազգային սյուները, կկատարելագործվեր մարդը, և ժողովուրդն արժանապատիվ կապրեր իր տան մեջ…»։
֊Մեր հայրերն իրենց զավակներին հանձնեցին պտղատու մի այգի,–մտածում էր Խաչոն։– Պտղատու մի մեծ այգի՝ բերքը վրան։ Հանձնեցին և հորդորեցին… «Ձեզ լինի այս հրաշալի պարտեզը՝ առատ բերքով, վայելեք և զարգացրեք այն, միայն թե չկոտրեք ծառերն ու նրա ճյուղերը»։ Եվ մենք չանսացինք նրանց պատգամին։ Ո՞ւմ պատճառով,– գլուխ էր կոտրում Խաչոն։֊ Քանի երիտասարդ էի, ամեն բան պարզ ու հասկանալի էր. և՛ նպատակը, և՛ միջոցները։ Տա–
րիք առնելով՝ աստիճանաբար ամեն ինչ թաղվում է անորոշության մշուշի մեջ, սկսում ես ոչինչ չհասկանալ, ով ով է, ով ինչով է զբաղված, մեր երկիրն ուր են տանում նավավարներն ու դարձյալ՝ մշտնջենական հարցը, ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում։ Գուցե մի օր ամենակարող տերը բացի ոմանց հոգու և խղճի աչքերը, տեսողությունն ու լսողությունը վերականգնի, որ նաև համոզվեն ու խոստովա– նեն, թե ինչ ավերածություններ գործեցին, երբ անկախությունն ազատություն տվեց նրանց փափկասուն թաթիկներին, նաև լսեն խելացի գործիչներին ու բացատրեն իրենց ժողովրդին, թե իրենք որտեղից եկան, ով են և ուր են տանում ժողովրդին, և ուր են ճամփա ընկնելու իրենք, ինչպե՞ս են նայելու այն մարդկանց աչքերին, ում հասցրեցին հոգեկան խանգարման, ում ներարկեցին հաշտվողականության և հարմարվողականության թմրաթույնը…
Խաչոն որտեղից որտեղ հիշեց գրերի գյուտը, երբ աշխարհիկ և հոգևոր տերերի ջանքերի համախմբումով, մեկ նպատակի հետամուտ լինելու արդյունքում վերականգնվեց և արարվեց հայոց այբուբենը, ձևավորվեց մաշտոցյան դպրոցը, թարգմանական գործը, ինքնուրույն գրավոր ստեղծագործությունը, բազմաթիվ կրթական, մշակութային իրադարձություններ, տարածվեց ամբողջ հայոց աշխարհում։ Կրոնավորներն անհավատ և կույր չէին, այլ՝ հակառակը, աշխարհիկները եսասեր չէին, այլ՝ հայրենասեր…
Խաչոյի հիշողության մեջ արթնացավ Ամարասը՝ Մաշտոցի և նրա աշակերտների դպրոցը։ Մտովի տեղափոխվեց Արցախ, հայկական Շվեյցարիա, ինչպես հաճախ բնորոշում էր ինքը, միայն թե անհրաժեշտ էր աշխարհին ճանաչելի դարձնել հայաշխարհի այդ չքնաղ և գողտրիկ տարածքը, իր հերոսական ժողովրդով։ Առաջին անգամ Ստեփանակերտում Մուրացանի հարթաքանդակի բացմանն էր մասնակցել։ 70-ականների վերջերն էր։ Ինչո՞ւ էր հուշարձանը Ստեփանակերտում, այլ ոչ Շուշիում տեղադրվել՜ այն ժամանակ նա միայն ենթադրել կարող էր։ Ազգային մշակույթի եզակի կենտրոնը հայաթափված էր, նախ անցյալ դարասկզբին հայության ջարդերի, ապա խորհրդային տարիներին դանդաղ չեզոքացման քաղաքականության միջոցով։ Բնական է, որ տեղի ազգային մեծամասնությունը չէր հանդուրժե– լու մեծանուն հայ գրողի հուշարձանի առկայությունը իր իսկ ծննդավայրում, և կարճ կյանք էր սպառնում Մուրացանի քարեղեն գոյությանը։ Խաչոն, որպես լրագրող, արձանի բացման արարողության ժամանակ դիմեց հայ գրողների պատվիրակության ղեկավարին.
-Ինչո՞ւ Ստեփանակերտում, և ոչ՝ Շուշիում,-հարցրեց։
–Համբերիր, տղաս… ամեն բան իր ժամանակն ունի։ Այդ օրն էլ կգա,– մարգարեաբար պատասխանել էր գրողը՝ թախծոտ մի հայացք գցելով դեպի Շուշիի մառախլապատ բարձունքը։
Խաչոյի հաջորդ այցելությունն Արցախ Սումգայիթի ցեղասպանությունից, Աղդամից Ասկերանի դեմ ազերիների ձախողված հարձակումից անմիջապես հետո էր։ Արցախահայության խաղաղ և քաղաքակիրթ ընդվզումին ազերիները պատասխանում էին իրենց հայտնի միակ միջոցով՜հարձակումով, գյուղամիջյան փոխադրամիջոցների քարկոծումով, կրակոցներով… Դա էր նրանց զինանոցի միակ պատասխանը։ Թեև արցախահայության մեծ մասին համոզել էին, որ պատմական արդարությունը կհաղթանակի Կրեմլում փաստաթղթի վրա դրվող մի ստորագրությամբ և կնիքով, թեև Գորբաչովը ստորաբար հավատացնում էր ստալինյան բծերը և կեղտերը մաքրելու մասին, բայցևայն– պես, փորձը ցույց է տալիս, որ առանց արյան և պատերազմի Ւտղատա– րածքային խնդիր չէր լուծվելու, և ժողովուրդը, զուգահեռ խաղաղ ցույցերին, Ադրբեջանի տարածքում հայրենակիցների նկատմամբ ֆիզիկական ոչնչացման փաստերի բողոքներին, փակ դռների հետևում հարցի բազմակողմանի քննարկումներին և խորհրդատվություններին, կազմա-կերպում էր ինքնապաշտպանություն, հերթապահություն սահմանում քաղաքներում՝ գիշերային խարույկների շուրջ, բնակավայրերի մուտքերի առաջ… Բոլոր իրադարձությունները, այս ու այնտեղ բռնկվող մեծ ու փոքր պայթյունները վկայում էին սպասվող լուրջ բախումների, ռազմական մեծ գործողությունների մոտալուտ գալուստը։ Մթնոլորտը լցվում էր վառոդի հոտով։ ժողովուրդը հավատում էր կրեմլյան սին խոստումներին, բայց ենթագիտակցորեն պատրաստ էր զենքով պաշտպանել իր հայրենիքը, իր տունը, իր սրբությունները՜ Ղազանչեցոցից մինչև Գանձասար, Դադիվանքից մինչև Ամարաս… Հայն իր Հայաստանին տեր էր կանգնել, և գիշատիչների քթից էր բերելու քեմալաթուրանա– կան–մուսավաթաբոլշևիկ|ւսն դաշինքի արհամարհական ու նվաճողական բնաջնջման քաղաքականության հետևանքները։ ճիշտ որ երկար ժամանակ հիվանդ արդարությունն առողջացել և ոտքի էր ելնում՝ վերականգնելու իր իրավունքները համաժողովրդական հայրենասեր ուժերի համախմբմամբ և գերլարումով։ Վերջը հայտնի է։ Հայրենիք չունեցող արնախում ցեղը, որը ոչ մի կապ չունի քաղաքակրթության հետ, որը սովոր է թալանելու և յուրացնելու մյուս ազգերի ստեղծածը, ինչպե՞ս կարող է հասկանալ, թե ի՞նչ է հայրենիքը, պապենական հողը, ինչո՞ւ է պատրաստ հայ մարդը զոհաբերել իրեն հանուն իր երկրի, իր ժողովրդի…
Խաչոն հիշեց Գանձասարը, որսորդական հրացաններով և կացիններով հերթապահող վանքեցիներին… Հիշեց իրեն… Այդ ինքն էր, այո, ինքը։ Ե՞րբ, չգիտեր։ Հիշողության մեջ արթնացել էր իրեն տանջող երկարատև մի պահ։ Նրան թվում էր, թե մի անգամ արդեն ապրել էր այդ ամենը, և՛ միջավայրն էր ծանոթ, և՛ մտահոգությունն ու ժամանակի փիլիսոփայությունը։ Մերթ ընդ մերթ նրա հիշողության շերտերում վերականգնվում էին պատառիկներ, դրվագներ մի կյանքի, որը նա արդեն մեկ անգամ ապրել էր, և որոնք նույնքան անսպասելի ինչպես հայտնվել էին, ընդհատվում էին։ Բոլոր ճիգերը՝ պահպանելու և շարունակելու նախորդ ապրածի ամբողջական պատկերը անհնարին և անիմաստ էին։ Պատկերները գալիս և գնում էին ոչ իր կամքով, այլ իրենց ցանկությամբ և քմահաճույքով, նույնքան անսպասելի, որքան ենթագիտակցության շերտերից ելնող անցած մի կյանքի պատմությունը։
–Ռաշիդ,–ձեռքը մեկնելով՝ ծանոթացավ տղամարդը,-ես Գանձասարի պահակն եմ,-ասաց նա՝ շրջվելով դեպի գերաններով և տախտակներով վանքի պատին ամրացված հենասյուները։
֊Ուրախ եմ, ֊Խաչոն ի պատասխան մեկնեց ձեռքը։-Մենակ չե՞ս վախենում…
֊Չէ, ինչի՞ց պետք է վախենամ, տղաներս գիշերում են ինձ հետ, վանքում, որ թուրքը եկեղեցին չվնասի, գյուղի հետ միլի պարանով կապ ունենք, մի քանի րոպեում, վտանգի դեպքում գյուղացիք կհասնեն։
–Զենք ունե՞ս…
֊Հա, մի փոքր բան ունեմ…
–Անունդ փոխիր, անունդ ոչ քեզ է սազում, ոչ Գանձասարին…
֊Հա, մտածել եմ, էլի են ասել, փոխելու եմ,-վճռական պատասխանեց պահակը։
Հաջորդ հանդիպմանը Ռաշիդը անվանափոխվել էր Ռաֆիկի, բայց Խաչոն ոչ մի կերպ չէր կարողանում ձերբազատվել այն զգացողություններից, որ ինքը վաղուց, շատ վաղուց եղել է այդ սրբավայրում, նույնիսկ մասնակցել ծիսական արարողության… Լսելի էին անգամ հոգևորականների հեռվից հնչող ձայները, ապա կրկնվող «Տերողոր– մեա, Տերողորմեա»–ները… Ասես, պատերն իրենց մեջ պահպանել էին հարյուրամյակներ առաջ հնչած ձայները, որոնք միայն Խաչոյին էին հասու…
Նրան ծանոթ էր վանքապատկան տարածքը, և երբ փորձում էր ստուգել իր հիշողության հավաստիությունը, այն ճշգրիտ հաստատվում էր… «Խաչ Աստված, մեռնեմ զորությանդ, փառք քեզ հավիտյանս հավիտենից։ Ամեն»,–ամենօրյա աղոթքը կրկնեց և խաչակնքեց Խաչոն։ Եվ աչքերի առջև հառնեց թեմի առաջնորդի խիստ հայացքը։ Ռազմադաշտից էր եկել, մկրտելէր տղաներին վանքում և նրանց հետ մեկնել։ Զենքը հենեց պատին և առ Աստված աղոթք հղելուց հետո անսպասելի բացելով վեղարի վերին կոճակները՝ ի ցույց հավաքված–
ների, արտաբերեց. «Այս սուրբ խաչը խաչ է, քանի դեռ կախված է իմ վզին։ Եթե ձեռքս առնեմ՜ կվերածվի սրի»,–ասաց Պարգև սրբազա՛նը՝ զինվորականի հատու շեշտադրությամբ և հեռացավ… Շշնջոցներ լսվեցին, թե վերջին մարտում, որտեղից վերադարձել էր սրբազանը, զոհերի թիվը գերազանցել էր սպասվածը։ Նա սարսափելի անտրամադիր էր։

* * *
Խաչոն կամրջից նայում էր ցած և հիշում իրեն մանուկ հասակում։ Ծնողները երիտասարդ էին, բայց հոր աջը պատերազմի ժամանակ վիրավորվել էր և դժվարանում էր շատ գործերում։ Մայրը սփռոցը փռեց խոտերին, հայրն ուսումնասիրում էր շրջապատը մի երկար ճիպոտ ձեռքին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հեռացնի թունավոր սողուններին։ Խաչոն էր, քույրը, կրտսեր եղբայրը։ Նրանք հերթով ճոճվում են ծառից ծառ ձգվող գամակի մեջ և շարունակ վիճում ու պայքարում նրա վրա իրենց տեղը գրավելու համար։
Խաչոյին հիշողություններից արթնացրեց գետափից երկինք խոյացող հրավառության որոտը։ Նա բազմիցս բարձրաձայնել էր սրճա– րանառեստորանային աղմուկի և հրավառությունների անթույլատրելիության, նաև քաղաքացիների համակեցությանն անհարիրության մասին։ Ձայն բարբառոյ յանապատի… Դու ասում, դու լսում ես։ Մարդիկ զվարճանում են։ Մի պահ սրտնեղեց, ապա դարձյալ ընկղմվեց մտա-ծությունների գիրկը։ Մի փոքր այն կողմ, բարձունքի վրա, Ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի նահատակների հուշահամալիրն էր, այդ տարածքում հրավառությունը, քեֆչիների պատվիրած բարձր երաժշտությունը, խորովածաքաբաբային հոտն ու ծուխը Խաչոն, մեղմ ասած, որակեց անհարգալի վերաբերմունք ազգային սրբությունների նկատմամբ։ Նրա ազգականներից մեկը բնակվում էր կամրջի մերձակայքում։ Նա պատմում էր, որ տանն անհնար էր հանգստանալ, քնել, կարդալ, լիարժեք ապրել, որովհետև ձորից արձագանքող երաժշտությունը վերածվում էր ականջիդ տակ թնդացող խելահեղ աղմուկի, իսկ ամ-
ռան շոգ օրերին փակ պատուհանների հետևում պատսպարվելը հավասարազոր էր գազախցիկում խեղդամահ լինելուն։ ճարահատյալ մարդը վաճառել էր բնակարանն առաջին իսկ ցանկացողին և հեռացել, որպեսզի չխելագարվի մշակութային ամենօրյա ահաբեկչությունից… Հաջորդ պահին Խաչոն ժխտեց իրեն, խռովեց ինքն իրենից, հայհոյեց իրեն որպես սգապաշտի, ով հակված է շարունակ ողբ ու կական արտամղել, փնտրել-գտնել տուժողների և նրանց կողքը կանգնել, բայց քիչ անց գտավ արդարացման հնարը, որը լրջորեն սփոփեց նրան՝ կյանքը պետք է շարունակվի, ժողովուրդը պետք է քեֆ անի և ուրախանա, հո հավերժ սգվոր չպիտի՞ լինեք… Թեև հոգու խորքում չէր հաշտվում իրականության հետ, հուշահամալիրի մատույցներում և շրջակայքում նման երևույթները Խաչոն իր բծախնդիր նկարագրով հա-մարում էր սրբապղծություն։ Ամեն ինչում հարկավոր է ճիշտ լինել, առանց գայթակղության և սկզբունքներից նահանջելու, միայն ճիշտ։ Ահա թե որտեղ էր անտարբերության գաղտնիքը։ Երբ թվում էր, թե արձանագրությունների դեմ ստորագրահավաքին ամբողջ ժողովուրդը միահամուռ կմասնակցի, այդպես չեղավ։ Խաղաղության մեջ ապրելու սովոր չենք, արտաքին թշնամին կա, գոյություն ունի, և արդեն դա էլ չի միավորում մեզ, ընդհակառակը…

Երկվություն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *